Կապանում կրակոցներ չկան, բայց հրետանու ձայներ լսվել են

Կապանում կրակոցների ձայները լսվել են Իրանի Իսլամական Հանրապետության հատվածից։ Տեղեկությունը Sputnik Արմենիային հայտնել է Կապանի քաղաքապետ Գևորգ Փարսյանը։
Ավելի վաղ ԶԼՄ-ներում տեղեկություն էր տարածվել, թե Կապանում կրակոցների ու հրետանու ձայներ են լսվում:
«Կապանում և մեր սահմաններին կրակոցներ չկան, այսօր այդ ձայները լսվել են Իրանի Իսլամական Հանրապետության տարածքից։ Այսօր այդ ձայները լսելի էին։ Ավելի շատ հրետանու, ռումբերի պայթյունների ձայներ են»,- ասաց Փարսյանը։
Հարցին՝ արդյոք Կովսականի ուղղությամբ են այդ ձայները լսվում՝ Կապանի քաղաքապետը նշեց, որ տեղյակ չէ, միայն հստակ է, որ Իրանի կողմից են։ Ըստ Փարսյանի տեղեկությունների՝ Մեղրիի տարածաշրջանում բնակիչներն ավելի շուտ էին նմանատիպ ձայներ լսել։
Կապանի քաղաքապետը վստահեցրեց, որ հիմա կրակոցների և ռմբակոծությունների ձայներ չեն լսվում, իսկ մինչ այդ ցերեկն են դրանք եղել ու երեկոյան կողմ։

ԵՄ-ում գազի գները բարձրանում են

ԱՄՆ-Իսրայելական պատերազմի բռնկման հետևանքով Իրանի հետ կապված գների աճի գագաթնակետին հոլանդական TTF կենտրոնում բնական գազի գները գրեթե հասան 55 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի համար, սակայն մարտի 4-ին իջան մի փոքր 50 եվրոյից ցածր։

Պատերազմից առաջ գինը հազիվ էր գերազանցում 30 եվրոն։ Գրեթե 70% թռիչքը տպավորիչ է։

Այնուամենայնիվ, գներն թեև բարձր են, բայց հեռու են 2022 թվականի ռեկորդային մակարդակներից։ Ռուսաստանի կողմից Ուկրաինա ներխուժման հետևանքով առաջացած էներգետիկ ճգնաժամի գագաթնակետին գինը հասավ 350 եվրոյի մեկ մեգավատտ-ժամի համար։

Նախիջևանի “առումը

Ադրբեջանը հայտարարեց Նախիջևանի ուղղությամբ չորս իրանական անօդաչու թռչող սարքերի արձակման մասին: Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբը հերքեց «Ադրբեջանի ուղղությամբ անօդաչու թռչող սարքի արձակման» մասին տեղեկատվությունը:

Իրանի հերքումը նշանակում է կամ, որ Թեհրանը Նախիջևանը չի համարում Ադրբեջան, կամ, որ Ալիևի «խաղի» մեջ մտնելը Թեհրանի կողմից սպասելի էր:

Թուրքիան և Իսրայելը անմիջապես աջակցություն հայտնեցին Ալիևին՝ այդպիսով խրախուսելով նրան «պաշտպանել Նախիջևանը»:

Նախիջևանում ստեղծված իրավիճակի ֆոնին տեղի ունեցավ Անվտանգության խորհրդի նիստ՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ: Պաշտոնական հայտարարության մեջ որևէ հիշատակում չկա Նախիջևանի կամ Բաքվի կողմից դրա կարգավիճակը փոխելու փորձերի մասին: Չէ որ Նախիջևանը մինչ օրս հայկական ինքնավարություն է՝ Ադրբեջանի պրոտեկտորաըտի տակ։

Ակնհայտ է, որ Նախիջևանի «պաշտպանությունը» նախատեսված է որպես Բաքվի «փաստարկ»՝ Նախիջևանը «վերցնելու» համար, քանի որ, ըստ Կարսի պայմանագրի, Նախիջևանում չպետք է լինեն ռազմական ուժեր: Բայց եթե Իրանը “հարձակվում է”, ո՞վ պետք է պաշտպանի Նախիջևանը։

Ալիևը բացահայտ դուրս եկավ Իրանի դեմ և սպառնաց

«Իրանը թող չմոռանա, թե ինչպես մենք վերջ տվեցինք հայկական օկուպացիային», – այսօր կայացած Անվտանգության խորհրդի նիստի ժամանակ հայտարարել է Իլհամ Ալիևը։

«Մենք պաշտպանում ենք մեր տարածքային ամբողջականությունը և պատրաստ ենք մեր հզորությունը ցուցադրել ցանկացած չարագործ ուժի, այնպես, ինչպես վերջ տվեցինք հայկական օկուպացիային», – հայտարարել է Ալիևը՝ մեկնաբանելով Նախիջևանի օդանավակայանին հասցված հարվածը։

«Այն պատվազուրկ մարդիկ, որոնք իրականացրել են այս ահաբեկչական գործողությունը, զղջալու են։ Նրանք չպետք է խաղան մեր համբերության հետ։ Ով ուզում է անել դա՝ կկործանվի «Երկաթե բռունցքի» կողմից», – հայտարարել է նա։

«Մեր զինված ուժերը՝ պաշտպանության նախարարությունը, պետական սահմանապահ ծառայությունը, հատուկ նշանակության ուժերի մյուս բոլոր ստորաբաժանումները մոբիլիզացիոն թիվ մեկ վիճակի են բերվել», – ասել է Ալիևը։

Նրա խոսքով՝ այդ ուժերը «պետք է պատրաստ լինեն ցանկացած գործողության իրականացման»։

Ալիևը նաև քննադատել է Իրանի պետական լրատվամիջոցներին։ Դրանք, ըստ նրա, հակաքարոզչություն էին իրականացնում՝ փորձելով փոխել Իրանում ապրող ադրբեջանցիների վերաբերմունքը Ադրբեջանի Հանրապետության հանդեպ։

«Դա արվում էր այն պատճառով, որ նրանք շատ լավ գիտեն՝ անկախ ադրբեջանական պետությունն այսօր հույսի աղբյուր է Իրանում ապրող բազմաթիվ ադրբեջանցիների համար», – հայտարարել է Իլհամ Ալիևը։

Ռևանշիզմի և խաղաղության միջև․ Փաշինյանը չգիտի, երբ կստորագրվի “պայմանագիրը”

Ադրբեջանի հետ խաղաղության պայմանագրի ստորագրման Ժամկետներն անհայտ են։ Այս մասին մարտի 5-ին կառավարության ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Նիկոլ Փաշինյանը։

Իր հերթին ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը՝ անդրադառնալով հարցին, թե կա՞ն արդյոք խնդիր Իրանի հետ ապրանքափոխանակության ոլորտում, պատասխանեց. «Իհարկե կան, բա որ ասում ենք գնանք Թուրքիայի հետ սահման բացենք, Ադրբեջանի հետ սահման բացենք, դա ինչի՞ մասին է, բա ինչի՞ համար ենք ասում»։

Մուննաթը, իհարկե, անպակաս է այսօրվա կառավարությունից, բայց այս դեպքում ընդհանրապես անհասկանալի է, թե ում է դիմում Պապոյանը։ Չէ՞ որ Հայաստանում ոչ ոք չի ասել՝ ճանապարհները մի բացեք, հակառակը՝ Պապոյանի շեֆն նորերս ասել է, որ Բաքուն և Անկարան հրաժարվում են “Թրամփի ուղին” շարունակել Նախիջևանով և Հայաստանով դեպի Թուրքիա։ Բաքուն և Անկարան են փակել և չեն ուզում բացել ճանապարհները, ո՞ւմ է մուննաթ գալիս Պապոյանը։

2020-2025 թ․ պատերազմներից և “բանակցություններից” հետո Հայաստաի հասարակությունը հայտնվել է մի կետում, երբ պարզվում է, որ բոլոր պնդումները, թե “Ղարաբաղը տանք՝ հանգիստ ապրենք”, “ով զիջումների դեմ է՝ խաղաղության դեմ է”, սուտ են։ Հայաստանի հասարակությայն հավասարակշռությունը խախտվել է․ ազգային շահեր առաջ տանողների կշիռը գրեթե զրոյացել է, իսկ “կոսմոպոլիտների” թիվն աճել։ Այդ դիսբալանսը հայկական նավը հասցրել է ծայրահեղ շեղման։ Բավական է մի փոքր քամի, և նավը շուռ կգա, եթե չվերականգնվի հավասարակշռությունը։

ԵԿՄ նախագահ Սասուն Միքայելյանը՝ անդրադառնալով հարցին, թե ինչու է Նիկոլ Փաշինյանն Արցախը համարում Ադրբեջան, պատասխանեց․ «Այսօրվա իրավիճակով մենք ոչ կարանք ամբագոռգոռ բառեր ասենք, մենք պահում ենք Հայաստանի Հանրապետության պետական սահմանները, մինչև գնանք խաղաղության, որ էս մի կտոր հողը կարողանանք պահենք։

Մենք եղել ենք հաղթանակած բանակից, իսկ այսօր մենք պիտի խելոք լինենք, պիտի կարգապահ լինենք, համախմբված լինենք, որ կարողանանք այս վիճակից դուրս գանք։ Այսօր ունենք այն, ինչ ունենք, մենք սա կպահենք, հետո պարզ կլինի ինչ պիտի լինի, վաղվա օրը ոչ մեկ չգիտի ինչ է լինելու»,–ասաց նա։

Սասուն Միքայելյանը հայտարարեց, որ Նիկոլ Փաշինյանի արտաքին քաղաքականությունը հոյակապ վարում է, որ այսօր մեր երկրում այս պահին խաղաղություն է։

Իշխանությունները խաբում են, վախեցնում են անընդհատ մեր ժողովրդին նոր պատերազմով, որ եթե գան նախկինները պատերազմ կլինի, որ նախկինները ռևանշիստներ են, այո, ես ռևանշիստ եմ, մենք չենք կարող Արցախը համարել ընդմիշտ Ադրբեջանի կազմում։ Այս մասին «Եռաբլուր» պանթեոնում լրագրողների հետ զրույցում նշեց Երևանի նախկին քաղաքապետ, նույն ԵԿՄ անդամ Ալբերտ Բազեյանը։

«Նիկոլին ու ՔՊ–ին հեռացնելուց հետո մենք հզորացնելու ենք մեր բանակը, կարգավորելու ենք հարաբերությունները մեր արտաքին ռազմաքաղաքական գործընկերների հետ և նրանց օգնությամբ ազատագրելու ենք Արցախն ու մեր հայրենիքի բռնազավթած մյուս տարածքները»,–ասաց նա։

Ալիևը Նախիջևանում իրանական դրոնի հարվածը որակել է «ահաբեկչություն», Իրանը մեղադրում է Իսրայելին

Վերջապես, գործը հասավ մակարբաշուն՝ Ալիևին, և նա իր ծանրակշիռ հայտարարությունը արեց Իրանի դեմ: Պատահական չէ, որ 2020 թվականից ի վեր, ամբողջ միջազգային հանրության աջակցությամբ, Ալիևը գրավել է Արցախ-Իրան սահմանը՝ անմարդաբնակ հողերի վրա կառուցելով երեք օդանավակայան և ռազմական ճամբարներ: Իսկ 2025 թվականի օգոստոսին Փաշինյանը Վաշինգտոնում Թրամփի հետ համաձայնագիր ստորագրեց՝ հայ-իրանական սահմանը 99 տարով «վարձակալության տալու» մասին: Միաժամանակ, Բաքուն Նախիջևանի Սահմանադրությունից «հանեց» 1921 թվականի ռուս-թուրքական Կարսի պայմանագրի հղումը, որի համաձայն՝ Նախիջևանի հայկական ինքնավար մարզը անցավ Ադրբեջանի պրոտեկտորատի տակ:

Այժմ Ալիևը պետք է իրեն ներկայացնի որպես գրավված հողերի իրական տեր՝ մեղադրելով Իրանին ահաբեկչություն իրականացնելու Նախիջևանում, որը Ալիևը պետք է «պաշտպանի»՝ ցույց տալու համար, թե ով է տիրակալը:

«Իրանցի պաշտոնյաները պետք է բացատրություն տան և ներողություն խնդրեն ադրբեջանական կողմից: Այս ահաբեկչական գործողությունը կատարողները պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն», – ասաց Ալիևը՝ ելույթ ունենալով Ադրբեջանի Անվտանգության խորհրդի նիստում:

ԶԼՄ-ների հաղորդագրությունների համաձայն, իրանական անօդաչու թռչող սարքերը հինգշաբթի օրը հարվածել են Նախիջևանին: Մեկ անօդաչու թռչող սարք հարվածել է օդանավակայանի շենքին, իսկ մյուսը ընկել Շեքերաբադ գյուղի դպրոցի մոտակայքում:

Ադրբեջանի կառավարությունը բողոքեց հարձակումների դեմ, դատապարտեց դրանք և պահանջեց, որ Թեհրանը «բացատրություն տա այս հարցի վերաբերյալ և ձեռնարկի անհրաժեշտ անհապաղ միջոցներ՝ ապագայում նման միջադեպերի կրկնությունը կանխելու համար»։

Իրանը հերքեց Նախիջևանի վրա հարվածին իր մասնակցությունը։ «Իրանի Իսլամական Հանրապետությունը, հարգելով բոլոր երկրների, մասնավորապես մուսուլմանական երկրների և մեր հարևանների ինքնիշխանությունը, հերքում է այն տեղեկությունները, որ իր զինված ուժերը անօդաչու թռչող սարք են արձակել Ադրբեջանի Հանրապետության ուղղությամբ», – ասվում է Իրանի զինված ուժերի գլխավոր շտաբի հայտարարության մեջ։

Իրանը հարվածի համար մեղադրել է Իսրայելին։

«Անօրինական սիոնիստական ​​ռեժիմի կողմից նման գործողությունները, որոնք ուղղված են մուսուլմանական երկրների միջև հարաբերությունները տարբեր միջոցներով խաթարելուն, լավ փաստաթղթավորված են։ Հետաքննությունների համաձայն, այս գործողությունները ձեռնարկվել են այս ռեժիմի կողմից՝ Իրանի Իսլամական Հանրապետությանը մեղադրելու նպատակով», – գրել է Tansim-ը իր Telegram ալիքում։

BBC-ն հիշեցնում է, որ դեկտեմբերի 31-ը՝ այն օրը, երբ ակտիվիստները 1989 թվականին քանդեցին խորհրդային սահմանային պահակակետը ադրբեջանա-իրանական սահմանին, Ադրբեջանում նշվում է որպես «Աշխարհի ադրբեջանցիների համերաշխության օր»։ Հյուսիսային Իրանը Բաքվում հաճախ անվանում են «Հարավային Ադրբեջան»։

Պատերազմի սկզբնական օրերին Իսրայելի վարչապետը կոչ արեց Իրանի ժողովուրդներին, այդ թվում՝ ազերիներին՝ շիա թուրքերին, տապալել կառավարությունը։

Նախկինում Իրանը բազմիցս քննադատել էր Ադրբեջանի ռազմական համագործակցությունը Իսրայելի հետ, սակայն 2020-2023 թվականների արցախյան պատերազմների ժամանակ այն «ընվռնում» է ցուցաբերել Ալիևի դիրքորոշման նկատմամբ և բազմիցս ճանաչել «Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը»։

Իրանը չմեղադրեց Ալիևին, երբ մի քանի տարի առաջ Խուդաֆերին կամրջի մոտ Ադրբեջանի և Իրանի նախագահների միջև հանդիպումից հետո խոցվեց Իրանի նախագահի ուղղաթիռը, որի հետևանքով զոհվեցին բարձրաստիճան իրանցի պաշտոնյաներ։

Անցյալ տարի Իրանը և Ադրբեջանը համատեղ զորավարժություններ անցկացրեցին, և Իրանի նախագահ Պեզեշկիանն Ալիևի հետ այցելեց Շուշի։

Ի՞նչ քայլեր կձեռնարկի Ալիևը թուլացած Իրանի հանդեպ։

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց

Արշակ սրբազանը կալանքից անհապաղ ազատ արձակվեց վերաքննիչ դատարանի դատավոր Ա.Նիկողոսյանի որոշմամբ: Այս մասին Facebook–ի իր էջում հայտնեց փաստաբան Արսեն Բաբայանը։

Արշակ Սրբազանը, հիշեցնենք, ձերբակալվել է դեկտեմբերի 4-ին՝ ԱԱԾ-ի կողմից՝ ՔԿ շենքից դուրս գալիս։ Թե ինչի համար էր պետք այդ շոուն, որ ՔԿ շենքում ԱԱԾ-ն է ձերբակալում,գիտեն թերեւս մտահղացման հեղինակները։ ՔԿ-ն պաշտոնապես հաղորդեց, որ նրա նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 393-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 4-րդ կետերով (մի խումբ անձանց կողմից նախնական հանաձայնությամբ թմրամիջոց ապօրինի իրացնելը՝ հանդիսադիր վայրում):

Մինչդեռ, ինչպես պարզվել է, խոսքը ոչ թե Սրբազանի կողմից իրացման մասին է, ինչպես ի սկզբանե փորձ էր արվում շահարկել, այլ՝ Սրբազանը մեղադրվում է  2018թ․ «Նոր Հայաստան, նոր Հայրապետ» շարժման ակցիա իրականացնողներից մեկին վարկաբեկելու նպատակով  պայուսակում թմրամիջոց դնելու հրահանգ տալու մեջ, ինչը պաշտպանության կողմի դիտարկմամբ՝ անհեթեթություն է։ Դեկտեմբերի 5-ին Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Մասիս Մելքոնյանի որոշմամբ՝ Արշակ Սրբազանը կալանավորվել է։ Ի դեպ, հենց Մասիս Մելքոնյանի որոշմամբ էլ կալանավորվել են  Միքայել և Բագրատ սրբազանները։

Կառավարությունն ընդունեց ապրիլի 1-ից թոշակների բարձրացման մասին որոշումը

Հայաստանի կառավարությունն այսօվա նիստում որոշում է ընդունել 2026 թվականի ապրիլի 1-ից բարձրացնել կենսաթոշակների և նպաստների մի շարք տեսակներ։

Նվազագույն կենսաթոշակը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ՝ աճելով 10 հազար դրամով։ Աշխատանքային կենսաթոշակի հաշվարկման համար հիմնական կենսաթոշակի չափը 24 հազար դրամից կբարձրանա մինչև 34 հազար դրամ։

Զինվորական կենսաթոշակի հաշվարկման հիմնական չափը 20 հազար դրամից կդառնա 21 հազար դրամ՝ աճելով 1 հազար դրամով, իսկ զինվորական ծառայության ստաժի մեկ տարվա արժեքը 1750 դրամից կբարձրանա մինչև 2000 դրամ։

Պարտադիր ժամկետային ծառայության շարքային կազմի զինծառայողների հաշմանդամության զինվորական կենսաթոշակները ևս կբարձրանան։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց դեպքում գումարը 50 600 դրամից կհասնի 64 600 դրամի՝ ավելանալով 14 հազար դրամով։ Երկրորդ խմբի դեպքում 41 400 դրամից կդառնա 54 800 դրամ՝ աճելով 13 400 դրամով, իսկ երրորդ խմբի դեպքում 38 հազար դրամից կհասնի 48 հազար դրամի՝ աճը կազմելով 10 հազար դրամ։

Զոհված զինծառայողի ընտանիքի անդամի կերակրողին կորցնելու դեպքում զինվորական կենսաթոշակը 38 հազար դրամից կբարձրանա մինչև 48 հազար դրամ, իսկ երկու ծնողին կորցրած՝ 18 տարին չլրացած երեխայի դեպքում 120 հազար դրամից կհասնի 170 հազար դրամի։

Բարձրացումներ են նախատեսվում նաև նպաստների համակարգում։ Ծերության նպաստը 36 հազար դրամից կդառնա 46 հազար դրամ։ Առաջին խմբի հաշմանդամություն ունեցող անձանց նպաստը 39 հազար դրամից կհասնի 49 հազար դրամի, երկրորդ խմբի դեպքում 37 500 դրամից կբարձրանա մինչև 47 500 դրամ, երրորդ խմբի դեպքում 36 հազար դրամից կհասնի 46 հազար դրամի։

«Հաշմանդամ երեխա ճանաչված անձ» կարգավիճակ ունեցողների նպաստը նույնպես կաճի 39 հազարից մինչև 49 հազար դրամ։

Փոփոխությունների արդյունքում աշխատանքային կենսաթոշակի միջին ամսական չափը 48 993 դրամից կդառնա 59 181 դրամ, իսկ հետվճարի մեխանիզմի ազդեցությամբ միջինը կհասնի 67 873 դրամի։

Զինվորական կենսաթոշակի միջին չափը 96 321 դրամից կբարձրանա մինչև 104 852 դրամ, իսկ հետվճարի հաշվառմամբ կհասնի 113 544 դրամի։

Կենսաթոշակների և նպաստների բարձրացման համար 2026 թվականին կպահանջվի լրացուցիչ շուրջ 78.7 միլիարդ դրամ։

Նախարար Արսեն Թորոսյանը նշել է. 623,353 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է 10 հազար դրամ և ավելի, մնացած 39,594 հոգու համար կենսաթոշակը բարձրանալու է շուրջ 8500 դրամով:

Մեր խնդիրն այն է, որ մեր կենսաթոշակը սպառողական զամբյուղից ներքև չգնա։ Այս մասին հայտարարեց Փաշինյանը՝ անդրադառնալով օրեր առաջ իր արած հայտարարությանը, որ ամեն տարի կենսաթոշակը առնվազն գնաճի չափով կինդեքսավորվի։

«Ես դա առանց մանրամասն փորձագիտական քննարկումների հայտարարեցի նկատի ունենալով, որ մենք հիմա առաջ ենք այսինքն և մենք ռեզերվ ունենք ավելի հանգիստ, առանց նյարդայնանալու մտածել։ Խնդիրը հետևյալն է որ մեր թոշակը այլևս երբեք սպառողական զամբյուղից ցածր պետք է չլինի և չի լինի։ Սա պատմական փոփոխություն է, և այդ փոփոխությունը երկու առանձնահատկություն ունի: Առաջինը, երբ դրան հասնում ես, բայց հետո երբեմն մոռանում ես, որ պետք է խնամք տանել այդ պատմական ձեռքբերման նկատմամբ, և դա էլի հետ է գլորվում դեպի իր նախնական վիճակին: Պետք է ֆիքսել և խնամք տանել, որպեսզի այդ այն, ինչ ձեռք ես բերել, դա հետագայում զարգանա»,–ասաց նա։

Քրդերը չեն ցանկանում իրենց համար պետություն ստեղծել Իրանի հաշվին

Իրանի վրա հարձակման շուրջ հիմնական թեմաներից մեկn են այն հաղորդագրությունները, որ ամերիկացիները մտադիր են հրահրել իրաքցի քրդերին՝ Իրանի դեմ ցամաքային արշավ անցկացնելու: Մինչդեռ որոշ քրդական ուժեր հայտարարել են Իրան մտնելու իրենց մտադրության մասին, քրդական հիմնական կուսակցությունները կտրականապես հերքել են, որ կմասնակցի Իրանի դեմ ամերիկա-իսրայելական արշավին։

Արևմտյան լրատվամիջոցները պնդում են, որ ամերիկացիները քրդերին առաջարկում են միջամտություն՝ սեփական պետություն ստեղծելու դիմաց, հիշեցնելով, որ քրդերը այն քիչ ազգերից են, որոնք, չնայած 30 միլիոնից ավելի բնակչությանը, չունեն սեփական պետություն: Քրդերը կենտրոնացած ապրում են Իրանի, Սիրիայի, Իրաքի և Թուրքիայի տարածքներում։

Հիշեցնենք, որ վերջին անգամ քրդական պետության մասին հիշատակվել է 1920 թվականի Սևրի պայմանագրում, բայց արդյունքում Քուրդիստանը այդպես էլ չի հայտնվել քարտեզի վրա: Մասնագետները նշում են, որ պատճառներից մեկն այն է, որ քրդերը չեն էլ ցանկանում պետություն ստեղծել՝ նախընտրելով ինքնավար ապրել այլ երկրներում: Թուրքիայում Քրդստանի աշխատավորական կուսակցության զենքը վայր դնելու համաձայնության պայմաններից մեկը՝ Թուրքիայի կազմում ինքնավար շրջանի ստեղծումն էր։

Եթե ​​քրդերը չեն ձգտում պետություն ստեղծել, ապա նրանց միջամտությունը Իրանի պատերազմին անխոհեմ կլինի։

Հատկապես այն բանից հետո, երբ Իրանը հինգշաբթի օրը հարվածեց Իրաքյան Քրդստանում որոշ քրդական ուժերի շտաբին։

«Մենք երեք հրթիռային հարված հասցրեցինք Իրաքյան Քրդստանում հեղափոխությանը դեմ հանդես եկող քրդական խմբավորումների շտաբերին», – հաղորդել է իրանական IRNA լրատվական գործակալությունը՝ հղում անելով ռազմական հայտարարությանը։

Իրաքյան Քրդստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-ի և Իսրայելի ռազմական գործողություններին, հայտարարել է նախագահ Նեչիրվան Բարզանին։

Էրբիլում գտնվող Քրդստանի տարածաշրջանային կառավարության աշխատակազմի ղեկավարի տեղակալ Ազիզ Ահմադը սոցիալական ցանցերում գրել է, որ ոչ մի իրաքցի քուրդ չի հատել Իրանի հետ սահմանը. սա բացարձակապես կեղծ տեղեկատվություն է։

Իրաքյան Քրդստանը չի մասնակցի Իրանի դեմ ԱՄՆ-Իսրայելական հակամարտությանը, հայտարարել է տարածաշրջանի փոխվարչապետ Քուբադ Թալաբանին։

Միևնույն ժամանակ, Իրանական Քրդստանի Դեմոկրատական ​​կուսակցության (PDKI) առաջնորդ Մուստաֆա Հիջրին կոչ արեց «բոլոր զինվորներին և զինծառայողներին, ովքեր ունեն խղճմտանք և ազատության ցանկություն ամբողջ Իրանում, հատկապես Քրդստանում, լքել Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի, բանակի և այս ռեժիմի զինված ուժերի կայազորները, անվտանգության բազաները և ռազմական բազաները»։

Պատերազմի սկսվելուց վեց օր առաջ Իրաքում ապաստան գտած հինգ քրդական իրանական խմբավորումներ հայտարարեցին Իրանի դեմ պայքարելու համար Իրանական Քրդստանի քաղաքական ուժերի կոալիցիայի ստեղծման մասին: Այս քրդական խմբավորումներն իրենց տրամադրության տակ ունեն հազարավոր զինվորներ Իրան-Իրաք սահմանի երկայնքով։

Իրանական քրդական աշխարհազորայիններին աջակցում են Մոսադը և ԿՀՎ-ն, ըստ երկու ամերիկացի և իսրայելցի պաշտոնյաների, ինչպես նաև իրավիճակին ծանոթ երրորդ աղբյուրի։

Պաշտոնյան նշել է, որ իսրայելցի պաշտոնյաները քրդական իրանական խմբավորումներին խոստացել են ոչ միայն ռազմական, այլև քաղաքական աջակցություն ապագայում Իրանում քրդական ինքնավար շրջանի ստեղծման համար, եթե ռեժիմը փլուզվի:

Սպիտակ տան մամուլի քարտուղար Քերոլայն Լիվիտը չորեքշաբթի օրը լրագրողներին ասել է, որ նախագահ Թրամփը չի համաձայնել քուրդ-իրանական աշխարհազորայինների կողմից ռեժիմի դեմ հարձակմանը աջակցելու որևէ ծրագրի։ ԿՀՎ-ն և Մոսադը հրաժարվել են մեկնաբանություն տալ, հաղորդում է Axios-ը։

Ռուբիոն իրանա-թուրքական հակամարտություն է հրահրում։ Սա՞ էր նախնական ծրագիրը

Իրանը հարգում է Թուրքիայի ինքնիշխանությունը և հերքում է նրա տարածքի ուղղությամբ որևէ հրթիռ արձակելու փաստը, հաղորդում է Reuters-ը՝ հղում անելով իրանական զինվորականների կողմից պետական ​​լրատվամիջոցներում հրապարակված հայտարարությանը։

Նախորդ օրը Թուրքիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել էր, որ Սիրիայի և Իրաքի վրայով թռչելուց հետո Թուրքիայի օդային տարածք ուղղվող բալիստիկ հրթիռը խափանվել է ՆԱՏՕ-ի օդային և հրթիռային պաշտպանության համակարգերի կողմից՝ արևելյան Միջերկրական ծովի վրա։

Միևնույն ժամանակ, Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը հեռախոսազրույց է ունեցել իր ամերիկացի գործընկեր Մարկո Ռուբիոյի հետ։

«Պետքարտուղարը Թուրքիայի արտաքին գործերի նախարարին ասել է, որ Թուրքիայի ինքնիշխան տարածքի վրա հարձակումները անընդունելի են և խոստացել է Միացյալ Նահանգների լիակատար աջակցությունը։ Երկու առաջնորդներն էլ վերահաստատել են իրենց երկկողմ հարաբերությունների շարունակական ամրությունը», – հայտարարության մեջ ասել է Պետդեպարտամենտի մամուլի խոսնակի տեղակալ Թոմի Պիգոթը։

Երկրի ներսում հրթիռային բեկորների ընկնելուց հետո, Թուրքիայի նախագահի աշխատակազմը հայտարարեց իր պատրաստակամության մասին՝ Իրանի շուրջ լարվածության սրման պայմաններում հակազդելու հանրապետության վրա ցանկացած հարձակման և անհրաժեշտ խորհրդակցություններ անցկացնելու ՆԱՏՕ-ի հետ։

ԱՄՆ-ի աջակցությունը Թուրքիային, կարծես, հակամարտություն է հրահրում այդ երկրի և Իրանի միջև։ Վերլուծաբանները ընդունում են, որ Իրանին հաղթելը առանց Թուրքիայի օգնության անհնար է։ Ավելին, Թուրքիան ՆԱՏՕ-ի անդամ է, և նրա վրա հարձակման դեպքում ՆԱՏՕ-ն կկիրառի իր կանոնադրության 5-րդ հոդվածը։

Թուրքիան մինչ այժմ պահպանել է սպասողական մոտեցում՝ փորձելով որոշել, թե պատերազմի կշեռքի նժարը որ ուղղությամբ է թեքվում։ Սակայն պարզ է, որ գոյատևումը միայն կամրապնդի Իրանի տարածաշրջանային դերը, այդ իսկ պատճառով Թուրքիայի համար շահավետ չի լինի «փրկել» Իրանը։

Միևնույն ժամանակ, Էրդողանը վաճառում է իր չեզոքությունը Եվրոպային՝ «խոստանալով» կանխել փախստականների նոր ալիքի մուտքը։ Եւ դա ևս ԱՄՆ շահերից է ելնում։

Ներքին գործերի և միգրացիայի հարցերով եվրահանձնակատար Մագնուս Բրունները պնդում է, որ թուրքական իշխանությունները փակել են Իրանի հետ սահմանը՝ Մերձավոր Արևելքում ստեղծված իրավիճակի պատճառով: Ավելի վաղ Politico-ն՝ հղում անելով ԵՄ պաշտոնյայի, հայտնել էր, որ ԵՄ իշխանությունները վախենում են Մերձավոր Արևելքում ստեղծված հակամարտության պատճառով նոր միգրացիոն ճգնաժամից։

Ֆիդանը նախկինում հայտնել էր, որ Թուրքիան պատրաստել է արտակարգ իրավիճակների պլաններ Իրանից հնարավոր միգրացիայի ալիքի համար՝ տարածաշրջանում լարվածության սրման պայմաններում: Միևնույն ժամանակ, Թուրքիայի ներքին գործերի նախարար Մուստաֆա Չիֆթչին չորեքշաբթի օրը հայտարարել էր, որ իրանա-թուրքական սահմանին իրավիճակը կայուն է մնում, և անհանգստության պատճառ չկա: Նրա խոսքով՝ Իրանը թույլ չի տալիս իր քաղաքացիներին մեկնել Թուրքիա, սակայն երրորդ երկրների քաղաքացիները կարող են հատել սահմանը, իսկ թուրքերին նույնպես թույլատրվում է մուտք գործել Իրան:

ԱՄՆ Սենատը դեմ է Թրամփի ռազմական լիազորությունների սահմանափակմանը

ԱՄՆ Սենատը չկարողացավ առաջ մղել Թրամփի ռազմական լիազորությունները սահմանափակող օրինագիծը։

ԱՄՆ սենատորները 47-52 ձայնով քվեարկեցին դեմոկրատների կողմից ներկայացված օրինագծի դեմ, որը կսահմանափակեր նախագահ Դոնալդ Թրամփի լիազորությունները՝ Իրանում հետագա ռազմական գործողություններ սկսելու համար՝ առանց Կոնգրեսի հաստատման։

Նախագահ Դոնալդ Թրամփը նախկինում խոստացել էր շարունակել հարձակումը Իրանի դեմ՝ հայտարարելով, որ ԱՄՆ-ն և Իսրայելը ամուր դիրքում են Իսլամական Հանրապետության դեմ պատերազմում։

Մենք չենք ասում, որ ազատագրելու ենք Արցախը

Մեր քաղաքացիների մի ստվար զանգված մեզ հարցնում է՝ ինչպես եք պաշտպանելու արցախահայերի իրավունքները, և մենք ուղիղ պատասխանում ենք, որ արցախահայերի  Արցախ հավաքական վերադարձի իրավունքը մեր օրակարգում է։ Այս մասին, այսօր՝ մարտի 4–ին, ԱԺ–ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ «Հայաստան» խմբակցության և ՀՅԴ պատգամավոր Քրիստինե Վարդանյանը։

«2021-ին, երբ Արցախը օկուպացված ու հայաթափված չէր, այլ բանի մասին էինք մենք խոսում, 2023 թվականին, երբ գործող իշխանությունների գործողությունների ուղիղ հետևանքով Արցախում հայ չի ապրում, մեր համար, մեր սրտերում, մեր հոգիներում Արցախը բնականաբար հայկական է, բայց մենք մեր քաղաքացիներին ՔՊ-ի պես խաբել չենք պատրաստվում, ոչ մենք չենք ասում, որ գալու ենք հաջորդ տարի ազատագրենք Արցախը, գալու ենք պատերազմ հրահրենք։

Մենք հիմա խոսում ենք արցախահայերի Արցախ հավաքական վերադարձի իրավունքի պաշտպանության մասին, որովհետև դա ենք իրատեսական տեսնում, դա է այս իրավիճակում իրատեսական»,–ասաց նա։