
Վրաստանի վարչապետի Ռուսաստանի հետ հարաբերությունների հարցերով հատուկ ներկայացուցիչ Գիորգի Զուրաբաշվիլին նոյեմբերի 19-ին առաջին անգամ հանդիպեց Ռուսաստանի փոխարտգործնախարար Միխայիլ Գալուզինի հետ։ Հանդիպումը նշանավորեց ոչ միայն նոր բանակցողների դեբյուտը, այլև վրաց-ռուսական բանակցությունների առաջին կայանքը Մինսկում, այլ ոչ թե Պրահայում։
Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունը հայտարարել է, որ կողմերը քննարկել են առևտրային, տնտեսական, մշակութային և հումանիտար համագործակցությունը, ինչպես նաև տարածաշրջանային անվտանգությունը։
«Համաձայնություն է ձեռք բերվել շարունակել շփումները՝ Ռուսաստանի և Վրաստանի միջև հարաբերությունների հետագա զարգացման շահերից ելնելով», – նշվում է նախարարության հայտարարության մեջ։
«Բանակցություններ անցկացնել օկուպացիոն տերության հետ այն պետության մայրաքաղաքում, որը Ռուսաստանի դաշնակիցն է, առանց միջազգային միջնորդների մասնակցության, պարզապես տեխնիկական կամ լոգիստիկ հարց չէ։ Սա քաղաքական ընտրություն է, որը նշանակում է երկխոսության վարում Ռուսաստանի համար բարենպաստ միջավայրում և Մոսկվայի համար ընդունելի ձևաչափով», – ասում է «Վրացի դիվանագետների ընկերությունը»։
«Վրացական դիվանագիտության նպատակը միշտ էլ եղել է այն, որ վրաց-ռուսական հակամարտությունը դառնա միջազգային քննարկման առարկա, և որ Վրաստանը չմնա միայնակ Ռուսաստանի հետ բանակցությունների սեղանի շուրջ», – ասվում է ասոցիացիայի հայտարարության մեջ։
Վրաստանը մինչ օրս հրաժարվել է վերականգնել հարաբերությունները Ռուսաստանի հետ, որը ճանաչել է Աբխազիայի և Հարավային Օսիայի անկախությունը և այնտեղ տեղակայել իր զորքերը։ Վրաստանը և Ռուսաստանը չեն կարողանում համաձայնության գալ Աբխազիայի միջով երկաթուղի բացելու հարցում, և կարելի է ենթադրել, որ այս հարցը կլինի գլխավորը բանակցությունների նոր փուլում։
Ռուսաստանը չի կարողանում համոզել Ադրբեջանին բացել երկաթուղիներ՝ դրա միջոցով Հարավային Կովկասի և նույնիսկ Մերձավոր Արևելքի հետ կապը վերականգնելու համար։ Իսկ TRIPP-ի իրականացումից և ԱՄՆ-Իրան ճգնաժամի լուծումից հետո Ռուսաստանը կհայտնվի տարածաշրջանից լիովին կտրված վիճակում։ Վրաստանը մնում է ամենահարմար հաղորդակցման ուղին։ Սակայն դրան հասնելու համար Ռուսաստանը ստիպված կլինի կամ զիջումների գնալ Աբխազիայի և Հարավային Օսիայի հարցերում, կամ ստիպել Վրաստանին հրաժարվել իր տարածաշրջաններից, ինչպես որ այժմ ստիպում են անել Հայաստանին։