Փաշինյանը մեկնել է ՌԴ՝ նախագահելու ԵԱՏՄ խորհրդի նիստը

Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Ռուսաստանի Դաշնություն: Այս մասին իր էջում հայտնել է վարչապետի խոսնակ Նազելի Բաղդասարյանը:

«Այսօր Մոսկվայում վարչապետ Փաշինյանի նախագահությամբ տեղի է ունենալու Եվրասիական միջկառավարական խորհրդի հերթական նիստը»,- նշել է նա:

Աերոֆլոտը Երեւանից մեկնած ինքնաթիռը “ֆռցրել” է Ուկրաինայի օդում

Հայաստանում Ուկրաինայի նախկին դեսպան Օլեքսանդր Բոժկոն գրում է․ 
Դեկտեմբերի 9-ի գիշերը Ուկրաինայի երկնքում նկատվել է խորհրդավոր քաղաքացիական ինքնաթիռ։ Նա հասավ համարյա Դնեպր (Դնեպրոպետրովսկ)։
Այս մասին են վկայում Flightradar24 պորտալի տվյալները։ Ժամը 00:30-ի սահմաններում UTC (Կիևի ժամանակով 2:30) ռուսական «Աերոֆլոտ» ընկերության Boeing 737-ը նկատվել է Ուկրաինայի տարածքում։
Թռիչքի քարտեզից երևում է, որ RA-73097 չվերթի ինքնաթիռը Երևանից Մոսկվա էր մեկնում։ Սակայն նրա երթուղին անհասկանալի կերպով անցնում էր Ուկրաինայով, որի վրայով, ինչպես հայտնի է, երկինքը փակ է 2022 թվականից։
Որոշ ժամանակ անց ինքնաթիռը կտրուկ փոխել է ուղղությունը և հայտնվել արդեն Ռուսաստանի Դաշնության տարածքում։ Ավելի ուշ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է կատարել Մոսկվայի «Շերեմետևո» օդանավակայանում։
Ավելորդ է բացատրել, ինչին կարող էին բերել ռուս օդաչուների նման կատակներ ռուս ուկրաինական պատերազմի ժամանակ, հատկապես հայ ուղևորների համար:

Ինչ կլինի Արցախի Ազգային ժողովի հետ 2025-ի մայիսից հետո

2025 թվականի մայիսին ավարտվում է Արցախի Հանրապետության Ազգային ժողովի գործունեության ժամկետը։ Արցախի ԱԺ պատգամավոր Արամայիս Աղաբեկյանը step1.am-ի հետ զրույցում ասաց, որ լավագույն տարբերակը կլիներ այն, եթե ընտրական համակարգի միջոցով ընտրություններ տեղի ունենային։ Դա, նրա խոսքով, հավելյալ լեգիտիություն կտա ցանկացած մարմնի, որը պետք է շարունակի իր գործունեությունը։ «Լավ կլիներ, եթե ներկայիս իշխանությունները նման քաղաքական կամք ունենան եւ կարողանան դա իրականացնել, դա տեխնիկապես էլ հնարավոր է, այնպես չէ, որ հնարավոր է։ Ես չեմ տեսնում, որ նման քաղաքական կամք լինի՝ այդպիսի գործընթացների գնալու։ Եթե լինի, ավելի լավ»,- ասաց նա։

Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ Արցախի պետական ինստիտուները պետք է ոչ միայն շարունակեն գործել, այլեւ իրենց առջեւ դրված խնդիրը պետք է լուծեն։ «Այս պահին երկու խնդիր կա՝ մեկը իրավական հարցն է, մյուսը՝ քաղաքական։ Այսինքն՝ քաղաքացիների իրավունքների պաշտպանության հնարավորությունը եւ քաղաքական դերակատարության՝ ցույց տալու համար, որ քաղաքական առումով դու գոյություն ունես։ Մենք հասկանում ենք, որ ամեն ինչ գետնի վրա է լուծվում, այդ աշխատանքը պետք է՝ հետագայում գետնի վրա լուծելու հնարավորության դեպքում իրավական եւ քաղաքական հիմքերը ունենալու համար»,- հավելեց նա։

Արամայիս Աղաբեկյանի խոսքով՝ ակնհայտ է, որ Արցախի իշխանությունները կաշկանդվածություն ունեն, այդ կաշկանդվածությունը ոչ թե այսօր է սկսվել, այլ անմիջապես տեղահանությունից հետո։ Հարցին, թե այս իրավիճակում հնարավո՞ր է արդյունավետ աշխատանք ակնկալել Արցախի իշխանություններից, պատգամավորը պատասխանեց․ «Ստացվում է մի իրավիճակ, որ ՀՀ ներկայիս իշխանությունների գոյության շարունակության պարագայում մնացած ամեն ինչ արհեստական օրակարգի մեջ է»։

Ռոզա Հովհաննիսյան

Ինքը զգա, որ ճիշտ չի եղել մեր՝ ղարաբաղցիների հանդեպ, ես ուզում էի դա ասել

71-ամյա արցախցի Ալբերտ Առստամյանն այս տարվա ամռան մի օր հարազատներով նշել է հանգուցյալ մոր ծննդյան օրն ու հիշել նրա շիրիմը, որ մնացել է Արցախում, հետո աչքն ընկել է հեռուստացուցին, որտեղ խաշլամա էր ուտում Նիկոլ Փաշինյանը։ 

«Դուրս եկա, մի հատ ծխեմ, տեսա՝ այնտեղ կանգնած է», – այսօր դատարանում պատմեց տարեց արցախցին։

Նա չհերքեց՝ իններորդ հարկից խնձոր է նետել, ասաց, բայց ոչ թե հենց իրենց բակում գտնվող վարչապետի վրա, այլ այդ ուղղությամբ։ Դատավորին բացատրեց՝ բողոքի ակցիա է արել՝ օրինակ վերցնելով Հայաստանում անցկացված ակցիաներից։ Նույն այդ օրերին, օրինակ, եվրոպամետներն էին բողոքել Բելառուսի դեսպանատան առջև, կարտոֆիլ, ձու և լոլիկ նետել շենքի վրա։

«Մեր տանը բան չկա ուտելու, հեռուստացույցով նայում ես, ինքը խաշլամա է ուտում, հեծանիվ է քշում։ Ջղայնացել էի։ Ամեն ինչ թողել եմ, եկել այստեղ», – ասաց նա։

Այսօր դատարանում տարեց արցախցին պնդեց՝ Փաշինյանի քաղաքականության դեմ է եղել իր արարքը, բայց որևէ մեկը իր խնձորի թիրախը չէր։ Շեշտեց՝ ոչ ոք չի տուժել. – «Ինքն եկել է Ստեփանակերտ, ասել՝ Ղարաբաղը Հայաստան է ու վերջ, հետո եկել էստեղ, թե՝ Ղարաբաղը Ադրբեջան է <> Ինքը զգա, որ ճիշտ չի եղել մեր՝ ղարաբաղցիների հանդեպ, ես ուզում էի դա ասել»։

Մանրամասները Ազատությունում

Մեդվեդևը կասկածում է, որ Սիրիան կպահպանվի

ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է Սիրիայի միասնության պահպանման թույլ ակնկալիքների մասին։

Նա ասաց, որ սիրիական բանակն անկարող է եղել, և դա վկայում է այն սխալ հաշվարկների մասին, որոնք արվել են Ասադի կառավարման ժամանակ։

«Այս ամենի հետևանքները մռայլ են, քանի որ, չնայած այն ամենին, ինչ հիմա ասվում է, շատ թույլ ակնկալիքներ կան, որ Սիրիայի միասնությունը կպահպանվի, և որ բոլոր այդ ժողովուրդները, ինչպես նաև տարբեր դավանանքների ներկայացուցիչները կկարողանան շարունակեք գոյություն ունենալ միասին»,- ասել է ՌԴ Անվտանգության խորհրդի փոխնախագահը:

Առայժմ, ըստ նրա, ոչ ոք չի պատասխանել այն հարցին, թե ինչպես հնարավոր կլինի գտնել սուննիների, շիաների, ալավիների, դրուզների, քրիստոնյաների շահերի համնկնման կետը։

Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները

Դեկտեմբերի 12-ին Նյու Դելիում տեղի են ունեցել Հայաստան-Հնդկաստան-Իրան եռակողմ ձևաչափով 2-րդ խորհրդակցությունները:Հայտնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Խորհրդակցությունները հնդկական կողմից վարում էր Հնդկաստանի ԱԳՆ Պակիստանի, Աֆղանստանի և Իրանի տարածքային գլխավոր վարչության պետ Ջ. Պ. Սինգհը: Հայաստանի և Իրանի պատվիրակությունները գլխավորում էին ՀՀ ԱԳՆ Ասիայի և խաղաղօվկիանոսյան երկրների վարչության պետ Անահիտ Կարապետյանը և ԻԻՀ ԱԳՆ Հարավային Ասիայի գլխավոր վարչության պետ Հաշեմ Աշջազադեն:

Հիմնվելով 2023թ. ապրիլին Երևանում կայացած նախորդ եռակողմ խորհրդակցությունների արդյունքների վրա՝ կողմերը քննարկել են հաղորդակցային ուղիների նախաձեռնություններին, բազմակողմ հարթակներում ներգրավվածությանն ու տարածաշրջանային զարգացումներին առնչվող հարցեր։ Նախանշվել են նաև առևտրի, զբոսաշրջության և մշակութային փոխանակումների խթանման, մարդկանց միջև շփումների ամրապնդման ուղիները:

Խորհրդակցությունների ընթացքում պատվիրակություններն ընդգծել են «Հյուսիս-հարավ» միջազգային տրանսպորտային միջանցքի (INSTC) շրջանակներում սերտ համագործակցության խթանման անհրաժեշտությունը՝ այս համատեքստում կարևորելով Չաբահար նավահանգստի դերը: Հայկական կողմը մասնակիցներին ներկայացրել է հաղորդակցային ուղիների վերաբերյալ իր «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:
Երեք կողմերը վերահաստատել են իրենց հանձնառությունը՝ շարունակելու համագործակցությունը տվյալ ձևաչափի շրջանակներում։ Պայմանավորվածություն է ձեռք բերվել, որ եռակողմ խորհրդակցությունների հաջորդ փուլը կանցկացվի Իրանում՝ կողմերի միջև համաձայնեցված ժամկետներում:

Արցախցի Դիանան վերսկսել է գինու արտադրությունը Վեդիում

Արցախից տեղահանվելուց հետո Դիանա Աղաջանյանը հաստատվել է Արարատի մարզի Վեդի քաղաքում։

Վերջին տարիներին Արցախում Դիանան զբաղվում էր գինեգործությամբ։ Նրա արտադրած գինու մասին արդեն գիտեին Արցախում։ Երիտասարդ կինն այդ գործն սկսել էր ամուսնու՝ Արմենի հետ միասին։ Գործունյա և աշխատասեր էին, իրենց տարիքին անհամեմատ մեծ գործեր էին նախաձեռնում։ 2019 թվականին գյուղատնտեսական աշխատանքեր իրականացնելու ժամանակ, դժբախտ պատահարի զոհ դարձավ Արմենը։ Որոշ ժամանակ անց Դիանան որոշեց շարունակել ամուսնու հետ սկսած գործը։

Հայաստանում հաստատվելուց հետո նա վերսկսեց իր երբեմնի աշխատանքը այժմ նրան օգնում է որդին՝ Գոռը։

 Արցախում Դիանան ընտրել էր գինեգործությամբ զբաղվելու ոլորտը։ Աշխատանքի մեջ նա կարողացել է հաղթահարել դժվարությունները և հոգալ ընտանիքի կարիքները

– Միջնակարգն ավարտելուց հետո ընդունվել եմ ԱրՊՀ “Խմորման արտադրության տեխնոլոգիա և գինեգործություն” բաժինը: Սկզբից այնքան էլ չէի սիրում այդ մասնագիտությունը, մի տեսակ օտար էր այդ բնագավառը ինձ համար, սակայն 3-րդ կուրսից, երբ սկսեցինք այցելել գինու գործարաններ, ինչպես Արցախում, այնպես էլ ՀՀ-ում, ինձ մոտ մեծ հետաքրքրություն առաջացավ գինեգործության հանդեպ։ Սկսեցի գնահատել գինին: Առաջին անգամ, երբ սկսեցի գինի արտադրել, ձեռք էի բերել ընդամենը 500 կգ խաղող: Հետո 8-10 տոննա խաղող եմ ներդրել արտադրության մեջ: Գինեգործությունը սկզբից մինչև վերջ համբերություն և լավատեսություն է պահանջում: Այս ոլորտը կարծես սարդոստայն լինի. մարդիկ ընկնում են մեջը ու մնում այնտեղ։

Խաղողն ընտրում էի անձամբ, որովհետև միայն լավ բերքից կարող է ստացվել որակյալ ու համով գինի: Արցախում հիմնականում այն ձեռք էի բերում Մարտունու շրջանի Խնուշինակ գյուղից: Այս գործում պետք է մեծ ոգևորություն ունենաս, որ ստանաս այն արդյունքը, ինչն անկնկալում ես, որ ունենաս այն որակը, որի մասին երազել ես:

Բարձրորակ գինի գնահատողների թիվը գնալով մեծանում էր, և ես աշխատում էի, որ իմ գինին հաճելի լինի բոլորի համար։ Ամեն ինչ անում էի անձամբ՝ սկսած խաղողի սելեկցիայից, ավարտած գինու շշալցմամբ:

Հայաստանում, որոշակի դադարից հետո, Դիանան վերսկսել է մենատնտեսի իր աշխատանքները

 -Վեդիում ապրում եմ վարձակալությամբ՝ ծնողներիս ու պապիկիս հետ։ Սկզբից շատ դժվար էր, հետզհետե հասկացա, որ պետք է զբաղվեմ ինչ որ գործով, եկամուտ ունենամ, որ կարողանամ որդուս ոտքի կանգնեցնել, միաժամանակ կտրվել տանջող մտքերից։ Երկար դադարից հետո որոշեցի վերսկսել երբեմնի իմ գործունեությունը, որը մեծ սիրով կատարում էի Արցախում։ Մտերիմներս, բարեկամներս և իմ հաճախորդները խորհուրդ էին տալիս նորից սկսել, և նրանց հուսախաբ չանելու համար հանձն առա գործի կցվել։ Ճիշտ է, այս տարի չհասցրի գինի պատրաստել, սակայն եկող տարվանից մտածում եմ վերսկսել նաև գինեգործությունը։ Ներկա պահին պատրաստել եմ տարբեր տեսակի մրգային օղիներ, չրեր և թթվի լայն տեսականի։ Առաջին անգամ պատրաստել եմ նաև կոնյակ։ Բազմացրել եմ տնային թռչուններ՝ մոտ 200 հավ և 100 հնդկահավ։ Ունեմ բավականաչափ հաճախորդներ, պատվիրատուներ, որոնք հիմնականում արցախցիներ են։

Ինձ օգնում է տղաս՝ Գոռը։ Սովորում է 3-րդ դասարանում, հաճախում է մարզական խմբակներ։ Նա իրեն տան տղամարդ է համարում: Ես նրա մեջ տեսնում եմ հորից ժառանգած աշխատասիրությունն ու վճռականությունը, ինչը ինձ հույս ու հավատ է ներշնչում։ Ինձ օգնում են նաև իմ և ամուսնուս հարազատները։ Արցախում իմ արտադրանքով մասնակցում էի տարբեր փառատոնների։ Մտադիր եմ այստեղ ևս ներկայացնել իմ ձեռքերով ստեղծած բարիքները, որոնք ցույց կտան արցախցի կնոջ շնորհքը, ուժն ու կամքը։

 

Դիանան երազում է տուն վերադառնալու մասին։ Ուրիշ ոչ մի տեղ նա չի զգում իրեն այնպես, ինչպես Արցախում

 -Եթե ասեն՝ վերադառնում ենք Արցախ, ապա ես կլինեմ առաջինների շարքում։ Հայաստանը ևս մեր հայրենիքն է, սակայն Արցախի տեղը չի կարող լրացնել։ Չգիտեմ՝ ինչքան կդիմանանք կարոտի ցավին, կդիմանա՞նք արդյոք։ Կորցրինք ամեն ինչ, կարոտ մնացինք մեր շիրիմներին։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հենց ՀՀ տարածքում են պահանջում արցախցիներից ներկայացնել փախստականի վկայականը

Արցախցիների համար սահմանված պարտադիր պայմանը, որ ժամանակավոր պաշտպանության, այսինքն՝ փախստականի վկայական չստացած անձինք չենք կարողանում Հայաստանի Հանրապետության սահմանը հատել, Սահմանադրությամբ երաշխավորված ազատ տեղաշարժի իրավունքի խախտում է։ Այս մասին step1.am-ի հետ զրույցում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը։

«Այդ թուղթը ստանալը նշանակում է ամիսներով հերթ կանգնել։ Փախստականների վկայականների ժամկետները տարեվերջին լրանում են, Արցախի Հանրապետության քաղաքացիները, որպեսզի դուրս գան երկրից, պետք է գնան երակարաձգեն այդ վկայանաի ժամկետը։ Դա էլ ենթադրում է հերթեր, օնլայն գրանցման դեպքում միջինը երկու ամիս տեւում է, այսինքն՝ եթե մարդը շտապ տեղ ունի գնալու, երկու ամիսից հետո է կարողանալու գնալ»,- ասաց նա։

Դավիթ Հովհաննիսյանը ուշադրություն է հրավիրում այն հանգամանքի վրա, որ հենց ՀՀ տարածքում են պահանջում արցախցիներից ներկայացնել փախստականի վկայականը։ ՀՀ սահմանը հատելուց հետո այլ երկրներում չեն պահանջում ներկայանցել այն։ Հարցին, թե հնարավո՞ր է արցախցիների անունից կոլեկտիվ հայց ներկայացնեն դատարան՝ սա չեղարկելու պահանջով, փաստաբանը պատասխանեց, որ արցախցիներից որեւէ մեկն այդ պահանջով չի դիմել իրեն։

«Մեր քաղաքացիների հիմնական մասն այդքան իրավագիտակցություն չունեն, որ նման հարցեր բարձրացնեն։ Կոլեկտիվ հայցի համար քաղաքացիները պետք է գնան, իրենց արգելեն դուրս գալ երկրից, իրենք գրավոր դիմեն մեզ, այդ սահմանափակումը գրավոր արձանագրվի, հետո արդեն վարչական դատավարության ընթացակարգով փորձենք այդ արգելքն ստեղծող պետական մարմին պարտավորեցնել, որպեսզի թույլատրի անձանց դուրս գալը երկրից։ Դա գործըթնաց է ենթադրում, որը հնավաոր է՝ ավելի քան մեկ տարի ձգվի»,- ասաց նա։

Դավիթ Հովհաննիսյանի խոսքով՝ յուրաքանչյուր քաղաքացի ունի ազատ տեղաշարժի եւ բնակության վայրի ազատ ընտրության իրավունք։ Դա բնական իրավունք է, այդ իրավունքը խախտողը սահմանափակում է առաջացնում մարդու համար։ «Ընդհանրապես արտերկրում՝ կլինի Ռուսաստանը, Վրաստանը, թե այլ պետություն, տարբերություն չկա՝ ՀՀ քաղաքացու անձնագիրը 070 կոդով է, թե՞, օրինակ, 044 կոդով։ Այսինքն՝ արտասահմանում միատեսակ մոտեցում է բոլոր ՀՀ քաղաքացու անձնագիր ունեցողների հանդեպ։ Սակայն միայն ՀՀ-ում առկա է այդ տարբերությունը, որ Հայաստանի Հանրապետության կողմից օրինական եղանակով տրված 070 կոդով անձնագիր ունեցողը ՀՀ քաղաքացի չի համարվում, քանի որ կոդը 070 է։ Այստեղ որեւէ իրավական հիմք չկա, ինչ-որ հանգամանքներից ելնելով՝ ՀՀ կառավարությունն այդ դիրքորոշումն է որդեգրել։ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի երրորդ ու չորրորդ հոդվածներում հստակ նշված է, որ օրինական կարգով անձնագիր կամ նույնականացման քարտ ստացած անձը ՀՀ քաղաքացի է։ Իսկ Արցախի ցանկացած էթնիկ հայ բնակիչ օրինական կարգով ստացել է անձնագիր եւ նույնականացման քարտ, ստացել է վարորդական վկայական, որը Հայաստանի էլեկտրոնային բազայում երեւում է, ստացել է զինվորական գրքույկ եւ բոլոր անհրաժեշտ փաստաթղթերը, որոնք ստանում էին ՀՀ-ում»,- հավելեց նա։

Փաստաբանը նաեւ հարցադրում է անում, թե ինչո՞ւ 2020 թվականի պատերազմից հետո բռնի տեղահանվածների դեպքում փախստական ճանաչվելու պայման առաջ չէր քաշվում։ «Եթե սա իրավական ու օրինական գործընթաց է, ապա 2020 թվականին տասնյակ հազարավոր մարդիկ տեղահանվեցին Շուշիից, Հադրութից, Քաշաթաղից, Քարվաճառից, տեղափոխվեցին ՀՀ, այդ ժամանակ պետք է ընդունվեր ՀՀ կառավարության որոշումը, այդ անձինք պետք է փախստական դիտարկվեին, որպեսզի 2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարության ընդունած որոշումը լիներ դրա տրամաբանական շարունակությունը։ Բայց քանի որ 2020 թվականի որոշում չկա, ստացվում է, որ երբ ինչ ուզում են, անում են»,- ընդգծեց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Մեծ դավադրություն. ռուսների վերադասավորումով կարելի է կռահել, թե ուր կհարվածեն թուրքամետ ուժերը

Կիևը սիրիացի ապստամբներին մատակարարում է անօդաչու սարքեր, ուրախությամբ գրում են ուկրաինացի վերլուծաբանները՝ ցույց տալու իր մասնակցությունը Ասադի տապալմանը։ 4-5 շաբաթ առաջ անօդաչու սարքերը հասել են Իդլիբում գտնվող ապստամբների շտաբ, հայտնում է The Washington Post-ը։

Սիրիան 11 օրում «վերցրեցին» թուրքամետ փոքրաթիվ ուժերը՝ հարավից իսրայելական բանակի աջակցությամբ, մինչդեռ սիրիական 600000-անոց բանակը գրեթե ոչ մի դիմադրություն ցույց չտվեց։ Ռուսական զորքերը, որոնք պետք է պաշտպանեին Ասադի ռեժիմը, ոչ միայն չդիմադրեցին, այլեւ զենք ու տեխնիկա «թողեցին» թուրքամետ ուժերին։ Բացի այդ, ռուսները «ազատագրեցին» օդանավակայաններ և այլ ռազմական օբյեկտներ, որպեսզի Իսրայելը կարողանա հանգիստ ոչնչացնել Սիրիայի ողջ ռազմական ներուժը։ Հատկանշական է նաև, որ «ապստամբները» առաջ էին շարժվում հենց այն ուղղություններով, որոնք ռուսների պատասխանատվության գոտում էին։ Ինչպես Արցախում եւ Ջերմուկում, որտեղ ռուսների վերադասավորումից ելնելով կարելի էր կռահել, թե ուր կհարվածեն թուրքամետ ուժերը։

Հայտարարությունները, թե «ռուսները պարտվեցին» Սիրիայում, ընդամենը փորձ է թաքցնել մեծ դավադրությունը, որը ներառում է Ռուսաստանը։

Ուկրաինական լրատվամիջոցները սակայն զգուշությամբ սկսեցին խոսել այն մասին, որ Ուկրաինան կարող է լինել այս դավադրության գինը։ Բայց դա չի խանգարում Կիևին վարել բացառապես Իսրայելի շահերից բխող քաղաքականություն, նույնիսկ եթե սակարկության գինը լինի Ուկրաինան։

Ինսայդերներն ասում են, որ Իսրայելն էր, որ Ասադին «թողեց» թռնել Ռուսաստան, ինչը նույնպես Ռուսաստանի հետ գործարքի մաս էր։ Եվ ստացվում է, որ Կիևը՝ Իսրայելին աջակցելով աշխատում է ի շահ ռուսների։

Քրդերի բախտը բերել է. նրանք հասկացել են, որ արժի պաշտպանություն խնդրել ոչ թե ռուսներից, այլ ԱՄՆ-ից, որը մեծ գործարքի «կնքահայրն» է։ Ուստի ԱՄՆ-ը թույլ չտվեց թուրքամետ ուժերին անցնել Մանբիջից այն կողմ և նույնիսկ մի քանի անգամ օդային հարվածներ հասցրեց՝ կանխելու «ապստամբների» անցումը քրդական շրջաններ։ Ի տարբերություն ռուսների, ամերիկացիները չեն հանձնում իրենց դաշնակիցներին։

Այժմ Թուրքիան փորձում է համաձայնության գալ ԱՄՆ-ի հետ քրդերի հարցում։ Թուրքիան զգուշացնելու է ԱՄՆ-ին դադարեցնել Քրդստանի աշխատավորական կուսակցության հետ կապված ուժերի ներկայությունը Սիրիայի հյուսիսում։ Հակառակ դեպքում Անկարան ինքը միջոցներ կձեռնարկի տարածաշրջանն ահաբեկիչներից մաքրելու համար, հայտնում է CNN Turk-ը։

«Թուրքիայի հիմնական նպատակը հյուսիսային Սիրիայի հետ կապված ի սկզբանե եղել է սահմանի երկայնքով 30-40 կմ խորության վրա անվտանգության ապահովումը (քրդական շրջաննրում – խմբ.): ԱՄՆ-ի և Թուրքիայի միջև այդ հարցում պայմանավորվածություն է եղել, պարտավորություններ են եղել, բայց դրանք չեն կատարվել»,- նշում է հրապարակման հեղինակը։

ԱՄՆ-ը կատարել է իր պարտավորությունները՝ թարմացնելով F-16-ի գործարքը և Թուրքիային տրամադրելով որոշակի սպառազինություն։ Սակայն քրդերի հարցում ԱՄՆ դիրքորոշումը հստակ է։

Մասկը դարձավ պատմության մեջ առաջին մարդը, ում կարողությունը գերազանցեց 400 միլիարդ դոլարը

Bloomberg ը հաղորդում է.

«Իլոն Մասկը դարձել է առաջին մարդը, ում կարողությունը հասել է 400 միլիարդ դոլարի, ինչը ևս մեկ կարևոր իրադարձություն է աշխարհի ամենահարուստ մարդու պատմության մեջ»:

Նշվում է, որ Մասկի կարողության աճի վերջին կատալիզատորը նրա SpaceX մասնավոր տիեզերական ընկերության բաժնետոմսերի ինսայդերական վաճառքն էր: Դրանից հետո նրա կապիտալն անմիջապես ավելացել է 50 մլրդ դոլարով։ Գործակալության տվյալներով՝ նրա կարողությունը հասել է 439,2 միլիարդ դոլարի։

Հիշեցնենք, որ Հայաստանի ՀՆԱ-ն 2023-ին մոտ 25 մլրդ դոլար էր, իսկ պետական բյուջեն՝ 7 մլրդ-ից մի քիչ ավելին։

Բաքուն պահանջում է դադարեցնել ԵՄ առաքելությունը. այն ամենը, ինչ խանգարում է Հայաստանի օկուպացմանը, պետք է վերացվի

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտարարել է, որ ԵՄ առաքելության գործունեությունը հայ-ադրբեջանական սահմանին «պետք է դադարեցվի»։

«Առաքելության տեղակայման նախնական որոշումը համաձայնեցվել է Պրահայում կայացած հանդիպմանը՝ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի, ԵՄ խորհրդի այն ժամանակվա նախագահ Շառլ Միշելի և Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի մասնակցությամբ։ Կողմերը պայմանավորվել են, որ առաքելությունը կլինի կարճաժամկետ։ Սակայն այժմ նրա գործունեությունը դարձել է մշտական, և նրա կազմն ու մանդատը շարունակում են ընդլայնվել»,- ասել է Հաջիևը։

Նա նաև նշել է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանի սահմանազատման գործընթացը «ընթանում է խաղաղ և փոխըմբռնման ոգով», ինչն ավելորդ է դարձնում երրորդ կողմի ներկայությունը։

«ԵՄ առաքելությունը չի նպաստում տարածաշրջանում խաղաղությանը։ Դա կախված է Հայաստանից և Ադրբեջանից։ Երրորդ կողմի առկայությունը միայն մեծացնում է լարվածությունը։ Ավելին, առանձին եվրոպական պետություններ, թաքնվելով ԵՄ առաքելության հետևում, հետապնդում են իրենց շահերը Հայաստանում»,- նշել է Հաջիևը։

Բաքուն պայման առ պայման է դնում «խաղաղության պայմանագիր կնքելու» համար. սկզբից նրանց խանգարում էր ԵԱՀԿ Մինսկի խումբը, Ղարաբաղը, Հայաստանի Սահմանադրությունը, ԱՄՆ Կոնգրեսը, Իրանը, հիմա Ֆրանսիան, հայկական սփյուռքը, այժմ եվրոպացի դիտորդները։ Ստացվում է, որ Բաքուն հանցավոր դավադրությունից բացի այլ հենման կետ չունի, և այն ամենը, ինչը խանգարում է այս դավադրությանը, Բաքուն փորձում է վերացնել իր ճանապարհից։ Հայաստանի իշխանությունը մինչ այժմ կատարել է Բաքվի բոլոր քմահաճույքները։ Պետք է ենթադրել, որ պաշտոնական Երեւանը փետրվարին չի երկարաձգի Հայաստանում եվրոպացի դիտորդների գտնվելու ժամկետը։

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հանձնակատար Թյուրքը ուղերձ է հղել Երեւանում ցեղասպանության հարցերով համաժողովին

Այսօր այս ֆորումը խիստ կարեւոր է, երբ աշխարհի մի շարք տարածաշրջաններում կատարվում են հանցագործություններ՝ ընդհուպ մինչեւ ցեղասպանություն։ Այս մասին նշվել է ՄԱԿ մարդու իրավունքների գերագույն հանձնակատար Ֆոլքեր Թյուրքի ուղերձում «Ցեղասպանության հանցագործության դեմ» 5-րդ գլոբալ ֆորումի մասնակիցներին, որն անցկացվում է Երեւանում։

«Ողջունում եմ ցեղասպանության կանխման մասին ֆորումի գաղափարը։ Պետություններն ունեն առաջնային պարտավորություն՝ կանխել նման խախտումները։ Սակայն այսօր շատ երկրներ ձախողում են իրենց պարտավորությունների կատարումը։ Ես կոչ եմ անում բոլոր պետություններին հետեւել պատերազմների վարման նորմերին եւ համագործակցել միջազգային կազմակերպություների հետ՝ հանցագործությունների հետաքննության եւ մեղավորներին պատասխանատվության ենթարկելու նպատակով։ Դա ենթադրում է հետեւողական աջակցություն միջազգային մեխանիզմներին, Միջազգային քրեական դատարանի որոշումների հարգում եւ կատարում»,- նշել է Թյուրքը։

Դեկտեմբերի 12-ին Երևանում «Ընդդեմ ցեղասպանության հանցագործության» 5-րդ գլոբալ ֆորումի ժամանակ «Ցեղասպանության հետազոտողների միջազգային ասոցիացիա» ամերիկյան ՀԿ նախագահ Մելանի Օ’Բրայենը նշեց, որ Իսրայելի վարչապետ Նեթանյահուն և այս երկրի պաշտպանության նախկին նախարարը. Գալանթն ընդգրկված չէր ցեղասպանություն իրականացնողների ցուցակում՝ չնայած ՄԱԿ-ի և այլ կազմակերպությունների հաղորդագրություններին Գազայում և Պաղեստինում նրանց ցեղասպան գործողությունների մասին։

Օ’Բրայենը նաև ափսոսանք է հայտնել, որ Ռուսաստանի նախագահ Պուտինը «ներառված չէ ռազմական հանցագործություններ կատարած անձանց ցուցակում, չնայած բազմաթիվ տեղեկություններին, որ Ուկրաինայից բազմաթիվ երեխաներ վերաբնակեցվել են Ռուսաստանում»:

Նա միջազգային դատարաններին կոչ է արել բոլոր ջանքերը գործադրել նրանց, ինչպես նաև Մյանմարի ղեկավարությանը պատասխանատվության ենթարկելու համար։