Արցախյան բարբառը ընդգրկվել է iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում

Ողջունում և բարձր ենք գնահատում iOS օպերացիոն համակարգի iBuben Keyboard մոբայլ հավելվածում Արցախի բարբառի ինտեգրմանն ուղղված մասնավոր նախաձեռնությունը։
Արցախցիների բռնի տեղահանության և բռնագաղթի հետևանքով ստեղծված այս ծանրագույն պայմաններում մեր լեզվական ու մշակութային ժառանգության պահպանումը, ուսումնասիրությունն ու հանրայնացումը ստանում են ռազմավարական նշանակություն։ Արցախի բարբառը՝ հայերենի ամենախոշոր, հնագույն ու հարուստ բարբառներից մեկը, հանդիսանում է մեր ժողովրդի ազգային ինքնության, պատմական հիշողության և հայրենիք վերադառնալու արդարացի ու անօտարելի իրավունքի կենսունակության հիմնասյունը։
Այս նախագիծն ունի ինստիտուցիոնալ առանցքային նշանակություն։ Հետազոտող Արմեն Սարգսյանի ակադեմիական աշխատության կիրառումն ապահովել է բառապաշարային բազայի բարձր որակն ու երաշխավորել օգտագործվող լեզվական նյութի վավերականությունը։ Միևնույն ժամանակ, ժամանակակից մոբայլ սարքավորումների բառերի կանխատեսման (ավտոհուշման) գործառույթում բարբառի ներդրումը նպաստում է առօրյա հաղորդակցության մեջ դրա ակտիվ կիրառմանը, հատկապես՝ երիտասարդության շրջանում, ինչն էական է տարագրության մեջ մեր մշակութային դիմագիծը չկորցնելու համար։
Բարբառի փոխադրումը ժամանակակից թվային տիրույթ արդյունավետ գործիք է մշակութային-լեզվական ժառանգությունը դուրսմղումից ու մոռացությունից պաշտպանելու համար՝ վառ պահելով մեր պատմական հողերն ու տուն վերադառնալու հավատը։ Երախտագիտություն ենք հայտնում նախագծի հեղինակ Ալբերտ Հարությունյանին և նախաձեռնության իրականացմանը մասնակցած բոլոր մասնագետներին ու հորդորում քաղաքացիներին ակտիվորեն օգտագործել հասանելի թվային գործիքները մայրենի լեզուն պահպանելու համար։