Ինչքան կլինեն Զինապահ հիմնադրամին և բուժապահովության գումարները

Առողջապահական համընդհանուր ապահովագրության վճարների բեռը թեթևացնելու նպատակով նախատեսվում է «Զինապահ» հիմնադրամին ուղղվող գումարները կրճատել՝ վերադառնալով նախկին արժեքներին․ 1000 դրամ մինչև 1 մլն դրամ ստացողների համար այժմ գործող 5500 դրամի փոխարեն։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 5–ին, հայտնեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանի հետ ուղիղ եթերում քննարկման ժամանակ։

Նախատեսում են նաև հայտարարագիր լրացրած անձանց առողջապահական ծախսերի գծով սոցիալական կրեդիտների փոխհատուցումը բարձրացնել և ամսական 6000 դրամ վերադարձնել քաղաքացիներին։

«Երբ քաղաքացին համընդհանուր առողջապահական ապահովագրության շրջանակներում օգտվի որևէ բժշկական ծառայությունից, նրան SMS հաղորդագրություն կուղարկվի՝ ինչքան է վճարվել այդ ծառայության համար»,- առաջարկեց Փաշինյանը։

«Մենք այսօր դրա մի մասն արել ենք․ քաղաքացին իր հավելվածում տեսնում է, որ այց գրանցվեց իր անունով, և տեսնում է՝ պետպատվերով ինչքան գումար է փոխանցվել։ Հիմա ձեր առաջարկով հաղորդագրություն կպատրաստենք, որ ուղիղ գա այդ անձին, ոչ թե ինքը մտնի, նայի համակարգում»,- նշեց Ավանեսյանը։

200 000 դրամից բարձր ստացողները, ըստ նախարարի, 2026 թվականից կվճարեն ամսական 10 հազար 800 դրամ առողջապահական ապահովագրության համար։ Նախատեսվում է նաև ապահովագրության շրջանակներում տարեկան ստուգումներն անցնելը դարձնել պարտադիր։

«Եթե մի տարի չի անցել, հաջորդ տարի կգնա, կանցնի ստուգումները, նոր տարեկան փաթեթը կավելանա»,- նշեց Ավանեսյանը։

Հիշեցնենք, որ առողջապահության պարտադիր ապահովագրության օրենսդրական նախագիծը դեռևս ընդունված չէ։ Այն դեռ պետք է քննարկվի Ազգային ժողովում։

Հիմա խաղաղ է՝ անասուն են առնում, հենց լարվում է՝ ծախում են․ Սյունիքի առօրյան

Հոկտեմբերի 9-ին Տեղ համայնքի ռազմավարական Ուրցասար բարձուքին տեղադրվել է 34 մետր բարձրությամբ Հայաստանի հանրապետության դրոշը, որն, ըստ Տեղ համայնքի ղեկավար Դավիթ Ղուլունցի, խորհրդանշում է անկախության 34 ամյակը:

Օգոստոսի 8-ից հետո համայնքն այսպես ասած, ապրում է: Մինչեւ օգոստոսի 8-ը ամեն օր լարված վիճակ էր, ամեն օր: Երբ որ խաղաղության պայմանագիրը նախաստորագրվել է ԱՄՆ-ում, բարձրացել եմ Ուրցասարի գագաթ եւ միտք է առաջացել անկախության 34 ամյակի կապակցությամբ 34 մետր բարձրությամբ դրոշ տեղադրել: Սա Հայաստանի հանրապետությունում ամենաբարձր դրոշն է: Այստեղից անբողջ Սյունիքը երեւում է, Արցախի սարերն էլ են երեւում, ասում է Ղուլունցը:

Էլ ի՞նչ է երեւում Տեղ համայնքում: Շաբաթ օրը որոշեցի գնալ Խնածախ եւ Խոզնավար գյուղեր (Տեղ համայնք) եւ ՏԵՂացիներից իմանալ, թե ինչպես է ընթանում կյանքը պաշտոնական միջոցառումներից զատ: Բայց առանց նրանց հարցնելու էլ նկատվում է, որ միջոցառումներից հետո մթոլորտն այնպիսին է դառնում, ինչպես դրանցից առաջ: Արցախ տանող մայրուղին նույն կերպ դատարկ է, նրա աջ ու ձախ “ափերին” աշնանացան են արել: Արցախցիների մեքենաների փոխարեն ոչխարի հոտն է անցնում, որի համար հենց ճանապարհին սպանդանոց են կառուցել, այդպես էլ նեոնային կարմիր մեծ տառերով գրել ֆասադին:

“Այս բենզալցակայնները Խնձորեսկից մի մեծահարուստ է սկսել կառուցել, բայց այդպես էլ կիսատ է թողել, քանի որ շարժ չկա”, ասում է մի քարաշենցի, ով կանգնել եւ ինձ վերցրել էր ճանապարհին, երբ ես անիմաստ տրանսպորտի էի սպասում: “Մեր գյուղը հենց մայրուղու վրա է, ցանկացած պահի կարող էիր դուրս գալ ճանապարհ եւ գնալ Երեւան, Ղարաբաղից մեքենաների հոսքը չէր կտրում”, ասում է քարաշենցի վարորդը:

Ասում են, դեպի այս գյուղեր վերջերս հանրային տրանսպորտ է սկսել աշխատել, սակայն Գորիսում տաքսիստները դրա մասին տեղյակ չէին, կամ չէին ուզում տեղյակ լինել: Տեղեկատու էլ Գորիսում չկա:

Առանց իմ կոմից թեմա բացելը մարդիկ իրենք էին խոսում պատերազմի ու խաղաղույան մասին.

Եվրոպացիք, ռուսներն ասում են՝ խաղաղություն է լինելու, տեսնենք, – ասում է մի տաքսիստ: Ա, եթի՛մ, շտեղա՞ն եք գիդում, որ խաղաղություն է լինելու, ո՛չ մեկ գարանտիա չի կարող տալ, ո՛չ մեկ, սուտ բաներ են, ասում է ուղեվոր կինը: Եթե մեզ զենք լիներ, այս օրին չէինք հասնի, «արդարանում է» տաքսիստը: Բա դղյակներ են կառուցում, որտեղի՞ց զենք, չի համաձայնում գորիսեցի կինը, մեր հայը մտածելակերպ չունի, եվրեյը նախ պետության, սահմանի մասին է մտածում, հետո` տան, իսկ մեր դեպքում, չեն մտածում, որ Կյուրիսան դուրս գան` էլ սահման չկա, շարունակում է նա:

— Լրիվ ռուսի մեղքն է…

— Դե հա…

— Ալեւը հիմա հաղթողի կարգավիճակում է, չե՞ք տեսնում, անգամ Պուտինի հետ է պոզ-պոզ անում:

— Լավ է… հենց ռուսի մեղն է, որ էս օրին ենք: Ղարաբաղի անկումը նրա՞ մեղքը չէր:

— Պուտին… Ավելի լավ է դրա անունը մի տվեք…

— Ղարաբաղցիների փողը պետությունը տալի՞ս է…

Այսպիսի դիալոգով ընդհատում են նրանք միմյանց, մոռանում, թե Պուտինին, թե Ալիեւին, թե ղարաբաղցիներին ու անցնում կրեդիտով հեռուստացույց գնելու թեմային:

Խնածախն ու Խոզնավարը ասես ոչ թե Հայաստանից, այլ ամբողջ աշխարհից է կտրված: Ինչեւէ, հատկապես Երեւանի աղմուկից հետո հաճելի է գտնվել այստեղ, բայց երբ հիշում ես, թե ինչ է օր ու գիշեր հայկական մեդիան խոսում Սյունիքի մասին․․․ Խոսում են` թող խոսեն, մենք այսպես լուռ կկանգնենք, երեի կասեն Սյունյաց լեռները: Մենք էլ ենք լուռ կանգնած, հետո՞, երեւի դիմացից կարձագանքեն Արցախի լեռները:

 

Ստեփանակերտի՞ց ես գալիս, կատակում է խնածախեցի Միշա պապիկը: Հա, պատասխանում եմ ես: Թուրքեր չե՞ս տեսել, հարցնում է նա.․. Միշա պապիկը լրջանում է ու ասում, որ տրամադրություն չունի. “պառավս գնացել` թողել է ինձ մենակ”, հոգոց է հանում նա: Միշա պապիկին հաջողություն մաղթելով, ես գնում եմ Անիին բարեւելու:

Անին զինվորական համազգեստով մարդկանց հայաստաններ է ասում: “Էն սարի վրա հայաստաններ կան, էսօր հայաստանների եմ տեսել, մորքուրի տան մոտով երեք հայաստաններ են անցել”, ասում է նա ու պատռում կոնֆետի տութը: Անիի եղբայրն էլ ասում է, որ շուտով ինքն էլ է հայաստաններ դառնալու եւ ծառայելու է 1,5 տարի: “Կես տարի շուտ կգամ տուն, պապային մի բանով կօգնեմ”, ասում է նա:

Ինչպես նախորդ այցի, այս անգամ էլ Խոզնավարն ավելի աշխույժ ու բարեկարգ էր, քան Խնածախը: Ջուրը կա, նոր ասֆալտին անցում են գծում քաղաքավարի, գյուղամիջին երեխաները գնդակ են տշում:

Վերջը բարի լինի, բայց չգիտենք, ասում է Արցախի Մարտունուց այստեղ հարս եկած մի կին: Խաղաղվում է, մարդիկ սկսում են անասուններ գնել, վիճակը լարվում է` վաճառում են: Արդեն այնքան ենք խաբվել, որ չենք հավատում ոչ մի երաշխիքի: Մենք պատերազմ տեսանք, մեր երեխեքը տեսան, իրենց երեխեքն էլ տեսան արդեն: Հիմա հա, խաղաղ է, բայց ինչ կլինի ապագայում, ոչ մեկ ասել չի կարող, ասում է նա:

Մարութ Վանյան

Կառավարությունը պայմանագրային զինծառայության պայմանները բարելավում է

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջում նոր տեսանյութ է հրապարակել:

«2025 թվականի Հայաստանում շարքային պայմանագրային զինծառայողը կարող է ստանալ ավելի քան 700 հազար դրամ աշխատավարձ»,- ասել է նա:

Իսկ «Հրապարակ» թերթը գրում է. «Իշխանությունը հրատապ ռեժիմով շարունակելու է կյանքի կոչել նախընտրական, պոպուլիստական նախագիծը՝ զինվորական ծառայությունը 2-ից 1,5 տարի դարձնելու վերաբերյալ։ Նախագիծն արդեն ուղարկվել է խորհրդարան եւ քննարկվելու է եկող քառօրյա նիստերի ընթացքում։

Մեզ ասացին, որ քննարկում են նաեւ պարտադիր զինվորական ծառայության տարիներն իբրեւ աշխատանքային ստաժ հաշվարկելու հարցը, եւ նախագծի տեսքով դա նույնպես կներկայացվի խորհրդարանի ընդունմանը”։ 

Ինչպես է թուրք կինը զարմանում իր վրացական և հայկական արմատներից

Թուրք կինը ԴՆԹ թեստ է հանձնում և հասկանում, որ ինքը թուրք չէ, այլ 43.6%-ը վրացի է, 37.5%-ը՝ հայ, 15.6%-ը՝  հարավ-իտալացի, իսկ 1,4%-ը՝ հույն։

Սոցիալական ցանցերում տարածվել է մի տեսանյութ, որտեղ երևում է, թե ինչպես է երիտասարդ թուրք կինը անհավատորեն արձագանքում իր ԴՆԹ թեստի արդյունքներին և հասկանում, որ ինքը թուրք չէ, այլ 43.6%-ը՝ վրացի, 37.5%-ը՝ հայ, 15.6%-ը՝ հարավիտալացի և 1.4%-ը՝ հույն։ Շոկի մեջ նա կանգ է առնում, ծածկում է բերանը և բացականչում. «Ի՞նչ։ Ես թուրք չեմ»։

Այս պահը համացանցում իրարանցում առաջացրեց և նոր բանավեճեր առաջացրեց Թուրքիայում ժառանգության, ինքնության և ազգային պատմության վերաբերյալ։
Մինչ ԴՆԹ-ի վրա հիմնված թեստերը տարածում են գտել ամբողջ աշխարհում, Թուրքիայում գործնականում այն արգելված է կամ խստորեն կարգավորվում է, և քաղաքացիները հաճախ ստիպված են լինում ապավինել օտարերկրյա լաբորատորիաներին կամ օրինական միջնորդներին՝ թեստ ստանալու համար, ըստ Hellenic Daily News-ի։
Կառավարության սահմանափակումները բխում են էթնիկ պատկանելության և ազգային ինքնության նկատմամբ զգայունությունից:
Թուրքիայի ժամանակակից բնակչությունը ծագում է անատոլիական, կովկասյան և բալկանյան ժողովուրդների բարդ խառնուրդից, սակայն պաշտոնական պատմությունները ընդգծել են եզակի «թուրքական» ինքնությունը: Այսպիսի վիրուսային պատմությունները մարտահրավեր են նետում այս հասկացությանը և ընդգծում տարածաշրջանի բազմազան արմատները, այդ թվում՝ նշանակալի հայկական և վրացական ժառանգությունը, որը հաճախ մթագնված է տասնամյակներ տևած ասիմիլյացիայի քաղաքականության պատճառով:
Zartonk Media

Հնդկական արմատներով և պաղեստինամետ հայացքներով դեմոկրատը դարձել է Նյու Յորքի քաղաքապետ

34-ամյա դեմոկրատ Զոհրան Մամդանին հաղթել է Նյու Յորքի քաղաքապետի ընտրություններում, հաղորդում է Associated Press-ը։

Նախնական ձայների հաշվարկից հետո Մամդանին իր կողմնակիցներին ասել է, որ այս ընտրությունները «տապալել են քաղաքական դինաստիան»։

Մամդանին հնդկական ծագում ունեցող քաղաքական գործիչ է, ծնունդով Ուգանդայից։ Նա ԱՄՆ քաղաքացիություն է ստացել միայն 2018-ին։

Մամդանին նաև հայտարարել է, որ կձերբակալի Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին, եթե նա այցելի քաղաք։ «Ես բազմիցս ասել եմ. մեր քաղաքը հավատում է միջազգային իրավունքին։ Սա այն քաղաքն է, որը արժանի է, որ իր արժեքները արտացոլվեն մեր պարտավորություններում։ Ես կարծում եմ, որ մեր պարտականությունն է կատարել Միջազգային քրեական դատարանի կողմից տրված ձերբակալման օրդերները», – CNN-ին տված հարցազրույցում ասել է Մամդանին։ Թեկուզ Միացյալ Նահանգները չի ճանաչում Միջազգային քրեական դատարանի իրավասությունը ազգային մակարդակով։

Նյու Յորքում ծնված ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Մամդանիին անվանում է «100 տոկոսով կոմունիստ մոլեռանդ»։ Սեպտեմբերի 28-ին նա Truth Social-ում գրել է, որ դեմոկրատ սոցիալիստի հաղթանակը Հանրապետական ​​կուսակցության համար «լավագույն բաներից մեկը կլինի»։ «Նա խնդիրներ կունենա Վաշինգտոնում, ի տարբերություն մեր երբեմնի մեծ քաղաքի պատմության մեջ եղած որևէ քաղաքապետի։ Հիշե՛ք. նրան ինձանից՝ որպես նախագահ, փող է պետք՝ իր բոլոր ԿԵՂԾ կոմունիստական ​​խոստումները կատարելու համար։ Եվ նա դրանից ոչ մի կոպեկ չի ստանա», – խոստացել է Թրամփը։

Ամռանից ի վեր Ամերիկայի նախագահը նաև սպառնացել է Նյու Յորքը դաշնային վերահսկողության տակ վերցնել՝ այն «մաքրելու» համար։

2016 թվականին Սադիք Խանը, պակիստանյան ծագումով մահմեդական բրիտանացին դարձավ Լոնդոնի քաղաքապետ և վերընտրվեց երրորդ ժամկետով՝ 2024 թվականին։ Նրան ևս նկարագրում են որպես կենտրոն-ձախ սոցիալ-դեմոկրատ։ Թրամփը բազմիցս նսեմացնող և նույնիսկ վիրավորական դիտողություններ է արել Սադիք Խանի մասին։ Այժմ նա ունի իր սեփական մուսուլման քաղաքապետը Նյու Յորքում։

Ռուսաստանը և Արևմուտքը նույն խաղն են խաղում Հայաստանում

Ինչպես պարզվում է, Հայաստանում ստեղծվել է միջգերատեսչական խումբ՝ հիբրիդային պատերազմի դեմ պայքարելու համար, որը սերտորեն համագործակցում է ԵՄ-ի հետ: Չնայած հիբրիդային պատերազմի կոնկրետ թիրախը չի նշվում, փորձագետներն «բացատրում» են, որ դա Ռուսաստանն է։

«Ղարաբաղի գործոնը» Հայաստանում փոխարինվում է «ռուսական գործոնով», և այժմ բոլոր ներքաղաքական գործողությունները, ընտրարշավները, հանցագործությունները, արտաքին քաղաքականության զիջումները և նույնիսկ դավաճանությունը արդարացվում են «ռուսական գործոնով»։

ՀՀ իշխանությունները ոչ միայն չեն ձեռնարկել որևէ միջոց «ռուսական գործոնը» մեղմելու համար, այլև այն բարձրացրել մինչև ամենավերին ատյան. այժմ, ըստ ՀՀ կառավարության, ՀՀ սահմանները որոշվում են ոչ թե ՀՀ Սահմանադրությամբ, այլ խորհրդային քարտեզներով և Ալմա-Աթայի հռչակագրով: Դրա հետ միասին Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահները շարունակում են պահպանել ՀՀ սահմանները Թուրքիայի և Իրանի հետ, «Ռուսական երկաթուղիները», «Գազպրոմը» և «Ռոսնեֆտ» ընկերությունները շարունակում են մենաշնորհել ՀՀ շուկայում, իսկ Գյումրու և Էրեբունիի ռուսական ռազմաբազաները ծաղկում են ապրում։

Հայկական իշխանությունները հայտարարում են, որ այս պահին անհրաժեշտ է ճնշել ներքին «ռուսական գործոնը»՝ ընդդիմությանը, Հայ Առաքելական եկեղեցուն, «ռևանշիստներին» և նրանց, ովքեր դեռևս կարոտով նայում են Արարատին՝ առավոտյան սուրճ խմելուց։

Հայաստանի մասին “ռուսական” լեգենդը չափազանց տարածված է Արևմուտքում, որտեղ բոլորը հիանալի հասկանում են, թե ինչ է կատարվում։ Բայց մյուս կողմից, ի՞նչ անել՝ այլ կերպ անհնար է արդարացնել միջազգային իրավունքի բոլոր հնարավոր նորմերի մեծածավալ խախտումները՝ օկուպացիան, ցեղասպանությունը, Արցախի բնիկ բնակչության տեղահանությունը, ժողովրդավարական չափանիշների ու մարդու իրավունքների տոտալ խախտումը Հայաստանում։

«Ռուսաստանից ազատագրման» վեհ նպատակի անվան տակ կարելի է աչք փակել ամեն ինչի վրա։ Կարևոր է, որ ոչ ոք չխախտի 2023 թվականի սեպտեմբերի 17-ի Ռուսաստան-ԱՄՆ-ԵՄ կոնսենսուսը, երբ Կոստանդնուպոլսում կայացած հանդիպման ժամանակ որոշում կայացվեց Արցախը օկուպացնելու և հայաթափելու, ինչպես նաև Հայաստանը փաստացի վերացնելու մասին։ Ոչինչ չպիտի խոչընդոտի այս ծրագրին. նույնիսկ Մոսկվան է կրակի մեջ փայտ լցնում, որպեսզի, Աստված մի արասցե, Փաշինյանը չտապալվի։ Իսկ Արևմուտքը ուրախությամբ աջակցում է խաղին։

Մոսկվան տեղեկատվական պատերազմ է մղում Ղազախստանում և Հայաստանում, հաղորդում է The Washington Post-ը։

«Ուկրաինայից հետո ուշադրության կենտրոնում են հիբրիդային ազդեցության մեթոդները՝ անկայունացում, քարոզչություն, հավատարիմ էլիտաների ֆինանսավորում և եկեղեցու օգտագործում որպես ճնշման գործիք։

Հայաստանում իրավապահ մարմինների աշխատակիցները ձերբակալել են մի գործարարի, որը մեղադրվում է պետական ​​հեղաշրջման փորձի մեջ։ Հետաքննությունը մատնանշում է ռուսամետ կառույցների հետ կապերը։ Հայ առաքելական եկեղեցու մի մասը, որը նախկինում մեղադրվում էր ռուսական հետախուզական ծառայությունների հետ համագործակցելու մեջ, նույնպես անցել է Մոսկվայի կողմը», – վստահորեն գրում է The Washington Post-ը։

Ամերիկյան թերթը հաղորդում է, որ «Նիկոլ Փաշինյանը դեռևս վայելում է հասարակության մի մասի աջակցությունը, բայց նրա վարկանիշը նվազում է։ Կրեմլը, ըստ փորձագետների, կարող է փորձել շահագործել դա՝ իշխանության բերելու ավելի հավատարիմ քաղաքական գործիչների»։

Փաստորեն, Արևմուտքը խրախուսում է Հայաստանում «հիբրիդային պատերազմի» դեմ պայքարը՝ խոստանալով արդարացնել ցանկացած կամայական գործողություն, որպեսզի Նիկոլ Փաշինյանը պահպանի իշխանությունը։ Մոսկվան, իր հերթին, անում է ամեն ինչ՝ նույն նպատակի համար։

Արևմտյան և ռուսամետ քարոզչության ազդեցության տակ հայ ընտրողները այլևս քաղաքական գործիչներին չեն գնահատում «ղարաբաղյան կլանի» հետ նրանց կապերով, այլ Ռուսաստանի մասին հայտարարություններով։

Կաթողիկոսը, Սամվել Կարապետյանը, ձերբակալված քաղաքապետները և քահանաները պաշտոնապես չեն մեղադրվում ռուսական ազդեցության գործակալներ լինելու մեջ, բայց այդպիսին է հասարակական գիտակցության մեջ ստեղծված պատկերը՝ թե՛ տեղական, թե՛ միջազգային մակարդակով։

Բաքվի դատախազը հրապարակել է “Ղարաբաղյան շարժման” «հանցավոր գաղափարներ» տարածողների անունները

Խոսելով Արցախյան շարժման գաղափարախոսության մասին՝ Բաքվի դատարանում մեղադրական ճառում դատախազը նաև քաղաքական ու հասարակական գործիչների մի ցանկ է հրապարակել, մեղադրելով նրանց «հանցավոր գաղափարների» տարածման համար: Հիշատակվում են Զորի Բալայանի, Սիլվա Կապուտիկյանի, Իգոր Մուրադյանի, Վազգեն Մանուկյանի, Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ժիրայր Սեֆիլյանի անունները:

Արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու հարցերով ստեղծվում է աշխատանքային խումբ

Հաշվի առնելով, որ Արցախի տեղեկատվական շտաբի էջում 2025 թվականի հոկտեմբերի 21-ին տեղադրված հայտարարության մասով մեծամասամբ դիմել են Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ընթացակարգերի վերաբերյալ հարցերով, ուստի աշխատանքներն առավել արդյունավետ և թիրախային կազմակերպելու նկատառումերից ելնելով ձևավորվել է աշխատանքային խումբ: Այս մասին հայտարարություն է տարածել Արցախի տեղեկատվական շտաբը։

Հայտարարությունում նաև ասվում է. «Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն ձեռք բերելու ամբողջ գործընթացի, այդ թվում ծննդյան, ամուսնության, ամուսնալուծության, մահվան, հայրության ճանաչման վկայականների վերականգնման, ինչպես նաև քաղաքացիություն ձեռք բերելու հետ կապված այլ իրավախորհրդատվական օգնություն ստանալու համար կարող եք դիմել Հայաստանի Հանրապետությունում Արցախի Հանրապետության Մշտական ներկայացուցչություն կամ զանգահարել նշված հեռախոսահամարներով։

Հասցե՝ ՀՀ, քաղաք Երևան, Նաիրի Զարյան 17ա

Աշխատանքային ժամեր՝ երկուշաբթիից ուրբաթ, 10:00–17:00

Հեռախոս՝  099 948765, 091 948765:

ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը. Փաշինյան

ԵՄ դիտորդները Հայաստանում կմնան մինչև Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագրի ստորագրումը։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային ֆորումում հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ խաղաղության համաձայնագրի ստորագրումից և վավերացումից հետո ձևաչափում փոփոխություններ կլինեն և Հայաստանն այս մասին ավելի առարկայական քննարկումներ կանցկացնի իր եվրոպացի գործընկերների հետ։

Նա հայտնել է, որ Ղազախստանից բեռը շուտով կհասնի Հայաստան՝ Ադրբեջանի և Վրաստանի տարածքով անցնող տարանցիկ ճանապարհով։ «Իմիջիայլոց, ասեմ, որ այդ որոշումը նախապես այդ ծավալով քննարկված չի եղել Հայաստանի հետ», – եզրակացրել է Փաշինյանը։

Զանգում են, ներկայանում են՝ բանկի աշխատող ու պահանջում լիցքավորել հաշվեհամարը. ՆԳՆ

Զեղծարարները զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն։ Այս մասին հաղորդում է ՆԳՆ–ն։

«Հարգելի հայրենակիցներ, երբ Ձեզ զանգահարում և ներկայանում են ԱԱԾ, Կենտրոնական կամ որևէ այլ բանկի աշխատակից և տարբեր պատրվակներով  պահանջում են Ձեր բանկային հաշիվներից հանել գումարը և իրենց կողմից տրմադրած հաշվեհամարում լիցքավորել այն (Ձեզանից կարող են պահանջել կրիպտոակտիվային ծառայություն մատուցող բանկոմատներից QR կոդը նկարել և ուղարկել իրենց) մի՛ վստահեք:

Դրանով դուք Ձեր ֆինանասական միջոցները տրամադրում եք հանցագործներին:

Ֆինանսական այս զեղծարարությունը կանխելու նպատակով Քրեական ոստիկանության Կիբեռհանցագործությունների դեմ պայքարի վարչությունը ակտիվ համագործակցություն է հաստատել կրիպտոտերմինալային ծառայություն մատուցող SKYLABS ընկերության հետ, որի արդյունքում հիշյալ տերմինալներով իրականացված զեղծարարությունները ամբողջովին կկանխվեն, իսկ մուտքագրված գումարը հանցագործները չեն կարողանա տնօրինել: Հիշեք` զգոնությունը կարևոր է»,- նշված է հաղորդագրության մեջ։

Հայաստանը 1990-ականներին հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը. ի՞նչ կանի Բաքուն

Անկարայում ասում են, որ 2026 թվականի սկզբին Թուրքիայի և Հայաստանի միջև սահմանը կբացվի քաղաքացիների համար։ Այս մասին նոյեմբերի 4-ին «Օրբելի 2025» միջազգային համաժողովի ժամանակ հայտարարել է Թուրքիայի խորհրդարանի հայազգի նախկին պատգամավոր Գարո Փայլանը։

«Ինչպե՞ս կարելի է հասնել խաղաղության։ Ճնշմա՞ն միջոցով։ 120 տարի փորձել են։ Չի ստացվել։ Սահմանի երկու կողմերի մարդիկ իրար չեն ճանաչում և փոխանակվում են ատելության հռետորաբանությամբ»,- նշել է Փայլանը։

Նրա խոսքով՝ այժմ Հայաստանն ու Ադրբեջանը առանց միջնորդների են շփվում միմյանց հետ, հայ և թուրք պաշտոնյաները անմիջականորեն են զրուցում միմյանց հետ։

«Սա երազանք է, որն իրականացել է։ Հայաստանը 1990-ականներին հաղթել է պատերազմը, բայց չի հաղթել խաղաղությունը։ Երկրորդ ղարաբաղյան պատերազմում հաղթել է Ադրբեջանը, բայց արդյոք ադրբեջանական առաջնորդները կունենա՞ն այնքան իմաստնություն, որպեսզի հաղթանակ տանեն նաև խաղաղության կառուցման գործում։ Հայաստանը պատրաստ է խաղաղության, Թուրքիան նույնպես պատրաստ է կարգավորման»,- ընդգծել է նա։

«Մեկ էլ հոպ, 55 մլրդ դրամ որտեղի՞ց են գտնում ու ուղղում արցախցիներին»․ Սայիդա Պողոսյան

ՀՀ կառավարությունը հայտնել է, որ 2026 թվականի պետական բյուջեի նախագծով նախատեսվում է Արցախից բռնի տեղահանված անձանց կեցության, այդ թվում՝ բնակարանային ապահովման եւ այլ ծախսերը հոգալու համար սոցիալական աջակցության ծրագիրը հաջորդ տարի շարունակել եւ այդ նպատակով հատկացնել 55 մլրդ դրամ։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ Սայիդա Պողոսյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձավ հարցին, թե ի՞նչ են ակնկալում արցախցիները հաջորդ տարվա համար, այս աջակցությունը կլուծի՞ արցախցիների հիմնական խնդիրները։

«Այո, կառավարությունն այսպիսի ամպագոռգոռ հայտարարություններ է անում, բայց սա ավելի շատ նախընտրական քայլ է։ Ես սա անվանում են օրինական կաշառք, որովհետեւ ո՞նց է, որ մինչեւ հիմա արցախցիների համար բոլոր ծրագրերը փակվում էին, մեզ ուղարկում էին աշխատելու, ասում էին՝ գնացեք աշխատեք, ձրիակերներ, մեկ էլ հոպ, 55 մլրդ դրամ որտեղի՞ց են գտնում ու ուղղում արցախցիներին»,- ասաց Սայիդա Պողոսյանը։

Նա նշում է, որ ընտրություններից հետո արցախցին այլեւս անհրաժեշտ չի լինի ՀՀ իշխանություններին, եթե այս իշխանությունները վերարատադրվեն։ «Բայց մենք պետք է միշտ հիշենք, որ արցախցին պետք է լինի գործոն, ոչ թե գործիք։ Եթե այս տեմպերով շարունակվի, դեռ բոլորը կփորձեն արցախցիներին որպես գործիք օգտագործել։ Ընտրություններին ընդառաջ քաղաքացիություն ստանալու գործընթացն են նաեւ արագացրել։ Այնպես որ, մենք պետք է աչալուրջ լինենք։ Իհարկե, մենք ՀՀ լիիրավ քաղաքացի ենք՝ 070 կոդով անձնագրով եւ մտահոգ ենք ՀՀ անվտանգության ու տարածքային ամբողջականության համար»,- հավելեց նա։

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ խնդիրների են այսօր ամենաշատը բախվում արցախցիները եւ որ հարցերով են դիմում Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդին՝ Սայիդա Պողոսյանն ասաց․ «Ամենաշատը դեռ իրավական դաշտի կարգավորման խնդիրներն են անհանգստացնում մարդկանց։ Օրինակ՝ շատ արցախցիներ դեռ զանգահարում են մեզ ծննդականի, մահվան վկայականների եւ այլ փաստաթղթերի վերականգնման հարցով։ Փորձ են անում արագացված ձեւով այդ հարցերը լուծել, բայց հերթերը շարունակվում են, մարդիկ ավելի շատ անտեղյակության խնդիր ունեն։ Ամեն համայնքում գոնե մի ակտիվ կառույց պետք է լինի, որ փորձի ուղղորդել մարդկանց ու բացատրել, որովհետեւ բավականին տարիքով մարդիկ ունենք, ովքեր տեղաշարժվելու խնդիր ունեն։ Այսինքն՝ այսօր խնդիրներն ավելի շատ իրավական դաշտում են»։

Ըստ Սայիդա Պողոսյանի՝ բոլոր արցախցները չէ, որ կարողանում են օգտվել ՀՀ կառավարության բնակապահովման ծրագրից։ Անշարժ գույքի գներն արհեստականորեն աճել են, 1-3 հոգանոց ընտանիքները չեն կարողանում հավաստագրի շրջանակներում բնակարան ձեռք բերել։ «Մյուս խնդիրը, որը շարունակում է արդիական մնալ, արցախցիների զբաղվածության հարցն է։ Մարդիկ, աշխատանք չգտնելով, փորձում են արտագաղթել, բայց մեզ համար գերխնդիր է, որ արցախցին մնա Հայաստանում։ Քանի արցախցին Հայաստանում է, Արցախի հարցը փակված չէ»,- ասաց նա։

Անդրադառնալով ՀՀ իշխանության ներկայացուցիչների հայտարարություններին, թե արցախցիների վերադարձի համար հնարավորություն չեն տեսնում, Սայիդա Պողոսյանն ասաց․ «Արցախ վերադարձի հարցը երբեք փակված չի լինելու։ Այնպես չէ, որ արցախցին վարդագույն ակնոցներով է նայում իրավիճակին, որ պետք է գնա ու արդբեջանցիների հետ ապրի Արցախում։ Այս ամենի լուծումներից ռազմական ճանապարհն է ու ժամանակը։ Երբ ավելի բարենպաստ ժամանակը կգա, երբ բանակը կվերականգնվի, երբ զինվորի թիկունքը նորից պատերազմի դաշտում պաշտպանված կլինի, այդ դեպքում Արցախ վերադարձի հարցը էլի կլինի օրակարգում։ Բայց այնպես չէ, որ այսօր մեր օրակարգում չկա այդ հարցը, ուղղակի ժամանակավոր դադար է վերցված, մինչեւ կհասնենք մի իրավիճակի, երբ կկարողանանք պայքարել թշնամու դեմ։ Նախ ներքին թշնամու դեմ պայքարենք, հետո՝ արտաքին»։

Ռոզա Հովհաննիսյան