Փաստինֆո․ Անաստաս Իսրայելյանը պատրաստ է ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը

Արցախի Ազգային ժողովն օգոստոսի 18-ին շարունակվելու է քննարկումները, որից հետո հանդես է գալու ընդհանուր հայտարարությամբ։ Այս մասին «Փաստինֆո»-ի հետ զրույցում ասաց «Վերածնվող Արցախ» ՀԿ նախագահ Անաստաս Իսրայելյանը։

«Ինձ վստահեցրել են, որ Ազգային ժողովի նախագահի և տեղակալի թեկնածուների հարցը լուծվելու է և ամսի 18-ին կընտրեն Ազգային ժողովի նախագահ ու տեղակալ։ Սպասենք լավ նորությունների»,- նշեց նա։

ՀԿ նախագահը մտավախություն հայտնեց, որ Հայաստանի իշխանությունները կարող է ինչ որ ձև խանգարեն Արցախի ԱԺ ընտրություններին։

Նա անդրադարձավ մամուլում շրջանառվող տեղեկություններին, ըստ որոնց պատրաստ է ստանձնել Արցախի նախագահի պաշտոնը։

«Հարցը ինստիտուտի պահպանմանն, ինստիտուտի ամբողջովին վերականգնմանն է վերաբերվում։ Արցախի ԱԺ ֆրակցիաների կողմից բարձրաձայնվում էր, որ խնդիրը թեկնածուի մեջ է կամ թեկնածու չկա։ Եվ ես այդ պարագայում իմ համաձայնությունը տվեցի, որ եթե թեկնածուի խնդիր է, ապա հանուն ինստիտուտի պահպանման ես պատրաստ եմ այդ պատասխանատվությունը վերցնելու իմ վրա՝ հաշվի առնելով բոլոր այն վտանգները, բոլոր այն մտավախությունները, հարվածները, որ իրենց մոտ ծագում է։ Եթե այլ թեկնածու կա, ապա ես կողջունեմ»,- պարզաբանեց նա և ընդգծեց, որ հանդիպել է Արցախի ԱԺ բոլոր խմբակցությունների հետ։

Ա. Իսրայելյանը նշեց, որ Արցախի ԱԺ-ն իր վրա պատասխանատվություն ունի լուծել այս հարցերը։

«Այս ինստիտուտը սեփականություն չի, եթե ունեն անձնական խնդիրներ, ապա պետք է մի կողմ դնեն ամեն ինչ և պատասխանատվություն վերցնեն։ Իսկ եթե այլ մոտեցում ցուցաբերեն մեր ինստիտուտի նկատմամբ, ապա դա անբարոյականություն է։ Որովհետև ԱԺ-ն միակ ինստիտուտն է, որն արցախահայության հետագա հարցերով կարող է զբաղվել, սկսած հիմնախնդրից, արցախցիների իրավունքներից, Արցախի հետ վերադարձից։ ԱԺ-ն ամենաիրավական կառույցն է և մի քանի անպատասխանատու քայլերով չպիտի քանդվի ամեն ինչ»,- ասաց նա։