Թրամփի Չինաստան այցից առաջ Իրանն ու ԱՄՆ-ն փոխանակվեցին հարվածներով

ԱՄՆ-ի և Իրանի փոխադարձ հարվածներից հետո կնքված հրադադարը ուժի մեջ է մնում, ABC News-ին ասել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը։

«Հրադադարը պահպանվում է։ Այն ուժի մեջ է», – ասել է նա։ Նա Իրան-ԱՄՆ փոխհրաձգությունն անվանել է «միայն թեթև հարված»։

Հարվածների փոխանակումը տեղի է ունեցել ԱՄՆ-ի և Իրանի միջև բանակցությունների մասին հաղորդագրությունների ֆոնին։ Axios-ը, հղում անելով աղբյուրներին, նախկինում հաղորդել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը մոտ են խաղաղության համաձայնագրի ստորագրմանը։

Մասնագետները գրում են, որ Հորմուզի նեղուցում «փոխհրաձգությունը» պայմանավորված է Դոնալդ Թրամփի մայիսի 14-15-ը Չինաստան կատարելիք այցով, որտեղ սպասվում է կարևոր համաձայնագրերի կնքում, և Հորմուզի նեղուցը մեծ տեղ է զբաղեցնում դրանցում։

Քաղաքական ուժերի դիրքորոշումները․ ռևանշի՞զմ, թե՞ կապիտուլյացիայի վերանայում

Հայաստանը չպետք է որևէ փաստաթուղթ ստորագրի տարածաշրջանային հաղորդակցությունների վերաբերյալ, քանի դեռ հստակ սահմանների քարտեզը չի ամրագրվել, և չի լուծվել Լեռնային Ղարաբաղի ժողովրդի իրավունքների հարցը։ Այս մասին մայիսի 7-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

Նա ընդգծեց, որ իր քաղաքական ուժն ունի հստակ ու անսասան դիրքորոշում. «Չկա Ղարաբաղ՝ չկա միջանցք»։

«Հիմա առկա է խաղաղության երկու կոնցեպտ, և մեկը փաշինյանական  խաղաղության կոնցեպտն է, որը ենթադրում է, որ մենք կհասնենք խաղաղության, եթե Ադրբեջանը դառնա Հայաստանի տերն ու տիրակալը: Սա կեղծ խաղաղություն է և վտանգավոր բանաձև:  Եւ դրա դրսևորումները մենք արդեն տեսնում ենք. մեզանից պահանջում են Անկախության հռչակագիրը հանել մեր երկրի գլխավոր փաստաթղթից՝ Սահմանադրությունից, շատ լավ հասկանալով, որ դրանով խարլում են մեր անկախ պետականության վերսկսման հիմքերը»,- այդ մասին մամուլի ասուլիսի ժամանակ ասաց Հայ ազգային կոնգրեսի փոխնախագահը Լևոն Զուրաբյանը:

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ պահանջել է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը խորհրդարանի ամբիոնից փարատի 300 հազար ադրբեջանցիներին Հայաստանի տարածքում վերաբնակեցնելու համար առաջացած մտահոգությունները։

«Ես պայմանավորվածությունների մասին տեղեկություններ չունեմ, բայց տեսնելով այս ամենը՝ վստահ եմ, որ ադրբեջանցիները շատ լուրջ են տրամադրված։ Եթե մենք չկանգնեցնենք այս գործընթացը, ապա Հայաստանում կտեսնենք 300 հազար, 500 հազար, իսկ հաշվի առնելով նրանց բազմացման տեմպերը՝ թերևս նույնիսկ մեկ միլիոն ադրբեջանցի։ Կա երկու կարևոր խնդիր՝ Սյունիքի կորուստը և Հայաստանի տարածքում իրենց լավ զգացող ադրբեջանցիները», – նշել է Կարապետյանը։

Կարապետյանն ընդգծել է, որ աշխարհում չկա մի հայ, որն այդ ընթացքում ավելի շատ նպաստած լիներ Լեռնային Ղարաբաղում պատերազմը կանգնեցնելու փորձերին կամ ավելի շատ բան արած լիներ հայկական բանակի համար։ Միևնույն ժամանակ, Կարապետյանը նշել է, որ չի կարող փակագծեր բացել և խորհուրդ է տվել այդ հարցերն ուղղել իշխանություններին՝ Փաշինյանին և պաշտպանության նախարարներին։

Ղազախստանը դիտարկում է Հայկական երկաթիղիների կոնցեսիայի փոխանցման հարցը

Հայկական երկաթուղիների կոնցեսիոն կառավարումը Ղազախստանին փոխանցելու հարցը գտնվում է երկկողմ հարաբերությունների օրակարգում, քանի որ Աստանան չափազանց շահագրգռված է Հայաստանի տարածքով տրանսպորտային երթուղիների զարգացմամբ։ Դրա մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Ղազախստանի ԱԳՆ-ին առընթեր Արտաքին քաղաքական հետազոտությունների ինստիտուտի վարչության նախագահի տեղակալ Մանարբեկ Կաբազիևը։

Նա հաստատել է, որ երկաթուղիների կառավարման հարցն ուղղակիորեն կապված է TRIPP նախագծի և շուկաներին հասանելիությունն ընդլայնելու համար լոգիստիկ խոչընդոտները նվազեցնելու Աստանայի ցանկության հետ։

Հիշեցնենք, որ ներկայումս Հայկական երկաթուղիները կառավարվում են Ռուսաստանի կողմից, որը հրաժարվում է կոնցեսիոն կառավարումը որևէ մեկին փոխանցել։

Ռուբեն Վարդանյան․ Չե՞ք ամաչում, բա ՄԻՊ-ի գործը ո՞րն է

Բաքվի բանտում գտնվող Արցախի նախկին պետնախարար, հայտնի գործարար Ռուբեն Վանդանյանը հանդես է եկել հայտարարությամբ՝ արձագանքելով Մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իրեն ուղղված պատասխանի առնչությամբ։ (Փոխանցվել է ընտանիքի հետ հեռախոսազրույցի ընթացքում)

Ռուբեն Վարդանյանի հայտարարությունում ասվում է. «Ինձ հաջողվեց ծանոթանալ ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանի՝ իմ դիմում- խնդրանքի պատասխանին: Հրապարակայնորեն չեմ գնահատի նրա այդ դիրքորոշումը։ Թողնում եմ նրա խղճին։ Պարզապես կասեմ՝ անկեղծորեն ցավում եմ։ Աստված ձեզ դատավոր։

Բայց այս պատասխանից հետո կոնկրետ հարցեր են առաջանում ոչ միայն մարդու իրավունքների պաշտպանի ինստիտուտի, այլև Հայաստանի Հանրապետության վարչապետի հետ կապված։

Եթե Ադրբեջանի բանտերում գտնվող հայ քաղաքացիների պաշտպանությունը ՀՀ օմբուդսմենի մանդատի մեջ չի մտնում, ապա ո՞ւմ մանդատն է սա։ Մեր երկրում ո՞վ է պատասխանատու այս հարցի համար։ Ե՞րբ է նշանակվել այդ անձը։ Ինչո՞ւ դրա մասին ոչ ոք չգիտի՝ ո՛չ բանտարկյալների ընտանիքները, ո՛չ հասարակությունը։

Կան մարդիկ, ովքեր Բաքվի բանտերում պահվում են արդեն վեց տարի։ Այս ընթացքում Հայաստանի կառավարությունն այդպես էլ չկարողացավ նրանց հետ կայուն և հասկանալի կապի մեխանիզմ կազմակերպել ՝ ո՛չ երրորդ կողմի` Բաքվում այլ պետությունների դեսպանատների, ո՛չ միջազգային կազմակերպությունների միջոցով։

Ինչո՞ւ։

Ինչպե՞ս է ստացվում, որ Հայաստանի ներկայացուցիչները կարող են Ադրբեջան մեկնել առևտրային, տնտեսական և այլ հարցեր քննարկելու նպատակով, բայց չեն կարողանում կազմակերպել այց հայ գերիների կյանքի, առողջության և իրավական կարգավիճակի հարցերով։ Արդյո՞ք մարդկանց ճակատագիրն առևտրային բանակցություններից առավել կարևոր չէ։

Ինչո՞ւ մինչ օրս բանտարկյալներին ամենաանհրաժեշտ իրերը փոխանցելու նորմալ մեխանիզմ կազմակերպված չէ։ Մի շարք անձինք արդեն ավելի քան մեկ տարի ոչինչ չեն ստանում։ Շատերը նորմալ հագուստ չունեն. հնարավորություն չկա ստանալ այն, ինչ իրականում անհրաժեշտ է՝ հաշվի առնելով նրանց տարիքը, առողջական վիճակը և պահման կենցաղային պայմանները։

Փոխարենը, եթե օգնություն ընդհանրապես հասնում է, այն կազմակերպվում է ոչ պաշտոնական, ոչ թափանցիկ եղանակով՝ առանց հաշվի առնելու բանտարկյալների իրական կարիքները։ Մարդիկ ստանում են ոչ թե այն, ինչ իրենց անհրաժեշտ է, այլ այն, ինչ որոշվել է փոխանցել նրանց ինչ-որ մեկի կողմից. սա օգնություն չէ, այլ ողորմություն:

Այստեղ պահվողների շարքում կան տարեց՝ 70 տարեկանից բարձր մարդիկ, առողջական լուրջ խնդիրներ ունեցող մարդիկ։ Եթե ատամ չունեցող մարդուն չորամիրգ են տալիս, դա օգնություն չէ։ Դա նվաստացում է։

Արդյո՞ք այս ամենը հայտնի է վարչապետին:

Ո՞վ է անձամբ պատասխանատու այս գործընթացի կազմակերպման համար։ Ինչպիսի՞ն է հաստատված կարգը։ Ինչո՞ւ այն չի պահպանվում։ Չե՞ք ամաչում:

Ամոթ չէ՞ ստանալ խաղաղության մրցանակ, խաղաղության մասին խոսել և ծափահարություններ ընդունել, երբ Հայաստանի քաղաքացիները շարունակում են Բաքվի բանտերում մնալ՝ առանց պատշաճ պաշտպանության, առանց սեփական պետության կողմից համակարգային աջակցության, օգնության ու վերահսկողության։

Հայտարարե՛ք պատասխանատու անձին։ Հրապարակե՛ք աշխատանքի մեխանիզմը։ Բացատրե՛ք՝ վերջին վեց տարիների ընթացքում ի՞նչ է արվել։

Կամ էլ ազնվորեն խոստովանեք, որ այդպիսի պատասխանատու գոյություն չունի, և գերիների՝ իրենց պետությունից օգնություն ակնկալելը անիմաստ է:

Ռուբեն Վարդանյան»

Փաշինյանը դատի է տալու Կարապետյանին՝ հալյուցինագեն սնկերի կապակցությամբ

«Ուժեղ Հայաստան» կուսակցության վարչապետի թեկնածու, գործարար և բարերար Սամվել Կարապետյանը մայիսի 7-ին կայացած մամուլի ասուլիսի ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանին մեղադրել է հալյուցինագեն սնկեր օգտագործելու մեջ։

Պատասխանելով Կարապետյանի հասցեին Փաշինյանի «քաղաքական բոմժ» ոճի հայտարարությունների և ունեցվածքը խլելու խոստումների մասին հարցին՝ Կարապետյանը նշել է, որ Փաշինյանն արդեն 8 տարի է, ինչ նման կարգավիճակով ղեկավարում է երկիրը։ «Ես ուզում եմ գաղտնիք բացել, որ շատ ուշադրություն չդարձնեք վարչապետի ասածներին։ Անցյալ տարի երբ նա գնացել էր Չինաստան, դուք գիտեք, այնտեղ կան հատուկ սնկերի ռեստորաններ, որոնք մարդկանց մոտ հալյուցինացիաներ են առաջացնում։ Նա այնտեղ փորձել էր, դուրը եկել էր։ Իմ տեղեկություններով՝ նա իր հետ բերել է 1 տոննա», – հայտնել է Կարապետյանը։

Նրա խոսքով՝ Փաշինյանն այս սնկերն օգտագործում է մամուլի հետ հանդիպումներից և Ազգային ժողովում ելույթներից առաջ, իսկ հետո բացահայտում է իր բոլոր երազանքներն ու ֆանտազիաները։ «Դա սնկերի շնորհքն է։ Դրա համար շատ լուրջ մի ընդունեք, ամեն ինչ գնում է  իր հունով, ինքն արդեն ցայտնոտի մեջ կանի հայտարարություններ, մեր ժողովուրդը կտա իր գնահատկանը։ Նա 30 օր դրանք պատմելու է, ես ի՞նչ է, ամեն օր պիտի մեկնաբանե՞մ։ Ամեն օր կուլ է տալու ու խոսի», – նշել է Կարապետյանը։

Սնկերի ազդեցության ժամկետների վերաբերյալ հարցին ի պատասխան քաղաքական գործիչը պատասխանել է, որ չի փորձել և չգիտի։ Սակայն սրացումները սկսվում են կուլ տալուց անմիջապես հետո, հավելել է Կարապետյանը։

Նիկոլ Փաշինյանն ի պատասխան խոստացել է դատի տալ Սամվել Կարապետյանին։

Մայիսի 9-ին չեմ մեկնի Ռուսաստան. Փաշինյան

Չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ին Ռուսաստանում կայանալիք միջոցառումներին։ Այդ մասին մայիսի 7-ին լրագրողների հետ զրույցում հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Նրա խոսքով՝ նման որոշումն ընդունվել է նախընտրական քարոզչությանը մասնակցելու պատճառով։

«Ապլրիլին ՌԴ կատարած այցի ընթացքում ՌԴ նախագահին զգուշացրել եմ, որ չեմ կարողանա մասնակցել մայիսի 9-ի միջոցառումներին՝ քարոզարշավի պատճառով», – նշել է նա։

Ինչո՞ւ են արցախցիներից պահանջում ծնողների ծննդյան վկայականները նոր անձնագրերի համար դիմելիս

Շատ արցախցիներ բողոքում են, որ նոր ՀՀ անձնագրերի համար դիմելիս անձնագրային գրասենյակները պահանջում են նույնիսկ ծնողների ծննդյան վկայականները: Շատերը փաստաթղթերը չեն բերել Արցախից, իսկ վերականգնումը երկար ժամանակ և գումար է պահանջում: Նոտարները դրա համար գանձում են 70,000-ից 120,000 դրամ:

Ինչո՞վ է պայմանավորված ծնողների ծննդյան վկայականների պարտադիր ներկայացումը, և ինչո՞ւ պահանջը  պարտադիր չէ բոլորի համար:

Մասնագետները նշում են, որ արցախցիներին նոր քաղաքացիություն է տրվում էթնիկ հայերի համար նախատեսված ընթացակարգով: Այս ընթացակարգը շատ ավելի պարզ է, քան ոչ հայերի համար նախատեսված պահանջները: Մասնավորապես, արցախցիներից չի պահանջվում քննություն հանցնել հայոց լեզվից, Սահմանադրությունից, և քաղաքականության տրամադրման ժամկետները ավելի կարճ են:

Այնուամենայնիվ, հայկական ծագումը ապացուցելու համար անհրաժեշտ են ծննդյան վկայականներ, այդ թվում՝ ծնողների, քանի միայն այդ փաստաթղթերն են, որոնք պարունակում են «ազգություն» սյունակ: Կարելի է նաև ներկայացնել հայկական եկեղեցում մկրտության վկայական:

Միգրացիայի փորձագետ Տաթևիկ Բեժանյանի խոսքով՝ 1981 թվականից հետո ծնված անձանց համար պարտադիր են ծնողների փաստաթղթերը։ Սա պայմանավորված է 1995 թվականին ընդունված քաղաքացիության մասին օրենքի նրբություններով։

Մասնագետները ընդունում են, որ 30 տարի շարունակ քաոս է տիրել Արցախի բնակիչների քաղաքացիության հարցի շուրջ՝ օրենքի խախտումներով և անօրինական որոշումներով։ Նրանք մեջբերում են Հայաստանի և Արցախի միջև կնքված ոչ հրապարակային համաձայնագիրը, որի համաձայն Արցախում գրանցված անձանց կապույտ հայկական անձնագրեր են տրամադրվել, բայց միայն որպես «ճամփորդական փաստաթուղթ»։ Սակայն անձնագրի նման կարգավիճակ որևէ օրենքում կամ համաձայնագրում նշված չէ։ Իրականում տարբերությունը ոչ այնքան Արցախի բնակիչների 070 կոդի մեջ էր (շատերն ունեին այլ կոդով անձնագրեր), որքան գրանցման հասցեի։ Եթե արցախցին գրանցվում էր սահմանադրական Հայաստանի տարածքում գտնվող հասցեում, նա ավտոմատ կերպով դառնում էր Հայաստանի քաղաքացի, այդ թվում՝ ընտրելու և ընտրվելու իրավունքով։ Այդ պրակտիկան շատ տարածված էր։

Մասնագետները նշում են, որ 2023 թվականի հոկտեմբերի 26-ին՝ արցախցիների բռնի տեղահանումից և նրանց՝ Հայաստանում բնակության նոր վայրում գրանցումից հետո, ընդունվել է կառավարության որոշում, որը նպատակ ուներ սահման քաշել Արցախի քաղաքացիության հարցի տակ։

Այս որոշման թերությունների մասին նշվում է նույնիսկ մասնագետների կողմից, բայց կարևորը՝ ոչ ոք չի պատասխանում այն ​​հարցին, թե ինչու Հայաստանի տարածքում գրանցումը ավտոմատ կերպով չի հանգեցրել արցախցիների՝ ՀՀ քաղաքացիության գրանցամատյանում ընդգրկվելուն, ինչպես դա եղել է մինչև 2023 թվականի հոկտեմբերը: Ինչո՞ւ արցախցիներին դատապարտեցին ՀՀ քաղաքացիությունից հրաժարվելու և նոր ՀՀ անձնագիր ստանալու տանջալից, երկարատև և թանկ ուղուն:

Մասնագետները նշում են, որ սա պայմանավորված էր արցախցիներին ավտոմատ կերպով ժամանակավոր պաշտպանություն տրամադրելու վերաբերյալ արագ որոշում կայացնելու անհրաժեշտությամբ։ Դա պահանջում էր արցախցիներին դասակարգել որպես «քաղաքացիություն չունեցող անձինք»։ Քանի որ Արցախի բնակիչներին «ժամանակավոր պաշտպանության» կարգավիճակ է շնորհվել որպես պատերազմից փախստականներ, նրանք չպետք է “ՀՀ քաղաքացի” լինեին։ Սակայն սա չի պատասխանում այն ​​հարցին, թե ինչու՞ Արցախի բնակիչների կապույտ անձնագրերը ավտոմատ կերպով չեն ճանաչվել։ Արդյո՞ք դա քաղաքական որոշում չէր, որը զրկել է արցախցիների իրավունցները, գույքը ՀՀ պաշտպանութմից։

Ամեն դեպքում, որոշումներն ընդունվել են, և մոտ 35,000 արցախցիներ արդեն ստացել են նոր անձնագրեր։ Մնացածը նախընտրում են սպասել՝ հավատալով, որ մի օր Հայաստանի կառավարությունը ավտոմատ կերպով կճանաչի արցախցիներին որպես Հայաստանի քաղաքացիներ՝ անկախ նրանից, թե դա հիմնված կլինի կապույտ անձնագրի, թե 1989 թվականի դեկտեմբերի 1-ի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշման, թե արցախցիների էթնիկ պատկանելության վրա։

Վեդիում անչափահաս քույրերին վերաբերող դեպքով 2 անձի նկատմամբ հանրային քրեական հետապնդում է հարուցել

Վեդիում անչափահաս քույրերի նկատմամբ տեղի ունեցած առերևույթ դեպքի կապակցությամբ հանրային քրեական հետապնդում է հարուցվել երկու անձի նկատմամբ, հայտնում է դատախազությունը:

«Հանրային քրեական հետապնդում է հարուցել Ա.Ե.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (խոցելի վիճակում գտնվող անչափահասի նկատմամբ սեքսուալ բնույթի բռնի գործողություններ կատարելը) և Դ.Ա.-ի նկատմամբ՝ Քրեական օրենսգրքի 198-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 4-րդ կետերով (3 դրվագ)», – նշվում է հայտարարությունում:

Քննչական կոմիտեից «Ազատությանը» հայտնեցին՝ նրանց նկատմամբ արդեն կա ձերբակալման որոշում։

Սեռական բռնության մասին առաջին ահազանգից երեք ամիս անց ու միայն լրագրողների բացահայտումներից հետո են երկու տղամարդիկ երեկ գիշերը առերեսվել Վեդիում բնակվող անչափահաս աղջիկներից մեկի հետ։

Անչափահասների հանդեպ սեռական բռնության առաջին ահազանգը դեռ փետրվարի 12-ին է եղել, երկրորդը՝ ապրիլի 22-ին:

Badoyan News-ն էր օրեր առաջ ահազանգել՝ Վեդիում մանկապղծության դեպք է եղել, իրավապահները կոծկում են զարհուրելի դեպքը, լիարժեք քննություն չի տարվում: Երեխաների հորեղբայրն է բռնարարներից մեկին դանակահարում, այսինքն՝ Ներքին գործերի նախարարության, Քննչականի անգործության հետևանքով հարցը վենդետային է հասել:

Ազատություն

Ֆրանսիայի ԱԳ նախարարը կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ

Բաքվի ԱԳՆ-ը կտրուկ արձագանքեց Ֆրանսիայի արտաքին գործերի նախարար Ժան-Նոել Բարոյի մայիսի 6-ին Սենատում արված հայտարարություններին: Նախարարը պաշտպանեց Արցախում մշակութային ժառանգությունը և անընդունելի հայտարարեց եկեղեցիների ոչնչացումը: Նա մեջբերեց Միջազգային դատարանում քննվող գործը և կոչ արեց ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելություն ուղարկել Արցախ:

Բաքվի արտաքին գործերի նախարարությունը պնդում է, որ ֆրանսիացի նախարարը «անտեսում է ադրբեջանական տարածքներում հարյուրավոր մզկիթների և մշակութային ժառանգության այլ նմուշների ոչնչացումը»: Սակայն նախարարությունը չի տրամադրում հայկական Արցախում ոչնչացված «հարյուրավոր մզկիթների» ցանկը: Այս մզկիթների գտնվելու վայրը և դրանց ոչնչացման ժամանակը փաստաթղթավորված չեն: Բայց սա հակադրվում է հայկական եկեղեցիներին, որոնց ոչնչացումը պաշտոնապես ճանաչվել է Բաքվում:

ՀՀ կառավարությունը հայտարարում է, որ չի բարձրացնի Արցախում եկեղեցիների ոչնչացման հարցը միջազգային մակարդակով՝ վկայակոչելով «հայելային արձագանքներից» վախը: ՀՀ կառավարությունը ևս չի տրամադրում Արցախում իբրև ոչնչացված մզկիթների ցանկը:

Կառավարությունը ազգային իրավունքների  պաշտպանելուց իր հրաժարումը հիմնավորում է հիպոտետիկ «հայելային արձագանքներից» խուսափելու ցանկությամբ:

Արցախցի հոգեբան․ Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է

Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է

Աիդա Գյանջումյանը հոգեբան է ոչ միայն մասնագիտությամբ, այլ նաև մարդու նկատմամբ վերաբերմունքով։ Նրա անձնային որակներից են ինքնակրթությունը, ինքնազարգացումը և ընդգծված սերն ուսման հանդեպ։ Նա անընդհատ ինքնակրթվում է՝ թե՛ դպրոցում աշխատելու տարիներին, թե՛ նորարարական մեթոդներով աշխատելու ժամանակ։ Նա ստացել է կոչում՝ «Նորարարությունը մանկավարժության մեջ»։ Ինչպես ասում է՝ միշտ ձգտել է նորովի աշխատել, կրթությանն աջակցելու գործում օգտակար աշխատանք տանել։

Աիդա Գյանջումյանը, որպես մենթոր, աշխատում է «Դասավանդիր հանուն Հայաստանի» կրթական հիմնադրամում, իսկ «Ղողանջ» մանկական զարգացման կենտրոնում՝ ծրագրերի ղեկավար է։ Որպես հոգեբան մասնակցում է տարբեր ծրագրերի։

Աշխատում է արցախցի մայրիկների, երեխաների հետ, ինչպես անհատական, այնպես էլ թիմային։

Տիկին Գյանջումյանը հաճույքով է պատմում իր աշխատանքի մասին

-Երևան տեղափոխվելուց հետո անցել եմ բազմաթիվ վերապատրաստումներ՝ շարունակաբար խորացնելով գիտելիքներս և գործնական հմտություններս։ Դրանցից երեքը եղել են միջազգային ծրագրեր, որոնք մեծ ազդեցություն են ունեցել իմ մասնագիտական ձևավորման վրա։ Աշխատում եմ երեխաների և մեծահասակների հետ՝ ուղեկցելով նրանց իրենց ներքին ճանապարհին՝ դեպի ավելի գիտակցված, հանգիստ և ամբողջական կյանք՝ օգնելով հաղթահարել անհանգստությունը, ներքին լարվածությունը, հարաբերությունների դժվարությունները և ինքնավստահության խնդիրները։ Իմ աշխատանքում կիրառում եմ ժամանակակից և արդյունավետ մոտեցումներ՝ կոգնիտիվ-վարքաբանական թերապիա (CBT), արտ-թերապիա, նարատիվ թերապիա, ինչպես նաև տրավմայի հետ աշխատանքի մեթոդներ (EMDR, Brainspotting)։ Իմ աշխատանքի հիմքում մարդուն հասկանալու և անվտանգ տարածք ստեղծելու սկզբունքն է, որտեղ հնարավոր է իրական փոփոխություն։ Ինձ համար յուրաքանչյուր մարդ առանձին աշխարհ է, և իմ աշխատանքը այդ աշխարհը հասկանալն ու աջակցելն է։

Երեխայի ներքին աշխարհն անչափ փխրուն է։ Հոգեբանը խորհուրդներ է տալիս ծնողներին, թե ինչպես պետք է հարաբերվել երեխաների հետ, որպեսզի նրանց ներաշխարհն ամուր լինի․․․

-Երեխայի ներքին աշխարհը չի բացվում հրահանգով, այն բացվում է հարաբերության մեջ։ Երբ երեխան իրեն անվտանգ է զգում, նա սկսում է խոսել ոչ միայն բառերով, այլ նաև վարքով, խաղով, լռությամբ։ Ինչպե՞ս ձևավորել վստահություն երեխայի հետ հարցը շատ է հնչում։ Երեխային պետք է լսել՝ առանց շտապելու ուղղել, երբ նա խոսում է։ Առաջին նպատակը չպետք է լինի «ուղղելը» կամ «խորհուրդ տալը»։ Երբեմն երեխային պետք է պարզապես լսել՝ առանց գնահատելու։ «Ես քեզ լսում եմ» ավելի բուժիչ է, քան «դա ճիշտ չէ»։ Երբեք չպետք է նրա զգացմունքներն անտեսել։ «Մի լացիր», «ոչ մի բան չի եղել» արտահայտությունները սովորեցնում են երեխային չվստահել իր զգացմունքներին։ Ավելի առողջ տարբերակ է՝ «Ես տեսնում եմ, որ քեզ դա ցավեցրեց», «Դա քեզ համար դժվար էր, այո՞»․․․

Վստահելի կանխատեսելիություն երեխայի համար անվտանգ միջավայր է այն, որտեղ մեծահասակի արձագանքը կանխատեսելի է։ Եթե ծնողը այսօր գոռում է, վաղը անտեսում, մյուս օրը գրկում՝ երեխայի նյարդային համակարգը չի զգում կայունություն։ Երեխան չի ծնվում իր զգացմունքները ճանաչելով։ Ծնողը կարող է օգնել՝ «Դու հիմա հիասթափված ես թվում» «Կարծես վախեցար»։ Սա զարգացնում է երեխայի էմոցիոնալ ինտելեկտը։ Պետք է երեխային սխալվելու իրավունք ևս տալ։ Եթե երեխան վախենում է սխալվել, նա դադարում է փորձել։ «Սխալը սովորելու մաս է, ոչ թե ամոթ»։ Սա ձևավորում է առողջ ինքնագնահատական։

Կարևոր է չփոխարինել երեխայի փորձը։ Շատ ծնողներ արագ «լուծում են» երեխայի խնդիրը, բայց երեխային երբեմն պետք է՝ զգալ, փորձել, հասկանալ։ Ծնողը պետք է աջակցի, այլ ոչ թե փոխարինի։ Մեծ նշանակություն ունի հուզական կապը՝ ոչ թե միայն վերահսկողությունը։ Երեխաները չեն հիշում միայն կանոնները, նրանք հիշում են՝ իրենց կողքին զգացած մարդուն։ Երեխայի ներքին աշխարհը չի ձևավորվում խոսքերով, այլ՝ հարաբերության որակով։ Այն, թե ինչպես է երեխան զգում իրեն ձեր կողքին, դառնում է նրա ներքին ձայնը ողջ կյանքի համար։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

ԱՄՆ-ն և Իրանը մոտ են հակամարտությանը վերջ դնելու հուշագրի ստորագրմանը – Axios

Ամերիկյան Axios լրատվական պորտալի փոխանցմամբ՝ Սպիտակ տունը կարծում է, որ մոտ ապագայում կարող է ավարտել պատերազմը՝ Իրանի հետ փոխըմբռնման հուշագիր ստորագրելով, որի համաձայն երկու կողմերը կդադարեցնեն ռազմական գործողությունները, կբացեն Հորմուզի նեղուցը, իսկ ավելի ուշ կանցնեն Իրանի միջուկային ծրագրի վերաբերյալ մանրամասն բանակցություններին։ Սա հաստատել է Պակիստանի մի աղբյուր, որը միջնորդում է Վաշինգտոնի և Թեհրանի միջև բանակցություններին, ըստ BBC-ի։

ԱՄՆ-ն ակնկալում է, որ Իրանը կպատասխանի մի քանի կարևոր կետերի առաջիկա 48 ժամվա ընթացքում։ Դեռևս ոչինչ չի համաձայնեցվել, սակայն աղբյուրները նշում են, որ երկու կողմերը երբեք ավելի մոտ չեն եղել համաձայնության։

Համաձայնագիրը նախատեսում է, որ Իրանը պարտավորվում է դադարեցնել ուրանի հարստացումը, ԱՄՆ-ն համաձայնվում է վերացնել պատժամիջոցները և հանել արգելքը միլիարդավոր դոլարների սառեցված իրանական միջոցներից, և երկու կողմերն էլ կվերացնեն Հորմուզի նեղուցով տարանցման սահմանափակումները։

Միևնույն ժամանակ, Սպիտակ տունը կարծում է, որ Իրանի ղեկավարությունը բաժանված է, և նրա տարբեր խմբակցությունների միջև համաձայնության հասնելը կարող է դժվար լինել։

Իրանը դեռևս պաշտոնապես չի արձագանքել ԱՄՆ վերջին առաջարկին, որը պարունակում է «որոշ անընդունելի պայմաններ», հաղորդում է Tasnim-ը՝ հղում անելով աղբյուրին։

Գործակալության աղբյուրը նշել է, որ ամերիկյան լրատվամիջոցների պնդումները «մեկ էջանոց գործարքի» մասին, որը, ենթադրաբար, գրեթե պատրաստ է, հիմնականում ուղղված են ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին թշնամական գործողություններից նահանջը արդարացնելուն։

Եթե ​​Թեհրանը համաձայնի Վաշինգտոնի պայմաններին, ԱՄՆ-ն կդադարեցնի Իրանի դեմ իր ռազմական գործողությունները, ասել է Թրամփը։ Եթե ոչ, ապա ԱՄՆ-ն կսկսի ռմբակոծությունները, հավելել է նա։

Բելգիայի Ներկայացուցիչների պալատի նախագահը այցելել է Ծիծեռնակաբերդ

Հայաստանում գտնվող Բելգիայի Թագավորության Ներկայացուցիչների պալատի նախագահ Պետեր Դը Ռուվերի գլխավորած պատվիրակությունը մայիսի 6-ին այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր:

Հյուրերը ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ, հարգել Սուրբ նահատակների հիշատակը: