Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, ամենաբարդներից է

«Մինչ արցախահայությունը փորձում է իրացնել հայրենիք վերադառնալու իրավունքը, Ադրբեջանը սկսել է զանգվածաբար ավերել արցախցիներին պատկանող գույքը, ընդհուպ մինչև առանձին գյուղերի հիմնահատակ վերացումը: Բոլորը հասկանում են, որ վերադարձը հայրենիք՝ մարդու հիմնարար իրավունքն է, սակայն մինչ այսօր այդ առումով գրեթե առաջընթաց չկա՝ Հայաստանի իշխանությունները չեն ցանկանում խոսել այդ իրավունքի մասին, իսկ իրավապաշտպան կազմակերպությունները թերևս շոշափելի արդյունքի չեն հասել», – ասում է Արցախից բռնի տեղահանված Յ. Ալահվերդյանը:

Աղջկա ընտանիքը 2010 թ. վարկի միջոցով բնակարան էր ձեռք բերել Շուշի քաղաքի Նիկոլ Դումանի փողոցում՝ 16 տարի մարման ժամկետով:

«2010 թվականին ձեռք ենք բերել բնակարան, ինչպես ասում էին՝ «հիմնադրամին ռոզվի շենքում», 5 հարկանի շենք էր, մեր բնակարանը հենց 5-րդ հարկում էր, “Ավան Շուշի Պլազա” հյուրանոցի դիմաց»:

Վերջին անգամ Շուշիյում և իրենց տանը եղել են հոկտեմբերին, 2020 թվականի պատերազմի ժամանակ: Մի քանի ամիս հետո արդեն իմացան, որ իրենց տներն այլևս չկան․

«2020 թվականի հոկտեմբերի 1-ին ենք դուրս եկել, իսկ հայրս մինչ հոկտեմբերի վերջ դեռ գնում գալիս էր մեր տուն: Ես նաև սովորում էի Շուշիի տեխնոլոգիական համալսարանում: 2021 թ. մարտի 8-ին համացանցից իմացանք, որ մեր շենքը ավերվել է, այսպես ասած մեր մարտի 8-ի «նվերն էր»:

Ինչպես շատ ընտանիքներ, նրանք ևս սպասում են վերադարձին և հույս ունեն, որ մի օր դա կլինի, չնայած տեսնելով, թե ինչպես են ամեն օր ադրբեջանցիները ավերրւմ Արցախը, հույսը մարում է:

«Ով փորձում է լրջորեն զբաղվել այս հարցով, այդքան ներուժ չունեն: Տները մի կողմ դրած, բա մշակութային արժեքներ ներկայացնող հուշարձաննե՞րը: Շատ ցավալի իրավիճակ է»։

Ալվարդ Գրիգորյան

Խմբ․ Անգամ 2020 թվականին Արցախում կորցրած տների և այլ անշարժ գույքի համար փոխհատուցում չի տրամադրվել։ Այդ ժամանակ օկուպացված տարածքների տների մասնակի գույքագրում է անցկացվել, և մարդիկ ընտրության առաջ են կանգնել՝ ձեռք բերել նոր բնակարաններ Արցախի մնացած մասում կամ Հայաստանում՝ ստացված վկայականով։ 2020 թվականին իրենց բնակարանները կորցրածներից միայն մի մասն է կարողացել հետագայում բնակարան ձեռք բերել։ Նրանք էլ ստիպված են եղել լքել Արցախը 2023 թվականին՝ ցեղասպանության սպառնալիքի տակ։ 2023 թվականից հետո փոխհատուցման մասին ընդհանրապես խոսք չի եղել. կորցրած գույքի գնահատման գործընթաց չի եղել, և բնակվարձի փոխհատուցման պետական աջակցությունը տրամադրվում է ոչ թե կորցրած բնակարանի, այլ ընտանիքի անդամների թվի համաձայն։

Արցախում կորցրած գույքի հարցը, հատկապես, եթե այն արդեն ոչնչացվել է, մնում է ամենաբարդներից մեկը և ոչ մի փաստաթղթում չի արծարծվում։

Ուսուցիչ դառնալու եւ հողին վերադառնալու իմ մղումները. Մարիամ Սարգսյան

Հեռավոր 2018 թվականն էր, երբ Արցախի Նոր Շեն համայնքում կյանքն ակտիվացավ Արայի շնորհիվ։ Երիտասարդը՝ անընդհատ նոր գաղափարներով էր հանդես գալիս եւ դարձել էր գյուղի լիիրավ անդամ, ով եւ փոքրիկ, եւ մեծ փոփոխություններ էր անում գյուղում։

Արա Հարությունյանը «Դասավանդի՛ր, Հայաստան» հիմնադրամի գործուղված ուսուցիչ-առաջնորդ էր։ Արայի կերպարը շատ ոգեւորիչ էր, Հովիկը (այն ժամանակ նշանածս) առաջարկեց, որ մենք էլ միանանք նախագծին եւ մի հեռու գյուղում էլ մենք դասավանդենք։ Չհամարձակվեցի, ռիսկային որոշումներն այդ ժամանակ ինձ համար չէին, չէի պատկերացնում, որ կարող եմ իմ տնից երկու տարի հեռու լինել։

Տարիներն անցնում էին, զգում էի, որ ուսուցիչ դառնալու ու գյուղում ապրելու միտքը Հովիկին հանգիստ չի տալիս։ Տեղահանությունից հետո, այս գարնանը, գովազդային մի նկար՝ նարնջագույն պայուսակի տեսքով, գրավեց իմ ուշադրությունը։ Հղումը սեղմեցի եւ բացվեց «Դասավանդի՛ր»-ի էջը, հավաքագրման վերջին փուլն էր։

2025 թ․ սեպտեմբերին պիտի ուսուցիչ-առաջնորդների հերթական խումբը մեկնի՝ կրթության լույսը տարածելու։ Այս տարվա կարգախոսը՝ «Խիզախի՛ր»։ Այդ պահին այնքան անձնական էր հնչում այդ պատգամը, կարծես նկարի տղան հենց ինձ էր ասում՝ «խիզախիր, նիրհած ցանկություններդ իրականացնելու ժամանակն է»։

Այս անգամ արդեն ես գրանցվեցի եւ Հովիկին առաջարկեցի գնանք հանդիպմանը։

«Դասավանդի՛ր»-ի գրասենյակում շփոթված դեմքեր էին, այդ հավաքն էլ հատուկ արցախցիների համար էր։ Հանդիպումն ու միտքը սպեղանի էին այդ օրերին։ Ծննդավայր, հողակտոր, տուն, գյուղ, համայնք կորցնելուց հետո գյուղում ուսուցիչ լինելը միակ սփոփանքը կարող էր լինել, եւ այդ միտքը ստիպեց ինձ քայլել առաջ՝ Երեւանի փոշուց, աղմուկից, իմ սեփական կյանքի բացառումից կիլոմետրերով փախչելու համար։

Ծանր ու թեթեւ անելու ոչինչ չկար, համեմատության նժարները շատ անհավասար էին։ Արդեն 4 ամիս է, անցնում ենք «Դասավանդի՛ր, Հայաստան»-ի ընտրական փուլերը եւ շատ շուտով տեղափոխվելու ենք մարզ։

Այս փուլերից մեկը կոչվում է Ուսուցիչների առաջնորդության ակադեմիա, որի ընթացքում սովորում ենք տարբեր ու կարեւոր ուղղություններ՝ ուղիղ հրահանգումով դասընթացի վարում, փոփոխությունների վրա հիմնված ուսումնառություն եւ սոցիալ-հուզական ուսումնառություն։

Անընդհատ համեմատում եմ իմ տարիների ուսումն ու այն, ինչ ստանալու են մեր աշակերտները, եւ հասկանում, թե որքան երջանիկ են իրենք։ Այս կետերը, իսկապես, շատ կարեւոր են, բայց մի բան, որ շատ կարեւորեցի այս ընթացքում՝ նույնիսկ տարրական դասարաններից սեփական հույզերը ընկալելն ու ցանկությունները կառավարելն է։

Մեր ժամանակ դպրոցում չէին ասում, որ մեր հույզերը կարեւոր են, որ անդադար պետք է փորձել ու չվախենալ ձախողումներից, սխալվելուց, որ պետք չէ հուսահատվել մի քանի փորձից հետո եւ, որ ոչ ոք մեր փոխարեն չի անցնի մեզ համար նախատեսված ճանապարհը։ Գուցե, եթե այս ամենը սովորեցնեին՝ ավելի կայուն ներկա կունենայինք եւ ամեն անգամ խնդրի հանդիպելիս չէինք խեղճանա․․․

Մի քանի օր առաջ ես ու ամուսինս իմացանք, թե որտեղ ենք գործուղվել եւ մեր առաջիկա երկու տարին որտեղ ենք ապրելու, իսկ այս մասին՝ առաջիկա իմ նոթագրության մեջ։

Մարիամ Սարգսյան

Արցախի ԱԺ հայտարարությունը Վաշինգտոնյան բանակցությունների կապակցությամբ

Արցախի ԱԺ խմբակցությունները հայտարարություն են տարածել Հայաստանի, Ադրբեջանի և Միացյալ նահանգների ղեկավարների միջև Վաշինգտոնում կայացած հանդիպման արդյունքների կապակցությամբ։

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը բարձր է գնահատում միջազգային հանրության կողմից Հարավային Կովկասում խաղաղության և կայունության ամրապնդման ուղղությամբ տարվող բազմամյա ջանքերը։ Որպես ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահ երկիր՝ ԱՄՆ-ը կարևոր դեր է ունեցել Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման գործընթացում, ինչը ըստ արժանվույնս է գնահատվել Արցախի ժողովրդի ու նրա իշխանությունների կողմից:

Տարիների ընթացքում և հետևողական ու համբերատար աշխատանքի արդյունքում Ամերիկայի Միացյալ Նահանգները մյուս երկու համանախագահ երկրների՝ Ֆրանսիայի և Ռուսաստանի հետ միասին Լեռնային Ղարաբաղի հակամարտության կողմերին ներկայացրել են միջազգային իրավունքի սկզբունքներին ու նորմերին համապատասխանող կարգավորման մի բանաձև՝ Մադրիդյան սկզբունքներ անունով, որի առանցքում եղել են ուժի և ուժի սպառնալիքի կիրառման անթույլատրելիությունը, ինքնորոշման իրավունքը և տարածքային ամբողջականությունը։ Մինչև 2020թ. Մինսկի խմբի համանախագահ երեք երկրները ամենաբարձր՝ նախագահների մակարդակով վստահեցրել են Արցախի ժողովրդին, որ հիմնախնդիրն ունի միայն խաղաղ լուծում և այն իրականացվելու է վերոնշյալ սկզբունքների հիման վրա:

Ամեն ինչ փլուզվեց 2020թ. սեպտեմբերի 27-ի ադրբեջանական լայնածավալ ագրեսիայի հետևանքով, իսկ դրա դատապարտաման բացակայությունը հանգեցրեց ավելի մեծ ողբերգության, երբ հազարամյա հայկական Արցախի 150 հազար բնակչությունը, ցեղասպանվելու սպառնալիքի տակ, տեղահանվեց իր հայրենիքից և ապաստան գտավ Հայաստանի Հանրապետությունում:

Ակնկալվում էր, որ գոնե այդ մեծ արհավիրքից հետո միջազգային ազդեցիկ կենտրոնները և, իհարկե, առաջին հերթին ՄԽ համանախագահ երկրները պարտավոր էին արագ արձագանքել՝ փակուղուց դուրս գալու ելքեր առաջարկելով: Սակայն, ցավով պետք է նշենք, որ ՄԽ համանախագահ երկրները ընտրեցին «ամենահեշտ» ճանապարհը՝ տարբեր պատրվակներով հրաժարվեցին միջնորդ-խաղաղարարի իրենց պարտավորություններից և նույնիսկ, փաստացի քաջալերելով մարդկության դեմ հանցագործությունը, անտեսեցին Արդարադատության միջազգային դատարանի՝ իր պատմական հայրենիք անվտանգ և երաշխավորված վերադառնալու Արցախի ժողովրդի իրավունքը վերահաստատող պարտադիր որոշումը:

Խաղաղության և կայուն զարգացման նշանակությունը ոչ ոք ավելի լավ չգիտի, քան Արցախի ժողովուրդը, որ իր իրավունքների պաշտպանության համար անցել է բազում զրկանքների ու զոհողությունների միջով, դիմակայել է Ադրբեջանի կազմակերպած մոտ տասը ամսվա համատարած շրջափակմանը, բայց այսպիսի ընթացքը չի կարող մոտեցնել այն սպասված խաղաղությանը, որի կարիքն ունեն տարածաշրջանի բոլոր ժողովուրդները:

Հավատացած ենք, որ Հայաստանի իշխանությունների կեցվածքը Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների անտեսման հարցում միայն թվացյալ հաջողության պատրանք կարող է առաջացնել միջազգային անվտանգային օրակարգում և առաջիկայում խորը հիասթափության առիթ է դառնալու իրական խաղաղությամբ շահագրգիռ դերակատարների համար:

Համոզված ենք, որ Հայաստանի ու Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման փաթեթն անպայման պետք է ներառի.

– Արցախի ժողովրդի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքն իր պատմական հայրենիք և մշտական բնակության վայրեր,

– Արցախի ժողովրդի հոգևոր-մշակութային ժառանգության պաշտպանության հարցը, որն արդեն խիստ վտանգված է ադրբեջանական օկուպացիայի հետևանքով,

– Հայ ռազմագերիների և քաղաքացիական անձանց, այդ թվում՝ Արցախի ռազմաքաղաքական ղեկավարության վերադարձի չլուծված հարցերը, որոնք հանգեցնում են Բաքվի բանտերում նրանց իրավունքների ոտնահարման և անօրեն դատական գործընթացների:

Նման իրավիճակում ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման գործընթացի սկիզբը բացահայտում է համանախագահ երկրների վարած արտաքին քաղաքականության ոչ հետևողական լինելը, խաթարում է նրանց հեղինակությունը և ստանձնած պարտավորությունների հանդեպ առաջացնում անվստահություն և փաստում, որ փոքր կամ «նվազ ռազմավարական» տարածաշրջանները շարունակում են որպես մանրադրամ օգտագործվել քաղաքական մեծ խաղերի համար:

Արցախի Հանրապետության Ազգային ժողովը ահազանգում է խաղաղարարության առաքելությունը տապալած դերակատարների պատասխանատվությունը քողարկելու փորձերի մասին և վերահաստատում է իր հավատարմությունը իրական խաղաղության գաղափարին՝ հիմնված արդարության, իրավունքի և փոխվստահության վրա»։

Խոսում են ուկրաինական ճակատում ճեղքման մասին

Դոնեցկի մարզի Դոբրոպոլյա շրջանում ռուսական զորքերը մեծացրել են ակտիվությունը՝ օգտագործելով անընդհատ հարձակումների մարտավարությունը՝ կուտակելով կենդանի ուժ։

Պոկրովսկից հյուսիս ռուսական ուժերի վերջին առաջխաղացումը լայնածավալ հարձակում չէր, այլ նոր մարտավարության կիրառում, որը թույլ է տալիս օկուպանտներին խորը ներթափանցել Ուկրաինայի պաշտպանության մեջ, գրում են ուկրաինական լրատվամիջոցները։

Ըստ «Վաե Վիկտիս» հեռուստաալիքի՝ որոշ հատվածներում առաջնագիծն իր սովորական տեսքով գործնականում անհետացել է. կողմերի դիրքերը խառն են, իսկ ռուսական խմբավորումները կիլոմետրերով խորացել են Ուկրաինայի պաշտպանության մեջ։

Ռուսները օգտագործում են քողարկող ջերմամեկուսիչ պոնչոներ, որոնք սառեցնում են դրանք՝ ջերմային տեսանելիությունը նվազեցնելու համար, և գիշերը շարժվում են զույգերով։ Նրանց երթուղին հսկում է սպան անօդաչու թռչող սարքի միջոցով, իսկ վտանգի դեպքում մարտիկները պառկում են գետնին և ծածկվում պոնչոներով։ Նրանց հայտնաբերելը բնակեցված վայրերում և անտառներում չափազանց դժվար է։ Հասնելով ցանկալի կետին՝ նրանք դարանակալումներ են կազմակերպում, որից հետո նոր խմբեր են դուրս գալիս հետախուզված երթուղով։

ISW՝ Պատերազմի ուսումնասիրության ինստիտուտի վերլուծաբանները բարձրաձայնել են Դոբրոպիոյայի շրջանում ստեղծված իրավիճակը։ Այսպիսով, ISW-ի գնահատականների համաձայն, ռուսական ուժերը, հավանաբար, վերջերս գրավել են Ռազինոն, Սուխեցկոյեն, Ֆեդորովկան, Զատիշոկը, Բոյկովկան, Նովոտորեցկեն, Զապովեդնոյեն, Մայակը և Պանկովկան։

Պոկրովսկի տարածքում հաջորդ մի քանի օրերը, հավանաբար, կարևոր կլինեն Ուկրաինայի՝ Պոկրովսկից հյուսիս և հյուսիս-արևմուտք Ռուսաստանի արագացված առաջխաղացումը կանխելու կարողության համար։ Ռուսաստանը, հավանաբար, կենտրոնացած է Դոբրոոիլյայի ուղղությամբ առաջխաղացման վրա՝ օգոստոսի 15-ին կայանալիք ռուս-ամերիկյան գագաթնաժողովից առաջ տեղեկատվական պայմաններ ստեղծելու համար։ ISW-ն շարունակում է գնահատել, որ Պուտինը փորձում է Ռուսաստանի կողմից Լուգանսկի, Դոնեցկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի գրավումը ներկայացնել որպես անխուսափելի՝ Ուկրաինային և Արևմուտքին դրդելու համար հանձնվել Կրեմլի պահանջներին։

«Ես իմ կյանքում երբեք ոչ մի երկրում նման ամոթալի երևույթ չեմ տեսել»

Մեղադրանքների (Սամվել Կարապետյանի և հոգևորականության դեմ) անընդունելիությունը կցնցի օտարերկրյա առաջնորդներին։ Այդ մասին օգոստոսի 12-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է աշխարհահռչակ իրավաբան և միջազգային մարդու իրավունքների պաշտպան Ռոբերտ Ամստերդամը։

Ամստերդամը Հայաստանի իշխանություններին կոչ արեց դադարեցնել մեղադրանքները։ «Ես իմ կյանքում երբեք ոչ մի երկրում նման ամոթալի երևույթ չեմ տեսել, որ այդ տարիքի մարդիկ, ովքեր իրենց կյանքը նվիրել են երկրին և իրենց կյանքում երբեք հանցագործություն չեն գործել, մեղադրվեն և ձերբակալվեն։ Այն պնդումը, թե նրանք պետք է ձերբակալվեն, բացարձակապես ամոթալի է։ Իմ մտահոգությունները, որոնք դարձան իմ Հայաստան այցելության պատճառը, լիովին հաստատվել են։

Հուսով եմ՝ առիթ կունենամ այցելելու իմ պաշտպանյալին քրեակատարողական հիմնարկում և տեսնենք՝ թե ինչ կստացվի։ Դա կլինի բազմաթիվ այցելություններից առաջինը, մինչև իմ պաշտպանյալին և եկեղեցուն առնչվող իրավիճակը լուծվի»,- եզրափակել է Ամստերդամը։

Իրանի նախագահտ 4 օրով գալիս է Հայաստան

Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Մասուդ Փեզեշքիանի օգոստոսի 18-21–ը կայցելի Հայաստան։

Ինչպես հայտնում են ՀՀ Էկոնոմիկայի նախարարությունից, Իրանի նախագահի այցի շրջանակում օգոստոսի 19-ին Երևանում կանցկացվի գործարար համաժողով։

Իրանական կողմից գործարար համաժողովին մասնակցության ցանկություն են հայտնել արդյունաբերական, ճանապարհաշինության, գյուղատնտեսական, մատակարարման, դեղագործական, ինժեներական ծառայությունների, թեթև արդյունաբերության ոլորտների ներկայացուցիչներ։

Միրզոյանն ու Բայրամովը առաջին հեռախոսազրույց են ունեցել

Հայաստանի Հանրապետության ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հեռախոսազրույց է ունեցել Ադրբեջանի Հանրապետության ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ:

Նախարարները քննարկել են Վաշինգտոնում կայացած գագաթաժողովի արդյունքում ստորագրված Համատեղ հռչակագրի իրականացումը, ինչպես նաև վստահության ամրապնդման միջոցներ:

Արարատ Միրզոյանը և Ջեյհուն Բայրամովը մտքեր են փոխանակել տարածաշրջանային հարցերի շուրջ և վերահաստատել են ուղիղ երկխոսությունը շարունակելու պատրաստակամությունը:

Բաքուն, ՀՀ իշխանությունները և ընդդիմությունը կրակի պես վախենում են 1989 թվականի Միացումի որոշումից

Խորհրդարանական երկու ընդդիմադիր խմբակցություններ՝ Հայաստանի Հանրապետական կուսակցությունը և «Հայաստան» դաշինքը, հայտարարություններ են տարածել Փաշինյանի և Ալիևի միջև Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնությունների վերաբերյալ։

ՀՀԿ-ի և «Հայաստան» դաշինքի հայտարարություններում կան բազմաթիվ կարևոր մեկնաբանություններ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբից հրաժարվելու անթույլատրելիության, Արցախի ժողովրդի իրավունքների, միջազգային պահանջներից հրաժարվելու և սեփական իրավունքները արտահայտող հայերի նկատմամբ փաստացի գրաքննություն սահմանելու վերաբերյալ։ Սակայն երկու հայտարարություններում էլ բացակայում է գլխավոր փաստարկը՝ 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշումը։

Այս որոշումից կրակի պես վախենում են ոչ միայն Բաքվում, Անկարայում և աշխարհի մայրաքաղաքներում, այլև Երևանում, ինչպես իշխող, այնպես էլ խորհրդարանական «ընդդիմադիր» ուժերում։

Ընդդիմությունն ամեն ինչ անում է «երկու հայկական պետությունների հռչակումից» հետո ստեղծված ստատուս քվոյին վերադառնալու համար։ Երկու պետության հռչակումը նպատակ ուներ հրաժարվել Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին օրինական որոշումից։ ՀՀ խորհրդարանում Լեռնային Ղարաբաղի դրոշները, Արցախի պետական իշխանությունների և ատրիբուտների աջակցությունը, Մինսկի խմբին և այլ ինստիտուտներին վերադարձը ոչ այլ ինչ են, քան վերամիավորման գաղափարին և սեփական պատասխանատվությանը վերադառնալը կանխելու եռանդուն փորձեր։

1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշումը որևէ միջազգային մարմնի կողմից չվիճարկվեց, ավելին, Միացյալ Նահանգները ընդունեց 907-րդ փոփոխությունը, որն արգելում էր Ադրբեջանին ռազմական օգնություն ցուցաբերելը՝ կապված հայկական տարածքների օկուպացիայի հետ։ Այն ժամանակ աշխարի տերությունները ծափահարում էին Հայաստանի անկախության հռչակագրին, որը մինչ օրս պարունակում է հղում 1991 թվականի դեկտեմբերի 1-ի միացման մասին որոշմանը։

1989 թվականից կարճ ժամանակ անց միտումը փոխվեց. աշխարհը վախեցավ հայերի՝ իրենց հայրենի հողում  ինքնորոշվելու զուլալ իրավունքից։ Եվ Հայաստանը, Ռուսաստանի, Թուրքիայի և այլ երկրների ճնշման տակ, անտեսեց 1989 թվականի որոշումը և հռչակեց Հայաստանի Հանրապետությունը Խորհրդային Հայաստանի սահմաններում։ Արցախը նույնպես ստիպված եղավ հռչակել Հանրապետություն։ Արցախի կարգավիճակը անմիջապես փոխվեց, ինչպես նաև Հայաստանի պատասխանատվությունը Արցախի նկատմամբ։

Վերջին 35 տարիների ընթացքում երեք պատերազմները, օկուպացիան և տեղահանությունը 1989 թվականի օրինական որոշումը անտեսելու արդյունք են։

Եթե ընդդիմությունը ցանկանում է իրավիճակը վերադարձնել 1991թ.՝ անտեսելով 1989թ.-ը, ապա Հայաստանի իշխանությունները՝ Բաքվի, Անկարայի և այլ երկրների հետ միասին, որոնք հետաքրքրված չեն Հայաստանի գոյությամբ, անում են ամեն ինչ՝ 1989թ. որոշումը վերջնականապես չեղյալ համարելու համար: Այդ նպատակով հորինվում են Ալմա-Աթայի հռչակագրերը և այլ անօրինական փաստաթղթեր: Բայց որոշումն ուժի մեջ է, հակառակ դեպքում Ալիևը ամեն օր չէր պահանջի դրա մասին հիշատակումը հանել Հայաստանի Սահմանադրությունից։

1989թ. դեկտեմբերի 1-ի որոշումը Երրորդ Հանրապետության առանցքն է, իրավական ողնաշարը, որն արդեն փլուզման եզրին է: Չորրորդ Հանրապետություն չի նախատեսվում նոր աշխարհակարգի շրջանակներում:

Քոչարյանից և մյուսներից պահանջում են փոխհատուցել «Մարտի 1»-ի բռնության զոհերին տրամադրված 670 մլն դրամը

Գլխավոր դատախազությունը 2025 թվականի օգոստոսի 11-ին պետական շահերի պաշտպանության հայց է ներկայացրել Հակակոռուպցիոն դատարան՝ պահանջելով որպես հետադարձ պահանջ, 2008 թվականի մարտի 1-2-ը Երևանում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժած անձանց Հայաստանի Հանրապետության պետական բյուջեի միջոցներով փոխհատուցված 670 միլիոն դրամը համապարտության կարգով բռնագանձել ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանից, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանից, ՀՀ պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանից և ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Յուրի Խաչատուրովից: Այս մասին հայտնում են ՀՀ գլխավոր դատախազությունից:

Նախիջևանի կարգավիճակը չի փոխվել. եռակողմ հռչակագրում այն չի անվանվում Ադրբեջանի մաս

Նախիջևան

Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի կողմից կնքված փաստաթղթերը՝ Թրամփի մասնակցությամբ եռակողմ հռչակագիրը և նախաստորագրված խաղաղության համաձայնագիրը, չեն պարունակում հղումներ տարածաշրջանի սահմանները սահմանող հիմնարար փաստաթղթերին: Կա հղում միայն 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրին, որը ի դեպ հստակ քարտեզներ չունի: Սակայն չկա որևէ հիշատակում 1921 թվականի Կարսի պայմանագրի կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության մասին, որոնց համաձայն են տարածաշրջանի իրական սահմաններն այսպիսին: Իհարկե, չկա որևէ հղում Սևրի օրինական պայմանագրին:

Չնայած այս փաստաթղթերը չեն հիշատակվում, դրանք ենթադրաբար նկատի են առնվում, քանի որ իրավաբանորեն անհնար է շրջանցել դրանք առանց պաշտոնական չեղարկման կամ հաստատման: Սա վկայում է Վաշինգտոնում ընդունված փաստաթղթերի ժամանակավորության և փխրունության մասին:

Մասնավորապես, Թրամփի մասնակցությամբ եռակողմ հռչակագրում նշվում էր. «Այս ջանքերը կներառեն Ադրբեջանի Հանրապետության հիմնական մասի և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև Հայաստանի Հանրապետության տարածքով անխոչընդոտ հաղորդակցությունը, Հայաստանի Հանրապետության համար միջազգային ու ներպետական հաղորդակցության փոխադարձ առավելություններով»։

Նախիջևանը, ըստ Կարսի պայմանագրի, Հայաստանից ժամանակավորապես փոխանցվել է Ադրբեջանի պրոտեկտորատի տակ և դրա մաս չի կազմում: Վերջերս Բաքուն փորձում է Նախիջևանը անջատել Կարսի պայմանագրից, նույնիսկ փոխելով Նախիջևանի Սահմանադրությունը և հանելով Կարսի պայմանագրի մասին հիշատակումը: Սակայն Կարսի պայմանագրի հարցը մնում է բաց. եթե այն չեղյալ է հայտարարվել, ապա ի՞նչ են անում Կարսը, Արդահանը և Սուրմալուն Թուրքիայի կազմում, և ի՞նչ կապ ունի Բաքուն Նախիջևանի հետ: Եթե Կարսի ռուս-թուրքական պայմանագիրը երկարաձգվել է, ապա ի՞նչ իրավունք ունի Բաքուն ռազմականացնել Նախիջևանը, այնտեղ ամբողջ բանակ պահել և Թուրքիայի հետ համատեղ ռազմական բազաներ ստեղծել:

Նույնը վերաբերում է նաև 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությանը: Մարիա Զախարովան հիշեցնում է, որ կողմերից ոչ մեկը հետ չի վերցրել իր ստորագրությունը այս հայտարարությունից, ինչը նշանակում է, որ այն ուժի մեջ է: Ապա որտե՞ղ է Բերձորի միջանցքը, որտե՞ղ է Արցախը:

Օգոստոսի 8-ի Վաշինգտոնյան հռչակագրում Նախիջևանը չի անվանվում Ադրբեջանի մաս, էքսկլավ, քանի որ դա անհեթեթություն կլիներ։ Ամեն ինչ այնպես է գրված, որ օրինական հիմքերին չկպեն, իսկ փաստաթուղթը մեկնաբանվի ցանկացած ձևով։

«Տարածաշրջանային կադաստրի» վերաբերյալ պարզ հարցերի բացակայությունը վկայում են, որ Վաշինգտոնում ձեռք բերված համաձայնագրերը որևէ իրավական հիմք չունեն և հիմնված են ավտորիտար կառավարիչների գործարքի վրա։ Այս համաձայնագրերը կարող են հեշտությամբ չեղարկվել, թեկուզ եթե ստորագրող կողմերից մեկը իշխանության գլուխ չլինի։

Ահա թե ինչու համաձայնագրերում ամրագրված է «անջատողականության, ռևանշիզմի» և այլ գործողությունների անթույլատրելիությունը, որոնք վերաբերում են գործող համաձայնագրերին և հայերի օրինական իրավունքներին։

«Այս իրողությունը, որը ենթակա չէ և երբեք չպետք է ենթակա լինի վերանայման, ճանապարհ է հարթում մեր երկու ժողովուրդների միջև թշնամանքի էջը փակելու համար։ Մենք վճռականորեն մերժում և բացառում ենք վրեժխնդրության ցանկացած փորձ ներկայում և ապագայում», – ասվում է Հռչակագրում։

Եթե Երևանում այս կետը ներկայացվում է որպես Բաքվի հավանական էքսպանսիան բացառող միջոց, ապա Բաքվի և Անկարայի համար այս կետը հատկապես կարևոր է, քանի որ այն վկայում է հայերի հրաժարման մասին իրենց անօտարելի օրինական իրավունքներից։ Հենց սա է Բաքվին տալիս էքսպանսիայի օրինական իրավունք։

Նման համաձայնագրերը չեն կարող երկար կյանք ունենալ, քանի որ դրանք չեն փոխում տարածաշրջանի իրավական մատրիցը, այլ փորձում են դրա վրա ավազե ամրոց կառուցել։

Բևեռը օգոստոսի 15-ին հանրահավաք է հրավիրում

Ազգային-ժողորդավարական Բևեռը օգոստոսի 15-ին՝ ժամը 19:00-ին, Ազատության հրապարակում հրավիրում է ՀԱՆՐԱՀԱՎԱՔ 2025թ․ օգոստոսի 8-ին Վաշինգոնում կայացած Ալիև-Թրամփ-Փաշինյան եռակողմ հանդիպման և այդ ընթացքում կայացված որոշումների ու ստորագրված փաստաթղթերի վերաբերյալ։

Թրամփը մեղադրում է Զելենսկուն, որը չի ուզում հողերը հանձնել. եղի՜ր Փաշինյանի պես

Դոնալդ Թրամփը հրապարակավ պահանջել է, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկին զիջի ուկրաինական տարածքները Ռուսաստանին։ Թրամփը դժգոհություն հայտնեց այն փաստից, որ Զելենսկին հրաժարվում է ուկրաինական հողերը զիջել Ռուսաստանի Դաշնությանը և փաստացի մեղադրեց Ուկրաինայի նախագահին Կրեմլի կողմից սանձազերծված պատերազմի մեջ։

«Այսինքն, Զելենսկին թույլտվություն ունի պատերազմ սկսելու և բոլորին սպանելու, իսկ հիմա նրան թույլտվություն է պետք տարածքներ փոխանակելու համա՞ր», – ասաց ամերիկացի առաջնորդը՝ մեկնաբանելով այն փաստը, որ Ուկրաինայի նախագահը չի կարող հողեր զիջել առանց Սահմանադրական դատարանի և խորհրդարանի հաստատման։

«Տարածքների փոխանակումը տեղի կունենա՝ ես դրա մասին գիտեմ ռուսական կողմից և բոլորի հետ զրույցների միջոցով։ Ուկրաինայի օգտին։ Դա լավ կլինի Ուկրաինայի համար, ոչ թե վատ։ Բայց նաև մի փոքր վատ՝ երկու կողմերի համար», – ասաց ԱՄՆ առաջնորդը։

Կրեմլը հրադադարի դիմաց պահանջում է, որ իրեն հանձնվեն ամբողջ Դոնեցկի և Լուգանսկի մարզերը, այդ թվում՝ այն շրջանները, որոնք իր բանակը չի կարողանում գրավել: Եվ, ըստ երևույթին, Վաշինգտոնը այս տարբերակը համարում է ընդունելի: <…> Մենք կփոխենք առաջնագիծը», – ասել է Թրամփը։

Զելենսկին ընդգծել է, որ «ուկրաինական տարածքային հարցի պատասխանն արդեն իսկ Ուկրաինայի Սահմանադրության մեջ է» և որ «ոչ ոք չի կարողանա նահանջել դրանից, ուկրաինացիները չեն տա իրենց հողերը օկուպանտներին»: Հարցումների համաձայն, այս դիրքորոշումը պաշտպանում է Ուկրաինայի քաղաքացիների բացարձակ մեծամասնությունը։

Ուկրաինացիներին ուղղված իր երեկոյան ելույթում Վլադիմիր Զելենսկին ասել է, որ Ռուսաստանը չի ցուցաբերում պատերազմը դադարեցնելու պատրաստակամության ոչ մի նշան և շարունակում է նոր հարձակումներ պատրաստել՝ զորքեր և տեխնիկա տեղափոխելով պլացդարմային տարածքներ:

Թրամփը «զարմացած» է Զելենսկու վարքագծով, հատկապես Նիկոլ Փաշինյանի հետ հանդիպումից հետո, ով ոչ միայն Վաշինգտոնում ստորագրեց հայ-իրանական սահմանի և Հայաստանի հարավի փաստացի օտարման մասին հռչակագիր, այլև շնորհակալություն հայտնեց Թրամփին անեքսիայի համար: Փաշինյանը չի հարցրել Սահմանադրական դատարանի և խորհրդարանի կարծիքը այս հարցի վերաբերյալ, ինչպես Զելենսկին է անում: Փաշինյանը խորհրդարանից կարծիք չի հարցրել «տարածքային զիջումների» մասին 2020, 2022, 2023 թվականներին: Խորհրդարանը, անկեղծ ասած, կարծիք չի էլ ունեցել։

Փաշինյանն ու Ալիևը ուժեղ առաջնորդներ են, ասել էր Թրամփը, քանի որ նրանք միանձնյա են որոշում «տարածքային հարցերը», իսկ Զելենսկին վատն է. նա պատերազմ է մղում Ռուսաստանի հետ, բայց չի ցանկանում տարածքներ փոխանակել: Եղի՜ր Փաշինյանի նման: