
Հայաստանի նոր Սահմանադրության վերաբերյալ գործընթացը հասել է տրամաբանական կետի․ կառավարությունը ներկայացրել է նոր սահմանադրության նախագիծը, որը դեռևս պետք է հավանության արժանանա Ազգային ժողովում։ Նախագիծը բավարարել է խաղաղության պայմանագիր կնքելու Ադրբեջանի պայմանը՝ մայր օրենքից հանել է Հայաստանի Անկախության հռչակագրի վրա հղումը։ Ազգային ժողովում նախագծի հավանության չարժանանալու դեպքում իշխող ուժը խոստանում է երկիրը տանի նոր ընտրությունների։ Նախագիծը հանրաքվեի դնելուն իշխող քաղաքական ուժին պակասում է 6 պատգամավորի քվե։
Հայաստանյան այս իրավիճակը մոտ է Մակեդոնիայի վիճակին։ Տասնամյակներ շարունակ Հունաստանը դեմ էր Մակոդոնիա անվան օգտագործմանը՝ այն համարելով տարածքային ու պատմական հավակնությունների հնարավոր աղբյուր։ Մակեդոնիան, որը Հարավսլավիայի կազմից դուրս գալուց ի վեր, ընթանում էր ազգամիջյան հակամարտությունների միջով, որի հետևանքով ավելի քան 170 հազար մարդ լքեցին իրենց տները, խորհրդարանի խայտաբղետ կազմ ուներ։ Հունաստանի պահանջը կատարելու, երկրի անունը փոխելու և Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու սահմանադրական փոփոխությունների քվեարկության համար իշխող կուսակցությանը պակասում էր ութ պատգամավոր։ Իշխող սոցիալ-դեմոկրատական կուսակցությունից բացի սահմանադրական փոփոխություններին կողմ էին ալբանական փոքրամասնության կուսակցությունը, որի համար երկրի անվանումը սակրալ նշանակություն չուներ և ԵՄ ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալն առաջնահերթություն էր։ Իշխող ուժը հետաքրքիր վարք դրսևորեց ազգայնական ընդդիմադիր ուժի նկատմամբ, տարբեր քրեական գործեր հարուցվեցին ընդդիմադիր պատգամավորների և նրանց շրջապատի վրա, ապա ստանալով նրանց ձայները սահմանադրության հարցում՝ համաներումով ազատ արաձակեցին բոլորին։
Ի վերջո, 2019թ․ Հյուսիսային Մակեդոնիայի խորհրդարանը ընդունեց բոլոր 4 փոփոխությունները և կարծես ԵՄ անդամակցելու խոչընդոտները վերացել էին, քանզի Հունաստանի հետ կնքած պայմանագիրը կանաչ լույս էր վառում պաշտոնական Սկոպյեի առջև, նամանավանդ, որ երկիրը 2020թ․ դարձավ ՆԱՏՕ-ի անդամ։ Կարծես, ամեն ինչ լավ էր ընթանում, սակայն նոր խնդիրներ առաջ եկան։
Հյուսիսային Մակեդոնիայի սահմանադրությունում որպես ազգային համայնքներ նշված էին մակեդոնացիները, ալբանացիները, թուրքերը, գնչուները, սերբերը, բոսնիացիները, վլախները։ Սահմանադրության մեջ որպես ազգային համայնք նշվելը նշանակում էր ունենալ քաղաքական իրավունքներ, ներկայացուցչական քվոտաներ, ֆինանսավորում և այլն։ Բուլղարիայի՝ ԵՄ անդամակցությունից հետո, Մակեդոնիայի բազմաթիվ բնակիչներ ընդունեցին նաև բուլղարական քաղաքացիություն՝ ԵՄ առավելություններից օգտվելու համար։ Սա հիմք տվեց Բուլղարիային, որպեսզի պահանջի Հյուսիսային Մակեդոնիայից ազգային համայնքների մեջ ներառել նաև բուլղարներին։ ԵՄ հետ անդամակցության բանակցություններում Հյուսիսային Մակեդոնիայի համար սա ձևակերպվեց որպես նախապայման։
2023թ․ Հյուսիսային Մակեդոնիայում նախաձեռնվեց սահմանադրական փոփոխությունների նոր նախաձեռնություն, այս անգամ սահմանադրության մեջ ներառելու Բուլղարիայի պահանջները։ Սակայն, խորհրդարանում այն տապալվեց։ Դա, ի վերջո բերեց իշխող ուժի պարտությանը ընտրություններում և ընդդիմության իշխանության գալուն։ Գործընթացն այժմ փակուղում է։ Մակեդոնական նոր իշխանությունը չի գնում զիջումների սահմանադրության հարցում, Բուլղարիան հետ չի կանգնում իր պահանջներից, Եվրամիությունը ստիպված է Հյուսիսային Մակեդոնիայի անդամակցության հարցը կապել սահմանադրական փոփոխությունների հետ։
Մակեդոնական օրինակը կարևոր նախադեպ է հասկանալու համար, թե ինչ վտանգներ կարող է պարունակել արտաքին պահանջներին համապատասխանեցնելու նպատակով սահմանադրության փոփոխությունը։ Հյուսիսային Մակեդոնիայի փորձը ցույց է տալիս, որ մեկ երկրի պահանջը բավարարելուց հետո խնդիրը կարող է ոչ թե փակվել, այլ տեղափոխվել մեկ այլ հարթություն՝ առաջացնելով նոր պահանջներ արդեն այլ դերակատարների կողմից։ Ընդ որում, նախորդ զիջումն արդեն դառնում է նոր պահանջների առաջադրման քաղաքական նախադեպ։
Եթե սահմանադրական փոփոխությունը դիտարկվում է որպես Ադրբեջանի հետ խաղաղության հասնելու անհրաժեշտ գին, ապա ի՞նչ երաշխիք կա, որ վաղը խաղաղության գործընթացի կամ տարածաշրջանային հարաբերությունների շրջանակում նոր պահանջներ չեն առաջադրվի։ Որքանո՞վ է իրատեսական ակնկալել, որ սահմանադրական զիջումը կդառնա վերջինը, երբ դրա անհրաժեշտությունը հիմնավորվում է ոչ թե Հայաստանի ներքին պետական զարգացման օրակարգով, այլ արտաքին դերակատարի պահանջով։
Սահմանադրությունը պետության ինքնիշխանության հիմնարար արտահայտություններից է։ Այն արտաքին քաղաքական բանակցությունների առարկա դարձնելը ոչ միայն սահմանափակում է պետության ինքնուրույն որոշումներ կայացնելու հնարավորությունը, այլև ստեղծում է նախադեպ, որի միջոցով արտաքին դերակատարները կարող են ազդել երկրի հետագա քաղաքական ու իրավական զարգացման վրա։ Հյուսիսային Մակեդոնիայի փորձը ցույց է տալիս, որ նման ճանապարհը կարող է երկարացնել, այլ ոչ թե ավարտել արտաքին պահանջների շղթան։ Հայաստանի համար գլխավոր վտանգը հենց սա է՝ խաղաղության հասնելու ակնկալիքով սեփական ինքնիշխանության սահմանափակում, որի վերջնակետը նախապես հայտնի չէ։
Հայկ Խանումյան