Արզումանյան եղբայրները զոհվեցին նույն օրը՝ 1992-ի փետրվարի 26-ին

Արցախյան գոյամարտի տարիներին բազմաթիվ հայորդիներ իրենց կյանքը նվիրաբերեցին հանուն հայրենիքի։ Նվիրյալներ, որոնց կատարած սխրագործությունների մասին պատմում են ականատեսները և նրանց օրինակով շարունակում են սերունդներ դաստիարակվել։

Յաշա և Միքայել Արզումանյաններ: Հերոս եղբայրներ, որոնց կյանքն Արցախյան շարժման առաջին իսկ օրերից դարձել էր պայքար։ Պայքար գաղափարի, ազատության ու անկախ երկրի:

Յաշան աշխատում էր շրջանային ֆինբաժնում, իսկ Միքայելը Երևանի Բրյուսովի անվան ինստիտուտի վերջին կուրսի ուսանող էր։ Հանձնելով ավարտական քննությունները՝ նա չսպասեց բարձրագույն կրթության դիպլոմը ստանալուն և վերադարձավ Արցախ՝ անմիջապես անդամագրվելով շարժմանը։ Իսկ այդ ժամանակ Յաշայի մեկ սենյականոց բնակարանն ընդհատակյա հավաքատեղի էր դարձել:

1992-ի փետրվարի 26-ը արյունալի իրադարձությունների մասին է պատմում Յաշայի կինը՝ տիկին Լաուրան եղբայրները <<Լաչին ղույ>> կոչվող տարածքում տեղակայված 2-րդ պահակակետում էին

-1992-ի փետրվարի 26-ին Արցախի ինքնապաշտպանական ուժերը ձեռնարկում են Խոջալուի ազատագրման գործողությունը։ Խոջալուի խաղաղ բնակչության համար հայկական կողմը մարդասիրական միջանցք էր ապահովել։ Ասկերանի վաշտի տղաների առաջ խնդիր էր դրված Աղդամի և Խոջալուի ուղղությամբ ամուր պահել մեր դիրքերը և ապահովել բնակչության խաղաղ ճանապարհը։ Փետրվարի 25-ի լույս 26-ի գիշերը սկսվում է Խոջալուի ռազմագործողությունը։ Այդ ընթացքում Աղդամից ամբոխ է դուրս գալիս՝ իբր դիմավորելու խաղաղ բնակչությանը, սակայն նրանք զինված էին և հասնելով <<Լաչին ղույ>> կոչվող տարածքը, որտեղ մեր տղաների պահակակետն էր, կրակ են բացում մեր դիրքերի վրա։

Սկսվում են ուժեղ ընդհարումներ։ Ուժերն անհավասար էին։ Միքայելը վիրավորվում է ոտքից։ Յաշան, մտածելով, որ վիրավոր եղբորն ընկերները դուրս կհանեն, առաջ է գնում և շարունակում դիմադրել։ Հետագայում ողջ մնացած տղաները պատմում են, որ թշնամու ուժերը մեծաքանակ էին։ Յաշան կռվում էր մինչև վերջին փամփուշտը և մնում թշնամու հետ դեմառդեմ։ Պահանջում են՝ զենքը ցած դնել։ Յաշան զենքը դնում է գետնին, սակայն թշնամին չգիտեր, որ նրա մյուս ձեռքում նռնակ կար։ Զենքը վայր դնելու պահին Յաշան շպրտում է նռնակը։ Կատաղած թշնամին սպանում է քաջասիրտ հային և չբավարարվելով դրանով՝ հոշոտում ու անճանաչելի դարձնում մարմինը:

Զոհված տղաների մարմինները հաջողվում է ստանալ մի քանի օր հետո: Մեր աղջիկը՝ Մարինեն, շատ փոքր էր, իսկ Միքայելի դուստրը՝ Նորան, ծնվեց հոր զոհվելուց հետո:

Արցախյան պատերազմի մասնակից, բուժակ Արմեն Գասպարյանը չի կարողանում մոռանալ  

-Այդ սարսափելի օրերից տարիներ են անցել, սակայն երբ հիշում եմ տղաների խոշտանգված մարմինները, սահմռկում եմ։ Փետրվարի 29-ին կատարվեց Արզումանյան եղբայրների ու նրանց հետ զոհված Սամվել Ապրեսյանի դիակների փոխանակումը։ Խոշտանգված ու բոլորովին անճանաչելի էին Յաշայի և Սամվելի մարմինները։ 23 տարեկան էի ընդամենը և այդ տեսարանը երբեք չեմ կարող մոռանալ։ Թաթուլ Շեկյանի գլխավարությամբ փորձում էինք տղաների մարմինները նախապատրաստել հողին հանձնելու համար։ Փետրվարի 26-ին նույն տարածքում, բայց մի քիչ հեռու զոհվեց նաև Սամվել Ավագիմյանը։ Այդ օրն Ասկերանը 4 զոհ ունեցավ, իսկ Գրիգորի Հայրիյանը ծանր վիրավորվելուց հետո տեղափոխվեց Երևան ու մահացավ այնտեղ։ Դաժան օր էր․ տարբեր բնակավայրերից զոհեր ու վիրավորներ ևս ունեցանք։

Տիկին Լաուրան ցավ է ապրում, որ տղաների արյամբ պատված հողը չեն կարողացել պահել, նրանց անձնազոհությամբ կերտված Արցախը մնացել է թշնամու տիրապետության տակ

 – Աշխատել եմ տարբեր պետական հիմնարկներում։ Վերջին ժամանակահատվածում ձեռներեցությամբ էի զբաղվում և աշխատում էի միշտ օրինապահ լինել ու կատարել պետության հանդեպ իմ հարկային պարտավորությունները։ Մտածում էի՝ ուժերիս ներածին չափով օգտակար լինել երկրիս հզորացմանը, որի համար արյուն է թափվել։ Ի՞նչ իմանայի։

Արցախյան առաջին պատերազմից հետո մենք տեսանք ապրիլյան քառօրյա և 44-օրյա պատերազմներ։ Կարողացանք անցնել այդ արհավիրքների միջով՝ փորձելով վերստին պայքարել մեր հողում ապրելու համար։ Սակայն 2023-ի սեպտեմբերի 19-ը ճակատագրական եղավ արցախահայության համար։ Արդեն իսկ որոշված էր մեր ճակատագիրը։ Արցախը պետք էր հայաթափվեր։ Կրկին կորուստներ, կրկին ողբ ու ցավ․․․ Խոնարհվում եմ բոլորի հիշատակի առաջ։

Պատրաստվեցինք տեղահանման ու դատարկված հոգով դուրս եկանք մեր հայրենիքից։ Սեպտեմբերի 25-ի պայթյունը, որի ժամանակ զոհվեցին նաև քրոջս երկու տղաները, լրիվությամբ կեղեքեց մեր սրտերը։ Ճիշտ են ասում՝ ախր դարդ կա, որ դարման չունի։

Արցախյան առաջին պատերազմում նահահատակված հերոսի այրին շարունակում է պայքարել հանուն կյանքի, հանուն մինուճար դստեր ընտանիքի։ Դաժան ցավը սրտում, հարազատների շիրիմների կարոտը հոգում՝ նա չի վհատվում սրտի թրթիռով սպասում է, որ մի օր կհայտարարվի Արցախ վերադառնալու բարի լուրը։ Այնժամ նա կկարողանա տղաների շիրիմներին այցի գնալ ու բոլորի փոխարեն ներողություն խնդրել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Meta-ն ներկայացնում է հեղափոխական AI մտքերի տպագրության տեխնոլոգիա՝ առանց ձեռքերի կամ ձայնի

Meta-ն մշակել է AI տեխնոլոգիա, որը կոչվում է Brain2Qwerty, որը կարող է կարդալ մտքերը ուղեղի ակտիվությունից և դրանք վերածել տեքստի՝ առանց ֆիզիկական մուտքի: Դա արվում է 500 կգ, 2 միլիոն դոլար արժողությամբ սարքի միջոցով, որը միացված է օգտատիրոջ գլխին:

Թեև տեխնոլոգիան արդեն իսկ ցուցադրում է տպավորիչ հնարավորություններ, այնուամենայնիվ մտքերի վերծանման գործընթացում կան սխալներ։ Այս մասին գրում է Forbes-ը։

«Ալմա Աթայի վրա հիմնված խաղաղությունը» ձախողվեց. Հայաստանի ԱԳՆ-ն օգնություն է տենչում

Արցախում Հայաստանի դեմ 2020 թվականի ահաբեկչական պատերազմից և 2021 թվականի «ընտրություններից» հետո Հայաստանի իշխանությունն ապարդյուն իրավական հիմքեր է փնտրում Արցախը հանձնելու և հայկական իրավունքներից հրաժարվելու գործարքը օրինականացնելու համար։ Ազգային դատարանը կորոշի, թե ինչ կոռուպցիոն կամ այլ շահեր են կանգնած այս գործարքի հետևում։ Բայց առայժմ պարզվում է, որ Հայաստանի իշխանության՝ Արցախից հրաժարվելու միակ «հիմքը»` Ալմա-Աթան մեր աչքի առաջ քանդվում է, և ԱԳՆ-ն արդեն օգնություն է տենչում ԵՄ-ի նոր ղեկավարներից։

Խոսքը 2022 թվականի հոկտեմբերին Պրահայում տեղի ունեցած «խորամանկ» գործարքի մասին է, որտեղ Շառլ Միշելի և Մակրոնի միջնորդությամբ իբր «իրավական հիմք» է գտնվել «Արցախը Ադրբեջանի կազմում ճանաչելու համար»՝ Ալմա-Աթայի հռչակագիր, ինչի մասին ավելի ուշ հայտարարեց Փաշինյանը։ Սրանից հետո սկսվեց «առանց միջնորդների» բանակցությունների գործընթացը, որի արդյունքը եղավ 2023 թվականի սեպտեմբերյան ագրեսիան, Արցախի ամբողջական օկուպացիան և ողջ հայ բնակչության տեղահանությունը։ Իսկ 2024 թվականի ամռանը «Ալմա-Աթայի» շրջանակներում Տավուշում տեղի ունեցավ «սահմանազատում», որի պատրվակով 4 հայկական գյուղ հանձնվեց Ադրբեջանին։

Նիկոլ Փաշինյանը և նրա ԱԳՆ-ն այդ ժամանակվանից կրկնել են «խաղաղություն առանց միջնորդների» մանտրան, որ տարածաշրջանի երկրներն իրենք պետք է լուծեն բոլոր հարցերը միմյանց միջև, որ Ալմա-Աթան սահմանների որոշման օրինական հիմք է և այլ անհեթեթություններ։ Միևնույն ժամանակ Փաշինյանը սկսեց իրականացնել Բաքվի հերթական պահանջը՝ փոխել Հայաստանի Սահմանադրությունը։

Սակայն Ալմա-Աթան ոչ թե Արցախի համար էր հորինված, այլ ուկրաինական հարցի. այն ժամանակ ԵՄ-ն ու ԱՄՆ-ը խոսում էին Ռուսաստանին 1991-ի սահմաններ, այդ թվում՝ Ղրիմը վերադարձնելու անհրաժեշտության մասին։

Շառլ Միշելի հեռանալուց և Դոնալդ Թրամփի նոր քաղաքականության մեկնարկից հետո պարզ դարձավ, որ Ալմա-Աթան հորինված է, և 1991 թվականի Ռուսաստանի և Ուկրաինայի սահմաններին վերադարձ չի լինի: Սա նշանակում է, որ Ալմա-Աթան կորցրել է իր լեգիտիմությունը նաեւ Արցախի պարագայում։ Այժմ Ֆրանսիայի դեսպանը սկսել է արդարանալ՝ ասելով, որ Փաշինյանն ինքն է Պրահայում ճանաչել Արցախը որպես «Ադրբեջանի մաս»։ Իսկ Մակրոնը գնաց Թրամփի հետ քննարկելու ուկրաինական գործարքը՝ առանց Ալմա-Աթայի:

Հայաստանի իշխանությունը վերջին շրջանում բարձր լացում է, որ Բաքուն չի արձագանքում իր առաջարկներին (երեկ պարզ դարձավ, որ ԱԳՆ-ն վերջապես Բաքվից պատասխան է ստացել իր որոշ առաջարկների վերաբերյալ)։ Իսկ երեկ Հայաստանի արտաքին գործերի փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը ԵՄ պատվիրակության հետ հանդիպմանը բացահայտ խոստովանեց, որ Հայաստանի քաղաքականությունը, որը հիմնված է «Ալմա-Աթայի» վրա, չարաչար ձախողվել է։

«Սահմանների սահմանազատման և սահմանազատման հարցերն ամենազգայուններից են Ադրբեջանի հետ մեր օրակարգում։ Այնուամենայնիվ, Բաքվի հռետորաբանությունը մեզ լավատեսության որևէ հիմք չի տալիս. ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից ազդանշաններ են ուղարկում։ Մեր բանտարկյալները շարունակում են մնալ այնտեղ»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշել է, որ հայկական կողմը խնդրում է միջազգային գործընկերներին միանալ «խաղաղության համար արվող ջանքերին»։ «Մենք շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց ԵՄ միջնորդական առաքելությունն այժմ չի աշխատում, և մենք հույս ունենք ներգրավել ԵՄ նոր ղեկավարին (Շառլ Միշելի փոխարեն): Եվ մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ապագայում, նա կայցելի Հայաստան և Ադրբեջան։ Մասնակցությունը կարևոր է, որպեսզի մենք կարողանանք առաջընթաց գրանցել այս գործընթացում և հաստատել խաղաղություն»,- ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Արցախյան կարգավորման «Ալմա-Աթայի» շրջանի անփառունակ ավարտը պետք է գործընթացը վերադարձնի Կենտրոնական Ասիայի մեկ այլ մայրաքաղաք՝ Բիշքեկ, որտեղ 1994 թվականի մայիսի 12-ին Բաքուն հարկադրված էր զինադադար կնքել Հայաստանի և Արցախի հետ։

Նաիրա Հայրումյան

Ռուբեն Վարդանյանին հարցրել են Զորի Բալայանի հետ կապերի մասին


Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել՝ ի բողոք դատավարության ընթացքում միջազգային և տեղական դատավարական իրավունքի կոպիտ խախտումների։ Այսօրվա նիստում Վարդանյանի ինքնազգացողությունը կտրուկ վատացել է հացադուլի պատճառով, և դատարանը ստիպված է եղել ընդմիջում հայտարարել։

Չնայած վատառողջությանը, Վարդանյանին մի շարք հարցեր ուղղեցին, այդ թվում՝ Հայաստանի նախկին նախագահներ Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի, Ղարաբաղի նախկին պաշտոնյաներ Սամվել Բաբայանի, Վիտալի Բալասանյանի, հրապարակախոս Զորի Բալայանի և այլոց հետ ունեցած կապերի մասին։ Հարցերին Վարդանյանը չպատասխանեց։

Հաջորդ դատական ​​նիստը նշանակվեց մարտի 4-ին։

“Մենք զրկել ենք Ղարաբաղը անկախությունից, հիմա էլ զրկում ենք ՀՀ-ի հետ միավորումից”․ ՔՊ

Հայաստանում 7-րդ տարին իշխող Քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը սկսել է խոստովանել, թե ինչ է արել սեփական ժողովրդի հետ։

Աշխարհում կատարվող իրադարձությունների ֆոնին, երբ ձախ լիբերալ գաղափարախոսությունը մարգիլացվում է, դեմոկրատիայի վրա իշխանության եկած ապազգային ուժերը կորցնում են դիրքերը։  Թրամփի ընտրություններից, որոշ եվրոպական երկրնրում պահպանողականների եւ նույիսկ ազգայնականների հաղթանակից հետո շրջադարձային կարելի է համարել Ուկրաինայի նախագահ Զելենսկու հայտարարությունն առ այն, որ նա պատրաստ է հրաժարական տալ՝ հանուն խաղաղության։

Ենթադրելի է, որ նման հեռանկար իր առջեւ տեսնում է եւ Փաշինյանը, և նրա թիմը արդեն չգիտի, թե ինչպես արդադացնի ապազգային քայլերը եւ պարտությունը։ Ցանկացած խոսք խոստովանության է վերածվում։

ՔՊ պատգամավոր Մարիա Կարապետյանը Ազատությանը տված հարցազրույցում ասել է, որ իրենք են արցախցիներին զրկել “անկախության հնարավորությունից, բացառապես միայն անկախության հնարավորությունից”: Նա ասել է, որ “Դաշնակցության պատճառով է, որ այսօր Լեռնային Ղարաբաղում հայ չկա”: Բայց Դաշնակցությունը չի ասել, որ Արցախն Ադրբեջանի մաս է, որից էլ օգտվել է Ալիևը, նկատել է Ազատությունը: “Մենք Լեռնային Ղարաբաղի մեր հայրենակիցների համար ստեղծում ենք, փորձում ենք ստեղծել բոլոր հնարավորությունները, որ նրանք նոր կյանք ստեղծեն ՀՀ-ում”, ասել է երեսփոխանը լուրջ դեմքով։

Մեկ այլ երեսփոխան՝ ԱԺ եվրոպական ինտեգրացիայի հարցերի հանձնաժողովի նախագահ Արման Եղոյանը՝ անդրադառնալով Ադրբեջանի ԱԳ փոխնախարարի հայտարարությանը, թե իրենք սպասում են, որ Հայաստանը կհաղթահարի կարգավորման գործընթացի հիմնական խոչընդոտը սահմանադրության փոփոխությունների միջոցով՝ “օրինական կերպով հրաժարվելով Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներից”, ասաց․

«Ադրբեջանի ներկայացուցիչները, հրաշալի իմանալով, թե ինչ ռեակցիա է դա բերելու Հայաստանում, ցանկանում են նմանատիպ հայտարարություններով թույլ չտալ Հայաստանում կատարել սահմանադրական բարեփոխումներ, ես այդպես եմ դա գնահատում»։

Անհեթեթությունն արդեն սահմաններ չունի։ Այսինքն՝ ՔՊ-ն միտումնավոր զրկել է արցախցիներին “անկախության հնարավորությունից”, բայց ուզում էր, որ նրանք շարունակեին ապրել Ղարաբաղում՝ Ադրբեջանի կազմում, քանի որ մինչ այդ Արցախի կարգավիճակը “դեֆորմացված էր”։ Իսկ հիմա միտումնավոր Սահմանադրություն են փոխում, որ զրկեն արցախցիներին Հայաստանի հետ վերամիավորվելու հիմքերից /1989 թ որոշում/, բայց Բաքուն խոչընդոտում է ու պնդում, որ Արցախը վերամիավորված է Հայաստանի հետ։

Այս աբսուրդը խոսում է հենց իշխող ուժի “դեֆորմացիայի” մասին, որը, ինչպես Տեր-Պետրոսյանն է ասել, պատուհաս է դարձել բոլորի գլխին։

Բայց դժվար թե Փաշինյանը հետեւի Զելենսկու օրինակին։

Նաիրա Հայրումյան

Հերիք է մեր հայոց քաղաքակրթությունը դարպաս, խաչմերուկ և կամուրջ անվանել

Այսօր՝ փետրվարի 25-ին, ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստին ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը ասել է․

«Մենք քրիստոնյա աշխարհի ժողովրդավարության դարպասներն ենք: Ժամանակն է լինել ոչ միայն դարպաս, այլև խաչմերուկ, համաշխարհային առևտուր, կապեր, հարթակ՝ տնտեսական, առևտրի, ինչպես նաև մշակութային, քաղաքական համագործակցության համար՝ արևելք, արևմուտք, հյուսիս, հարավի միջև»:

Ներկայիս կառավարությունը գիտակցաբար արժեզրկում է մեր պետության եւ քաղաքակրթության արժեքը, Հայաստանն անվանելով մեկ դարպաս, մեկ խաչմերուկ, մեկ կամուրջ։ Դարպասն ու խաչմերուկը ոչ սահմաններ ունեն, որ ազգային ինքնություն, ոչ պատմական ժառանգություն, ոչ էլ քաղաքական գործառույթ։ Դարպասն ու խաչմերուկը զուտ տեխնիկական նշանակություն ունեն։

Այս կառավարության “դուխը” չի հերիքում պնդել, որ մենք ազգային պետություն ենք, աշխարհի ամենահին քաղաքակրթություններից ենք, որը բազմաթիվ “ազգերի” եւ կայսրությունների ծննունդ է տվել, որ մենք տարածք և իրավունքներ ունենք Հայկական լեռնաշխարհում։ Նրանց դուխը հերիքում մեր երկիրը վերածել մնացածների ոտի տակ ընկած խաչմերուկի։

Բաքվից վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղարկում․ ՀՀ ԱԳ փոխնախարար

«Սահմանազատումն ու սահմանագծումը մեր օրակարգում ամենազգայուն թեմաներից է Ադրբեջանի հետ հարաբերությունների շրջանակներում։ Բայց Բաքվի հռետորաբանությունն այնքան էլ լավատեսական ուղերձներ մեր չի ուղղում, ամեն անգամ նրանք վտանգավոր, սպառնալից պատումներ են ուղարկում։ Մեր գերիները շարունակում են այնտեղ մնալ, ինչն ամոթալի գործընթաց է Բաքվի համար»,- այսօր Երեւանում անցկացվող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԳ փոխնախարար Պարույր Հովհաննիսյանը։

Նա նշեց, որ հայկական կողմը խնդրում է, որպեսզի միջազգային գործընկերները ներգրավվեն «խաղաղության համար ներդրվող ջանքերին»։

«Շնորհակալ ենք Եվրամիությանը, բայց Եվամիության միջնորդական առաքելությունը հիմա չի գործում, մենք խոսել ենք նոր նախագահի ներգրավման մասին։ Եվ մենք ակնկալում ենք նրա այցը շատ մոտ ժամանակում, որ նա կայցելի Հայաստան եւ Ադրբեջան։ Նրանց ներգրավվածությունը կարեւոր է, որպեսզի այս գործընթացում ունենանք առաջընթաց եւ հաստատենք խաղաղություն»,-  ասաց Պարույր Հովհաննիսյանը։

Մարտունին, Ասկերանն ու Շուշին՝ օնլայն քաղաքներ Ֆեյսբուքում

Գյուղերն ու քաղաքները ֆեյսբուքյան խմբեր են դառնում՝ համայնքի պահպանության հույսով

Արցախի տեղահանությունից հետո հազարավոր արցախցիներ հեռացան Հայաստանից, հազարավորները մնացին, բայց կոմպակտ բնակավայրեր այդպես էլ ո՛չ ստեղծեցին, ո՛չ էլ ստեղծելու հույս կա։ Արցախի քաղաքներն ու գյուղերը վերջին շրջանում դառնում են հասարակական կազմակերպուըթյուններ, սոցիալական հարթակներում էջեր ու խմբեր, եւ միակ նպատակը՝ միասնական անցյալի պահպանումն է, համայնքի զգացողություն հաղորդելն ու իրարից տեղյակ լինելը։

Դատարկված քաղաքներն այսօր լուսանկարներով եւ կյանքի վառ գույներով են հիշվում։

Անի Սարգսյանը «Մարտունեցեք» խմբի հեղինակն ու ադմինիստրատորն է։ Խումբը ստեղծվել է շրջափակման ժամանակ, երբ դժվար էր սնունդ գտնելը. սկզբում փոխօգնության նպատակ ուներ, սակայն հետո առաջնահերթությունները փոխվեցին։

«Սկզբից շատ քիչ մարդիկ էին միանում խմբին, բայց փորձում էինք թեկուզ քիչ քանակով ապահովել ակտիվություն ու արդյունավետ աշխատանք: Մարդիկ խմբի միջոցով իմանում էին՝ որ խանութում ինչ ապրանք կա, որտեղից ձեռք բերել անհրաժեշտ ապրանքներ»,-ասում է Անին։

Տեղահանությունից հետո մարդիկ իրարից լուր ստանալու անհրաժեշտությամբ սկսեցին ակտիվորեն միանալ խմբին, այսօր Մարտունեցեք խումը 1600 անդամ ունի։

«Չէի սպասում, որ այսքան կմեծանա խումբը, բայց եւ հասկանում էի, որ կարոտը, հուշերն ու իրարից տեղեկություն ստանալը կարեւոր է։ Հիմա խմբում նրանք են, ովքեր համացանցից օգտվելու գիտելիքներ ունեն»,-ասում է խմբի հեղինակը։

Մի քանի հիմնական նպատակ է հետապնդում խումբը՝ առցանց ստեղծել քաղաքը, հավաքել նկարների եւ տեսանյութերի մեծ արխիվ, որտեղ մարդիկ գտնում են իրենց տները, թաղամասերն ու փողոցները։ «Երբ նոր էինք տեղահանվել, փորձում էի նաեւ սոցիալական ծրագրերով, աշխատատեղերով, օգնության ծրագրերով կիսվել»,-ասում է նա։

Առցանց քաղաք Շուշին ապրում է արդեն 4 տարի։ Անուշ Ասրյանը խմբի ադմինիստրատորներից մեկն է։ Շուշիի փորձն ավելի շատ է:

«Շուշին իմ սրտում» խումբը սկզբում միավորում էր բոլոր շուշեցիներին, հետո հասկացանք, որ Շուշին սիրողները շատ են եւ արդեն խումբ էինք ընդունում ոչ միայն շուշեցիներին»,- ասում է Անուշն ու նշում, որ հաճախ նաեւ վերանայում են անդամներին։

«Ես քսանհինգ տարի եմ ապրել Շուշիում եւ այս խումբը կարոտն առնելու առաջին հարթակն էր։ Վիրտուալ ընտանիք, որտեղ յուրաքանչյուրիս սրտում է Շուշին։ Համայնքային կապ ստեղծել՝ անկախ գտնվելու վայրից»,- սա էր նպատակը։

Շուշիի պատմական ու մշակութային արժեքները նկարների, հոդվածների ու տարաբնույթ հրապարակումների տեսքով տեղադրում են խմբում՝ արխիվային տարրը պահպանելու համար։

«Կարեւոր համարեցի ստեղծել շուշեցի անմահ հերոսների շարքը, ամբողջ շրջանի զոհվածների եւ պայթյունի ժամանակ զոհվածների պատմությունները։ Ցասումով ու ցավով էի տեղադրում, որովհետեւ նկարներում այն մարդիկ են, ովքեր մեծացել են իմ աչքի առաջ, այն մարդիկ, որոնց աչքի առաջ ես եմ մեծացել»,- պատմում է Անուշը։

«Բերդ» թերթը Ասկերանի շրջանի պաշտոնաթերթն էր։ «Երբ նշանակվեցի խմբագիր, որոշեցի ստեղծվել նաև համանուն ֆեյսբուքյան էջ։ Թերթի լույս ընծայման հետ մեկտեղ, ակտիվորեն գործում էր այն և, իհարկե, շրջանի բնակչության համար ավելի հասանելի էր, քան թերթը»,- ասում է Բերդի ֆեյսբուքյան հարթակի հեղինակ ու խմբագիր Կարինե Բախշյանը։

Նրա խոսքով տեղահանությունից հետո առավել կարեւորեց հարթակի ակտիվությունը, որովհետեւ սա միակ հնարավոր միջոցն էր տնազուրկ ասկերանցիներին համախմբելու։ «Մարդիկ սպասում են «Բերդի» լուրերին, առանձնապես՝ մեր շրջանի բնակչությունը։ Այսօր այդ հարթակը, կարելի է ասել, մեր ժողովրդի միակ կապող օղակն է, որտեղ մարդիկ իրազեկվում են շրջանի բնակչության հետ կապված իրադարձությունների մասին, ապրում հիշողություններով, որոնք նաև ապրեցնող են։ Հաճախակի եմ լսում՝ «լավ ա Բերդը կա» արտահայտությունը»,- պատմում է Կարինեն։

Սպիտակ, հզոր բերդը հեռուներում մնաց, բայց նույնիսկ Բերդ անունը համախմբում է ասկերանցիներին։ «Այո՛, փորձում եմ Բերդի միջոցով պահել Ասկերանը, և ուզում եմ, որ այդ հարթակը լինի համերաշխության, իրար թիկունք լինելու, հիշողությունների, հավատի և հույսի հարթակ, որտեղ մարդիկ կարող են մի փոքր ուրախ, անկաշկանդ, լավատես և անկեղծ լինել․․․ մենակ հեշտ չէ համակարգել ամեն ինչ և ակնկալում եմ մեր համերկրացիների համագործակցությունը։ Չունեմ արխիվ և շատ դեպքերում կարող է նաև ինչ որ տեղ մարդիկ նեղանան ինձանից, սակայն կարող են հուշել ու ինֆորմացիա տրամադրել և Բերդն ավելի արդյունավետ կգործի․․․»,- ասում է Կարինե Բախշյանը։

Ստեղծված բոլոր խմբերում կարելի է նկատել «քաղաքային» լավ ու վատ լուրեր՝ ով լքեց այս աշխարհը, ով ամուսնացավ ու ով ծնվեց, եւ բոլորն էլ մի միտք ունեն՝ վերադարձի մեծ սպասում։ Ու քանի դեռ չկա վերադարձ՝ օնլայնից բացի ունենալ օֆլայն հարթակ՝ իրական ու պինդ, կարոտն առնելու գրկախատնությունների համար։

Մարիամ Սարգսյան

“Առաջիկայում միջազգային կառույցներից մեկը գնահատական կտա հայ գերիների հարցով”

«Եվրոպական միության խորհրդարանը եւ մի շարք միջազգային կառույցներ հստակ, հասցեական հայտարարություններ են ընդունել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ գերիների վերաբերյալ։ Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովը՝ ՔՊ-ական մեծամասնությունը հրաժարվեց ընդունել հայտարարություն։ Այսինքն՝ ԵՄ խորհրդարանը հասցեական հայտարարություն է տարածել, ՀՀ խորհրդարանը՝ ՔՊ-ի մեծամասնության պատճառով, ընդդիմության ներկայացրած հայտարարությա տեքստը վիժեցրեց»,- այսօր լրագրողներին ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ այս պահին ոչինչ չի արվում Բաքվի բանտերում ապօրինաբար պահվող հայ գերիներին վերադարձնելու ուղղությամբ։  Հայ գերիները բարձրացրել են իրենց  հանդեպ ապօրինությունների հարցը, Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանը հացադուլ է հայտարարել ու ասել, որ հրաժարվում է մասնակցել «դատավարություն» անվանվող այդ ֆարսին։

Հայկ Մամիջանյանը նշեց, որ Հայաստանի խորհրդարանական դիվանագիտության, ԱԳՆ օրակարգում այդ հարցը պետք է լիներ առաջնային հարցերից մեկը։ Իշխանությունների այն հայտարարություններին, որ գործընթացը չեն հանրայնացնում, որպեսզի չվնասեն, Հայկ Մամիջանյանը պատասխանեց․ «Իսկ չեք լսե՞լ, որ գործ չանելու լավագույն պատճառաբանությունը «մենք չենք հանրայնացնում»-ն է։ ՀՀ ԱԺ պատգամավորների՞ց էլ են դա գաղտնի պահում։ Մենք ամեն օր դրա մասին խոսում ենք, եթե մի կաթիլ գործ արած լինեին, ամեն օր կասեին»,- նշեց նա։

Հայկ Մամիջանյանն ասաց, որ իրենց կողմից աշխատանք է տարվում, առաջիկայում միջազգային կառույցներից մեկը գնահատական կտա հայ գերիների հարցով։ Նշեց, որ չի ցանկանում մանրամասներ հայտել, որպեզի չվնասի գործընթացին։

SEPA-ում նշված է, որ ԼՂ հակամարտությունը պետք է կարգավորվեր այդ թվում ինքնորոշման իրավունքի վրա

«SEPA-ում նշված է, որ Լեռնային Ղարաբաղի հակամարտությունը պետք է կարգավորվեր երեք հիմնարար սկզբունքների հիման վրա, որոնցից մեկն ինքնորոշման իրավունքն էր, իսկ մյուսը՝ ուժի չկիրառումը կամ ուժի սպառնալիքի չկիրառումը։ Ես ակնկալում եմ, որ աշխարհը, միջազգային հանրությունը տեր կկանգնի Մինսկի խմբի համանախագահների հինգ հայտարարություններին եւ շատ ու շատ այլ փաստաթղթերի։ Նման կերպ խնդիրների լուծումը չպիտի դառնա նորմալ, եւ ես համարում եմ, որ եթե աշխարհի որեւէ կետում առաջնորդները նշում են, որ պարտադրված խաղաղությունն անընդունելի լուծում է, ես հույս ունեմ, որ նույն տրամաբանությունը կկիրառվի նաեւ իմ երկրի պարագայում»,- այսօր Երեւանում անցկացվող Հայաստան-ԵՄ խորհրդարանական գործընկերության կոմիտեի 4-րդ նիստի ժամանակ ասաց ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Նա նշեց, որ մի քանի անգամ առնչվել է ադրբեջանցի պատգամավորների հետ, նրանց ախորժակը գնալով մեծանում է։ «Մի անգամ, երբ ես խոսում էի հիմնարար իրավունքների՝ Արցախի հայերի ինքնորոշման իրավունքի եւ այլ իրավունքների մասին, ադրբեջանցի պատգամավորն ինձ պատասխանեց՝ դու մոռանում ես, որ դու պարտված կողմ ես, ինչ ուզենք, այդ էլ կստորագրենք։ Մեկ այլ անգամ միջազգային մի հանդիպման ժամանակ մեկ այլ ադրբեջանցի պատգամավոր ասաց՝ մենք ձեր գերիներին երբեք էլ հետ չենք տալու, իրենց օգտագործելու ենք բանակցային առեւտրի համար։ Այ դա է ադրբեջանցիների մոտեցումը։ Եվ ՀՀ այսօրվա կառավարիչներն արել են շատ ավելի շատ, քան բարի կամքի դրսեւերումն է, սա արդեն Ադրբեջանի պահանջների կատարում է։ Նույնիսկ այս պարագայում Ադրբեջանը տրամաբանության դաշտ չի գալիս, անհնար է հասկանալ՝ իր վերջնական կարմիր գիծը որն է լինելու։ Հենց այդ պատճառով ենք ասում՝ խիստ կարեւոր է, որ Հայաստան-Ադրբեջան բանակցային գործընթացում լինի միջնորդի ու երաշխավորի ինստիտուտ, առանց դրա հնարավոր չէ»,- հայտարարեց Մամիջանյանը։

Միասնական հարթակ՝ ՀՀ կառավարության, հասարակական, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ

 Այսօր՝ փետրվարի 25-ին, Երևանի Մարիոթ հյուրանոցում մեկնարկել է <<Կայուն զարգացում Արցախից բռնի տեղահանված անձանց համար. առաջիկա հնարավորություններ>> խորագրով համաժողովը:

Համաժողովի նպատակն է միևնույն հարթակում երկխոսություն ստեղծել ՀՀ կառավարության, հասարակական կազմակերպությունների, դոնոր կազմակերպությունների և Արցախի ներկայացուցիչների մասնակցությամբ: Համաժողովի ընթացքում քննարկումներ են ծավալվել բռնի տեղահանված անձանց զբաղվածության, բնակապահովման խնդրների շուրջ, որի արդյունքում առաջարկների զեկույց է կազմվելու:

Ըստ ՀԲԸՄ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագրի ղեկավար Հայկուհի Գևորգյանի՝ համաժողովի ավարտին կազմված առաջարկություների զեկույցն ուղարկվելու է բոլոր պատկան մարմիններին, դոնոր կազմակերպութուններին, որպեսզի հետագա ծրագրերում նկատի ունենան:

Նրա խոսքով՝ <<Սովորիր և վաստակիր. Արցախ>> ծրագիրը մեկնարկել է 2024 թվականի տարեսկզբից, ավարտվել 2025 թվականին: Հիմնական խնդիրը զբաղվածության, ուսուցման, վերապատրաստման, հմտությունների զարգացման տեղափոխված բիզնեսներին աջակցությունն էր:

<<Տարվա ընթացքում աշխատել ենք 1000-ից ավելի արցախցիների հետ: Ընթացքում նոր մեթոդաբանություն մշակեցինք՝ հաշվի առնելով, որ այնտեղի աշխատաշուկայում տղամարդիկ մեծամասամբ ներգրավված էին պաշտպանության բանակում կամ հիմնական աշխատուժը եղել է պետական համակարգում, մանկավարժներ, տարբեր ոլորտի մասնագետներ, անհրաժեշտ էր իրենց կարիքների գնահատում, որպեսզի Հայաստանի աշխատաշուկայում կարողանանք նրանց աշխատանք առաջարկել>>,- հավելել է նա:

Ծրագրի ղեկավարի խոսքով՝ դասընթացներն ունեցել են 845 մասնակից, վերջին տվյալներով 320-ը աշխատանք ունի:

Ծրագիրն իրականացվում է HEKS/EPER կազմակերպության կողմից: Այժմ մտածում են կայուն զարգացման հնարավորությունների մասին:

Կարինե Բախշիյան