
Հայաստանում շարունակվում են հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների սոցիալական պաշտպանության ոլորտի բարեփոխումները։ Վերջին ամիսներին Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտարարեց խնամքի ծառայությունների տրամադրման գործընթացի ամբողջական թվայնացման մասին, ինչպես նաև ընդլայնեց պետական հավաստագրով տրամադրվող աջակցող միջոցների ցանկը։
Ինչպես նշել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության տարեցների հիմնահարցերի բաժնի պետ Սոնա Բարսեղյանը, խնամքի ծառայությունների տրամադրումն այսուհետ իրականացվում է միասնական տեղեկատվական համակարգի միջոցով, ինչը պետք է պարզեցնի դիմումների ընդունումը, հերթերի կառավարումն ու ծառայությունների տրամադրումը։ Միաժամանակ նախարությունը հայտնում է, որ հուլիսի 1-ից աջակցող միջոցների ցանկը համալրվել է 37 նոր պարագայով, իսկ հուլիսի 31-ի դրությամբ ավելի քան 12 հազար շահառու ստացել է ընդհանուր 286 հազարից ավելի աջակցող միջոց։
Սակայն ոլորտի մասնագետները նշում են, որ նույնիսկ ամենաժամանակակից թվային լուծումները կամ տեխնիկական աջակցությունը չեն կարող ամբողջությամբ լուծել հաշմանդամություն ունեցող անձանց խնդիրները, եթե դրանք չեն ուղեկցվում հասանելի սոցիալական ծառայություններով։
Step1.am-ին տված հարցազրույցում «Առաքելություն Հայաստան» ՀԿ փոխնախագահ Ալլա Հարությունյանը նշել էր, որ սոցիալական ծառայությունները պետք է հիմնված լինեն մարդու իրական կարիքների գնահատման վրա։
«Շատ կարևոր է գնահատել ոչ միայն մարդու առողջական վիճակը, այլև բնակարանային պայմանները, ընտանիքի աջակցությունը, շրջակա միջավայրը, համայնքում ծառայությունների հասանելիությունը։ Հակառակ դեպքում հնարավոր չէ ապահովել մարդու կարիքներին համապատասխան աջակցություն», – ընդգծել էր նա։
Նույն խնդրին է անդրադարձել նաև «Ունիսոն» ՀԿ -ի տնօրեն Արմեն Ալլավերդյանը։ Step1.am-ին տված հարցազրույցում նա նշել էր, որ հաշմանդամություն ունեցող անձանց զբաղվածության խնդիրը չի կարող լուծվել միայն աջակցող միջոցներ տրամադրելով։
Նրա խոսքով՝ անհրաժեշտ է ստեղծել պայմաններ, որպեսզի մարդը կարողանա կրթություն ստանալ, աշխատել և լիարժեք մասնակցել հասարակական կյանքին։ Աջակցող միջոցները կարևոր են, սակայն դրանք պետք է լինեն համալիր քաղաքականության մի մասը, այլ ոչ թե առանձին լուծում։
Այս հարցերը հատկապես կարևոր են Արցախից բռնի տեղահանված հաշմանդամություն ունեցող անձանց և տարեցների համար։
Տեղահանությունից հետո շատերը կորցրել են ոչ միայն իրենց տունը, այլև նախկինում հասանելի վերականգնողական, խնամքի և սոցիալական ծառայությունները։
Թվայնացված համակարգը կարող է արագացնել պետական ծրագրերում ընդգրկվելը, իսկ աջակցող միջոցների ընդլայնված ցանկը՝ բարելավել մարդկանց ինքնուրույն կյանք վարելու հնարավորությունները։
Սակայն առանց համայնքներում հասանելի տնային խնամքի, վերականգնողական ծառայությունների, ներառական զբաղվածության և սոցիալական ուղեկցման այդ բարեփոխումները չեն կարող ապահովել լիարժեք արդյունք։
Արսեն Աղաջանյան