Բիշքեկում ՇՀԿ-ի գագաթնաժողովում Ալիևը հերթական անգամ քննադատեց ՄԱԿ-ին՝ 1993 թվականի չորս բանաձևերը չկատարելու համար, և հայտարարեց, թե Ադրբեջանն իբր ինքնուրույն է իրականացրել դրանք։ Կողքին նստած Նիկոլ Փաշինյանը ոչ մի բառ չասաց ի պաշտպանություն Հայաստանի շահերին։ Նա Ալիևին չուղղեց ակնհայտ հարցերը.
• Այդ բանաձևերում որտե՞ղ է գրված, որ ադրբեջանական զորքերը, բացի յոթ շրջաններից, իրավունք ունեին մուտք գործել նախկին ԼՂԻՄ տարածք։
• Ո՞ր փաստաթղթում է ամրագրված Լաչինի միջանցքը շրջափակելու իրավունքը։
• Ի՞նչ հիմքով Բաքուն Արցախի պաշտպանության բանակը որակեց որպես «ահաբեկչական կառույց» և 2023 թվականի սեպտեմբերին իրականացրեց այսպես կոչված «հակաահաբեկչական գործողություն»՝ այն դեպքում, երբ ՄԱԿ-ը ճանաչել էր տեղի ուժերի զինված ինքնապաշտպանության իրավունքը։
• Ի վերջո բանաձևերից ո՞րն է իրավունք տվել բնիկ բնակչության տեղահանման և ցեղասպանության իրականացման համար։
Իրականում Ադրբեջանը ոչ թե կատարել է, այլ կոպտորեն խախտել է ՄԱԿ-ի բոլոր չորս բանաձևերը։
Փաշինյանին թվում է, թե Ալիևի մեղադրանքները լուռ «մարսելով»՝ նվազեցնում է նոր ագրեսիայի հավանականությունը և պահպանում խաղաղությունը։ Բայց իրավիճակը ճիշտ հակառակն է։ Արդարացնելով իր հանցագործությունները և «երեսունամյա օկուպացիայի» մեղքը բարդելով Հայաստանի վրա՝ Ալիևը հող է նախապատրաստում հաջորդ ռազմական էքսպանսիայի համար։
«Խաղաղություն՝ միակողմանի զիջումների դիմաց» հայեցակարգը ուղիղ ճանապարհ է դեպի նոր պատերազմ։ Վաղուց ժամանակն է հնազանդության ու զիջողական քաղաքականությունից անցնել զսպողական ռազմավարությանը։ Չ՞է որ հարատև խաղաղություն բերում է ոչ թե թուլությունը, այլ դիմադրելու պատրաստակամությունը։