Աղոթքի նախաճաշից առաջ Հայաստան են եկել կրոնական հարցերով մասնագետներ

Նիկոլ Փաշինյանն ընդունել է Սպիտակ տան հավատքի հարցերով գրասենյակի ավագ խորհրդական Ուայթ Քեյնին։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ուայթ Քեյնի մասնակցությունն առաջիկա օրերին անցկացվելիք Հայաստանի Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառմանը։ Նա հույս է հայտնել, որ այս միջոցառումը տարբեր երկրների մասնակիցների միջև անկեղծ քննարկումների հարթակ կստեղծի։ Միաժամանակ, Նիկոլ Փաշինյանը ողջունել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի, հայ հոգևոր առաջնորդների և ԱՄՆ-ում ՀՀ դեսպանի միջև վերջերս կայացած հանդիպումը, ինչը ևս մեկ առիթ էր՝ ընդգծելու Հայաստան-Միացյալ Նահանգներ գործընկերությունը, ընդհանուր քրիստոնեական ժառանգությունն ու կիսվող արժեքները։

Ուայթ Քեյնը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության և Հայաստանի Աղոթքի նախաճաշ միջոցառմանը հրավիրելու համար։ Տիկին Քեյնը նշել է, որ շահագրգիռ են սերտորեն համագործակցել ինչպես ՀՀ Կառավարության, այնպես էլ ԱՄՆ-ի հայ հոգևոր առաջնորդների հետ։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Աղոթքի նախաճաշ երկրորդ միջոցառման, ինչպես նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի շուրջ։

Նիկոլ Փաշինյանն ընդունել է նաև ԱՄՆ միջազգային կրոնական ազատությունների հանձնաժողովի ղեկավար Ասիֆ Մահմուդին։

Վարչապետը ողջունել է պարոն Մահմուդի այցը Հայաստան և շնորհավորել նրան ԱՄՆ Միջազգային կրոնական ազատությունների հարցերով հանձնաժողովի (USCIRF) նախագահի պաշտոնում ընտրվելու առիթով։

Նիկոլ Փաշինյանը կարևորել է Ասիֆ Մահմուդի մասնակցությունը Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառմանը և նշել, որ այն հնարավորություն է ընձեռում համախմբել տարբեր երկրների և կրոնական համայնքների ներկայացուցիչներին՝ խաղաղության, մարդկային արժանապատվության և հանրային ծառայության գաղափարների շուրջ։ Երկրի ղեկավարը հույս է հայտնել, որ միջոցառման ընթացքում հաստատված կապերը կհանգեցնեն կայուն երկխոսության և գործնական համագործակցության։

Հանդիպման ընթացքում զրուցակիցները մտքեր են փոխանակել Հայաստանի աղոթքի նախաճաշ միջոցառման, նպատակների և երկուստեք հետաքրքրություն ներկայացնող հարցերի շուրջ։

Էջմիածինը հաստատել է, որ ևս Աղոթքի նախաճաշին մասնակցելու հրավեր է ստացել և ընդունել։ 

Այսօր Նիկոլ Փաշինյանը կրկին վիրավորական տոնայնությամբ խոսել է Ամեմայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ-ի մասին, սակայն նշել, որ նրա հեռացումը գահից լինելու “օրենսդրական” ճանապարհով։