ՀՀ անշարժ գույքի ոլորտում միասնական տեղեկատվական համակարգ կստեղծվի

Անշարժ գույքի ոլորտում միասնական տեղեկատվական համակարգի ստեղծման համար հատկացվել է 42 մլն դրամ (117 հազար դոլար՝ խմբ.)։ Համապատասխան որոշումն ընդունվել է նոյեմբերի 19-ին՝ Հայաստանի կառավարության նիստում։

Հարթակը նախատեսված է ինչպես անշարժ գույքի գործակալների, այնպես էլ քաղաքացիների համար։ Համակարգի միջոցով կստուգվեն շուկայում առկա առաջարկները, և կապահովվի փոխգործակցություն անշարժ գույքի վաճառքի առցանց հարթակների հետ։

Այն նաև կպարզեցնի պայմանագրերի գրանցումն ու փաստաթղթերի իսկության ստուգումը։

Անժարժ գույքի միասնական հարթակի բացակայությունը մեծ դժվարություններ է ստեղծում արցախցիների համար, որոնք սերտիֆիկատով տուն գտնելու համար ստիպված են շրջել ամբողջ Հայաստանով։ Շատերի համար դա ֆիզիկապես անհնարին է։ Նաև խնդիր է գների չկարգավորված լինելը, երբ գույք վաճառողը, իմանալով, որ սերտիֆիկատով պետք է տունը գնվի, բարձրացնում է գինը։

Նոր հարթակի մեջ պետք է մտնեն նաև կառուցապատվող տների ցանկը և շինարարական առաջարկը, քանի որ այս ոլորտում ևս անվստահության և խարդախության աստիճանը շատ բարձր է։