Ալիևին թույլ չեն տալիս «գրավել» Նախիջևանը. Ինչ է ասել Թրամփը

Բաքվի և Երևանի միջև Վաշինգտոնի համաձայնագրերի ստորագրումից մեկ տարի անց Ալիևը անցավ “հարձակման”՝ պահանջելով 2020-2023 թվականների պատերազմի, ցեղասպանության, բնիկ հայ բնակչության տեղահանության և հայ ժողովրդի հայրենիքի վերջին մասի նկատմամբ Հայաստանի իրավունքներից հրաժարվելու հարկադրման ավարը։ Եվ ավարի գլխավոր զարդը՝ «Նախիջևան»-ը։

Օգոստոսի 8-9-ը Թրամփի և Փաշինյանի հետ խոսելուց հետո Ալիևը կնոջ հետ մեկնեց Նախիջևան, մի վայր, որտեղ, ինչպես նա խոստովանեց, եղել է ընդամենը 17 անգամ։ Արդյո՞ք նա ստացել է Փաշինյանի հավաստիացումը հայկական Նախիջևանի նկատմամբ իրավունքներից հրաժարվելու և Թրամփի համաձայնությունը Կարսի պայմանագիրն ավարտելու վերաբերյալ՝ առանց Հայաստանին վերադարձնելու պայմանագրով բռնագրավված հայկական հողերը, այդ թվում՝ Նախիջևանը։ Թե՞ Ալիևին ուղերձ հղվե՞ց, որ իր ժամանակն ավարտվել է։

1921 թվականի հոկտեմբերի 13-ի Կարսի ռուս-թուրքական պայմանագրի 5-րդ հոդվածում ասվում է. «Թուրքիայի կառավարությունը և Խորհրդային Հայաստանի ու Ադրբեջանի կառավարությունները համաձայն են, որ Նախիջևանի մարզը, սույն պայմանագրի III հավելվածում նշված սահմաններում, կազմի ինքնավար տարածք Ադրբեջանի պրոտեկտորատի ներքո»։

Ավելի քան 100 տարի Բաքուն չի կարողացել ներառել հայկական Նախիջևանը իր կազմում։ Մի քանի ամիս առաջ Ալիևը Նախիջևանի Ինքնավար Հանրապետության Սահմանադրությունից հեռացրեց Կարսի պայմանագրի հղումը։ Չնայած Հայաստանը հրապարակավ չառարկեց, դա ոչ մի կերպ չփոխեց Նախիջևանի կարգավիճակը, քանի դեռ Կարսի պայմանագիրը ուժի մեջ է։

Ռուսաստանը և Թուրքիան չեն կարող Կարսի պայմանագիրը հայտարարել ավարտված, քանի որ դա կենթադրի Հայաստանից բռնագրավված տարածքների՝ Կարսի, Արդահանի, Սուրմալուի և Նախիջևանի վերադարձ: Պայմանագիրը կարող է «ավարտվել» միայն Հայաստանի «նոր» Սահմանադրության ընդունմամբ, որը «կամավոր» կսահմանափակի Հայաստանի տարածքը 29,800 քառակուսի կիլոմետրով, այդպիսով հրաժարվելով Կարսի պայմանագրով բռնագրավված տարածքներից: Հայաստանը հայտարարում է, որ նոր Սահմանադրության տեքստը կհրապարակի միայն տարեվերջին։ Եւ պարզչէ, այն կընդունվի թե ոչ։

Նախիջևան կատարած այցը բացահայտեց Ալիևի և Էրդողանի լուրջ մտավախությունները. եթե նրանք չկարողանան կարճ ժամանակահատվածում ապահովել Հայաստանի Սահմանադրության «ընդունումը» և Կարսի պայմանագրի փակումը, նրանց միակ տարբերակը կլինի Նախիջևանը ուժով գրավելը՝ հարավային Սյունիքի հետ միասին:

Բայց քանի որ Սյունիքի հարավն այժմ հայտնի է որպես «Թրամփի ճանապարհ», դրա “գրավման” համար անհրաժեշտ կլինի ոչ միայն Ռուսաստանի և Իրանի, այլև Միացյալ Նահանգների հավանությունը: (Հիշեցնենք, որ 2023 թվականի սեպտեմբերի 17-ին Կոստանդնուպոլսում Ռուսաստանի Դաշնության, ԵՄ-ի և ԱՄՆ-ի ներկայացուցիչների միջև գաղտնի հանդիպումից հետո Արցախը հայաթափվեց։)

Ալիևն ու Էրդողանը երկու ամիս ունեն՝ մինչև ԱՄՆ միջանկյալ ընտրությունները, և նրանք ակնհայտորեն շտապում են։

Նախիջևան կատարած իր այցի ժամանակ Ալիևը «հայտարարեց» Սյունիքը “գրավելու” ծրագրի մասին։ Նա ասաց, որ Ղարաբաղը, «Արևելյան Զանգեզուրը» (Կովսական, Ջրական, Քաշաթաղ) և Նախիջևանը պետք է դառնան մեկ վարչական-տարածքային միավոր։ Նա նշեց, որ դրանք «բաժանված են ընդամենը 42 կմ-ով (Սյունիքի հարավով)»։

Ալիևը ակնարկեց, որ «մեր տարածաշրջանում պատերազմները, աճող ռիսկերը, էներգամատակարարման շղթաների խափանումը և այլ գործոններ ռիսկեր են ստեղծում։ Հնարավոր է, որ ապագայում կարող են տեղի ունենալ նոր տհաճ իրադարձություններ»։

Ալիևը չի մանրամասնել, թե կոնկրետ ինչ իրադարձություններ են սպասվում։ Նա նշել է, որ Նախիջևանում ստեղծվել է առանձին բանակ։ «Այս բանակը, իհարկե, Ադրբեջանի զինված ուժերի անբաժանելի մասն է։ Սակայն Նախիջևանի առանձնահատկությունները և աշխարհագրությունը, ինչպես նաև Ադրբեջանի մայրցամաքային մասի հետ աշխարհագրական կապի բացակայությունը, բնականաբար, անհրաժեշտություն են առաջացրել ավելի մեծ ուշադրություն դարձնել այս տարածաշրջանի անվտանգությանը», – նշել է նա։

Ալիևը հիշեցրել է, որ «Զանգեզուրի միջանցքի ստեղծումը մեր նախաձեռնությունն էր։ Ադրբեջանի մայրցամաքային մասը նրա անբաժանելի մասի՝ Նախիջևանի հետ կապելը մեր վաղեմի երազանքն էր։ Մենք վստահորեն և հմտորեն շարժվել ենք դեպի այս նպատակը և արդեն մոտեցել ենք դրան»։

Այնուամենայնիվ, Ալիևը նշել է, որ «Երկրորդ Ղարաբաղյան պատերազմից հետո հինգ տարիների ընթացքում Զանգեզուրի միջանցքը բացելու համար որևէ գործնական քայլ չի ձեռնարկվել»։ Այս հարցը լուծվել է միայն Վաշինգտոնի գագաթնաժողովում՝ 2025 թվականի օգոստոսի 8-ին, նշել է Ալիևը, բայց այդպես էլ չի կարողացել նշել TRIPP-ի իրականացման որևէ ժամանակացույց։ Ալիևը խոստովանել է, որ այս հարցերը իրենից կախված չեն։

Այն, որ Ալիևին խանգարում են ինքնուրույն գործել Նախիջևանում, պարզ է դառնում նրա սեփական հայտարարություններից։

«Նախիջևանի երկաթուղու վերականգնման վերաբերյալ, սկզբունքորեն, այստեղ կարող է ստեղծվել միջազգային կոնսորցիում։ Բայց մենք չենք կարող ժամանակ վատնել և կարող ենք ամեն ինչ անել ինքներս։ Մենք ունենք ռեսուրսներ և՛ այս տարի, և՛ հաջորդ տարի։ Հետևաբար, իմ խոսքերը, հավանաբար, կհասնեն տարբեր լսարանների։ Եթե որևէ մեկը ցանկանում է մասնակցել այս նախագծին, ապա չպետք է ժամանակ վատնի և հնարավորինս շուտ բանակցի մեզ հետ…», – ասել է Ալիևը։

Նա չի ասել, թե ով է խանգարում Ադրբեջանին ինքնուրույն վերականգնել «իր» երկաթուղին “անվաժանելի” Նախիջևանում։ Ալիևը նաև հայտարարել է, որ Նախիջևանի «որպես ինքնավար հանրապետության» կարգավիճակը պետք է պահպանվի։

Սա կարևորագույն հայտարարություն է, քանի որ Ալիևը հանգիստ չեղյալ հայտարարեց Ղարաբաղի ինքնավար կարգավիճակը, բայց նա չի կարող նույնը անել Նախիջևանում, քանի դեռ ուժի մեջ է Կարսի պայմանագիրը։

Ալիևը հարցազրույցներում մի քանի անգամ հայտարարել է, որ «Զանգեզուրը, Նախիջևանը և Ղարաբաղը միասնական տարածք էին, և մարդկային միգրացիան տեղի է ունեցել դարերի ընթացքում։ Հետևաբար, շատ մարդիկ ազգականներ ունեն այս հսկայական աշխարհագրական տարածքում»։

Այսպիսով, Ալիևը չի թաքցնում Սյունիքի նկատմամբ իր պահանջները, միաժամանակ ընդունելով, որ Նախիջևանում գործելու ազատություն չունի։

Արդյո՞ք Հայաստանի խորհրդարանը կանդրադառնա Նախիջևանի կարգավիճակին և Կարսի պայմանագրին։ Թե՞ հայկական քաղաքական ուժերը կհամաձայնվեն հայկական հողերի նկատմամբ իրենց իրավունքներից հրաժարվելու ծրագրին։