
Արցախից բռնի տեղահանված անձինք վերջին շրջանում բարձրացնում են իրենց կարգավիճակի հարցերը՝ պահանջելով, որպեսզի հստակեցվի իրենց կարգավիճակը եւ հարցադրում անելով, թե ի՞նչ կարգավիճակով է իրենց դիտարկում Հայաստանի կառավարությունը։
Ազգային ժողովի շենքի մոտ օրերս տեղի ունեցած բողոքի ակցիայի ժամանակ արցախցիները ևս պահանջել էին հստակեցնել իրենց կարգավիճակը։ «Այսօրվա իրավիճակում արցախցիները կարգավիճակ չունեն։ Արցախցիներին անվանում են Լեռնային Ղարաբաղից տեղահանված ժողովուրդ։ Բայց ինչի՞ց տեղահանված՝ ջրհեղեղի՞ց տեղահանված, երկրաշարժի՞ց տեղահանված։ Մենք հստակ պահանջում ենք մեր կարգավիճակն ամրագրել անունով՝ բռնի տեղահանված, ցեղասպանությունից փրկված»,- բողոքի ակցիայի ժամանակ ասել էր արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը։
Արցախի նախկին պետնախարար եւ նախկին ՄԻՊ Արտակ Բեգլարյանը սեպտեմբերի 23-ին Ազգային ժողովում կայացած «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրները և լուծումները» թեմայով լսումների ժամանակ նույնպես բարձրացրել էր կարգավիճակի հարցը։
«Այն կարգավիճակը, որը մեզ տրվել է իրավական նորմատիվ կարգավորումների շրջանակներում, համապատասխան չէ մեր խնդիրներին ու իրավիճակին։ Մասնավորապես, մեզ զրկելով ՀՀ քաղաքացիությունից եւ տալով սովորական փախստականի կարգավիճակ, դրա հետեւանքով մենք բազմաթիվ խնդիրների առաջ ենք կանգնում։ Եվ ես կարծում եմ, որ լուծումը պետք է լիներ այն, որ մենք մնում ենք ՀՀ քաղաքացի, համապատասխան փոփոխություն է կատարվում օրենսդրական կարգավորումների մեջ, եւ կոնկրետ կարգավիճակ է տրվում բռնի տեղահանված անձանց, որոնք կարող են լինել քաղաքացի, բայց ներքին տեղահանված չեն։ Հաշվի առնելով, որ Արցախի ժողովուրդն էթնիկ զտման եւ ցեղասպանության զոհ է դարձել, պետք է նմանատիպ մի կարգավիճակ լինի։ Եվ դա սոցիալական եւ մի շարք այլ կարգավորումների իրավական հիմքը պետք է լինի»,- ասել էր Բեգլարյանը։
Ի՞նչ կարգավիճակ ունեն արցախցիներն այսօր․ step1.am-ն այս հարցի շուրջ զրուցել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Արցախահայերի սոցիալ-տնտեսական և իրավական խնդիրները եւ լուծումները» թեմայով խորհրդարանական քննարկումը կազմակերպած Լիլիթ Գալստյանի հետ։
«Այդ քննարկումը նաեւ սոցիալական, տնտեսական ու իրավական մարտահրավերներին էր վերաբերում, որը կազմակերպել էր հենց մարդու իրավունքների պաշտպանության հանձնաժողովը եւ անձամբ ես։ Եվ այդ հարցերն էլ այնտեղ շոշափվեցին, որովհետեւ արցախցիների մոտ այդ շփոթը կա՝ արդյոք փախստականի կարգավիճակի պահպանումը հետագայում փախստականի կարգավիճակից բխող այլ իրավունքների ամբողջ համախմբից օգտվելու հնարավորություն տալի՞ս է եւ արդյոք Հայաստանի Հանրապետության քաղաքացիության ընդունումը չի զրկում նրանց այլ իրավունքներից, ինչպիսիք են գույքային իրավունքները, վերադարձի իրավունքը։ Իրենք միջազգային տարբեր կոնվենցիաներով օժտված են այդ իրավունքներով»,- ասաց Գալստյանը։
Նրա խոսքով՝ մոտեցումները տարբեր են, ՄԻԵԴ-ում ՀՀ եւ Արցախի քաղաքացիների իրավունքների պաշտպանությամբ հանդես եկող իրավապաշտպան Արա Ղազարյանը, օրինակ, հղում կատարելով միջազգային իրավական կարգավորումներին, այդ քննարկման շեշտում էր, որ ՀՀ քաղաքացիության ընդունումը ոչ վերադարձի իրավունքի, ոչ էլ գույքային իրավունքների զեղչում չի ենթադրում։ Եվ արցախահայությունը հավաքական կերպով կարող է օգտվել թե իր վերադարձի իրավունքից, թե իր գույքային իրավունքից, թե սեփական բնօրրանում ապրելու իրավունքից։
«Ինչ վերաբերում է կարգավիճակը հստակեցնելու հարցին, այդ մեր քննարկումը վերջանական պատասխանին ուղղված չէր, որովհետեւ յուրաքանչյուր արցախցի նաեւ իր անձնական որոշման տիրույթում պետք է փորձի հասկանալ՝ Հայաստանի Հանրապետության քաղաքացիցության ընդունումն իր համար իրավունքների ինչ դաշտ է բացում եւ իր ապագայի նկատմամբ իր ունեցած պատկերացումների մեջ ինչպես է տեղավորվում»,- նշեց Լիլիթ Գալստյանը։
Արցախցիներն ասում են, որ իրենք ՀՀ քաղաքացի են եղել, ունեցել են ՀՀ քաղաքացու անձնագրեր ու օգտվել են բոլոր իրավունքներին։ Նրանք նաեւ այս համատեքստում ընդգծում են Արցախի եւ Հայաստանի վերամիավորման որոշումը։
Անդրադառնալով այս հարցին՝ Լիլիթ Գալստյանն ասաց․ «Նաեւ այն շփոթը կա, որ ժամանակին տրված 070 կոդով անձնագիրն օժտված է եղել ՀՀ քաղաքացիության լիարժեք իրավունքներով ու ճամփորդելու իրավունք է տվել։ Եվ այդտեղ իրավական բացը կա, քաղաքական գնահատականի եւ քաղաքական մեկնաբանության հարցը կա։ Ցավոք սրտի, Հայաստանում ամեն ինչ ոչ միայն օրենքի ու սահմանադրականության դաշում չէ, այլեւ օրվա իշխանության քաղաքական մեկնաբանության խնդիր է։ Այդտեղ ես չեմ կարող վերջնական պատասխան ունենալ։ Բայց մեզ համար մեկ բան հստակ է՝ արցախահայությունը պետք է իրացնի եւ իր կոլեկտիվ ու անվտանգ վերադարձի իրավունքը, եւ իր գույքային իրավունքները։ Եվ նաեւ ցեղասպանության հետեւանքով Արցախը ստիպված լքած 120 հազար հայերը Հայաստանում պետք է լիարժեքորեն օգտվեն իրավական բոլոր հնարավորություններից։ ՀՀ-ն պարտականություն ու պատասխանատվություն ունի արցախահայության՝ Հայաստանում բոլոր իրավունքների համապարփակ իրացման առնչությամբ»։
Ռոզա Հովհաննիսյան