
44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը ձգձգում է ու չի հրապարակում ամփոփիչ զեկույցը։ Իրավապաշտպան Նինա Կարապետյանցը, step1.am-ի հարցին ի պատասխան, թե ինչո՞ւ իշխանությունը չի հրապարակում զեկույցը, ասաց․ «Մարդիկ իրենք իրենց դեմ քրեական գործ չէին հարուցելու կամ իրենց վերաբերյալ զեկույցներ չէին հրապարակելու։ Այդ երբ եք տեսել, որ որեւէ զանցանք կամ հանցագործություն կատարած անձ ասի՝ ես իմ վերաբերյալ նյութեր կհրարակեմ եւ ինքս ինձ պատասխանատվության կենթարկեմ»։
Նինա Կարապետյանցն հիշեցնում է, որ 2016 թվականի քառօրյա պատերազմի վերաբերյալ նյութերը եւս չեն հրապարակվել։ Եվ դա հուշում էր, որ 44 –օրյա պատերազմի վերաբերյալ նյութերն էլ չէին հրապարակելու։ «Եթե այնտեղ այլ թիմի գործունեության կամ անգործության մասին էր խոսք գնում, այստեղ կոնկրետ իրենց մասնակցության եւ իրենց ուղղակի դերակատարման մասին է խոսք գնում»,- հավելեց նա։
Իրավապաշտպանի խոսքով՝ զեկույց հրապարակելու համար հիմնավոր ու համոզիչ նյութեր պետք է ունենան, բայց որեւէ գործողության վերաբերյալ այս հանձնաժողովի տրամադրած տեղեկությունները ոչ համոզիչ են, ոչ էլ հիմնավոր։ Ձեւական շոու կազմակերպեցին, մի քանի լսումների ժամանակ տեսաձայնագրություններ հեռարձակվեցին, բայց դա ոչ մի բանի մասին էր։ Եվ չնայած դրան, ըստ իրավապաշտպանի, արդեն իսկ հրապարակված նյութերով բազմաթիվ բարձրաստիճան պաշտոնյաների վերաբերյալ քրեական գործեր պետք է հարուցված լինեին։
«Պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի տված բացատրության ժամանակ այնպիսի հայտարարություններ են հնչել, որոնք ակնհայտորեն խնդիր պետք է առաջացնեին։ Եվ եթե մենք ունենայինք արդարադատություն իրականացնող մարմիններ, դատախազություն, արդարադատության նորմալ համակարգ, այսօր արդեն շատ բարձրատիճան պաշտոնայների վերաբերյալ պետք է քրեական գործեր հարուցված լինեին։ Բայց քանի որ մենք այդպիսի համակարգ չունենք, նման ակնկալիք ունենալ չենք կարող։ Մի կողմից էլ ես ուրախ եմ, որ պրոցես չի ընթանում, որովհետեւ մի գործի վերաբերյալ կարող է լինել միայն մեկ դատավճիռ։ Եվ այս իշխանությունն այն իշխանությունը չէ, որի օրոք արդարացի դատավճիռներ կարող են կայացվել։ Սա շատ կարեւոր պրոցես է, մենք մեկ անգամ գոնե պետք է պատասխանատվության ենթարկված իշխանություն ունենանք, որպեսզի հաջորդիվ եկող իշխանությունները հասկանան, որ սա «պռախադնոյ դվոռ» չէ, որ գան, պաշտոններ զբաղեցնեն, վայելեն, իրենք իրենց հարցերը կարգավորեն, իսկ պետությունն ամեն անգամ մնա վատ վիճակում։ Այդ դատավճիռները մեզ պետք են լինելու՝ հաջորդիվ եկող իշխանությունների կարգապահությունը եւ պատասխանատվութունը բարձր պահելու համար»,- ասաց Նինա Կարապետյանցը։
Ռոզա Հովհաննիսյան