
Պուտինը և Փաշինյանը առաջիկա բանակցությունների ընթացքում կքննարկեն Հայաստանում գտնվող ռուսական ռազմաբազայի հարցը, լրագրողներին հայտնել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դուրս բերել իր զորքերը Հայաստանից, եթե Երևանը նման խնդրանք ներկայացնի։ Փաշինյանը հետագայում հայտարարել էր, որ Երևանը չի առարկի, եթե Մոսկվան ինքը որոշում կայացնի։
Պեսկովի խոսքով՝ Փաշինյանի այցը Ռուսաստան վաղուց համաձայնեցված էր, և Կրեմլը պատրաստվում է դրան։
Ինչպես նշել է Կրեմլի խոսնակը, հանդիպման ընթացքում կքննարկվի նաև Հայաստանի՝ ԵԱՏՄ-ում մնալ-չմնալու որոշումը։
«Եվրոպական Միության վրա կենտրոնացումը և, միևնույն ժամանակ, ԵԱՏՄ շրջանակներում ինտեգրման գործընթացը շարունակելու ցանկությունը միմյանց բացառում են։ Մենք այս մասին բազմիցս խոսել ենք։ Եվ, իհարկե, հայկական կողմը պետք է ընտրություն կատարի», – ասել է Պեսկովը։
ՀՀ նոր Սահմանադրության, Հայաստանում ռուսական ռազմաբազայի և սահմանապահ զորքերի, ինչպես նաև TRIPP-ի և ԵԱՏՄ-ի հարցերը սերտորեն փոխկապակցված են։
Եթե Հայաստանն ընդունի նոր Սահմանադրություն, որը կամրագրի Հայաստանի խորհրդային սահմանները Թուրքիայի և Ադրբեջանի հետ, ինչպես սահմանված է Կարսի պայմանագրով, ապա ռուս սահմանապահները և բազան կկորցնեն իրենց նպատակը Հայաստանում: Իսկ եթե սկսվի TRIPP-ի շինարարությունը, հայ-իրանական սահմանի կարգավիճակը կփոխվի, և պարզ չէ, թե «միջանցքի» որ կողմում կկանգնեն հայ, թե՞ ռուս սահմանապահները:
Այս առումով, հատկանշական է, որ ԱՄՆ խաղաղապահ գործողությունների հատուկ դեսպանորդի ավագ խորհրդական Արյեհ Լայթսթոունը վերջերս Երևանում հայտարարել է, որ Ռուսաստանի կողմից հայկական երկաթուղու կառավարումը կազդի TRIPP նախագծի վրա, և Վաշինգտոնը դեռևս չի կարող ասել՝ այդ ազդեցությունը դրական կլինի, թե բացասական։
«Կան սցենարներ, որոնցում ռուսական գործոնը կարող է լրացնել և մեր նախագիծն ավելի հաջողակ դարձնել, և կան սցենարներ, որոնցում մեր նախագիծը գոյություն կունենա անկախ», – նշել է Լայթսթոունը։
Պաշտոնապես Մոսկվան բազմիցս պնդել է, որ TRIPP-ը կարող է արդյունավետորեն իրականացվել միայն Ռուսաստանի մասնակցությամբ։ Ավելին, Մոսկվան նշում է երեք գործոն՝ հայկական երկաթուղիների Ռուսաստանի կոնցեսիան, ԵԱՏՄ-ն և ռուս սահմանապահների ներկայությունը Իրանի հետ սահմանին։
Ամերիկացի դեսպանորդի խոսքերից պարզ է, որ ԱՄՆ-ն որևէ խնդիր չի տեսնում Ռուսաստանի հետ, եթե այն «մնա»։ Խնդիրներ ունի ԵՄ-ն, այդ իսկ պատճառով Ռուսաստանը ճնշում է գործադրում, որպեսզի Հայաստանը հանրաքվե անցկացնի և պաշտոնապես «հաստատի» ԵԱՏՄ-ում իր շարունակական անդամակցությունը։
Ռուսական ռազմաբազայի վերաբերյալ հարցը կլուծվի ավտոմատ կերպով նոր Սահմանադրության ընդունումից հետո։
Սակայն, քանի որ Փաշինյանին պակասում են ռուսամետ համարվող ընդդիմության վեց պատգամավորներ՝ նոր Սահմանադրությունը հանրաքվեի դնելու համար, Պուտինը կարող է «առաջարկել» սահմանադրական հանրաքվեն համատեղել ԵՄ-ԵԱՏՄ հանրաքվեի հետ։ Սա կապահովի «քվորում» հանրաքվե անցկացնելու համար, որից հետո Ռուսաստանը կարող է դառնալ TRIPP-ի «լիիրավ» անդամ։ Ինչպես նախատեսված էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ։