
Արթուրի պատմությունը ցույց է տալիս, թե որքան խոցելի կարող է դառնալ հաշմանդամություն ունեցող անձի վիճակը հարկադիր տեղահանումից և սոցիալական աջակցության զրկվելուց հետո։
51-ամյա Արթուր Գրիգորյանը, որը բռնի կերպով տեղահանվել է Արցախից Հայաստան, երկու ամիս է՝ չի ստացել իր հաշմանդամության կենսաթոշակը, այն բանից հետո, երբ փորձագիտական խումբը նրան լիովին առողջ է ճանաչել։
Նա օգտագործում է անվասայլակ, տառապում է լուրջ հիվանդություններից և մշտական խնամքի կարիք ունի։ Վճարումների դադարեցման պատճառով նա կորցրել է անհրաժեշտ դեղորայք գնելու միջոցները և վախենում է կորցնել իր տեղը Գյումրու շուրջօրյա խնամքի կենտրոնում։ Նրա պատմությունը ցույց է տալիս վարչական որոշումների լուրջ հետևանքները այն մարդկանց համար, ովքեր հարկադիր տեղահանությունից հետո հայտնվել են խոցելի վիճակում։
Հաշմանդամությունից մինչև սոցիալական աջակցության լիակատար կորուստ
Արթուր Գրիգորյանին հաշմանդամություն են ախտորոշել 2019 թվականին Արցախում։ Տարիների ընթացքում նրա առողջությունը վատթարացել է, և Հայաստան հարկադիր տեղահանությունն ավելի է բարդացրել իրավիճակը։
Գրիգորյանն ունի ուղեղի ուռուցք, կորցրել է մեկ աչքը մի քանի անհաջող վիրահատություններից հետո, սրտի կաթված է ստացել, երկու ինսուլտ և երկու սրտի վիրահատություն տարել։ Նա տառապում է պարբերաբար ուշագնացություններից և օգտագործում է անվասայլակ։
Կաթվածներից մեկը ստացել է վերջին ավտոբուսով Արցախից տարհանվելու ժամանակ՝ գրեթե 24 ժամ տևած ճանապարհորդության ընթացքում։ Երկու ամիս Երևանի բժշկական հաստատությունում անցկացնելուց հետո նրան տեղափոխել են Գյումրիի 24-ժամյա խնամքի կենտրոն, որի կառավարումն ամբողջությամբ փոխանցված է Հայկական Կարմիր Խաչին։ 2024 թվականին սրտի կաթված է ստացել։
Քանի որ Գրիգորյանը հարազատներ չունի, կենտրոնն ինքն է պատրաստել նրա հաշմանդամությունը հաստատող փաստաթղթերը։ Համաձայն ՀՀ գործող կանոնակարգի՝ այս կարգավիճակը տրամադրելու կամ հաստատելու համար անհրաժեշտ է անցնել ֆունկցիոնալ գնահատում և ներկայացնել անհրաժեշտ փաստաթղթերը ամեն տարի և սահմանված ժամկետում։
Այնուամենայնիվ, այս տարի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության մասնագետներից կազմված փորձագիտական խումբը որոշել է, որ տղամարդը լիովին առողջ է և այլևս հաշմանդամ ճպետք է համարվի։ Չնայած նախկինում նրա ֆունկցիոնալ կարողությունը 60%-ից պակաս էր, այժմ, առանց նկատի առնելու լուրջ հիվանդություններին և շարժունակության սահմանափակումը, նա ճանաչվել է լիովին առողջ։
Գրիգորյանը գրեթե անմիջապես զգաց այդ որոշման հետևանքները։ Երկրորդ ամիսն է, ինչ նա չի ստացել իր հաշմանդամության կենսաթոշակը։ Նախկինում այդ միջոցները փոխանցվել են կենտրոնին՝ նրա շուրջօրյա խնամքը հոգալու համար։
Այժմ տղամարդը վախենում է, որ վճարումների բացակայությունը կարող է վտանգել իր հետագա մնալը հաստատությունում: Եթե նա կորցնի իր տեղը կենտրոնում, նա չի ունենա ապրելու և անհրաժեշտ խնամքը ստանալու տեղ:
Լրացուցիչ դժվարություններ են առաջանում տղամարդու աշխատանքային կենսաթոշակը ստանալու անկարողությունից, որը նախկինում նա օգտագործում էր իր առօրյա կարիքները հոգալու համար։
«Չեմ կարող բացատրել, թե ինչու են նրանք դա արել։ Հնարավոր է՝ դա սոցիալական աշխատողների անփութությունն է, հնարավոր է՝ բյուրոկրատական բացթողում, կամ գուցե որոշ մարդիկ բարեխղճորեն չեն կատարում իրենց պարտականությունները։ Ինձ խոստացել էին, որ ամեն ինչ կշտկվի, բայց մինչ այժմ առաջընթաց չկա», – ասում է Գրիգորյանը։
Նա ասաց, որ ինքը պահպանել է իր հիվանդություններն ու վիրահատությունները հաստատող բժշկական գրառումներ, և նույնիսկ փաստաթուղթ, որը հաստատում է իր մասնակցությունը Առաջին Ղարաբաղյան պատերազմին։ Սակայն, ըստ նրա, այս տեղեկատվությունը չի օգնել նրան պահպանելու հաշմանդամության կարգավիճակը։
«Եթե ինձ չեն հավատում, թող հանձնաժողովը գա և զննի ինձ տեում։ Նրանք ինձ հաշմանդամության կարգավիճակ չտրամադրեցին առանց հանձնաժողովի այցի։ Վերջին երկու ամիսների ընթացքում ես գոյատևում եմ կենտրոնի որոշ աշխատակիցների բարության շնորհիվ. նրանք օգնում են, աջակցում են ինձ և փողոց չեն նետում։ Բայց սա չի կարող հավերժ շարունակվել, այնպես չէ՞», – հարցնում է տղամարդը։
Նա այժմ սպասում է, որ կենտրոնի աշխատակիցները ներկայացնեն ֆունկցիոնալության գնահատման նոր դիմում՝ կցելով իր առողջության վերաբերյալ բոլոր անհրաժեշտ տեղեկությունները։
Մինչդեռ դիմում ներկայացնելու վերջնաժամկետը մոտենում է։ Գործընթացի հետաձգումը կարող է ավելի բարդացնել Արթուրի վիճակը, քանի որ նա մի քանի ամիս է՝ առանց կենսաթոշակի է և դժվարանում է դեղորայք ձեռք բերել։
Նա շարունակում է սպասել որոշման վերանայմանը։ Հույս ունի, որ իր բժշկական փաստաթղթերը հաշվի կառնվեն, առողջական վիճակը պատշաճ կերպով կգնահատվի, և վճարումների հարցը կլուծվի։ Գրիգորյանի համար խնդիրը միայն հաշմանդամության և կենսաթոշակի վերականգնումը չէ։ Նա պետք է պահպանի իր բնակության վայրը, ստանա կենսականորեն անհրաժեշտ դեղորայք և կարողանա հույսը դնել մշտական խնամքի վրա։
Երեկ, ըստ Արթուրի, կենտրոնը նոր դիմում է ուղարկել, բայց հանձնաժողովի նիստի ամսաթիվը դեռ նշանակված չէ։ Մնում է հուսալ, որ կորած բժշկական գրառումները գտնվել են, և որ Գրիգորյանի ֆունկցիոնալ գնահատման դիմումը լիարժեք տեղեկատվություն է տրամադրում նրա վիճակի մասին։ Եթե առաջանան լրացուցիչ հարցեր, հանձնաժողովը միևնույն է անձնական զննում կանցկացնի։ Եվ կենսաթոշակներ ստանալու, ինչպես նաև Գրիգորյանի շուրջօրյա խնամքի կենտրոնում շարունակաբար մնալու և անհրաժեշտ դեղորայքով ու բժշկական օգնությունով ապահովելու հետ կապված խնդիրները շուտով կվերանան։
Ալվարդ Գրիգորյան