
Հայաստանում մի սխալ պատկերացում կա, ըստ որի Ադրբեջանը տարածաշրջանում գործում է Թուրքիայի կրտսեր եղբոր կարգավիճակում։ Նույնիսկ շատերը կարծում են, որ Ադրբեջանը 2020թ․ պատերազմում Արցախում հաղթանակի է հասել բացառապես շնորհիվ Թուրքիայի աջակցության։ Այս վերջին պնդումը պոպուլյար է նաև Հայաստանից դուրս, նույն Թուրքիայում և այլուր։ Այնինչ, վերջին զարգացումները ևս ցույց են տալիս, որ Ադրբեջանը չի տեղավորվում կրտսեր եղբոր կերպարի մեջ, նա, եթե նույնիսկ թյուրքական պետությունների շահերի շրջանակում է գործում, ապա լոկոմոտիվն է մեր տարածաշրջանում իրագործվող քաղաքականության, ավելին, այդ քաղաքականության մշակողն է և որոշ դեպքերում նաև տարածաշրջանի սոցիալական ինժեները։
2026թ․ աշնանն Ադրբեջանում դպրոցական համազգեստի վերաբերյալ Ադրբեջանում ընդունված որոշումը, դրա շուրջ սկիզբ առած բողոքը, Թուրքիայի իշխող կուսակցության ներկայացուցիչների կողմից բուռն արձագանքները և Բաքու-Անկարա հարաբերություններում առաջացած որոշակի խնդիրները ցույց տվեցին, որ Ադրբեջանը կարողանում է փշեր ցույց տալ ոչ միայն պատերազմի մեջ խրված ուժեղ հարևանին՝ Ռուսաստանին, այլև իր գլխավոր դաշնակցին՝ Թուրքիային։ Թուրքական իշխանությունների կողմից ադրբեջանական պահանջների արագ կատարումը, ապա Էրդողանի նոյեմբերյան այցը Ադրբեջան ցույց տվեցին, որ Անկարայի համար Բաքուն մնում է կարևորագույն գործընկեր։ Նա ոչ միայն Կովկաս-Կենտրոնական Ասիա տարածաշրջանում հանգուցային դաշնակից է, այլև կարևոր ներդրող Թուրքիայի խնդիրներ ունեցող տնտեսությունում։
Թուրք-ադրբեջանական հարաբերությունների ժամանակավոր սրացմանը հաջորդող ժամանակաշրջանում նույնիսկ, թուրքական պաշտոնյաները Հայաստանի հետ սահմանի բացումը պայմանավորում էին հայ-ադրբեջանական հարաբերություններով։ 1993թ․-ից շարունակվող այս քաղաքականությունը չփոխվեց ո՛չ 2008թ․-ից մեկնարկած ֆուտբոլային դիվանագիտությամբ, ո՛չ Լեռնային Ղարաբաղի՝ Ադրբեջանի կողմից ամբողջովին կլանումից հետո։ Ադրբեջանը հասել է նրան, որ Հայաստանը Թուրիքայի վերաբերյալ իր հարաբերությունների մասին պետք է խոսի ոչ թե Անկարայի, այլև Բաքվի հետ։ Նման վարքագծով Թուրքիան տարածաշրջանում իր համար շատ քիչ դերակատարություն է թողնում ոչ միայն Հայաստանի, այլև Վրաստանի համար ևս։
Ակնհայտ է, որ Ադրբեջանը տարածաշրջանում ունի իր սեփական օրակարգը և այն կարողանում է պարտադրել իր ռազմավարական դաշնակցին՝ սահմանափակելով վերջինիս գործողությունները կամ ենթադրյալ շահերը Հարավային Կովկասում։ Բայց հետաքրքիրը ոչ միայն Ադրբեջանի նման կեցվածքն է Թուրքիայի նկատմամբ, այլ նրա ձգտումը՝ այդպես վարվել տարածաշրջանի նկատմամբ հետաքրքրություն ունեցող գրեթե բոլոր դերակատարների հետ։ Իզուր չէ, որ Բելառուսի նախագահը Իլհամ Ալիևին կոչում է Հարավային Կովկասի առաջնորդ, որը ունակ է վերահսկել տարածաշրջանը։ Լուկաշենկոյի այս հայտարարությունը, անկախ նրանից, թե որքանով է արտահայտում Մոսկվայի դիրքորոշումը, ուշագրավ է մեկ այլ առումով․ այն ցույց է տալիս, որ Ադրբեջանին արդեն դիտարկում են ոչ միայն որպես տարածաշրջանի ազդեցիկ պետություն, այլև որպես Հարավային Կովկասում քաղաքական օրակարգ ձևավորելու հավակնություններ ունեցող ուժ։ Հայաստանի թուլացումը Ռուսաստանի կողմից չի ընկալվում որպես Հարավային Կովկասում հավասարակաշռության խախտում, որը կարող է ծանր հետևանքներ ունենալ նաև հենց Մոսկվայի համար, այլև դիտվում է որպես առիթ՝ իր հերթին ճնշելու Հայաստանին։
Ռուս-ադրբեջանական հարաբերություններում ի հայտ եկած որոշ սրացումներ Բաքուն կարողացավ շատ լավ օգտագործել Արևմուտքի հետ իր հարաբերությունները բարելավելու համար։ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը Ադրբեջանին բազմիցս անվանել է ԵՄ հուսալի և վստահելի էներգետիկ գործընկեր։ Չնայած եվրոպական որոշ կառույցների կողմից քննադատությանը Ադրբեջանում տիրող մարդու իրավունքների վիճակի վերաբերյալ, ընդհանուր առամբ Եվրամիությունն ակտիվորեն աջակցում է Ադրբեջանի և Հայաստանի միջև ձևավորվող հարաբերություններին։
Ուկրաինայի պատերազմը փոխել է ԵՄ էներգետիկ առաջնահերթությունները, ինչը հնարավորություն է տվել Ադրբեջանին մեծացնել իր աշխարհաքաղաքական նշանակությունը։ ԵՄ ստիպված է ժողովրդավարական արժեքների պաշտպանությունը ստորադասել էներգետիկ շահերին։ Եվրամիությանը, մեծ հաշվով, առավելապես հետաքրքրում են այն նախաձեռնություններն ու գործողությունները, որոնք կարող են սահմանափակել Ռուսաստանի ազդեցությունը։
Ուկրաինայի պատերազմով պայմանավորված եվրոպացիները ի վիճակի չեն տարածաշրջանում իրենց դերակատարությունը և Հարավային Կովկասի երկրների դերակատարությունը հաշվարկել առավել երկարաժամկետ կտրվածքով, ինչից շահում են ագրեսիվ վարքագիծ դրսևորող, երկարաժամկետ պլանավորում իրականացնելու կարողություններ ունեցող դերակատարները, ինչպես օրինակ Ադրբեջանն է։ ԵՄ կարճաժամկետ էներգետիկ և աշխարհաքաղաքական առաջնահերթությունները հաճախ սահմանափակում են նրանց երկարաժամկետ ռազմավարական հաշվարկների արդյունավետությունը։
Ադրբեջանը հմտորեն կարողացավ հայ-ադրբեջանական խաղաղության օրակարգը վերածել Թրամփի վարչակազմի հետ հարաբերություններ կառուցելու և ԱՄՆ հետ հարաբերությունները զարգացնելու գործընթացի։ Ադրբեջանը ցանկանում է այս համատեքստն օգտագործել նաև ԱՄՆ Կոնգրեսի կողմից 1992թ․ ընդունված «Ազատության աջակցության ակտի» 907-րդ բանաձևի չեղարկմանը հասնելու համար։ Այս օրենսդրական ակտը արգելում է Ադրբեջանին ամերիկյան ռազմական և պետական օգնությունը, քանի դեռ վերջինս չի դադարեցրել Հայաստանի և Լեռնային Ղարաբաղի շրջափակումը։
Պատերազմում Հայաստանի պարտությունն ու Արցախի կորուստը, ինչպես նաև Հայաստանի ներկայիս թուլությունն ու սեփական օրակարգն առաջ մղելու սահմանափակ կարողությունները լայն հնարավորություններ են ստեղծել Ադրբեջանի համար։ Բաքուն կարողացել է այդ հանգամանքներն ու սեփական աշխարհաքաղաքական նշանակությունը վերածել քաղաքական ինքնուրույնության, իսկ վերջինս՝ այլ պետությունների վրա ազդեցության գործիքի։
Հայկ Խանումյան