Մինչև Վերականգնողական կենտրոն դեռ պետք է հասնել

2023 թվականի բռնի տեղահանումից հետո Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնը, որը տարիներ շարունակ գործել է Արցախում, իր առաքելությունը շարունակում է արդեն Եղվարդում։ Կենտրոնը վերականգնել է ծառայությունների մի մասը՝ աշխատելով ինչպես Արցախից բռնի տեղահանված, այնպես էլ համայնքի տեղացի երեխաների և ընտանիքների հետ։ Սակայն այսօր վերականգնողական օգնության հասանելիության հարցը միայն ծառայության առկայությամբ չի սահմանափակվում։ Շատ ընտանիքների համար խնդիր է նույնիսկ կենտրոն հասնելը։

Step1.am-ի հետ զրույցում կենտրոնի սոցիալական աշխատող Անուշ Ղազարյանը նշում է, որ հատկապես հաշմանդամություն ունեցող երեխաների ընտանիքները հաճախ չեն կարողանում ինքնուրույն կազմակերպել երեխայի կանոնավոր տեղափոխումը։ Պատճառը միայն կենտրոնից հեռու բնակվելը չէ․ շատ ընտանիքներ ֆինանսապես չեն կարող վճարել տաքսու համար, իսկ որոշ դեպքերում դժվարություն է նաև հասարակական տրանսպորտից օգտվելը։ Խնդիրը վերաբերում է նույնիսկ Եղվարդում բնակվող ընտանիքներին, իսկ Երևանից կամ այլ բնակավայրերից կենտրոն այցելելու դեպքում այն ավելի է բարդանում։

Նախկինում կենտրոնը հնարավորություն ուներ որոշ դեպքերում աջակցել շահառուների տեղափոխությանը, սակայն այսօր ֆինանսական միջոցների սահմանափակության պատճառով այդ հնարավորությունը չկա։ Այսինքն՝ ընտանիքը կարող է ունենալ անհրաժեշտ վերականգնողական ծառայությունը իր բնակավայրին համեմատաբար մոտ, բայց չկարողանալ օգտվել դրանից՝ ճանապարհի ծախսի պատճառով։

Առանձին խնդիր է երեխաների սոցիալականացումը։ Հատկապես աուտիզմ և զարգացման այլ առանձնահատկություններ ունեցող երեխաների դեպքում հասարակական տրանսպորտով տեղաշարժը կարող է լրացուցիչ սթրես առաջացնել թե՛ երեխայի, թե՛ ծնողի համար։ Երեխայի ոչ սովորական վարքը կամ ձայները երբեմն դառնում են շրջապատի բացասական արձագանքի պատճառ, ինչի հետևանքով ընտանիքները նախընտրում են ընդհանրապես չօգտվել հասարակական տրանսպորտից։ Արդյունքում սոցիալականացման խնդիրը վերածվում է նաև վերականգնողական ծառայության հասանելիության խնդրի։

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների դեպքում այս դժվարություններին ավելանում են նաև տեղահանությունից հետո ձևավորված սոցիալական խնդիրները։ Բարձր բնակվարձերը, եկամտի անկայունությունը, աշխատանքի կորուստը և ընտանիքի հիմնական կերակրողին կորցնելու հանգամանքները շատ ընտանիքների դրել են ծանր իրավիճակի մեջ։ Կան ընտանիքներ, որոնց հիմնական կերակրողները զոհվել են Արցախյան պատերազմների, 2023 թվականի իրադարձությունների կամ Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի հետևանքով։ Երեխայի խնամքն ու բուժումը նման դեպքերում հիմնականում մնում է մոր կամ ընտանիքի մյուս անդամների վրա։

Միաժամանակ, բռնի տեղահանումից հետո բազմաթիվ ծնողներ իրենք են առողջական և հոգեբանական խնդիրներ ձեռք բերել։

Ստացվում է երկակի ծանրաբեռնվածություն․ ծնողը պետք է զբաղվի սեփական առողջությամբ, սոցիալական ու կենցաղային խնդիրներով, միաժամանակ ապահովի երեխայի շարունակական վերականգնումը։ Այդ պայմաններում կենտրոն այցելելը կարող է երկրորդական թվալ, թեև երեխայի համար կանոնավոր վերականգնողական աշխատանքը հաճախ երկարատև և շարունակական գործընթաց է։

Այս իրավիճակում Քերոլայն Քոքսի անվան կենտրոնի աշխատանքը չի սահմանափակվում միայն ֆիզիկական վերականգնմամբ։ Կենտրոնում կազմակերպվում են խմբային աշխատանքներ երեխաների և ծնողների համար, սոցիալականացմանն ու ինտեգրմանն ուղղված միջոցառումներ, ինչպես նաև տարբեր մասնագետների մասնակցությամբ պարապմունքներ։

Հոգեբանի աշխատանքը ներառում է նաև ծնողների հետ աշխատանքը՝ օգնելով հաղթահարել սթրեսը և տեղահանության ու առօրյա խնդիրների հետևանքները։ Անուշ Ղազարյանի խոսքով՝ այդ աշխատանքը դրական արդյունքներ է տալիս, իսկ ընտանիքները հաճախ նշում են, որ կենտրոնի աջակցությունն իրենց համար էական նշանակություն ունի։

Կարևոր է նաև, որ Եղվարդում կենտրոնը չի սահմանափակվում միայն արցախահայ շահառուներով։ Կենտրոնի տնօրեն, Արցախի առողջապահության վերջին նախարար  Վարդան Թադևոսյանը  Step1.am-ին ավելի վաղ ասել էր, որ կենտրոնը չի ցանկանում մարդկանց բաժանել «արցախցիների» և «տեղացիների»․ այն պետք է ծառայի ամբողջ համայնքին։ Այսօր կենտրոն են դիմում նաև Եղվարդի տեղացի ընտանիքներ, որոնց համար վերականգնողական ծառայության հասանելիությունն իրենց բնակավայրում հնարավորություն է՝ երեխային ամեն անգամ Երևան չտեղափոխելու։

Այսպիսով, կենտրոնի գործունեության վերականգնումը Հայաստանում պահպանել է ոչ միայն նախկին մասնագիտական ներուժը, այլև ստեղծել է համայնքային ծառայության հնարավորություն։

Սակայն կենտրոնի փորձը միաժամանակ ցույց է տալիս, որ վերականգնողական համակարգի արդյունավետությունը միայն մասնագետների և ծառայությունների առկայությամբ չի որոշվում։ Եթե ընտանիքը չունի երեխային կենտրոն հասցնելու հնարավորություն, եթե հասարակական տրանսպորտը նրա համար գործնականում անհասանելի է, իսկ սոցիալական ու հոգեբանական խնդիրները շարունակում են կուտակվել, ապա նույնիսկ լավագույն ծառայությունը չի կարող լիարժեք հասանելի համարվել։

Հետևաբար հաշմանդամություն ունեցող երեխաների վերականգնման մասին խոսելիս անհրաժեշտ է դիտարկել ոչ միայն կենտրոնը, այլև ամբողջ ճանապարհը՝ երեխայի տնից մինչև մասնագետ և հետադարձ։ Տրանսպորտը, սոցիալական աջակցությունը, ծնողների հոգեբանական վիճակը և երեխայի հասարակական կյանքին մասնակցելու հնարավորությունը նույն համակարգի մասերն են։ Իսկ Քերոլայն Քոքսի անվան կենտրոնի այսօրվա աշխատանքը ցույց է տալիս, որ այդ համակարգում ամենաթույլ օղակներից մեկը հաճախ հենց ընտանիքի՝ օգնության հասնելու հնարավորությունն է։

Արսեն Աղաջանյան