Բնիկ ժողովուրդների իրավունքները տարբերվում են սովորական ժողովուրդների իրավունքներից

Սեւրի պայմանագիրը դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է որպես իրավական հիմք՝ հիմնվենք այդ պայմանագրի վրա։ Այս մասին այսօր «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով գիտաժողովի ժամանակ ասաց տնտեսագետ Մարգարիտա Միրզոյանը։

Նա նշեց, որ բնիկ ժողովուրդների իրավունքները տարբերվում են սովորական ժողովուրդների իրավունքներից։ Հայերի իրավունքները խախտվել են, եւ առ այսօր Օսմանյան կայսրության իրավահաջորդ Թուրքիան ոչ միայն չի ճանաչում ու չի հատուցում Հայոց ցեղասպանության համար, այլ ցանկացած հարթակ ու գործիքակազմ՝ օրինական եւ անօրինական, օգտագործում է այդ իրողության դեմ պայքարելու համար։

Թուրքիայի գործունեությունը դրանով չի սահմանափակվում, այլ նաեւ տարածվում է Ադրբեջանի կողմից 1988 թվականից սկսված հայերի հանդեպ իրականացվող ցեղասպանության, էթնիկ զտումների եւ այլ հանցագործությունների վրա։

«Այն տարածքները, որտեղ այսօր անօրինական ձեւով գտնվում են Թուրքիան ու Ադրբեջանը, իրենց կողմից բռնազավթվել են բնիկ ժողովուրդներին՝ մեծամասամբ հայերին ցեղասպանելու, էթնիկ զտումների ենթարկելու հետեւանքով։ Նման հանցավոր ճանապարհով այդ տարածքների վրա իշխանություն հաստատելը դատապարտելի է։ Եվ մեր պարտականությունն է հասնել դրա դատապարտմանը։

Բացի տարածքներից, Թուրքիան եւ իր շարունակություն հանդիսացող Ադրբեջանը հայերին զրկել են եւ նյութական, եւ ոչ նյութական ժառանգությունից, որը նույնպես պետք է առաջ քաշել եւ պահանջատեր լինել»,- ասաց նա։

Մարգարիտա Միրզոյանը նշեց, որ Ադրբեջանն այսօր իր տնտեսական կարողություններն ապահովում է նավթով, իսկ նավթարդյունաբերության հիմքում եղել են հայերը։ Դա եղել է 1800-ականներին, երբ Ադրբեջանը որպես պետություն առհասարակ գոյություն էլ չի ունեցել։

«Կարեւոր եմ համարում նշել, որ Ադրբեջանը՝ որպես պետություն, ի հայտ է եկել 1917 թվականին, իսկ ադրբեջանցիներին որպես ազգ սկսել են համարել 1936 թվականին։ Հիմա իրենք շատ խոսում են իրենց վերադարձի իրավունքի եւ այլնի մասին, իրենք բնիկ ժողովուրդ չեն հանդիսանում առհասարակ՝ ոչ Հայաստանում, ոչ ուրիշ տեղ, որովհետեւ որպես ազգ գոյություն չեն ունեցել»,- նշեց նա։

Միրզոյանը հավելեց, որ մեր պահանջատիրությունը պետք է լինի եւ այդ պահանջատիրությունը պետք է իրացվի միջազգային իրավունքի բոլոր կանոներին համապատասխան։

«Մենք գիտենք, որ ցեղասպանությունից հետո կնքնվել է Սեւրի պայմանագիրը։ Թեպետ հիմա Սեւրի պայմանագիրը փաստացի չի գործում Հայաստանի եւ Քուրդստանի համար, սակայն այն դե յուրե իրավական ուժ ունի, եւ մենք պետք է որպես իրավական հիմք՝ հիմնվենք հենց Սեւրի պայմանագրով սահմանված տարածքների վրա։

Վերադարձը պետք է սկսել նախ եւ առաջ արցախահայության վերադարձից։ Արցախահայությունը՝ սկսած 1988 թվականից, իրացրել է ազգերի ինքնորոշման իր միջազգային իրավունքը։ Լինելով բնիկ ժողովուրդ՝ ինքը եւս մեկ անգամ հաստատել է Ադրբեջանի կազմից դուրս ապրելու հստակ նպատակն ու որոշումը։ Եվ վերադարձի իրավունքը պետք է իրացնել ամբողջ հայկական պահանջատիրության համատեքստում, նաեւ գարդմանահայության վերադարձի իրավունքը պետք է իրացվի»,- ասաց նա։

Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Բ–ին

Այսօր, հունիսի 25-ին, ՀՀ Առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանն իր առանձնատանը հյուրընկալել է Ամենայն Հայոց Կաթողիկոս Գարեգին Երկրորդին:

Շուրջ մեկ ժամ տևած զրույցի ընթացքում, Հայաստանի ներկայիս իրավիճակի գնահատականից բացի, անդրադարձ է կատարվել նաև Սամվել Կարապետյանի նկատմամբ Փաշինյանի կողմից սանձազերծված հաշվեհարդարին, ինչի առիթը Եկեղեցու դեմ իշխանությունների հայտարարած պատերազմի համատեքստում վերջինիս արած հետևյալ հայտարարությունն է. «Եթե չհաջողվի քաղաքական գործիչներին, ուրեմն մենք էլ մեր ձևով ենք մասնակցելու այդ ամեն ինչին»: Խոսք, որը ոչ այլ ինչ է, եթե ոչ սովորական քաղաքական հայտարարություն, ինչի իրավունքը, որպես Հայաստանի քաղաքացի, նա ունի:

Նախագահի գնահատմամբ՝ Փաշինյանը պարտության մարմնավորում է։ Նա խայտառակ կերպով պարտվեց արցախյան պատերազմում, հաստատաբար պարտվելու է նաև Հայոց եկեղեցուն հայտարարած պատերազմում։

Գարդմանը Մեծ Հայքի Ուտիք նահանգի 8 գավառներից մեկն է։ Այն հազարամյակներ շարունակ եղել է հայերի բնօրրանը

ՀԱԵ Արցախի թեմը, ԳԱԱ Պատմության ինստիտուտը եւ Արարատյան արժեքների կրթական հիմնադրամն այսօր կազմակերպել են «Հայոց Արևելից կողմեր․ Գարդման․ պատմություն և իրականություն» խորագրով գիտաժողով։

Այն նվիրված է Գարդմանի, Հյուսիսային Արցախի շրջանում հայերի իրավունքների, ունեցվածքի յուրացման և պատմամշակութային ժառանգության ոչնչացման խնդիրներին։

ՀԱԵ Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն իր ելույթում ասաց, որ Գարդմանը Մեծ Հայքի Ուտիք նահանգի 8 գավառներից մեկն է։ Այն հազարամյակներ շարունակ եղել է հայերի բնօրրանը եւ մեր մեծ հայրենիքի անբաժան մասը։ Այդ մասին են վկայում նրա վանական համալիրները, մատուռներ ու ամրոցները, ժողովրդական բանահյուսությունն ու ավանդույթները։

«Այսօր, երբ դարերի հեռավորությունից քննախույզ հայացքով նայում ենք աստիճանաբար փոքրացող մեր հայրենիքի պատմությանը, հասկանում ենք որոշ ակնհայտ իրողություններ։ Այո, մենք իրապես հին ազգ ենք՝ մշակութաստեղծ, կառուցող, արարող, սակայն ունենք մի շատ խոցելի կողմ՝ չունենք հեռատես ու ապագային ուղղված ռազմավարական մտածելակերպ, որը պետք է ապահովի մեր հայրենիքի պահպանությունը։ Սրան հակառակ, մեր շուրջը հայտնված քոչվոր ցեղերը իրենց նպատակային ու հեռուն գնացող ծրագրերի միջոցով աստիճանաբար կարողացան տիրանալ մեր պապենական հողերին»,-ասաց նա։

Վրթանես սրբազանի խոսքով՝ Արցախյան գոյապայքարը կասեցրել էր կորուստների շղթան, բայց, ցավոք սրտի, չկարողացանք պահպանել այն, ինչ ձեռք էինք բերել։ Նորից տվեցինք վայելքներին, մեր եսակենտրոն ապրելակերպին եւ կորցրեցինք արդեն Արցախը։ Այսօր նույնը շարունակվում է։

Նա նշեց, որ պետք է մշակել ռազմավարություն՝ կասեցնելու կորուստների շղթան։

Ո՞վ է այսօր ձերբակալվել. խուզարկվել է նաև Արցախի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանի տունը

Այսօր ընդդիմության անդամների տներում խուզարկություններից հետո ձերբակալվածների նախնական ցուցակը հրապարակվել է։ Հայկական լրատվամիջոցները գրում են, որ արքեպիսկոպոս Բագրատ Գալստյանից բացի, կա ևս յոթ անձ։

Նրանք են՝ Արցախի խորհրդարանի անդամ Դավիթ Գալստյանը, թոշակառւ գնդապետ Միհրան Մախսուդյանը, ՀՅԴ Գերագույն մարմնի անդամ Իգոր Սարգսյանն, գործարար Տիգրան Գալստյանը, ակտիվիստ և Ղարաբաղյան պատերազմում զոհված հերոս Արա Ռոստոմյանի հայրը։

Տեղական լրատվամիջոցների փոխանցմամբ՝ Հայաստանի Ազգային անվտանգության ծառայությունը խուզարկել է նաև Լեռնային Ղարաբաղի խորհրդարանի խոսնակ Աշոտ Դանիելյանի տունը։

«Սպուտնիկ Արմենիայի» աղբյուրները նաև հայտնել են, որ ParaTV-ի տնօրեն Էլիզաբեթ Պետրոսյանը տարվել է Էրեբունու քննչական բաժին։ ԱԱԾ աշխատակիցները խուզարկություններ են անցկացրել նրա տանը։ Պետրոսյանի ամուսինը՝ գործարար և «Հայաստան» խմբակցության նախկին պատգամավոր Վահե Հակոբյանն է, ով ներկայումս գտնվում է երկրից դուրս։

Ինչ է կառուցում Ալիևը Ղարաբաղում. բլոգերները տագնապ են հնչեցնում

Մի շարք լրատվամիջոցներում տարածված տեղեկատվության ֆոնին, որ 2020 թվականին գրավված Արցախի տարածքներն օգտագործվել են Իրանի դեմ ռազմական գործողությունների համար, պարզ է դառնում, թե ինչու է Ալիևը գրավված տարածքում կառուցում օդանավակայաններ, ճանապարհներ և միայն որոշ տեղերում՝ բնակելի շենքեր։ Իրականում տներ կառուցելու կարիք չկա, կարելի է մի փոքր վերանորոգել հայերի տները, դրա համար միլիոններ դուրս գրել և ներկայացնել որպես նոր շենքեր։

Բաքվի լրատվամիջոցներն ու սոցիալական ցանցերը սկսել են ավելի հաճախ գրել, որ «Ղարաբաղի վերածննդի» համար հատկացված գումարը պարզապես լվացվում է։

«Մամուլի հաղորդագրությունների համաձայն՝ Խոջալուի շրջանի Բալուջա գյուղում 63 բնակելի շենքերի վերանորոգման համար հատկացվել է 3,3 միլիոն մանաթ։ Աշխատանքները վստահվել են «Շինկար Հոլդինգ» ընկերությանը, որը, ենթադրաբար, կապված է կառավարության հետ։ Պարզվում է, որ յուրաքանչյուր տան արժեքը մոտ 52 հազար մանաթ է։ Հարց է առաջանում՝ ի՞նչ աշխատանք կարելի է կատարել այդ գումարով։ Օգտագործվո՞ւմ են ոսկեզօծ նյութեր։ Կամ յուրաքանչյուր տանը նոր տո՞ւն է կառուցվում։ Սա աբսուրդ է։ Ինտերնետում հրապարակված տեղեկատվության համաձայն՝ ընկերության ղեկավարությունը սերտ կապեր ունի նախագահի հետ, և հենց դա է թույլ տալիս նրանց անպատիժ ծախսել պետական ​​միջոցները։ Պարզվում է, որ նույնիսկ մեր երազանքի իրականացումից՝ Ղարաբաղի ազատագրումից հետո, մենք իրական ազատություն չենք ձեռք բերել։ (Պալիտրա)

2025 թվականի ապրիլի դրությամբ Ադրբեջանում աշխատողների թիվը կազմել է 1.77 միլիոն։ Սակայն 52 շրջաններում գրանցվել է աշխատատեղերի կրճատում։ Հետաքրքիր է, որ աշխատատեղերի ամենամեծ կրճատում ունեցող շրջաններն են Քելբաջարի շրջանը (-9.2%) և Լաչինի շրջանը (-7.8%)։ (Meydan TV)

Խոջալուում կառուցվում է «ցեղասպանության» զոհերի հիշատակին նվիրված հուշահամալիր։ Դրա համար հատկացվել է գրեթե 18 միլիոն մանաթ (մոտավորապես 10 միլիոն դոլար)։ Սա ևս մեկ փողերի լվացման նախագիծ է։ (Teleqraf.az)

Սակայն ամենահետաքրքիրն այն է, որ Բաքվի լրատվամիջոցները գրում են, որ «կան Ղարաբաղում թմրանյութեր արտադրելու ծրագրեր»։ Ենթադրվում է, որ ներկերի գործարանի անվան տակ կբացվի սինթետիկ թմրանյութերի արտադրության լաբորատորիա։ Այս օբյեկտում աշխատելու համար Պակիստանից արդեն իսկ էժան աշխատուժ է բերվում։ Հաստատության ճշգրիտ տեղը դեռևս անհայտ է։ (Palitra)

Պատահական չէ, որ Ալիևը ձերբակալում է բլոգերների և երիտասարդ լրագրողների, ովքեր տեսնում են, թե ինչի է վերածվում Ղարաբաղը, որի անունով նրանց ստիպում էին աղոթել։

Արցախի ԱԺ պատգամավոր Դավիթ Գալստյանին տեղափոխեցին քննչական բաժին

Արցախի Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանին (և Սրբազան պայքարին աջակցած մի քանի այլ արցախցիների) տեղափոխել են Երևան քաղաքի Աջափնյակ և Դավթաշեն վարչական շրջանների քննչական բաժին (ավելի հայտնի իբրև ԱԱԾ քննչական)։
Նրան ձերբակալում են՝ ՀՀ-ում իշխանությունը զավթելուն ուղղված գործողությունների իրականացման կասկածանքով։

Ռուսաստան մուտք գործելու նոր կանոններ օտարերկրացիների, այդ թվում՝ Հայաստանի քաղաքացիների համար

ՀՀ-ում Ռուսաստանի դեսպանատունը հրապարակել է հրահանգներ՝ այս տարվա հունիսի 30-ից սկսած առանց վիզայի ռեժիմով Ռուսաստանի Դաշնություն օտարերկրացիների մուտքի նոր կանոնների վերաբերյալ։

Ներդրվող կանոնների համաձայն՝ օտարերկրացիները պետք է գրանցվեն Միասնական նույնականացման համակարգում մուտք գործելուց առաջ։ Սա նշանակում է, որ նրանք պետք է մուտքի դիմում ներկայացնեն ruID բջջային հավելվածի միջոցով՝ մուտք գործելուց ոչ ուշ, քան 72 ժամ առաջ։ Արտակարգ դեպքերում՝ ոչ ուշ, քան 4 ժամ։

Կարգը պարտադիր է Ռուսաստանի սահմանը առանց վիզայի ռեժիմով հատող բոլոր օտարերկրյա քաղաքացիների համար, բացառությամբ օտարերկրյա քաղաքացիների հետևյալ կատեգորիաների՝ Բելառուսի քաղաքացիներ, դիվանագիտական ​​և ծառայողական անձնագրերի տերեր, օտարերկրացիներ և 6 տարեկանից փոքր քաղաքացիություն չունեցող անձինք։

Բագրատ սրբազանին կասկածում են ահաբեկչություն նախապատրաստելու մեջ

«Սրբազան պայքար» անվանումով շարժման մասնակիցները և ղեկավարները պլանավորել էին ՀՀ-ում իրականացնել ահաբեկչական և իշխանությունը զավթելուն ուղղված գործողություններ։ Այս մասին հայտնում է Քննչական կոմիտեն։

Վ․Գ․-ն (Վազգեն Գալստանյան, ինքը՝ Բագրատ սրբազան) իր կողմից նախաձեռնված և ղեկավարվող «Սրբազան պայքար» անվանումով շարժումն իրականացնելու մի քանի ամիսների ընթացքում չկարողանալով Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ թույլատրված եղանակներով իրագործել իր կողմից շարժման առջև դրված՝ Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը ստանձնելու նպատակը, 2024 թվականի նոյեմբեր ամսից սկսած նպատակադրվել է այն իրագործել ՀՀ Սահմանադրությամբ չթույլատրված եղանակով, և այդ նպատակի իրականացման համար շարժման մի շարք մասնակիցների հետ նախնական համաձայնությամբ խմբի կազմում ձեռք է բերել ահաբեկչություն կատարելու և իշխանությունը զավթելու համար անհրաժեշտ միջոցներ և գործիքներ, ինչպես նաև դիտավորությամբ ստեղծել է այլ պայմաններ՝ այդ կերպ կատարելով իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն, ասված է հաղորդագրության մեջ։

Դա շատ ծանր մեղադրանք է, որը տարիների ազատազրկում է ենթադրում։ Սա նաև մեղադրանք է Հայ Առաքելական եկեղեցու հասցեյին։

Ասում են՝ Վ․Գ․-ն և հանցավոր խմբի մյուս անդամները չեն կարողացել իրականացնել պլանը ՀՀ ազգային անվտանգության ծառայության աշխատակիցների կողմից դրանք նախապատրաստելու փուլում բացահայտելու պատճառով:

Հետաքրքիր է, Արմեն Աբազյանը տեղյա՞կ էր այդ պլանից, և ինչի՞ համար են նրան ազատել ԱԱԾ պետի պաշտոնից, չսպասելով լույսը բացվի։

«Հեղաշրջման պլանի» գործով առավոտից խուզարկում են «Սրբազան պայքարի» և ՀՅԴ գործիչների տները

Վաղ առավոտից «հեղաշրջման պլանի» գործով խուզարկում են բազմաթիվ ընդդիմադիր գործիչների տները: Այս մասին հայտնում է փաստաբան, «Հինգ իրավապաշտպանների» նախաձեռնությունից Արսեն Բաբայանը։

Իրավապահ մարմինները առավոտից խուզարկություններ են անցկացնում ընդդիմադիր «Սրբազան պայքար» շարժման կողմնակիցների տներում։ Այս մասին հաղորդվել է շարժման Telegram ալիքում։ Նշվում է, որ օպերատիվ գործողություններ են ընթանում նաև դրա առաջնորդ՝ արքեպիսկոպոս Բագրատ Գալստանյանի բնակարանում։

Ավելի ուշ ՀՅԴ-ն հայտնեց, որ խուզարկություններ և ձերբակալություններ են տեղի ունեցել կուսակցության տարածաշրջանային գրասենյակներում։ Բերման են ենթարկվել նրա որոշ անդամներ։

Զինադադարը ժամանակավո՞ր է ։ ԱՄՆ հետախուզությունը չի հաստատել Իրանի միջուկային ծրագրի ոչնչացումը։

Չնայած Դոնալդ Թրամփը երեկ բարձրաձայն հայտարարեց Իրան-Իսրայել պատերազմի ավարտի մասին և նույնիսկ այն անվանեց «12-օրյա», վերլուծաբանները ավելի ու ավելի են պնդում, որ սա միայն ժամանակավոր զինադադար է, և որ Իսրայելը որոշ ժամանակ անց կվերսկսի իր գործողությունները: Եվ պատճառը կարող է լինել այն, որ Իրանի միջուկային ներուժը ոչնչացնելու նպատակները չեն իրականացվել։

ԱՄՆ հետախուզական գործակալությունները համաձայն չեն Սպիտակ տան հետ՝ գնահատելով Իրանի միջուկային օբյեկտներին ամերիկյան հարվածների պատճառած վնասը: Պենտագոնը կարծում է, որ երկրի միջուկային ծրագիրը անդառնալիորեն չի ոչնչացվել, երեքշաբթի՝ հունիսի 24-ին, իրարից անկախ հաղորդել են ամերիկյան CNN հեռուստաալիքը և New York Times-ը՝ հղում անելով գերատեսչության աղբյուրներին:

Ըստ լրատվամիջոցների կողմից մեջբերված Պենտագոնի հետախուզական գործակալության զեկույցի՝ Ֆորդոյի, Նաթանզի և Սպահանի օբյեկտների վրա ԱՄՆ հարվածները Իրանի միջուկային ծրագիրը հետ են մղել միայն մի քանի ամսով։ Հրատարակության աղբյուրները նշում են, որ հարստացված ուրանի պաշարները կարող էին նախապես տեղափոխվել այդ օբյեկտներից, և ուրանի հետագա հարստացման համար անհրաժեշտ ցենտրիֆուգները «մեծ մասամբ անվնաս են մնացել»։

CNN-ը նշում է, որ ԱՄՆ հարձակումներից Իրանի միջուկային օբյեկտներին հիմնական վնասը կրել են ցամաքային կառույցները։ Միևնույն ժամանակ, շատ ռազմական փորձագետների կարծիքով, Իսրայելը համոզել է ԱՄՆ-ին միանալ Իրանի վրա հարձակումներին հենց այն պատճառով, որ Վաշինգտոնն ուներ եզակի GBU-57A ռումբեր՝ արկեր, որոնք կարող էին հասնել Ֆորդոյի օբյեկտին, որը թաքնված է լեռան տակ։

Բացի այդ, Իրանում ուրանի հարստացման փոքր գաղտնի օբյեկտները մնացել են անձեռնմխելի, գրում է NYT-ը՝ հղում անելով անանուն իսրայելցի պաշտոնյաներին։ Նրանց կարծիքով, Թեհրանը նման կենտրոններ է կառուցել հենց այն դեպքի համար, երբ երկրի միջուկային ծրագիրը շարունակի գոյություն ունենալ նույնիսկ Ֆորդոյի և Սպահանի օբյեկտների նման համալիրների հնարավոր ոչնչացման դեպքում։

Արցախյան Ավետարանոց գյուղը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ

Քիրս լեռան ստորոտում ծվարած Ավետարանոց գյուղը մի իսկական դրախտավայր էր հիշեցնում: Աննկարագրելի դյութիչ բնություն, կուսական անտառներ, մաքրամաքուր օդ ու ջուր, անվերջ դայլայլող թռչունների երամներ, պարզապես՝ մի երանելի բուրաստան:

Ավետարանոցը գոյություն է ունեցել դեռևս մեկուկես հազարամյակ առաջ: Այն եղել է Վարանդա գավառի կենտրոնը և մելիքների նստավայրը: Միջնադարում և հատկապես մելիքների տիրապետության շրջանում բնակավայրը շրջապատված է եղել հզոր և ամուր պարիսպներով, որոնց որոշ հատվածներ մնում են մինչև օրս: Մնում են նաև մելիքների թաղկապ ապարանքների արդեն կիսով չափ փլված պատերի և այլ ավերակների մնացորդները:

Ըստ ավանդության Աղվանքի թագավոր Վաչե Երկրորդը ճգնավոր դառնալուց  հետո հաստատվել է այստեղ և իրեն նվիրել Քրիստոսի Ավետարանին: Այստեղից և գյուղը կոչվել է Ավետարանոց:

Գյուղն առանձնանում է իր հնամենի մեծ և փոքր հուշարձաններով, խաչքարերով: Հենց գյուղի կենտրոնում է գտնվում Սուրբ Աստվածածին եկեղեցին, որ կառուցվել է 1651 թվականին: Հուշարձանների մեջ մեծ հետաքրքրություն է ներկայացնում Կուսանաց անապատը: Համաձայն եկեղեցու մուտքի վերևի արձանագրության՝ այն կառուցվել է 1616 թվականին: Կուսանոցի շինարարներն օգտագործել են ավերված շենքների քարեր՝ ընդգծելու, որ կառուցել են նախկինում եղած կրոնական հայտնի օջախի տեղում: Հնում այդտեղ եղել է հոգևոր-մշակութային կենտրոն, ինչի մասին են վկայում գրավոր աղբյուրները և հին արքայատան մնացորդները: Հետազոտություններն ապացուցել են, որ այստեղ է գտնվել Մելիք-Շահնազարյանների դամբարանը: Եկեղեցու բակում են ամփոփված մելիք-իշխանների և քահանաների աճյուններ, տաճարի պատերում որմնաշարված են տարբեր դարաշրջանների խաչքարեր:

Գյուղում կարելի էր տեսնել հիանալի ճարտարապետական նմուշների հետքեր: Նախ և առաջ դրանք Շահնազարյանների երեք մելիքական ապարանքներն են, որոնց պահպանված բարվոք վիճակը բավականին քանակությամբ տեղեկություններ է տալիս այդ դարաշրջանի արցախյան պալատականների կենսակերպի և կենցաղի մասին:

Մելիքանիստ գյուղի քաջորդիներն Արցախյան պայքարի անձնվեր մարտիկները դարձան: Ավետարանոցցին կանգնեց պաշտպանելու իր անառիկ գյուղն ու Արցախ աշխարհը: 1990 թվականի սկզբներին Համլետ Ստեփանյանի հրամանատարությամբ Ավետարանոցում կազմավորվեց կամավորական ջոկատ, որի հիմքի վրա 1991 թվականի վերջին ստեղծվեց վաշտ: 1992 թվականից ջոկատն առանձին, վաշտն Ասկերանի պաշտպանական շրջանի առանձին մոտոհրաձգային գումարտակի կազմում մասնակցել են Արցախի մի շարք բնակավայրերի ինքնապաշտպանական և ազատագրական մարտերին: Գումարտակը ղեկավարում էր Արշավիր Ղարամյանը:

Ավետարանոցի տղաներն ակտիվորեն մասնակցել են Արցախյան բոլոր պատերազմներին 32 հայորդի զոհվել է Արցախյան առաջին, 10-ը՝ 2020-ի, 2-ը՝ 2023-ի պատերազմներին, իսկ 1 հոգի զոհվել է 2023-ի սեպտեմբերի 25-ի պայթյունի ժամանակ։ 2020-ին 2 հոգի գերեվարվել են առայսօր նրանց ճակատագրերն անհայտ են։

 Վերջին անգամ այցելել եմ Ավետարանոց հայերիս համար հաղթական մայիս ամսին՝ 44-օրյա պատերազմից առաջ։

 -Գյուղն ամբողջությամբ ընկղմված էր կանաչի մեջ․ ասես տաղանդավոր նկարչի վրձին էր աշխատել ու գյուղն իսկական հեքիաթի վերածել: Մնում էր միայն հմայվել ու վերստին համոզվել՝ ինքա՜ն գեղեցիկ ու գողտրիկ է մեր Արցախ աշխարհի ամեն մի անկյունը:

Ավետարանոցի նորակառույց մանկապարտեզի շենքից հորդում էր երեխաների կարկաչուն և անհոգ ծիծաղը, բարձր տրամադրություն հաղորդում գյուղի մեծերին, ովքեր մանկապարտեզի կողքով անցնելիս մի պահ կանգ էին առնում և օրհնանք տալիս այդ հիանալի օջախը կառուցողներին:

«Երանի՜, գյուղում միշտ խինդ ու ծիծաղ լինի, ավելի շատ երեխաներ ծնվեն, գյուղը ծաղկի ու շենանա»,- մտածում էին բոլորը։

Ավետարանոցի Իվան Աթայանի անվան միջնակարգ դպրոցի երբեմնի փառքի մասին շատ էի լսել: Այցելեցի․ դպրոցի բակում աշխուժություն էր նկատվում: Պարզվեց, որ տարրական դասարանների աշակերտների մի մասը վերադառնում էր շաբաթօրյակից․ ոգևորված երեխաները սանմաքրման աշխատանքներ էին իրականացրել «Դախշուն» կոչվող տեղամասում: Ուսուցիչների հետ նրանք մաքրել էին սառնորակ աղբյուրի շրջակայքը, որպեսզի ամեն մի անցորդ վայելի անմահական ջուրը: Իրար հերթ շտալով՝ փոքրիկները պատմում էին, որ օրեր առաջ բարձր դասարանցիներն էին շաբաթօրյակ կազմակերպել «Ցուրտ աղբյուր» կոչվող տեղամասում:

Երբ մտա դպրոցի շենքը, անմիջապես աչքս շոյեց «Ղարաբաղյան շարժում» խորագրով պատի թերթը, որը մատաղ սերնդին բովանդակալից ներկայացնում էր այն ամենը, ինչ կատարվել էր տարիներ առաջ: Մայիսյան եռատոնին նվիրված պատի թերթ էր լույս ընծայվել, թարմացված էին նաև փառքի անկյունները:

Աշխուժությունը շարունակվում էր նաև դպրոցի ներսում: Երկրորդ դասարանցիները նշում էին ռուսերենի այբուբենի տոնը, որին մասնակցեցի մեծ ուրախությամբ:

Հետո ֆիզիկայի ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանի հետ շրջեցի դպրոցում: Երբեմնի հզոր դպրոցը վերանորոգման խիստ կարիք էր զգում: Սակայն, ինչ ժառանգել էին տարիներ առաջ ստեղծածից, ուսուցիչները պահում էին ամեն գնով և սրտացավությամբ: Ֆիզիկայի լաբորատորիայում ամեն ինչ այնպես էր, ինչպես թողել էր ԽՍՀՄ ժողովրդական ուսուցիչ Իվան Աթայանը: Դասասենյակի ամենապատվավոր տեղն զբաղեցնում էր ուսուցչին նվիրված անկյունը, որը կրում էր «Ընդմիշտ մեզ հետ» խորագիրը: Լինելով Իվան Աթայանի աշակերտուհին, ապա նրա գործընկերը՝ վաստակաշատ ուսուցչուհի Ալվինա Հայրապետյանն ակնածանքով և հուզմունքով էր խոսում իր ուսուցչի, նրա թողած մեծ ժառանգության մասին․ «Փոքրուց շատ էի սիրում հայոց լեզու և գրականություն, սակայն առավել սիրում ու հարգում էի ընկեր Աթայանին: Եվ այդ զգացմունքն այնքան ուժեղ էր իմ մեջ, որ ես նախընտրեցի ֆիզիկի մասնագիտությունը: Ամբողջ կյանքում աշխատեցի նմանվել նրան, դարձա նրա հավատարիմ հետևորդը»,-ասում է Ա․ Հայրապետյանը։

Այնուհետև Ալվինա Հայրապետյանի հետ, ով հաճույքով էր ստանձնել իմ ուղեկցուհու դերը, շրջեցի գյուղում: Դպրոցի տնօրենության, ուսուցչական և աշակերտական կոլեկտիվների մշտական ուշադրության կենտրոնում էին Հայրենական Մեծ պատերազմում և Արցախյան գոյամարտում նահատակված ավետարանոցցիների հիշատակին կանգնեցված հուշարձանների, հուշաղբյուրների բարեկարգման և խնամքի աշխատանքները: Այս սրբատեղերի պահպանումը յուրաքանչյուրն իր առաքելությունն էր համարում:

Ավետարանոցում ամեն ինչ ինձ համար հետաքրքիր էր, գեղեցիկ: Ալվինա Հայրապետյանը պատմում էր գյուղի և գյուղացու առօրյայի մասին: Գարնանային արևոտ այդ օրը համարյա բոլորն այգիներում էին: Հողի մշակ ավետարանոցցին չէր կարող պարապ նստել, նա ժրաջան մեղվի պես աշխատասեր էր ու ստեղծող: Մեծամասնությունն աշխատում էր գյուղից դուրս՝ ահել, թե ջահել:

Այդ օրը ես շատ բան իմացա Ավետարանոցի մասին, վայելեցի գյուղի ամեն մի անկյունը, հիացա մարդկանց վերաբերմունքից։ Հանդիպեցի նաև Հայրենական Մեծ պատերազմի վետերան Արաքսյա Խաչատրյանի հետ, լսեցի նրա կյանքի պատմությունը և երկարակյաց լինելու գաղտնիքները։

Երբ եկավ տուն դառնալուս ժամանակը, մի տեսակ չէի ցանկանում բաժանվել այդ կախարդական բնաշխարհից, այդ աշխատասեր և առանձնահատուկ ժողովրդից: Այդ պահին իմ մտքում միայն մի ցանկություն կար. մելիքանիստ Ավետարանոցում թող մարդիկ ապրեն հույսով ու հավատով լցված, թող գյուղում ավելանան մանկան ճիչերը։

Ցավոք, Աստված չկատարեց իմ ցանկությունը։

2020-ին ընկավ Ավետարանոցը, բնակչությունը տեղահանվեց, իսկ 2023-ի սեպտեմբերին ընկավ ողջ Արցախը։

Գյուղի բնակչությունը սփռված է աշխարհով մեկ, սակայն համայնքի նախկին ղեկավար Սմբատ Մադաթյանը շարունակում է համախմբել գյուղացիներին, ինչպես առաջին, այնպես էլ երկրորդ տեղահանությունից հետո։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Եվ ուրեմն, Ադրբեջանում թող պատրաստվեն՝ Բաքու, Գարդման աշխարհ, Արցախ, Նախիջեւան մոտ 3 մլն հայ պետք է վերադառնան

Step1.am-ի զրուցակիցն է Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը։

-Պարոն Այվազյան, Իսլամական համագործակցության կազմակերպությունը Ստամբուլում ընդունեց հակահայկական «հռչակագիր»։ Ինչպե՞ս եք սա գնահատում, ի՞նչ վտանգներ է պարունակում այս գործընթացը։

-Ադրբեջանի նացիստ ղեկավարը, որը ժամանակավոր հայաթափեց Արցախը, ուղղակի սարսափում է արցախահայության օրինական իրավունքների վերականգնման հարցից, այն է՝ անվտանգ վերադարձ իրենց հայրենիք։ Եվ մեր ազգը հետամուտ կլինի այդ վերադարձին, քաղաքականության մեջ տարբեր հոսանքներ կան եւ գնում են, բայց մեր ազգայի շահը մնում է նույնը։ Նաեւ գոյություն ունի ադրբեջաբահայության հարցը, միայն հայկական հողի վրա գտնվող Բաքու քաղաքում կես միլիոն հայ էր ապրում։ Պարզ է, որ այդքան ադրբեջանցի երբեք էլ չի եղել ՀՀ տարածքում, ինչքան իրենք են ներկայացնում։ Բայց պետք է հիշեն, որ Ադրբեջանի խորհրդային հանրապետությունը դա միություն էր հայերի ու մուսուլմանների միջեւ, այսինքն՝ հավասարաչափ համադաշնություն էր։ Եվ եթե համադաշնության մի մասը մյուս մասի հանդեպ ցեղասպանություն է գործել, այդ ցեղասպանության պատասխանատվությունից նա չի ազատվում։ Եվ ուրեմն, Ադրբեջանում թող պատրաստվեն՝ Բաքու, Գարդման աշխարհ, Արցախ, Նախիջեւան մոտ 3 մլն հայ պետք է վերադառնան։  Թող պատրաստվեն հենց հիմա եւ անվտանգություն ապահովեն։ Միայն այդ պարագայում հնարավոր կլինի խոսել Հայաստանից արտագաղթած 60 հազար թուրքերի մասին։ Այն էլ ինչ պայմաններով են արտագաղթել՝ պետության կողմից փոխհատուցում ստացած։

Այնպես որ, այս խաղը երկկոմանի է, եւ այստեղ բոնուսը մեր կողմում է։ Ադրբեջանն ուղղակի սարսափում է ադրբեջանահայության վերադարձի հարցից, էլ չեմ ասում՝ արցախցիների ու Արցախի կառավարության վերադարձի մասին՝ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո։ Ադրբեջանն ուզում է այս բարբաջանքով խլեցնել այդ արդարացի պահանջը, բայց դա չի ստացվի։ Իհլամ Ալեիևի եւ անգամ նրան որդու կայնքը չի բավարարի, որպեսզի մեր ժողովրդի արդար պահանջը լռեցնեն։

-Դուք ասում եք՝ խաղը երկկողմանի է, բայց Հայաստանի իշխանությունները աշխատանք չեն տանում այդ ուղղությամբ։ Եվ գուցե հենց ՀՀ իշխանության քաղաքականության հետեւա՞քն է սա, որ այսօր նման պահանջներ են ներկայացվում Հայաստանին։ Ավելին, Թուրքիա կատարած այցի ժամանակ Նիկոլ Փաշինյանն Արեւմտյան Հայաստանի տարածքները «թուրքական տարածքներ» անվանեց։

-Ես այստեղ միանում եմ որոշ քաղաքական գործիչներին, որ արտահայտում են այն կարծիքը, որ եթե մինչեւ 2026 թվականի ամռանը ոչ մի բան չփոխվի, ուրեմն մենք բոլորս կգնանք ընտրությունների եւ մեր կարծիքը կարտահայտենք այս բոլոր հարցերի վերաբերյալ։ Իսկ ես գիտեմ եւ բոլորս գիտենք, որ Արարատը հայոց աշխարհի ամենաբարձր լեռն է, մենք գիտենք, որ Արեւմտյան Հայաստանը չի սահմանափակվում Ախուրյան գետով, Վանն է Արեւմտյան Հայաստանը, էրզրումն է։ Հայոց ցեղասխանության հարցը չի հանվել օրակարգից, եւ նաեւ Արեւելյան Հայաստանը ներկայիս Արդբեջանի տարածքն է՝ Արցախը, Ուտիքը, Նախիջեւանը, նաեւ բուն Աղվանքը։ Այնպես որ, եթե հարցը հասնի ընտրություններին, այն ժամանակ մենք կտեսնենք մեր ժողովրդի կամքը։ Իսկ մեր ժողովրդի կամքն ուղղակի գոյատեւման կամք է։ Մեր երկրի տարածքն ավելի քան 400 քկմ է, իսկ եթե Տիգրան Մեծի ժամանակների մասին ենք խոսում, 3,5 մլն քառակուսի կմ-ի մասին ենք խոսում։ Եվ եթե մենք դա չենք մոռացել, ապա նվազագույնը պետք է պահպանենք գոնե այն, ինչ ունենք։

Ես համոզված եմ՝ մեր ժողովրդի մեծամասնությունը համարում է, որ գոյություն ունեն Արեւելյան Հայաստան՝ դեպի Բաքու գնացող եւ Արեւմտյան Հայաստան, որն ընդգրկում է Հայկական լեռնաշխարհը։ Որեւէ մեկն այդ տարածքներից պատրաստ չէ հրաժարվել։ ՀՀ բնակչության մեծամասնությունը կազմված է Արեւելյան Հայաստանի եւ Արեւմտյան Հայաստանի ներկայացուցիչներից։ Կրկնում եմ՝ Ստամբուլում այդ «հռչակագիրն» ընդունվեց իրենց վախերի պատճառով, որ արցախահայությունը, ադրբեջանահայությունը կվերադառնան իրենց հայրենիք։ Եվ ոչ մեկը դրանում թող չկասկածի, ամեն մեկի զավակների, թոռների մտքում կա միայն այդ գաղափարը՝ վերադառնալ սեփական հայրենիք։ Ինչո՞ւ Թուրքիան պետք է իրավունք ունենա զավթել Կիպրոսը, ինչո՞ւ թուրքերը պետք է հայկական պատմական հողերում ունենան երկու թուրքական պետություն՝ Ադրբեջանը եւ Թուրքիան, իսկ մենք իրավունք չունե՞նք։ Ես չեմ կասկածում, որ մեր ինքնապաշտպանության բնազդը կզարթնի։ Եվ մեր լուսապայծառ ապագան սարերի հետեւում չէ։

Իսկ ինչ վերաբերում է թուրքերի հետ բարեկամության մասին խոսակցություններին, դա տեսել ենք, չէ՞ «ստամբուլյան հռչակարգրի» բովանդակության մեջ։ Նրանց մեջ արյունարբու, ցեղասպան նացիստի գաղափարախոսությունն է հոսում։ Ընդամենը դա պետք է գիտակցենք։

Ռոզա Հովհաննիսյան