Երևանում կայացել է Ախուրյան, Արաքս գետերի ջրերի համատեղ օգտագործման Հայաստան- Թուրքիա հանձնաժողովի համատեղ նիստը

Հայաստանի և Թուրքիայի Հանրապետությունների սահմանային անցակետում, այնուհետև ՏԿԵՆ «Ջրառ» ՓԲԸ-ի վարչական շենքում տեղի ունեցավ «Սարդարապատի կարգավորիչի շահագործման» և «Ախուրյանի ջրամբարի շահագործման» մշտական գործող անդրսահմանային ջրային ռեսուրսների կառավարման հայ-թուրքական հանձնաժողովների հանդիպումը։ Այս մասին տեղեկացնում են Ջրային կոմիտեից:

Ողջույնի խոսքով է հանդես եկել «Ջրառ» ՓԲԸ-ի տնօրեն Տիգրան Վարդանյանը։ Վարդանյանը նշել է, որ կնքված փաստաթղթերը կազմվել են երկուստեք շահավետ պայմաններով։

Հանդիպման ընթացքում ձեռք են բերվել մի շարք կարևոր պայմանավորվածություններ։

Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք. Մարուքյան

Բազմաթիվ օգտատերեր համացանցում տեղեկություններ են տարածում, որ Google-ը փոխել է Տիգրանաշենի անվանումը և ընդգծել որպես ոչ ՀՀ տարածք։ Այս մասին սոցցանցի իր էջում գրել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Մինչ օրս Ադրբեջանը Հայաստանին որևէ փաստաթուղթ կամ իրավական հիմք չի ներկայացրել, որ Հայաստանի տարածքում գտնվող Տիգրանաշենը անկլավ է, ՀՀ տարածքի մաս չէ և մեզ չի պատկանում։ Չկա որևէ իրավական հիմք, չկա որևէ նյութ։Այն, ինչ ասում եմ, եղել է նաև ՀՀ պաշտոնական դիրքորոշումը՝ ՀՀ տարածքում ադրբեջանական անկլավներ չկան։Տարածվող տեղեկությունները, ինչպես նաև ՀՀ ԱԳ նախարարի և վարչապետի վերջին հայտարարությունները վկայում են սպասվող արհավիրքի մասին։

Վատիկանի Սուրբ Պետրոս հրապարակում հնչել է «Կիլիկիան»` Արամ Առաջինի և սրբազան հայրերի կատարմամբ

Վատիկան կատարած պաշտոնական այցի ավարտին Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոս Ն.Ս.Օ.Տ.Տ. Արամ Առաջինը  Սուրբ Պետրոսի հրապարակում Հռոմի Լևոն XIV պապի հետ ներկա է գտնվել ժողովրդի հետ ամենշաբաթյա հանդիպմանը։ Այս մասին NEWS.am–ին հայտնում են  Կիլիկիո կաթողիկոսությունից։

Հռոմի Պապն իր խոսքում ասել է. «Այս եղբայրական այցը կարևոր առիթ է ամրապնդելու համար կապերը, որոնք արդեն գոյություն ունեն մինչև մոտենանք մեր եկեղեցիների լիակատար միությանը»։

Այնուհետև ժողովրդի ներկայությամբ Հռոմի Պապն ու Արամ Առաջինը ողջագուրվել են և փոխադարձ բարեմաղթանքներ հղելով միմյանց՝ հրաժեշտ տվել։

Հանդիպման ավարտին Արամ Առաջինն ու Մեծի Տանն Կիլիկիո կաթողիկոսության հոգևոր հայրերը կատարել են «Կիլիկիա» երգը։

Դավթաշենում այս գիշեր թալանել են 12 ավտոմեքենա

Մայիսի 11-ին մի քանի ժամվա ընթացքում Դավթաշենում թալանվել են 10-ից ավելի ավտոմեքենաներ, հաղորդում է Shamshyan.com–ը։

Այդ օրը անհայտ անձը կամ անձինք Դավթաշեն 1-ին թաղամասում թալանել են 26-ամյա Ալեն Գ.-ին պատկանող «Range Rover», «Jeep», «Honda» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիները։

Թալանել են նաև Դավթաշենում բնակվող 38-ամյա Վահե Ս.-ին պատկանող «Chery» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիները։

Թալանել են նաև Դավթաշենի բնակիչներ 45-ամյա Արտյոմ Ն.-ին պատկանող «RAV» և 38-ամյա Ֆլորա Ն.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենաների կողային հայելիների ապակիները։

Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Ռազմիկ Մ.-ին պատկանող «Toyota» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիների ապակիները։

Գողը կամ գողերը նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 37-ամյա Վարդուհի Ե․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ ապակիները։

Նույն օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 39-ամյա Արթուր Հ․-ին պատկանող «Honda» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։

Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 63-ամյա Հակոբ Գ.-ին պատկանող «Jeep» մակնիշի ավտոմեքենայի կողային զույգ հայելիների ապակիները։

Այդ օրը թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 35-ամյա Դիանա Դ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի զույգ կողային հայելիների ապակիները։

Նույն եղանակով թալանել են նաև Դավթաշենի բնակիչ 66-ամյա Սամվել Հ.-ին պատկանող «Ford» մակնիշի ավտոմեքենայի կողային հայելիները։

Բոլոր դեպքերի փաստով ոստիկանության Դավթաշենի բաժնում փաստաթղթեր են կազմվել, որոնք փոխանցվել են ՀՀ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին, որտեղ էլ գողություն և շորթում հատկանիշներով նախաձեռնվել է քրեական վարույթ։

Արթուր Օսիպյանը 2 ամսով կալանավորվեց. ինչու Փաշինյանը աջակցեց Արայիկ Հարությունյանին

Դատավոր Շահվերդյանն Արթուր Օսիպյանին կալանավորեց 2 ամսով։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է արցախցի փաստաբան Ռոման Երիցյանը։ 

Արթուր Օսիպյանը բռնություն գործադրելու հրապարակային կոչեր է հնչեցրել, կատարել խուլիգանություն և խոչընդոտել քարոզչությանը. հարուցվել է հանրային քրեական հետապնդում, հաստատել է ՀՀ քննչական կոմիտեն։ 

Ինչի՞ համար են կալանավորել Նիկոլ Փաշինյանին պարզ հարցեր տված Արթուր Օսիպյանին։ Ավելի ճիշտ՝ կոնկրետ ո՞ր հարցի համար։ Արցախյան խնդրի մասին սուր հարցերին հանգիստ պատասխանած Նիկոլ Փաշինյանը հանկարծ բռնկվեց պարզ հարցից․ ինչո՞ւ Փաշինյանը աջակցեց Արայիկ Հարությունյանին՝ 2020 թ․ Արցախի նախագահի ընտրություններում։ Եւ թեկուզ հարցը շեղվեց դեպի փողային և կոռուպցիոն հարցեր, սակայն էությունը հենց քաղաքական աջակցության մասին է։

Հիշեցնենք, 2020 թ․ գարնանը Արցախում պետք է կայանային Հայաստանում 2018-ի հեղափոխությունից հետո առաջին նախագահական ընտրությունները։ Փաշինյանը, պատասխանելով Արցախյան խնդրով բանակցությունների մասին հարցերին, մի քանի անգամ ընդգծել էր, որ Արցախի ժողովուրդն իրեն չի ընտրել, և Հայաստանը չպետք է որոշի Արցախի ճակատագիրը։ Սա գնահատվեց որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի բանակցություններից Հայաստանի դուրս գալու հայտ։

Այնուամենայնիվ, Փաշինյանը Արայիկ Հարությունյանի երկրորդ փուլում “հաղթանակից” հետո եկավ Արցախ և Շուշիյուն տոնեց Արայիկ Հարությունանի ինաուգուրացիան։ Հարությունյանն, ի դեպ, խոստացավ Արցախի պարլամենտը տեղափոխել Շուշի, ինչը զայրույթ առաջացրեց Բաքվում։ Ալիևը մինչև հիմա, փորձելով արդարացնել Արցախի հանդեպ ագրեսիան և հետագա օկուպացիան, որպես “խաղաղ” ճանապարհի ավարտի նշան հիշատակում է հենց ինաուգուրացիան Շուշիյում։

Բացի այդ, 2020-ի փետրվարից Հայաստանում, ինչպես ամբողջ աշխարհում քովիդի պանդեմիայի պատճառով կարանտին և խիստ սահմանափակումներ են մտցվել։ Արցախում սահմանափակումները ավելի մեղմ էին։

Սակայն Արայիկ Հարությունյանը մայիսի 21-ի երդմնակալությունից 2 շաբաթ հետո հանկարծ որոշում ընդունեց Արցախի և մնացած Հայաստանի “սահմանին” “կարանտինային” անցումային կետեր ստեղծելու մասին։ Մինչ այդ գրեթե 30 տարի ոչ մի սահման չի եղել՝ համապատասխան Հայաստանի Սահմանադրության մեջ ամրագրված՝ Արցախի և Հայաստանի միավորման մասին 1989 թ․ որոշմանը։

Արցախը փաստորեն առանձնացվեց Հայաստանից, բանակը մեկուսացվեց, իսկ Շուշիի ինաուգուրացիան միտումնավոր “կազուս բելլի” ընկալվեց։

Նույնիսկ այն ժամանակ շատերը իրենց հարցեր էին տալիս․ ինչո՞ւ Փաշինյանն այդքան համառ, պանդեմիայի պայմաններում, պնդեց ընտրությունների անցկացումն Արցախում և բացահայտ աջակցեց Արայիկ Հարությունյանին։ Ինչո՞ւ որոշվեց ցուցադրաբար երդումնակալությունը անցկացնել Շուշիյում։ Ինչո՞ւ սահմանակետեր դրվեցին Զաբուխում և Քարվաճառում այն դեպքում, երբ Հայաստանի մարզերի միջև նման սահմանակետեր չկային։

Այն ժամանակ որոշ վերլուծաբաններ ագրեսիայի հրահրման միտում էին նկատում, և 2020 թ․ հուլիսյան իրադարձությունները, իսկ սեպտեմբերի 27-ին՝ արդեն լայնածավալ ագրեսիան ապացուցեցին, որ կարծիքները արդարացված էին։

Արդյո՞ք այս հարցի համար կալանավորեցին Արթուր Օսիպյանին, որը իմիջայլոց Թավշյա հեղափոխության ջատագովն էր։ Փորձելով Փաշինյանին մեղադրել Արայիկ Հարությունյանի հետ հանցավոր կոռուպցիոն պայմանավորվածության մեջ, Օսիպյանը ակամա շատ ավելի խորքային շերտ է բարձրացրել․ արդյո՞ք այն, ինչ կատարվեց 2020 թ․ ապրիլից հետո Հայաստանի հետ Արցախում, նախապես մշակված րմիտումնավոր պլան էր։

Արայիկ Հարությունյանը, որը Բաքվի բանտում է, չի կարող պատասխանել այդ հարցին։ Կպատասխանի՞ Նիկոլ Փաշինյանը։

Հրազդանում մեկնարկել է AI գործարան կառուցելու ծրագրի երկրորդ փուլը

Սիրելի՛ հրազդանցիներ,
Արդեն տեղյակ եք, որ Հրազդանում կառուցվում է արհեստական բանականության (AI) գործարան՝ 500 միլիոն դոլար ներդրմամբ։
Ուրախությամբ ցանկանում եմ տեղեկացնել, որ հաստատվել է ծրագրի երկրորդ փուլը, որի շրջանակում ներդրվում է 4 միլիարդ դոլար։
Սա աննախադեպ հնարավորություն է ոչ միայն մեր համայնքի, այլև ողջ Հայաստանի համար՝ Հրազդանը տարածաշրջանային տեխնոլոգիական և նորարարական կարևոր կենտրոն դարձնելու ուղղությամբ։
Հատկանշական է, որ այսօր աշխարհում գործում են նմանատիպ ընդամենը 13 AI գործարաններ, և 14-րդը կառուցվում է հենց Հրազդանում։
Նշեմ նաև, որ AI գործարանի կառուցման և հետագա գործունեության առանցքային տեխնոլոգիական գործընկերն է NVIDIA ընկերությունը, որի շուկայական կապիտալիզացիան համաշխարհային շուկայում գնահատվում է շուրջ 4.6 տրիլիոն դոլար։
Կառուցում ենք ապագայի Հրազդանը՝ միասին։

Հայտարարություն՝ Արթուր Օսիպյանի անօրինական և ընտրովի քրեական հետապնդման վերաբերյալ

Մենք՝ քաղաքացիական հասարակության ներքոստորագրյալ կազմակերպություններս, խստորեն դատապարտում ենք 19 մայիսի 2026 թվականին Արթուր Օսիպյանի նկատմամբ հարուցված ակնհայտ անօրինական, անհիմն և քաղաքականապես մոտիվացված քրեական հետապնդումն ու ազատությունից զրկելը։ Առավել ևս, անօրինական, անհամաչափ և դատապարտելի է կալանավորումը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդությունը դատարան, որը  կիրառվում է անձի հանրային խոսքն ու գործնեությունը սահմանափակելու և նրան պատժելու նպատակով, այլ ոչ թե օրենքով սահմանված հիմքերին համաձայն։

Քննչական կոմիտեի կողմից տարածված պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ նրա նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել  խուլիգանության, նախընտրական քարոզչությունը խոչընդոտելու և բռնության գործադրման հրապարակային կոչի համար։ Առաջադրված հանրային քրեական հետապնդումը անօրինական և անհիմն է, հակասում է Հայաստանի Հանրապետության՝ խոսքի ազատության իրավունքի առնչությամբ ստանձնած միջազգային պարտավորություններին, այդ թվում՝ Մարդու իրավունքների եվրոպական դատարանի նախադեպային իրավունքով զարգացած սկզբունքներին։

Արթուր Օսիպյանի հրապարակային հայտնի գործողությունները, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանի հետ բանավեճը, հանրային կարևորության թեմաների անդրադառնալն ու բարձրաձայնելը և սոցիալական հարթակում արված գրառումը, ամբողջությամբ տեղավորվում են խոսքի ազատության իրավունքի պաշտպանության ներքո՝ որպես քննադատական խոսք։

Այս համատեսքտում վերստին արձանագրում ենք իրավապահ մարմինների՝ դատախազության և քննչական կոմիտեի՝  ընտրովի  արդարադատության իրականացումը՝ հիմնված քաղաքական նպատակահարմարության վրա՝ ի պաշտպանություն բացառապես կառավարող քաղաքական ուժի ներկայացուցիչների։ Հակառակ դեպքում, քրեաիրավական գնահատական կտրվեր կառավարող քաղաքական ուժի և անձամբ Նիկոլ Փաշինյանի՝ առերևույթ ատելության խոսք, հրապարակային բռնության կոչեր և սպառնալիքներ, այդ թվում՝ անազատության մեջ գտնվող անձանց խոշտանգման ենթարկելու, պարունակող հանրային խոսքին, ինչպես նույն դրվագում, այնպես էլ նախորդած օրերին տեղի ունեցած միջադեպերի համատեքստում։

Սրանով հերթական անգամ ընդգծվում է իրավապահ համակարգի անկախության և գործնեության անաչառության բացակայությունը՝ էական հարված հասցնելով այդ մարմինների հանրային հեղինակությանն ու վստահելիությանը։ Ավելին՝ նման պրակտիկան խաթարում է եվրոպական սկզբունքներին համահունչ պետական ինստիտուտների կայացումը։

Հաշվի առնելով վերոգրյալը՝ պահանջում ենք Գլխավոր դատախազությունից և Քննչական կոմիտեից՝

  • Անհապաղ արգելանքից ազատ արձակել Արթուր Օսիպյանին և դադարեցնել նրա նկատմամբ քրեական հետապնդումը,
  • Գործունեության շրջանակներում պահպանել անկախության և անաչառության բարձր չափանիշներ,  հիմնվել բացառապես ՀՀ Սահմանադրության և ՀՀ մարդու իրավունքների միջազգային պարտավորությունների վրա,
  • Բացառել անօրինական կամ ընտրովի քրեական հետապնդումերը, այդ թվում՝ բացառել քրեական գործիքակազմի անօրինական և անհամաչափ կիրառումը ընտրական գործընթացի շրջանակներում՝ կառավարող քաղաքական ուժի դեմ քննադատական խոսքը լռեցնելու նպատակով։

Իրավունքների պաշտպանություն առանց սահմանների ՀԿ

Լրագրողներ հանուն մարդու իրավունքների ՀԿ

Հանուն հավասար իրավունքների ՀԿ

Հանրային լրագրության ակումբ

ՄեդիաՍտեփ ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի հայկական կոմիտե

Ժողովրդավարության և անվտանգության տարածաշրջանային կենտրոն

Մարդու իրավունքների հետազոտությունների կենտրոն ՀԿ

Երևանի մամուլի ակումբ

Արդարադատության նոր մշակույթ ՀԿ

Համայնքային համախմբման և աջակցության կենտրոն ՀԿ

Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակ

Հելսինկյան ասոցիացիա ԻՀԿ

Արցախի ԱԺ նախագահը այցելել է Կիպրոս

Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահի այցելությունը Կիպրոսի Հանրապետություն
Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանը, ՀՅԴ Արցախի ԿԿ ներկայացուցիչ Արա Պուլուզյանի ուղեկցությամբ, սույն թվականի մայիսի 13-16-ը Կիպրոս կատարած այցի շրջանակում հանդիպում է ունեցել Կիպրոսի կողմից ընտրված Եվրոպական խորհրդարանի պատգամավոր, (ECR) խմբակցության անդամ Գեադիս Գեադիի հետ։
Հանդիպման ընթացքում քննարկվել են Արցախի շուրջ ստեղծված իրավիճակն ու միջազգային հարթակներում Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն առնչվող հարցեր։
Եվրոպական խորհրդարանի պատգամավորը ողջունել է Արցախի ներկայացուցիչներին և պատրաստակամություն հայտնել շարունակելու համագործակցությունը Արցախի իշխանությունների հետ՝ Արցախի հարցը միջազգային հարթակներում բարձրաձայնելու ուղղությամբ։ Նա ընդգծել է, որ, հավատարիմ մնալով արդարության և մարդու իրավունքների հիմնարար արժեքներին, շարունակելու է իր աջակցությունը Արցախի ժողովրդի արդար իրավունքների պաշտպանության գործին։
Աշոտ Դանիելյանը շնորհակալություն է հայտնել Գեադիս Գեադիին հայանպաստ դիրքորոշման համար։ Նա անդրադարձել է Ադրբեջանում ընթացող հայազգի գերիների ապօրինի դատավարություններին՝ ներկայացնելով որոշ փաստեր այդ կապակցությամբ, ինչպես նաև կարևորել է Ադրբեջանի կողմից հայկական մշակութային և կրոնական հուշարձանների ոչնչացման վերաբերյալ միջազգային հանրության արձագանքի անհրաժեշտությունը։
Կիպրոս կատարած այցելության ընթացքում, քաղաքական հանդիպումներին զուգահեռ, մայիսի 15-ին Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանն ու ՀՅԴ Արցախի Կեդրոնական կոմիտեի ներկայացուցիչ Արա Պուլուզյանը այցելեցին Կիպրոսի Հայոց թեմի Ազգային առաջնորդարան, որտեղ հանդիպում ունեցան Գերշ. Տեր Կոմիտաս Արքեպիսկոպոսի հետ։ Հանդիպումն անցավ ջերմ և բարեկամական մթնոլորտում, քննարկվեցին Հայաստանի և Արցախի շուրջ ստեղծված իրավիճակին վերաբերող հարցեր։
Այնուհետև տեղի ունեցավ այցելություն «Նարեկ» վարժարան, որտեղ հյուրերին դիմավորեցին վարժարանի տնօրինությունն ու հոգաբարձուների ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարվեց դպրոցի կրթական և դաստիարակչական առաքելությանը, ինչպես նաև առկա մարտահրավերներին։ Աշոտ Դանիելյանը բարձր գնահատեց վարժարանի ազգային և կրթական գործունեությունը։
Նույն օրը երեկոյան հանդիպում տեղի ունեցավ Կիպրոսի հայկական համայնքի և պետական ներկայացուցչի հետ։ Քննարկումների ընթացքում անդրադարձ կատարվեց Հայաստանին և Արցախին վերաբերող զարգացումներին։

Ընտրություններից 2,5 շաբաթ առաջ “պետականացվում է” Ծառուկյանի ԱրարատՑեմենտը

Նիկոլ Փաշինյանն այսօր Լոռիում ասաց՝ շատ շուտով ԲՀԿ ղեկավարի բիզնես ողնաշարը՝ Արարատի ցեմենտի գործարանը լինելու է պետական և պատկանելու է ՀՀ-ին»:

«Որովհետև էդ Գուլոյան-Ծառուկյան մաֆիայի մախինացիան բացահայտվել է և ՀՀ կառավարությունն արդեն գրություն է ստացել ՀՀ դատախազությունից, որ այդ գույքը ենթակա է պետականացման, և առաջիկայում՝ շատ արագ, մենք ինչպես ՀԷՑ-ում նշանակեցինք կառավարիչ, այնպես էլ Արարատի ցեմենտում ենք նշանակելու կառավարիչ»,- հայտարարեց Նիկոլ Փաշինյանը:

Արձագանքելով իրեն պատկանող «Արարատցեմենտ» գործարանը պետականացնելու մասին Փաշինյանի հայտարարությանը՝ ԲՀԿ առաջնորդ Գագիկ Ծառուկյանն ասել է, թե դրանով իրեն չեն վախեցնի:

«20 տարի առաջ սեփականաշնորհված գործարանն ասում ա Ծառուկյանից վերցնելու եմ, տամ ժողովրդին: էլի ժողովրդինն ա, աշխատում են, հարկերը տալիս ենք, ինչ վերցրել ենք, մի բան էլ քարը քարին դրել զարգացրել ենք: Դրանով ուզում են Ծառուկյանին վախեցնել: Հակառակը՝ ինչ կա ասելու եմ», – հայտարարել է Սյունիքում քարոզարշավ անող Ծառուկյանը:

Ծառուկյանն ու նրա հարազատներն անցնում են ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով: Այսօր Գլխավոր դատախազությունը հաղորդեց, որ ուսումնասիրել է Կառավարության 2002 թվականի սեպտեմբերի 12-ի թիվ 1465-Ա որոշմամբ օտարված՝ «Արարատցեմենտ» ընկերության մասնավորեցման գործընթացը և հայտնաբերել է մի շարք խախտումներ:

Ալիևը վագոններով նավթ ա բերում, հիմա էլ ուզում է ցեմենտ բերել, ասել է Ծառուկյանը։

Հաստատվել է 2026–ի հունիսին անցկացվող միասնական քննությունների ժամանակացույցը

Գնահատման և թեստավորման կենտրոնը հաստատել է 2026 թվականի հունիսին անցկացվող (երկրորդ փուլ) միասնական քննությունների ժամանակացույցը: Այս մասին հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

Քննությունները տեղի կունենան հետևյալ օրերին.

12․06․2026 թ․ -«Կենսաբանություն», «Աշխարհագրություն»

16․06․2026 թ․- «Օտար լեզուներ» /անգլերեն, ֆրանսերեն, գերմաներեն, իսպաներեն, իտալերեն, պարսկերեն/

19․06․2026 թ․- «Մաթեմատիկա»

23․06․2026 թ․- «Հայոց լեզու և հայ գրականություն»

26․06․2026 թ․- «Քիմիա», «Ռուսերեն»

30․06․2026 թ․- «Ֆիզիկա», «Հայոց պատմություն»

Հաստատվել է նաև բուհերի ընդունելության միասնական քննությունների 2-րդ փուլի 49 քննական կենտրոնների ցանկը, որոնցից 17-ը՝ Երևանում, 32-ը՝ մարզերում։

«ՀայաՔվե»-ն հայց կներկայացնի՝ վերականգնելու արցախցիների ընտրելու իրավունքը

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումն արցախցիների անունից հայց կներկայացնի դատարան՝ վերականգնելու արցախցիների ընտրելու իրավունքը։

Ավելի վաղ «ՀայաՔվե»-ն հանդես էր եկել հայտարարությամբ՝ դիմելով արցախցիներին, որ եթե ուզում են մասնակցել առաջիկա խորհրդարանական ընտրություններին, սակայն չունեն ՀՀ նոր անձնագիր, կարող են դիմել «ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորման կենտրոնական գրասենյակ՝ անհրաժեշտ խորհրդատվություն եւ իրավական աջակցություն ստանալու համար։ Արցախցիները կարող են կապ հաստատել՝ զանգահարելով 033 978281 հեռախոսահամարով։

«ՀայաՔվե»-ի վարչության անդամ Արամ Պետրոսյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ արդեն 50 դիմում ստացել են արցախցիներից։

«Մենք իրենց փոխարեն հայցադիմումը կպատրաստենք, որ օգնենք դիմել դատարան։ Ընտրությունների հետ կապված դատական հայցերն օրենքով հրատապ ռեժիմով են քննվում, այնպես որ, մենք ժամանակ ունենք։ Այս պահի արդեն մոտ 50 հայրենակից մեզ դիմել է, եւ գնալով տարածվում է, ավելի շատ են դիմում»,- ասաց Արամ Պետրոսյանը։

Նա նշեց, որ այս գործընթացի իրավական հիմքն այն է, որ 2021 թվականին նույն անձինք դատարանի որոշմամբ նույն անձնագրերով մասնակցել են քվեարկությանը։

«Մարդը 2021 թվականին այդ անձնագրով մասնակցել է ընտրությանը, հիմա ոչ մի բան չի փոխվել, բացի այն, որ տեղահանվել են ու Հայաստանում են ապրում, բայց իրենց ասում են՝ դու չես կարող մասնակցել քվեարկությանը։ Ի՞նչն է փոխվել, մարդուն քաղաքացիությունից կարող են զրկել կամ դատական կարգով, կամ, Աստված չանի, մահվան դեպքում։ Հիմա մարդիկ ոչ դիմել են, որ իրենց զրկեն քաղաքացիությունից, ոչ էլ պետությունն է դիմել, որ իրենց զրկի, հիմքը ո՞ւր մնաց։ Մարդկանց ասում են՝ արի նոր անձնագիր տամ, նորից տալիս են նույն անձնագրից, նորից 070 կոդով ու նորից շարունակում են պնդել, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են։ Ուզում ենք հասկանալ՝ իրենց ասածն ի՞նչ է։ Մենք վստահ ենք, որ այդ հայցերը բավարարվելու են, եթե իրավական որեւէ բան մնացել է այս երկրում։ Չեն կարող մարդու կարգավիճակը չփոխել, բայց միաժամանակ իրավունքից զրկել»,- նշեց Պետրոսյանը։

Նշենք, որ 2021 թվականի նախադեպը կա՝ հարյուրից ավելի հայցեր կան, երբ արցախցիները 2021-ին դիմում էին ՀՀ դատարաններ ու ընտրություններին մասնակցելու իրավունք ստանում։ Դատարանը հաստատում էր, որ նրանք հանդիսանում են ՀՀ քաղաքացի։ Մեր տեղեկություններով՝ այս տարի եւս նման նախադեպ կա, երբ դատարանը բավարարել է արցախցիների՝ ՀՀ ընտրական ցուցակներում ընդգրկվելու հայցերը։

Արտաքին ուժերի կողմից ստեղծված ֆերմաներում են բուծվում «սարսափելի մեղադրանքները»

Անհրաժեշտություն չկա ապացուցել, որ Ռուսաստանը, նաև այլ հարևան կամ «բարեկամ երկրները» բացահայտ միջամտում են Հայաստանի ներքին գործերին։ Երրորդ Հանրապետության պատմության բոլոր շրջադարձային պահերի՝ 1999 թվականի հոկտեմբերի 27-ի, 2008 թվականի մարտի 1-ի, 2018 թվականի գարնանային հեղափոխության թելերը տանում են դեպի արտաքին ուժեր։ Ռահվիրաները ասել են, որ քանի դեռ Ռուսաստանը գոյություն ունի, հոկտեմբերի 27-ի խորհրդարանում սպանդը և մարտի 1-ի արյունալի բախումները կմնան չբացահատված։ Իսկ Մարիա Զախարովայի արձագանքը 2018 թվականի գարնանային «մերժիև Սերժին» իրադարձություններին՝ «վերջապես կազատվենք այս կառավարությունից», նույնպես մատնանշում է 2018 թվականի հեղափոխության կարևոր շահառուներից մեկին։

Վերջին ութ տարիների ընթացքում Ռուսաստանի ներկայությունը Հայաստանում ոչ միայն չի նվազել, այլև աճել է։ 2020 թվականի նոյեմբերին ռուսական զորքերը 1991 թվականից ի վեր առաջին անգամ հայտնվեցին Արցախում։ 2024 թվականին՝ Արցախի լիակատար հայաթափումից և օկուպացումից հետո ռուս գեներալը իր թուրք գործընկերոջը զեկուցեց, որ Ռուսաստանի և Թուրքիայի ջանքերի շնորհիվ «վերջապես խաղաղություն է հաստատվել Ղարաբաղի հողում»։ Չմոռանանք, որ ներկայիս Հայաստանի խորհրդարանը հաճախ անվանում են «Կոպիրկինի խորհրդարան»։

Չնայած իշխող կուսակցության՝ «Ռուսաստանից եկող հիբրիդային սպառնալիքին» հակազդելու “քաղաքականությանը”, և այս նպատակով ԵՄ-ից ֆինանսավորում ստանալուն, Ռուսաստանի «ականջները» երևում են Հայաստանում տեղի ունեցող բազմաթիվ գործողություններում: Ռուսաստանը չի կարող թույլ տալ, որ 2020-2023 թվականների Արցախում պատերազմի արդյունքները չեղարկվեն կամ Հայաստանը դուրս գա խորհրդային սահմաններից: Հետևաբար, Մոսկվան, այլ դերակատարների հետ միասին, կանի ամնեն ինչ՝ կանխելու համար ազգային համախմբումը և դիմադրությունը Հայաստանում։

Երեկ կառավարության պաշտոնյաները հրապարակեցին գաղտնի ռուսական արխիվներից փաստաթղթեր, որոնք իբր վկայում են Նարեկ Կարապետյանի Ռուսաստանի քաղաքացիության և Սամվել Կարապետյանի նախկին աշխատանքի մասին Ռուսաստանի ԱԴԾ-ում: Կարապետյաններն արդեն հերքել են այս տեղեկատվությունը, բայց չեն պահանջե պատասխան, թե ինչպես են իշխանությունները հասանելիություն ստացել գաղտնի ռուսական արխիվներին։ Ի դեպ այսօր Մարիա Զախարովան ասել է, որ Արևմուտքը սխալվում է, Ռուսաստանին մեղադրելով Փաշինյանի դեմ աշխատելու համար։ Կարծես նա ասում է, որ Փաշինյանի դեմ չեն նրանք աշխատում։

Ռուսաստանի կողմից Հայաստանի իշխանություններին տեղեկատվություն «մատակարարելու» բազմաթիվ այլ դեպքեր են եղել: Օրինակ՝ 2022 թվականին հայկական ինտերնետը պայթեց «հայտնի գործչի սպանության համար Արցախից ժամանած» խմբի ձերբակալության մասին լուրերով։ Ավելի ուշ պարզվեց, որ ոչ միա «ահաբեկիչ» չկան, իսկ տեղեկատվությունը Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությանը փոխանցվել էր ռուս զինվորների կողմից, որոնց դուր չեն եկել Շուշիի մոտով անցնող մեքենաներից մեկում գտնվող մարդիկ։ Իշխանությունները հմտորեն օգտագործեցին այս տեղեկատվությունն իրենց օգտին՝ ստեղծելով տպավորություն, որ Հայաստանի քաղաքացիների համար ֆիզիկական սպառնալիք է գալիս արցախցիներից և պոտենցիալ «ռևանշիստներից»։

Ցանկը կարելի է անվերջ թվարկել, օրինակ՝ հայ գեներալների 2021 թվականի հունվարի նամակը, որը Փաշինյանը անմիջապես բնութագրեց որպես «ռազմական հեղաշրջման փորձ», ստացավ արտաքին երաշխիքներ և միայն դրանից հետո նշանակեց արտահերթ ընտրություններ հունիսին։

Նման պատմություններից շատերը արագ մոռացվեցին։ Օրինակ՝ ոչ ոք այդպես էլ պատասխանատվության չենթարկվեց «ռազմական հեղաշրջման» համար, ինչպես նաև չապացուցվեց Բագրատ Սրբազանի և ուրիշների կողմից «տերորիստական ակտերի նախապատրաստումը», չնայած իշխանությունները սա օգտագործեցին որպես քողարկում Տավուշի կասկածելի սահմանազատման համար։

Նմանապես, բառացիորեն մեկ ժամ անց մոռացվեց Նիկոլ Փաշինյանին Արցախի բարբառով սպառնացող մարդկանց պատկերող տեսանյութի պատմությունը։ Պարզվում է, որ այս տեսանյութի վերաբերյալ քրեական հետաքննություն է սկսվել, բայց որևէ քննչական գործողություն չի ձեռնարկվել։ Եվ քիչ հավանական է, որ տեսանյութի հեղինակը, որը կարող է աշխատել Ռուսաստանում կամ այլ երկրներում գործող ֆեյքերի ֆերմաներում, երբևէ բացահայտվի։

Նման տեղեկատվությունը ծառայում է Հայաստանում քաղաքականապես ակտիվ քաղաքացիների չեզոքացման համար հիմք: Մասնավորապես, ինչպես նշված է ՀՔԱ Վանաձորի գրասենյակի հայտարարության մեջ, մայիսի 19-ին Արցախի հեղափոխական կուսակցության առաջնորդ Արթուր Օսիպյանի կալանավորումը անօրինական էր։

Գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցը կարծում է, որ Կրեմլը կփորձի ընտրությունների նախաշեմին Հայաստանում կիրառել փորձված մեթոդներ՝ առաջացնելով անկարգություններ: Իրավապահ մարմինների գործողությունները պետք է ուղղված լինեն ոչ թե կառավարությանը քննադատողների կամ օրինական քաղաքական հարցեր տվողների, այլ սադրողների և օրենքն ու իրավական նորմերը խախտողների դեմ: Մարդու իրավունքների պաշտպանները նշում են, որ իրավապահ մարմինների խտրական վերաբերմունքը, որոնք հրաժարվում են պատասխանատվության ենթարկել իշխող կուսակցության անդամներին իրավախախտումների համար, խաթարում է հանրային վստահությունը ընտրությունների ինստիտուտի նկատմամբ։

Սակայն սա ոչինչ չի փոխում. արագ մոռացվող ծանր հանցագործությունների մեղադրանքների արդեն սովոր ուղին ամրապնդում է իշխող կուսակցության հեղինակությունը, որն ունի լիակատար վերահսկողություն իրավապահ մարմինների նկատմամբ։