Լիբանանցի թավջութակահարը Բեյրութում նվագել է Արամ Խաչատրյանի «Անդանտինո»-ն

Լիբանանցի թավջութակահար Մահդի ալ-Սահելին նվագել է Արամ Խաչատրյանի «Անդանտինո»-ն Բեյրութի հարավային արվարձանի՝ Հարեթ Հրեյքի ավերակների մեջ։ Դրա մասին հաղորդել է Al-Akhbar-ը:

Նա այս կերպ ուղերձ է հղել, որ հույսը միշտ մնում է՝ անկախ դժվարին հանգամանքներից։

Խաչատրյանի «Անդանտինո»-ն քնարական դաշնամուրային ստեղծագործություն է, որը գրվել է 1965 թվականին։
2020 թ․ նոյեմբերի առաջին օրերին բելգիահայ թավջութակահար Սևակ Ավանեսյանը Շուշիի ռմբակոծված Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եկեղեցում նվագել է Կոմիտասի «Կռունկը»։

ԿԳԲ-ի հետ համագործակցությունը հանցագործություն կհայտարարվի՞

«Կտրիճ Ներսիսյանի (նկատի ունի Գարեգին Բ կաթողիկոսին–խմբ) եղբայրը Սովետական Միության ԿԳԲ-ի գործակալ է եղել և այդ փաստը արդեն հայտնի է։ Այս մասին այսօր՝ մարտի 20–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը՝ անդրադառնալով հարցին, թե որքանով են հիմնավոր վարչապետ Նիկոլ Փաշինյանի պնդումները, որ կաթողիկոսը և մյուս ոգևորականները երրորդ երկրների գործակալական ցանցերի հետ կապ ունեն։

ԿԳԲ-ի հետ համագործակցությունը Հայաստանում ոչ մի օրենքով հանցագործություն չի հայտարարվել։ Արդյո՞ք ԱԱԾ պետի հայտարարությունը նշանակկւմ է, որ լյուստրացիա է իրականացվում։  

ԱԱԾ պետ. ռուսներ չկան միայն անցակետերում, իսկ սահմանին իրենք են կանգնած

«2026 թվականի սկզբից Ախուրիկի անցման կետում ծառայություն իրականացնում են միայն ԱԱԾ սահմանապահ զորքերի զինծառայողները»,- այսօր լրագրողներին ասաց ԱԱԾ տնօրեն Անդրանիկ Սիմոնյանը։

Հարցին, թե Ախուրիկում ռուս սահմանապահներ չկա՞ն, ԱԱԾ տնօրենը պատասխանեց․ «Խոսքն անցման կետի մասին է, անցման կետում՝ ոչ»։

Հարցին, թե ինչո՞ւ չի հանդիպում անհետ կորածների ծնողների հետ, ԱԱԾ տնօրենը պատասխանեց, թե հանդիպում է։ Իսկ թե վերջին անգամ երբ է հանդիպել, հարցին պատասխանեց․ «Վերջին անգամ չեմ հիշում, բայց բոլոր խմբերի հետ հանդիպել ենք։ Նաեւ այդ հանձնաժողովի աշխատանքային կանոնագրքում նախատեսված է, որ տարվա մեջ առնվազն երկու անգամ նիստ պետք է լինի, եւ դա պատշաճ իրականացվում է»։

Պապիկյանը հերքում է Թաթոյանի պնդումները․ դա Հայաստանի տարածք չէ

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանը շարունակում է հերքել Արման Թաթոյանի ներկայացրած փաստերը, որ ՀՀ տարածք նոր ներխուժումներ են տեղի ունեցել։ «Ոչ, հերքում եմ, եւս մեկ անգամ հերքում եմ, ՀՀ տարածքում դիրք չի կառուցվել։ ՀՀ ՊՆ-ն հանդես է եկել պաշտոնական հաղորդագրությամբ։ Թե իր երկի տարածքում Ադրբեջանը կառուցել է, մենք էլ ենք կառուցում»,- այսօր լրագրողներին ասաց Պապիկյանը։

Հարցին, որ նույնիսկ խորհրդային քարտեզները ցույց են տալիս, որ ադրբեջանական դիրքերի մի մասը ՀՀ տարածքում են, Սուրեն Պապիկյանը պատասխանեց․ «Դա չի համապատասխանում իրականությանը։ ՀՀ ՊՆ-ն եւս մեկ անգամ հայտարարում է՝ նման տեղեկատվությունն իրականությանը չի համապատասխանում»։

Պապիկյան․ ընդդիմությունը ուզում է շարունակել Ղարաբաղյան շարժումը

Պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանն այսօր լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի այն հայտրարությանը, թե եթե ընդդիմությունը հաղթի ընտրություններում, սեպտեմբերին պատերազմ կլինի։

Հարցին, թե ՊՆ-ն հստակ տեղեկություններ ունի՞, որ Ադրբեջանը կարող է պատերազմ սկսել Հայաստանի դեմ, Սուրեն Պապիկյանը խատասխանեց․ «Բայց հստակ չէ՞, ընդդիմության հիմնական հատվածի հայտարարությունն այն մասին են, որ ունեն տարածքային պահանջներ հարեւան երկրների նկատմամբ, իսկ դա ենթադրում է ուղիղ պատերազմ։ Նոր բան ասելու անհրաժեշտություն այստեղ չկա։ Եթե ՀՀ վարչապետն ասում է՝ ես ղեկավարում եմ շարժում, որը չի շարունակելու Ղարաբաղյան շարժումը, ընդդիմությունից գրեթե բոլորն ասում են՝ պետք է շարունակվի, ակնհայտ է, որ նրանց ռազմատենչ կեցվածքը բերելու է պատերազմ։ Նոր բան չեմ ասում»։

Արցախի հանձնման մեղավորներին դեռ փնտրում են

Երկու ու կես տարի է անցել Ադրբեջանի կողմից Արցախում իրականացված գործողություններից, որոնք ճանաչվել են որպես էթնիկ զտում, և ամբողջ բնիկ հայ բնակչության բռնի տեղահանություն, սակայն ո՛չ Հայաստանը, ո՛չ էլ որևէ մեկը տեղի ունեցածի վերաբերյալ հստակ իրավական գնահատական ​​չի տվել։ Երեկ Նիկոլ Փաշինյանը կրկին «ողբերգության» համար մեղադրեց Արցախի ղեկավարությանը (որը, ի դեպ, գտնվում է Բաքվի բանտում)։ Մինչդեռ, ԱՄՆ հետախուզական հաղորդագրությունները խոստովնում են, որ Ադրբեջանը ռազմական ճանապարհով է վերականգնել Լեռնային Ղարաբաղի հանդեպ վերահսկողությունը։   

«Ոչ մի կառավարություն այնքան շատ բան չի արել Ղարաբաղի համար, որքան մեր կառավարությունը», ասել է երեկ Նիկոլ Փաշինյանը։ Նա նաև մեղադրեց օկուպացիայից անմիջապես առաջ Լեռնային Ղարաբաղում իշխանության եկած ուժերին ողբերգության պատճառ դառնալու մեջ։ «Հիմա նույն այդ ուժերը ցանկանում են նույնը անել Հայաստանի հետ», – հայտարարեց Փաշինյանը, հող նախապատրաստելով Հայաստանը կորցնելու դեպքում ուրիշներին մեղադրելու համար։

ԱՄՆ հետախուզական համայնքի 2026 թ. «Տարեկան սպառնալիքների գնահատում» զեկույցում հատուկ տեղ է հատկացված Հայաստանին։ Եվ այնտեղ տրված է ԱՄՆ գնահատականը։

«2020 և 2023 թվականներին Ադրբեջանը ռազմական ճանապարհով վերականգնեց վերահսկողությունը իր Լեռնային Ղարաբաղի տարածաշրջանի նկատմամբ, որը մինչ այդ գտնվում էր Երևանի աջակցությունը վայելող էթնիկ հայ բնակչության վերահսկողության ներքո։

ԱՄՆ-ի հովանավորությամբ օգոստոսի 8-ին Հայաստանի և Ադրբեջանի միջև անցկացված Խաղաղության գագաթնաժողովը հնարավորություն ստեղծեց, որպեսզի երկու երկրները հաստատեն տևական խաղաղություն և նպաստեց տարածաշրջանային կայունության աճին։ Խաղաղության գագաթնաժողովի արդյունքներից էին խաղաղության պայմանագրի պայմանների վերաբերյալ նախնական համաձայնությունը և ԱՄՆ-ի կողմից կառավարվելիք «Միջազգային խաղաղության և բարգավաճման Թրամփի ուղու» (TRIPP) ստեղծման ծրագրերը, որը Հայաստանի հարավով Ադրբեջանը կկապի իր Նախիջևան էքսկլավի հետ՝ բացելով առևտրային հոսքեր երկու պետությունների և ամբողջ տարածաշրջանի համար։

Օգոստոսի 8-ից ի վեր երկու կողմերն էլ, ըստ երևույթին, պատրաստակամ են եղել պահպանելու Խաղաղության գագաթնաժողովից ստացված դրական ընթացքը։

Խաղաղության համաձայնագրի վերջնական կնքման ճանապարհին դեռևս կան խոչընդոտներ։ Օրինակ՝ նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոխի իր սահմանադրությունը՝ հեռացնելով այն հղումը, որը նա բնութագրում է որպես Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս ներկայացնող ձևակերպում։ Այդ քայլը կպահանջի Հայաստանում սահմանադրական հանրաքվեի անցկացում, որի արդյունքն երաշխավորված չէ»։

Ըստ ԱՄՆ-ի, Հայաստանի Սահմանադրությունը Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է ճանաչում։

Գարեգին II-ը կմասնակցի՞ Վրաստանի պատրիարքի հուղարկավորությանը

Ամենայն հայոց կաթողիկոս Գարեգին Երկրորդին հրավիրել են մասնակցելու Համայն Վրաստանի կաթողիկոս–պատրիարք Իլյա 2-րդի հուղարկավորությանը։ Այս մասին Վրաստանի Առաջին ալիքին ասել է Ախալքալաքի, Կումուրդոյի և Կարիի միտրոպոլիտ Նիկոլոզ Պաչուաշվիլին։
«Չեմ կարող ասել, թե ով կգա։ Մենք հրավեր ենք ուղարկել Առաջին Հիերարխիայի բոլոր հոգևորականներին։ Օրինակ՝ Ամենայն Հայոց կաթողիկոսը ցանկանում է գալ։ Նրանք շատ մտերիմ հարաբերություններ ունեին, պատմական հարաբերություններ։ Բայց Հայաստանում շատ լուրջ անկարգություններ են, և կաթողիկոսին թույլ չեն տալիս լքել երկիրը։ Մենք հատուկ հրավեր ենք ուղարկել, և եթե նրան թույլ տան, կգա», —ասել է Պաչուաշվիլին։
Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլիա Բ-ն կհուղարկավորվի Սիոնում կիրակի օրը՝ մարտի 22-ին։

Նեթանյահուն ժխտում է ԱՄՆ-ի և Իսրայելի դիրքորոշումների տարբերությունը

Բերնդ Դեբուսման կրտսեր, BBC-ի Սպիտակ տան թղթակից

Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն ձգտում է հերքել ցանկացած ենթադրություն, որ Իսրայելը ազդել է Դոնալդ Թրամփի՝ Իրանում գործողություն սկսելու որոշման վրա։

«Իսկապե՞ս որևէ մեկը կարծում է, որ ինչ-որ մեկը կարող է նախագահ Թրամփին ասել, թե ինչ անի», – հինգշաբթի օրը ասել է Նեթանյահուն։ «Թրամփը միշտ որոշումներ է կայացնում՝ հիմնվելով նրա վրա, թե ինչն է նա համարում լավ Ամերիկայի համար, և թույլ տվեք ավելացնել՝ դա նաև լավ ապագա է սերունդների համար»։

ԱՄՆ-ում բուռն բանավեճ է ծավալվել Ամերիկայի այս պատերազմին մասնակցելու պատճառների և դրանում Իսրայելի խաղացած դերի վերաբերյալ։

Բանավեճը գագաթնակետին հասավ այս շաբաթվա սկզբին՝ Ազգային հակաահաբեկչական կենտրոնի տնօրեն Ջո Քենթի հրաժարականով։

Իր հրաժարականի նամակում Քենթը՝ Թրամփի վաղեմի դաշնակիցը և ամերիկյան հետախուզական համայնքի վետերանը, նշել է, որ «հստակ է, որ մենք այս պատերազմը սկսել ենք Իսրայելի և նրա հզոր ամերիկյան լոբբիի ճնշման տակ»։

Նա մանրամասնել է այս տեսակետները պահպանողական մեկնաբան Թաքեր Կարլսոնի հետ երկժամյա հարցազրույցում՝ պնդելով, որ «Իսրայելն է մղել այս որոշումը», և որ իսրայելցի պաշտոնյաները շրջանցել են սովորական ուղիները՝ ամերիկացի օրենսդիրների վրա ազդելու և նրանց պատերազմի մղելու համար։

Եվ հենց երեկ Թրամփը սոցիալական ցանցերում հերքել է նախկինում հրապարակված այն տեղեկությունները, որ ԱՄՆ-ն նախապես տեղյակ չի եղել Իսրայելի կողմից Իրանի Հարավային Փարս նավթահանքին ուղղված հարվածի մասին. ոմանք սա մեկնաբանել են որպես ԱՄՆ նախագահի կողմից հիասթափության նշան։

Իր դիտողություններով Նեթանյահուն ակնհայտորեն փորձում է հերքել, թեև անուղղակիորեն, ցանկացած ենթադրություն, որ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական նպատակները հակասության մեջ են։

Երբ ահազանգում էինք, որ բոլոր արցախցիներին հակասահմանադրական որոշմամբ են զրկել ՀՀ քաղաքացու կարգավիճակից

Քանի որ ՀՀ իշխանությունները, Փաշինյանի գլխավորությամբ, երեկ արցախցիների սոցիալ-տնտեսական ինտեգրման հիմնախնդիրներն են քննարկել՝ միաժամանակ նախընտրական ոգուն հարիր որոշ լուծումներ խոստանալով, այդ առումով մի քանի շեշտադրում անեմ։ Այս մասին ֆեյսբուքի իր էջում գրել է Արցախի նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

«1. Երբ անընդհատ ասում էինք, որ գրեթե զրոյական ներառականությամբ խնդրահարույց ծրագրեր են որոշվում ու իրականացվում կառավարության կողմից, որոնք որևէ կերպ շահառուների կարիքներն ու կարծիքները և փորձագիտական առաջարկները խորքային առումով հաշվի չեն առնում, իշխանությունները կա՛մ բոլոր ականջներն ու դռները փակում էին, կա՛մ էլ երբեմն-երբեմն ներառականության թատրոն բեմադրում՝ անհայտ արցախցիների հետ ձևական հանդիպումներ անելով, ինչպես երեկ արեց Փաշինյանը:

  1. Երբ բնակարանային ծրագրի մեկնարկին ահազանգում էինք, որ վատ ծրագիր է, իսկ ընթացքում էլ ասում էինք, որ ձախողված է, մեզ բոլոր ձևերով թիրախավորում ու վիրավորում էին՝ չուզենալով որևէ կերպ ներառական գործընթացով լսել շահառուներին ու փորձագետներին: Հիմա Փաշինյանն ինքն է փաստում, որ արդեն գրեթե երկու տարի գործող ծրագրից օգտվել է միայն 1,700 ընտանիք, որը նախատեսված ընդհանուր թվի մոտ 7%-ն է:
  2. Երբ մենք անընդհատ ահազանգում էինք, որ նախատեսված գումարները մեծապես չեն համապատասխանում բնակարանների շուկայական գներին, կրկին խուսափում էին իրականությանն առերեսվել՝ հղում անելով կադաստրում հայտարարագրված ոչ իրական գներին: Հիմա՝ երկար ուշացումից հետո որոշակի վերանայումներ են խոստանում Երևանից դուրս գտնվող բնակավայրերի համար, որն ինքնին լավ է հազարավոր ընտանիքների համար, բայց կիսատ ու ուշացած որոշում է, քանի որ բարձիթողի երկրորդային շուկան կրկին արձագանքելու է և մեծապես չեզոքացնի աջակցության չափի բարձրացումը:
  3. Երբ ասում էինք, որ փոքրակազմ ընտանիքների, զոհվածների ընտանիքների և այլ լրացուցիչ խոցելի ենթախմբերի հատուկ կարիքներն ու կարգավիճակները լրիվությամբ անտեսում են՝ սոցիալական ու արդարության լրացուցիչ հիմնախնդիրներ հարուցելով, ծույլ, անտարբեր և ուլտրալիբերալ բյուրոկրատների տրամաբանությամբ ինչ-ինչ վարչարարական առերևույթ դժվարություններ էին մատնացույց անում:
  4. Երբ առաջարկում էինք, որ խթանեն տների կառուցումը՝ երկրորդային շուկայից գնելու փոխարեն, որպեսզի շուրջ 2 մլրդ դոլլարով պետական պարտքի ավելացման արդյունքում գոնե հավելյալ արժեք ստեղծվի տնտեսության մեջ ու բնակֆոնդն էլ թարմանա, կրկին անիմաստ վարչարարական դժվարությունների մասին էին խոսում, որոնց կարգավորումն ու հաղթահարումը հենց պաշտոնատար անձանց պարտավորությունների մեջ են մտնում:
  5. Երբ խորհուրդ էինք տալիս զբաղվածության արդյունավետ ծրագրեր իրականացնել և դրանք ինտեգրել բնակարանային ծրագրի հետ, որոշում կայացնողները կա՛մ կրկին չէին լսում, կա՛մ էլ որոշ խնդիրներ ընդունում էին՝ դրանից հետո ոչ մի բարելավում չապահովելով:
  6. Երբ պնդում էինք, որ բնակվարձի համար տրվող աջակցության կրճատումը և սոցիալական հրատապ աջակցության ծրագիրը սխալ որոշումներ են, որոնք հանգեցնելու են արցախցիների շրջանում աղքատության մակարդակի էական բարձրացմանը, կրկին անտեսում էին ահազանգերը, ինչի հետևանքով առ այսօր էական ու մեծամասշտաբ խնդիրներ կան ոչ միայն աջակցության չափի, այլև՝ շահառուների արհեստական մերժման մասով, իսկ բնակվարձի աջակցության ծրագրի մասնակի երկարաձգումը տեղի է ունեցել զուտ նախընտրական նպատակներից ելնելով:
  7. Երբ ահազանգում էինք, որ բոլոր արցախցիներին հակասահմանադրական որոշմամբ են զրկել ՀՀ քաղաքացու կարգավիճակից, ինչպես նաև առաջարկում էինք գոնե ՀՀ քաղաքացու խմբային ձեռքբերման մեխանիզմը կիրառել՝ զանգվածային ու ձգձգվող իրավախախտումներից ու վարչարարական քաշքշուկներից խուսափելու համար, կրկին որոշեցին ամենաբարդ ու ամենահյուծող մեխանիզմները կիրառել՝ զուգահեռաբար չմոռանալով առիթից առիթ թիրախավորել արցախցիներին՝ ՀՀ քաղաքացիության չդիմելու համար:
  8. Երբ ահազանգում էինք հայ ժողովրդի արցախյան հատվածի դեմ թշնամանք ու խտրականություն հրահրող քաղաքականության ու հռետորաբանության վերաբերյալ, որը վարվում ու թույլատրվում է բարձրագույն մակարդակով՝ ապահովելով դրա հեղինակների ու կատարողների բացարձակ անպատժելիությունը նույնիսկ քրեական վարույթների առկայության պայմաններում, հիմա էլ զարմանում են, թե ինչու են արցախցիները անվստահությամբ լցված իրենց ու իրենց հեղինակած կիսատ-պռատ ծրագրերի հանդեպ:

Եվ այս շարքը, ցավոք, շատ երկար է: Հիմա էլ «մտահոգված» Փաշինյանն ու իր պալատականները պնդում են, որ իրենք ցանկանում են աջակցել արցախցիներին Հայաստանում տնավորման ու հոգեբանական դժվարությունների հաղթահարման հարցում: Պարոնա՛յք ու տիկնա՛յք պաշտոնյաներ, ձեր բոլոր ծրագրերն ու ջանքերը ձախողվելու են, քանի դեռ անկեղծ, սրտացավ ու արհեստավարժ կերպով չեք ապահովում այդ ծրագրերի ներառականությունն ու հարգանքը Արցախի ժողովրդի իրավունքների ու ինքնության հանդեպ, որը հակասում է ձեզնից շատերի արժեհամակարգին, քաղաքական փիլիսոփայությանը և կառավարման սկզբունքներին»,- գրել է նա:

ԱՄՆ-ում համոզված չեն, որ ՀՀ-ում սահմանադրական հանրաքվեն կկայանա․ իսկ Երևանո՞ւմ

Միացյալ Նահանգների հետախուզական ծառայությունը հրապարակած տարեկան զեկույցում արձանագրել է՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության վերջնական համաձայնագրի կնքման ճանապարհին դեռ կան խոչընդոտներ՝ ուղիղ մեջբերելով Սահմանադրությունը փոխելու՝ Ադրբեջանի պահանջը:

«Նախագահ Ալիևը շարունակում է պնդել, որ Հայաստանը պետք է փոփոխի Սահմանադրությունը՝ հեռացնելու հղումը, որը, նրա խոսքով, ենթադրում է, թե Լեռնային Ղարաբաղը Հայաստանի մաս է։ Դա կպահանջի սահմանադրական հանրաքվե Հայաստանում, որի ընդունումը երաշխավորված չէ», – ասված է զեկույցում:

Զեկույցում նշված չէ, որ Բաքվի այս պահանջը կապված է նաև Նախիջևանի հարցի հետ, իսկ Թուրքիան սրտատրոպ սպասում է, որ Հայաստանը սահմանադրությամբ հրաժարվի Կարսի պայմանագրով նրան նվիրված հայկական տարածքների հանդեպ իրավունքից։

Նիկոլ Փաշինյանը բաց տեքստով ասում է, որ եթե ընտրություններում ՔՊ-ն չընտրվի և Սահմանադրական հանևաքվեն ձախողվի, ապա պատերազմ է լինելւ աշնանը։

Սակայն նա չի ասում, թե ինչպիսի խաղաղություն է լինելու, եթե ՀՀ նոր Սահմանադրություն ընդունվի։ Արդյո՞ք նորընտիր Ազգային ժողովը կարձակվի և նոր ընտրություններ կհայտարարվեն։ Արդյո՞ք Անկախության հռչակագիրը կչեղարկվի և նոր Հանրապետություն կհռչակվի։

 

Եթե ընդդիմությունը չի ուզում փոխի Փաշինյանի “խաղաղությունը”, ո՞րն է տարբերությունը

Նիկոլ Փաշինյանն այսօր զգուշացրեց մարդկանց՝ խորհրդարանական ընտրություններում ընդդիմության հաղթանակի դեպքում պատերազմ է լինելու:

«Բոլոր ուժերը, ըստ էության, հանդես են գալիս խաղաղության ռևիզիայի դիրքերից, ինչը այդ փաստի բերումով նշանակում է անխուսափելի պատերազմ: Ընդ որում, ընտրություններից շատ չանցած, մաքսիմալ աշնանը: Ես վերլուծում եմ չէ՞ այդ տեքստերը», – հայտարարեց նա:

«Նախորդ օրը տեսնում եմ վերնագրեր՝ «ներիր մեզ, Արցախ, մենք չգիտեմ ինչ կանենք, ինչ կանենք»։ Հասկանո՞ւմ եք, այս ամեն ինչը խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու մասին է։ Խաղաղությունը ռևիզիայի ենթարկելու փորձը պատերազմ է», – պնդեց Փաշինյանը։

Փաշինյանի պնդումներին ի պատասխան ընդդիմադիրները ոչ թե ասում են՝ այո, մենք ուզում ենք վերանայել բռնի ուժով պարտադրված անարժան “խաղաղության” պայմանները, այլ միաձայն հավաստիացնում են, որ ոչ մի բան էլ չեն վերանայելու։ Անհասկանալի է այս դեպքում, թե ո՞րն է այդ ուժերի տարբերությունը Քաղպայմանագրից։  

«Ընդդիմադիր դաշտում ես չեմ տեսնում որևէ քաղաքական ուժ, որ ռևանշիստական հայտարարություններ է անում, խոսում է գալուց հետո Արցախի վերաազատագրման մասին․ խոսում են որոշակի արժեքների պաշտպանության, մեր գերիների վերադարձի մասին, այո՛, գերիների վերադարձը պատերազմ չի նշանակում, մեր եկեղեցիների պաշտպանությունը պատերազմ չի նշանակում։ Հիմա Հայաստանում չկա որևէ ուժ, որ լինելու է Նիկոլ Փաշինյան երկու, որ գալու է, իր զրոյական կետից սկսի», – ասաց “Հայաստան” խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։

Նույնը ասում են Սամվել Կարապետյանի “Ուժեղ Հայաստանից”։

Փաշինյանը նորից ու նորից է ստիպում ընդդիմադիրներին խոստովանել, որ ոչինչ չեն փոխելու։ Հետո հասարակությանը կհամոզի՝ եթե տարբերություն չկա, եթե ներկայիս վիճակը չի վերանայվելու, ինչի՞ ընտրել ուրիշին և պատերազմ բերել մեր գլխին։     

Այսինքն՝ Ղարաբաղում ծնվել է, անձեռնմխելիությո՞ւն է․ Փաշինյան

Արցախցի Գայանե Մեսրոպյանին ոստիկանները գիշերով ձերբակալել ու մանկահասակ աղջկա հետ Քննչական տարել՝ Փաշինյանի դեմ մեկնաբանություն գրելու համար:

Ինչպես հայտնում է Ազատությունը, վարչապետի մասին մեկնաբանությունը մեկ տարի առաջ է եղել, պատերազմում եղբորն ու ամեն ինչ կորցրած արցախցի կինը ինչ-որ մեկի ստատուսի տակ գրառում է արել, դրանում «սատկացնել» բառն է եղել: Ոստիկանները դա որակել են բռնության կոչ, քրեական գործ հարուցել ու մեկ տարի անց եկել հինգ երեխայի մոր հետևից:

Նրան յոթ տարեկան աղջկա հետ Նոր Հաճնից Դիլիջան են հասցրել: Արցախից տեղահանվելուց հետո ընտանիքն այնտեղ է գրանցվել։

«Մի ժամ սպասել ենք, քննիչը եկել է, թղթերը հանել, թե սա Ձեր ֆեյսբուքյան էջն է, այսինչ գրառումը կատարել եք, դրա համար ենք Ձեզ բերման ենթարկել: Հետո էլ ասում են՝ խոսքի ազատություն է», – նշեց նա:

Հարցի մասին երեկ փաստաբան Ռոման Երիցյանն է ահազանգել։

«Ի՞նչ մտածողություն է ընդհանրապես, այսինքն՝ Ղարաբաղում ծնվել է, անձեռնմխելիությո՞ւն է:<> Ես տեղյակ չեմ՝ ինչի մասին եք խոսում», – այսօր լրագրողներին ի պատասխան ասել է Նիկոլ Փաշինյանը: