
Այսպես 2022 դեկտեմբերին 12-ին փակվեց ճանապարհը: Հացը սկսվեց մեկական վաճառվել: Դեկսալգինը նույնպես: «Մենակ դու չես, բոլորին պետք է հերիքի», սա այնպիսի տոնով ասաց դեղագետն, ասես ես եմ փակել ճանապարհը:
Շուկայում ասացին, որ ամեն ինչ լավ է լինելու, որ ավելի դժվար օրեր է տեսել ղարաբաղցին: Ասացին նաեւ, որ մրգերից միայն «Պոմելա» է մնացել:
Ցուրտ էր: «Խաղաղապահները» փակել էին բերանները, եւ Շուշիի ճանապարհը: Դա «մեր անվտանգության» համար էր: Պուտինի ծիծաղը գալիս էր:
Զարդարում են քաղաքի տոնածառերը: Բայց քանի տարի է, ո՞վ է Ամանոր նշում` տրամադրություն չկա, ոչ էլ վառելիք:
Քեզ լյավ յեշի, իսկեւիսկ ժամանակն է քայլելու:
Հանրահավաք ու պատարագ: Путин, держи слово. Հոսանքն այլեւս գրաֆիկով է, քանի որ Սարսանգում ջուր չկա:
Եկեք պայմանավորվենք, որ այդ կտրոններին талон չենք ասելու, կատակում էին Ֆեյսբուքում:
Մեկ է, հրապարակում պարելու ենք, պսակվելու, հարսանիք ենք անելու, ծիծաղելու ու սիսեռիկա կոֆե ենք խմելու:
Ստորոգրահավաք ենք անելու ու երեխաների օր ենք նշելու: Հնդկաձավարով յոլա ենք գնալու, բայց չգիտենք, եթե Կիչան նորից հարվածեն, կանանց ու երեխաներին ոնց ենք հանելու: Գիտե՞ք որքան են պոստերը մոտիկ:
Սոված շներն արդեն հրապարակում են, բացեք դե էտ անտեր ճանապարհը: Նորից միտինգ ու հացի հերթ:
Աղի ու լվացքի փոշու փոխանակում, բողոքի ցույց Կարմիր Խաչի դիմաց:
Ջուրն էլ կտրեցին, թութուն չորացրեք:
Սա մե՞ր քաղաքն է, աղբն ինչո՞ւ չեն հավաքում, շուտով նախագահական ընտրություններ են, դա էլ անենք ու գնանք:
Բոլորը գնում են:
Մարութ Վանյան