
Կան անուններ, որոնք գրված են հուշաքարերին։
Կան անուններ, որոնք ապրում են ընտանիքների հիշողության մեջ և կան անուններ, որոնք պետք է ապրեն մի ամբողջ ժողովրդի հիշողության մեջ։
Այսօր առանձնահատուկ խոնարհումով հիշում ենք Արցախյան առաջին պատերազմի մեր նահատակներին՝ նրանց, ովքեր իրենց երիտասարդ կյանքը նվիրեցին հայրենիքի պաշտպանությանը և իրենց սխրանքով կերտեցին այն հաղթանակը, որի շնորհիվ Արցախը դարձավ ազատ ու անկախ։ Նրանցից շատերը վերադարձան, ընտանիք կազմեցին, զավակներ ունեցան և իրենց ապրածն ու արժեքները փոխանցեցին հաջորդ սերունդներին։
Բայց շատերը չհասցրին ընտանիք կազմել, երեխա ունենալ
Չհասցրին ապրել իրենց երազած կյանքը։
Նրանք հեռացան՝ իրենց հետևում թողնելով միայն անուն, լուսանկար, հիշողություն ու մի ամբողջ ժողովրդի պարտքը՝ չմոռանալ։
Եվ կա ևս մեկ ցավ, որի մասին չենք կարող լռել․ մեր տղաների գերեզմանները մնացել են Արցախում։ Այն հողում, որի համար նրանք պայքարեցին, այն հողում, որի ազատության համար իրենց կյանքը տվեցին։
Այսօր շատերի համար այլևս անհնար է այցելել այդ շիրիմներին, ծաղիկ դնել, մոմ վառել, խոնարհվել նրանց առաջ։
Բայց եթե նրանց շիրիմներից շատերը մնացել են Արցախում, ապա նրանց հիշատակը երբեք չպետք է մնա այնտեղ։
Այն պետք է ապրի մեր տներում, մեր խոսքում, մեր երեխաների հիշողության մեջ, մեր պատմության էջերում։
Եվ այս հիշատակի մեջ ոչ ոք չպետք է առանձնացվի և ոչ ոք չպետք է մոռացվի։ Ոչ առաջին պատերազմի նահատակը, ոչ հետագա պատերազմների ու մարտերի զոհը։
Ոչ նա, ով հասցրեց ընտանիք կազմել, ոչ էլ նա, ով այդ հնարավորությունն անգամ չունեցավ։ Ոչ հայտնի հերոսը, ոչ էլ նա, ում անունը գուցե քիչ է հնչել։
Յուրաքանչյուր կյանք, որ տրվեց հայրենիքի համար, անգնահատելի է։
Նրանք թողեցին արժանի սերունդ և այդ սերնդի ուժի, նվիրվածության ու հայրենիքի հանդեպ պատասխանատվության վկան եղանք նաև 2016, 2020 և 2023 թվականներին։
Նրանց որդիներն ու դուստրերը, նրանց ընտանիքներն ու հետնորդները շարունակեցին կրել իրենց հարազատների անունն ու հիշատակը, իսկ նրանք, ովքեր չհասցրին ընտանիք կազմել, նույնպես թողեցին սերունդ։ Մեր ժողովուրդը դարձավ նրանց սերունդը։
Նրանց անունները մեր հիշողության մեջ են։ Ու քանի դեռ մենք հիշում ենք՝ նրանք ապրում են։
Թող ոչ մի ընտանիք երբեք չզգա, որ իր զոհված հարազատի անունը մոռացվել է։
Թող ոչ մի անուն չկորչի տարիների ու ժամանակների մեջ։
Թող մեր հիշողությունը լինի անկեղծ, արժանապատիվ և հավասար բոլորի հանդեպ։
ՈՉ ՈՔ ՉԻ ՄՈՌԱՑՎՈՒՄ։
ՈՉ ՈՔ ՉՊԵՏՔ Է ՄՈՌԱՑՎԻ։
Հավերժ փառք և խոնարհում Արցախյան բոլոր պատերազմներում ու մարտերում զոհված մեր հերոսների հիշատակին։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ