
“Չհասա՞նք էտ անտեր Հակարին”, տրտունջ էր այն մեքենայում, որով ես Գորիս էի հասել սեպտեմբերի 26-ի առավոտյան: Դեպի Շուշի ճանապարհին դեռ մայրուղին ազատ էր, սակայն ավելացող բեռնատարները տեղաշորերով ու տարբեր իրերով բեռնած արդեն ահագուժում էին գլխներիս գալիքը: Հակարիին մոտենալով արդեն անհնար էր շարժվել: Գազ են տալիս` կանգնում, գազ են տալիս` կանգնում: Մեկը ակ է փոխում, մեկը կորել է, մեկն անհասցե անիծում է, մեկը պատուհանից հաց է մեկնում մյուսին, մեկը դեղ է փնտրում: Քաոս:
Իմ բախտը բերել է, որ սառնասիրտ զինվորական էր ինձ Գորիս բերում:
“Ես անգամ առաջին պատերազմում չեմ նման բան տեսել… Փշրել ենք դեղատան հայելիները… Ոչինչ չկա. դոկտոր չկա… Օբլբբալնիցան… Խոխեքը քեցալ ըն` կան վեչ… Հայկազով…”, Ստեփանակերտից զանգ է հասնում մեր մեքենա: Լռություն: Նորից գազ` մետր առաջ:
Նորից զանգ: “Վառված վազում են, ես սենց բան չեմ տեսել… Չանը պայթել է…”:
Նորից լռություն: “Սաղ մարդ չի մնացել, ես լավ գիտեմ այդ զորամասը: Այն պարզապես ատոմային ռումբ է: Չան է, կեսը հողի տակ թաղած”, բացատրում է զինվորականը, կամ ինքն իրեն ասես հիշեցնում: Ապա առաջ անցնելով, ամեն ինչ վերլուծում է. “Արյվածքները վատ են: Դեղ կա փրփուրի պես, իսկույն պետք է փչել”, ասում է նա: Բայց ես հո տեսել էի, որ դեղատներում անգամ բինտ ու բամբակ չկային այդ օրերին: “Ինչո՞ւ չեն վառելիքը մատակարարել բենզալցակայններ, որ մարդիկ նորմալ վերցնեն այն…”, սխալներն ի ցույց է դնում զինվորականը, բայց արդեն ուշ է:
Դեռ Հակարի չէինք հասել: Մութ ու անձրեւ է: Գոռոցներ ենք լսում: Մի երիտասարդ հեռախոսով լուսավորում է խցանումն ու գոռում. “Հե՛տ, տե՛ղ տվեք…”: Բայց ինչպե՞ս հաղթահարել տասնյակ կիլոտետրերի հասնող խցանումը: Շտապ օգնության մեքենան այրվածքներով վիրավորներ էր տանում:
Օրեր անց հրդեհը Ֆեյսբուք էր տարածվել. “Էդվինն է՞լ, Ռոլանն է՞լ, Կրիստինայի տղա՞ն էլ…”
Մարութ Վանյան