Նոր Բրաջուր․ ազատագրված հողի հիշողությունը

Ես՝ Իւա|նէ, կան|գնե[ցի] | զխաչ|ս ի բար|եխոս եղ|բաւր իմո|յ Վարհա|մայ, ով զմ|եզ կրոնա|վորեալ կա|տարեցա|վ ի ճանա|պահր | յԵրո(ւ)սաղ|եմի, յիշ|եցայք | ի Ք(րիստո)ս: | Ա(ստուա)ծ ողո(ր)մ[ի] | կազ(մ)ողին։

1197 թվականին Իվանեի կանգնեցրած այս մեծաչափ խաչքարը, գրեթե հազար տարի հաղթահարելով դարերի փորձություններն ու ժամանակի ավերիչ հողմերը, հասել է մինչև մեր օրերը։ Ի՞նչն է նրան պահպանել՝ եղբոր հիշատակի հանդեպ Իվանեի խոր նվիրո՞ւմն ու սերը, թե՞ Աստծո բարեհաճ հայացքը Վարհամի նկատմամբ։ Գուցե երկուսն էլ։

Խաչքարի պատմությունը սերտորեն կապված է նաև այն բնակավայրի ճակատագրի հետ, որտեղ այն կանգնեցվել էր։

Նոր Բրաջուրի տարածքում առնվազն միջնադարից մինչև 18-րդ դարի կեսերը գոյություն է ունեցել հայկական բնակավայր, որի հին պատմական անվանումը մեզ չի հասել։ 17-րդ դարի կեսերից թյուրքական ցեղերի և լեզգիների ավարառու արշավանքների հետևանքով հայ բնակչությունն աստիճանաբար հեռացել է իր բնօրրանից։ Հետագայում այստեղ հաստատված խաշնարածները ոչնչացրել են հայկական պատմամշակութային ժառանգության զգալի մասը, իսկ խորհրդային տարիներին ավերվել են եկեղեցին ու գերեզմանոցը։

1993 թվականին Քարվաճառի շրջանի ազատագրումից հետո գյուղը վերաբնակեցվել է հիմնականում Հյուսիսային Արցախի Բրաջուր գյուղի փախստականներով և ստացել Նոր Բրաջուր անունը։ Բնակիչները շինությունների պատերից ու հողաշինական աշխատանքների ժամանակ հայտնաբերել են խաչքարերի բազմաթիվ բեկորներ և տասնյակ ամբողջական կոթողներ, որոնք կանգնեցվել են գյուղի տարբեր հատվածներում՝ դառնալով սրբատեղիներ։ Հողի ընդերքից դուրս եկող այս քարերը կարծես հերթով բացում էին բնակավայրի մոռացված պատմության էջերը։

Հայտնաբերված հուշարձանների շարքում Իվանեի խաչքարն առանձնանում է ոչ միայն իր չափերով ու գեղարվեստական հարդարանքով, այլև արձանագրության գրչական յուրահատկությամբ։ Հուշարձանագետ Սամվել Կարապետյանի դիտարկմամբ՝ խաչքարի կողային արձանագրության գրչաոճը հար և նման է Դադիվանքում գտնվող՝ 1182 թվականին կերտված Հասան Վախթանգյանի հանրահայտ խաչքարի հյուսիսային կողի պատգամ-արձանագրությանը։

Այս զուգահեռը թույլ է տալիս ենթադրել, որ զարգացած միջնադարում, առնվազն Արցախում, տարածում է ունեցել արձանագրությունների փորագրման որոշակի գրչական ավանդույթ, որն իր շարունակությունն է ունեցել նաև ուշ միջնադարում։ Այս առումով Իվանեի խաչքարը կարևոր սկզբնաղբյուր է ոչ միայն քանդակագործական, այլև միջնադարյան վիմագրական արվեստի ուսումնասիրության համար։

Նոր Բրաջուրի հողը վերադարձրել է իր քարեղեն վկաներից մեկը։ Իսկ մենք դեռ վերադարձնելու ենք այն ամենը, ինչ պատմությունը խլել է մեզնից։ Որովհետև մեր վերադարձը սկսվում է այնտեղ, որտեղ կրկին ճանաչում ենք մեր արմատները։

Արմինե Հայրապետյան