Կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով․ TRIPP-ի նշանակությունը

ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն, ամփոփելով, 2025 թվականին Վաշինգտոնի ձեռք բերած հաջողությունները, հիշատակել է նաև Հայաստանի և Ադրբեջանի հակամարտությունը՝ ասելով, որ կարող էր պատերազմ սկսվել՝ սարսափելի հետևանքներով: ԱՄՆ-ն, սակայն, ինչպես նշել է պետքարտուղարը, կարգավորեց այս հակամարտությունը ևս։

Օգոստոսի 8-ից անցել է գրոթե 5 ամիս, իսկ “Թրամփի ճանապարհի” մասին Վաշինգտոնում ստորագրված հռչակագիրը ավելի շատ հարցոր է առաջացնում, քան պատասխաններ տալիս։ Այդ հարցերի թնջուկն այնքան խառն է, որ թվում է՝ “пациент скорее мертв, чем жив”։

Դեռ պարզ չէ, թե ում սեփականությունն է հայ-իրանական սահմանի երկանքով անցնող այն ուղին, որով պետք է կառուցվեն “Թրամփի ճանապարհի” ենթակառուցվածքները։ Ռուսաստանը պնդում է, որ այն պատկանում է իրեն, քանի որ հենց Ռուսաստանն է Հայաստանի բոլոր երկաթուղիների տեր տիրակալը։ Իրանը խիստ մտահոգված է, Վրաստանը բարձրացնում է մաքսատուրքերը։ Բաքուն իր հերթին ասում է, որ ըստ սովետական ներքին փաստաթղթերի, այդ ճանապարհը Ադրբեջանական ԽՍՀ իրավասության ներքո էր։ Հայաստանը ասում է, որ այդ հարցը կքննարկի միայն ԱՄՆ-ի հետ։

Ընդ որում, Բաքվի արտգործնախարարն այսօր հայտարարել է, որ Հայաստանի կառավարությունն իրենց հավաստիացրել է, թե Ռուսաստանն այդ ճանապարհի հետ կապ չունի։

Դանիել Իոննիսյանը, օրինակ ասում է, որ ոչ մի խոշոր նախագիծ ՀՀ իշխանությունները չեն կարողացել իրականացնել։ «Ու նույնը, վախենամ, մեզ սպասում է TRIPP-ի կոնտեքստում. Ադրբեջանն իր մասը կառուցելու է, իսկ մենք դեռ սկսած էլ չենք լինի ու կազուս բելլի ենք ստանալու»։

Կազուս բելլին, այսինքն՝ պատերազմի նախադրյալը փաստորեն պահպանվում է, չնայած Մարկո Ռուբիոն պնդում է, որ Թրամփը սարսափելի հետևանքներով պատերազմ է կանգնեցրել։ Ընդ որում, հիմա պատերազմը անխուսափելի է թվում թե Թրամփի ճանապարհի իրականացման, թե հակառակի պարագայում։

Մարկո Ռուբիոն միայն մասնակի է ճիշտ՝ Վաշինգտոնյան համաձայնագիրը իրոք կանխել է Հայաստանի Սյունիքի բռնակցումը, որը տեղի կունանար կամ պատերազմով, կամ Հայաստանի “ինքնակամ” հանձնմամբ։ Հիմա դրան խոչնդոտում է Թրամփի ճանապարհը, բայց խիստ ժամանակավոր։ Քանի դեռ Հայաստանի կառավարությունը փորձում է զիջումների գնալ՝ իրեն համար մինիմալ կորուստներով, պատերազմը անխուսափելի է։

Չի բացառվում, որ հենց պատերազմի վտանգն է ԱՄՆ փոխնախագահ Վենսի հունվարին ենթադրյալ այցի պատճառը Հայաստան։ “Թրամփի ուղին” ոչ մի տնտեսական նշանակություն չունի, բոլորը դա գիտեն, այդ նախագծի նշանակությունը ռազմա-քաղաքական է։

Առողջության ապահավոգրության վերաբերյալ հաճախ տրվող հարցեր․ նախարարության պարզաբանումը

Առողջապահության նախարարությունը կայքում տեղադրել է առողջության համընդհանուր ապահովագրության վերաբերյալ քաղաքացիների կողմից հաճախ տրվող շուրջ երկու տասնյակ հարցերի պատասխանները։ Մսնավորապես՝ նախարարությունը պատասխանել է հետևայալ հարցերին․

  1. Ե՞րբ է ներդրվելու առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը։

Առողջության համընդհանուր ապահովագրության համակարգը ներդրվելու է 2026 թվականի հունվարի 1-ից` փուլային տարբերակով:

  1. Ո՞րն է տարբերությունը Առողջության համընդհանուր ապահովագրությամբ և պետպատվերով տրամադրվող բուժծառայությունների:

Տարբեր են թե՛ փաթեթի կառուցվածքով, թե՛ փոխհատուցման գներով:Սակայն ինչպես պետպատվերով տրամադրվող բուժծառայությունների դեպքում, այնպես էլ ապահովագրության դեպքում, ամեն ինչ սկսվում է առաջնային օղակից: Անհրաժեշտության դեպքում, ընտանեկան բժշկի կամ մանկաբույժի ուղեգրով կկազմակերպվի հետագա բուժումը` նեղ մասնագետի խորհրդատվությունից մինչև հիվանդանոցային բուժում` բացառությամբ շտապ և անհետաձգելի դեպքերի:

  1. Ովքե՞ր են առաջին փուլով ընդգրկվելու ապահովագրական համակարգում։

Հայաստանի Հանրապետության քաղաքացի և ռեզիդենտ

  • Մինչև 18 տարեկանները
  • Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանները
  • Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանները
  • 65 + տարիքի քաղաքացիները
  • Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիները, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձինք
  • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամները
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցները
  • Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձինք
  • Բռնադատվածները
  • Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողները
  • Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկը, որդեգրողը, խնամակալը կամ հոգաբարձուն
  • Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամը՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով
  • 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացողները
  • 2 400 001 դրամ և ավելի համախառն եկամուտ ունեցող ԱՁ-ներ և նոտարները:
  1. Անհատ ձեռներեցները ընդգրկվելու՞ են ապահովագրության համակարգում:

Եթե ունեն 2 400 001 դրամ շրջանառություն և այդ մասին հաշվետվությունը ներկայացնեն մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը, նրանք կընդգրկվեն համակարգում: ԱՁ-ները ապահովագրավճարը պետք է վճարեն միանգամից տասներկու ամսվա համար, մինչև 2026 թվականի ապրիլի 20-ը:

  1. Որքա՞ն է ապահովագրական փաթեթի արժեքը։

Ապահովագրական փաթեթը բոլորի համար նույնն է լինելու, արժեքը` տարեկան 129, 600 դրամ, ամսական` 10800 դրամ:

  1. Ո՞ւմ համար է 2026 թվականին ապահովագրության գումարն ամբողջությամբ փոխհատուցվելու պետության կողմից։
  • Մինչև 18 տարեկանների
  • Առանց ծնողական խնամքի մնացած 18-23 տարեկանների
  • Առանց ծնողական խնամքի մնացած առկա ուսուցմամբ սովորող մինչև 26 տարեկանների
  • 65 + տարիքի քաղաքացիների
  • Հաշմանդամության 1-3-րդ խումբ ունեցող քաղաքացիների, ֆունկցիոնալության խորը, ծանր, միջին սահմանափակում ունեցող անձանց
  • Զոհված զինծառայողների ընտանիքների անդամների
  • Չեռնոբիլի ատոմակայանի վթարի վերացման աշխատանքների մասնակիցների
  • Համաշխարհային պատերազմի մասնակիցները և նրանց հավասարեցված անձանց
  • Բռնադատվածների
  • Հաշմանդամության զինվորական կենսաթոշակ ստացող նախկին զինծառայողների
  • Հաշմանդամություն ունեցող երեխայի ծնողներից մեկի, որդեգրողի, խնամակալի կամ հոգաբարձուի
  • Անապահովության միավոր կամ աստիճան ունեցող ընտանիքի անդամի՝ Կառավարության որոշմամբ սահմանված դեպքերում և կարգով
  1. Ինչպե՞ս է փոխհատուցվելու ապահովագրավճարը 200 001 – 500 000 դրամ աշխատավարձ ստացողների համար։

200 001 դրամից մինչև 500 000 դրամ աշխատավարձ ստացողների ապահովագրավճարի գերակշիռ մասը 2026 թվականին պետության կողմից փոխհատուցվելու է: Մասնավորապես` «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից 4500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին։ 6000 դրամը փոխհատուցվելու է պետական բյուջեից: Այս խմբի քաղաքացիները վճարելու են ամսական ընդամենը 300 դրամ:

  1. Ինչպե՞ս է փոխհատուցվելու 500 001 – 1 մլն դրամ աշխատավարձ ստացողների համար։

500 001 դրամից մինչև 1 մլն դրամ ստացող քաղաքացիների կողմից «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 8500 դրամից 7500 դրամն ուղղվելու է Ապահովագրության հիմնադրամին, մնացած 3300 դրամը պահվելու է իրենց աշխատավարձից, բայց 2027 թվականին այն ամբողջությամբ կարող են հետ ստանալ` ֆիզիկական անձանց հայտարարագրման համակարգով` որպես եկամտահարկի վերադարձ:

  1. Մեկ միլիոն դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիներից որքա՞ն գումար է ամսական պահվելու, և արդյո՞ք նրանք էլ կարող են օգտվել փոխհատուցումից:

Նրանք կշարունակեն «Զինապահ» հիմնադրամին հատկացնել 15 000 դրամ: Ամսական 10800 դրամ ապահովագրավճարը նրանք ամբողջովին վճարելու են, բայց հաջորդ տարի կարող են սոցկրեդիտով ամսական 4000 դրամ հետ ստանալ:

  1. Սոցփաթեթի շահառուներն ընդգրկվելո՞ւ են ապահովագրական համակարգում։

Սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 001 դրամ և ավելի է, առաջին փուլով (2026թ. հունվարի 1) կներառվեն ապահովագրական համակարգ: Նրանց ապահովագրավճարը ևս կփոխհատուցվի «Զինապահ» հիմնադրամին հատկացվող 5500 դրամից Ապահովագրության հիմնադրամին ուղղվող 4500 դրամով, ինչպես նաև կարող են իրենց սոցփաթեթի գումարը (ամսական 6000 դրամ) ևս ուղղել ապահովագրավճարին: Իսկ սոցփաթեթի այն շահառուները, որոնց աշխատավարձը 200 000 դրամից պակաս է, նրանք կշարունակեն սպասարկվել սոցփաթեթի շրջանակում:

  1. Ապահովագրավճարի փոխհատուցումն ավտոմա՞տ եղանակով է կատարվելու, թե՞ քաղաքացին պետք է որևէ գործողություն անի:

 Քաղաքացու կողմից որևէ գործողություն անելու կարիք չկա: Միայն սոցփաթեթի շահառուները մեկ անգամ պետք է դիմում գրեն, որով սոցփաթեթի գումարն իրենց հաշվին փոխանցելու փոխարեն կուղղվի ապահովագրության հիմնադրամին:

  1. 200 001 դրամ և ավելի աշխատավարձ ստացող քաղաքացիների աշխատավարձից ե՞րբ է լինելու ապահովագրավճարին ուղղվող առաջին պահումը:

Մինչև հունվարի 20-ը պետք է ապահովագրավճարի գումարը վճարված լինի:

  1. Ինչպիսի՞ կառավարման կառուցվածք է ստեղծվելու առողջության ապահովագրության համակարգի ներդրման համար։

Համակարգը ներդնելու համար կստեղծվի հիմնադրամ, կձևավորվի հոգաբարձուների խորհուրդ, տնօրենը կընտրվի մրցութային կարգով:

  1. Ո՞րն է առողջության ապահովագրության բարեփոխման հիմնական նպատակը։
  2. Բնակչության առողջության պահպանում
  3. Կյանքի միջին տևողության երկարաձգում
  4. Հաշմանդամության և վաղաժամ մահացության նվազեցում
  5. Կյանքի որակի բարելավում:
  6. Ե՞րբ են քաղաքացիերը տեղեկացվելու, որ ընդգրկված են ապահովագրության համակարգում:

Մինչև հունվարի 1-ը քաղաքացիները կտեղեկանան, որ իրենք ներառված են ապահովագրության համակարգում:

  1. Ինչպե՞ս է անձը հաստատելու իր համաձայնությունը` ընդգրկվելու ապահովագրության համակարգում և ինչպե՞ս է տեղեկանալու այդ մասին:

Քայլ 1. Քաղաքացին SMS հաղորդագրությամբ տեղեկացվելու է, որ նա ներառվել է ապահովագրության համակարգում, և անհրաժեշտ է համաձայնություն տալ։

Քայլ 2. Քաղաքացին պետք է գրանցվի «Արմեդ» հավելվածում և մեկ սեղմումով համաձայնություն տա պետության կողմից ապահովագրվելուն։

Քայլ 3. Եթե քաղաքացին չունի հասանելիություն էլեկտրոնային հավելվածին, ապա նա իր ընտանեկան բժշկի, ամբուլատոր թերապևտի, բուժքրոջ միջոցով ևս կարող է հաստատել իր համաձայնությունը:

  1. Որտե՞ղ կարելի է ստանալ առողջության ապահովագրությամբ փոխհատուցվող բուժօգնություն։

 Առողջության ապահովագրության փոխհատուցմամբ բուժօգնություն կարելի է ստանալ թե՛ պետական, թե՛ մասնավոր բուժհաստատություններում՝ ապահովագրության վկայագրով:

  1. Որտե՞ղ կարելի է ծանոթանալ ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների և դեղերի ամբողջական ցանկերին։

Ապահովագրության փաթեթում ներառված հիվանդությունների, ախտորոշումների, սքրինինգների, ինչպես նաև դեղերի կոնկրետ ցանկերը հասանելի կլինեն «Արմեդ» հավելվածում, Առողջապահության նախարարության և Հիմնադրամի պաշտոնական կայքերում:

19.Եթե քաղաքացին ներառվել է ապահովագրության համակարգում և որոշակի ժամանակ անց դարձել է գործազուրկ, նա շարունակելո՞ւ է վճարել ապահովագրության համար:

Քաղաքացին գործազուրկ դառնալով` հաշվառվում է ժամանակավոր անաշխատունակության համակարգում, որտեղից էլ որոշ ժամանակ որոշակի գումար է ստանում, ուստի այդ ամիսներին ապահովագրության համար ևս պետք է վճարի: Քաղաքացին մեկ անգամ մտնելով ապահովագրության համակարգ` մնում է համակարգում 12 ամիս` անկախ նրանից, թե այդ 12 ամիսներին համապատասխանում է համակարգում ներառվելու պահանջներին:

20.Ի՞նչ տույժեր են սահմանված ապահովագրավճարը չվճարելու դեպքում:

Կկասեցվի ապահովագրության փաթեթը:

21.Ապահովագրության փաթեթը դեղերի փոխհատուցում ներառու՞մ է:

Այն դեղերը, որոնց գումարն ամբողջովին չի փոխհատուցվելու, քաղաքացին կարող է վճարել հավելավճար:

 

Ձյուն է սպասվում

Հյուսիս-արեւմուտքից սառը մթնոլորտային ճակատի ներթափանցմամբ շաբաթ գիշեր հանրապետության առանձին վայրերում սպասվում է թույլ ձյուն։ Սակայն կեսօրից հետո եւ երեկոյին մոտ, ինչպես նաեւ կիրակի գիշեր եւ դեկտեմբերի 28-ի առավոտյան երկրի ողջ տարածքում արդեն սպասվում է ձյուն, տեղ-տեղ՝ ինտենսիվ, որը ցերեկը կշարունակվի Սեւանա լճի ավազանում, Արարատի եւ Վայոց ձորի ու Սյունիքի մարզերում։

Առաջիկա հանգստյան օրերին օդերեւութաբանները լեռներում կանխատեսում են տեղ-տեղ՝ հյուսիսարեւմտյան քամու ուժգնացում՝ 17-20 մ/վրկ, մրրիկ եւ ցածր տեսանելիություն ճանապարհներին։

Օդի ջերմաստիճանը երկրի ողջ տարածքում դեկտեմբերի 28-30-ին աստիճանաբար կիջնի 5-7 աստիճանով։ Ինչպես տեղեկացրել են «Հայպետհիդրոմետից», Երեւանում շաբաթ գիշեր սպասվում է թույլ ձյուն, իսկ ուշ երեկոյան կսկսվի ձյուն, որը կշարունակվի կիրակի գիշեր եւ դեկտեմբերի 28-ի առավոտյան։ Առաջիկա գիշեր մայրաքաղաքում կլինի 0-2, վաղը ցերեկը՝ +3+5։

Ռուսաստանի ազդեցությունից ազատվել ցանկացող կառավարությունը այլ կերպ կվարվեր

Հինգշաբթի օրը կայացած ճեպազրույցի ժամանակ Ռուսաստանի ԱԳՆ խոսնակ Մարիա Զախարովան տարակուսանք հայտնեց Հայաստանում այսպես կոչված «ռուսական ազդեցության գործակալների» որոնման վերաբերյալ: Զախարովան կասկածի տակ դրեց նման դասակարգման համար օգտագործվող ճշգրիտ չափանիշները։

«Ո՞վքեր են նրանք՝ ով պաշտպանում է երկկողմ հարաբերությունների զարգացո՞ւմը: Բայց Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը պարբերաբար խոսում է Ռուսաստանի հետ հարաբերությունները զարգացնելու անհրաժեշտության մասին: Նա անընդհատ խոսում է մեր երկրի նկատմամբ բարեկամական վերաբերմունքի մասին», – նշեց Ռուսաստանի ԱԳՆ խոսնակը։

Չափանիշներն իսկապես հրատապ հարց է մի երկրում, որտեղ անկախության հռչակումից 34 տարի անց լյուստրացիա չի իրականացվել, և ազգային հանրապետություններում խորհրդային գաղտնի ծառայություններում աշխատող անձինք չեն բացահայտվել: Առանց ընդհանուր լյուստրացիայի անհատ «գործակալների» «բացահայտումը» անիմաստ է:

Ահա թե ինչու Խորհրդային ՊԱԿ-ի կողմից Ամենայն հայոց կաթողիկոսի եղբոր հավաքագրման բացահայտումը, որը նախատեսված էր որպես «սենսացիա», ոչ միայն վրդովմունքի ալիք առաջացնեց, այլև դարձավ ներկայիս կառավարության նախատինք: Ընտրողական «լյուստրացիան» լավ միջոց է ներքին քաղաքական հակառակորդների դեմ հաշվեհարդարի համար, և առանց “հստակ չափանիշի” այն կարող է կիրառվել ցանկացածի նկատմամբ:

Ինչպե՞ս կարելի է ռուս հետախուզական գործակալներ նույնականացնել Հայաստանում, որի սահմանները Թուրքիայի և Իրանի հետ պաշտպանվում են Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահների կողմից։ Մի երկրում, որտեղ երկաթուղիները, գազատարները և շատ այլ ենթակառուցվածքներ պատկանում են ռուսական պետական ​​կորպորացիաներին։ Երկրում, որտեղ կա ռուս-հայական բանակային միավորում, որի օդային պաշտպանությունը վերահսկվում է Մոսկվայից։

Կառավարությունը, որը անկեղծորեն ցանկանում է ազատել Հայաստանը ռուսական ազդեցությունից և հաստատել ինքնիշխանություն, կսկսեր 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի վերանայումից, որը մինչ օրս սահմանում է Հայաստանի ներկայիս սահմանները։ Կառավարությունը կհայտարարեր Հայաստանում կենսական հաղորդակցությունների հանդեպ Ռուսաստանի սեփականության վերանայման մասին։ Սակայն, ինչպես ասում է Զախարովան, Նիկոլ Փաշինյանն ինքը անկեղծորեն ցանկանում է խորացնել ռուս-հայական հարաբերությունները։ Եվ հնարավոր է, որ «Թրամփի ճանապարհը» նույնպես կանցնի ԱԴԾ վերահսկողության տակ։

Մեծ Արցախից մի փոքրիկ երազանք

Ինը տարեկան Անահիտ Մանասյանը, որը ստիպված է եղել լքել հայրենի Արցախը, այժմ սովորում է Հրազդանի թիվ 2 դպրոցում: Չնայած կրած դժվարություններին, աղջիկը չի կորցրել կենսախնդությունը: Նա նաև ունի սիրելի հոբբի՝ ձեռագործություն: Անահիտը ոգևորությամբ է ստեղծագործում, պատրաստելով ձեռագործ իրեր և, չնայած երիտասարդ տարիքին, արդեն հինգ անգամ մոր հետ մասնակցել է ցուցահանդեսների և տոնավաճառների:

Աղջիկն ասում է, որ շատ ընկերներ ունի: Նա հատկապես նշում է Վիկային՝ մտերիմ ընկերուհուն, որը սիրում է Արցախը և վշտացած է, որ հայերի հայրենի հողը օկուպացիայի տակ է:

Անահիտն ասում է, որ իր բոլոր ընկերները գիտեն, թե որքան կարևոր է խաղաղ ապրելը և անկեղծորեն երազում են պատերազմի ավարտի և այն մասին, որ հայերը երբեք չլքեն իրենց երկիրը:

Աղջիկն ունի նաև անձնական երազանք. նա ուզում է դառնալ բլոգեր: Հետևաբար, Ձմեռ պապիկին ուղղված իր նամակում Անահիտը խնդրել է ընդամենը մեկ նվեր՝ միկրոֆոն, որը կօգնի իրեն աշխարհին խոսել իր ցավի և իրեն հույս տվողի մասին:

Ալվարդ Գրիգորյան

Յուրի Վագանով, Ռուսաստանի անօդաչու ուժերի հրամանատար։ Ո՞վ է նա

Այս տարվա նոյեմբերին Ռուսաստանի իշխանությունները հանդիսավոր կերպով հայտարարեցին զինված ուժերի նոր ճյուղի՝ անօդաչու համակարգերի զորքերի ստեղծման մասին: Ուկրաինա ներխուժման ժամանակ Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը շեշտեց զինված ուժերի այս ճյուղի առաջնահերթությունը: Սակայն հրամանատարի անունը դեռևս հրապարակայնորեն չի հայտնվել։

Ռուս z-բլոգերները պնդում են, որ Մոսկվայի մերձակայքում գտնվող Էլեկտրոստալից գործարար և կամավոր Յուրի Վագանովը, որը ռազմական կրթություն չունի, նշանակվել է ռուսական բանակի նոր ճյուղի հրամանատար, հաղորդում է BBC-ն։

Յուրի Վագանովը ծնվել է Ստեփանակերտում 1982 թվականին և մինչև Ռուսաստանի կողմից Ուկրաինա լայնածավալ ներխուժումը Էլեկտրոստալում ամենահայտնի գործարարը չէր: Նրա վերջին աշխատանքի վայրը, ըստ բազաների րտահոսած տվյալների, նշված էր որպես Citystroy-Group LLC, որը վաճառում էր սանտեխնիկա։

«Լինելով ղարաբաղցի հայ, նա իսկապես կառավարում էր սանտեխնիկայի շուկան, այստեղից էլ՝ «Ունիտազ» նշանունը», – ասում է BBC-ի աղբյուրը անօդաչու թռչող սարքերի ոլորտում, որը անձամբ ճանաչում է Վագանովին։

Ներխուժումից հետո Վագանովը սկսեց պարբերաբար մարդասիրական օգնություն հասցնել ինքնահռչակված Դոնեցկի և Լուգանսկի ժողովրդական հանրապետություններին (ԴԺՀ և ԼԺՀ): Այդ ժամանակ Russia Today քարոզչական ալիքը նրա մասին նկարահանեց կեսժամյա «Կամավոր» ֆիլմը: «Հաջողակ ռուս ձեռնարկատերը մարդասիրական օգնություն է տրամադրում Դոնբասի բնակիչներին», – նկարագրել է նրան ֆիլմի ստեղծողը: Վագանովն ինքը RT-ի թղթակցին ասել է. «Ես ծնվել եմ Լեռնային Ղարաբաղում, Ստեփանակերտ քաղաքում, և ես նույնպես մեծացել եմ պատերազմի ժամանակ. նաև ամիսներ շարունակ ապրել եմ նկուղում»:

Պատերազմի ընթացքում Վագանովը կարողացավ զարգացնել բազմազան կապեր և դարձավ ռուսական բանակի համար FPV անօդաչու թռչող սարքերի հիմնական մատակարարներից մեկը:

BBC-ն Վագանովին անվանում է ռուսական «Մադյար». հիշեցնենք, որ 2024 թվականին Ռոբերտ Բրովդին՝ Անդրկարպատյաից էթնիկ հունգարացին, ստեղծել է «Մադյարի թռչունները», նշանակվելով Ուկրաինայի անօդաչու ուժերի հրամանատար:

Նրան նաև համեմատվում է թուրքական Բայրաքթարի հետ, որին համարում են «անօդաչու» մարտերի հայր։

«Թող մեռնի». Զելենսկին անունը չտվեց, բայց բոլորը հասկացան

Դեկտեմբերի 25-ի գիշերը հեռուստատեսային Սուրբ Ծննդյան ուղերձում Ուկրաինայի նախագահը հայտարարեց. «Այսօր մենք բոլորս ունենք մեկ երազանք։ Եվ մենք բոլորիս համար մեկ ցանկություն ենք պահում։ «Թող մեռնի», – կասի յուրաքանչյուրը ինքն իրեն։ Բայց երբ մենք դիմում ենք Աստծուն, իհարկե, մենք ավելի լայն խնդրանք ունենք։ Մենք խաղաղություն ենք խնդրում Ուկրաինայի համար»։

«Սուրբ Ծննդյան նախօրեին ռուսները կրկին ցույց տվեցին, թե ովքեր են իրականում։ Հսկայական հրետակոծություններ, հարյուրավոր «շահիդներ», բալիստիկ հրթիռներ, «Կինժալ» հրթիռներ՝ այս ամենը թափվեց մեր գլխին։ Ահա թե ինչպես են պայքարում անաստվածները։ Ահա թե ինչպես են վարվում նրանք, ովքեր բացարձակապես ոչ մի ընդհանուր բան չունեն քրիստոնեության կամ որևէ մարդկային բանի հետ», – ավելացրեց Զելենսկին։

Չնայած Զելենսկին ուղղակիորեն չասաց, որ ուկրաինացիները ցանկանում են Պուտինի մահը, նրա խոսքերը զայրացած արձագանք առաջացրին Կրեմլում։

Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը այս խոսքերը համարեց «չարացած» և Զելենսկիին անվանեց «մի փոքր անբավարար մարդ»։ «Արդյոք նա ի վիճակի է քաղաքական-դիվանագիտական ​​կարգավորման ուղղությամբ համարժեք որոշումներ կայացնել», – ասաց Պեսկովը։

24-ին և 25-ին Կարմիր խաչը տեսակցել է Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց

Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ներկայացուցիչները դեկտեմբերի 24-ին և 25-ին տեսակցել են Ադրբեջանում պահվող բոլոր հայ անձանց, «Ազատությանը» հայտնեց Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ղեկավար Զառա Ամատունին:

Նա նշեց, որ այցելող թիմի կազմում՝ պատվիրակների մեջ եղել է նաև բժիշկ:

«Ըստ ընթացակարգերի՝ կազմակերպության տեսակցության ընթացքում ինչպես նախկինում, այնպես էլ այս անգամ, իհարկե, ուշադրության կենտրոնում են եղել առողջական հարցերը, անձանց, իրենց հանդեպ վերաբերմունքը և պահման պայմանները», – ասաց Ամատունին:

Ընտանիքների կողմից ծանրոցներ չեն փոխանցվել, այցը սահմանափակվել է կազմակերպության առանձնազրույցներով, ընդհանուր գնահատականով:

Բաքվի պահանջով Կարմիր խաչի միջազգային կոմիտեն դադարեցրել է իր գործունեությունը Ադրբեջանում:

Զառա Ամատունին մանրամասնեց, որ այս այցը կազմակերպել է ԿԽՄԿ-ի Ժնևի գլխավոր գրասենյակը, ինչպես նաև «արդյունքն է մեր և Ադրբեջանի իշխանությունների երկխոսության»:

«Մենք պատրաստակամ ենք և բաց ենք՝ շարունակելու այս ուղղությամբ մեր ջանքերը», – հավելեց նա:

Պաշտոնական տվյալներով՝ Բաքվում 23 հայ գերի է պահվում:

Կարմիր Խաչի Միջազգային Կոմիտեի (ԿԽՄԿ) ներկայացուցիչները մարդասիրական այց են կատարել Բաքվում կալանավորված Վիգեն Էուլջեքչյանին։ Այս մասին սոցիալական ցանցերում հայտնել է նրա իրավաբանական ներկայացուցիչ Մարիա Լուսիանա Մինասյանը։

Իր և Վիգեն Էուլջեքչյանի կնոջ անունից նա շնորհակալություն է հայտնել ԿԽՄԿ-ին և Ադրբեջանի իշխանություններին՝ Ումբակի բանտում նրան այցելելու հնարավորության համար։

Նշվել է, որ այցի ընթացքում ԿԽՄԿ ներկայացուցիչները կալանավորին տրամադրել են անհրաժեշտ պարագաներ, այդ թվում՝ սնունդ, ծխախոտ և անձնական իրեր, որոնք դրական ազդեցություն են ունեցել նրա ֆիզիկական և հոգեբանական բարեկեցության վրա՝ «այս զգայուն ժամանակահատվածում»։

Այսօր նաև Նիկոլ Փաշինյանն է ասել, իբր Հայաստանը տեղեկություն է հավաքում գերի Վագիֆ Բաբայանի առողջական վիճակի մասին, որին սրտի խնդիրներով տեղափոխել էին Բաքվի հիվանդանոց։

Լուսանկարում՝ Ստեփանակերտում ԿԽՄԿ գրասենյակի մոտ մարդիկ պահանջում են ազատել Հակարի կամրջից Կարմիր խաչի մեքենայից առևանգված Վագիֆ Բաբայանին։ Անցել է 2,5 տարի

«Արցախի բալիկներ»-ը Երևանում հանդես կգան համերգով հունվարի 23-ին

Վերածնված «Արցախի բալիկներ» մանկապատանական համույթը հիմնադրվել է 1989 թ․ Ստեփանակերտում: 2026 թվականի հունվարի 23-ին Երևանի Հովհաննես Թումանյանի անվան ազգային տիկնիկային թատրոնում համույթը հանդես կգա համերգով:

«Արցախի կանչը» խորագրով համերգային ծրագրում կընդգրկվեն հայտնի կոմպոզիտորների և արցախյան ժողովրդական ստեղծագործություններ․ «Հորովել», «Ղարաբաղցին», «Կալի երգ», «Խնեցե հրեցե», «Աղե, արկանք», «Հըրսանեք», «Դերունց ծորում», «Նախշուն բաջի», «Կենաց երգ», «Ճեղաց», «Հընգեր», «Մեր գյուղը», «Ղարաբաղ իմ», «Արցախ», «Փառք մեր ազգության»։

Համույթի գեղարվեստական ղեկավար՝ Գայանե Հարությունյան։

«Արցախի բալիկներ» մանկապատանեկան համույթը վերականգնվել և գործում է «ԴԻԱԼՈԳ» հասարակական կազմակերպության աջակցությամբ։

Հիշեցնենք, որ «Դիալոգ» կազմակերպության աջակցությամբ Հայաստանում վերածնվել և գործում են  մի քանի արցախյան գեղարվեստական ​​խմբեր։ Այսօր կրկին ակտիվորեն ելույթ են ունենում Վ. Փափազյանի անվան Ստեփանակերտի դրամատիկական թատրոնը, Արցախի ջազ նվագախումբը, «Արցախի բալիկներ» համույթը  և «Վարարակն» երգչախումբը։

Բերքաձորի 70-80 տոկոսը սեպտեմբերի 19-ին արդեն ավերված էր․ Զարինե Մեքիյան

Զարինե Մեքիյանն Արցախի Բերքաձոր համայնքից է տեղահանվել։ Նա ծնվել է Մարտունու շրջանի Ճարտար գյուղում։ Տեղահանությունից հետո երեք երեխաների հետ ապրում է Կոտայքի մարզի Նոր Գեղի գյուղում։

2019 թվականից ղեկավարում էր Բերքաձոր համայնքը։

-2008 թվականից աշխատել եմ Ասկերանի շրջանի Բերքաձորի հիմնական դպրոցում՝ որպես դասվար։ 2016-ից դասավանդել եմ շախմատ առարկան, միաժամանակ աշխատել Բերքաձորի համայնքապետարանում՝ որպես աշխատակազմի քարտուղար։ 2019 թվականին ընտրվել եմ Ասկերանի շրջանի Բերքաձոր համայնքի ղեկավար։ Այդ պատասխանատու, միաժամանակ  բարդ ու դժվարին աշխատանքը կատարել եմ պատվով՝ ի աջակցություն համայնքիս բնակիչների։ Փոքրիկ համայնք էր Բերքաձորը․ բնակիչների հետ ցանկացած հարց քննարկում էինք և հարցերին համատեղ լուծում տալիս։ Ես անչափ շնորհակալ եմ մեր համայնքի բնակիչներին՝ կողքիս լինելու, խոսքս հարգելու, իմ հանդեպ լավ վերաբերմունքի համար և հնարավորության դեպքում պատրաստ եմ  նորից ծառայել իմ համայնքին։

2020 թվականի պատերազմն իր տխուր հետքը թողեց բերքաձորցիների սրտում։ Մենք կորցրինք մեր երկու լավագույն տղաներին՝ Արսենին ու Սերգեյին։ Երկու խելացի ու հայրենասեր զավակներ, ովքեր չխնայեցին իրենց ծաղիկ հասակը և պատերազմի հենց առաջին րոպեներից մեկնեցին կռվի դաշտ։ Երբ ավարտվեց 44-օրյա պատերազմը, դեկտեմբերի 1-ին համայնքի կանայք ու երեխաներն արդեն իրենց տներում էին։

Անբացատրելի զգացմունքներ էին, երբ մարդիկ իրար հանդիպում էին գյուղում։ Տխուր՝ բայց կարոտած ու թաց աչքերով, միաժամանակ ուրախ, որ տուն են վերադարձել։ Մտահոգված էինք՝ ի՞նչ անեն մեր մյուս հայրենակիցները, ովքեր տնավեր են դարձել։ Համեմատվելով նրանց հետ, մենք փորձեցինք ուժ գտնել, վերականգնվել, ապրել ու արարել Արցախի մեր փոքրիկ անկյունում։ Մարդիկ այդքանից հետո գտան իրենց զբաղմունքը՝ այգեգործություն, անասնապահություն, թռչնաբուծություն, մեղվաբուծություն։ Համայնքը կարողացավ ընդունել տեղահանված մեր հայրենակիցներին՝ Հադրութից, Ակնաղբյուրից, Շեխերից, Շուշիից։

Դաժան զրկանքներ տեսած մեր ժողովուրդը նորից համախմբվեց։ Բերքաձորի համայնքի բնակիչների ցանկությամբ ու նախաձեռնությամբ Խաչքար տեղադրվեց գյուղամիջում՝ ի հիշատակ 44-օրյա պատերազմում զոհված մեր հերոսամարտիկների։

Շրջափակում

-2022 թվականի դեկտեմբերի 12-ին թշնամին փակեց Արցախը մայր Հայաստանին կապող միակ ճանապարհը։

Զրկվեցինք գազից, լույսից։ Մարդիկ, ովքեր հիվանդության պատճառով կամ սովորելու նպատակով ՀՀ-ում էին, երկար ժամանակ չկարողացան իրենց տները վերադառնալ, նույնիսկ երեխաներ մնացին ճանապարհի մյուս կողմում։ Թշնամին թույլ չէր տալիս վերադառնալ։ Որոշ ժամանակ հետո, դժվարին պայմաններ հաղթահարելով՝ մի մասը տուն հասավ։ Օրեցօր ապրելու պայմանները դժվարանում էին։ Արցախի կառավարությունը ստիպված ռեզերվում պահած պաշարներն սկսեց կտրոններով բաժանել, որպեսզի սովի չմատնվենք։ Ես, որպես համայնքի ղեկավար, Ասկերանի շրջվարչակազմից բերում էի համայնքին հասանելիք կտրոնները (շաքարավազի, ձեթի, բրնձի, ոսպի, միրգ-բանջարեղենի) և բաժանում բնակիչներին։

Համայնքին կցված խանութ կար Ստեփանակերտ-Ասկերան ճանապարհի խաչմերուկում, որտեղ տիկին Տաիսան էր աշխատում։ Մի բարի ու հոգատար անձնավորություն էր, ով մեզ շատ էր օգնում․ սնունդ էր ստանում, անմիջապես զանգում էր, տեղեկացնում։ Երկու անգամ միրգ, բանջարեղեն էլ տրամադրեցին, բայց, ցավոք, կտրոններով արդեն ոչինչ հասանելի չէր։ Վառելիքի հայտ էի ներկայացնում, որ գոնե  գյուղատնտեսությամբ, անասնապահությամբ ու թռչնաբուծությամբ զբաղվողները կարողանան հոգալ համապատասխան ծախսերը, սակայն դա ևս կարճ տևեց։

Մի օր Կարմիր խաչի միջազգային կազմակերպության  ներկայացուցիչներից այցելեցին համայնքապետարան և ցանկություն հայտնեցին օգնել գյուղատնտեսության բնագավառում։ Ընդհանուր ժողով հրավիրեցի և ներկայացրեցի ծրագիրը։ Բնակիչները որոշեցին իրենց պատկանող սեփական վարելահողում (32 հա) ցանել կորնգան և գարի։ Մի քանի օրից հետո ԿԽՄԿ-ի կողմից գումարը փոխանցվեց, տրամադրվեց նաև կորնգանի սերմացու։

Դիմեցի ԱՀ Նախագահին՝ գարու սերմացու և պարարտանյութ տրամադրելու համար։ Առաջարկս անմիջապես դրական ընթացք ստացավ։ Պայմանները սուղ էին արդեն, և համայնքի բնակիչները, թեկուզ դժվարությամբ, բայց կարողացան համախմբվել և գործն ավարտին հասցնել։ Կարծես մի փոքր հույս բացվեց։ Հաջորդեց կարտոֆիլի սերմացուի տրամադրումը։ Շրջվարչակազմի գյուղբաժնից ստացանք ու կարտոֆիլի սերմացուն բաժանեցինք ընտանիքներին։ Հենց այդպես էլ ապրում էինք՝ իրար օգնելով, միշտ համախմբված ու կազմակերպված։

Ով ինչ ուներ, բաժանում էր, կիսվում եղածով՝ աղ, ձու, մակարոնեղեն, բրինձ, բանջարեղեն։ Առավել շատ ձեթի խնդիր կար։ Հացը առավոտյան բերում էին գյուղամեջ։ Քիչ քանակով, սակայն բոլորը ստանում էին, և մարդիկ չէին դժգոհում՝ մտածելով, որ կարևորը երեխաները սոված չմնան։ Արցախում կաթնամթերքի խնդիր ևս կար։ Տևական ժամանակ մեր հայրենակից Արմեն Հարությունյանը համայնքի բնակչությանը ապահովում էր կաթով, ինչի համար շնորհակալությունս եմ հայտնում նրան։ Վերջին օրերին արդեն ամեն ինչի պակաս էր զգացվում։

Մեր դպրոցում դասավանդում էին ուսուցիչներ, ովքեր գալիս էին Ստեփանակերտից ու Ասկերանից։ Շրջափակման ժամանակ ոչինչ չէր խանգարում նրանց դասերը պատշաճ կազմակերպելու համար։ Նրանք գալիս էին՝ անտեսելով բոլոր դժվարությունները։ Երբեմն էլ ոտքով էին հասնում դպրոց։ Մեր համայնքի ուսուցիչները, բնակիչները իրենց այգուց հավաքած բերք ու բարիքից բաժին էին հասցնում քաղաքից եկած ուսուցիչներին։ Նրանք էլ իրենց հերթին էին ինչ որ բան  բերում։

Հիշողություններ, որ կարելի է անվերջ թվարկել․․․

Մեկօրյա պատերազմ, բնակչության տարհանում

-Սեպտեմբերի 19-ը մեր սովորական օրերից մեկն էր։ Համայնքապետարանում էի՝ աշխատակիցներիս հետ։ Կեսօր էր։ Աղջիկս դպրոցից եկավ իմ աշխատասենյակ և ասաց, որ դասերը շուտ են ավարտել։ Չէր անցել 10 րոպե՝ արկերի ուժգին պայթյուններ լսվեցին, այն էլ շատ մոտիկ։ Անմիջապես գյուղի վրա էին կրակում՝ տարբեր տեղերից։ Հրետակոծություններն ավելի շատացան, օդում անօդաչուներ էին։ Չէի կողմնորոշվում այդ րոպեներին, որովհետև բառի բուն իմաստով կրակ էր թափվում գյուղի վրա։

Մարդիկ, իրենց կորցրած, գյուղամեջ էին վազում, ոմանք էլ պատսպարվեցին իրենց տներում, որովհետև վախենում էին տանից դուրս գալ, քանի որ հրետակոծությունները չէին դադարում։ Անելանելի վիճակ էր․ փորձում էի զանգել շրջվարչակազմի ղեկավարին, շրջանի ՔՊ պետին, բայց չհաջողվեց։ Փորձեցի այլ կապով կապվել, էլի՝ անարդյունք։

Առաջինը խափանել էր բոլոր կապերը։ Գյուղամեջում աղմուկ, աղաղակ էր, լացուկոծ։ Կանայք ու երեխաները շտապում էին մտնել մեր համագյուղացու՝ Դավիթի նորակառույց տան ներքնահարկը, որն այնքան էլ ապահով չէր, սակայն ուրիշ տեղ չկար։ Մի կերպ կապվեցի վարչակազմի  ղեկավարության հետ, հաղորդեցի իրավիճակի մասին։ Անհապաղ պետք էր հեռանալ գյուղից, անհրաժեշտ էր տարհանել բնակիչներին։

Գյուղի 70-80 տոկոսն արդեն ավերված էր։ Կանայք ու երեխաներն աղոթում էին առ Աստված, որ գոնե ողջ մնան։ Երեխաներ կային, որոնց ծնողները Ստեփանակերտում էին․ մի կերպ հասան գյուղ։ Ապաստարանում չէր դադարում երեխաների լացուկոծը․ նրանք վախից կուչ էին եկել անկյուններում։ Դեռ ականջներիս մեջ հնչում են 13-ամյա վիրավոր Յուրիի խոսքերը՝ վա՜յ, ես լավ չեմ, ես գնում եմ․․․ և ուշագնաց է լինում։

Ինչպե՞ս կարող եմ մոռանալ այն վիրավոր տիկնոջ՝ Կարինեի հազիվ լսվող խոսքերը՝ ձե՜ռքս, ձե՜ռքս կտրվել է, վա՜յյ, ձեռքս չկա, չեմ զգում․․․․Ո՞նց կարելի է մոռանալ այն աղջնակին, որ վախից կուչ էր եկել և չէր կարողանում խոսել, չէր բարձրաձայնում իր իսկ վիրավոր լինելը․ ոտքերը տեղ-տեղ այրված ու բեկորներով խոցված էին։ Վիրավորներից մեկն էլ տղամարդ էր։ Նա լուռ տանում էր ցավը՝ պարանոցի հատվածում բեկորային վնասվածք էր ստացել։

Գյուղի տղամարդիկ սկսեցին առաջին օգնություն ցույց տալ վիրավորներին՝ կանգնեցնելով նրանց արյունահոսությունը։ Քիչ հետո շտապ օգնության մեքենաներով վիրավորներին տեղափեխեցին մայրաքաղաք։

Տղաներն սկսեցին շրջել  թաղամասերով, որպեսզի մարդկանց տեղյակ պահեն, որ տարհանվում ենք։ Ասկերանից հրահանգվել էր․ պետք է շուտ տարհանել բնակչությանը։ Որոշ ժամանակ հետո ավտոբուսներ ուղարկեցին մարդկանց տեղափոխելու համար։ Այդ հարցում մեզ աջակցեց նաև Ստեփանակերտի քաղաքապետը՝ ուղարկելով  ևս 2 ավտոբուս։ 45 րոպե հետո կազմակերպվեց բնակչության տարհանումը։ Տղամարդիկ մնացին գյուղում, կանայք ու երեխաները տարհանվեցին։ Գյուղը դեռևս հրետակոծության տակ էր ու ավերված։

Այդ օրը մնացինք ապաստարանում, բայց հույս ունեինք, որ շուտով կդադարի ամեն ինչ, սակայն, ցավոք, շարունակվեց մինչև հաջորդ օրվա կեսօրը։ Մենք շատ անհանգիստ էինք, որովհետև չգիտեինք, որտեղ են մեր երեխաները։ Շատերը դիրքերում էին․ նրանց հետ կապ հաստատել չէր լինում։ Չէի կարողանում կապ հաստատել եղբորս հետ, Ճարտարում գտնվող ծնողներիցս ոչ մի լուր չունեի։ Միայն գիտեի, որ Հարավ գյուղից դեպի Ննգի, Մարտունի, Ճարտար տանող ճանապարհն արդեն թշնամու վերահսկողության տակ է և Մարտունին Ստեփանակերտին կապող ճանապարհին արդեն ադրբեջանցիներ են։

Դեռ չէի կարողանում գտնել ինձ, երբ լսեցի, որ Ճարտարի մատույցներում զոհվել է հորաքրոջս փոքր տղան՝ Սամվելը, ում հետ անցկացրել եմ իմ ամբողջ մանկությունը։ Ճակատագիրն այնքան դաժան գտնվեց, որ նույնիսկ չկարողացա Ստեփանակերտից գնալ Ճարտար և վերջին անգամ հրաժեշտ տալ եղբորս ու ծննդավայրիս․ չեմ հաշտվում այդ մտքի հետ։ Անզոր էի ու անօգնական, որովեհտև դեպի Ճարտար տանող ճանապարհը փակ էր։

2023-ի պատերազմում Բերքաձոր համայնքը կրկին կորուստ ունեցավ։ Մենք կորցրինք Գագիկին։ Երկար ժամանակ լուր չունեինք։ Հարազատները փնտրում էին, հույս պահում, սակայն, ցավոք, լուր ստացանք, որ նա զոհվել է Մարտակերտում։ Մինչև սեպտեմբերի 27-ը դեռ հույս ունեինք, որ հարցին լուծում կտան, ու բոլորս նորից կգնանք մեր տները, սակայն մեր հույսերը չարդարացան։ Թշնամին արդեն Ստեփանակերտի, Ասկերանի, Մարտակերտի, Մարտունու մատույցներում էր և կարող էր լինել ամենասարսափելին՝ ցեղասպանություն։ Որպեսզի ավելի քան 120000 արցախցի փրկվեր ոսոխի ճիրաններից, Արցախը ստիպված էր հայաթափվել։ Բռնեցինք գաղթի ճամփան՝ երկար, ցավոտ, տառապանքներով լի։

Տեղահանվելուց հետո՝ Հայաստանում

-Սկզբից տեղավորվեցինք մեր ընտանիքին հարազատ մարդկանց օջախում, որտեղ մեզ ջերմ ընդունեցին։ Նրանց հարկի տակ մնացինք ավելի քան մեկ տարի։ Իսկ որքա՞ն կարելի է նեղություն պատճառել մարդկանց։ Տեղափոխվեցինք վարձակալած բնակարան ու մինչև այսօր ապրում ենք այդտեղ։ Սկզբից աշխատանքի եմ անցել Առինջի միջնակարգ դպրոցում, բայց արդեն 2-րդ ուսումնական տարին է, ինչ աշխատում եմ Աբովյան քաղաքի թիվ 2 հիմնական դպրոցում։ Դպրոց, որտեղ անհնարինը դառնում է հնարավոր։ Այն մի կրթօջախ է, որ  համերաշխ ու մի մեծ ընտանիք է հիշեցնում։ Իմ շնորհակալությունն եմ ուզում հայտնել դպրոցի տնօրեն պարոն Տաշչյանին՝ իր մեծ ընտանիքում ինձ ընդգրկելու համար։ Այստեղ ես տեսնում եմ խելացի ու լավ մարդկանց և ակամայից նրանց համեմատում իմ Բերքաձորի ներդաշնակ կոլեկտիվի հետ։

Տեղահանությունից հետո ես չեմ խզել կապը համայնքի բնակիչների հետ։ Հաճախակի ենք հանդիպում, շփվում իրար հետ։ Տեղյակ եմ՝ ով որտեղ է բնակվում, աշխատում, սովորում։ Նույնիսկ առաջարկություններ են անում, որ հնարավորության դեպքում մի ընդհանուր տարածքից տներ ձեռք բերենք, որ իրար մոտ լինենք, պահպանենք համախմբվածությունը, համայնքի դրվածքները։

Իհարկե, բոլորս էլ հանդիպում ենք խնդիրների։ Բնակապահովման ծրագիրը՝ կոնկրետ իմ պարագայում (4 հոգանոց ընտանիք), անհասանելի է։ Տրամադրվող գումարը շատ քիչ է տուն ձեռք բերելու համար։ Պետք է մշակեն այնպիսի ծրագիր, որ հասանելի լինի բոլորին, որպեսզի ոչ մի արցախցի անտուն չմնա։

9 ամիս ապրեցինք շրջափակման մեջ, պայքարեցինք, որ մեր երեխաները սովի չմատնվեն, խաղաղ ցույցեր կազմակերպեցինք, բայց անօգուտ․ աշխարհը լուռ էր, մեր ձայնն այդպես էլ ոչ ոք չլսեց։ Գոնե հիմա մի քիչ արդար լինեն ու հայ գերիների հարցը լուծեն։ Բաքվի բանտում կեղծ մեղադրանքներ են հնչեցնում։ Ինչո՞ւ որևէ երկիր Ալիևին չի մեղադրում 120000 մարդու իր տնից զրկելու համար։ Կորցրինք մեր պապենական Արցախ աշխարհը։ Մեր փոքր հայրենիքից եկանք մեծ հայրենիք, գոնե հայ գերիներին էլ հնարավորություն տան վերադառնալու։

Շուտով հրաժեշտ ենք տալու 2025 թվականին։ Ես ցանկանում եմ, որ եկող տարին բարեբեր տարի լինի։ Չեմ կորցնում հույսս, որ արցախցիների համար վերջապես մի լույս կբացվի, և որ ամենակարևորն է՝ երբեք չի մարի Արցախ վերադարձի հավատը։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Կարո՞ղ է մենք լավ չենք արձագանքում Ղարաբաղից տեղահանվածների խնդիրներին

Կառավարության այսօրվա նիստում Նիկոլ Փաշինյանի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանն անդրադրաձավ մարզերում արցախցիների հետ անցկացվող հանդիպումներին։

«Փոխվարչապետի գրասենյակի հետ մենք հանդիպումներ ենք իրականացնում մարզերում Ղարաբաղից տեղահանվածների հետ կապված։ Եվ մի օրինակ կարող եմ բերել, որից պետք է հետեւություններ անենք․ Աբովյանում մոտ 10 հոգի խնդիրներ բարձրացրեցին, եւ ես հետո ձեր տեղակալից իմացա, որ 2-3 օրում լուծվել են այդ խնդիրները։ Հետեւաբար, հարց է առաջանում՝ կարո՞ղ է մենք լավ չենք իրազեկում կամ համապատասխան կառույցները ճիշտ խորհրդատվություն չեն տալիս։ Կամ Ղարաբաղից տեղահանվածներին պետք է կոչ անել, որ պատշաճ կերպով դիմումներ ներկայացնեն եւ արագ լուծումներ ստանան։ Փորձը ցույց է տալիս, որ հարցերը լուծվող են, պարզապես էդ մեխանիզմները ստեղծված չեն, որ էդ հարցերը լուծվեն։ Եվ կառաջարկեմ, որ ՄՍԾ կենտրոններում մարդ առանձնացվի, որը բոլոր ծրագրերից տեղյակ կլինի եւ պրոֆեսիոնալ խորհդատվություն կտա»,- ասաց Արայիկ Հարությունյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարար Արսեն Թորոսյանն ասաց, որ այդ աշխատանքը մշտական իրականացվում է։ «Մենք ունենք մի նման նախագիծ՝ առանձնացված աշխատակից  ունենալու, հիմա քննարկումների փուլում ենք, որ մեկ հոգի լինի առանձնացված ու այդ հարցերով զբաղվող»,- նշեց Թորոսյանը։

Նիկոլ Փաշինյանն էլ ասաց, որ պետական հիմնարկներում կաբինետ ավելացնելով՝ խնդիրը չի լուծվում։ «Ենթադրենք մի հատ էլ դուռ ավելացրեցինք, եւ մարդ կա, որն այդ դռան հետեւում նստած է, խնդիրն էն է, որ մարդը չի գնում հասնի էդ դռանը։ Մենք պիտի կոչ անենք, որ մեր ավագանու անդամները, պատգամավորներն ակտիվ հաղորդակցության մեջ լինեն, որովհետեւ մարդը նույնիսկ նախարարության տեղը չգիտի, եթե նախարարությունում 6 կաբինետ ավելացնենք, ի՞նչ է դրանից փոխվում։ Ճիշտ տարբերակն էն է, որ վագանու անդամները, ԱԺ պատգամավորները, որոնք բնակարանային ակտիվ հաղորդակցության մեջ են, էդ տվյալները եւ խնդիրները հավաքագրեն եւ հաղորդակցեն գործադիր իշխանության հետ։ Քանի տարի է՝ մենք իրազեկման մասին խոսում ենք, բայց չի ստացվում, բյուջեից փող ենք տալիս, բայց չի ստացվում, այլ տեղից պետք է սկսել՝ պետք է մարդու մոտ գնացող լինի։ Հիմա այդ հարցը, որը ասում եք՝ լուծվեց, ո՞նց լուծվեց, գնացիք մարդու մոտ։ Մենք պետք է գնանք հասնենք մարդուն»,- նշեց Փաշինյանը։

Արցախցիներին աջակցման երկու գործող ծրագրերը երկարաձգվեցին մինչև 2026-ի դեկտեմբերի 15-ը

Կառավարությունն այսօրվա նիստում երկարաձգեց Արցախից բռնի տեղահանված առանձին խմբերի անձանց կեցության այլ ծախսերը հոգալու, ինչպես նաեւ կարիքավոր ընտանիքներին լրացուցիչ հրատապ սոցիալական աջակցության ծրագրերի ժամկետները՝ մինչեւ 2026 թվականի դեկտեմբերի 15-ը:

Ըստ կառավարության հիմնավորման՝ «Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի անձինք, ովքեր ՀՀ կառավարության 2024 թվականի նոյեմբերի 21-ի N 1833-Լ որոշման շրջանակներում օգտվում են սոցիալական աջակցությունից, և ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում շահառու հանդիսացող կարիքավոր ընտանիքներն առկա իրավակարգավորումներով տրամադրվող սոցիալական աջակցություններից օգտվելու են մինչև տարեվերջ (դիմումների ներկայացման ժամկետները վերը նշված որոշումներով սահմաված են մինչև սույն թվականի դեկտեմբերի 15-ը ներառյալ)։

Հաշվի առնելով այն, որ միջոցառումների շրջանակներում շահառու խմբերը որոշակի խոցելիությամբ պայմանավորված անձիք կամ ընտանիքներ են, ինչպես նաև հանգամանքը, որ Ղարաբաղից տեղահանված անձիք դեռևս սոցիալ-տնտեսական պատճառներով պայմանավորված շարունակում են գտնվել կյանքի դժվարին իրավիճակում, նախագծով առաջարկվում է երկու միջոցառումների իրականացումը երկարաձգել 1 տարով»։

Ելնելով ՀՀ կառավարության 2025 թվականի ապրիլի 10-ի N 417-Լ որոշման շրջանակներում ներկայացված դիմումների վերլուծությունից՝ նախագծով առաջարկվում է նաև նշված որոշման մեջ որպես մերժման հիմք ավելացնել այն դեպքերը, երբ ընտանիքի անդամն ունի ամուսին (գրանցված ամուսնության դեպքում), որի տվյալները որպես ընտանիքի անդամ չեն նշվել դիմումում, բացառությամբ այն դեպքերի, երբ ամուսինը դատարանի վճռի հիման վրա ճանաչվել է անհայտ բացակայող: