Թուրքիան և Հայաստանը Երևանում Անիի կամրջի վերականգնման մասին համաձայնագիր են ստորագրել

Թուրքիան և Հայաստանը Երևանում ԵՔՀ գագաթնաժողովի շրջանակներում ստորագրել են Հայաստանի Հանրապետության և Թուրքիայի Հանրապետության սահմանին տեղակայված պատմական Անիի (Մետաքսի ճանապարհի) կամրջի համատեղ վերականգնման աշխատանքների իրականացման արձանագրությունը։

Այս մասին գրել է Թուրքիայի փոխնախագահ Ջևդեթ Յըլմազը և հրապարակել լուսանկարներ:

Ինչո՞ւ է Մակրոնը ստանձնում «կեղտոտ գործերով գործակալի» դերը

Ուղիղ մեկ տարի անց Ֆրանսիայում տեղի կունենան նախագահական ընտրություններ, որոնց Էմանուել Մակրոնը այլևս չի կարողանա մասնակցել: Սա նշանակում է, որ մեկ տարի անց Մակրոնը կդադարի լինել Ֆրանսիայի նախագահ և հիմա կարող է իրեն թույլ տալ անել այնպիսի բաներ, որոնք չէր անի, եթե պատրաստվեր շարունակել իր քաղաքական կարիերան։

2022 թվականին Մակրոնը տհաճ պարտավորություն ստանձնեց պահպանել Հայաստանի «խորհրդային» ռուս-թուրքական սահմանները, չնայած Ֆրանսիայի խորհրդարանում ընդունված բանաձևերին, որոնք կոչ էին անում վերադառնալ 1994 թվականի իրականությանը Արցախում և իրականացնել ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պարտականությունները։ Մակրոնի և Շառլ Միշելի կողմից 2022 թվականին Ղարաբաղը որպես Ադրբեջանի մաս «ճանաչելը» (ինչպես այսօր հպարտությամբ պատմեց Նիկոլ Փաշինյանը) կանխորոշեց Արցախի հայաթափումը և բնիկ հայերի տեղահանությունը։

Այժմ, որպես «կաղ բադ», Մակրոնը ստանձնել է ևս մեկ «վատ տղայի» դեր՝ ապահովելով Նիկոլ Փաշինյանի վերընտրությունը, որպեսզի նա կարողանա ավարտին հասցնել հայկական պետականության քայքայումը՝ հրաժարվելով ՀՀ Հռչակագրից և ներկայիս Սահմանադրությունից։

Մի ժամանակ հատկապես կեղտոտ գործերով Արևմուտքի գործակալներն էին Պուտինն ու Էրդողանը։ Հիմա բոլորը հանել են իրենց սպիտակ ձեռնոցները և գործում են անմիջականորեն։

Հիշեցնենք, որ Էմանուել Մակրոնը, ելույթ ունենալով Հայաստանի մայրաքաղաքում Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում, հայտարարել է. «Եկեք անկեղծ լինենք. ութ տարի առաջ ոչ ոք այստեղ չէր գա: Ութ տարի առաջ այս երկիրը բանակցությունների սեղանի շուրջ համարվում էր Ռուսաստանի փաստացի արբանյակ: Այն փաստը, որ այսօր մենք տեսնում ենք այդքան շատ առաջին այցելություններ ձեր երկիր, շատ խոսուն է»:

Ֆրանսիայի առաջնորդը շեշտեց, որ նախկինում շատերի կողմից Հայաստանը ընկալվում էր որպես Ռուսաստանի փաստացի դաշնակից, բայց «Թավշյա հեղափոխությունից» հետո երկրի կուրսը փոխվեց:

Նա նշեց վարչապետ Նիկոլ Փաշինյանի դերը, ով, ըստ նրա, վերաուղղորդեց երկիրը՝ առաջնահերթություն տալով խաղաղությանը և եվրոպական ինտեգրացիային:

«Ուկրաինայում տեղի ունեցած իրադարձությունները, Հայաստանի ռազմավարությունը, Մոլդովայում և այլ երկրներում տեղի ունեցող զարգացումները ցույց են տալիս, որ մենք՝ եվրոպացիներս, վերջին տարիներին ընտրել ենք զարթոնքն ու միասնությունը», – նշել է նա:

Ինչպես վերջերս նշեց Լևոն Տեր-Պետրոսյանը, ինձ հետաքրքիր չէ նախընտրական աղմուկը, ես վախենում եմ, թե ինչ կլինի ընտրություններից հետո։

Ի՞նչ սցենար է Ֆրանսիան կանխատեսում Հայաստանի համար, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի։ Եվ որտե՞ղ կլինի Մակրոնը մեկ տարի անց։ Այնտե՞ղ, որտեղ Շառլ Միշելն է, որը վերջերս «խաղաղության մրցանակ» հանձնեց Փաշինյանին և Ալիևին արաբական մի հիմնադրամի անունից։

Մակրոնի երկրորդ այցը Երևան՝ նախագահի պաշտոնը թողելուց 1 տարի առաջ հրաժեշտի ավանդական տեսք ունի (առաջին այցելությունը տեղի է ունեցել 2018 թվականին)։ Ժակ Շիրակը, որը նախագահ էր 1995-ից 2007 թվականներին, այցելել է Հայաստան 2006 թվականին՝ իր ժամկետի ավարտին։ Նիկոլա Սարկոզին, որը նախագահ էր 2007-ից 2012 թվականներին, կրկին ժամանել է Հայաստան 2011 թվականին՝ իր ժամկետի ավարտից մեկ տարի առաջ։ Ֆրանսուա Օլանդը, որը նախագահ էր 2012-ից 2017 թվականներին, խախտեց ավանդույթը և երկու անգամ՝ 2014 և 2015 թվականներին, այցելել է Հայաստան։

Սթարմերին ասեք, որ Արցախում էլ ես զգում պատմությունը

Այստեղ գտնվելն իսկապես ֆանտաստիկ է․ դու իսկապես զգում ես պատմությունը, մշակույթը, ջերմ ընդունելությունն ու հյուրընկալությունը։ Այս մասին մայիսի 4-ին Երևանում անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում հայտարարել է Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը։

Սթարմերը, հիշելով Ուկրաինայի և Իրանի պատերազմների մասին, չի հիշատակել 2020-2023 թ․ արցախյան պատերազմը, որի համար Ալիևի անպատժելիությունը հիմք հանդիսացավ այլ “ուժային լուծումներին”։

Նրան ոչ ոք չհիշեցրեց Արցախի հնությունը և պատմությունը, այն, որ հենց այսօր այդ բիբլիական հողում, որտեղ պահպանվում են սրբերի մասունքները, եկեղեցիներ են քանդվում։

Արցախի ԱԺ պատվիրակությունը քննարկումներ է անցկացրել Շվեյցարիայում

Արցախի Հանրապետության Ազգային ժողով

Արցախի պատվիրակությունը Շվեյցարիայում քննարկել է հայ գերիների վերադարձի և արցախցիների իրավունքների պաշտպանության հարցերը

Սույն թվականի ապրիլի 29-ից մայիսի 1-ը Արցախի պատվիրակությունը՝ Արցախի Հանրապետության Ազգային ժողովի նախագահ Աշոտ Դանիելյանի գլխավորությամբ, աշխատանքային այցով գտնվում էր Շվեյցարիայում, որտեղ ունեցել է մի շարք հանդիպումներ։ Քննարկումների առանցքում են եղել Ադրբեջանում ապօրինաբար պահվող հայ ռազմագերիների և պատանդների անհապաղ ազատ արձակման, ինչպես նաև Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների, մասնավորապես վերադարձի իրավունքի ապահովման հարցերը։

Ապրիլի 30-ին Շվեյցարիայի դաշնային խորհրդարանում կայացել է Արցախին նվիրված միջոցառում, որին ներկա են եղել Շվեյցարիայի խորհրդարանականներ, հրավիրված փորձագետներ և հայկական համայնքի ներկայացուցիչներ։

Միջոցառմանը մասնակցել են նաև «Քրիստոնեական միջազգային համերաշխություն» (CSI) կազմակերպության ներկայացուցիչները։ Հանդիպման ընթացքում ելույթներով հանդես են եկել Արցախի ԱԺ նախագահ Ա․ Դանիելյանը, պատվիրակության անդամներ՝ Արցախի մշակույթի նախկին նախարար, Արցախի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը և Արցախի ԱԳ նախկին փոխնախարար, միևնույն ժամանակ՝ Արցախի ժողովրդի հիմնարար իրավունքների պաշտպանության հանձնախմբի անդամ Արմինե Ալեքսանյանը։ Հանդիպմանը ներկա էին նաև Արցախի ԱԺ-ի կողմից ստեղծված նույն հանձնախմբի անդամներ Մարիո Նալբանդյանը և Գառնիկ Քերքոնյանը։

Իր ելույթում Աշոտ Դանիելյանը երախտագիտություն է հայտնել շվեյցարացի խորհրդարանականներին՝ նրանց նախաձեռնողականության համար և ընդգծել.

«Թույլ տվեք Արցախի Հանրապետության Ազգային ժողովի և մեր ժողովրդի անունից շնորհակալություն հայտնել ձեզ, ինչպես նաև Ֆրանսիայի, Նիդեռլանդների, Բելգիայի ու Եվրոպական միության խորհրդարանների մեր բոլոր այն գործընկերներին, ովքեր, ընդունելով Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանությանն ուղղված բանաձևեր, աշխարհաքաղաքական այս խիստ սրված ժամանակաշրջանում վերահաստատում են իրենց նվիրվածությունը եվրոպական արժեքներին և միջազգային իրավունքի սկզբունքներին։ Դա մեր ժողովրդին ուժ է տալիս դիմակայելու այն անսահման տառապանքներին, որոնք հետևանք են Թուրքիայի անթաքույց ռազմաքաղաքական աջակցությամբ Ադրբեջանի իրականացրած 2020 թվականի ռազմական ագրեսիայի, մարդկության դեմ ուղղված հանցագործությունների, իսկ 2023 թվականին՝ նոր ագրեսիայի միջոցով իրականացված էթնիկ զտումների և ցեղասպանական գործողությունների»։

Լեռնիկ Հովհաննիսյանն իր խոսքում անդրադարձել է Արցախի հայկական մշակութային և հոգևոր ժառանգության խաթարմանն ու ոչնչացմանը՝ որպես շարունակվող մշակութային ցեղասպանության օրինակ մատնանշելով Ադրբեջանի կողմից վերջերս Ստեփանակերտում հիմնահատակ ավերված երկու եկեղեցիները։ Նա այդ գործողությունը որակել է որպես քրիստոնեության դեմ ուղղված ծանրագույն ոճրագործություն։

Արմինե Ալեքսանյանն իր հերթին ընդգծել է, որ պատահական չէ Լեռնային Ղարաբաղի խաղաղության նախաձեռնության ընդունումը հենց Շվեյցարիայում, ինչը նպատակ ուներ հարթակ ստեղծել երկխոսության և իրական խաղաղության հասնելու համար։ «Շվեյցարիան՝ որպես չեզոք և խաղաղասեր երկիր, լավագույնս է գիտակցում, որ Արցախի հիմնախնդիրը, աշխարհաքաղաքական լինելուց բացի, նախևառաջ մարդկային իրականություն է և մարդու իրավունքների հարց, որը պահանջում է հստակություն, պատասխանատվություն և սկզբունքային քայլեր։ Լռությունն ու անորոշությունը կարող են ապագա անկայունության պատճառ դառնալ», – նշել է Ալեքսանյանը։

Շվեյցարացի խորհրդարանականները, որոնց թվում էին պատգամավորներ Էրիխ Ֆոնտոբելը և Շտեֆան Մյուլլեր-Ալտերմատը, խստորեն դատապարտելով Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները, հավաստիացրել են, որ շարունակելու են հետամուտ լինել խնդրի արդարացի լուծմանն ուղղված աշխատանքներին։

Ամփոփելով հանդիպումը՝ Ա․ Դանիելյանն արձանագրել է.

«Ժամանակ առ ժամանակ հնչում են կարծիքներ, թե իբր Արցախի հարցը փակված է, և խաղաղություն է հաստատվել։ Մենք հայտարարում ենք, որ Արցախի հարցը փակված չէ և գտնվում է միջազգային հարաբերությունների օրակարգում այնքան ժամանակ, քանի դեռ արցախցիները չեն վերադարձել իրենց հայրենի օջախներ, իսկ խնդիրը չի ստացել լուծում՝ միջազգային իրավունքի հիման վրա։ Սա են հաստատում նաև այն բանաձևերը, որոնք ընդունվում են տարբեր երկրների և եվրոպական կառույցների կողմից»։
Շուրջ երեք ժամ տևած հանդիպման ավարտին կողմերը գոհունակություն են հայտնել կառուցողական քննարկման և փոխանակված տեսակետների կապակցությամբ՝ հավաստիացնելով, որ այսուհետ ևս կշարունակվի խորհրդարանական ձևաչափով համագործակցությունն ու փոխայցելությունները։

Փաշինյանը “մեղադրեց” Եվրամիությանը և չհիշեց Պուտինի հետ նոյեմբերի 9-ի հայտարարությունը

2022 թվականին Պրահայում կայացած Եվրոպական քաղաքական համայնքի 1-ին գագաթնաժողովի շրջանակում, Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի նախաձեռնությամբ, կազմակերպվել էր քառակողմ հանդիպում, և հենց այնտեղ Հայաստանը և Ադրբեջանը ճանաչեցին միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը՝ 1991 թվականի Ալմա-Աթայի հռչակագրի հիման վրա։ Այդ մասին մայիսի 4-ին Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի լիագումար նիստի ընթացքում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նա հավելել է, որ այդ համաձայնությունը ստեղծեց իրական հնարավորություն 2025 թվականի օգոստոսյան Վաշինգտոնի խաղաղության գագաթնաժողովին, Դոնալդ Թրամփի աջակցությամբ և մասնակցությամբ, ստորագրել խաղաղության հռչակագիր։

Նիկոլ Փաշինյանը չհիշատակեց ավելի “հին” հիմքը՝ 2020 թ․ նոյեմբերի 9-ի Պուտինի, Փաշինյանի և Ալիևի հայտարարությունը, որը և սկիզբ է դրել Արցախի ինքնորոշումից հրաժարվելու, Արցախ ռուսական զորքեր մտցնելու, 120 հազ․ մարդու բռնի տեղահանելու “խաղաղ լուծմանը”։

Չհիշատակելով Պուտինի հետ համատեղ հայտարարությունը, Փաշինյանը Արցախն հանձնելու մեղքը հանում է Ռուսաստանից և դնում Եվրոպայի վրա։  

Եվրապարլամենտի նախագահը Երևանից հակադարձել է Ալիևին

Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան Երեւանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովում արձագանքեց Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի ելույթին։

«Եվրոպական խորհրդարանն ուղղակիորեն ընտրված ներկայացուցիչներով ժողովրդավարական մարմին է, որի բանաձեւերն ընդունվում են մեծամասնության միջոցով։ Եվ դրա արդյունքները գուցե անհարամրություն են ստեղծում շատերի համար, բայց մենք երբեւէ չենք փոխում մեր աշխատակարգը եւ մեր դիրքրոշումները, որոնք որդեգրում ենք»,- ասաց նա։

Ալիևը բողոքել է Եվրոպական խորհրդարանի 14 հայամետ բանաձևերից

Ալիևը, դիմելով եվրոպացի առաջնորդներին, կրկին քննադատեց Եվրախորհրդարանին ու Եվրոպայի խորհրդին՝ «հայամետ բանաձևերի» ու «սադրիչ քայլերի համար»։

Բաքվից տեսակապով միանալով Երևանում մեկնարկած Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին, Ալիևը պնդեց, թե այդ կառույցները «թիրախավորում են Ադրբեջանը՝ տարածելով զրպարտանք և սուտ»։

«Ղարաբաղյան երկրորդ պատերազմից՝ 2021-ից մինչև 2026-ը, Եվրոպական խորհրդարանն ընդունել է 14 բանաձև, որոնք շատ վիրավորական կերպով ստում են Ադրբեջանի մասին։ Վերջինը՝ այս գագաթնաժողովից ընդամենը 4 օր առաջ»,-հայտարարել է Ալիևը, պնդելով, թե դրա փոխարեն եվրոպացի պատգամավորները պետք է անդրադառնան եվրոպական ընտանիքի «հիմնարար խնդիրներին՝ միգրացիա, իսլամաֆոբիա, մրցունակության բացակայություն»։

Հայ գերիների ընտանիքները նամակով դիմել են Կանադայի վարչապետին

Ադրբեջանում պահվող հայ գերիների ընտանիքները դիմել են Կանադայի վարչապետ Մարկ Քարնիին՝ իրենց հարազատների ազատ արձակումը խթանելու համար։

Կանադայի վարչապետ Մարկ Քարնին մայիսի 3-ին ժամանել է Երևան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին։

«Մենք գրում ենք՝ ձեր ուշադրությունը հրավիրելու հրատապ մարդասիրական խնդրի վրա՝ մեր հարազատների՝ 19 հայ բանտարկյալների շարունակական կամայական կալանքի վրա, որոնք ներկայումս պահվում են Ադրբեջանում։ Չնայած միջազգային մարմինների, այդ թվում՝ Եվրոպական խորհրդարանի կողմից նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման վերաբերյալ բազմիցս կոչերին, Ադրբեջանը շարունակում է անօրինական կերպով կալանավորել նրանց՝ երկարաձգելով նրանց ընտանիքների տառապանքները և խաթարելով խաղաղության գործընթացի նկատմամբ վստահությունը», – ասվում է «Free Armenian Prisoners» կայքում հրապարակված նամակում։

Նամակի հեղինակները նշել են, որ Կանադան՝ ստեղծելով պատանդների Ավագ սպայի պաշտոնը և առաջնորդելով միջպետական ​​հարաբերություններում կամայական կալանքի դեմ հռչակագրի ընդունումը, հաստատել է, որ անհատները չպետք է օգտագործվեն որպես պետությունների միջև քաղաքական ճնշման գործիքներ։

«Մեր հարազատների իրավիճակը ուղղակիորեն համապատասխանում է այս պարտավորությունների ոգուն և նպատակին։ Մեր մտահոգությունն ավելի է սրվում կալանքի պայմանների և միջազգային մարմինների կողմից փաստաթղթավորված մարդու իրավունքների լուրջ խախտումների պատճառով։ Նրանց դատավարությունները լայնորեն քննադատվել են որպես արդար դատավարության երաշխիքներին անհամատեղելի», – նշել են գերիների հարազատները։

Նրանք նշել են, որ Ադրբեջանի պաշտոնյաները հայտարարություններ են արել, որոնք ցույց են տալիս, որ նրանք մտադիր չեն ազատ արձակել Լեռնային Ղարաբաղի նախկին պաշտոնյաներին։

«Կարմիր խաչի միջազգային կոմիտեի Ադրբեջանում ֆիզիկական ներկայության դադարեցումը մեր ընտանիքներին զրկել է մեր սիրելիների առողջության և բարեկեցության վերաբերյալ կանոնավոր և անկախ թարմացումներ ստանալու հնարավորությունից», – նշվում է նամակում։

Գերիների ընտանիքները խնդրել են Կանադայի պատանդների հարցերով ավագ սպային զբաղվել Բաքվում պահվող հայ գերիների խնդրով և աջակցել նրանց անհապաղ և անվերապահ ազատ արձակման ջանքերին։

«Մենք նաև խնդրում ենք Կանադային օգտագործել իր ձայնը, դիվանագիտական ​​ուղիները և գործընկերությունը, այդ թվում՝ Եվրամիության, Միացյալ Նահանգների և կամայական կալանքի դեմ հռչակագրի այլ ստորագրողների հետ՝ Ադրբեջանի վրա սկզբունքային ճնշումը համակարգելու համար», – նշվում է նամակում։

Նրանք ընդգծեցին, որ Ադրբեջանի խաղաղության պարտավորությունները չեն կարող հավաստի լինել հայ հասարակության համար, քանի դեռ հայ գերիները մնում են գերության մեջ։ Նրանք նաև կոչ արեցին Քարնիին հանդիպել իրենց հետ, անմիջականորեն լսել նրանց մտահոգությունները և բարձրացնել հայ գերիների հարցը միջազգային առաջնորդների հետ բանակցություններում։

«Նրանց ազատ արձակումը և հայրենադարձությունը կարևոր են ցանկացած իրական խաղաղ գործընթացի համար և ներկայացնում են վստահության ամրապնդման կարևոր միջոց», – նշեցին կոչի հեղինակները՝ վստահություն հայտնելով, որ Կանադան կարող է հիմնարար և կառուցողական դեր խաղալ գերիների ընտանիքների տառապանքները դադարեցնելու գործում։

Պետք է գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել

«Երբ արցախցիների վերադրաձի իրավունքի մասին ենք խոսում, բնականաբար, պետք է առաջին հերթին գնահատականներ հնչեն, թե Արցախի ժողովրդի հանդեպ ինչ հանցագործություններ են տեղի ունեցել։ Դրանից հետո նոր կարող ենք խոսել, թե վերադարձն ինչպիսին կարող է լինել, որպեսզի երաշխավորենք նոր հանցագործությունների կանխումը»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց հայտարարեց Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը։

Նրա խոսքով՝ եվրոպացի առաջնորդները գիտեն, որ արցախցիների նկատմամբ տեղի է ունեցել զանգվածային ոճրագործություններ։

«Քաղաքական գործիչների եւ մասնագետների մի մասն ասում են՝ ցեղասպանություն, մյուս մասը՝ էթնիկ զտում, պարզապես ցեղասպանության իրավական գնահատականից խուսափելու համար, ոչ ավելին։ Բայց նույնիսկ եթե քննարկվում է, թե արդյոք սա ցեղասպանություն է, թե՞ մարդկության դեմ հանցագործություն, էությունը չի փոխվում՝ ոչ պատասխանատվության տեսանկյունից, ոչ էլ իրավունքների վերականգնման, լուծումների տեսանկունից։

Եվ այս առումով ես կուզեմ հիշեցնել, որ մեր վերադարձի իրավունքը ոչ միայն ապրիորի է՝ բխելով միջազգային իրավունքի տարբեր փաստաթղթերից, այլ նաեւ կոնկրետ է՝ բխելով ՄԱԿ-ի Արդարդատության միջազգային դատարանի հրամանից՝ 2023 թվականի նոյեմբերի 17, բխելով ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի 40 երկրների համատեղ հայտարարությունից՝ 2023 թվականի հոկտեմբերի 11, որի տակ կան Երեւանում հիմա գտնվող առաջնորդների ներկայացրած բազմաթիվ պետությունների ստորագրություններ։ Նրանք բոլորն այս փաստաթղթերով արձանագրել են, որ ԼՂ բռնի տեղահանված բնակիչները պետք է հնարավորություն ունենան արժանապատիվ, անվտանգ, ապահով եւ անհապաղ, անխոչընդոտ վերադարձի։

Հիմա մենք հայտարարում ենք, որ 2,5 տարի է՝ Արցախի ժողովուրդը ցանկանում է վերադառնալ մեր հայրենիք՝ անվտանգ, արժանապատիվ պայմաններով, միջազգային երաշխիքների ներքո։ Ոչ ոք չի ապահովում այդ պայմանները, ոչ ոք Արդարադատության միջազգային դատարանի հրամանը չի կատարում եւ որեւէ երկխոսության միջազգային մեխանիզմ չի ներդնում։ Ավելին, բոլորն անտեսում են մեր դիմումները, ընդհուպ մինչեւ ՀՀ վարչապետի պաշտոնը զբաղեցնող անձը մեզ հորդորում է մոռանալ մեր վերադարձի իրավունքը։ Հենց այն վարչապետը, որն ստորագրել է Արդարադատության միջազգային դատարանին ուղղված դիմումը, որի հիման վրա էլ հրաման էլ ընդունվել։ Հետեւաբար, մենք այստեղ ենք՝ ասելու, որ անկախ Հայաստանի Հանրապետության որեւէ իշխանության դիրքորոշումից, Արցախի ժողովուրդն ունի վերադարձի իրավունք եւ վերադարձի ցանկություն»,- ասաց նա։

Իսկ միջազգային հանրությունը, Արտակ Բեգլարյանի խոսքով, ունի պարտավորություն՝ ապահովելու արցախցիների վերադարձի իրավունքը։

«Ավելին, եթե դուք ցանկանում եք խաղաղություն տարածաշրջանում, ապա մեր վերադարձի իրավունքը եւ մեր մնացած բոլոր իրավունքները՝ գերիների, պատանդների վերադարձ, մշակութային ժառանգության, մասնավոր ու հանրային սեփականության պաշտպանություն, բոլոր բոլորը պետք է հարգվեն ու վերականգնվեն։ Այլապես տարածաշրջանում խաղաղություն չի լինելու, եւ ալիեւյան ցեղասպանական ռեժիմը շարունակելու է նորանոր հանցագործությունները հայ ժողովրդի, ՀՀ եւ մարդկության դեմ»,- հայտարարց Բեգլարյանը։

ԱՄՆ-ը Հորմուզի նեղուցում մեկնարկում է «Ազատություն» նախագիծը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Truth Social-ում հայտարարել է, որ Միացյալ Նահանգները կապահովի ուղեկցորդներ Պարսից ծոցում Հորմուզի նեղուցի շրջափակման պատճառով խցանված առևտրային նավերի համար։

«Եթե այս մարդասիրական գործընթացը որևէ կերպ խոչընդոտվի, ապա, ցավոք, այդ միջամտությանը պետք է հակազդվի ուժով», – հավելել է նա։

Թրամփը ուղեկցորդներին անվանել է «Ազատության նախագիծ», և դրա իրականացումը կսկսվի երկուշաբթի՝ մայիսի 4-ի առավոտյան։

Դուք էիք ասում, որ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղը զավթված ՀՀ-ի կողմից

«Մենք 38 տարուց ավելի է՝ պայքարում ենք արդարության համար եւ պայքարում ենք, որ Եվրամիությունը չմոռանա իր առաքելությունը։ Իր առաքելությունը բոլորովին այս խայտառակության քողարկումը չէ։ Ամոթ ձեզ, որ դուք կորցնում եք բոլոր այն արժեքները, որին մենք հավատացել ենք եւ որին ծառայել ենք»,- Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ Երեւանում անցկացվող բողոքի ակցիայի ժամանակ ասաց իրավապաշտպան Լարսիա Ալավերդյանը։

«Մենք այսօր էլ ենք հավատում, որ չկա այլ ճանապարհ՝ լինի դա խաղաղության, լինի դա արդարության, քան միայն ու միայն իրավական ճանապարհով ցանկացած բարդ խնդրի լուծումը»,- ասաց նա։

Լարիսա Ալավերդյանը դիմեց եվրոպացի պաշտոնյաներին․ «Այդ ի՞նչ է եղել ձեզ՝ մինչեւ 2014 թվականը դուք պնդում էիք, եւ կային որոշումներ, որ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության տարածքը որեւէ առումով չի համարվում զավթված Հայաստանի կողմից, այլ հակառակը, հենց դուք էիք ճանաչում, որ ԼՂՀ բնակիչների մեծ մասը, եթե ոչ բոլորը հանդիսանում են ՀՀ քաղաքացի, ոչ թե ճամփորդական փաստաթղթերի կրող։ Եվ դա տեղի է ունեցել բացեիբաց, այն ժամանակ, երբ քննարկվում էր մի հարց, որը վերաբերում էր Ռուսաստանին, որի նկատմամբ ընդունվում էր որոշում, որ զավթել եւ օկուպացրել է Վրաստանի տարածքները։ Ադրբեջանի ներկայացուցչի հարցին, թե ինչո՞ւ նույն բանը չեք ընդունում Հայաստանի Հանրապետության հանդեպ, Բրիտանիայի ներկայացուցիչ պատգամավորը հստակ պատասխանել էր՝ ԵՄ-ն երբեք չի համարել Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը զավթված կամ օկուպացված Հայաստանի Հանրապետության կողմից։ Դա 2009 թիվն էր, այդ ի՞նչ է պատահել ձեզ բոլորիդ, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին հանկարծ ի՞նչ իրավունքով է հայտարարվում, թե ԼՂ-ն պատկանում է Ադրբեջանին։ Ամոթ ձեզ, դուք ի՞նչ է, չգիտե՞ք պատմությունը, չգիտե՞ք միջազգաին իրավունքը»։

 

Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը․ Արտակ Բեգլարյան

Երեւանում այսօր անցկացվող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին զուգահեռ արցախցիները բողոքի ակցիա են իրականացնում։

Ակցիայի մասնակցիները «Արցախը Հայաստան է», «Ազատություն հայ գերիներին» եւ այլ կարգախոսներով միջազգային հանրությունից պահանջում են քայլեր ձեռնարկել արցախցիների իրավունքների պաշտպանության, հայ գերիների ազատության, Արցախի մշակութային ժառանգության պահպանության հարցերում։

Արցախի նախկին ՄԻՊ, նախկին պետնախարար Արտակ Բեգլարյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ հավաքվել են պահանջներ ներկայացնելու։ «Իրականությունն այսպիսին է՝ մինչ գործող իշխանությունները խոսում են ժողովրդավարության մասին, ժողովրդավարության սկզբունքները ոտնահարվում են՝ քաղբանտարկյալներ, բռնաճնշուներ, ատելության խոսք, եկեղեցու դեմ ոտնձգություններ։ Եվ մինչ նրանք խոսում են խաղաղության ու արցախցիների իրավունքների պաշտպանության մասին, իրականությունն այնպիսին է, որ մեր բոլոր իրավունքները ոտնահարվում են, ոտնահարված են, եւ իշխանություններն էլ դրա հեղինակներն են կամ աջակցում են ադրբեջանական խախտումներին։ Մեր պահանջն այն է, որ պաշտաճ ուշադրության կենտրոնում պահեն այդ խնդիրները՝ առնվազն տեղյակ լինեն, թե ինչ է կատավում։ Մեր պահանջն է, որ արցախցիների իրավունքները հնարավորինս պաշտպանվեն, գերիների վերադարձ, մշակության ժառանգության ու մեր մասնավոր սեփականության պաշտպանություն, վերջին հաշվով՝ Արցախի ժողովրդի վերադարձ։ Այս բոլոր հարցրեը մենք պետք է բարձրաձայնենք»,- ասաց նա։

Արտակ Բեգլարյանը նշեց, որ չի ակնկալում, որ մեկ ակցիայով հասնելու են որեւէ հաջողության, բայց պետք է լինել հետեւողական, նաեւ այսպիսի հնարավորություններն օգտագործել։ Արտակ Բեգլարյանն ասաց, որ Ֆրանսիայի օգնությամբ որոշակի հաջողություններ աձանագրելու հնարավորություններ կան, բայց գլխավոր խնդիրը Հայաստանի Հանրապետության իշխանություններն են։

«Քանի դեռ ՀՀ-ն՝ ի դեմս այս իշխանությունների, բոլոր ձեւերով ոտնահարում է մեր իրավունքները, բնականաբար, ոչ մի այլ երկիր, ընդհուպ Ֆրանսիան, ավելին չեն անելու, քան ՀՀ-ն պետք է անի արցախցիների իրավունքների պաշտպանության հարցում։ Էլ չասեմ, որ ժողովրդավարության սկզբունքների խախտումները հենց Հայաստանի իշխանություններն են անում։ Հետեւաբար, մեր գլխավոր պատկերացումն այն է, որ այս բոլոր ակցիաներով, ջանքերով մենք նաեւ ՀՀ քաղաքացիներին էլ ենք այդ ուղերձը տալիս, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը։ Իսկ եվրոպացի առաջնորդներին ուղղակի ուզում ենք ցույց տալ այն իրականույությունը, որն առկա է եւ հնարավորինս նվազեցնելու նրանց աջակցությունը Նիկոլ Փաշինյանին։ Ակնհայտ է, որ նրանք Փաշինյանին աջակցում են երկու հարցում էլ՝ թե ներքին բռնաճնշումների հարցում՝ առնվազն աչք են փակում, թե Արցախի ժողովրդի իրավունքների խախտումների ու մեր դեմ տեղի ունեցած միջազգային հանցագործությունների լեգիտիմացման հարցում։ Մենք գլխավոր մեսիջն այն է, որ մենք չենք հանդուրժում այս իրավիճակը»,- նշեց նա։