Սա բնակարանային խնդրի լուծում չէ. կյանքը պայթյունից հետո

Ստեփանակերտի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունից անցել է ավելի քան երկու տարի, սակայն ողբերգության զոհերի ընտանիքները դեռևս կարգավիճակ չունեն։ Պաշտոնական տվյալներով՝ պայթյունի հետևանքով զոհվել է ավելի քան 200 մարդ, մոտ 300-ը՝ տարբեր աստիճանի այրվածքներ են ստացել, ևս 22-ը անհետ կորած են։ Անհամար են վիրավորների և նրանց թիվը, ովքեր այդպես էլ չեն կարողացել վերադառնալ բնականոն կյանքի։

Մինչդեռ, Արցախի բնակչության, այդ թվում՝ պայթյունից տուժած փոքր ընտանիքների սոցիալական վիճակը օրեցօր վատթարանում է։ Ողբերգության հետևանքով շատ ընտանիքներ կորցրել են իրենց հիմնական կերակրողներին։ Եվ հիմա, երբ Հայաստանի կառավարությունը միկիոններ է ծախսում Նոր տարվա զարդարանքների, խորհրդարանի անդամների համար բոնուսների և այլ շռայլությունների վրա, այս մարդիկ հայտնվել են անելանելի վիճակում և հազիվ են ծայրը ծայրին հասցնում։

Նրանք չեն կարողանում վճարել բնակվարձը, իսկ արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրով ծիծաղելի գումարներ է տրամադրվում, ինչը դժվարացնում է նույնիսկ մեծ ընտանիքների համար բնակարան ձեռք բերելը, առավել ևս՝ փոքր ընտանիքների համար։

ՀՀ կառավարությունը ներկայացրել է նոր որոշման նախագիծ՝ Արցախից տեղահանված մինչև երեք անձից բաղկացած ընտանիքների վարձավճարի մասնակի փոխհատուցման վերաբերյալ: Նախագծի համաձայն՝ աջակցության ծրագիրը կմեկնարկի 2026 թվականի հուլիսի 1-ին: Ծրագիրը նախատեսում է 120 ամսվա ընթացքում ապահովել երկարաժամկետ մասնակի բնակվարձի փոխհատուցում՝ ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար ամսական 40,000 դրամի չափով։

Շատ շահառուներ կարծում են, որ այս որոշման ընդունումը չի լուծի բնակարանային խնդիրը, քանի որ ներկայիս գների պայմաններում, հատկապես Երևանում և մարզկենտրոններում (որտեղ նվազագույն բնակվարձը տատանվում է 140,000-ից 150,000 դրամի սահմաններում), անհնար է լուծել 40,000 դրամով բնակարան վարձակալելու խնդիրը. սա ընդհանուր արժեքի միայն մի փոքր մասն է: Հետևաբար, եթե որոշումն ընդունվի, այս մարդիկ տասը տարի բնակվարձ կտան և, ի վերջո, չեն ստանա սեփականության իրավունք։

Անահիտ Թամրազյանը Արցախի Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից է: 2023 թվականի սեպտեմբերի 25-ին նա ականատես է եղել Հայկազովի վառելիքի պահեստում տեղի ունեցած պայթյունի։ Անահիտը, ինչպես բոլոր ականատեսները, այդ օրը տեղի ունեցած ողբերգությունը համեմատում է դժոխքի հետ։

“2023 թվականի սեպտեմբերի 25-ին ես հարևաններիս հետ գնացի վառելիքի պահեստ՝ բենզին բերելու։ Այդ օրվա իրադարձությունների մասին նույնիսկ ամենափոքր հիշողությունը սարսուռ է առաջացնում։ Երբ պայթյունը տեղի ունեցավ, ես և հարևաններս անմիջապես ողբերգության վայրի մոտ էինք։ Լսեցի պայթունի ձայնը և կարծեցի, թե կրկին ադրբեջանական հարձակում է։ Պայթյունն այնքան հզոր էր, որ ալիքը ինձ նետեց փոսի մեջ։ Հարվածից վնասվեց ողնաշարս, և ես երկար ժամանակ ցավ էի զգում դրանից հետո։

Երբ ուշքի եկա, ամեն ինչ ծխի մեջ էր։ Կային շատ վիրավորներ և մահացածներ։ Այրված մարդիկ վազվզում էին շուրջբոլորը՝ սարսափելի գոռալով անտանելի ցավից։ Ես ինչ-որ կերպ վեր կացա և սկսեցի փնտրել հարևաններիս, բայց, ի վերջո, չկարողացա գտնել նրանց։ Հետագայում պարզվեց, որ նրանք մահացել էին պայթյունի հետևանքով։

Հազիվ հասա մեքենային, որտեղ գտնվում էր պայթյունից ծանր այրվածքներ ստացած մի տղա։ Մեզ հաջողվեց ժամանակին նրան հասցնել հիվանդանոց։ Հետո վերադարձա տուն, որտեղ ինձ սպասում էր տարեց մայրս։

Վառելիքի պակասի պատճառով ես և հարազատներս Արցախում մնացինք մինչև սեպտեմբերի 30-ը, որից հետո ավտոբուսով մեկնեցինք Գորիս, իսկ մեկ օր անց գնացինք Ստեփանավան, որտեղ էլ մինչ օրս ապրում ենք։

Սկզբում մեզ հյուրանոց տվեցին, բայց երկու ամիս անց վտարեցին։ Հիմա բնակարան ենք վարձակալում 80,000 դրամով։

Մայրս վերջերս մահացավ, և ես ապրում եմ քրոջս հետ։ Բնակարանային ծրագրից օգտվելն ինձ համար անիրատեսական է, քանի որ ես միայնակ եմ, իսկ արցախցիների համար նախատեսված բնակարանային ծրագիրը չնչին գումարներ է տրամադրում, որոնք բավարար չեն նույնիսկ հողամաս գնելու համար, առավել ևս՝ տուն կամ բնակարան։ Հույս ունեմ, որ նոր տարում ծրագիրը կփոփոխվի, որպեսզի փոքր ընտանիքները կարողանան բնակարան ձեռք բերել։

Եթե պետությունը բնակարան չտրամադրի, մեծ հավանականություն կա, որ փոքր ընտանիքները մի օր պարզապես փողոցում կհայտնվեն։

Ինչ վերաբերում է մինչև երեք հոգուց բաղկացած ընտանիքների համար մասնակի վարձավճարի փոխհատուցման նոր նախագծին, կարծում եմ, որ դա չի լուծի բնակարանային խնդիրը։ Արցախցիների համար բնակարանային խնդրի միակ լուծումը տեսնում եմ նրանց բնակարանով ապահովելու և սեփականության իրավունք տրամադրելու մեջ», – Step1.am-ին ասաց Անահիտը։

Արսեն Աղաջանյան

Մինչ հայերը հրաժարվում են իրենց իրավունքներից, Էրդողանը թուրքերի համար ստեղծում է «նստակյաց» ինքնություն

Հայերի պես ավանդական հին էթնոսերի անկմանը զուգահեռ, ձևավորվում են նոր ազգեր: Ի տարբերություն հայերի, որոնք հրաժարվում են իրենց իրավունքներից և ազգային շահերից, այս նոր ազգերը զգուշորեն կառուցում են իրենց ինքնությունը՝ ոչնչից չխորշելով։

Անկարան հաջորդ տարի «խորհրդանշական քայլեր» կձեռնարկի Երևանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացում, հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը: Ավելի վաղ Bloomberg-ը, հղում անելով իր աղբյուրներին, հայտնել էր, որ Թուրքիան քննարկում է Հայաստանի հետ ցամաքային սահմանը բացելու հարցը առաջիկա վեց ամիսների ընթացքում։

«Ադրբեջանի հետ համակարգված՝ մենք նաև շարունակում ենք Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման գործընթացը: Մենք հաջորդ տարի որոշ խորհրդանշական քայլեր կձեռնարկենք», – երեքշաբթի օրը Անկարայում թուրք դեսպանների համաժողովում ասել է Էրդողանը:

Այս օրերին Պոլսի (Ստամբուլ) հայոց պատրիարք Սահակ արքեպիսկոպոս Մաշալյանի գլխավորած պատվիրակությունն Անկարայում հանդիպել է Թուրքիայի մշակույթի և զբոսաշրջության նախարար Մեհմեթ Նուրի Էրսոյի հետ։ Այս մասին գրում է Ermenihaber.am-ը։

Հանդիպմանը կողմերը քննարկել են Հաթայ նահանգի Իսքենդերուն շրջանի Սուրբ Քառասուն Մանկանց հայկական եկեղեցու վերականգնման նախագիծը։ Այն վնասվել էր 2023-ի փետրվարի 6-ի Թուրքիայում տեղի ունեցած աղետաբեր երկրաշարժի հետևանքով։

Բացի այդ, տեղեկատվություն է տրամադրվել Դիարբեքիրի հայկական Սուրբ Սարգիս եկեղեցու վերանորոգման գործընթացի վերաբերյալ և աջակցության խնդրանք է ներկայացվել։

Պատրիարք Մաշալյանը նկատել է տվել, որ Վանի Վարագավանքի (Յոթ եկեղեցի) վերականգնումը և բացումը զգալի ներդրում կունենա շրջանի զբոսաշրջության համար, ինչպես նաև կծառայի մշակութային ու պատմական ժառանգության պահպանմանը։

Այցի ընթացքում տեղեկություններ են տրամադրվել նաև Կարսի Անիի ավերակների և Գազիանթեփ նահանգի Ռումքալե հայկական եկեղեցու վերականգնման աշխատանքների վերաբերյալ:

Հայոց ցեղասպանությունից և հայերի իրենց պատմական հայրենիքից վտարումից ավելի քան 100 տարի անց, Կոստանդնուպոլիսը «մեծահոգաբար» թույլատրում է հազարամյա եկեղեցիների վերականգնումը՝ ցույց տալով, թե ով է տերը։

Միևնույն ժամանակ, Էրդողանը փորձում է «անջատել» այսպես կոչված ազերիներին՝ շիա թուրքերին, պարսկական մշակույթից և ներկայացնել նրանց որպես թուրքական աշխարհի մաս։ Էրդողանը կարծում է, որ վերջին դարերի ընթացքում փորձեր են արվել կանխելու թուրքերի միավորումը և մեկ սիրտ դառնալը։

Նա ասել է, որ Թուրքիայում՝ 1940-ական թվականներին Հանրապետական ​​ժողովրդական կուսակցության (ԺՀԿ) միակուսակցական կառավարման ժամանակ, արգելվում էր նույնիսկ թյուրքական աշխարհի գոյության մասին հիշատակելը։ Էրդողանը պնդում էր, որ 1944 թվականին շատ մտավորականների, գրողների և արվեստագետների անվանել են «թուրանիստներ» և խոշտանգել պարզապես Թուրքիայից դուրս գտնվող իրենց հայրենակիցների նկատմամբ հետաքրքրություն ցուցաբերելու համար։

«Թուրքիա փախչող ադրբեջանցի թուրքերը հանձնվեցին մարդասպաններին՝ գիտակցելով, որ իրենց կսպանեն Բորալթան կամրջի վրա, պատմությունը պղծելով ամոթալի բիծով, որը պատմության մեջ է մտել որպես «Բորալթանի ողբերգություն», – հայտարարել է Էրդողանը։

Հիշելով Ղարաբաղի համար 44-օրյա պատերազմը՝ Էրդողանը նշել է, որ այդ ժամանակ «երկրի թշնամիները տարածում էին զրպարտչական լուրեր Թուրքիայի կողմից Ադրբեջանին ցուցաբերվող աջակցության մասին»։

«Հիշո՞ւմ եք, CHP-ի ներկայացուցիչն ասել է. «Ցավոք, լուրեր կան, որ Թուրքիան զենք է մատակարարում Ադրբեջանին, և լուրերի համաձայն՝ ջիհադիստական ​​խմբավորումները ուղևորվում Ադրբեջան»։ Ինչպես 1945 թվականին Բորալթանի ողբերգության ժամանակ, նրանք սխալ գործեցին Ղարաբաղի ազատագրական պայքարում և անպատվեցին մեր ժողովրդին», – հայտարարել է Էրդողանը։

Զինծառայության ժամկետը 2 տարուց կրճատվեց մինչև 1,5 տարի

65 կողմ, 4 դեմ, 20 ձեռնպահ. խորհրդարանը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունեց կես տարով զինծառայությունը կրճատելու օրինագիծը: Այն խորհրդարան էր բերվել հրատապ կարգով և կտարածվի բացառապես հունվարից բանակ զորակոչվող երիտասարդների, այլ ոչ թե՝ արդեն ծառայության մեջ գտնվողների վրա:

Արցախյան հարցը ՀՀ հիմքն է, իսկ արցախցիների իրավունքները՝ հայկական պետականության կենսունակության ցուցիչ

Հայաստանի խորհրդարանի նիստում քննարկվում է Ասիական զարգացման բանկի հետ 250 միլիոն դոլարի վարկային պայմանագիրը հաստատելու մասին որոշման նախագիծ, որն ուղղված է «Արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար»։ Նիստի գրեթե ամբողջ ընթացքում քննարկվել է արցախցիների նկատմամբ կառավարության քաղաքականությունը և հնչել հարցեր, որոնք արցախցիներն արդեն 2 տարի է անպատասխան բարձրացնում են։

Չնայած իշխանությունների կողմից արցախցիների և նրանց իրավունքների վերաբերյալ լռության կոչերին՝ պատերազմի և ադրբեջանցի «փախստականների» հոսքի սպառնալիքով, չկա կառավարության կամ խորհրդարանի ոչ մի նիստ առանց արցախցիների հարցը քննարկվելու։ Սա պայմանավորված չէ նրանով, որ արցախցիները օր ու գիշեր կանգնած են կառավարության շենքի կամ խորհրդարանի դիմաց՝ պահանջներով կամ սպառնալիքներով։

Այնպես է ստացվել, որ Արցախյան հարցը՝ Հայաստանի Հանրապետության հիմքն է, իսկ արցախցիների իրավունքները՝ հայկական պետականության կենսունակության և դրա ներուժի ցուցիչ։ Հայաստանում ոչ մի հարց՝ ներքին կամ արտաքին քաղաքական, չի կարող շրջանցել Արցախի և արցախցիների հարցը։

Այս ըմբռնումը առկա է բոլոր համաշխարհային կենտրոններում, և Հայաստանի ու նրա քաղաքական ուժերի նկատմամբ վերաբերմունքը որոշվում է Արցախի և արցախցիների նկատմամբ նրանց դիրքորոշմամբ։ Պատահական չէ, որ եվրոպական երկրներն ու միջազգային դոնորները պնդում են լուծել Արցախի ժողովրդի խնդիրները, որոնք Հայաստանի կառավարությունը փորձում է մի անտեսել։ Կառավարությունը զգուշորեն պաշտպանվում է Արցախի ժողովրդից՝ նվազեցնելով նրանց իրավունքների թեման հանրային ոլորտում։

Սակայն այսօրվա խորհրդարանական քննարկման ժամանակ բարձրացվեցին մի շարք կարևոր հարցեր.

Կառավարությունը կօգտագործի՞ ստացված միջոցները արցախցիներին աջակցելու համար, թե՞ այլ նպատակներով։
Ինչո՞ւ արդեն երկու տարուց ավելի արցախցի ընտանիքների միայն 6%-ն է կարողացել բնակարան գնել պետական ​​ծրագրի միջոցով։
Ինչո՞ւ արցախցիները դժվարանում են քաղաքացիություն ստանալ։ Ճի՞շտ է, որ ընթացակարգը դիտավորյալ բարդացված է։
Ինչո՞ւ են արցախցիները ստիպված դիմել բանկեր, մերժվել կամ անցնել բարդ գործընթաց՝ պետական ​​ծրագրից օգտվելու համար։
Արդյո՞ք հատկացված գումարը իսկապես բավարար է բնակարան գնելու համար։
Քանի՞ ընտանիք կկարողանա բավարարել իրենց բնակարանային կարիքները 250 միլիոնով։
Ինչպե՞ս է լուծվելու մեկից երեք հոգանոց ընտանիքների հարցը։
Ինչո՞ւ սոցիալական բնակարաններ չեն կառուցվում արցախցիների համար։ Ինչո՞ւ է կառավարությունը վախենում արցախցիների կոմպակտ բնակեցումից։

Պարզվում է, որ 26,000 արցախցիներ ստացել են նոր հայկական անձնագրեր, 3,800 ընտանիք դիմել է վկայականների համար, իսկ 1,600 ընտանիք արդեն գնել է բնակարան։

Կառավարության ներկայացուցիչները չկարողացան պատասխանել մնացած բոլոր հարցերին, այդ թվում՝ ի՞նչ պետք է անեն մեկից երեք անդամ ունեցող ընտանիքները, ե՞րբ է սկսվելու սոցիալական բնակարանաշինությունը, ինչո՞ւ են մարդիկ զրկվել վարձավճարի փոխհատուցումից՝ նախքան բնակարան գնելը։

Այս բոլոր հարցերը ուշադիր քննարկվում են դոնորների հետ, և ամենաանհարմար պահին Հայաստանի կառավարությունը կարող է բախվել միջազգային հանրության կողմից վացասական վերաբերմունքի. ինչպե՞ս վստահել մի կառավարության, որն անտեսում է իր սեփական ազգի անդամներին, ովքեր դարձել են «փախստականներ»։ Եթե, իհարկե, խոսքը չի վերաբերում այն ​​երկրներին և կազմակերպություններին, որոնք շահագրգռված են Հայաստանի կառավարության հակազգային գործողություններով։

Դա ոչ թե Իրանի, այլ Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու

ՀՀ ԱԺ փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ Իրանի հոգեւոր առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի հայտարարությանը, որ․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, եւ Իրանը կտրականապես դեմ է դրան»։

«Նախ զուգահեռ պետք է ասել, թե ինչ է ասել մեր դեսպանը իրանական կողմին։ Դեսպանը կրկնել է, որ TRIPP-ը բիզնես նախագիծ է, որը գործելու է Հայաստանի ամբողջական ինքնիշխանության, տարածքային ամբողջականության, իրավազորության ներքո՝ հավասարության եւ փոխադրաձության սկզբունքներով։ Ոչ, TRIPP-ը նույն «Զանգեզուրի միջանցքը» չէ»,- ասաց Ռուբինյանը։

Նա նշեց, որ մշտապես կապի մեջ են իրանցի գործընկերների հետ եւ տեղեկացնում են զարգացումների մասին։

«Հաշվի ենք առնում իրենց զգայնությունները, իրենց շահերը հաշվի առնված են։ Եվ այս առումով շատ կարեւոր է նշել, որ Իրանի արտգործնախարարությունը, այդ թվում՝ Իրանի արտգործնախարարը բազմիցս նշել են, որ այս նախագիծն իրենց կարմիր գծերը հաշվի առնում է եւ նաեւ հնարավորություններ է ստեղծում իրենց համար։ Ես կարծում եմ՝ սա ուժի մեջ է։ Ընդհանրապես ցանկացած երկրի պաշտոնական դիրքորոշում հայտնում է տվյալ երկրի արտգործնախարարությունը, մենք հիմնվում ենք Իրանի արտգործնախարարության հայտարարությունների վրա։ Մենք կարող ենք ասել հետեւյալը՝ բացառվում է, որ Հայաստանում լինի որեւէ նախագիծ, որը կհակասի ՀՀ ինքնինշխանությանը, տարածքային ամբողջականությանը եւ չի լինի Հայաստանի լիակատար իրավազորության ներքո։ Երկրորդ, մենք հաշվի առնում ենք մեր հարեւանների բոլոր կենսական շահերը, եւ Իրանի դեպքում ընդհանրապես այդ շահերը Հայաստանի հետ մեծամասամբ համընկնում ենք։ Չենք կարծում, որ կա որեւէ անհանգստանալու բան։ Դա ոչ թե Իրանի կարմիր գիծն է, այլ Հայաստանի կարմիր գիծն է, որ Հայաստանի տարածքով արտատարածքային միջանցք չի լինելու»,- նշեց Ռուբինյանը։

Ռուսաստանի ներգրավվածությունը TRIPP նախագծում չի քննարկվում, նշեց Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով նրան, որ Ռուսաստանից արձագանք կա, որ Մոսկվան պատրաստ է Երևանի հետ քննարկել TRIPP երթուղում ռուսական մասնակցությունը։

«Ուրախ ենք, որ պատրաստ են մեզ հետ քննարկում ունենալ։ Ուզում եք, 160 անգամ ասեմ, նման քննարկումներ չկան, ես հիպոթետիկ հարցերի չեմ պատասխանում»,–ասաց նա։

Վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով

«Կառավարությունն առաջարկություն է ներկայացնում 250 մլն դոլար վարկ ներգրավել եւ հղում է կատարում կառավարության ծրագրին, որտեղ նշվում է․ «Արցախի հետպատերազմյա վերականգնումը, տնտեսական կյանքի աշխուժացումը, տեղահանված բնակչության սոցիալական խնդիրների ուծումը, մշակութային եւ կրոնական ժառանգության պահպանումը լինելու են կառավարության ուշադրության կենտրոնում։ Ջանք չի խնայվելու Արցախում արժանապատիվ եւ բարեկեցիկ կյանքի պայմաններ ստեղծելու համար, այս նպատակներին կառավարությունը հասնելու է Արցախի իշխանությունների հետ համագործակցության խորացման, ինչպես նաեւ՝ Արցախի հետ համագործակցության նոր ձեւաչափի ստեղծման միջոցով»։ Երանի թե կառավարությունն այդքան սկզբունքային լիներ եւ իր մոտեցումը կառուցեր իր ծրագրի բոլոր կետերի շուրջ, այլ ոչ թե ընդամենը մեկ կետի»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը։

Նա նույնպես հարցադրում արեց՝ վստահ լինե՞նք, որ այդ վարկը ծախսվելու է արցախցիների բնակապահովման ծրագրի սպասարկման նպատակով։ «Ինչո՞ւ եք այդ հարցի վրա զարմանում, կառավարության ներկայացուցիչները գալիս են, ասում են՝ վարկ ենք ներգրավում, որ ճանապարհ կառուցենք, ֆինանսական շուկան զարգացնենք, մեկ էլ Նիկոլ Փաշինյանն այստեղից վեր է կենում ու ասում՝ զենք ենք առել։ Այդ դեպքում պարզ է, որ մենք իրավունք ունենք հույս հայտնել, որ էս անգամ կառավարությունը վարկը կօգտագործի այն նպատակի համար, ինչի համար ներգրավում է»,- նշեց նա։

Արթուր Խաչատրյանի խոսքով՝ այն, որ արցախցիները Հայաստանում բազմաթիվ դժվարությունների են հանդիպում, որեւէ մեկի համար գաղտնիք չէ․ «Եվ երանի թե ՔՊ-ն մասնակցեր արցախցիների սոցիալ-տնտեսական հարցերը քննարկող քննիչ հանձնաժողովի աշխատանքներին»։

Պատգամավարը նշեց, որ ցածր կատարողականը ցույց է տալիս, որ արցախցիների բնակապահովման ծրագիրն ունի լուրջ թերություններ։ Նա կոչ արեց ՀՀ կառավարությանը՝ սերտորեն համագործակցել Արցախի իշխանությունների հետ՝ բարելավելու այդ ծրագիրը, որպեսզի շահառուների թիվը մեծանա։ Նա նաեւ առաջարկեց դիտարկել սոցիալական բնակարանաշինության գաղափարը, որպեսզի արցախցիները կոմպակտ բնակեցվեն, ինչը նաեւ կարեւոր է նրանց վերադարձի իրավունքի իրացման տեսանկյունից։

Ի՞նչ հիբրիդային պատերազմ, որևէ մեկին դատե՞լ են ռուսի շպիոն լինելու համար

Փաշինյանի թիմակիցները շատ հաճախ են խոսում հիբրիդային պատերազմի, արտաքին ներգործության և այլնի մասին։ Հայաստանում կա շուրջ 50 քաղբանտարկյալ, որոնց անդադար փորձում են մեղադրել ինչ-որ արտաքին կապերի հետ կապված, բայց նշվածներից ոչ մեկի նկատմամբ նման հոդված հարուցած չկա։ Նույնիսկ այն մարդկանց հանդեպ, ով հիմա ապօրինաբար, որպես քաղբանտարկյալ, շինծու հոդվածով անազատության մեջ են, նույնիսկ իրենց համար կարվել են այլ հոդվածներ։

Այս մասին այսօր՝ դեկտեմբերի 16–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով նրան, որ ԵՄ–ն 15 մլն եվրոյի աջակցություն է տրամադրելու Հայաստանին ընտրությունների ժամանակ հիբրիդային պատերազմներին դիմակայելու համար։

250 մլն-ով քանի՞ արցախցի ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են

«250 մլն վարկ եք վերցնում, որպեսզի արցախցիներին փորձեք ապահովել բնակարաններով։ Վստահ լինե՞նք, որ էդ գումարներն ամբողջությամբ ծախսվելու են այդ նպատակի համար»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արման Ղազարյանը։

Նա հարցրեց՝ 250 մլն-ով քանի՞ ընտանիքի բնակարանային հարց է լուծվելու, նախօրոք հաշվարկ արե՞լ են։

«Դուք ծրագրից քիչ օգտվելու համար միայն քաղաքացիության պատճառն եք նշում, բայց դա այդպես չէ։ Ես ուզում եմ, որ դուք հստակ նշեք՝ ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդկանցից քանի՞սն են դիմել եւ քանի՞սն են ստացել հավաստագիր։ Պատճառը միայն քաղաքացիությունը չէ, այնտեղ ձեր դրած ծանր չափորոշիչներն են՝ վարկային պատմության ու եկամուտների հետ կապված։ Քանի՞ մարդ է դիմել, քանի՞սն են ստացել հավաստագիր, մնացածն ինչո՞ւ չեն ստացել եւ ի՞նչ պատճառներով»,- հարցրեց պատգամավորը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է հավաստագիր, մարդկանց թիվը չունի։ «Բայց 26 հազար անձինք, որոնք ստացել են քաղաքացիություն, չի կարելի համարել, որ նրանք բոլորը ընտանիքների հանրագումարով են ստացել, որովհետեւ կարող է լինել այնպես, որ ընտանիքի 6 անդամից 5-ն արդեն ստացել են եւ այդ 26 հազար մեջ են։ Այս դեպքում ընտանիքը դեռեւս չի կարող դիմել եւ ստանալ հավաստագիր»,- նշեց փոխնախարարը։

Անդրադառնալով վարկային միջոցները նպատակային ծախսելու հարցին՝ Դավիթ Խաչատրյանն ասաց․ «Եթե ծանոթ եք վարկի համաձայնագրին, ապա այնտեղ հստակ նշված է, որ դրանք միայն այդ նպատակով կարող են ծախսվել, եւ որեւէ այլ նպատակով մասհանումներ չեն կարող իրակացվել»։

«Պարոն Խաչատրյան, ՀՀ քաղաքացիություն ստացած 26 հազար մարդուց քանի՞ մարդ է դիմել ու չի ստացել հավաստագիր։ Ուզում եմ հստակ ներկայացնեք էն մարդկանց կամ շահառուների թիվը, որոնք չեն ստացել հավաստագիր եւ ինչ պատճառաբանություններով»,- հարցադրումը շարունակեց պատգամավոր Արման Ղազարյանը։

«Ձեռքիս տակ հստակ թիվ չունեմ հենց էս պահին, բայց եկեք պարզ հաշվակ կատարենք՝ 3810 ընտանիք ստացել է հավաստագիր։ Եթե հաշվի առնենք այն, որ առաջին փուլում դիմում էին մեծ կազմով ընտանիքները, միջինում ընտանիքների անդամների թիվը կազմում է 5, հետեւաբար՝ 3800 անգամ 5, կազմում է մոտ 19 000 եւ մի փոքր ավելի»,- պատասխանեց փոխնախարարը։

“Խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար”

«Ահազանգեր եմ ստացել որոշ անձնագրային բաժանմունքների կողմից արցախցիների համար խնդիրներ ստեղծելու վերաբերյալ։ Ես դեռ այդ անձնագրային բաժամունքների անունները չեմ հնչեցնում, որովհետեւ զգուշացրել եմ իրենց, կարծում եմ՝ հետեւություններ արել են։ Խնդիրներ կան, այդ թվում՝ քաղաքացիության տրամադրման հետ կապված։ Եվ նաեւ վերաբերմունքի հետ կապված բավականին խնդրահարույց դեպքեր ենք արձանագրել։ Եվ այդ առումով շատ կարեւոր է, որ նույն անձնագրային բաժանմունքներում պատշաճ վերաբերմունք դրսեւորեն արցախցիների նկատմամբ»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։

Նա նշեց, որ բնակարանային ապահովման ծրագրից օգտվող արցախցիների թիվը քիչ է եւ հարցրեց՝ վերլուծություն կատարվե՞լ է կառավարության կողմից՝ ինչո՞ւ է այս պատկերը։

Դավիթ Խաչատրյանն ասաց, որ գլխավոր պատճառը քաղաքացիություն չստանալու հետ է կապված, եւ 3810 ընտանիք արդեն ստացել է հավաստագիր, նրանցից 1600-ն արդեն բնակարան են գնել։ «Կարծում եմ՝ գումարները հիմնականում բավարարում են՝ բնակարան գնելու համար, եթե չխոսենք Երեւանի եւ երեւանամերձ բնակավայրերի մասին»,- ասաց փոխնախարարը։

«Էն մնացած մարդիկ, որ ՀՀ քաղաքացիություն ստացել են, բայց հավաստագիր չեն ստացել, դուք խնդիր չեք տեսնո՞ւմ, ո՞րն է այդ խնդիրը։ Մենք դա ենք ուզում հասկանալ, իմ կարծիքով՝ խնդիրն այն է, որ եղած գումարը չի բավարարում բնակարանային հարցերը լուծելու համար։ Եթե տենց լավ ծրագիր լիներ, կարծում եմ՝ ոչ մեկ չէր ուզի վարձով մնալ կամ բնակարանային խնդիրներ ունենալ։ Մենք վերջերս նաեւ ռեպորտաժ տեսանք, երբ արցախցի մեր հայրենակիցը մեքենայի մեջ է քնում։ Խնդիրը պիտի ռեալ հասկանանք, որ կարողանանք դրա լուծումները տալ»,- ասաց Գառնիկ Դանիելյանը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարարն ի պատասխան հարցադրում արեց․ «Պարոն Դանիելյան, իսկ ի՞նչն է խանգարում՝ դիմել եւ ստանալ քաղաքացիություն, հետո ստանալ հավաստագիր եւ հետո այդ ժամանակ նոր բարձրաձայնել, որ գումարը չի հերիքում։ Այսինքն՝ մենք ունենք բազմաթիվ դեպքեր, երբ քաղաքացիություն չեն ստացել, բայց կա դժգոհություն, որ այդ գումարը չի բավարարում։ Նախ պետք է ստանալ քաղաքացիություն, հետո անցնել այն ճանապարհը, որն այս 1600 ընտանիքներն անցել են եւ արդեն իրացրել են իրենց իրավունքը։ Մենք Հայաստանում ունենք 250 բնակավայր, այդ թվում՝ քաղաքային, որտեղ ընտանիքի մեկ անդամի հաշվով աջակցության չափը կազմում է 5 մլն դրամ։ Այսինքն՝ մենք 250 բնակավայրում 25 մլն-ով 5 հոգանոց ընտանիքին չենք կարողանո՞ւմ ապահովել բնարանով։ Կարծում եմ՝ մի քիչ տեղին չէ այդ պատճառով չդիմել ու չստանալ քաղաքացիություն։ Եվ մենք ունենք 4 մլն դրամանոց շուրջ 650 բնակավայր, ինչը կարծում եմ՝ ամբողջությամբ բավարարում է այդ հարցերը լուծելու համար»,- նշեց Խաչատրյանը։

Պատգամավոր․ ինչո՞ւ արցախցիները քիչ են դիմում բանկեր

«Վերջին շրջանում լուրեր են տարածվում, որ ՀՀ-ն մերժում է շատ մարդկանց ՀՀ քաղաքացիություն տրամադրել, ՀՀ անձնագրեր տրամադրել։ Այս լուրերն ինչպե՞ս կմեկնաբանեք»,- Ազգային ժողովի արտահերթ նիստում արցախցիների բնակապահովման ծրագրի համար վարկային միջոցներ ներգրավելու հարցի քննարկման ժամանակ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանին հարցրեց ՔՊ խմբակցության պատգամավոր Բաբկեն Թունյանը՝ նկատի ունենալով արցախցիների՝ ՀՀ քաղաքացիություն ստանալու գործընթացը։

«Ես այսօրվա դրությամբ թվերը կարող եմ նշել՝ մեր տեղահանված հայրենակիցներից ՀՀ քաղաքացիություն են ստացել 26 233-ը, որից 16 919-ը չափահաս են, իսկ 8314-ը անչափահասներ են։ Քաղաքացիության համար դիմած եւ դեռեւս մշակման փուլում գտնվող դիմումների թիվը կազմում է 6 696։ Ինչ վերաբերում է քաղաքացիությունը մերժելու լուրերին, անկեղծ ասած, նման տեղեկություններ չունեմ։ Մենք ամենօրյա ռեժիմով տեղահանված մեր հայրենակիցների հետ շփումների մեջ ենք եւ որեւէ նման ահազանգ չենք լսել։ Բայց քանի որ քաղաքացիության հարցերով զբաղվում է ՆԳՆ Միգրացիայի եւ քաղաքացիության ծառայությունը, եւս մեկ անգամ իրենց հետ կքննարկենք հարցը»,- ասաց փոխնախարարը։

ՔՊ խմբակցության պատգամավոր Արուսյակ Մանավազյանն էլ հարցրեց փոխնախարարին՝ ինչո՞ւ է ծրագրից օգտվողների թիվը քիչ։ Բանկերում մոնիտորինգ արե՞լ են, տեղահանված անձինք ի՞նչ խնդիրների են բախվում, արդյոք այդ խնդիրների պաշտճառո՞վ է, որ դիմումները քիչ են։

Դավիթ Խաչատրյանը հայտարարեց, որ բանկերի մասով որեւէ խնդիր չկա։ «Մենք թվով վեց բանկերի հետ կնքել ենք այս ծրագրի սպասարկան պայմանագիր։ Եվ դա բավականին հեշտացված ու մշակված ընթացակարգ է։ Դիմելիության մասով՝ քանի որ գլխավոր պայմաններից մեկը ՀՀ քաղաքացիություն ստանալն է, ինչպես նշեցի, արդեն 30 հազարից ավելի մարդիկ դիմել են, նրանց մեծ մասը ստացել են, մենք սա մեծապես կապում ենք քաղաքացիության դիմելիության տեմպերի հետ։ Մեծ հաշվով բավականին մոտ են այն թվերը, որ դիմում են ՀՀ քաղաքացիության համար եւ ստանալուց հետո արդեն հավաստագրի համար են դիմում»,- ասաց փոխնախարարը։

 

Քննարկվել է արցախցիների բնակապահովման համար 250 մլն․ վարկը

Ազգային ժողովն այսօր արտահերթ նիստ է գումարել, որի օրակարգում է նաեւ ՀՀ եւ Ասիական զարգացման բանկի միջեւ կնքված «Կենսունակության բարելավման եւ հզորացման համար բնակարանային բարեփոխումներ» ծրագրի վարկայի համաձայնագիրը վարերացնելու մասին օրենքի նախագիծը։

Աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Դավիթ Խաչատրյանն ասաց, որ ծրագիրը նպատակ ունի զարգացնել կայուն, դիմացկուն եւ ներառական բնակարային համակարգ Հայաստանում՝ աջակցելով Արցախից բռնի տեղահանված ընտանիքների սոցիալ-տնտեսական ինտեգրմանը եւ բարեկեցությանը։ Ծրագրի ֆինանսավորումն իրականացվելու է Ասիական զարգացման բանկի եւ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմնադրամի միջոցների հաշվին։ Ծրագրի շրջանակներում նախատեսվում է ԱԶԲ-ի կողմից ՀՀ-ին տրամադրել 250 մլն դոլար վարկ։ Արտոնյալ ֆինանսավորման գլոբալ գործիքի հիմանդրամի կողմից տրամադրվող դրամաշնորհներն էլ կազմում են 16 450 հազար դոլար։

«Ծրագիրը նպատակ ունի ֆինանսավորել կառավարության կողմից դեռեւս 2024 թվականին հաստատված Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային աջակցության պետական աջակցության ծրագիրը։ Հիշեցնեմ, որ պայմաններին բավարարելու դեպքում ընտանիքները կարող են դիմել եւ ստանալ հավաստագրեր, ինչի միջոցով կարող են գնել իրենց նախընտրած բնակարանը կամ բնակելի տունը՝ իրենց նախընտրած բնակավայրում։ Նշեմ, որ այսօրվա դրությամբ 3810 ընտանիք դիմել եւ ստացել է բնակարանի հավաստագիր, որոնցից 1631-ը ձեռք են բերել իրենց սեփական տունը կամ բնակարանը»,- ասաց փոխնախարարը։

Վարկը տրամադրվում է 27 տարի ժամկետով, եւ առաջին 10 տարին արտոնյալ ժամկետ է սահմանվում։

Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն․ Խանդանյան

ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձաժողվոի նախագահ Սարգիս Խանդանյանը խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում անդրադարձավ «Թրամփի ուղի» նախագծի վերաբերյալ Իրանից հնչող անհանգստություններին։

Իրանի Իսլամական հեղափոխության առաջնորդի միջազգային հարցերով ավագ խորհրդական Ալի Աքբար Վելայաթին հայտարարել է․ «Թրամփի, այսպես կոչված Կովկասի ծրագիրը ոչնչով չի տարբերվում Զանգեզուրի միջանցքից, և Իրանը կտրականապես դեմ է դրան»։

Սարգիս Խանդանյանն ասաց, որ որեւէ նոր մանրամասներ ի հայտ չեն եկել, TRIPP ինչպես կա, շարունակում է մնալ ենթակառուցվածքային նախագիծ, որոշ առումով նաեւ բիզնես նախագիծ։ Այն հայ-ամերիկյան երկկողմ նախագիծ է, այդ նախագծում որեւէ անվտանգային բաղադրիչ չկա։ Դրա նպատակն է Հայաստանում ենթակառուցվածքների զարգացումը։

«Իրանի մեր գործընկերների հետ միշտ տարբեր մակարդակներում հաղորդակցություն կա, հիշո՞ւմ եք՝ նախագծը նոր էր ներկայացվել, Իրանի արտգործնախարարը եւ այլ պաշտոնյաներ հանդես եկան հայտարարություններով՝ ասելով, որ իրենց անհանգստությունները փարատված են։ Իրանի մեր գործըներների հետ մշտական կապի մեջ ենք, եթե լինում է որեւէ անհանգստություն, Հայաստանն օպերատիվ կերպով արձագանքում է։ Հայաստանում չի կարող լինել ՆԱՏՕ-ի ներկայություն, որովհետեւ նախ Հայաստանը որեւէ հավակնություն չունի ՆԱՏՕ-ին անդամակցելու։ Հայաստանն ունի ՆԱՏՕ-ի հետ համագործակցության որոշակի շրջանակ, որը չի ենթադրում որեւէ կերպ ՆԱՏՕ-ի ֆիզիկական ներկայությունը Հայաստանի Հանրապետությունում։ Եվ ընդհանրապես TRIPP համատեքստում դրա մասին խոսելը նպատակահարմար չէ, որովհետեւ TRIPP-ը ենթակառուցվածքային ծրագիր է»,- ասաց Խանդանյանը։

Անդրադառնալով Ռուսաստանից հնչող հայտարարություններին, թե պատրաստ են քննարկել Թրամփի ուղի նախաձեռնությանը Մոսկվայի հնարավոր մասնակցության հարցը, Սարգիս Խանդանյանն ասաց․ «TRIPP նախագիծը երկկողմ նախագիծ է, Հայաստանի, եւ ԱՄՆ-ի միջեւ են բանակցություններն ընթանում։ Որեւէ կողմի ներգրավման հարցերը հետագայում են քննարկվելու, ինչպես համաձայնագրում է գրված՝ կողմերի համաձայնությամբ, այսինքն՝ կոնսենսուսով»։