Իրանը համաձայնել է սառեցնել ուրանի հարստացման ծրագիրը, Թրամփը հրաժարվեց

ԱՄՆ նախագահը ստիպված կլինի ընտրություն կատարել «անիրագործելի ռազմական գործողության» և Թեհրանի հետ «վատ գործարքի» միջև, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Թեհրանը ներկայացրել է 14 կետից բաղկացած առաջարկ, որը Թրամփը հայտարարել է, որ շուտով կքննարկի։

«Ալ Ջազիրան» բացահայտել է Իրանի՝ ԱՄՆ-ի հետ պատերազմը երեք փուլով ավարտելու ծրագիրը։

Թեհրանը առաջարկել է, որ Վաշինգտոնը նախևառաջ կնքի երկարաժամկետ խաղաղություն և բացի Հորմուզի նեղուցը։ Իրանը նաև համաձայնել է մինչև 15 տարի սառեցնել ուրանի հարստացումը, բայց հրաժարվել է ոչնչացնել իր միջուկային օբյեկտները։

Միացյալ Նահանգները մերժեց Իրանի առաջարկը՝ դադարեցնելու հակամարտությունը։ Նախագահ Դոնալդ Թրամփն ասաց, որ առաջարկը «անընդունելի» է։

Արցախցիներին ասում են՝ ուրախ եղիր, որ քո հայրենազրկման արդյունքում դու ազատություն ես ձեռք բերել

«Ի՞նչ են զգում արցախցիներն այսպես կոչված խաղաղության գործընթացի մասին խոսելիս՝ առաջինը միանշանակ դավաճանվածությունն է։ Դավաճանություն ոչ թե իր հայրենիքում ապրելու ցանկությամբ պայքարած ժողովրդի նկատմամբ, այլ առաջին հերթին մարդու իրավունքների, ժողովրդավարության եւ համամարդկային արժեքների նկատմամբ, որի մասին այս օրերին Մարզահամերգային համալիրի շենքում եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովում շատ-շատ է խոսվելու եւ փառաբանվելու է այն խաղաղությունը, որն ըստ էության ոչ թե արդարության կամ համամարդկայի արժեքների վրա հիմնված արդարություն է, այլ՝ էթնիկ ցտման, ցեղասպանության, մշակութային արժեքների ոչնչացման ամրագրում է»,- այսօր Հայաստանի ժուռնալիստների միության կազմակերպած «Հայաստանի ձայները/Voices of Armenia» կոնֆերանսի ժամանակ ասաց Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

«Արցախցիներին այսօր ասվում է՝ մոռացիր այն, ինչ եղել է, թե որտեղից ես եկել, ինչ կյանքով ես ապրել եւ հանկարծ չխոսես վերադարձի իրավունքի մասին, որովհետեւ դու դրանով խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Եվ երբ փորձում ես հակադրվել դրան, հնչում են մեղադրանքներ։ Սրանից մի քայլ այն կողմ են գնում, ասում են՝ այդ 30 տարին, որ դու ապրել ես Արցախում, դա ոչ թե երջանիկ կյանք էր, այլ քաղաքական պատանդառություն էր, եւ դու պարզապես չես հասկացել դա։ Այսինքն՝ այն երջանիկ, հպարտ ու արժանապատիվ կյանքը, որը դու ունեցել ես, դա պատանդառություն էր, եւ ուրախ եղիր, որ քո հայրենազրկման, քո հայրենիքի կործանման արդյունքում դու ազատություն ես ձեռք բերել։ Ապրիր, վայելիր այդ ձեռք բերած ազատությունը եւ հանկարծ չմտածես խոսել վերադարձի մասին, որովհետեւ դու խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Երբ խոսում ես վերադարձի մասին, ասում են՝ դրանով դու վտանգում ես մայր հայրենիքի անվտանգությունը։ Եվ այս մանիպուլյացիաներով քեզ լռեցնում են կամ փորձում են լռեցնել»,- հավելեց նա։

Գեղամ Ստեփանյանն ասաց, որ այս «խաղաղությունը» ունի պղծված եղեկեցիների եւ գերեզմանների, անտեր մնացած տների, ոչնչացվող գույքի տեսք։ Եվ ստեղծվել է մի իրավիճակ, որ արցախցիներն իրավունք չունենք խոսել այն մասին, որ իրենց հոգեւոր ժառանգությունը ոչնչացվում է, որովհետեւ դրանով էլի խանգարելու «խաղաղության» գործընթացին։ «Ոչ միայն պետք չէ խոսել, այլ հակառակը՝ ամեն գնով իշխանության մակարդակով արդարացվում է։ Վերջին օրինակը Ստեփանակերտի մայր տաճարի ոչնչացման արդարացումն էր՝ Արծվաշենի հետ բերված մանիպուլյատիվ եւ կեղծ անալոգիայի միջոցով»,- նշեց նա։

«Ասում ես՝ լավ, գոնե իմ իրավունքները պետք է միջազգային ատյաններում, հատկապես միջազգային դատական ատյաններում պաշտպանվեն։ Ասում են՝ ոչ, նախաստորագրված փաստաթուղթն ասում է, որ հետ պետք է կանչվեն այդ հայցերը, եւ որեւէ պահանջ չպետք է ներկայացվի։ Հետեւաբար, դու նաեւ դրա մասին չպետք է խոսես, որովհետեւ դրանով էլի խանգարում ես նորին մեծություն խաղաղությանը։ Խոսում ես արցախցիների սոցիալական իրավունքների մասին, ասում են՝ Ղարաբաղյան կլանը գլուխ է բարձրացնում։ Միջազգային իրավունքում կա փախստականի կամ տեղահանվածի համար առաջին ապահով երկիր ասվածը։ Եվ այդ առաջին ապահով երկիրը ոչ թե սոցիալական կամ այլ ապահովության մասին է, այլ առաջին հերթին փախստականին հոգեական ապահովություն է պետք, չթիրախավորել է պետք։ Եվ այսօր ես սխալված չեմ լինի, եթե ասեմ, որ Հայաստանում ամենաթիրախավորվածն արցախցիներն են։ Արցախի մասին ցանկացած խոսքը թիրախավորվում է, վերադարձը թիրախավորվում է՝ փախածներ, մնայիք կռվեիք, 30 տարի պահեցինք, Արցախը բեռ էր, հազիվ պրծանք։ Մանիպուլյատիվ թեզեր, որոնք պետության վերեւից ներքեւ իրականացվող քաղաքականություն է, որի ամենավառ օրինակը մեզ բոլորիս հայտնի մետրոյի դեպքն է, որը պարզապես բացահայտեց, թե որտեղից է այդ ատելությունը, ով է կանգնած այս բուրգի գագաթնակետին եւ ինչ նպատակով է այդ ամեն արվում»,- ասաց նա։

Ստեփանյանը նաեւ նշեց, որ Հայաստան այցելած եվրոպական պաշտոնյաներին ուզում է հարցնել, թե իրենցից ո՞ր մեկը կուզենար, որ իր երկրի նկատմամբ այսպիսի խաղաղություն կիրառվեր։ Երբ իրենք այս հարցին պատասխանեն, այն ժամանակ այդ երեսպաշտությունը ջրի երես դուրս կգա։

«Բայց ես չեմ եկեղ բողոքելու, այլ եկել եմ ասելու, որ այդ մթնոլորտը ոչ մեր հիշողությունն է ջնջնելու, ոչ մեր խոսքն է լռեցնելու եւ ոչ էլ վերադարձի իրավունքն է սպանելու մեր մեջ։ Այլ հակառակը՝ այդ անարդարությունը մեզ մղելու է անընդհատ պայքարելու արդարության համար, եւ ի վերջո մի օր երեւի լինելու է այդ արդարությունը։ Եվ այն ժամանակ միգուցե կարող ենք խոսել այլեւս իրական խաղաղության մասին»,- հավելեց նա։

Հայաստան են ժամանել Անտոնիու Կոշտան, Ուրսուլա ֆոն դեր Լայենը եւ Ռոբերտա Մեցոլան

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան են ժամանել Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտան, Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը և Եվրոպական խորհրդարանի նախագահ Ռոբերտա Մեցոլան:

Կանադայի և Հունաստանի ղեկավարները այցելեցին Ծիծեռնակաբերդ

Հայաստան ժամանած Կանադայի վարչապետ Մարկ Քարնին և Կանադայի ԱԳ նախարար Անիտա Անանդնայցելեցին Հայոց ցեղասպանության զոհերի հուշարձան՝ Ծիծեռնակաբերդ։

Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան ժամանած Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուլասի գլխավորած պատվիրակությունը նույնպես այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր:

Մեծ գագաթնաժողովը Երևանում․ Մեծ Բրիտանիայի, Լեհաստանի, Չեխիայի, Վրաստանի, Կանադայի վարչապետեր

Մեծ Բրիտանիայի վարչապետ Քիր Սթարմերը ժամանեց Հայաստան։

Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը ժամանեց Հայաստան։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Լեհաստանի Հանրապետության վարչապետ Դոնալդ Տուսկը:

Կանադայի վարչապետ Քարնին նույնպես Հայաստանում է։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, որը ժամանել է Հայաստան՝ Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին մասնակցելու համար, X սոցիալական ցանցում հրապարակել է Երևանի «Զվարթնոց» միջազգային օդանավակայան իր ժամանման տեսանյութը։

Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու նպատակով Հայաստան է ժամանել Նորվեգիայի Թագավորության վարչապետ Յոնաս Գահր Ստյորեն:

Հունաստանի նախագահ Կոնստանտինոս Տասուսալը ժամանել է Երևան։

Հայաստան է ժամանել Ռումինիայի նախագահ Նիկուշոր Դանը:

Հայաստան է ժամանել Իռլանդիայի վարչապետ Միխոլ Մարտինը:

Քիչ առաջ Սիմոնյանը դիմավորել է նաեւ Շվեյցարիայի Համադաշնության նախագահ Գի Պարմելենը:

Եվրոպական քաղաքական հանրության (ԵՔՀ) 8-րդ գագաթնաժողովին մասնակցելու համար Հայաստան է ժամանել նաև Չեխիայի վարչապետ Անդրեյ Բաբիշը

Հայաստան է ժամանել Մոլդովայի Հանրապետության նախագահ Մայա Սանդուն:

Հայաստան է ժամանել Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեն:

Բուլղարիայի նախագահը ժամանեց Հայաստան՝ մասնակցելու Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովին։ Իլիանա Յոտովային «Զվարթնոց» օդանավակայանում ծաղիկներով դիմավորել է փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է Լիտվայի վարչապետ Ինգա Ռուգինիենեին։

Հայաստան է ժամանել Մոնակոյի Իշխանապետության իշխան Ալբեր Երկրորդը:

Լյուքսեմբուրգի վարչապետ Լյուկ Ֆրիդենը ժամանել է Երևան։

Հայաստան է ժամանել Մոնտենեգրոյի նախագահ Յակով Միլատովիչը:

Հայաստան ժամանեց նաեւ Բելգիայի վարչապետ Բարտ Դը Վեվերը:

Տիգրան Խաչատրյանն օդանավակայանում դիմավորել է նաեւ Ֆինլանդիայի Հանրապետության վարչապետ Պետտերի Օրպոյին եւ Սերբիայի Հանրապետության վարչապետ Ջուրո Մացուտին։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդունել է ԵԱՀԿ գլխավոր քարտուղար Ֆերիդուն Սինիրիօղլուին։

Հայաստանում են նաև

Հյուսիսային Մակեդոնիա — Նախագահ Գորդանա Սիլյանովսկա-Դավկովա

Կոսովո — Վարչապետ Ալբին Կուրտի

Էստոնիա — Վարչապետ Քրիստեն Միխալ

Բոսնիա և Հերցեգովինա — Նախագահության նախագահող Դենիս Բեչիրովիչ Եվրոպայի խորհուրդ — Գլխավոր քարտուղար Ալեն Բերսե

ԿԸՀ-ը գրանցեց բոլոր դիմողներին, մերժեց միայն Վարդան Ղուկասյանին և Տիգրան Ուրիխանյանին

Կենտրոնական ընտրական հանձնաժողովի այսօրվա արտահերթ նիստում տեղի ունեցավ հունիսին կայանալիք խորհրդարանական ընտրություններում քաղաքական ուժերի գրանցումը:

Հունիսի 7-ի ընտրություններին կմասնակցեն 19 քաղաքական ուժ՝ փորձելով ստանալ շուրջ երկուսուկես միլիոն ընտրողների ձայները։

Ստորև ներկայացնում ենք ԱԺ ընտրություններին մասնակցող ուժերի ցանկը՝ ըստ քվեաթերթիկների համարների.

1. Ռեֆորմիստների կուսակցություն
2. «Բոլորին դեմ եմ» ժողովրդավարական կուսակցություն
3 . «Ուժեղ Հայաստան» դաշինք
4. Հայաստանի Շնորհապետական կուսակցություն
5. «Նոր ուժ» ռեֆորմիստական կուսակցություն
6. «Միասնության թևեր» կուսակցություն
7. «Բարգավաճ Հայաստան» կուսակցություն
8. «Ազգային ժողովրդավարական բևեռ» համահայկական կուսակցություն
9. «Քոչարի ազգային վերածնունդ և ազգի զարթոնք» կուսակցություն
10. Հայ ազգային կոնգրես կուսակցություն
11. «Հանրապետություն» կուսակցություն
12. Քրիստոնեա-ժողովրդավարական կուսակցություն
13. «Ալյանս» առաջադիմական ցենտրիստական կուսակցություն
14. «Ժողովրդավարական համախմբում» կուսակցություն
15. «Դեմոկրատիա, օրենք, կարգապահություն» կուսակցություն
16. «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցություն
17. «Հայաստան» կուսակցությունների դաշինք
18. «Հանուն Հանրապետության ժողովրդավարության պաշտպանների դաշինք» կուսակցություն
19. «Լուսավոր Հայաստան» կուսակցություն

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը «Ալյանս» կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Տիգրան Ուրիխանյանի գրանցումը որպես պատգամավորի թեկնածու մերժեց:

Ըստ հիմնավորման՝ նա փաստաթուղթ չի ներկայացրել այն մասին, որ վերջին 4 տարում միայն ՀՀ քաղաքացի է հանդիսացել և բնակվել է ՀՀ-ում:

ԿԸՀ-ն մերժեց նաև ԴՕԿ կուսակցության ընտրական ցուցակի առաջին համար Վարդան Ղուկասյանի գրանցումը՝ նույն պատճառաբանությամբ:

Վարդան Ղուկասյանի փաստաբան Լևոն Բաղդասարյանը նշեց, որ Ղուկասյանը երրորդ երկրում գտնվում է կալանքի տակ և լիազոր մարմինների կողմից չէր կարող փաստաթուղթը վերցնել.

«Միջնորդում եմ քննարկումից հանել պարոն Վարդան Ղուկասյանի այս հարցը, մինչև ֆորսմաժորային վիճակների ավարտը»:

Արցախցիները վաղը առավոտից բողոքի ակցիա կիրականացնեն

Արցախցիները վաղը բողոքի ակցիա են իրականացնելու։

«Մայիսի 4-ին Երևանում կայանալու է Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովը, որի շրջանակում Հայաստանի Հանրապետությունում են գտնվելու եվրոպական խոշոր կառույցների ղեկավարներ և ներկայացուցիչներ։ Այս հնարավորությունը կարևոր ենք համարում օգտագործել՝ բարձրաձայնելու մեզ համար կենսական նշանակություն ունեցող հարցեր։

Կոչ ենք անում միանալ մեզ և մեր ձայնը լսելի դարձնելու աշխարհին։ Հանդիպումը՝ մայիսի 4-ին, ժամը 08։45-ին, Թումանյանի այգու մուտքի մոտ, Կիևյան կամրջի հարակից ստորգետնյա անցումի աստիճանների վրա։ Ակցիայի մեկնարկը՝ ժամը 09։00-ին։

Ակցիայի շրջանակներում, օրվա ընթացքում նախատեսվում են շարունակական խաղաղ գործողություններ, որոնց մասին կհայտնենք տեղում։

Ձեր ներկայությունը կարևոր է»,– հաղորդագրություն է տարածել տեղեկատվական շտաբը։

Լուսանկարում՝ բողոքի ակցիա Արցախում, 2023, բլոկադա

«Բոլորին դեմ եմ»-ը ԿԸՀ նիստին մասնակցել է Մարվելի կերպարներով

Կենտրոնական ընտրական հանձնաժողովում ընթացող արտահերթ նիստի ժամանակ քաղաքական ուժերից «Բոլորին դեմ եմ»-ը նիստին փորձել է մտնել Մարվելի կերպարներով՝ Spider man-ը, Iron man-ն Hulk-ն ու Captain American։

Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հսկող ոստիկանները սակայն նրանց թույլ չեն տալիս մտնել ներս։

Հետո ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը հայտարարեց, որ նրանք կարող են մտնել, միայն դեմքները պետք է բաց լինի։

Իրանն ԱՄՆ-ին 14 կետից բաղկացած խաղաղության առաջարկ է ներկայացրել

Իրանը պակիստանցի միջնորդի միջոցով պատասխան է փոխանցել ամերիկյան 9 կետից բաղկացած առաջարկին՝ կենտրոնանալով «պատերազմի ավարտի» թեմայի վրա, հաղորդում է Tasnim-ը։

Ինչպես հայտնում է Tasnim գործակալության արտաքին քաղաքականության թղթակիցը, ԱՄՆ-ն իր առաջարկում երկամսյա հրադադար է խնդրել։

Միևնույն ժամանակ Իրանը շեշտել է, որ բոլոր հարցերը պետք է կարգավորվեն 30 օրվա ընթացքում, իսկ գործընթացը պետք է միտված լինի ոչ թե հրադադարի երկարաձգմանը, այլ հենց «պատերազմի ավարտին»։

Իրանի 14 կետից բաղկացած առաջարկում ներառված են այնպիսի թեմաներ, ինչպիսիք են ռազմական ագրեսիայից հրաժարվելու երաշխիքները, Իրանի շուրջ տարածքից ամերիկյան ռազմական ուժերի դուրսբերումը, ծովային շրջափակման վերացումը, սառեցված իրանական ակտիվների ապասառեցումը, փոխհատուցումների վճարումը, պատժամիջոցների չեղարկումը և բոլոր ճակատներում պատերազմի դադարեցումը, ներառյալ Լիբանանը, ինչպես նաև Հորմուզի նեղուցում իրավիճակի կարգավորման նոր մեխանիզմը և այլ հարցեր։

Իրանը սպասում է ԱՄՆ-ի պաշտոնական պատասխանին այս առաջարկների վերաբերյալ։

«Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ»

Գայանե Սահակովան մանկաբույժ է։ Ծնվել է Լոռու մարզի Վանաձոր քաղաքում։ Հայրական կողմից նրա արմատները սերվում են Արցախի Շուշի քաղաքից, մայրական կողմից՝ Արևմտյան Հայաստանի Մուսա Լեռից։ 2016 թվականի ապրիլյան պատերազմից հետո Գայանեն անդամագրվել է ՀՅԴ «Կամավորական շարժում» ՀԿ գումարտակում։

44-օրյա պատերազմի լուրը ստանալուն պես ՀՅԴ «Կամավորական շարժում» հասարակական կազմակերպության վաշտերը իրար հետևից մեկնեցին Արցախ՝  մարտական առաջադրանք ստանալով պաշտպանել նրա հյուսիսային սահմանները:

Այդ կամավորականների մեջ էր նաև բժշկուհի Գայանեն

-2019 թվականից արդեն աշխատում էի Երևանի հիվանդանոցներից մեկում։ Այդ ժամանակահատվածում պայքարում էինք մարդկանց կյանքը քովիդից փրկելու համար։ 2020 թվականի սեպտեմբերի 27-ին, երբ Արցախում կրկին պատերազմ սկսեց, ես հերթապահում էի հիվանդանոցում։ Կամավորականների գումարտակում հավաք հայտարարվեց․ հերթապահությունից հետո շտապեցի հավաքին մասնակցելու։ Որոշում կայացվեց անհապաղ մեկնել առաջնագիծ։ Ես ընկերներիս ասացի, որ ցանկանում եմ միանալ գումարտակի կամավորականներին։ Որպես բժիշկ՝ իմ տեղն այնտեղ է։ Առարկություն չեղավ, խնդրանքիս ընդառաջեցին։

Նույն օրը երեկոյան մեկնեցինք Արցախ։ Ստեփանակերտում հագուստ ստացանք, նույն օրը շարժվեցինք դեպի Մատաղիս։ Մատաղիսի անկումից հետո մենք գնացինք Մաղավուզ, հետո՝ Մարտակերտ։ Մինչև նոյեմբերի 25-ը Մարտակերտում էի։ Մատաղիսում իմ առաջին վիրավորները ժամկետային զինծառայողներ էին։ Հետո լսեցինք ընկեր Գեղամ Մուշեղյանի զոհվելու լուրը։

Ծանր օրեր էին․ ամեն օր զոհեր, վիրավորներ։ Իհարկե, երբեմն վախենում էի, բայց ինձ հետ էին ընկերներս։ Մեզ հետ էր բժիշկ Նորայրը․ նրա կողքին ինձ վստահ ու ապահով էի զգում։ Մաղավուզն անընդհատ ռմբակոծվում էր, վիրավորներ կային շատ։ Արցախի հյուսիսում գտնվող Վարնկաթաղ գյուղին հարող՝ ռազմավարական նշանակության բարձունքը նվաճելը և դրանով իսկ հյուսիսային պաշտպանական գոտում ճեղքում առաջացնելը թշնամու համար կարևորագույն նշանակություն ուներ: ՀՅԴ կամավորականներն իրենց վրա էին վերցել Վարնկաթաղի գրավման առաջին հուժկու հարվածները:

Ցավոք, մեր տղաներից զոհեր ունեցանք այդ ռազմագործողության ժամանակ։ Նրանք դեմառդեմ էին կռվում թշնամու հետ։ 44-օրյա պատերազմի ավարտը խոցեց բոլորիս։ Անչափ ծանր էր լսել այն մասին, որ Արցախի տարածքի զգալի մասն անցել է թշնամու տիրապետության տակ։ Երբեք չեմ մոռանում, թե ինչպես էին տղամարդիկ լացում։ Շատերն Արցախյան առաջին պատերազմի մասնակիցներ էին, հաղթանակ կերտած մարդիկ։ Նրանք առավել ծանր էին տանում պատերազմի ամոթալի ու ցավոտ ավարտը։ Պատերազմի ավարտի հայտարարությունն և ստորացուցիչ պայմանագրի ստորագրումը մեծ հարված էր թիկունքից։

44-օրյա պատերազմից հետո Գայանեն չդադարեց ապրել արցախցու կյանքով, անել հնարավորը, որ մեղմացվի նրա ցավը

-Պատերազմից հետո ես ու իմ ընկերները պարբերաբար գնում էինք Արցախ, այցելում բազմազավակ, տեղահանված ընտանիքներ։ Առանձնապես աշխատում էինք օգնել երեխաներին․ գո՞ւցե մանկաբույժ եմ ու դրանից ավելի շատ եմ զգայուն երեխաների հանդեպ։ Մենք այդ օգնությունները չէինք կարwղ անել առանց բարեգործ մարդկանց ու մեր սփյուռքահայ բարեկամների։ Տրամադրում էինք սնունդ, տակդիր, հիգիենայի պարագաներ։ Իրականում շատ դժվար էր այդ ընտանիքներ մտնելը, որտեղ հայր են կորցրել, որդի, եղբայր։ Սակայն մենք ցանկանում էինք ինչ որ կերպ սփոփել նրանց։ Մեզ թվում էր, որ այդ օրերը մեր կյանքի ամենածանր օրերն էին։

Հեշտ չէր անցնել Շուշիի կողքով, որն այլևս մերը չէ։ Հետո Արցախը շրջափակվեց ու ավելի վատացավ արցախցու վիճակը և փակվեց մեր ճանապարհը դեպի Արցախ։ Անընդհատ մտածում էինք․ ի՞նչ օրի են արցախցիները, հիմա էլ շրջափակումը նրանց նոր փորձության առաջ կանգնեցրեց։ Ու հասկացանք, որ ծանր օրերը դեռ նոր են սկսվում։

2023 թվականի Արցախի հայաթափումը մեծ հարված էր պատերազմի թոհուբոհով անցած երիտասարդ բժշկուհու, համար

-Կորցնելով Արցախը՝ մենք կորցրինք մեր հայրենիքի կարևոր մասը։ Մենք կորցրինք տղաների արյամբ շաղախված ու տարիներ շարունակ արժանապատվորեն պահվող հողը։ Արցախը լոկ տարածք չէր․ այն հայրենիք էր, որն այսօր հայտնվել է գերության մեջ։

Ընկերներիս հետ շարունակում եմ արցախցիների կողքին լինել։ Տեղահանությունից հետո հնարավորության սահմաններում օգնում, աջակցում ենք նրանց։

Սակայն, երբ անդադար պայքարի մեջ ես, կարևոր բաների վրա կենտրոնացած ու պատասխանատու, ի վերջո հոգնում ես պարզապես՝ թե՛ մտավոր, թե՛ ֆիզիկապես։ Երբեմն մտածում եմ՝ ճի՞շտ եմ անում, որ այդ մեծ պատասխանատվությունը վերցնում եմ իմ ուսերին, հետո հասկանում, որ այլ կերպ չեմ կարող։ Իրականում արցախցին չպետք է բարեգործության կարիք ունենա, նրա բոլոր հոգսերը պետք է պետությունը հոգա, հանձն առնի բռնատեղահանված մարդու պաշտպանությունը։ Փաստացի շատ բարի մարդիկ կան, ովքեր չեն կարողանում հանգիստ նստել ու նայել, թե ինչպես են տեղահանված արցախցիները իրենց խնդիրների հետ մենակ մնացել։ Նրանք իրենց անձնական կյանքը թողնելով մի կողմ՝ մտածում են ինչ որ կերպ օգտակար լինել։

Պատերազմի օրերին Գայանեն զգաց ընկերության ուժը

-Ռազմի դաշտում, երբ զգում ես, որ քո կողքին ընկերդ է, ով կարող է հանուն քեզ իր կյանքը տալ, քեզ հետ կիսել քո ցավը, իր թիկունքով պաշտպանել քեզ, հասկանում ես, որ ընկերությունը կարևորագույնն է մարդու կյանքում։ Պատերազմի օրերին մենք աշխատում էինք իրար ուժ հաղորդել, չվհատվել, իսկ երբեմն էլ կատակում էինք արցունքների միջից։ Ջերմությամբ եմ հիշում, երբ րոպեական անդորր էր լինում, տղաները վազում էին դաշտային ծաղիկներ  հավաքելու ինձ համար

Ես ուզում եմ, որ մարդիկ չչարանան իրար հանդեպ, որովհետև դու չգիտես, թե քո դժվար պահին ով ձեռք կմեկնի քեզ, գո՞ւցե նա, որին դու բոլորովին չես սպասում․․․

Բժշկուհի Գայանեն այդքան փորձությունների միջով անցնելուց հետո իր երջանկությունը գտել է ընտանիք կազմելու մեջ։ Նա խնամում է իր բալիկին, ինչպես նաև շարունակում է մանկաբույժի իր առաքելությունը։

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի հայտարությունը

Արցախի Հանրապետության Հանրային խորհրդի ՀԱՅՏԱՐԱՐՈՒԹՅՈՒՆՆ՝
ուղղված Եվրոպական քաղաքական համայնքի (EPC) 8-րդ գագաթնաժողովի մասնակիցներին
Մեծարգո՛ առաջնորդներ,
Տիկնա՛յք և պարոնա՛յք,
Երևանում ընթացող Եվրոպական քաղաքական համայնքի 8-րդ գագաթնաժողովի շրջանակներում, Արցախի (Լեռնային Ղարաբաղի) Հանրապետության Հանրային խորհուրդը՝ որպես բնօրրանից բռնի տեղահանված և ցեղասպանության ենթարկված ժողովրդի հավաքական շահերի ներկայացուցիչ, դիմում է ձեզ՝ որպես մարդու իրավունքների և միջազգային իրավակարգի երաշխավորների։
Մինչ դուք քննարկում եք Եվրոպայի անվտանգային ապագան, Արցախի ժողովուրդը շարունակում է կրել 21-րդ դարի ամենածանր մարդասիրական և իրավական աղետներից մեկի հետևանքները, որոնք տեղի են ունեցել նաև ձեր թողտվության և աջակցության պայմաններում։ Մենք ահազանգում ենք, որ առանց մեր իրավունքների պատշաճ վերականգնման ու պաշտպանության, առանց արդարության և պատասխանատվության՝ տարածաշրջանում որևէ «խաղաղության օրակարգ» չի կարող լինել կայուն և կենսունակ։
Արցախի հանրային խորհուրդը հրատապ կերպով ձեր ուշադրությունն է հրավիրում հետևյալ առաջնահերթությունների վրա.
1. Քաղաքական պատանդներ և գերիներ.
Պահանջում ենք վճռական ճնշում գործադրել Բաքվի վրա՝ անհապաղ ազատ արձակելու Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությանը և բոլոր մնացած հայ պատանդներին ու գերիներին։ Նրանց ապօրինի կալանքը մարտահրավեր է միջազգային իրավունքին և տարածաշրջանում խաղաղությանը:
2. Հավաքական վերադարձի և անվտանգության իրավունք.
Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքը բացարձակ է և անօտարելի։ Այն պետք է իրականացվի բացառապես միջազգային համարժեք պաշտպանության ներքո։ ՄԱԿ-ի Արդարադատության միջազգային դատարանի (ԱՄԴ) 2023թ. նոյեմբերի 17-ի հրամանը պետք է կատարվի անվերապահ ու անհապաղ կերպով՝ ապահովելով Լեռնային Ղարաբաղի բնակչության անվտանգ, արժանապատիվ ու անխափան վերադարձը հայրենի տներ։ Հատկանշական է, որ եվրոպական երկրների ճնշող մեծամասնությունը ստորագրել է ՄԱԿ-ի Մարդու իրավունքների խորհրդի անդամ 40 երկրի 2023թ. Հոկտեմբերի 11-ի «Համատեղ հայտարարությունը Լեռնային Ղարաբաղում իրավիճակի մասին», որտեղ ընդգծվում է բռնի տեղահանված անձանց կամավոր, անվտանգ, արժանապատիվ ու կայուն վերադարձի համար պայմանների արագ ստեղծման անհրաժեշտությունը:
Մենք մերժում ենք ցանկացած լուծում, որը չի երաշխավորում մեր ժողովրդի անվտանգ, արժանապատիվ, հավաքական և կայուն վերադարձը սեփական հայրենիք, որը ձեր իսկ ստանձնած պարտավորության շրջանակում է։
3. Մշակութային ցեղասպանության և սեփականության ոչնչացման կանխում.
Ադրբեջանի բռնազավթման տակ անցած տարածքներում վտանգված են ավելի քան 6,000 պատմամշակութային հուշարձաններ։ Արդեն իսկ արձանագրվել է վանդալիզմի ավելի քան 1,000 դեպք, այդ թվում՝ եկեղեցիների, այլ հուշարձանների ու գերեզմանոցների ամբողջական ոչնչացման դեպքեր։ Բացի դրանից, ԱՄԴ հրամանի խախտմամբ՝ Ադրբեջանը քանդել կամ յուրացրել է մեր հազարավոր տներ ու այլ մասնավոր գույքեր, այդ թվում՝ հիմնահատակ քանդելով ամբողջական բնակավայրեր ու բնակելի թաղամասեր:
Ուստի, պահանջում ենք ՅՈՒՆԵՍԿՕ-ի և միջազգային դիտորդների անխափան մուտքը տարածաշրջան՝ ԱՄԴ հրամանի կատարումը մշտադիտարկելու և մշակութային ցեղասպանությունն ու մեր գույքի յուրացումը կասեցնելու նպատակով։
4. Արցախցիների մարդասիրական ծանր վիճակը Հայաստանում.
Այսօր Հայաստանում ապաստանած շուրջ 120,000 արցախցիներ շարունակում են մնալ մարդասիրական ճգնաժամի մեջ։ Ի հակառակ ՀՀ իշխանությունների բարձրագոչ հավաստիացումների՝ ցուցանիշները մտահոգիչ են և պահանջում են անհապաղ ու լայնածավալ միջազգային միջամտություն.
Աղքատությունը բռնի տեղահանվածների շրջանում կազմում է շուրջ 70%, ինչը երեք անգամ գերազանցում է ՀՀ միջին ցուցանիշը։
Գործազրկությունը հասնում է շուրջ 70%-ի (հինգ անգամ ավելի բարձր ՀՀ միջինից)։
Տեղահանվածների 80%-ը դեռևս ապահովված չէ բնակարանով։
ՀՀ իշխանությունների համակարգմամբ՝ իրականացվում է ատելության ու խտրականության քարոզ Արցախի ժողովրդի հանդեպ, ինչն էլ ավելի է խորացնում հոգեբանական տառապանքները և ինտեգրման դժվարությունները:
Ուստի, ակնկալում ենք եվրոպական կառույցների ու պետությունների աջակցությունը՝ ստեղծելու բնակարանային և զբաղվածության ապահովման հատուկ ֆոնդեր, որոնք կկանխեն Արցախի ժողովրդի արտագաղթը և տառապանքների խորացումը։ Հայաստանում մեր ժողովրդի արժանապատիվ ու կայուն կեցությունը կարևոր պայման է մեր իրավունքների պաշտպանության համար՝ նախքան վերադարձի իրավունքի իրացումը:
5. Միջազգային քրեական պատասխանատվություն և անպատժելիության վերացում.
Արցախի ժողովրդի դեմ իրականացված ագրեսիան և զանգվածային ոճրագործությունները (ցեղասպանություն, մարդկության դեմ հանցագործություն, պատերազմական հանցագործություն) պետք է ստանան իրավական համարժեք գնահատական։ Կոչ ենք անում.
Հռոմի ստատուտի և Միջազգային քրեական դատարանի գործիքակազմով նախաձեռնել Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության հանցավոր գործողությունների հետաքննություն։
Գործադրել ՄԱԿ-ի 1948թ. «Ցեղասպանության հանցագործության կանխարգելման և պատժման մասին» կոնվենցիան՝ կանխելու համար հայկական հետքի վերջնական բնաջնջումը տարածաշրջանից։
Կիրառել համընդհանուր իրավազորության սկզբունքը՝ ձեր երկրների ազգային դատարաններում հետապնդելով այն անձանց, ովքեր պատասխանատու են խաղաղ բնակչության դեմ իրականացված ոճրագործությունների համար։
Մեծարգո՛ առաջնորդներ,
Ի թիվս վերոնշյալ միջազգային փաստաթղթերի՝ ուշագրավ են նաև Եվրոպական խորհրդարանի մի շարք բանաձևեր (այդ թվում՝ 2026թ. Ապրիլի 30-ին ընդունված), որոնք հստակորեն ուղենշում են ԵՄ և դրա անդամ պետությունների գործադիր իշխանությունների անելիքները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության հարցում:
Ուստի, դատապարտելով Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման միջազգային մանդատ ունեցող մարմնի՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի ապօրինի ու անարդար լուծարումը՝ մենք պահանջում ենք միջազգային պատշաճ մեխանիզմի ձևավորում՝ Արդարադատության միջազգային դատարանի հրամանների և ԵԽ բանաձևերի կատարման նպատակով:
Եվրոպական քաղաքական համայնքի առաքելությունը՝ խաղաղությունն ու անվտանգությունը, չեն կարող կառուցվել մարդկանց և ժողովուրդների իրավունքների զոհաբերության հաշվին։ Մենք հորդորում ենք ձեզ կանգնել Արցախի ժողովրդի կողքին՝ պաշտպանելով ոչ միայն մեր, այլև այն համամարդկային արժեքները, որոնց վրա խարսխված է ձեր Համայնքը և որին այդքան հավատացել է մեր ժողովուրդը։