
Step1.am-ի հարցերին պատասխանել է արցախցի քաղաքագետ Դավիթ Կարաբեկյանը։
-Պարոն Կարաբեկյան, Աշոտ Դանիելյանի հրաժարականից հետո Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները չեն կարողանում թեկնածու առաջադրել ու Արցախի ԱԺ նախագահ ընտրել։ Ինչո՞ւ է այս իրավիճակը, ի՞նչ է կատարվում։
-Ես գտնում եմ, որ սա ժամանակի ճգնաժամ է, որովհետեւ իրականությունը փոփոխվում է, իսկ մենք փորձում ենք պահպանել մեր նախկին մոտեցումները ու միանգամից մի քանի աթոռի վրա նստել։ Երբ 1990-ական թվականներին ԽՍՀՄ-ը փլուզվում էր, մենք ստեղծեցինք ռազմական ու տնտեսական կառավարման նոր մարմիններ, որոնք հետագայում հիմք դարձան ազգային պետության կառավարման մարմինների ստեղծման համար։ Հիմա ինձ թվում է՝ խնդիրն այն է, որ եւ Արցախի, եւ Հայաստանի ղեկավարությունը՝ որպես իրար հետ փոխկապակցված մարմին, գտնվում են տրիգերի վիճակում։ Այսինքն՝ ազդակներ են սպասում արտաքին ուժերից, եւ իրենք դա բացատրում են այնպես, որ չեն ուզում պետության ու իրենց շահերին վնասել։
Բայց, ըստ իս, Արցախի Ազգային ժողովի նախագահ չընտրելու խնդիրը պայմանավորված է միայն նրանով, որ պատգամավորների մոտ քաղաքական կամքը բացակայում է։ Փաստորեն իրենք չեն ուզում իրենց խմբակային եւ այլ շահերին հակառակ գործել։ Արցախի Ազգային ժողովում 22 պատգամավոր կա իշխող խմբակցությունից, եթե 2-3 հոգի էլ այլ խմբակցություններից միանան, իրենք կարող են ԱԺ նախագահ ընտրել։ Բացի դա, կան լեգիտիմություն ապահովելու այլ ձեւեր։ Օրինակ՝ աշխարհում գիտենք նույնիսկ ճանաչված պետություններ, որոնք կորցրել են իրենց տարածքները, բայց ունեն վտարանդի կառավարություններ եւ այլ երկրներում իրենց ներկայացուցիչները։
Այս իրավիճակն ինչո՞վ է բացատրվում։ Եթե հետեւենք Մոսկվայի հռետորաբանությանը, իրենք ուզում են Ադրբեջանի ղեկավարությանը որոշակի վարկանիշ ապահովել։ Ադրբեջանը փորձում է հաղթող երեւալ, փորձում է իր դիրքերը հաստատել։ Եվ ճնշում գործադրելով Արցախի իշխանության մարմինների վրա՝ (Արցախի ներկայացուցչության շենքը խլելու գործընթացն էլ է մտնում այդ տրամաբանության մեջ) փորձում են պարտադրել, որ մենք հրաժարվենք այն դրույթից, որով Հայաստանի Հանրապետությունը ստանձնում է Արցախի անվտանգության երաշխավորի դերը։ Այսինքն՝ պարտադրում են Անկախության հչռակագրի իրենց տեսլականը, բայց մյուս կողմից, Ադրբեջանը չի հրաժարվում այսպես կոչված «արեւմտյան Ադրբեջանի» գաղափարից։
–Եթե Արցախի խորհրդարանին չհաջողվի ընտրել նախագահ, ի՞նչ հետեւանք կունենա դա։
-Ինձ թվում է՝ երեք հավանական սցենար կա։ Առաջինը՝ այսպիսով Արցախի հիմնախնդրի լուծումն ամբողջությամբ տեղափոխվում է արտաքին տիրույթ։ Այսինքն՝ ստացվում է, որ ոչ Հայաստանը, ոչ Հայաստանում գործող արցախյան կառույցները չեն կարող մեր շահերին սատար կանգնել, հրաժարվում են Արցախից եւ արցախցիների հարցերը բարձրացնելուց։ Երկրորդը՝ սա շատ վատ նշան է եւ ցույց է տալիս, որ Արցախը ժամանակին չկարողացավ նոր ռազմավարություն ու մոտեցումներ, լեգիտիմության նոր ձեւ մշակել։ Այդ թվում՝ մեր սահմաններից դուրս ապրող հայրենակիցների իրավունքների ու շահերի խնդիրը դնել Սահմանադրության մեջ, խորհրդարանում Շահումյանի, Գետաշենի եւ այլ բնակավայրերի բնակիչների խնդիրները դնել։ Սա ցույց է տալիս, որ շատ մոտ ժամանակահատվածում նաեւ Հայաստանի Հանրապետությունն է կանգնելու այսպիսի խնդիրների առաջ։ Սկզբում քաղաքական ճնշում է լինելու, հետո էքսպանսիան տեղափոխվելու է տնտեսական եւ, ցավոք սրտի, նաեւ ռազմական դաշտ։ Այսինքն՝ սա ցույց է տալիս, որ մեր քաղաքական ուժերի տրիգերի քաղաքականությունը, սպասողական վիճակը, արտաքին ազդակներին համահունչ գործելու վիճակը ծայրահեղ վտանգավոր է։ Փաստորեն մենք սրանով հնարավորություն ենք տալիս, որ մեր հակառակորդն իրեն խոցված չզգա, իրեն գերակայող զգա Հարավային Կովկասում, նաեւ հետագայում լրացուցիչ հաղթաթուղթ ստանա։ Այսինքն՝ վերանում է հավաքական իրավունքների պաշտպանության մեխանիզմը։
Եվ երրորդ տարբերակն այն է, որ արդեն ազգային կառույցները՝ թե եկեղեցին, թե, օրինակ, արցախյան կառույցները, կարող են տեղափոխվել Հայաստանից դուրս, վտարանդի կառավարություն ստեղծվի։ Կամ էլ, եթե ճնշումները շարունակվեն, կաթողիկոսի աթոռը դուրս գնա։ Այսինքն՝ աստիճանաբար նույնիսկ Հայաստանի պետական կառույցները դառնալու են վարչական կառավարման մարմիններ, սուվերենիտետ կոչվածը սկսելու է հօդս ցնդել։
Ես առաջարկում եմ, որ Արցախի Ազգային ժողովը լեգիտիմության նոր մեխանիզմ մշակի, այսինքն՝ նոր ընտրությունների մոդել մշակի կամ սահմանադրական փոփոխություններ կատարի, որոնք հնարավորություն կտան լեգիտիմ նախագահ ընտրել։ Եվ պետք է հնարավորություն ստեղծվի, որ մեր քաղաքական, քաղաքացիական հատվածը վերահսկի մեր պետական մարմինների գործունեությունը։ Արցախի ժողովուրդը ցրված է, մի մասն արդեն Ռուսաստանում են եւ պատկերացում չունեն, թե մեր պետական մարմիններն ինչով են զբաղված, ոնց իրենց հետ համագործակցել։ Անհրաժեշտ է այդ ֆորմատը մշակել՝ նոր ընտրությունների ֆորմատ, լեգիտիմության ապահովման նոր ֆորմատ։
Նաեւ ես գտնում եմ, որ այս իրավիճակում ոչ միայն արտաքին գործոններն են մեղավոր, այլ նաեւ եւ Արցախի խորհրդարանի, եւ կառավարության մեղավորությունը կա։ Իրենք շատ պասիվ են, ճիշտ է, արտերկրում հանդիպումներ են ունեցել, ներքին դաշտում էլ հանդիպումներ կային, բայց կարծես թե տեսանելի արդյունքներ չկան։ Այն պահը, երբ մոտեցումները պետք է հստակեցվեին, իրենք փորձել են լղոզել։ Օրինակ՝ Շվեյցարիայի կողմից մեր վերադարձի իրավունքի հարցը դրվել է, բայց այդ հարցն այդպես էլ մինչեւ վերջ չլուծվեց։ Այդ հարցի պատասխանը չկա՝ Արարատ Միրզոյա՞նն էր խոչընդոտում, թե՞ ով։ Պարզ է, որ Բաքուն խոչընդոտում է, բայց մեր պետության դիրքորոշումը ո՞րն է։
Մյուս կողմից, եթե ասում են՝ Արցախի պետական մարմինների սուբյեկտայնությունը պետք է ապահովել, եւ եթե այստեղ չի ապահովվում, ինչո՞ւ դրսում, օրինակ, Շվեյցարիայում, Բելգիայում, Ֆրանսիայում վտարանդի կառավարություն չեն ստեղծում, այդ մասին առաջարկ եղավ։ Եթե այստեղ Արցախի կառավարությունը չի գործում, միգուցե դրսո՞ւմ ստեղծենք։
Նույնը վերաբերում է եկեղեցուն, Արցախի թեմն էլ է անորոշ վիճակում, կարծես թե առաջնորդ ունի, բայց ինքը միացել է այն 10 եպիսկոպոսներին, որոնք գնացել են Փաշինյանի հետ հանդիպման։ Հիմա թեմական կառույցները չեն գործում, եկեղեցի չկա, որտեղ մենք կարող ենք հավաքվել։
Այս հարցում ամենավտանգավորն այն է, որ Արցախի հարցի հետ միասին նաեւ Հայաստանի ապագայի հարցը նույնպես կարող է դրսում լուծվել։ Ընդ որում, արդեն տեսնում ենք, որ դա կարող է զուգակցվել սուվերենության կորստով ու արտաքին վտանգի ուժգնությամբ։ Բաքվի պահանջների կատարումը մեզ վրա շատ թանկ է նստելու։ Մարդիկ թող 1915 թվականը հիշեն, իմիջիայլոց, 1915 թվականից առաջ էլ էր եկեղեցին հալածվել։
Ռոզա Հովհաննիսյան