Երբեք ինձ չեմ համարել մոլի հայրենասեր, բայց մեծ երազանքներ ունեմ հենց իմ ծննդավայրի հետ կապված

Արտագաղթած արցախցիների թիվը գնալով աճում է: Հիմնական պատճառը՝ հայրենիքում անվտանգ ու արժանապատիվ ապրելու պայմանների բացակայությունն է և ապագայի հանդեպ անվստահությունը:

Գլենդելում ապրող արցախցի Նինա Քարամյանը կիսվեց Step1.am-ի հետ հայրենիքից այդքան հեռու ապրելու փորձով:

Ես Նինան եմ, ծնվել եմ Արցախում՝ քաղաքամայր Ստեփանակերտում, 1999 թվականին։ Մանկությանս մի մասը անց եմ կացրել Ասկերանի շրջանի գյուղ Սղնախում։ Հենց այնտեղ եմ անցել իմ դպրոցական կյանքի առաջին երեք տարիները՝ վայելելով տատիկիս ու պապիկիս ներկայությունը իմ կյանքում։ Այդ տարիներին հեռու եմ եղել իմ ծնողներից, որովհետև երկուսն էլ աշխատում էին։ Հետո տեղափոխվել եմ քաղաք՝ արդեն իսկ կարողանալով մենակով դպրոց գնալ։

Կյանքիս քսանչորս տարիները՝ լի իր բոլոր գույներով, անց եմ կացրել Արցախում։ Այդ իսկ պատճառով իմ բոլոր հիշողություները կապված են Արցախի հետ։ Ընկերներս կփաստեն, որ իմ կյանքի թե՛ ուրախ, թե՛ տխուր պահերը սիրում էի անցկացնել նրանց հետ՝ Ջդրդյուզում (Շուշի): Երբ 2020 թվականին Շուշին հանձնվեց՝ ես կորցրեցի իմ կյանքի մի մասը՝ այն էլ ֆիզիկապես… ու իմ կյանքը բաժանվեց երկու մասի՝ մինչև 2020 թվականը ու 2020 թվականից հետո։

Արցախահայության մի մասի մոտ 2020 թվականի պատերազմից հետո առաջացան ապագայի հետ կապված հարցեր ու մտահոգություններ։ Ես բացառություն չէի, բայց շնորհակալ եմ Աստծուն, որ օգնեց ինձ չհանձնվել, և հենց պատերազմից հետո վերադարձա ու շարունակեցի ուսումս, իսկ 2022 թվականին ստացա մագիստրոսական աստիճան։ Բայց մինչ այդ՝ 2021 թվականի հոկտեմբերին, առաջին անգամ լրացրեցի հայտ ԱՄՆ Գրին քարտի համար։ Հետաքրքիր է, բայց ես գիտեի, որ շահելու եմ՝ այդ իսկ պատճառով սկզբից չէի ցանկանում լրացնել, որովհետև Միացյալ Նահանգներում ընդհանրապես ոչ մեկին չունեի։ Բայց ընկերուհիս պնդեց ու ասեց, որ ես պետք է լրացնեմ։ Շատ երկար պատմությունը կարճ՝ Աստծո կամքով ես հիմա այնտեղ եմ, որտեղ որ պետք է լինեմ։

Ամենավատ հիշողությունը, որը ունեմ Ամերիկա գալու հետ կապված, այն է, որ մտել էի դեսպանատուն, սկսեցին ստուգել իմ փաստաթղթերը, ու աշխատողը, վերցնելով իմ անձնագիրը, ասեց. «Մեկ վայրկյան…1999 թվականին Հայաստանում Նինա Քարամյան անունով մարդ չի ծնվել», հետո հեգնանքով ավելացրեց. «Լավ, հասկացա, Ղարաբաղից եք»։

Այնուհետև ինձ տեղեկացրեցին, որ ես պետք է իմ ծննդականը թարգմանեմ ադրբեջաներեն։ Չեմ կարող բառերով բացատրել այն, ինչ եմ զգացել դեսպանատնից դուրս գալուց հետո, բայց չգիտեի, որ էլի ցավ կա, որ խոցելու է իմ սիրտը։

Ամերիկա տեղափոխվելուց հետո, երբ գնացի վերցնելու իմ գրին քարտը ու թվում էր, թե պետք է լինեի շատ երջանիկ՝ բացեցի ու տեսա, որ իմ ծննդավայրի տողում գրված է Ադրբեջան, և ուրախության փոխարեն դառնություն, կսկիծ ու արցունքներ հայտնվեցին իմ դեմքին։ Ինձ համար այդ պահին աշխարհը կանգ առավ, ես քայլում էի ու լաց էի լինում՝ չնայած, որ բոլորը հարցական դեմքով ինձ էին նայում։ Գիտե՞ք, աչքերս բաց քայլում էի, բայց աչքերիս դեմը Եռաբլուրն էր, մեր հերոսների սխրանքը, լացող մայրերը, կանայք, քույրերը, երեխաները, հայրերը, եղբայրները, ընկերները…

Ու նորից արթնացան այն ցախերը, որոնց ես խորը քնով քնացրել էի։ Իմ բերանից հնչում էր միայն մի հարց՝ «Ինչի՞ այս ամենը պատահեց մեզ հետ»։ Երբեք ինձ չեմ համարել մոլի հայրենասեր, բայց մեծ երազանքներ ունեի հենց իմ ծննդավայրի հետ կապված։ Եվ ամեն անգամ առնչվելով այնպիսի թեմաների հետ, որ վերաբերում են Արցախին՝ ես խուափում եմ, փախնում եմ, լռում եմ։ Գիտակցելով, որ փախնում եմ իմ իսկ չիրականացած երազանքներից։

Ամերիկա, էմիգրացիա, օվկիանոսից այն կողմ, երազանքների կյանք՝ լի դժվարություններով։ Առաջին իսկ դժվարությունը այս ամենի մեջ բարեկամ կամ ծանոթ չունենալն էր։ Բայց փառք Աստծուն այն մարդկանց համար, ում հետ ծանոթացել եմ առաջին իսկ օրվանից սկսած։ Ամեն մեկը իր ուրույն ներդրումն է ունեցել այն Նինայի կյանքում, ով այժմ չի վախենում ոչ մի բանից։

Մեծագույն դժվարություններից մեկն էլ լեզվի ցածր մակարդակի իմացությունն էր, և կոմպլեքսները կապված էին հենց դրա հետ։ Բայց չեմ կարող այս դժվարությունների հետ չնշել, որ Աստված ինձ սովորեցնում է ապրել։ Այդ իսկ պատճառով, թեկուզ ապրելով Գլենդելում, որը փոքրիկ Հայաստան է, ես գնում էի այնպիսի տեղեր, որտեղ կարող էի լսել, կարդալ ու թեկուզ խոսել անգլերեն։ Չեմ կարող ասել, որ բոլոր դժվարությունները վերացել են, բայց թուլացել են դրանց ազդեցությունը։ Պայքարը շարունակվում է, բայց հիմա ես կարող եմ օգտագործել դժվարությունները իմ իսկ բարօրության համար։

Արցախից դուրս գալուց հետո ծնողներս մնացել են Հայաստանում և դեռ որոշում չեն կայացրել քաղաքացիություն ստանալու և բնակարանային ծրագրից օգտվելու համար։ Չեմ կարող ասել, թե իրադարձությունները ինչպես կփոխվեն և մեկ տարի անց մեր ընտանիքը որտեղ կլինի։ Միակ բանը, որ կարող եմ ասել, այն է, որ իմ հայրենիքի, տան կորստից հետո ավելի եմ վստահում Աստծուն և աղոթում եմ, որ Նրա կատարյալ կամքը կատարվի մեր ընտանիքում։

Ինչ վերաբերում է իմ երազանքներին ու արդյո՞ք դրանք կապված են Հայաստանի հետ, թե չէ՝ կասեմ ՄԻԱՆՇԱՆԱԿ։ Կարող է շատերը կարդան կամ լսեն ու չհավատան կամ հեգնեն, բայց միայն տարիներով իր հող ու ջրից, հայրենիքից, հարազատներից, ընկերներից հեռու ապրող մարդը կհասկանա այն, ինչի մասին ես խոսում եմ։ Հուսով եմ, որ մի օր էլ հարցազրույց կտամ ու կխոսամ իմ իրականություն դարձած երազանքների մասին։

Արցախ վերադառնալը իմ մեծագույն փափագն է, որը այս պահի դրությամբ, ինչքան էլ զարմանալի հնչի, իմ պատկերացումով անհնարին է։ Բայց եթե վերադառնալ, ապա միայն հայկական, անկախ Արցախ։

Արսեն Աղաջանյան

 

Խաղաղությունը դիմադրությունից հրաժարվելը չէ

Թեմայի մեջ լինելու և «ստատուս» ձեռք բերելու համար Նիկոլ Փաշինյանը ճամփորդում է տարբեր մայրաքաղաքներով, լուսանկարվում աշխարհի առաջնորդների հետ, ստորագրում փաստաթղթեր, ապա այս ամենը ներկայացնում որպես իր քաղաքական կապիտալ։ Այս կապիտալը նրան «թույլ է տալիս» հայ հասարակությանը վաճառել Հայաստանի հաշվին կարգավիճակ ձեռք բերելու համար իր ջանքերը՝ որպես տարածաշրջանում «խաղաղության» ձեռքբերում։

Միևնույն ժամանակ, հայ հասարակության մեջ մեթոդաբար ներարկվում է այն միտքը, որ անհրաժեշտ է ներողամիտ լինել արցախցի և այլ հայերի նկատմամբ, ովքեր փորձել, բայց չեն կարողացել պաշտպանել իրենց ազգային ինքնությունը, այդ պատճառով էլ նրանք այդքան «ագրեսիվ» են։ Վայրենիներ են, ինչ ասես, զենք են վերցրել և սպանել անմեղ մարդկանց, թեկուզ կարող էին խաղաղ ապրել նրանց հետ (Սումգայիթը չի հաշվվում)։ Բայց ոչինչ, կանցնի երկու սերունդ, և նրանք կդառնան մեզ նման՝ խաղաղասեր կոսմոպոլիտներ, որոնք փող են ստանում ժողովրդավարության համար և իրենց թշնամիներին ավելի շատ են սիրում, քան իրենց։

Ընտրարշավը Հայաստանում արդեն սկսվել է, և դրա գլխավոր թեման «խաղաղությունն» է, որի տակ, դատելով բոլոր ցուցանիշներից, հասկացվում է «դիմադրությունից հրաժարվելը»։

ԱՄՆ նախկին փոխպետքարտուղարի կողմից «գիշատիչ» անվանված երկրների առաջնորդների հետ լուսանկարներն ու ժպիտները չեն կարող խոչընդոտ դառնալ գիշատիչների աճող էքսպանսիոնիզմի համար: Կա միայն երկու ճանապարհ՝ դիմադրել էքսպանսիային կամ ընդունել այն որպես «խաղաղություն»:

Մի հետաքրքիր պատմություն կա այն մասին, թե ինչպես զրադաշտական ​​Իրանը, որը ի բիճակի չէր դիմադրել իսլամի էքսպանսիայի արաբական ռազմական ուժին, պարզապես կլանեց իսլամը և երկար ժամանակ համարվեց այս կրոնի կենտրոնը՝ խլելով արաբներից գերակայությունը: Սակայն Իրանը գոյատևեց որպես ազգ, որպես քաղաքակրթություն:

Փաշինյանի կառավարությունը խթանում է դիմադրության անիմաստությունը՝ ցուցադրելով Եռաբլուրը և անիրավ արցախցի փախստականներին՝ որպես դիմադրության և ռազմատենչության միակ «արդյունք»:

Մենք չենք ապրում միջնադարում՝ հողի կամ ազգային շահերի համար սպանելու համար, ասում է Փաշինյանը և գնում է հանդիպելու այն առաջնորդների հետ, ովքեր հենց նոր են գրավել հայկական հողերը և սպանել հազարավոր հայերի:

Աննա Հակոբյանը դեռ հնարավորություն չի ունեցել Շուշիում թեյ խմել Մեհրիբան խանումի հետ, բայց ոչինչ, քիչ է մնացել: Միայն հրավիրող կողմը կլինի Մեհրիբանը: Թեև ի՞նչ տարբերություն։ Քոնն ու իմը նոր «իրական» աշխարհում չկան։

Քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման կոնկրետ քայլեր

Շանհայի համագործակցության կազմակերպության պետությունների ղեկավարների խորհրդի 25-րդ գագաթնաժողովի շրջանակներում Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը ընդունել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանին։

Նշվում է, որ Էրդողանը գոհունակություն է հայտնել Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացի առաջընթացի կապակցությամբ և վստահեցրել, որ Թուրքիան աջակցում է տարածաշրջանում խաղաղությանը, կայունությանը և զարգացմանը՝ նպաստելով այս գործընթացին։

Չինաստանում կայացած հանդիպման ժամանակ կողմերը քննարկել են Հարավային Կովկասում կայուն կայունությունը և Անկարայի ու Երևանի միջև հարաբերությունները։

Էրդողանը նշել, որ քննարկվել են Թուրքիայի և Հայաստանի միջև համագործակցության ամրապնդման կոնկրետ քայլեր։

Փաշինյանը և Էրդողանը շեշտել են կառուցողական մոտեցումների պահպանման անհրաժեշտությունը՝ փոխվստահության մթնոլորտի ձևավորման և տարածաշրջանային հաղորդակցությունների զարգացման նպատակով։

Կողմերը պայմանավորվել են շարունակել երկխոսությունը։

ԱՄՆ-ն ծրագրում է Գազայի ողջ բնակչության «վերաբնակեցումը»

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմում շրջանառվող Գազայի հատվածի հետպատերազմյան ծրագիրը ենթադրում է այս տարածքի հանձնումը Միացյալ Նահանգների վերահսկողության տակ առնվազն 10 տարով: Այս ընթացքում ոլորտը պետք է վերածվի ծաղկող զբոսաշրջային հանգստավայրի և բարձր տեխնոլոգիական արտադրության կենտրոնի: Այս մասին կիրակի՝ օգոստոսի 31-ին, հայտնել է The Washington Post-ը՝ հղում անելով մի փաստաթղթի:

Նշվում է, որ 38 էջանոց ծրագիրը նախատեսում է Գազայի հատվածի ամբողջ երկու միլիոն բնակչության վերաբնակեցում, առնվազն ժամանակավորապես՝ կամ այլ երկիր «կամավոր» մեկնելու, կամ մարդկանց վերականգնման ընթացքում այս տարածքում անվտանգ գոտիներում տեղավորելու միջոցով:

Հողատերերին կառաջարկվի թվային թոքեն՝ վերակառուցում իրականացնելու իրավունքի դիմաց: Այս ակտիվը կարող է կամ օգտագործվել այլուր կյանքը ֆինանսավորելու համար, կամ հետագայում փոխանակվել Գազայի հատվածի վեցից ութ «խելացի քաղաքներից» մեկում բնակարանի հետ, որը նախագծվել և կազմակերպվելու է արհեստական ​​բանականության օգնությամբ: Միաժամանակ, յուրաքանչյուր պաղեստինցի, որը կորոշի հեռանալ, կստանա 5000 դոլար կանխիկ, ինչպես նաև չորս տարվա բնակարանային վարձավճար և մեկ տարվա սնունդ։

Երկու աղբյուրների համաձայն՝ Գազայի վերակառուցման ծրագրի հիմնական տարրերը արտացոլում են Դոնալդ Թրամփի տեսլականը տարածքը որպես «Մերձավոր Արևելքի Ռիվիերա» ներկայացնելու վերաբերյալ։ Նախատեսվում է, որ ծրագիրը կֆինանսավորվի պետական ​​և մասնավոր միջոցներով։

Մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ միայն հայերեն են խոսում

Ազգանուշ Ստեփանյանն Արցախի Իվանյան համայնքից է տեղահանվել։ Նրանց 5 հոգանոց ընտանիքն առաջին իսկ օրվանից հաստատվել է Էջմիածին քաղաքում, տուն վարձակալել ու մինչև օրս բնակվում է այնտեղ։

Արցախցի կնոջ խոսքով՝ ամեն մի դժվարություն կարելի է հաղթահարել, երբ ընտանիքում փոխադարձ սեր, հարգանք ու փոխըմբռնում կա:

 -Տեղահանվելուց հետո ամուսինս՝ Գևորգը, անմիջապես աշխատանք է գտել։ Ինչպես բոլոր արցախցիները, մենք ևս փորձում էինք ամեն ինչ զրոյից սկսել։ Մեր հույսը միայն մենք էինք։ Նոր բնակավայր, նոր միջավայր ու բազմաթիվ դժվարություններ։ Հեշտ չէր, սակայն, ինչպես ասում են՝ այլընտրանք չունեինք։ Հարմարվել, աշխատել ու ապրել էր պետք: Հարմարվել ասելով, ուզում եմ ասել, որ հարմարվում ենք մեր նոր կարգավիճակին, այլ ոչ թե Արցախի կորստին։ Ես չեմ հավատում, որ կգտնվի մի արցախցի, ով կարող է իր սրտից ու մտքից հանել Արցախը, չերազել վերադառնալու մասին:

Մի քանի ամիս առաջ ես ոտքի վիրահատություն եմ տարել։ Վիրահատությունը բարդ էր, և առաջիկայում ևս պետք է կրկին վիրահատվեմ։ Քանի որ մոտ 6 ամիս պետք է վերականգնվեմ ու միշտ լինեմ հսկողության տակ, ամուսինս ազատվել է աշխատանքից, որ կարողանա խնամել ինչպես ինձ, այնպես էլ մեր երեխաներին։ Շատ դժվար ժամանակաշրջան ենք ապրում։

Սկսվել է նոր ուսումնականը։ Առաջին անգամ մեր երեխաները նոր հագուկապով չգնացին դպրոց․ մեր հնարավորոթյունները չներեցին։ Սակայն մենք չենք հուսահատվում։ Երեխաներս ասում են՝ պետք չի տխրել, մենք հին հագուստով էլ կգնանք դպրոց, միայն թե խաղաղություն լինի։ Նրանք դեռևս չեն մոռացել 2023-ի սեպտեմբերի 19-ը, երբ դասապրոցեսի ժամանակ Արցախը հանկարծ սկսեց հրետակոծվել:

Ունեմ 3 բալիկ՝ 2 տղա ու մի աղջիկ։ Որդիս փոխադրվել է 7-րդ դասարան, իսկ աղջիկս՝ 4-րդ։ Փոքրս 4 տարեկան է։

Երեխաներս հաճախում են Էջմիածնի Ռաֆայել Պատկանյանի անվան թ․ 9 դպրոցը։ Դպրոցը շատ լավն է։ Տնօրենն ու մանկավարժական կոլեկտիվն առաջին իսկ օրվանից հոգատար վերաբերմունք են ցուցաբերում արցախցի դպրոցականների հանդեպ, մեզ հետ կիսում մեր ցավը, հուսադրում, որ մի օր լույս կբացվի մեզ համար։

Շատ եմ ցանկանում, որ երեխաներս հաճախեն տարբեր խմբակներ, բայց ֆինանսական խնդիրների պատճառով չենք կարողանում նրանց ընդգրկել։ Անընդհատ հարցնում են՝ մամ, երբ հնարավորություն ունենանք, մենք էլ չէ՞ կգնանք․․․ Պատասխանում եմ՝ իհարկե, մի գեղեցիկ օր դուք էլ կհաճախեք ձեր ուզած խմբակները։ Երեխաներս համբերատար սպասում են այդ օրվան։

Չնայած բոլոր դժվարություններին փորձում ենք ուժեղ լինել և չկորցնել հույսներս։ Ուզում եմ, որ Հայաստան աշխարհում միշտ խաղաղություն տիրի, որ մեր երեխաները մեծանան անվտանգ ու ապահով երկրում։ Համոզված եմ՝ արդարությունը մի օր կվերականգնվի, և Արցախը նորից մերը լինի։ Ծանր է ապրել հիշողություններով, սակայն հենց այդ հիշողություններն են, որ ապրեցնում են մեզ, ստիպում առաջ գնալ․․․

Մեր ընտանիքը չի պատրաստվում Հայաստանից ոչ մի տեղ հեռանալ։ Որովհետև մենք ուզում ենք ապրել մի երկրում, որտեղ միայն հայերեն են խոսում, իսկ այդ երկիրը Հայաստանն է։ Արցախից հետո իմ երկրորդ տունը Հայաստանում է, այստեղից հեռու ես չեմ պատկերացնում իմ կյանքը։ Դրա համար ամեն օր աղաչում եմ Աստծուն, որ պահպանի մեր երկիրը, հայ ազգին, սահմանը պահող զինվորին։

Շնորհավորում եմ բոլոր երեխաներին նոր ուսումնական տարվա մեկնարկի առթիվ։ Թող սեպտեմբերի 1-ը դառնա նորանոր հաջողությունների ու լուսավոր ճանապարհի սկիզբ։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Առավել պահանջելով Արցախի վերադարձ Հայաստանին, քան պարզապես արցախցիների վերադարձ Արցախ

Սեիրելի՛ հայրենակիցներ, սեպտեմբերի երկուսին մեր մասնակցությամբ սատարենք Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին։
Առավել պահանջելով Արցախի վերադարձ Հայաստանին, քան պարզապես արցախցիների վերադարձ Արցախ։
Առաջին հերթին դա անհրաժեշտ է պայքարի և բողոքի ձայնը բաց պահելու համար, քանի որ կոլաբրանտ ուզուրպատորների խմբակը թշնամիների կարգադրությամբ ջանք չի խնայում մեր պահանջները մոռացության տալու։
Սեպտեմբերի երկուսին բոլորս դեպի Ազատության հրապարակ։
Հանուն Հադրութի ՀԿ նախագահություն

«Իրական» Հայաստանը չի ճանաչել հայության ցեղասպանությունը Նախիջևանում, Գարդմանք-Ուտիքում, Բաքվում, Արցախում

Step1.am-ի հարցերին պատասխանել է Ադրբեջանական ԽՍՀ-ից փախստականների համագումարի համակարգող Մարիամ Ավագյանը։

Տիկին Ավագյան, Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանի ու Արդբեջանի միջեւ խաղաղություն է հաստատվել, բայց տեսնում ենք, որ Ադրբեջանի պաշտոնյաների հնչեցրած հայտարարությունները եւ գործընթացները կարծես այլ բան են փաստում։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

-Խաղաղությունը հստակ տրամաբանություն ու փլիսոփայություն ունի, եւ դրա հաստատման համար պարտադիր է դրանք իրապես ընկալել։ Իսկ ես կարծում եմ, որ դրանց ընկալումից մեր քաղաքական իշխանական վերնախավին զրկեցին արդեն 1999 թվականի հոկտեմբերի 27-ին, հետո հայկական իշխանական համակարգը չփորձեց այլևս հասկանալ ու ընկալել, փոխարենը տարավ պետականության ու բանակի անվտանգային հիմքերի քայքայման, կոռոզիայի։ Այսօր էլ իշխանական համակարգում բացակայում է խաղաղության հաստատման անհրաժեշտ հիմքերի, առաջնահերթությունների գիտակցումը, ընկալումը, ու որևէ հայտարարություն չի կարող փակել ու կոծկել այդ ճեղքը, այդ դատարկությունը։

Թվում էր, թե 2020-2023 թվականներին մեր դեմ ընթացած ցեղասպանական պատերազմը պետք է ստիպեր իշխանություններին սթափվել ու ելնել մեր դիմադրողականության ամրացման պահանջից, բայց ոչ, դրա քայքայումը օր-օրի խորանում է։ Ինձ մոտ հաստատվել է միտք, որ նոյեմբերի 9-ի հայտարարության առաջին էջը մեզանից կոծկած են պահում, որը վերնագրված էր «Հայաստանի վերջնական կապիտուլյացիա և ոչնչացում»։ Ու եթե իրավմամբ խոսքն այսօր խաղաղության մասին է, ապա դա կոչված պետք է լինի նախ և առաջ կասեցնելու հայության դեմ շարունակական ընթացող ցեղասպանությունը։ Սակայն «իրական» Հայաստանի խաղաղության փլիսոփայությունը հուշում է , որ մեր դեմ ընթացող ցեղասպանությունը կրկին անգամ քողարկվում է հերթական աշխարհաքաղաքական ձեռնածությամբ, ինչպես, օրինակ, 2020-ի վերջին էր՝ ռուսական «խաղաղապահի» Արցախ մուտքով։

Երբ ես խաղաղություն եմ ասում, իմ աչքերի առաջ տեսնում եմ մեծ քանդակագործ Արա Հարությունյանի «Արծիվը» իմ Բանանց գյուղում, որի աչքերում խորհրդային թուրքը Անդրանիկի հայացքն էր բռնացրել ու վախից գիշերը եկավ ու ավերեց այդ արձանը։ Երբ ես խաղաղություն եմ ասում, ապա զգում եմ «Մայր Հայաստանի»՝ իր հողի վրա սփռած զգոն հայացքն ու թրի զսպանակված շառաչյունը։

«Իրական» Հայաստանի  խաղաղության փլիսոփայությունը ընկճող, նսեմացնող, կոտրող, հոգեբանական ահռելի պրեսինգ է ամենօրյա իր հացը քրտնքով վաստակող հայ մարդու հանդեպ։ Բանակի համար բյուջեյից ծախսերն են կրճատում, մյուս կողմից կասկածի տակ է, թե ինչ համարժեք ուսումնական գործընթաց կա բանակում, կամ էլ այս ու այն կողմից ես լսում եմ, որ դիրքերում կանգնած մեր զինվորների սնունդը ինչ-որ առաքիչների միջոցով է տեղ հասցվում, սննդի ողջ ծախսը փաստացի զինվորի ծնողների վրա է, այնպես, ինչպես որ կար 2000-ական թվականներին։ Ինձ մտահոգում է մի առանցքային հարց ևս, թե ի՞նչ գիտելիք է կրում և զինվորներին փոխանցում բանակի սպայական կազմը կամ հոգեբանական ամենօրյա պրեսինգը ի՞նչ մատրիցա է ձևավորել սպաների մոտ։ Չմոռանանք, որ 1991-1994 թվականներին Արցախյան գոյամարտի մասնակիցների գերակշիռ հատվածը բարձրագույն կրթությամբ էր։ Սրանք արժեքավոր «մանրուքներ են» մեր պաշտպանական համակարգի համար և սրանք են ձևավորում հաջորդ հարցը, թե ի՞նչ խաղաղության մասին կարող է խոսքը լինել, և ամենագլխավոր հարցը՝ այդ ու՞մ հետ խաղաղություն։

«Իրական» Հայաստանի փլիսոփայության ֆոնին, երբ մորթվելուց փրկվելու մեր բնազդն անգամ բթացնում են, Բաքվի արյան վրա տեղավորված մեր իրական թշնամին ստեղծում է բազմազան առիթներ, հիմա էլ օկուպացված Քարվաճառում, որ իր շնչած-արտաշնչած հայատյացությունը այնտեղից տարածի, որ հանկարծ ու չդադարեն նորացված աշխարհաքաղաքական ծխածածկույթի տակ մոռանալ հայության գոյության մասին։ Հստակ ռազմականացման քայլեր, սպառնալիքի հնչեցում, նոր տարածքներ «վերադարձնելու» կոչեր, ահա սա է հնչել ի հակակշիռ «իրական» խաղաղության։ Այսինքն, հայության դեհումանիզացիան չի դադարել, հայությանը կողոպտելու, մորթելու, ոչնչացնելու բնազդը միշտ էլ արթուն  է պահվում, և դա հենց պետական մակարդակով ու անթաքույց։

Այսօր Բաքվի պետության վերահսկողության տակ մնացած հայոց կենսատարածքում հայեր չեն մնացել, անգամ Արցախը ցեղասպանվելով հայաթափեցին։ Սակայն, «իրական» Հայաստանը մինչ օրս չի ճանաչել հայության ցեղասպանությունը ոչ Նախիջևանում, ոչ Գարդմանք-Ուտիքում, ոչ Բաքվում, ոչ Շիրվանում, ոչ էլ Արցախում։ Ահա թե ինչն է խթանում ու գրգռում հայակեր առաջնորդի ախորժակը ցեղասպանությունը «իրական» Հայաստան մտցնելու համար։ Վստահ է, որ մարդկության դեմ իր հանցանքների համար միջազգային օրենքը չի գործի, քանի որ «իրական» Հայաստանը խաղաղության հաստատման ու պահպանման պատրվակով միջագային օրենքները գործողության մեջ չի դնի, անգամ ի նպաստ հայության փրկության։ «Իրական» Հայաստանի խաղաղության տրամաբանությամբ հայությունը պետք է ինքն իրեն զրկի իրավունքներից, ինքն իրեն ոչնչացնի։ Արցախի  վերադարձի հարցը փակված հայտարարելը ինքնաոչնչացման ընթացքի մասին է, քանզի Արցախի վերադարձը մնում է հայության կենսունակության սյուներից մեկը։

Այսօր էլ պահանջված է, որ հայությունը առաջ տանի՝ «Անջատում հանուն փրկության» սկզբունքը, ինչի համար դեռևս 1989 թվականի դեկտեմբերի 1-ին Հայկական ԽՍՀ Գերագույն Խորհուրդը և Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդը համատեղ կայացրին Հայկական ԽՍՀ-ի և Լեռնային Ղարաբաղի վերամիավորման մասին որոշում։ Այո, Արցախը իրավական դաշտում իրողություն է դարձրել այդ սկզբունքը։ Իսկ այսօր «իրական» Հայաստանը ուղղակի դեմ է խոսում այդ իրավական քայլին, չունենալով դրա համար որևէ լիազորություն, չէ՞ որ Հայկական ԽՍՀ-ի  իրավահաջորդը 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշմամբ ստեղծված ու կայացած պետությունն է, իսկ այսօրվա «իրական» Հայաստանը արդյունք է 2020-2023 թվականներին մի շարք ցեղասպան պետությունների աջակցությամբ Բաքվի ցեղասպան պետության հերթական ագրեսիայի ու օկուպացիայի։ Ի՞նչ խաղաղություն ցեղասպանի հետ, երբ դա օկուպացրել է Հայաստանի տարածքների շուրջ 30 տոկոսը։ Պա՞րզ է, թե ինչպես են ցեղասպանին տալիս ինդուլգենցիա ու ինչպես գրգռում հայակերի ախորժակը։

-Արդյոք Ադրբեջանի հասարակությունը որքանո՞վ է պատրաստ կամ ցականում հայերի հետ խաղաղ ապրել։ Ընդամենը երկու տարի առաջ Արցախում տեղի ունեցան ցեղասպանական գործողություններ, ադրբեջանցիները նույն վայրագություններն իրագործեցին Արցախի տարածքում, ինչ նախկինում իրագործել էին Բաքվում, Սումգայիթում եւ այլ բնակավայրերում հայերի նկատմամբ։ Բայց արի ու տես Հայաստանոմ էլ մարդիկ կան,  որոնք ՔՊ-ականների թեզն են առաջ տանում եւ հիշեցնում, թե ինչ «խաղաղ» էին հայերն ապրում ադրբեջանցիների հետ։ Ի՞նչ խաղաղության մասին է խոսքը։

-Երբ կենցաղում, սոցցանցերում մեկ էլ ինչ-որ սադրիչներ, այո դա պատահական չի լինում, այլ սադրում են, խոսում են, թե ինչ «խաղաղ ու բարեկամական» համատեղ կյանքով են ապրել, ապա կուզեմ շարքային հայ մարդուն բազում դեպքեր հիշեցնել, թե ինչպես են 1970-ականներին, ասենք, օրը ցերեկով վերաբերել նույն Մասիսի մեջ ու հարակից բնակավայրերում, հատկապես աղջիկների հանդեպ, կամ ԵՊՀ Հանքավանի ուսանողական ճամբարի ուսանողների հանդեպ հարևան Թաքառլու գյուղի երիտասարդները 1970-ականներին, ինչպես էին 1960-ականներին վարդենիսցուն հյուրընկալել Քելբաջառում, ապա գիշերը գլխատել ու մարմինը նետել անտառում… Դեպքերը անհաշիվ են, ամեն անգամ դաժան, անասելի վայրագ։ Բնության մեջ չկա նման մի գազան, գիշատիչ, որ իր զոհին այդպես տանջի ու հրճվի դրանով, կամ զբաղվի դիակի հետ բռնությամբ, ինչպես, օրինակ, Հադրութում 1988 թվականին ու 2020 թվականին, կամ 2023-ին՝ երեխաների հետ, ու սրանք միայն մի քանի օրինակներ են…

Ես ուզում եմ հակադարձել նաև այն առումով, թե ինչպես Ժիրայր Լիպարիտյանը և դրա նմանները, ովքեր բացարձակ անտեղյակ են (կամ էլ լավ տեղյակ են, բայց թրքական ծրագրի վրա են աշխատել) 1988-1994 թվականներին հայերի դեմ Սումգայիթում, ԼՂԻՄ-ում, Բաքվում, Նախիջևանում, Գարդման-Ուտիքում կատարվածից, մեկ էլ կարող է ասեն, թե իբրև հայերն էլ են նույնը արել։ Թող նման թրքական փողասերները բերեն օրինակներ, ասենք նման այն բանին, ինչ արել էին 1988 թվականի նոյեմբերի վերջին Կիրովաբադ-Գանձակում, երբ 12 տարեկան հայուհուն մորթազերծ էին արել ու հետո մարմինը ուղարկել ծնողներին, կամ երբ Քարհատ-Դաշքեսանում 1988 թվականի վերջին բաց էլէկտրական սալիկի վրա խորովում էին նորածին հային ու տեսանկարը ուղարկում հայերին, այդ նյութը այսօր էլ համապատասխան պետական օղակներում կա։ Իհարկե, լիպարիտյանները կասեն, թե դրանք էլ դնում են տարատեսակ լուսանկարներ և այլն, այո, դրանց հիշեցնենք, (իսկ իրենք իրենց անտեղյակի տեղ են դնում, դա է փող ապահովում),  որ փորձագետները մեկիկ-մեկիկ պարզում են, որ դրանց ներկայացրածները կեղծիք են, ու դա էլ հայության ոչնչացման պլանի բաղադրիչ է։ Հայը, ինչքան էլ վրեժից դրդված գնա դաժանության, նա երբեք երեխայի կամ կնոջ հետ չի կարող վարվել այնպես, ինչպես բնորոշ է թուրքին, իսկ դիակի՞ հետ․․․ Իսկ դա թուրքի համար հպարտություն է՝ Սլոյանի գլուխը ման տալ բնակավայրերում ու ստանալ հանրության հրճվանքը, հայ կանանց բռնաբարել Բաքվի բակերում կամ ողջակիզել երեխաների հետ ու ստանալ շրջապատող զանգվածի, նաև կանանց ցնծությունը։ Նորից հիշեցի հանճարեղ Դարվինին, որ այս պոպուլյացիան էվոլյուցիոն ընթացքում հարմարվել ու պահպանվել է այնպես, ինչպես կա, իսկ Ամենայն հայոց բանաստեղծը կասի, թե «հազար տարում մարդակերից դարձավ մարդասպան», թեև իմ կարծիքով, բանաստեղծը բավական շտապել է ժամանակի հաշվարկի մեջ։

Վերջերս իմ հայրենակից Արթուր Ղազարյանը հարցազրույցի ժամանակ ասում է, «եթե «խաղաղություն» է հաստատվել, կարո՞ղ եմ գնալ Գանձակ, տեսնել մեր տունը», իսկ հայրենակցուհի Սվետլանա Ղուլյանը գրում է. «Իսկ Ադրբեջանում մի հայ չի մնացել, չի էլ կարող մնալ՝ արյունը կխմեն»։ «Արյուն խմելու» դրանց կերպարը խորն է նստած ոչ միայն հայի պատկերացումների մեջ, թե Մերձավոր Արևելելքը, թե Եվրոպան ունեն այդ մասին իրենց հստակ վերաբերմունքը, բայց այլ բան է աշխարհաքաղաքականությունը։ Եվ այդ առումով է, որ իմ հայրենակցուհի, Շահումյանից փախստական Սվետլանա Ղուլյանը շարունակում է իր գրառումը՝ «Ճիշտ ժամանակն է ցեղասպանության հայտ ներկայացնելու, թե՞ պարտված պետությունը պահանջներ ներկայացնելու իրավունք չունի»։

Աշխարհաքաղաքականությունը հուշում է, որ այո, կարիք կա կրկին հնչեցնելու ցեղասպանության հարցը Բաքվի հայաթափ պետության դեմ, ու միայն նման հայտերն են, որ կապահովեն մեր դիմադրողականությունը ու դուրս կհանեն մեզ ծանր թմբիրից, զգոնություն կբերեն մեր ժողովրդին, ինչը բնորոշ է միայն ու միայն պաշտպանված, ուժեղ ու պետություն պահող ժողովրդներին։

Հ.Գ. Ես գիտեմ, որ դեռ երկար ժամանակ չեմ ունենա հնարավորություն՝ գնալ իմ հայրենի գյուղ կամ հայրական տուն, անգամ «տուրիստի» կարգավիճակով, քանի որ իմ հայրական տունը, իմ հայրենի գյուղը զավթածների հոտը օժտված է ոչ միայն գենետիկ հայատյացությամբ, այլ այս վերջին մի 30 տարիների ընթացքում դրանց պետական մակարդակով, անթաքույց, ի լուր համայն աշխարհի «կրթեցին» հայատյաց ու հայահալած, որ, այո, իր հայրենիքում անգամ «տուրիստի» կարգավիճակով հայտնված հայի արյունը կխմեն։ Սա է մեր կենսափորձից ունեցած եզրահանգումը։ Ուրիշ ոչինչ։

Ռոզա Հովհաննիսյան

Հայաստանն ու Չինաստանը հաստատում են ռազմավարական գործընկերություն

Թիենծին քաղաքում տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հանդիպումը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինի հետ:

ՉԺՀ նախագահը ողջունել է ՀՀ վարչապետի այցը և մասնակցությունը ՇՀԿ գագաթնաժողովի ՇՀԿ+ ձևաչափի հանդիպմանը: Սի Ծինփինն արժևորել է երկու երկրների միջև առկա բազմադարյա բարեկամական հարաբերությունները և հավելել, որ երկկողմ փոխգործակցությունը կայուն զարգացում է ապրում: Նա շեշտել է, որ ՉԺՀ-ն անվերապահորեն աջակցում է Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը: Միաժամանակ, ՉԺՀ նախագահը շեշտել է, որ Չինաստանն աջակցում է ՀՀ Կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագծին և տարածաշրջանային հաղորդակցության ուղիների ապաշրջափակմանը: Սի Ծինփինը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության գործընթացը: Անդրադառնալով երկկողմ հարաբերությունների զարգացման հեռանկարներին` նա կարևորել է Հայաստանի հետ տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի ակտիվ գործունեությունը` ընդգծելով, որ այն պետք է լիարժեք բացահայտի երկկողմ տնտեսական փոխգործակցության ներուժն ու հետևողական քայլեր ձեռնարկի այն իրացնելու համար:

Վարչապետ Փաշինյանը շնորհակալություն է հայտնել ջերմ հյուրընկալության համար: Նիկոլ Փաշինյանը հավելել է, որ երկու երկրների միջև ձևավորված քաղաքական երկխոսության բարձր մակարդակն իր արտացոլումն է գտնում նաև միմյանց համար կարևորություն ներկայացնող հարցերում փոխաջակցության ցուցաբերմամբ։ Վարչապետի խոսքով` Հայաստանը վերահաստատում է իր աջակցությունը «Մեկ Չինաստան» սկզբունքին: Երկրի ղեկավարը կարևորել է ինչպես տարածաշրջանային, այնպես էլ միջտարածաշրջանային կայունության և ինտեգրացիայի բարձրացմանն ուղղված ՀՀ Կառավարության կողմից մշակված «Խաղաղության խաչմերուկ» ծրագրի կյանքի կոչումը և նշել, որ այն լավագույնս կարող է շաղկապվել նաև Չինաստանի «Գոտի և ճանապարհ» նախաձեռնության հետ, որին Հայաստանն առաջիններից է պաշտոնապես միացել։

Նիկոլ Փաշինյանի խոսքով` երկկողմ բարձր մակարդակի հարաբերություններն այսօրվա հանդիպման արդյունքում նորովի կզարգանան ու կամրապնդվեն: ՀՀ վարչապետը հույս է հայտնել, որ հետևողական կերպով կբարձրանա առևտրատնտեսական համագործակցության մակարդակը, կիրականացվեն ներդրումային համատեղ նոր ծրագրեր: Երկրի ղեկավարը շեշտել է, որ ՀՀ Կառավարությունը շահագրգիռ է չինական ընկերությունների կողմից ՀՀ-ում ներդրումային ծրագրերի ընդլայնմամբ:

Հանդիպման արդյունքներով կողմերը հայտարարել են, որ Հայաստանի և Չինաստանի միջև հաստատվում է ռազմավարական գործընկերություն, ինչի մասին ընդունվում է համատեղ հայտարարություն:

Հանդիպման ընթացքում երկու երկրների առաջնորդները կարևորել են համագործակցության խթանումը նաև գիտության, կրթության, մշակույթի, զբոսաշրջության, տեղեկատվության, չափագիտության և այլ ուղղություններով:

Նիկոլ Փաշինյանը վերահաստատել է Հայաստանի ցանկությունը` անդամակցելու Շանհայի համագործակցության կազմակերպությանը: Պայմանավորվածություն է ձեռք բերվել խորացնելու համագործակցությունը ՇՀԿ շրջանակում:

Հայաստանի Հանրապետությունը եւ Չինաստանի Ժողովրդական Հանրապետությունը (այսուհետ՝ Կողմեր), հիմնվելով երկու ժողովուրդների դարավոր բարեկամության վրա, համակարծիք լինելով, որ 1992 թվականի ապրիլի 6-ին դիվանագիտական հարաբերությունների հաստատումից ի վեր երկկողմ հարաբերությունները զարգացել են դինամիկ կերպով, իսկ երկու երկրների միջեւ համագործակցությունը տարբեր ոլորտներում հասել է դրական արդյունքների, լիովին հանձնառու լինելով ընդլայնելու համագործակցությունը քաղաքական, տնտեսական, մշակութային եւ սոցիալական ոլորտներում, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ու տարածաշրջանային եւ համաշխարհային խաղաղության ու կայունության խթանման գործում, համաձայնության են եկել հաստատել ռազմավարական գործընկերություն՝ շարունակելով առաջնորդվել երկկողմ հարաբերությունների հիմնարար սկզբունքներով, որոնք բնորոշվում են հավասարությամբ, փոխադարձ հարգանքով եւ վստահությամբ, ինչպես նաեւ փոխշահավետ համագործակցությամբ։

ՔԱՂԱՔԱԿԱՆ ԵՐԿԽՈՍՈՒԹՅՈՒՆ

Կողմերն առաջնորդվում են խաղաղ գոյակցության սկզբունքներով՝ ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքի, ագրեսիայի բացառման, ներքին գործերին չմիջամտելու, հավասարության եւ փոխադարձ շահի, ինչպես նաեւ խաղաղ գոյակցության սկզբունքներով։

Կողմերը հարգում են միմյանց կողմից յուրաքանչյուրի ազգային առանձնահատկություններին համապատասխան ընտրված զարգացման ուղիները եւ երկկողմ հարաբերությունների մասով քաղաքականության հարցում անկախ որոշումների կայացումը։ Կողմերը հանդես են գալիս որպես միմյանց համար վստահելի գործընկերներ, ձեռնպահ են մնում այնպիսի գործողություններից, որոնք վնասում են մյուս կողմի ինքնիշխանությանը, անվտանգությանը եւ զարգացման շահերին, կամ ցանկացած գործողությունից, որը խախտում է երկու երկրների միջև փոխադարձ վստահությունն ու ժողովուրդների միջեւ բարեկամությունը։

Հայկական կողմը վերահաստատում է իր դիրքորոշումն ի աջակցություն «Մեկ Չինաստանի» սկզբունքի՝ ճանաչելով, որ աշխարհում գոյություն ունի միայն մեկ Չինաստան, եւ Թայվանը Չինաստանի տարածքի անբաժանելի մասն է, իսկ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարությունն ամբողջ Չինաստանը ներկայացնող միակ օրինական կառավարությունն է. վճռականորեն դեմ է «Թայվանի անկախության» ցանկացած ձեւի եւ աջակցում է ազգային վերամիավորման ուղղությամբ Չինաստանի կողմից գործադրվող ջանքերին։

Չինական կողմը վերահաստատում է իր ամուր աջակցությունը Հայաստանի Հանրապետության քաղաքական անկախությանը, ինքնիշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ սահմանների անխախտելիությանը։ Չինաստանն աջակցում է հայկական կողմի կողմից առաջարկված խաղաղության օրակարգին եւ ողջունում է «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։

Կողմերը հավատացած են, որ առճակատում խրախուսող աշխարհաքաղաքական ինտրիգները որեւէ նպատակի չեն կարող ծառայել, եւ համատեղ հանդես են գալիս այն քայլերի դեմ, որոնք ապակայունացնում են տարածաշրջանը եւ հրահրում նոր էսկալացիա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու բարձր մակարդակի քաղաքական երկխոսությունը, կանոնավոր կերպով անցկացնելու երկու երկրների արտաքին գործերի նախարարությունների միջեւ քաղաքական խորհրդակցություններ, ինչպես նաեւ ընդլայնելու հաղորդակցությունը կենտրոնական եւ տեղական իշխանությունների, ինչպես նաեւ կուսակցությունների միջեւ՝ փորձի փոխանակման եւ համագործակցության ամրապնդման նպատակով։

Կողմերն էապես կարեւորում են երկու երկրների օրենսդիր մարմինների միջեւ հետագա համագործակցությունը եւ ընդգծում են խորհրդարանական դիվանագիտության նշանակությունը երկկողմ քաղաքական երկխոսության խթանման գործում։

Կողմերն ընդգծում են երկու երկրների կառավարությունների միջեւ հաղորդակցության մեխանիզմների հետագա զարգացման անհրաժեշտությունը՝ զարգացման եւ անվտանգության հարցերի շուրջ տեսակետների փոխանակման նպատակով։

Կողմերը պատրաստակամ են ամրապնդել իրավական եւ դատական ոլորտներում համագործակցությունը եւ փոխանակումը ՝ հավասարության, փոխադարձ շահի եւ հարգանքի հիման վրա։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու իրավապահ եւ անվտանգության ոլորտում համագործակցությունը, գործադրելու համատեղ ջանքեր՝ ահաբեկչության, սեպարատիզմի, ծայրահեղականության, կիբեռհանցագործությունների եւ այլ անդրազգային հանցագործությունների դեմ պայքարի ուղղությամբ։

Կողմերը շարունակելու են ընդլայնել միջտարածաշրջանային համագործակցությունը։

Կողմերը շարունակելու են հարստացնել քաղաքական եւ պայմանագրային-իրավական հիմքերը՝ տարբեր ոլորտներում համագործակցությունը խորացնելու նպատակով։

ՏՆՏԵՍՈՒԹՅՈՒՆ, ԱՌԵՎՏՈՒՐ, ՆԵՐԴՐՈՒՄՆԵՐ ԵՎ ԶԲՈՍԱՇՐՋՈՒԹՅՈՒՆ

Կողմերը ողջունում են վերջին տարիներին երկկողմ առեւտրի կայուն աճը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ջանքեր գործադրելու դրա հետագա աճի ուղղությամբ, այդ թվում՝ հայկական արտադրանքի արտահանման խթանման եւ դրանց՝ չինական շուկա մուտք գործելու, ինչպես նաեւ Հայաստանում չինական ընկերությունների ներդրումների ներգրավման նպատակով։ Հայաստանը ողջունում է չինական ընկերությունների մասնակցությունը Հայաստանում իրականացվող ենթակառուցվածքային ծրագրերին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու փոխանակումները եւ համագործակցությունը՝ առեւտրի եւ ներդրումային ներուժի ընդլայնման նպատակով այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են ենթակառուցվածքները, տեղեկատվական տեխնոլոգիաները, վերականգնվող էներգիայի աղբյուրները, գյուղատնտեսությունը, արդյունաբերությունը եւ այլն։

Կողմերը ճանաչում են Տնտեսական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի էական դերը Հայաստանի եւ Չինաստանի միջեւ առեւտրատնտեսական հարաբերությունների հետագա զարգացման գործում եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը շարունակելու կանոնավոր կերպով գումարել Հանձնաժողովի նիստերը եւ ջանքեր գործադրել դրա որոշումների համապարփակ իրագործման ուղղությամբ, ինչի համար երկու կողմերն էլ բարձրացնում են Հանձնաժողովի համանախագահների մակարդակը։

Չինաստանը ողջունում է Հայաստանի ակտիվ մասնակցությունը Չինաստանի ներմուծման միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներմուծման եւ արտահանման տոնավաճառին, Չինաստանի ծառայությունների առեւտրի միջազգային տոնավաճառին, Գլոբալ թվային առեւտրի ցուցահանդեսին, Չինաստանի սպառողական ապրանքների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի միջին եւ փոքր ձեռնարկությունների միջազգային ցուցահանդեսին, Չինաստանի ներդրումների եւ առեւտրի միջազգային տոնավաճառին եւ այլ խոշոր ցուցահանդեսների։ Չինական կողմն աջակցում է հայկական կողմին բարձրորակ ապրանքների առաջխաղացման եւ վաճառքի համար առցանց հարթակների օգտագործման հարցում։ Հայաստանը նույնպես ողջունում է չինական կողմի ակտիվ մասնակցությունը Հայաստանում կազմակերպվող միջազգային ցուցահանդեսներին եւ տոնավաճառներին, այդ թվում՝ «EXPO Food and Drinks», «ArmProd EXPO», «Build EXPO», «Industrial Armenia EXPO», «DigiTec Expo», «ArmHighTech Exhibition» ցուցահանդեսներին, եւ այլն։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ առավել մեծացնելու փոխադարձ ներդրումները՝ այնպիսի ոլորտներում համագործակցությունն ամրապնդելու նպատակով, ինչպիսիք են արդյունաբերությունը, տեղեկատվական եւ հեռահաղորդակցական տեխնոլոգիաները, գյուղատնտեսությունը, էներգետիկան եւ այլն, խթանելու բարձրորակ համագործակցությունը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ քննարկելու առեւտրատնտեսական ոլորտին վերաբերող պայմանագրային-իրավական դաշտի կատարելագործումը, եւ ակտիվորեն ուսումնասիրում են առեւտրի եւ ներդրումների ընթացակարգերի ազատականացման եւ դյուրացման համար ինստիտուցիոնալ մեխանիզմ ստեղծելու հնարավորությունը։ Կողմերը վերահաստատում են իրենց վճռական դիրքորոշումը՝ պաշտպանելու բազմակողմ առեւտրային համակարգը, որի հիմքում ԱՀԿ-ն է, եւ աջակցում են Զարգացման համար ներդրումների դյուրացման (IFD) համաձայնագրի ներառմանը ԱՀԿ-ի իրավական կառուցվածքի մեջ։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու զարգացման մասով համագործակցությունը եւ մշակելու հնարավորություններ Հայաստանում ավելի մեծ թվով փոքրեւ գեղեցիկ սոցիալական ծրագրերի իրականացման համար։ Հայաստանն իր երախտագիտությունն է հայտնում Չինաստանին՝ շարունակական տեխնիկական աջակցության համար, ներառյալ՝ մարդկային ռեսուրսների զարգացման ծրագրերը։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ամրապնդելու համագործակցությունը զբոսաշրջության ոլորտում։ Մասնավորապես Կողմերը բարձր են գնահատում երկու երկրների միջեւ հաստատված առանց վիզայի ռեժիմը, որը նշանակալիորեն խթանում է զբոսաշրջությունը, ամրապնդում է ժողովուրդների միջեւ շփումները եւ ընդլայնում տնտեսական, սոցիալական ու մշակույթային կապերը։ Կողմերը համաձայնում են, որ երկու երկրների միջեւ ուղիղ չվերթերի գործարկումը լրացուցիչ խթան է ծառայում զբոսաշրջության ոլորտում համագործակցության համար։ Չինաստանը ողջունում է Հայաստանի մասնակցությունը Չինաստանի զբոսաշրջության ամենամյա միջազգային ցուցահանդեսին (CITM) եւ այլ զբոսաշրջային ցուցահանդեսների։

ՈԼՈՐՏԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հայտնում են իրենց հետաքրքրվածությունը՝ խթանելու փոխշահավետ համագործակցությունը գիտության եւ տեխնոլոգիաների, կրթության եւ լեզվի ուսուցման մասով փոխանակումների ոլորտներում։ Կողմերը մշակութային փոխանակումն ու երկխոսությունը խթանելու այդ թվում՝ Հայաստանում գործող Կոնֆուցիոսի ինստիտուտում, հայերեն եւ չինարեն լեզուների ուսուցումն ու տարածումը ։ Կողմերը կքննարկեն համագործակցության ամրապնդումն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են թվային կրթությունը եւ մասնագիտական կրթությունը։ Կողմերն ակտիվորեն աջակցում են միմյանց դասական ստեղծագործությունների թարգմանության ու հրատարակման գործընթացին։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ ակտիվորեն նպաստելու գիտահետազոտական ինստիտուտների միջեւ փոխանակումներին, ամրապնդելու փոխշահավետ համագործակցություն գիտության եւ տեխնոլոգիաների ոլորտում, խթանելու գիտատեխնիկական ձեռքբերումների կիրառումը եւ նոր առաջընթաց ապահովելու իրենց գիտատեխնոլոգիական համագործակցության հարցում։

Կողմերն ընդգծում են տեղեկատվական տեխնոլոգիաների, նորարարության եւ արհեստական բանականության ոլորտներում համագործակցության կարեւորությունը եւ հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խթանելու ինկուբացիոն կենտրոնների, գիտության եւ տեխնոլոգիաների պարկերի, նորարարական կենտրոնների եւ համատեղ հետազոտական կենտրոնների ստեղծումը՝ որպես համագործակցության հնարավոր հարթակ դիտարկելով Հայաստանի «Ինժեներական քաղաք» եւ «Ակադեմիական քաղաք» նախագծերը։

Կողմերը համաձայնում են ընդլայնել համագործակցությունը մշակույթի ոլորտում, ձեռնարկել ակտիվ ջանքեր՝ փոխադարձության հիմունքներով կազմակերպելու Մշակույթի օրեր եւ այլ միջոցառումներ՝ ։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ համագործակցելու մշակույթային արժեքների պահպանման եւ մշակույթային ժառանգության պաշտպանության հարցերում, ինչպես նաեւ խորացնելու համագործակցությունը Հնագույն քաղաքակրթությունների ֆորումի շրջանակներում։ Որպես հնագույն քաղաքակրթություններ եւ Ֆորումի ակտիվ մասնակիցներ՝ Կողմերը պատրաստ են ակտիվորեն համագործակցել Ֆորումի շրջանակներում։

Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ խորացնելու համագործակցությունն առողջապահության, զբաղվածության, սոցիալական ապահովության, սպորտի եւ երիտասարդության ոլորտներում եւ ամրապնդելու փոխանակումները կինոյի, մեդիայի եւ փորձագիտական կենտրոնների ոլորտներում։

Կողմերն աջակցում են անձնակազմի փոխանակումների հետագա դյուրացմանը։

Կողմերը թվայնացումն ու թվային փոխակերպումը դիտարկում են որպես երկկողմ համագործակցության առաջնահերթ ոլորտ եւ պատրաստ են իրականացնել համատեղ նախագծեր՝ ժամանակակից տեխնոլոգիաների ներդրման նպատակով։ Կողմերը նաեւ հայտնում են հետաքրքրվածություն՝ փորձի փոխանակման հարցում այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են կիբեռանվտանգությունն ու հիբրիդային սպառնալիքների դեմ պայքարը։

Կողմերը համաձայնում են, որ տրանսպորտի ոլորտում համագործակցության հետագա խորացումն ու տրանսպորտային փոխադրման դյուրացման խթանումը՝ ազգային ինքնիշխանության եւ իրավազորության նկատմամբ հարգանքի, հավասարության եւ փոխադարձության հիման վրա, նպաստում են տարածաշրջանային փոխկապակցվածության բարելավմանը եւ տնտեսական ու առեւտրային զարգացման խթանմանը։

ԳԼՈԲԱԼ ԵՎ ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՀԱՄԱԳՈՐԾԱԿՑՈՒԹՅՈՒՆ

Կողմերը հավատարիմ են մնում ՄԱԿ-ի վրա հիմնված միջազգային համակարգի, միջազգային իրավունքի վրա հիմնված միջազգային իրավակարգի եւ ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներից ու սկզբունքներից բխող միջազգային հարաբերությունների հիմնական նորմերի պաշտպանությանը Կողմերը պատրաստակամ են շարունակելու ամրապնդել համագործակցությունը ՄԱԿ-ի շրջանակներում, աջակցել միմյանց՝ միջազգային եւ տարածաշրջանային հարցերում ավելի մեծ դերակատարություն ունենալու գործում, համատեղել ուժերը՝ նպաստելու հավասարության եւ կարգուկանոնի վրա հիմնվածբազմաբեւեռ աշխարհի ձեւավորմանը եւ փոխշահավետ ու ներառական տնտեսական գլոբալացմանը, ինչպես նաեւ համատեղ խթանել նոր տիպի նորատիպ միջազգային հարաբերությունների եւ ընդհանուր ապագա ունեցող մարդկության համայնքի կառուցումը։ Կողմերը համոզված են, որ բոլոր մարդու իրավունքներն ունիվերսալ են, անբաժանելի, փոխկապակցված եւ միմյանցով պայմանավորված։ Մարդու իրավունքների խթանումը եւ պաշտպանությունը պետք է իրականացվեն ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակներին եւ սկզբունքներին, ինչպես նաեւ միջազգային իրավունքին համապատասխան։

Կողմերը վերահաստատում են, որ զարգանալու իրավունքը՝ որպես ունիվերսալ եւ անօտարելի իրավունք, մարդու իրավունքների անբաժանելի մասն է։ Կողմերը պատրաստակամ են խթանել արդյունավետ միջազգային համագործակցություն՝ զարգացման իրավունքն իրագործելու եւ զարգացումը խոչընդոտող արգելքները վերացնելու նպատակով։

Հայկական կողմը ողջունում է չինական կողմի կողմից առաջ քաշված Գլոբալ զարգացման նախաձեռնությունը, Գլոբալ անվտանգության նախաձեռնությունը եւ Գլոբալ քաղաքակրթության նախաձեռնությունը եւ մասնավորապես այնպիսի հայեցակետեր, ինչպիսիք են բոլոր երկրների ինքնիշխանության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ հարգանքը, ՄԱԿ-ի Կանոնադրության նպատակների եւ սկզբունքների պաշտպանությունը եւ երկխոսության միջոցով բոլոր վեճերի խաղաղ կարգավորումը, զարգացման առաջնահերթությունը, մարդկանց առաջնային եւ կենտրոնական տեղում դիտարկելը, նորարարության ուժի բացահայտումը, աղքատության նվազեցումը, կլիմայի փոփոխության հարցերին անդրադառնալը եւ կանաչ զարգացման խթանումը։ Կողմերը հայտնում են իրենց պատրաստակամությունը՝ արագացնելու ՄԱԿ-ի «Կայուն զարգացման 2030 օրակարգի» իրականացումը, համատեղ պաշտպանելու միջազգային եւ տարածաշրջանային անվտանգությունն ու կայունությունը եւ խթանելու քաղաքակրթությունների միջեւ փոխանակումները եւ փոխադարձ ուսուցումը։

Կողմերը կխորացնեն քաղաքականության համակարգումը, ինչպես նաեւ կխթանեն զարգացման ծրագրերի միջեւ սիներգիան «Մեկ գոտի, մեկ ճանապարհ» նախաձեռնության (ԳՃՆ) շրջանակներում եւ իրենց համագործակցությունը ԳՃՆ-ի շրջանակներում կբարձրացնեն նոր՝ բարձր որակի զարգացման մակարդակի՝ ի շահ երկու երկրների եւ դրանց ժողովուրդների։ Հայաստանը, որպես առաջին երկրներից մեկը, որը մասնակցել է ԳՃՆ համագործակցությանը, պատրաստ է Չինաստանի հետ համագործակցել՝ ակտիվորեն խթանելու ԳՃՆ-ի եւ «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնության շրջանակներում համագործակցության համապատասխան նախագծերի իրականացումը եւ ապահովելու այդ նախագծերի անվտանգ եւ հաջող ընթացքը։

Չինական կողմը ողջունում է հայկական կողմի ցանկությունը՝ ամրապնդելու համագործակցությունը Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) հետ եւ աջակցում է հայկական կողմին ՇՀԿ-ում իր իրավական կարգավիճակի բարելավման հարցում։

Հայկական կողմը սատարում է ՇՀԿ-ի հիմնարար սկզբունքները, ինչպիսիք են ինքնիշխանության, անկախության եւ տարածքային ամբողջականության նկատմամբ փոխադարձ հարգանքը, պետական սահմանները չխախտելը, ագրեսիայի փոխադարձ բացառումը, ներքին գործերին չմիջամտելը, ինչպես նաեւ միջազգային հարաբերություններում ուժ կամ դրա սպառնալիք չկիրառելը։ Այս սկզբունքները Հայաստանի խաղաղության օրակարգի անբաժանելի մասն են եւ նպաստում են Հարավային Կովկասում երկարաժամկետ խաղաղության եւ կայունության ապահովմանը։

Չինական կողմը ողջունում է Հայաստանի անդամակցությունը Ենթակառուցվածքային ներդրումների ասիական բանկին (ԵՆԱԲ) եւ պատրաստ է խորացնել համագործակցությունը հայկական կողմի հետ ԵՆԱԲ-ի շրջանակներում եւ համատեղ աջակցել ԵՆԱԲ-ին՝ ավելի լավ ծառայելու իր զարգացող անդամների ենթակառուցվածքների շինարարության եւ կայուն զարգացման պահանջներին։

Սեպտեմբերի 1–ից՝ փողով վարորդական վկայականի համար «արագացված» քննություն

Սեպտեմբերի 1-ից վարորդական քննությունների վերահանձնման գործընթացում փոփոխություններ են նախատեսվում։ Քաղաքացիները հնարավորություն կունենան վարորդական վկայական ստանալու քննությունը առաջին անգամ բացասական ստանալուց հետո վերահանձնել հաջորդ օրը՝ հավելյալ վճարի դիմաց, օնլայն գրանցմամբ։

Մինչ փոփոխությունը՝ քննություններից բացասական գնահատական ստանալու դեպքում քաղաքացին կարող էր նորից հերթագրվել 1 շաբաթ անց։ Հաշվի առնելով քաղաքացիների դիմումները և առաջարկությունները՝ նախատեսվում է ներդնել արագացված ծառայություններ։

Առաջին անգամ բացասական ստանալու դեպքում անձը կարող է արտահերթ մասնակցել քննությանը՝

հաջորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

երրորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Եթե անձը բացասական է ստանում երկրորդ կամ յուրաքանչյուր հաջորդ անգամ՝ նախկին 30-օրյա ժամկետի փոխարեն արագացված ծառայությունների միջոցով հնարավորություն ունի օգտվել հետևյալ նոր ժամկետներում՝

յոթերորդ օրը՝ 45․000 ՀՀ դրամ վճարի դիմաց,

տասնչորսերորդ օրը՝ 30․000 ՀՀ դրամ վճարի դիմաց:

Նշենք նաև, որ մեկ այլ կարգավորմամբ՝ կրկին սեպտեմբերի 1-ից տրանսպորտային միջոցի պետական գրանցումն ու հաշվառումն իրականացնելիս հնարավոր կլինի հաշվառման վկայագիրը ստանալ փոստային առաքման եղանակով։

Հայաստանում արցախցի դպրոցականների թիվը նվազել է

Ըստ Արցախի Հանրապետության Կրթության նախարարության՝ բռնի տեղահանությունից առաջ Արցախի դպրոցներում սովորում էր 21,000 երեխա։

Ներկայումս Հայաստանի դպրոցներում սովորում է մոտ 17,000 արցախցի երեխա։

Նախկին օմբուդսմենի և պետնախարար Արտակ Բեգլարյանի խոսքով՝ Հայաստանում արցախցի դպրոցականների թվի նվազումն ունի իր պատճառները։ «Դա ընտանիքում առկա սոցիալական դժվարություններ են, որոնք թույլ չեն տալիս երեխաներին շարունակել ուսումը ավագ դպրոցում։ Եվ, ցավոք, շատ երեխաներ իրենց ծնողների հետ ընդմիշտ լքել են Հայաստանը»։

Արցախում Սոս գյուղի դպրոցը համարվում էր Մարտունու շրջանի լավագույններից մեկը։ Լավագույն ուսուցիչներն ու բարձր ակադեմիական առաջադիմություն, ինչպես նաև «Հայաստան» հիմնադրամի կողմից կառուցված 200 աշակերտի համար նախատեսված նոր երկհարկանի դպրոցական շենք։

44-օրյա պատերազմի ժամանակ դպրոցը վնասվել է արկերից, բայց այն արագ կարգի է բերվել, ուսումնական գործընթացը հաստատվել է և չի դադարեցվել նույնիսկ Արցախի շրջափակման ժամանակ՝ մինչև 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։

Ալվարդ Գրիգորյան

Սոս գյուղի դպրոց (լուսանկարներ)

Հակարիի կամրջից Բաքու ու վերադարձ․ Վահեի պատմությունը

Երկու տարի առաջ՝ օգոստոսյան վերջին օրերին, Հակարիի կամրջից գերեվարվեցին Մարտունի քաղաքի երեք երիտասարդների, ովքեր ֆուտբոլային խաղերից մեկի ժամանակ կանգնել էին ադրբեջանական դրոշի վրա։ Վահե Հովսեփյանը նրանցից մեկն էր։

Անորոշությունը, վախը և անելանելիությունը պատել էին բոլոր նրանց, ովքեր տղաների գերեվարվելու լուրը լսել էին և տեսել ադրբեջանական կադրերը, որտեղ երեք երիտասարդներին տանում էին Բաքու։  Օգոստոսի վերջին մի խումբ ուսանողներ, ովքեր սովորում էին Երևանում, ռուս խաղաղապահների ուղեկցությամբ պիտի անցնեին Հակարիի կամուրջը։

Վահեն պատմում է, որ նախօրեին հիշել էին այդ դեպքի մասին․ «Քանի որ արդեն երկու տարի էր անցել՝ մտածեցինք, թե չեն հիշի։ Բայց ոչ միայն հիշում էին, այլև այդ երկու տարվա ընթացքում մեր մասին հսկայական տեղեկություններ էին հավաքել»,– ասում է նա։

Առաջինը ֆուտբոլիստներից Ալենն էր անցնում «սահման» դարձած հատվածը։ «Ալենին որ կանգնեցրին՝ հասկացանք, որ ինչ-որ բան այն չէ։ Հերթը հասավ մեզ, և նույնը մեզ հետ տեղի ունեցավ։ Սկզբում ասում էին, թե փաստաթղթերի հետ խնդիր կա»,– հիշում է Վահեն ու ավելացնում, որ հետո արդեն տեսել են հավաքված նյութերը և իրենց մասին տարածված տեսանյութը։

«Սկզբում ասում էին, թե կտանեն Լաչին, հետո՝ կերևա։ Բայց ծրագրերը փոխվեցին և մեզ տարան Բաքու։ Միտքը, որ տանում են Բաքու, սարսափեցնում էր, բայց անընդհատ ասում էին, թե ամեն ինչ լավ է լինելու»,– պատմում է Վահեն։ Տղաների նկարները տարածվեցին համացանցում, և բնականաբար ոչ ոք լավ լուրի սպասել չէր կարող։

Նախօրեին Հակարիից արդեն առևանգել էին Վագիֆ Խաչատրյանին, ով մասնակցել էր Արցախյան առաջին պատերազմին, իսկ տղաները նոր էին ավարտել իրենց պարտադիր զինվորական ծառայությունը։

Անորոշությունն ավելի էր մեծանում, երբ կիսասով մարդկանց սպառնում էին նաև բանտարկությամբ, և ոչ ոք չգիտեր՝ ինչ կլինի, եթե իրենք էլ հանկարծ հայտնվեն Հակարիում։ Թերևս հենց այս հանգամանքներն էին ստիպում շատերին վառել իրենց լուսանկարները կամ նետել դանակները, մեդալներն ու այլ հուշանվերներ, որոնք կապված էին ծառայության կամ պատերազմների հետ։

Վահեի խոսքով՝ ամենածանր պահերից մեկը հենց հարցաքննությունն էր․ յուրաքանչյուրին առանձին էին քննում, և չգիտեին՝ ինչ ասել։ «Միակ ուժը, ով կարող էր մեզ այնտեղից ողջ-առողջ դուրս բերել, Աստված էր։ Հավատը մեզ օգնության է գալիս ամենադժվար պահերին։ Բայց ես կուզեի, որ մարդիկ միշտ հավատան և հավատքի օգնությամբ անցնեն իրենց կյանքի թե՛ խնդրահարույց, թե՛ լուսավոր ժամանակները։ Երբ այնտեղ էլ գիրք խնդրեցինք՝ մեզ Աստվածաշունչ բերեցին»,– պատմում է Վահեն։

Դատավարությունների ժամանակ շատ քիչ բան էին հասկանում։ Սկզբում իմացան, որ պետք է 20 տարի մնան Բաքվում։ Գտնվելով թշնամու երկրում՝ լսել, որ դեռ 20 տարի էլ պետք է դատապարտված լինես՝ սարսափելի էր։

«Հիմնականում դատավարությունը ադրբեջաներեն էր, որոշ բաներ՝ ռուսերեն։ Բայց փաստաթղթերը մեծամասամբ իրենց լեզվով էին, և մեզ ստիպում էին ստորագրել թղթերի տակ, որոնցից ոչինչ չէինք հասկանում»,– հիշում է նա։

Օրերն անցնում էին, և բանտախցում նրանց միավորում էր աղոթքն ու իրար հաջորդելով Աստվածաշունչ կարդալը։ Հեռուստացույցը, որ դրված էր ճաղերից այն կողմ, միայն սպորտային ալիք էր ցույց տալիս․ «Եվ նույնիսկ սպորտային ալիքով տեսնում էինք, որ Բաքվում «հեռուստաաստղ ենք»»,– կատակում է Վահեն։

Հետո լրատվականներով տարածվեց, որ հակառակորդ երկրի նախագահը ներում է շնորհել երիտասարդներին, և 20 տարվա պատիժը փոխարինվել է 10 օրով։

«Իրենք հատկապես նշում էին, որ 30 տարվա մեջ այսքան լավ վերաբերմունք չէին տեսել։ Նման դեպք դեռ չէր եղել, որ գերի ընկնեն ու այսքան շուտ ազատ արձակվեն»,– ասում է Վահեն։

Մեքենայով Բաքվից հասան Հայաստանի սահման 13 ժամում։ «Առաջինը մեզ Սյունիքը դիմավորեց։ Այսպես ասած՝ Հայաստանը գրկեց մեզ տասնօրյա թշնամանքից հետո։ Մենք մեզ երջանիկ էինք զգում, քանի որ հայրենիքում էինք։ Մեզ գրկում ու դիմավորում էին։ Տասը օր լսել ադրբեջաներեն, որից բան չէինք հասկանում, և վերջապես հայտնվել հայրենիքում ու լսել հայերեն․ դա անբացատրելի զգացողություն էր։ Կային օրեր, որ պարզապես ուզում էիր հարազատ, հասկանալի բառ լսել»,– պատմում է Վահեն։

Այս պատմությունը ոչ միայն գերի ընկած երեք երիտասարդների անձնական փորձառությունն է, այլև հիշեցում՝ որքան մեծ ուժ ունի հավատը և որքան անգնահատելի է հայրենիք վերադառնալու զգացողությունը։ Վահեի խոսքերը հնչում են որպես կոչ՝ դժվարին պահերին չկորցնել հավատը և գնահատել ու սիրել հայրենիքը։

Մարիամ Սարգսյան