Արարատ Միրզոյանն ասում է, որ 10 տարվա նպաստը չի “մոտիվացնի” արցախցիներին

Կառավարության այսօրվա նիստում ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն առաջարկեց 10 տարով բնակարանի վարձավճար չհատկացնել արցախցիներին։ Հիշեցնենք, որ փոքր կազմով եւ սոցիալական հատուկ կարգավիճակում գտնվող ընտանիքներին բնակապահովման խնդրի լուծման համար կառավարությունը 10 տարի ժամկետով բնակվարձ կվճարի, իսկ ինչ-որ փուլում, ինչպես այսօր ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարը, սոցիալական բնակարններ կառաջարկվեն այս ընտանիքներին։

Արարատ Միրզոյանն ասաց․ «Բնակվարձի կոմպոնենտը ես 10 տարի լսեցի, իմ տպավորությամբ սա կարող է մի փոքր չափազանցություն է։ Գուցե դիտարկենք սկզբի համար 3 տարի կամ 5 տարի, ինչի՞ եմ ասում, որովհետեւ եթե ցանկացած մարդու 10 տարվա այդպիսի հեռանկար ես տալիս, մի տեսակ մոտիվացիան էլ է կորում՝ փոխելու կյանքում որեւէ բան»։

Նիկոլ Փաշինյանը պարզաբանեց, որ ոչ բոլոր արցախցի ընտանիքներին է վերաբերում այս ծրագիրը։ «Պարոն Միրզոյան, խոսքը հատուկ սոցիալական խմբերի մասին է, ընտանիքը բաղկացած է 2 անդամից, անդամներից մեկն 80 տարեկան է, մյուսը՝ առաջին խմբի հաշմանդամ է։ Ինչքան էլ մենք իրենց մեկ անձի հաշվով փոխհատուցումը տանք, այդ մարդիկ խնդիր ունեն գնալ ու բնակարան առնել։ Մենք ոչ մեկի չենք ստիպում, որպեսզի մարդն անընդհատ սթրեսի մեջ չընկնի, մենք իրենց ասում ենք՝ փողոցում չեք հայտնվելու, մենք 10 տարի հեռանկար ենք բացում»,- նշեց Փաշինյանը։

Ու՞ր են ուղարկվելու արյան հոտն առած ողջ մնացած ադրբեջանցիներին և վարձկաններին

Վերջերս ռուս-ուկրաինական պատերազմում որպես վարձկաններ կռվելու համար ավելի ու ավելի հաճախ են հավաքագրվում ադրբեջանցիներ, խորհրդարանում հայտարարել է Բաքվի պատգամավոր Զահիդ Օրուջը։

«ԶԼՄ-ները մտահոգիչ լուրեր են տարածում ռուս-ուկրաինական պատերազմին մասնակցած տասնյակներով զոհված կամ անհետ կորած ադրբեջանցիների մասին, որոնք հակամարտության երկու կողմերում էլ մարտերում զոհվել են։ Մեր հայրենակիցների հետ մեկտեղ, ովքեր կամավոր կամ իրենց երկրների խնդրանքով միացել են պատերազմին, աճում է նաև վարձկան գործողությունների համար Ադրբեջանի քաղաքացիների հավաքագրման դեպքերը», – նշել է պատգամավորը։

«Ամենամեծ կորուստը Ղարաբաղում մարտական ​​փորձ ունեցող մասնագետների մասնակցությունն է ամսական աշխատավարձի դիմաց։ Պարզվում է, որ արտասահմանյան հետախուզական կենտրոնները նույնպես նպատակ ունեն վնասել Ադրբեջանի հեղինակությունը՝ նվաճողական պատերազմին ներգրավելով «Հայրենական» պատերազմին մասնակցած և հաղթական բանակի կերպար ձևավորած մարդկանց։ Արդյունքում, սա կորուստ է ոչ միայն մեր ժողովրդի, այլև մեր բանակի համար»։ Նրանք, ովքեր երկիր են վերադառնում վիրավորված, բայց իրենց մտքում կրում են պատերազմի դաժան հետևանքները, ծանր բարոյական և սոցիալական բեռ են ստեղծում իրենց ընտանիքների և հասարակության համար, և ապագայում կարող են միանալ արմատական ​​խմբավորումներին։ Պետական ​​անվտանգության մարմինները կոչով դիմել են մեր բոլոր քաղաքացիներին և հայրենակիցներին. «Մեր Հայրենական պատերազմը Ղարաբաղն է, մեր հողերի ազատագրումն է, իսկ հիմա՝ Մեծ վերադարձը»։ (Խմբ. «Մեծ վերադարձը» վերաբերում է ոչ թե Արցախին, այլ Հայաստանին):

Հիշենք, որ 2020-2023 թվականների «ղարաբաղյան փորձ» ստացել են ոչ միայն ներկայիս Ադրբեջանի տարածքում ապրող էթնիկ խմբերը, այլև Արցախ ուղարկված հազարավոր ահաբեկիչներ և վարձկաններ՝ փոքրաթիվ հայկական բանակի դեմ կռվելու համար: Խոստացված փողից և «ոգեշնչող» թմրանյութերից հարբած՝ ահաբեկիչները, որոնց աջակցում էին թուրքական, իսրայելական, ռուսական և բելառուսական զենքերը, իրականացրին ագրեսիա՝ վստահ լինելով, որ Մոսկվայի կողմից վերահսկվող հակաօդային պաշտպանությունը չի գործի։

Այս ահաբեկիչներից շատերը, ինչպես նաև պատերազմին մասնակցած Ադրբեջանի քաղաքացիները, ակնկալում էին հարուստ կալվածքներ Ղարաբաղում և զգալի օգուտներ: Նրանցից շատերը զոհվեցին կամ սպանվեցին, իսկ մնացածը ոչինչ չստացան. Ղարաբաղը դեռևս փակ է նույնիսկ զբոսաշրջիկների համար: Ալիևը թույլ չի տա ագրեսիվ անհատներին մտնել Արցախ. նա հասկանում է, որ նրանք, ովքեր մեկ անգամ գնվել են, կրկին կվաճառվեն: Իսկ նրանք, ովքեր փորձել են պնդել իրենց իրավունքները և պահանջել վարջը, շեշտելով Թուրքիայի օգնությունը, հայտնվել են ճաղերի հետևում:

Վերջերս Էրդողանը քննադատեց թուրք ընդդիմադիր գործիչներին, որոնք պնդում են, որ Ալիևին «հաղթանակը» Ղարաբաղում նվիրաբերել է Թուրքիան՝ այնտեղ բազմաթիվ վարձկաններ ուղարկելով։ Էրդողանն ասաց, որ սա չի կարող բացահայտ քննարկվել, քանի որ դա կարող է վնասել Թուրքիայի հեղինակությանը։

Նա չասաց, թե ուր են գնացել Արցախից այս վարձկանները 2023 թվականից հետո. գուցե նրանք են կռվում ուկրաինական ճակատում, քանի որ ոչ ոք չի հաշվում վարձկանների մահերը և ոչ ոք չի վճարում զոհվածներին։

Միևնույն ժամանակ, Բաքուն համաներում է հայտարարել, որի առաջնահերթությունը ղարաբաղյան պատերազմին մասնակցածների ազատ արձակումն է։ Շուտով ազատ կարձակվեն հազարավոր մարդիկ, ովքեր առել են հայկական արյունը։ Եվ նրանք չեն գնա Արցախ կամ ուկրաինական ճակատ, նրանց կուղարկեն Հայաստան՝ որպես 300,000 «ադրբեջանցի փախստականների» մաս, որոնց Ալիևը պահանջում է ընդունել՝ իր անվտանգության ծառայություններով և վարչական մարմիններով հանդերձ։

Միևնույն ժամանակ, հայտնի ադրբեջանցի լրագրող և Space TV-ի հաղորդավարուհի Սաիդա Բեքիրգիզին հաստատեց, որ Ադրբեջանը կորցրել է առնվազն 20,000 զինվոր և սպա, որոնք զոհվել են վերջին ղարաբաղյան պատերազմի ժամանակ։ Հիշեցնենք, որ հայկական կողմը կորցրել է 4,000 զինվոր։

Լրագրողը նաև խստորեն քննադատեց Ադրբեջանի իշխանություններին այն փաստի համար, որ Լեռնային Ղարաբաղն այժմ գործնականում դատարկ է. ոչ ոք չի տեղափոխվում այնտեղ ապրելու: Սակայն սա զարմանալի չէ. ադրբեջանցիները զանգվածաբար փախչում են ոչ միայն Ղարաբաղից, այլև հենց Ադրբեջանից, ինչպես իրենք՝ ադրբեջանցիներն են ասում և գրում: Նրանց պատրաստվում են «մեծ վերադարձի»՝ դեպի Սյունիք, դեպի Սևան…

Կառավարությունը հաստատեց «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագիրը

Կառավարությունը տարեվերջյան նիստում այսօր հաստատեց «Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության խթանման» ծրագիրը։

«Մի նոր ծրագիր ենք ներդնում Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածությունը խթանելու համար։ Շահառուները նրանք են, ովքեր օգտվել են մեր բնակապահովման ծրագրից։ Ծրագիրը փոքր բիզնես հիմնելու տրամաբանությամբ է, որպեսզի կարողանան իրենց կենսագործունեությունը հոգալ, եթե կարիք կա, նաեւ հավելյալ վարկային միջոցներ վերցնել՝ ավելի բարձր արժեքով տուն ձեռք բերելու, քան մեր հավաստագրերն են»,- կառավարության նիստում ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Ըստ կառավարության հիմնավորման՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման անհրաժեշտությամբ, ինչը կնպաստի վերջիններիս տնտեսական կայունացմանը, արտագաղթի ու արտագնա աշխատանքի մեկնման ռիսկի նվազեցմանը, ինչպես նաեւ նոր աշխատատեղերի ստեղծմանը։

Նախագծով առաջարկվում է ինքնազբաղվածության խթանման ծրագիր իրականացնել ացրախցիների համար։ Մասնավորապես, ինքնազբաղվածության ապահովման նպատակով առաջարկվում է աջակցության տրամադրում ՀՀ կառավարության 2022 թվականի փետրվարի 17-ի N 169-Լ և ՀՀ կառավարության 2024 թվականի մայիսի 16-ի N 710-Լ որոշումներով հաստատված բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրերի շահառու հանդիսացող, հավաստագիր ստացած եւ իրացրած ընտանիքների անդամ հանդիսացող,  «Զբաղվածության մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածով սահմանված գործունեության որեւէ տեսակով Հայաստանի Հանրապետությունում չզբաղված և «Եկամտային հարկի, շահութահարկի և սոցիալական վճարի անձնավորված հաշվառման համակարգում» առկա տեղեկատվության հիման վրա վերջին 3 ամսվա ընթացքում հարկ վճարող չհանդիսացող անձանց։ Նախատեսվում է, որ ծրագրում շահառուն կարող է ընդգրկվել 1 անգամ, ընդ որում՝ շահառու կարող է  լինել յուրաքանչյուր ընտանիքի միայն 1 անդամ։

Նախագծով առաջարկվում է Ղարաբաղից տեղահանված անձանց ինքնազբաղվածության ապահովման նպատակով տրամադրել աջակցություն հետևյալ ուղղություններով՝

1) ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ աջակցություն (այդ թվում՝ խորհրդատվություն, բիզնես ուսուցում, որի շրջանակում նաև գործարար ծրագրի մշակում և ձեռնարկատիրական գործունեության իրականացման ուղեկցում 12 ամիս ժամկետով, մասնավորապես, տնտեսական գործունեության իրականացման ընթացքում ծագած դժվարությունները հաղթահարելու նպատակով անհրաժեշտ խորհրդատվության տրամադրում՝ հարկային պարտավորությունների և այլ պետական վճարների կատարման, բիզնեսի կառավարման, մարքեթինգի, արտադրանքի (արդյունքի) փաթեթավորման, առաքման, վճարման կամ այլ նորարարության հարցերով, այդ թվում՝ թվային ու արհեստական բանականության գործիքների ինտեգրման վերաբերյալ).

2)         գործարար ծրագրերի իրականացման համար դրամաշնորհների տրամադրում։

Ձեռնարկատիրական գործունեության մեկնարկի և իրականացման համար անհրաժեշտ բիզնեսի ուսուցման և ուղեկցման աշխատանքները կազմակերպվում են ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության միասնական սոցիալական ծառայության կողմից իրավաբանական անձանց կամ անհատ ձեռնարկատերերի (այսուհետ՝ կազմակերպություն) հետ սույն ծրագրով սահմանված կարգով կնքված հրապարակային օֆերտայի պայմանագրի հիման վրա, որի օրինակելի ձևը հաստատում է ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարը։ Հրապարակային օֆերտայի պայմանագրեր կարող են կնքվել այն կազմակերպությունների հետ, որոնք ունեն բիզնես դասընթացներ կազմակերպելու և բիզնես ուղեկցում իրականացնելու առնվազն 3 տարվա փորձառություն։ Կազմակերպությունների ցանկը, հրապարակային օֆերտայի պայմանները, ինչպես նաև մատուցվող ծառայությունների շրջանակը հրապարակվում են Միասնական սոցիալական ծառայության պաշտոնական կայքէջում:

Նախագծով առաջարկվում է կազմակերպությանը վճարել՝

1) յուրաքանչյուր շահառուի բիզնես ուսուցման համար՝ առավելագույնը 300,000 դրամ,

2) յուրաքանչյուր շահառուի 12 ամիս (ամսական միջինում 10 ժամի համար) բիզնես ուղեկցման համար՝ ամսական 60,000 դրամ։

Շահառուին ձեռնարկատիրական գործունեության իրականացման համար առաջարկվում է տալ դրամաշնորհ գործարար ծրագրով նախատեսված գումարի 70%-ի չափով, բայց ոչ ավելի, քան 2 000 000 դրամը։ Գործարար ծրագրի իրականացման համար շահառուն կարող է ներգրավել նաև կապիտալ միջոցներ կամ տարածքի վարձակալության համար հավելյալ միջոցներ՝ օրենքով չարգելված այլ աղբյուրներից։

Նախագծով առաջարկվում է ձեռնարկատիրական գործունեության մեկնարկից հետո 7 աշխատանքային օրվա ընթացքում շահառուին փոխանցել դրամաշնորհի գումարի 50%-ը, իսկ հիմնական միջոցների ձեռքբերման անհրաժեշտության դեպքում՝ մինչև 70%-ը՝ ձեռք բերված հիմնական միջոցների գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։ Գումարի մնացած մասն առաջարկվում է փոխանցել շահառուին գործունեության իրականացման մեկ տարին լրանալուց հետո։ Առաջարկվում է նաև ձեռնարկատիրական գործունեությունը 12 ամսից հետո ևս 6 ամիս գործելու դեպքում, եթե տարեկան շրջանառությունը կազմում է 3,000,000 դրամ, շահառուին տրամադրել հիմնական միջոցի ձեռքբերման ծախսի փոխհատուցում՝ մինչև 1,000,000 դրամի չափով, ընդ որում՝ փոխհատուցումը կտրվի ձեռք բերված հիմնական միջոցի գնումը հավաստող փաստաթղթի առկայության դեպքում։

Նախագծի ընդունմամբ ակնկալվում է ինքնազբաղվածության  հնարավորություն ընձեռել Ղարաբաղից տեղահանված շուրջ 200 անձի՝ նպաստելով վերջիններիս տնտեսական կայունացմանն ու արտագաղթի նվազեցմանը։

Ծրագրի շրջանակում աջակցությունը կարող է տրամադրվել նաև տեղական և միջազգային կազմակերպությունների և նրանց կողմից հատկացված դրամական միջոցների հաշվին՝ Հայաստանի Հանրապետության աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության կողմից վերջիններիս հետ ձեռք բերված գրավոր համաձայնությամբ։

Միջոցառման շրջանակում շահառու դառնալու համար դիմումներ կարող են ներկայացվել մինչև 2026 թվականի դեկտեմբերի 31-ը ներառյալ, ընդ որում` դիմումների ընդունման գործընթացը մինչև նշված ժամկետը դադարեցվում է Հայաստանի Հանրապետության 2026 թվականի պետական բյուջեով ծրագրի իրակա­նացման համար նախատեսված ոչ ֆինանսական ցուցանիշի սահմանաչափը լրանալու դեպքում։

Արցախցիներին բնակաջակցության՝ 40 հազարանոց նոր ծրագիրը ընդունվեց

«Առաջարկում ենք նոր ծրագիր սկսել, որը վերաբերում է Ղարաբաղից տեղահանված մեր հայրենակիցներին, ովքեր իրավունք ունեն այս պահի դրությամբ ստանալ այն հավաստագրերը, որոնք մենք տրամադրում ենք, բայց իրենց ընտանեկան կամ այլ կարգավիճակից ելնելով՝ չեն կարողանում իրացնել։ Սրանով մենք լուծում ենք փոքր ընտանիքների բնակապահովման հարցը»,- կառավարության այսօրվա նիստում արցախցի փոքր ընտանիքների բնակապահովման հարցի քննարկման ժամանակ ասաց աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանը։

Կառավարությունն ընդունեց վերջերս հանրային քննարկման դրված «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառումը եւ տրամադրման կարգը հաստատելու մասին» նախագիծը։

Արսեն Թորոսյանն ասաց, որ այս ծագրի շահառուները հիմնականում փոքրաթիվ ընտանիքներն են՝ 1-3 անդամ ունեցող, ովքեր ունեն հաշմանդամության կամ ծանր հաշմանդամության կարգ կամ բարձր տարիքի անձանցից բաղկացած ընտանիքներ են։ Նա նշեց, որ այդ ընտանիքներին այլնընտրանք են առաջարկում այս ծրագրով։

«Եթե նրանք բավարարում են այն բոլոր պայմաններին, որոնք նրանց թույլ են տալիս օգվել հավաստագրից, դա հիմնականում մեր քաղաքացիության պահանջն է, բայց չեն կարողանալու օգտվել, որովհետեւ այդ գումարը քիչ է լինելու, մենք նրանց հնարավորություն ենք տալիս գրանցվել սոցիալական բնակարանային ֆոնդի ծրագրի հերթացուցակում՝ որպես պոտենցիալ ֆոնդի շահառու։ Բայց, քանի որ այդ պահին հավանաբար մենք չենք կարող իրենց տալ այդ բնակարանային ֆոնդը, որովհետեւ այդքան բնակարաններ դեռ չունենք, նրանց տալու ենք վարձավճարի մասնակի փոխհատուցում՝ 40 հազար դրամի չափով, 10 տարի ժամանակով։ 10 տարվա ընթացքում, եթե իրենց բնակության վայրին, կենսական շահերին մոտ գտնվող վայրում կլինեն սոցիալական բնակարաններ, կառավարությունը նրանց առաջակելու է որեւէ փուլում տեղափոխվել այդ բնակարան՝ որպես ավելի կայուն ապրելու վայր։ Եթե նրանք կհրաժավեն այդ պահին, ապա կզրկվեն միջոցառումից, եթե կհամաձայնեն, կշարունակեն ապրել մեր սոցիալական բանակարանային ֆոնդում»,- նշեց Թորոսյանը։

Ըստ կառավարության որոշման՝ նախագծով նախատեսվում է կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի երկարաժամկետ մասնակի հատուցման եղանակով սոցիալական աջակցություն տրամադրել Ղարաբաղից տեղահանված՝ օրենսդրությամբ սահմանված կարգով պետական սոցիալական աջակցության ծրագրերի շրջանակում պետական սոցիալական բնակարանային ֆոնդում կացարանով ապահովման հերթացուցակում հաշվառված, ծրագրի շրջանակում բնակարանի կամ կառուցվող շենքից բնակարան գնելու իրավունքի կամ անհատական բնակելի տան ձեռքբերման կամ անհատական բնակելի տան կառուցման հավաստագիր չստացած կամ այն չեղարկած 1-3 անդամ ունեցող այն ընտանիքներին, որոնք բաղկացած են միայն անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող կամ անժամկետ ֆունկցիոնալության սահմանափակման խորը կամ ծանր աստիճան ունեցող կամ 60 ավելի տարեկան անդամներից, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 115 և ավելի է՝ 2 անդամի դեպքում, կամ որոնց անդամների տարիքների հանրագումարը 175 և ավելի է՝ 3 անդամի դեպքում: Նախատեսվում է սոցիալական աջակցությունը տրամադրել 120 ամիսների ընթացքում՝ աջակցության ամսական չափը ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար սահմանելով 40 000 դրամ։

Փաշինյանի “արևմտամետությունը” քողարկում է Հայաստանի խորացող կախվածությունը Ռուսաստանից

Փաշինյանը տարիներ շարունակ փորձում է հանրությանը համոզել, թե Հայաստանը «շարժվում է դեպի Արևմուտք»։ Սակայն փաստերը ցույց են տալիս, որ այդ հայտարարությունները ոչ միայն իրականությանը չեն համապատասխանում, այլ նաև ծառայում են մեկ այլ նպատակին՝ քողարկել Հայաստանի շարունակական և խորացող կախվածությունը Ռուսաստանից։

Վերջին այցը Սանկտ Պետերբուրգ այդ ստի հերթական ապացույցն է։ Այն տեղի ունեցավ մի փուլում, երբ պաշտոնական Երևանը խոսում է «արևմտյան վեկտորի» մասին, սակայն գործնականում շարունակում է մնալ թուրք-ռուսական քաղաքական օրակարգի շրջանակներում։ Եթե Հայաստանը իրականում դուրս գար ռուսական ազդեցության դաշտից, նման այցերն այս ձևաչափով պարզապես չէին լինի։

Այսպես կոչված «արևմտյան ուղղությունը» չի արտացոլվում որևէ իրական ռազմավարական հարաբերության մեջ։ Հայաստանը չունի Արևմուտքի հետ անվտանգության, ռազմական կամ քաղաքական պարտավորություններով ամրագրված դաշինք։ ԵՄ-ի, ԱՄՆ-ի կամ առանձին եվրոպական պետությունների հետ ստորագրված փաստաթղթերը հիմնականում խորհրդատվական կամ տեխնիկական բնույթ ունեն և չեն ստեղծում անվտանգության իրական երաշխիքներ։ Այս ֆոնին «արևմուտք գնալու» խոսույթը մնում է դատարկ հռետորաբանություն։

Հայ-ռուսական հարաբերությունների իրական ճարտարապետության հիմքը մինչև այսօր մնում են 1921 թվականի Մոսկվայի և Կարսի պայմանագրերը։ Այդ պայմանագրերով է ձևավորվել այն համակարգը, որի մեջ Հայաստանը դիտարկվում է ոչ թե որպես ինքնիշխան սուբյեկտ, այլ որպես ռուս-թուրքական պայմանավորվածությունների օբյեկտ։ Նիկոլ Փաշինյանի իշխանության օրոք այդ համակարգը ոչ թե կոտրվել է, այլ պահպանվել և նույնիսկ ամրապնդվել և դեպի թուրքական գնացել։

Վերջին տարիներին ռուս-թուրքական պայմանավորվածությունները մտել են նոր փուլ։ Այդ պայմանավորվածությունների տրամաբանությունից բխում է, որ Ռուսաստանը աստիճանաբար դուրս է գալիս Հայաստանից՝ տարածաշրջանը թողնելով թուրքական ազդեցության ներքո։ Սա չի նշանակում Հայաստանի ազատում ռուսական կախվածությունից, այլ պարզապես վերահսկողության փոխանցում մեկ կենտրոնից մյուսին։

Արևմուտքը, իր հերթին, առաջնորդվում է հիմնականում մարդավարական և աշխարհաքաղաքական հաշվարկներով՝ առաջին հերթին Ռուսաստանի ազդեցությունը տարածաշրջանից նվազեցնելու նպատակով։ Հայաստանի գործող իշխանությունների օբյեկտային և պարտվողական վարքագծի պայմաններում Արևմուտքը փաստացի հաշտվում է ռուս-թուրքական «հանձնում-ընդունման» այս գործընթացի հետ՝ չտեսնելով Երևանում ինքնուրույն քաղաքական կամք և սուբյեկտայնություն։

Այս նույն տրամաբանությամբ է պետք դիտարկել նաև «Ռուսաստանի հիբրիդային պատերազմը Նիկոլ Փաշինյանի դեմ» թեզը։ Այդ թեզի քողի ներքո եվրոպական որոշ շրջանակներ, այդ թվում՝ Կայա Կալասի մակարդակով, ֆինանսական աջակցություն են տրամադրում իշխանությանը՝ իբր թե «ռուսական ագրեսիային դիմակայելու» համար։ Մինչդեռ իրականությունը այլ է․ Ռուսաստանի հիբրիդային պատերազմը միշտ էլ գոյություն ունի, բայց այն ուղղված չէ կոնկրետ Նիկոլ Փաշինյանի դեմ։ Այն ուղղված է Հայաստանի Հանրապետության ինքնիշխանության դեմ և վերջի 5 տարիների ընթացքում իրականացվում է հենց ռուս-թուրքական գործիք դարձած այս իշխանության ձեռքերով։

Արևմուտքը կվերանայի իր դիրքորոշումը և իրական աջակցություն կցուցաբերի Հայաստանի թուրքացումը կանխելու գործում միայն այն դեպքում, երբ կկայանան մի քանի փոխկապակցված պայմաններ։

Առաջինը՝ Հայաստանում պետք է ձևավորվի սուբյեկտային իշխանություն և արդար պետական համակարգ, որը կգործի ազգային շահերից ելնելով, ոչ թե արտաքին կենտրոնների սպասարկման տրամաբանությամբ։

Երկրորդը՝ Ռուսաստանը պետք է վերջնականորեն հեռանա Հայաստանից՝ ոչ ձևական, այլ ինստիտուցիոնալ մակարդակով։

Երրորդը՝ Իրանը և Վրաստանը պետք է աստիճանաբար շարժվեն ավելի արևմտյան ուղղվածության քաղաքականության, ինչը կփոխի ամբողջ տարածաշրջանային հավասարակշռությունը։

Եվ չորրորդը՝ Թուրքիան պետք է դառնա ռազմաքաղաքական բեռ Արևմուտքի համար, այլ ոչ թե օգտակար գործընկեր։

Այս չորս պայմանները փոխկապակցված են, փոխլրացնող և լիովին կանխատեսելի։

Բայց առաջնայինը՝ Հայաստանում ազգային իշխանափոխության խնդիրն է, որը շատ բան կփոխի և նոր կարգավիճակ կտա Հայաստանին։

Մինչ դրանք չեն իրականացել, «արևմուտք գնալու» մասին խոսքերը կմնան ընդամենը քաղաքական մանիպուլյացիա, իսկ Հայաստանը՝ ռուս-թուրքական գործարքների զոհ և գնալով ավելի կդառնա թուրքական ֆորտպոստ։

Սամվել Ասլիկյան, Ազգային-Ժողովրդավարական Բևեռի անդամ

Ծրագիր արցախցի կանանց համար

Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամը հայտարարում է «Խոցելի կանանց հզորացումը Հայաստանում» ծրագրի շրջանակներում փոքր ձեռնարկությունների և մասնագիտական կրթությունների հայտադիմումների մեկնարկի մասին: Այս մասին հայտնում է Փաստինֆո-ն։ 

Ծրագիրը նախատեսում է ֆինանսավորել.
– 40 փոքր ձեռնարկություն (նախապատվություն կտրվի գյուղատնտեսական, արտադրական ոլորտներին և նորարարական գաղափարներին),
– 15 մասնագիտական կրթություն:

Ծրագրի շահառու կարող են լինել 2023 թ. սեպտեմբերից հետո Արցախից բռնի տեղահանված 18-65 տարեկան խոցելի կանայք, ինչպես նաև 2020 թ. պատերազմում զոհված կամ դրան հաջորդող ռազմական գործողությունների հետևանքով 1-ին կամ 2-րդ կարգի հաշմանդամություն ունեցող զինծառայողների կանայք և մայրերը, ովքեր ցանկանում են ձեռք բերել նոր մասնագիտություն կամ ունեն փոքր ձեռնարկություն ստեղծելու մտադրություն:

Ծրագրին դիմելու վերջնաժամկետն է 2026 թվականի հունվարի 12՝ ժամը 23:59:

Ծրագրի բոլոր մանրամասներին կարող եք ծանոթանալ այստեղ

Մասնակցության հայտի հղումն այստեղ՝

Ծրագիրն իրականացվում է Կայուն Զարգացման Հայկական Հիմնադրամի կողմից՝ Սուրբ Սարգիս բարեգործական կազմակերպության և Սոցիալական Օգնության Հայկական Միության համաֆինանսավորմամբ:

«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) շինարարությունը կմեկնարկի 2026 թվականին․ ԱԳՆ

«Թրամփի ուղի» նախագծի (TRIPP) փաստացի իրականացման և շինարարության փուլը կմեկնարկի 2026 թվականին։ Այս մասին հայտնում է ՀՀ արտաքին գործերի նախարարությունը` պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։

ԱԳՆ–ն պարզաբանել է, որ Հայաստանը «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» նախագծի իրավական շրջանակի ու կարգավորումների շուրջ ինտենսիվ բանակցություններ է վարում ԱՄՆ գործընկերների հետ։

««TRIPP Company»-ն՝ հայ-ամերիկյան համատեղ ձեռնարկությունը, կգրանցվի Հայաստանում և կստանա երկաթուղային, ճանապարհային, նավթային և գազային խողովակաշարերի, ինչպես նաև օպտիկամանրաթելային մալուխների անհրաժեշտ ենթակառուցվածքների զարգացման իրավունք»,– հայտնել է գերատեսչությունը:

Փարիզի և Նիսի քաղաքապետարանները կոչ են արել ազատել արցախցի գերիներին

Ֆրանսիայի տեղական ինքնակառավարման մարմինները հանդես են գալիս նոր նախաձեռնություններով՝ հայ գերիների ազատ արձակման պահանջով

ՙՙԴեկտեմբերի 17-ին Փարիզի քաղաքային խորհուրդը ընդունել է բանաձև, որով վերահաստատում է իր հանձնառությունը Արցախի ժողովրդի, մարդու իրավունքների պաշտպանության և միջազգային իրավունքի կիրառման նկատմամբ՝ պահանջելով կամայականորեն պահվող հայ գերիների անհապաղ ազատ արձակումը։

Նույն օրը Նիսում, քաղաքապետ Քրիստիան Էստրոզիի նախաձեռնությամբ, քաղաքապետարանի շենքի վրա ցուցադրվել են հայ գերիների լուսանկարները՝ նրանց ճակատագրի վրա հանրային ուշադրություն հրավիրելու նպատակով։ Սոցիալական ցանցերում հրապարակված իր հայտարարության մեջ Նիսի քաղաքապետը արցախցի բանտարկյալներին գնահատել է որպես պատանդներ և կոչ արել Ֆրանսիային ու Եվրոպային հանդես գալ վճռական քայլերով ադրբեջանական իշխանությունների դեմ։

Այս նախաձեռնությունները վկայում են ֆրանսիական հասարակության և քաղաքական շրջանակների մի զգալի հատվածի կամքի մասին՝ բարձրաձայնելու կամայական ազատազրկումների, արդար դատաքննության բացակայության և մարդու հիմնարար իրավունքների խախտումների վերաբերյալ”, հայտնում է Արցախ Միությունը

Հիշեցնեմ, որ սեպտեմբերին որպես Քերոլայն Քոքսի անվան վերականգնողական կենտրոնի պատվիրակության անդամ, ես այցելել եմ Ֆրանսիա։ Այցի շրջանակներում Նիսում կազմակերպվեց նաև հանդիպում հայ համայնքի հետ։ Տեղի ունեցավ երկար ու բովանդակալից զրույց, որի ժամանակ մեր հայրենակիցներն հստակ ընդգծեցին Ադրբեջանում պահվող  ռազմագերիների ազատ արձակման անհաժետությունը և պատմեցին տվյալ հարցի լուծմանն ուղղված իրենց ջանքերի մասին:

Ի դեպ օրերս ԱՄՆ Կոնգրեսում ներկայացված «ARMENIA Security Partnership Act»  օրինագծում նույնպես ընդգծվում է բոլոր հայ գերիների և պատանդների անհապաղ և անվերապահ ազատման անհրաժեշտությունը:

Խաղաղությունը կարող է գալ միայն այն ժամանակ, երբ գերիները ազատ արձակվեն, և ադրբեջանական զորքերը վերադառնան իրենց նախնական դիրքերը, երբ լուծվի Արցախի հարցը, և մեր բոլոր հայրենակիցներին հնարավորություն տրվի վերադառնալ իրենց հայրենիք: Այս մասին են փաստում Հայաստանի և  Ադրբեջանի միջև նախաստորագրված ՙՙԽաղաղության պայմանագրի՚՚ ֆոնին միջազգային տարբեր հարթակներում ձեռնարվող քայլերը:

Արսեն Աղաջանյան

Սևծովյան ցիկլոն է գալիս

Հայաստանում 15 օր շարունակ գործող հզոր անտիցիկլոնը, որն ապահովում էր մեզ համար արևառատ երկինք, չոր, առանց տեղումների եղանակ, դեկտեմբերի 26-ից սկսած քայքայվում է: Այդ մասին Ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տնօրենի տեղակալ Գագիկ Սուրենյանը:

«Այն դեկտեմբերի 27-ի երեկոյան ժամերին, 28-ին իր տեղը զիջում է Սև ծովի կողմից եկող ցիկլոնին, որն իր հետ կբերի տեղումներ: Տեղումները լեռնային և նախալեռնային գոտիներում հիմնականում կդիտվեն ձյան տեսքով»,- նշել է նա:

Զելենսկին հրապարակել է ԱՄՆ-ի հետ քննարկվող խաղաղության ծրագրի 20 կետերը

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բացահայտեց խաղաղության ծրագրի 20 կետերը, որոնք Կիևը քննարկում է Միացյալ Նահանգների հետ։

Ծրագիրը հետևյալն է.

Ուկրաինայի ինքնիշխանության հաստատում։
Ռուսաստանի և Ուկրաինայի միջև չհարձակման մասին համաձայնագիր, շփման գծի մոնիթորինգ։
Անվտանգության երաշխիքներ։
Խաղաղ ժամանակ Ուկրաինայի զինված ուժերը կունենան 800,000 անձնակազմ։
Միացյալ Նահանգները, ՆԱՏՕ-ն և Եվրոպան Ուկրաինային կտրամադրեն անվտանգության երաշխիքներ,  ՆԱՏՕ-ի կանոնադրության 5-րդ հոդվածին հավասար։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման դեպքում կլինի ռազմական պատասխան և պատժամիջոցների վերականգնում։
Ռուսաստանը Եվրոպայի և Ուկրաինայի նկատմամբ չհարձակման քաղաքականությունը կամրագրի բոլոր անհրաժեշտ օրենսդրություններում։
Ուկրաինան կդառնա ԵՄ անդամ որոշակի ժամկետում (Կիևը ցանկանում է ամրագրել Ուկրաինայի անդամակցության ամսաթիվը, նշել է Զելենսկին)։
Գլոբալ զարգացման փաթեթ, որը կսահմանվի առանձին ներդրումային համաձայնագրով։ Մասնավորապես, քննարկումը կկենտրոնանա արագ զարգացող ոլորտներում, այդ թվում՝ տեխնոլոգիաների, տվյալների կենտրոնների և արհեստական ​​բանականության ոլորտներում ներդրումներ կատարելու համար ուկրաինական զարգացման հիմնադրամի ստեղծման վրա, բացատրել է Զելենսկին։

Տարածքային վերականգնման համար կստեղծվեն մի քանի ֆոնդեր։ Նպատակն է ներգրավել 800 միլիարդ դոլար։

Ուկրաինան կարագացնի Միացյալ Նահանգների հետ ազատ առևտրի համաձայնագրի կնքման գործընթացը։
Ուկրաինան միջուկային զենքից զերծ կարգավիճակ կստանա։
Զապորոժյեի ատոմակայանը պլանի այն կետն է, որի շուրջ դեռևս փոխզիջում չկա։ Միացյալ Նահանգները առաջարկում է եռակողմ կառավարում, որտեղ ամերիկացիները կլինեն գլխավոր կառավարիչը։ Ուկրաինայի փոխզիջումային առաջարկը 50/50 հարաբերակցությամբ բաժանում է Միացյալ Նահանգների և Ուկրաինայի միջև։

Դպրոցներում կրթական ծրագրեր, որոնք «խթանում են տարբեր մշակույթների փոխըմբռնումն ու հանդուրժողականությունը, վերացնում ռասիզմը և կողմնակալությունը»։

Տարածքներ. Զելենսկին այս կետը անվանել է ամենադժվարը։ Մեկ տարբերակ է, որ Ռուսաստանը դուրս գա Դնեպրոպետրովսկի, Նիկոլաևի, Սումիի և Խարկովի մարզերից։ Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժյեի և Խերսոնի մարզերում «կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք»։ Միացյալ Նահանգները առաջարկում է փոխզիջում՝ ազատ տնտեսական գոտի։ Եթե ​​«մենք կանգնում ենք այնտեղ, որտեղ կանգնած ենք» բանաձևի շուրջ համաձայնություն չլինի, ապա ազատ տնտեսական գոտին կարող է ընդունվել միայն հանրաքվեի միջոցով, ընդգծեց Զելենսկին, որից հետո ամբողջ փաստաթուղթը պետք է ներկայացվի հանրաքվեի։

Ռուսաստանն ու Ուկրաինան պարտավորվում են չփոխել պայմանագիրը ուժով։

Ռուսաստանը չի խոչընդոտի Ուկրաինայի կողմից Դնեպր գետի և Սև ծովի առևտրային գործունեության համար օգտագործմանը: Քինբըրնի ծոցը կապազատվի։

Կիրականացվի «բոլորը բոլորի դիմաց» գերիների փոխանակում, ինչպես նաև քաղաքացիական անձանց, երեխաների և քաղբանտարկյալների վերադարձ։

Ուկրաինան պետք է հնարավորինս շուտ ընտրություններ անցկացնի համաձայնագրի ստորագրումից հետո։

Համաձայնագիրը կլինի իրավաբանորեն պարտադիր։ Դրա իրականացումը կհետևի ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի նախագահությամբ գործող Խաղաղության խորհուրդը։

Երբ բոլոր կողմերը համաձայնվեն այս համաձայնագրի հետ, անմիջապես ուժի մեջ կմտնի լիակատար հրադադար։

Ինչ վերաբերում է Ուկրաինայի վերակառուցման համար պլանի համար միջոցներ հայթայթելու մասին դրույթին, Զելենսկին նշեց, որ միջոցները կծախսվեն միայն Կիևի վերահսկողության տակ գտնվող տարածքներում։

Ընտրությունների կետի վերաբերյալ Կիևը բազմիցս հայտարարել է քվեարկության անցկացման իր համաձայնության մասին։ Bild-ը դեկտեմբերի 15-ին հաղորդել է, որ Ուկրաինան պատրաստ է ընտրություններ անցկացնել 100 օրվա ընթացքում։ Ավելի վաղ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտարարել էր, որ Ռուսաստանը պատրաստ է դադարեցնել Ուկրաինայի խորքում հարվածները ընտրությունների ժամանակ։

«Բայց, իհարկե, այստեղ կա մեկ հարց, որը մենք չենք կարող անտեսել։ Մասնավորապես, միլիոնավոր ուկրաինացի քաղաքացիներ ապրում են Ռուսաստանի Դաշնությունում», – ասաց նա՝ հավելելով, որ Մոսկվան իրավունք ունի պահանջել, որ կազմակերպիչները ապահովեն, որ Ռուսաստանում բնակվող ուկրաինացիները հնարավորություն ունենան քվեարկելու իրենց տարածքում։ Զելենսկին արդեն դրանից կտրուկ հրաժարվել է։

Գերի Կարեն Ավանեսյանի ողբերգությունը. Հայաստանը չի տրամադրում նրա առողջության մասին տեղեկանք

«Ազատությունը» ծավալուն հոդված է հրապարակել Ստեփանակերտի բնակիչ Կարեն Ավանեսյանի կյանքի դրամատիկ շրջադարձերի մասին, ով ներկայումս գերության մեջ է Բաքվում և որին սպառնում է 18 տարվա ազատազրկում: Նրա պատմությունը արտացոլում է այն ուղին, որը կանցնեին նրանք, ովքեր կմնային Արցախում Բաքվի իրավասության ներքո։

Պարզվեց, որ հայ փաստաբանները բողոք են ներկայացրել Մարդու իրավունքների եվրոպական դատարան Կարեն Ավանեսյանի գործով, և դատարանը բողոքը ընդունել է արտակարգ կարգով: Սակայն, Ավանեսյանի հոգեկան առողջության խնդիրները ապացուցելու համար փաստաբաններին անհրաժեշտ է տեղեկանք, որ Ավանեսյանը հոգեկան հիվանդության համար բուժվել է Ստեփանակերտում։

Փաստաթղթերը բերվել են Արցախից և հասանելի են հայաստանյան արխիվներում, սակայն Հայաստանի կառավարությունը հրաժարվում է տրամադրել դրանք՝ վկայակոչելով առողջական տեղեկատվության գաղտնիությունը և հիվանդի կողմից լիազորված անձի բացակայությունը: Միջազգային իրավական հարցերի ՀՀ հանձնակատարը նույնպես չի զբաղվում այս խնդրով, թեկուզ պարզ չէ, ինչպես կարող է գերության մեջ գտնվող անառողջ մարդը ինչ-որ մեկին նշանակի լիազոր:

Կարեն Ավանեսյանն իսկապես լուրջ առողջական խնդիրներ ունի և երկար տարիներ Ստեփանակերտում կատուներ էր կերակրում։ Նա Արցախում է մնացել ամբողջ հայ բնակչության տեղահանությունից հետո՝ իր առաքելությունը շարունակելու համար։ Սեպտեմբերի 14-ին Բաքվի լրատվամիջոցները անսպասելիորեն հաղորդեցին Ստեփանակերտում տեղի ունեցած ենթադրյալ ահաբեկչության մասին այն օրը, երբ Ալիևը այնտեղ էր։ Հարձակման մեջ մեղադրվեց Կարեն Ավանեսյանը, որը ենթադրաբար վիրավորել էր մի քանի ադրբեջանցի ոստիկանների և ինքն էլ վիրավորվել էր պատասխան կրակից։

Ինչպես պարզվեց, այս միջադեպից առաջ Ավանեսյանը ցանկություն էր հայտնել տեղափոխվել Հայաստան, բայց ոչ ոք չզբաղվեց նրա գործով։ Ավանեսյանի տեղափոխումը Հայաստան կարող էր չափազանց բացասական լինել Բաքվի համար, ուստի նրանք Ստեփանակերտում «ահաբեկչական հարձակում» կազմակերպեցին և նրան տարան Գանձակում «դատելու»։

Սակայն այն փաստը, որ Հայաստանը ՄԻԵԴ-ին չի տրամադրում Կարեն Ավանեսյանի առողջության մասին տեղեկանք, որը կարող էր փրկել նրան, չի տեղավորվում ուղեղի մեջ։

Կարենի պատմությունը բացահայտում է նրա ողբերգության երկու կողմերը. ոչ մի հայ, նույնիսկ կատուներ կերակրող, չէր կարող գոյատևել Ստեփանակերտում, որտեղ արցախցիներին համառորեն կոչ էին անում մնալ Երևանից. յուրաքանչյուրի համար կգտնվեր «վիրավոր ոստիկան», և “մեղավորին” կտանեին Գանձակ։ Երկրորդ, Հայաստանի կողմից Կարենին տեղեկանք չտրամադրելը ցույց է տալիս, թե ինչպես կպաշտպաներ Հայաստանը նրանց, ովքեր կորոշեին մնալ, և որոնց Բաքվի իշխանությունները «կբանտարկեին» իրենց քմահաճույքով։

Արցախցիների բնակարանային խնդիրների համար ՀԲ-ն 250 մլն․ ծրագիր կիրականացնի

Համաշխարհային բանկի Գործադիր տնօրենների խորհուրդն հաստատել է 250 միլիոն դոլարի ֆինանսավորում՝ աջակցելու «Հայաստանում բնակարանային աջակցության և հիփոթեքային շուկայի զարգացման ծրագրին»։  Այս գործառնության նպատակն է ապահովել մատչելի բնակարանային հասանելիությունը փախստական ընտանիքների համար և ամրապնդել երկրի բնակարանային և հիփոթեքային համակարգերը։ Ֆինանսավորման փաթեթը ներառում է երկու դրամաշնորհ. «Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամի» (Global Concessional Financing Facility (GCFF)) ՝ 24.4 միլիոն դոլարի չափով։

Բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրին օժանդակելու համար այս ծրագիրն անհապաղ վարձակալության աջակցություն կտրամադրի ավելի քան 40,000 փախստականների և հիփոթեքային սուբսիդիաների միջոցով կօգնի մոտ 6,500 փախստական ընտանիքների ձեռք բերել մշտական բնակարաններ։

Ծրագիրն իրականացվելու է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության և Ազգային հիփոթեքային ընկերության ղեկավարությամբ՝ կառավարության վերահսկիչ կոմիտեի ռազմավարական վերահսկողության ներքո։

Ծրագիրը փոխլրացնում է զարգացման գործընկերների ոլորտային ծրագրերը, այդ թվում՝ Ասիական զարգացման բանկի զուգահեռ աջակցությունը։ Այն նաև համահունչ է միջազգային զարգացման գործընկերների, ինչպիսիք են ՄԱԿ-ի փախստականների հարցերով գերագույն հանձնակատարի գրասենյակի (ՄԱԿՓԳ), ՄԱԿ-ի զարգացման ծրագրի (ՄԱԶԾ), Միգրացիայի միջազգային կազմակերպության (ՄՄԿ) և քաղաքացիական հասարակության կազմակերպությունների մարդասիրական օգնություն տրամադրելու, փախստականների ինտեգրումը հեշտացնելու և կենսապահովման միջոցները ընդլայնելու շարունակական ջանքերին։

«Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ հիմնադրամը» Հայաստանին տրամադրել է 40.40 միլիոն դոլարի դրամաշնորհներ, որոնք հնարավորություն են տվել Համաշխարհային բանկից արտոնյալ պայմաններով ստանալ 350 միլիոն դոլարի վարկեր՝ փախստականներ ընդունող համայնքներին և փախստականներին կրթության և բնակարանաշինության ոլորտներում աջակցելու, ինչպես նաև փախստականներին վերաբերող քաղաքականության մշակման համար: Այս ծրագրի շրջանակներում հիմանադամի՝ Հայաստանին ուղղված ներդրումը տրամադրվել է Ճապոնիայի, Նիդեռլանդների և Շվեդիայի կառավարությունների կողմից։

Համաշխարհային բանկը հավատարիմ է իր որոշմանը՝ աջակցելու Հայաստանին կենսունակ մոլորակի վրա աղքատության կրճատման զարգացման ճանապարհին: 1992 թվականին Հայաստանում իր գործունեությունը սկսելուց ի վեր Համաշխարհային բանկը շուրջ 3 միլիարդ ԱՄՆ դոլար է տրամադրել երկրին: