Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է 1918-1920 թվականների Առաջին Հանրապետության։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը

Step1.am-ի զրուցակիցն է 1990-1995 թվականներին Հայաստանի Գերագույն խորհրդի պատգամավոր Մեխակ Գաբրիելյանը։

-Պարոն Գաբրիելյան, հրապարակվեց նոր Սահմանադրության նախագիծը, որի նախաբանից հանվել է հղումն Անկախության հռչակագրին։ Ինչպե՞ս եք գնահատում այս նախագիծը, Հայաստանն ի՞նչ խնդիրների առաջ է կանգնում այսպիսով։

-Նախ Անկախության Հռչակագրի մասին. 1990 թվականին ընտրված Գերագույն Խորհուրն Արցախյան շարժման վերելքի շրջանում թափանցիկ, ժողովրդավարական, մրցակցային եւ մեծամասնական եղանակով ընտրված բարձրագույն մարմինն էր, որը վայելում էր ժողովրդի վստահություն ու սերը։ Ժողովուրդը մեծ հույսեր էր փայփայում հայոց նոր վերելքի առումով։ Գերագույն խորհուրդը, հանդիսանալով իշխանության միակ բարձրագույն մարմինը, 1990 թվականի օգոստոսի 23-ին միաձայն ընդունեց Հայաստանի Անկախության հռչակագիրը, ինչն, ըստ էության, համահայկական համաձայնագիր է հայ ժողովրդի կենսագոյության, հիմնական արժեքների ու ապագայի կերտման մասին։

Այդպես է, եւ դրա վառ ապացույցն է, երբ հետագայում խորհրդարանը, հենվելով Հռչակագրի վրա, ելնելով Հռչակագրի դրույթներից, սահմանեց անկախ պետականության խորհրդանիշները՝ դրոշը, զինանշանը եւ օրհներգը՝ դրանով իսկ հաստատելով, որ իր անկախությունը վերականգնած Հայաստանի Հանրապետությունը իրավահաջորդն է 1918-1920 թվականների Առաջին Հանրապետության։ Ահա այստեղ է թաղված շան գլուխը։ Հիմնական պատճառը դա է, որ Էրդողանն ու Ալիևը պարտադրում են, որ Հռչակագիրն առ ոչինչ ճանաչվի, այսինքն՝ հայ ժողովուրդը կտրվի իր անցյալից։

Անկախության հռչակագիրը բոլոր ժամանակներում պետք է մնա անփոփոխ եւ իր տեղում՝ Սահմանադրության նախաբանում, քանի որ չունի դադարեցման կամ խմբագրման իրավաբանական հիմք. այն դարերի համար ուղեցույց-փաստաթուղթ է եւ հանդիսանում է հայոց պետականության հարատեւության հիմնական հենասյունը։ Եթե նույնիսկ որոշվում է նոր Սահմանադրություն ընդունել, ապա Անկախության Հռչակագիրը պետք է մնա իր տեղում՝ նախաբանում, անփոփոխ, կարելի է լրացում կատարել՝ վերահաստատելով այն, որպես անկախության վերականգնման վկայագիր։

Փորձ անելով Անկախության Հռչակագիրը հանել Սահմանադրության նախաբանից՝ այսօրվա իշխանազավթ, ապօրինի իշխանությունը վերահաստատում է իր հավատարմությունը օտարին՝ թուրքական աշխարհին եւ միեւնույն ժամանակ, որպես նոր բոլշեւիկներ, փաստաթղթային առումով ճանապարհ է բացում թուրանական ծրագրի իրականացման համար, որը 100 տարի առաջ իրենց նախորդները ավարտին չհասցրին։

Փորձելով Անկախության Հռչակագիրը վերացնել՝ կատարելով թշնամու պահանջը, ցույց են տալիս, որ իրենց համար ազգային-պետականը արժեք չէ, որ ազգային ինքնությունը անբան անասուն դառնալու համար խանգարող հանգամանք է։ Ինչպես նաեւ, դրանով ուզում են ցույց տալ, որ Հայոց պետության անկախությունը վերականգնվել է ոչ թե 1990 թվականին, այլ այս, իրենց ներկայացրած Սահմանադրությունով։ Պատահական չէ դրանց արտահայտած այն հիմար միտքը, թե իրենք իրական անկախությունն են վերականգնել։

Այս երեւույթին հավասարազոր մի հակապետական, հակահայ ծրագիր արդեն իրականացնում են՝ այսպես կոչված ԹՐԻՓ-ը, որը թուրանի ծրագիրն է։ Կարծում եմ՝ եթե մեր ժողովուրդը կրկին չսթափվի, եւ դրանց դավադրությունը ստացվի, հետագայում անունն էլ կփոխեն, կդնեն իսկական անունով՝ «թուրանի միջանցք»։

Հայաստանի տարածքի 12 տոկոսը՝ Արցախը թշնամուն հանձնելուց, թշնամուն աջակցելով Արցախում ցեղասպանություն իրականացրած մարդկանցից ի՞նչ ակնկալիք ունեիք։ Դրանք առ այսօր խախտել են եւ խախտում են եւ Սահմանադրությունը, եւ օրենսդրությունը շուրջօրյա ռեժիմով։ Այդ մարդիկ անաստված պետական հանցագործներ են։ Քանի իշխանությունը կարողանան բռնազավթած պահել, իրենց ավերածությունները շարունակելու են Հայոց դեմ։ Սակայն, կարծում եմ, սա իրենց կարապի վերջին երգն է, սրանով թուրքերի խոփը դեմ է առնելու Հայոց անսասան, կործանիչ հիմնաքարին՝ Հայոց կամքին։

Եթե կարողանան կեղծելով ընդունել, ապագա ազգային իշխանությունն այդ բոլորը առ ոչինչ է ճանաչելու եւ վերադառնալու է մեր սկզբին։ Դժվար ժամանակաշրջան է ապրելու մեր ազգը, սակայն կարողանալու է դուրս գալ այս վիճակից եւ կերտել նոր Հայաստանը։

–Իշխանությունը ժողովրդին հավատացնում է, թե վերջնական խաղաղություն է հաստատվելու նոր Սահմանադրության ընդունումից հետո։ Իրոք այդպե՞ս է, և հանրությունն ինչ պետք է իմանա, ինչպե՞ս պետք է կողմնորոշվի։

-Հերթական խաբեությունն է։ Այս ստախոս, խաբեբա մարդկանց ասածներին ինչպե՞ս կարելի է հավատալ։ Մեր ժողովուրդը հազարամյակների պատմություն ունի, որն իր ուղեցույցն է։ Նախ, խաղաղություն բառը իրենից այս պարագայում ոչինչ չի նշանակում, որովհետեւ ցանկացած խաղաղություն ժամանակավոր է, նույնիսկ փաստաթղթով, ստորագրված, առավել եւս թուքերի պարագայում։

Խոսենք պատերազմի եւ ռազմական գործողությունների մասին։ Այժմ էլ Հայաստանը եւ Բաքվի խանությունը պատերազմի մեջ են, դեռեւս առանց ռազմական գործողությունների։ Բաքվի շուրջօրյա, տարբեր եղանակներով հայ ժողովրդի վրա հարձակումները, հայ ժողովրդի ստեղծած հոգեւոր եւ մշակութային արժեքների ոչնչացումը Արցախում, մինչ այս՝ Նախիջեւանում, պատերազմ չէ, բա ի՞նչ է։

Այնպես որ, պետք չի հավատալ այդ ստախոսներին, դրանք տարիներ շարունակ մեկ նպատակ ունեին նշված թուրանական ծրագրերը իրականացնելու ճանապարհին, որն էլ արել են եւ շարունակում են անել. հայ ժողովրդի դիմադրողականությունը նվազեցնել կամ ոչնչացնել, հայ ժողովրդին հուսահատեցնել, ամեն ինչ անել, որ ժողովուրդը հեռու մնա մեր Եկեղեցուց՝ Աստուծուց, այսինքն մեր միակ հույսից եւ ապավենից, որպեսզի անհրաժեշտության դեպքում Եկեղեցին, ինչպես 1918 թվականի մայիսին, չկարողանա առաջնորդել ժողովրդին։ Դրանք մասամբ հասել են իրենց նպատակին, ժողովրդի մի մասին այն աստիճանի են մոլորեցրել, որ կրկին մեջտեղ են բերել երրորդի ուժի ապավինելու սին մտածումը, միայն թե հայ ժողովուրդը կտրվի ինքն իրենից եւ չապավինի Աստուծուն ու իր ուժին, իր կարողությանը։

–Ի՞նչ անելիք ունեն քաղաքական ուժերը ստեղծված իրավիճակում։

-Ցավոք սրտի, քաղաքական ուժերը չկարողացան օրակարգ թելադրել։ «Ուժեղ Հայաստանը» դարձավ թիվ մեկ ընդդիմությունը, իր ոչ ճիշտ քաղաքական քայլերի հետեւանքով օրինականացրեց՝ լեգիտիմացրեց իշխանության բռնազավթումը։ Այն, ինչ կատարվում է քաղաքական մրցահարթակում, դա կատարվում է իշխանազավթի թելադրանքով՝ օրակարգով։

Իսկ օրակարգ թելադրելու համար պետք է նոր մտածողություն, պետք էր դուրս գալ կաղապարված մտածումներից եւ թռիչք կատարել քաղաքական նոր գաղափարներով։ Օրինակ՝ ի՞նչ է նշանակում ընդդիմության կողմից Արցախի հարցի վերադարձը քաղաքական օրակարգ չբերելը, խոսել միայն արցախահայության վերադարձի իրավունքի մասին։ Եվրոպայի խորհուրդը՝ ՄԱԿ Անվտանգության խորհրդի երեք մշտական անդամների գլխավորությամբ, 30 տարի քննարկում էին Արցախի հարցի խաղաղ կարգավորման ուղի գտնելու հարցը։ Իշխանազավթները Բաքվի պահանջով հրաժարվեցին եւ առաջարկեցին ու լուծարեցին Մինսկի խումբը։ Ընդդիմությունը, համաձայնվելով իշխանության մաս կազմել, պետք է Մինսկի խմբի վերականգնումը կամ դրա մեկ այլ տարբերակը առաջ քաշեին եւ իրենց ամենօրյա գործողություններով եւ դաշնակից պետությունների աջակցությամբ հասնեին դրան։ Բայց այդ անելու համար պետք է, որ իրենք հայտարարեին, որ Արցախը Հայաստանի անքակտելի մասն է միջազգային իրավունքի եւ ազգերի ինքնորոշման իրավունքի պահանջով։ Այդպիսի մոտեցում չեն ցուցաբերում։

Մեր սերունդը Խորհրդային բռնապետության պայմաններում նույնիսկ այդ պահանջն էր դնում, որի արդյունքում Արցախը փաստացի վերամիավորվեց մայր Հայրենիքին։ Միջազգային դատարանը մի քանի որոշում ունի Արցախի հետ կապված, ինչո՞ւ հետամուտ չեն դրանց իրագործման առումով։ Ո՞ւր ենք հասել, որ Գերմանիայի արտաքին գործերի նախարարը համարձակվում է հայ ժողովրդին խորհուրդ տալ, որ փոխի Սահմանադրությունը։ Նշանակում է՝ իշխանության մաս կազմող ընդդիմությունն իր տեղում չէ։

Կամ հայտարարում են, թե հարեւաններից տարածքային պահանջ չունենք։ Այդ դեպքում ինչո՞վ եք տարբերվում իշխանազավթներից։ Այո, տարածքային պահանջ չունենք որեւէ մեկից, բացառությամբ միջազգայնորեն ճանաչված Հայաստանի տարածքները, բացառությամբ Հայաստանի բռնազավթված տարածքները, որոնց վերադարձի հարցը պետք է լուծվի միջազգային իրավունքի համաձայն, եւ որ բոլոր վիճելի հարցերը պետք է լուծվեն բանակցությունների միջոցով։

Բաքվի խանությունը, խախտելով միջազգային բոլոր նորմերը, հարձակվեց Արցախի վրա, այնուհետեւ աննախադեպ հանցագործություն կատարեց Արցախում՝ շրջափակելով սովի մատնեց ժողովրդին եւ ցեղասպանություն կատարեց։ Ո՞ւր է ընդդիմությունը, ինչո՞ւ այս առումով որեւէ քայլ չի կատարում, չէ՞ որ իշխանության մաս է կազմում ընդդիմության տեսքով։

Իշխանազավթին հեռացնելու ճանապարհներից մեկն էլ Ալիևի դեմ միջազգային դատական հայց ներկայացնելն է, որպես Արցախում ցեղասպանություն իրականացրած հանցագործ։

Իշխանազվթների այս քայլին հակընդդեմ պետք է դատական գործընթաց սկսեն մի շարք իշխանազավթների նկատմամբ՝ պետական դավաճանության եւ Արցախում իրականացված ցեղասպանության մասնակցության համար։ Մյուս կողմից պետք է ժողովրդին կարողանան համոզիչ փաստարկներով ներկայացնել իշխանազավթների կատարած հանցագործությունները, որպեսզի ժողովուրդը՝ ոչ միայն իրենց ձայն տվողները, այլև չեզոքները համոզվեն, որ ընդդիմությունն առանցքային հարցերում վերանայել է իր տեսակետները, որոնք բխում են Հայոց պետականության եւ ազգային շահերից, որի հետեւանքով ընդդիմությանը այլեւս կարելի է էլ ավելի վստահել։

-Նաև կուզեմ Արցախի հարցին անդրադառնաք այս համատեքստում։ Սահամանդրության նախաբանից Արցախի ու Հայաստանի վերամիավորման որոշմանը հղումը հանելով՝ ի՞նչ իրավիճակ է ստեղծվում։ 

-Սահմանադրության նախաբանից հանելով 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Արցախի մայր Հայաստանին վերամիավորելու որոշման հղումը՝ դրանով ջնջում են այն իրավական գործընթացը, որը կատարվել է Արցախյան համազգային շարժման հետեւանքով։ Այդ մասին իշխանազավթը բացահայտ է ասում՝ «պետք է մոռանալ Արցախյան շարժումը»։ Այդ մարդը, եթե վարչապետի աթոռը կարողանա էլի պահել, մի օր էլ ասելու է՝ մոռանանք մեր պատմությունը, քանի որ մեր պատմությունը սկսվում է իմ դավաճանության օրվանից՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ից։

Արցախի վերամիավորման որոշումը, դա շատ լուրջ իրավական փաստաթուղթ է, որը ջնջում է բոլշեւիկների ապօրինությունն Արցախի հարցում։ Միեւնույն է, մի օր միջազգային ատյաններում այս բոլոր հարցերը քննվելու են, այդ ժամանակ մեջտեղ են բերվելու բոլոր իրավական կռվանները։ Այս իշխանազավթն իր այս քայլերով՝ իր կարճ խելքով, փորձում է ջնջել, մաքրել այդ կռվանները, որպեսզի Բաքուն, որ այժմ Հայաստանի՝ հայ ժողովրդի դեմ նաեւ միջազգային հարթակներում է բազմակողմ պատերազմ մղում, հիմքեր ունենա։

Պետք է խնդրին մոտենալ հեռահար նկրտումներով։ Ուշադրություն դարձրեք, մեր քաղաքական ուժերը, բացառությամբ մի քանիսի, Հայաստանի ապագայի նկատմամբ որեւէ տեսլական չեն ներկայացնում, գրեթե բոլորը ձայն-ձայնի տված մեկ երգ են երգում՝ լավ ապրենք, այսինքն՝ ուտելիքը տեղը լինի, այսինքն՝ վեր ածվենք անբան անասունների։ Այսպիսի մտածելակերպով քաղաքական կուսակցությունը կարո՞ղ է առաջնորդել հայ ժողովրդին։ Իհարկե, ոչ։

Բայց չէ որ հայ ժողովուրդն առաքելություն ունի՝ վերականգնել Հայոց Փառքը, Հայկական Բարձրավանդակում՝ Աստուծու տված տարածքներում՝ Հայաստանից բռնազավթած տարածքներում վերականգնել Հայաստանի իրավազորությունը եւ վերակերտել նոր արժեքներով՝ քրիստոնեական արժեքներով մեր իրական Հայաստանը՝ Հայաստանի Քրիստոնեական Հանրապետությունը։ Այդ մասին ոչ մի խոսք։

Կուզեմ դիմել ժողովրդին․

Սիրելի հայ ժողովուրդ, հանկարծ չհուսահատվեք, մեր ազգն այսպիսի արհավիրքներ շատ է տեսել, պետք է հույսներս դնենք մեր Աստուծո վրա եւ գործենք, գործենք եւ ստանանք Աստուծո աջակցությունն ու օգնությունը։ Չէ որ Աստված իր արդարությունը հաստատելու համար է մեզ ընտրել։

Մոտ ապագայում այսպիսին է լինելու Հայաստանը, որից սարսափում է չարը՝ թուրքը, որի վզին կախված է Հայաստանի միջազգայնորեն ճանաչված սահմաններով Հայաստանի սուրը։

Հայաստանի միջազգայնորեն ընդունված իրական քարտեզը

Համաձայն միջազգայնորեն ընդունված սահմանների Հայաստանի Հանրապետության տարածքը կազմում է 210 հազար քառակուսի կիլոմետր, համաձայն Ազգերի Լիգայի (Միավորված Ազգերի Կազմակերպության՝ ՄԱԿ իրավանախորդը) 1920 թ. դեկտեմբերի 10-ի որոշման, որի

արեւմտյան՝ Թուրքիայի հետ սահմանն է՝ համաձայն Ամերիկայի Միացյալ Նահանգների նախագահ Վուդրո Վիլսոնի 1920 թվականի նոյեմբերի 22-ի իրավարար վճռի եւ

արեւելյան սահմանը (Բաքվի խանության հետ) համաձայն՝ Փարիզյան Խաղաղության Վեհաժողովի Հայաստանի սահմանները որոշող հատուկ հանձնաժողովի 1920 թ. փետրվարի 24-ի որոշման՝ Ազգերի Լիգայի 1920 թ. դեկտեմբերի 10-ին հաստատած Հայաստանի Հանրապետության տարածքի արեւելյան սահմանը:

Հատեւաբար, Հայաստանի տարածքների մեծ մասը բռնազավթված են Թուրքիայի եւ Բաքվի խանության կողմից՝ ըստ միջազգային իրավունքի եւ հայ ժողովրդի պատմական իրավունքի։

Աղոթենք եւ խնդրենք մեր Տէր Հիսուս Քրիստոսին, ազգովի ապաշխարենք, որ չարը հեռու վանի Հայաստանից եւ կառավարիչներ նշանակի մեր երկրին՝ իր պատվիրաններով առաջնորդվող եւ իր առաջ խոնարհվող իր ընտրյալ զավակներից Հայոց։

Տէ´ր Աստվա´ծ, պահիր, պահպանիր, զորացրու եւ հզորացրու ազգս Հայոց եւ պետությունս Հայոց եւ կերտիր Քո Աստվածային արժեքներով Հայաստանս։

Ռոզա Հովհաննիսյան