Մի րոպե․ Փաշինյանը բացատրեց, թե ինչպես Արցախը ճանաչեց ոչ հայկական

Լուսանկարում՝ Ստեփանակերտ, 2019-ի օգոստոսի 5, Փաշինյանը հայտարարում է՝ Արցախը Հաայստան է և վերջ

Նիկոլ Փաշինյանին այսօրվա ասուլիսում հարց ուղղվեց, թե սկզբում ասում էր, որ Արցախի ժողովրդի կողմից մանդատ չունի, ինչո՞ւ առանց այդ մանդատի Արցախը ճանաչեց Ադբերջանի կազմում։

«Այո, ես ճանաչել եմ Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը, ներառյալ Ղարաբաղը։ Դա 2022 թվականի հոկտեմբերն էր։ 2022 թվականի սեպտեմբեր-հոկտեմբերին տեղի ունեցան հայտնի իրադարձութունները, որի համատեքստում մենք դիմեցինք ՀԱՊԿ-ին, որովհետեւ առաջացել էր այն իրադրությունը, որն առաջացնում էր կոնկրետ պարտավորություն ՀԱՊԿ համար։ Դուք հիշում եք 2022 թվականի սեպտեմբերյան իրադարձությունները։ Ասացին՝ այնտեղ սահմանը պարզ չէ, պարզ չէ՝ Հայաստանի տարածք է, թե Հայաստանի տարածք չէ։

Եվ այդ ժամանակ մեզ մոտ հարց ծագեց, թե այն կարմիր գիծը, որի մասին մեզ հավատիացումներ էին տրվել, որտեղո՞վ է անցնում։ Մեր առաջին ռեակցիան այն էր, որ մի րոպե, ՀԱՊԿ դաշնակիցները մեր հանրապետության տարածքային ամբողջականությունը չեն ճանաչում փաստորեն։ Հաջորդ հարցը հետեւյալն էր՝ իսկ մենք մեր երկրի տարծքային ամբողջականությունը ճանաչում ենք, թե՞ չէ։ Եվ այստեղ է, որ եկավ գիտակցումը, որ մենք չենք կարող ինքներս մեր երկրի տարածքային ամբողջականությունը ճանաչել՝ առանց ճանաչելու մեր հարեւանների տարածքային ամբողջականությունը։ Հետեւաբար, 2022 թվականի հոկտեմբերի 6-ին ես՝ որպես ՀՀ վարչապետ, ճանաչել եմ ՀՀ տարածքային ամբողջականությունը»,- ասաց նա

Իսկ նոյեմբերի 9-ի հայտարարությունը ուժի մե՞ջ է։ Եթե ոչ, ապա ինչո՞ւ Քարվաճառն ու Քաշաթաղը դեռևս չեն վերադարձվել

Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը մի քանի պատճառներով չի գործում։ Այս մասին չորեքշաբթի օրը մամուլի ասուլիսում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը։
«Գոյություն ունեցող տեքստերի անհամապատասխանությունների, գործնական խնդիրների պատճառով։ Ճշմարտությունն ասելու համար կա նաև որոշակի վստահության պակաս», – ասաց նա։

Հիշեցնենք, որ փոխվարչապետերի եռակողմ ձևաչափը ի հայտ եկավ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունից հետո, որի 9-րդ կետում ասվում է. «Տարածաշրջանի բոլոր տնտեսական և տրանսպորտային կապերը բացվում են։ Հայաստանի Հանրապետությունը երաշխավորում է Ադրբեջանի Հանրապետության արևմտյան շրջանների և Նախիջևանի Ինքնավար Հանրապետության միջև տրանսպորտային կապերի անվտանգությունը՝ քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և ապրանքների անարգել տեղաշարժը երկու ուղղություններով կազմակերպելու համար։ Տրանսպորտային կապերի նկատմամբ վերահսկողությունն իրականացնում է Ռուսաստանի ԱԴԾ սահմանապահ ծառայությունը»։ Նույն հայտարարության համաձայն՝ երեք շրջաններ՝ Աղդամը, Քարվաճառը և Քաշաթաղը, հանձնվել են առանց մարտերի։

Հայտարարությունը ստորագրելուց երկու տարի անց՝ 2022 թվականի օգոստոսին, Փաշինյանը հաստատեց, որ նոյեմբերի 9-ի հայտարարության իմաստն այն էր, որ այն առանձնացնում էր Լեռնային Ղարաբաղը որպես առանձին սուբյեկտ, սահմանում էր շփման գիծը, որի վրա տեղակայված են ռուսական զորքերը, և հստակ սահմանազատում Լաչինի միջանցքը։

2025 թվականի հուլիսին Ղարաբաղը օկուպացված և հայաթափված է, այնտեղ չկան ո՛չ ռուսական զորքեր, ո՛չ էլ Լաչինի միջանցք, Սյունիք տանող ապագա ճանապարհի նկատմամբ ռուսական վերահսկողությունը այլևս չի քննարկվում, բայց Հայաստանը համառորեն չի հրաժարվում նոյեմբերի 9-ի հայտարարությունից և չի պահանջում վերադարձնել նոյեմբերի 9-ի փաստաթղթի համաձայն ՝ որպես մնացած բոլոր կետերի կատարման պայման հանձնված երեք շրջանները։

«Այո, կա նաեւ այդպիսի գաղափար՝ նախաստորագրել խաղաղության պայմանագիրը»

«Այո, կա նաեւ այդպիսի գաղափար՝ նախաստորագրել խաղաղության պայմանագիրը»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը։

«Այո, նախաստորագրման գաղափարն էլ կա սեղանի վրա եւ օրակարգում, դա մենյուի մեջ առկա քննարկվող տարբերակներից մեկն է, որն ինքնին միայնակ չէ։ Ինքը կարող է որոշակի պայմաններում լինել ընդունելի, որոշակի պայմաններում լինել իրատեսական, իսկ որոշակի պայմաններում լինել ոչ այնքան իրատեսական»,- հավելեց Փաշինյանը։

Փաշինյանն ասաց, որ ոչինչ ստորագրված չէ, բայց ներկայացրեց քննարկվող տարբերակները

«Ինչ վերաբերում է արտապատվիրակմանը, հենց այսօր Հայաստանում արտապատվիրակման հայտնի դեպքեր կան, օրինակ, «Զվարթնոց» օդանավակայանի կառավարումն արտապատվիրակված է։ Եվ ես չեմ կարծում, որ որեւէ ձեւով այդտեղ Հայաստանի ինքնիշխանությունը, իրավազորությունը կամ տարածքային ամբողջականությունը խախտված է։ Ջրային համակարգի կառավարումն արտապատվիրակված է, Հայաստանի երկաթուղիների կառավարումն արտապատվիրակված է»,- այսօր հրավիրած ասուլիսում ասաց Նիկոլ Փաշինյանը՝ անդրադառնալով Սյունիքի ճանապարհի արտապատվիրակման հնարավորության մասին հարցին։

Նա մանրամասնեց, թե ինչ քննարկումներ են ընթանում Սյունիքի շուրջ։ «Օրինակ՝ քննարկվում է որեւէ ընկերության ստեղծում, որը կներգրավի ներդրումներ, որովհետեւ կարող եք պատկերացնել, չէ՞, թե «խաղաղության խաչմերուկ» նախագիծն ինչ ահռելի ներդրումային պոտենցիալ ունի։ Դա մի տնտեսություն է, որը պետք է կառավարվի, նախ ստեղծվի, հետո կառավարվի։ Մեր տրամաբանությամբ՝ դա պետք է եւ կարող է լինել ՀՀ սեփականությունը։ Խոսքն այստեղ ահա այդ տնտեսությունը կառավարելու եւ դրա շրջանակներում որոշակի գործառույթներ իրականացնելու մասին է»։

Անդրադանռնալով ԱՄՆ առաջարկին՝ Սյունիքի ճանապարհը 100 տարով վարձակալելու մասին, Նիկոլ Փաշինյանն ասաց, որ ներառյալ՝ քննարկվում է հողի վարձակալության թեման։

«Ես ուզում եմ ասել, որ այն, ինչ հիմա ես նկարագրեցի, մեր օրենսդրությամբ կոչվում է կառուցապատման իրավունք։ Եվ այդ կառուցապատման իրավունքով տրված ներդրումները նաեւ որոշակի պայմաններում այդ պայմանագրի լրանալուց հետո շարունակում են մնալ ՀՀ սեփականությունը։ Քննարկվել են եւ քննարկվում են ամենատարբեր գաղափարներ, եթե լիներ մի պայմանավորվածություն, որն արդեն ձեռք բերված լիներ, ես դրա մասին կասեի։ Ես ընդհանուր ներկայացրեցի քննարկումների շառավիղը»։

Տուն կունենա՞նք երբևէ, չգիտեմ․ արցախցի ընտանիք

2023-ի սեպտեմբերի19-ին տիկին Էմման Ստեփանակերտի վերականգնողական կենտրոնում էր որդուն՝ Մխիթարին էր խնամում։ Մխիթարը զինվորական 1-ին կարգի հաշմանդամ է։ Երիտասարդ տղայի մոտ 2013 թվականին հայտնաբերվել է չարաբաստիկ հիվանդություն, որը հետզհետե նրան գամել է անկողնուն շարժվում է միայն սայլակի միջոցով։

Արցախի Մարտունի քաղաքից է տեղահանվել Թեմուր և Էմմա Գրիգորյանների ընտանիքը, բնակություն հաստատել Էջմիածին քաղաքում։

-Երբ սկսվեցին հրետակոծությունները, մենք վերականգնողական կենտրոնում էինք։ Այնքան ուժգին էին հրետակոծում, որ թվում էր, թե փրկություն չի լինելու։ Կենտրոնի անձնակազմի կողմից անմիջապես կազմակերպվեց մարդկանց տարհանումը, մեզ տարան մոտակա մանկապարտեզը, որտեղ փոքր-ինչ ապահով էր։ Ամուսինս ու մյուս որդուս ընտանիքը Մարտունիում էին։ Չէինք կարողանում կապվել իրար հետ, անորոշ վիճակ էր։ Մեկ օր հետո զինադադար հայտարարվեց, որից հետո սկսվեցին խոսակցություններ պտտվել Արցախից տեղահանվելու մասին։ Սկզբից չէինք հավատում, սակայն պարզվեց, որ դա պարզ ճշմարտություն է։ Մերոնք Մարտունուց եկան, և սեպտեմբերի 27-ին մենք ևս բռնեցինք տեղահանության ճանապարհը։ Այդպես էլ չկարողացա հրաժեշտ տալ իմ ծննդավայրին, իմ տանը:

2013-ին Մխիթարը ծառայության մեջ էր, երբ հիվանդացավ։ Խնդիրը ողնաշարի հետ էր կապված։ Առաջին անգամ վիրահատվեց 2016-ին Երևանի Քանաքեռ-Զեյթուն բժշկական կենտրոնում։ Հետո վիճակն ավելի վատացավ, անհրաժեշտ էր նորից վիրահատվել։ 2019-ին՝ Մոսկվայում, նորից վիրահատություն տարավ, որը տևեց 7 ժամ, սակայն բարեհաջող չանցավ ու մի քանի ժամ հետո որդիս կրկին վիրահատարանի սեղանին էր։ Վերադարձանք տուն, ու հետագա մեր տարիներն անցան հիվանդանոցներում։ Անընդհատ Երևան-Ստեփանակերտ ճանապարհին էինք։ Նշանակվել եմ տղայիս խնամակալը, սովորել ինքս սրսկումներ անել ու խնամել նրան։

Տեղահանությունից հետո Մխիթարը 2 անգամ բուժման կուրս է անցել Երևանի Զինվորի տանը, ճառագայթային բուժում ստացել Քանաքեռ-Զեյթուն ԲԿ-ում,- պատմում է տիկին Էմման։

Արցախփոստ ՓԲԸ Մարտունու մասնաճյուղում գանձապահ էր աշխատում տիկին Էմման, իսկ ամուսինը կոմունալ տնտեսությունում աշխղեկ էր։ Իրենց տուն ու տեղն ունեին, ինչպես բոլոր արցախցիներն ապրում էին արժանապատիվ կյանքով։ Տիկին Էմման չի կարողանում հաշտվել Հայրենիքի կորստի հետ։

 -Արցախում կարողանում էինք հաղթահարել մեր դժվարությունները։ Անգամ որդուս ծանր հիվանդությունն այնտեղ ասես թեթև էր թվում, որովհետև շրջապատված էինք հարազատներով, հարևաններով և վերջապես չէինք մտածում, որ ամեն ամսվա վերջում պետք է տան վարձավճար մուծենք։ Այսօր մեզ շրջապատում են միայն սոցիալական խնդիրները։ Ցավոք, կայնքը շատ անարդար գտնվեց արցախցիներիս հանդեպ։ Կորցրինք ամեն ինչ, ցիրուցան եղանք աշխարհով մեկ։ Գուցե հեշտ կլիներ, եթե արցախցիներով բնակվենք իրար մոտ, հաճախակի շփվենք, խոսենք մեր բարբառով։ Սոցիալական դժվարություններն ավելի են ծանրանում կարոտի ցավից:

ՀՀ քաղաքացիություն ենք ընդունել, որ կարողանանք օգտվել բնակապահովման ծրագրից, սակայն երեք հոգանոց մեր ընտանիքը, որտեղ բոլորս թոշակառու ենք, կկարողանա՞ արդյոք բնակարան ձեռք բերել Երևանին մոտ բնակավայրերում, որովհետև տղայիս անընդհատ հինանդանոց ենք տանում։ Վերջերս հաճախակի է վատանում, գրեթե ամեն օր շտապ օգնություն ենք կանչում։ 15 տարի իմ աչքի առաջ երեխաս տանջվում է ցավերի մեջ, իսկ ես անզոր եմ օգնել։

Տարվա վերջին, երբ դադարի խոցելի խմբերին տրամադրվող բնակվարձերի աջակցությունը, միայն թոշակով պարզապես չենք կարող ապրել,- ասում է արցախցի կինը, ապա ավելացնում,- տուն կունենա՞նք երբևէ, չգիտեմ․․․

Մեր զրույցի ընթացքում Մխիթարը լուռ հետևում էր հավանաբար ուրախ էր, որ այդ պահին ցավեր չունի և չի խանգարում խոսակցությանը։ 37 տարեկան տղամարդն անզոր է օգնել իր ընտանիքին, թիկունք լինել ծնողներին։ Ծանր հիվանդության պատճառով նա ոչինչ չի կարողանում ինքնուրույն անել։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Մեղրիի ճանապարհ. ուժային զավթո՞ւմ է գեներացվում

Հայկական լրատվամիջոցները, հղում անելով սեփական աղբյուրներին, հաղորդում են, որ Փաշինյանը իր «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ղեկավարության հետ հանդիպման ժամանակ ասել է, որ Մեղրիի ճանապարհը որևէ կերպ չի բացվի Հայաստանի իրավասությունից դուրս: Ըստ լրատվամիջոցների՝ եղել են առարկություններ. իսկ կարո՞ղ է կատեգորիկ մերժումը Ադրբեջանին «օրինական հիմք» տա ուժով զավթելու ճանապարհը: «ՔՊ-ում այս հարցին հստակ պատասխան չկա: Կառավարության ներսում կան մտահոգություններ, որ հստակ ռազմավարության բացակայության դեպքում իրավիճակը կարող է դուրս գալ վերահսկողությունից, և Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության համաձայնագիր կարող է չստորագրվել», – գրում են լրատվամիջոցները:

Նիկոլ Փաշինյանն այսօր մամուլի ասուլիս է հրավիրել, և կասկած չկա, որ այս թեզը կհնչի որպես պատերազմի սպառնալիքի պատճառով Հայաստանի հարավում ինքնիշխանությունից «հարկադրաբար» հրաժարվելը արդարացնելու փորձ: Այս սպառնալիքը, որն անկասկած իրական է, արդեն «ստիպել» է Հայաստանի կառավարությանը հրաժարվել ուժի օրինական կիրառումից՝ երկրի ինքնիշխանությունը տարբեր տարածքներում, այդ թվում՝ Արցախում և Ջերմուկում պաշտպանելու համար: Անցյալ տարի այս ժամանակ նույն փաստարկն օգտագործվեց Տավուշի տարածքները միակողմանիորեն հանձնելու համար, ինչն այն ժամանակ անվանվեց «հաջող սահմանազատում»։

«Պետք է հանձնվենք՝ պատերազմից խուսափելու համար» թեզի թարմացումը ենթադրում է, որ Սյունիքում ևս  անխուսափելի է միակողմանի կապիտուլյացիայի ակտ։

Պոլիս այցից առաջ Փաշինյանի կառավարությունը հայտարարում էր, որ միջանցքի տրամաբանություն չկա, կա խաչմերուկի տրամաբանություն, այսինքն՝ բոլոր ճանապարհների բացում, այդ թվում՝ Հայաստանի համար։ Մասնագետները նույնիսկ կարծում էին, որ համաձայնագրիմաս կարող է լինել Հայաստանից դեպի Իրան Նախիջևանի միջով ճանապարհ բացումը։ Սա, ինչպես նշվում էր, կարող է լինել Իրանի «լուռ համաձայնության» պատճառը Մեղրիի միջանցքի հավանական բացմանը։ Կա կարծիք, որ սա այն բոնուսն է, որը Ալիևն ու Էրդողանը առաջարկել են Պեզեշքիանին օկուպացված Ստեփանակերտում. Իրանը հնարավորություն է ստանում ազատորեն տեղափոխել ապրանքներ Նախիջևանի միջով դեպի Երասխ և հետ Իրան, գուցե նույնիսկ երկաթուղով՝ Մեղրիի երկայնքով հայ-իրանական սահմանը վերացնելու «թույլտվության» դիմաց։ Բայց միայն Իրանն է ստանում նման հնարավորություն, ոչ թե Հայաստանը։

Դժվար է նույնիսկ ենթադրել, որ Հայաստանը կկարողանա օգտվել Նախիջևանով դեպի Իրան տանող նույն ճանապարհից, քանի որ խոսվում է միայն մեկ ճանապարհի բացման մասին՝ Ադրբեջանից դեպի Նախիջևան, որը ԱՄՆ-ն պատրաստ է վարձակալել 100 տարով։ Խոսք չկա որևէ «Նախիջևանի տարանցման» մասին։

Ապա ինչպե՞ս է Հայաստանը ապրանքներ տեղափոխելու Իրան և Հնդկաստան՝ կառուցվող նոր Հյուսիս-Հարավ մայրուղով, որտեղ այժմ ընթանում են խոշոր շինարարական աշխատանքներ, այդ թվում՝ թունելների փորում: Ի դեպ, Նիկոլ Փաշինյանի Բրյուսել կատարած այցի ժամանակ ԵՄ-ն հանկարծ հիշեց 2021 թվականին Հայաստանին խոստացված 2,5 միլիարդ եվրոյի մասին: Հիշենք, որ այս միջոցների առյուծի բաժինը նախատեսված էր հատկապես Սյունիքի և Հայաստանի հարավում ճանապարհների կառուցման համար: Այսինքն, Եվրոպան որոշեց այդ միջոցները փոխանցել Հայաստանին, որպեսզի այն կարողանա ավարտել ճանապարհը, որը դեռ հայտնի չէ՝ կկարողանա՞ օգտագործել, թե՞ ոչ՞ բայց առնվազն կլինի «մխիթարություն»:

Եթե Միացյալ Նահանգները կամ ինչ-որ մեկը վարձակալի հայ-իրանական սահմանի 32 կամ 46 կմ-ը, կամ եթե այս տարածքը բռնագրավվի ուժով, ապա Հայաստանի քաղաքացիները ստիպված կլինեն անցնել անձնագրային և մաքսային ստուգում՝ Իրան մեկնելու համար, անկախ նրանից, թե ով է լինելու վերահսկողը: Ռուսաստանը, ըստ երևույթին, չի պնդում 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարության 9-րդ կետը, որի համաձայն՝ Մեղրիի ճանապարհի վրա վերահսկողություն պետք է իրականացնի Ռուսաստանի ԱԴԾ-ն: Սակայն Ռուսաստանն արդեն սկսել է խոչընդոտներ ստեղծել վրացական ճանապարհով հայկական արտադրանքի ներմուծման համար, ուստի դեպի Ռուսաստան արտահանումը նույնպես կարող է հարցականի տակ լինել։

Այս բազմաթիվ անհայտներով հավասարումը դժվար թե լուծվի պոզիտիվ «բիզնես նախագծերով» կամ պատերազմի սպառնալիքով։ Այն լուծելու համար անհրաժեշտ է վերանայել տարածաշրջանի երկրների իրավասությունը սահմանող հիմնարար փաստաթղթերը։ Խոսքը նոյեմբերի 9-ի հայտարարության մասին է, որտեղ առաջին անգամ հիշատակվեց «Ադրբեջանի և Նախիջևանի միջև անարգել հաղորդակցության» մասին, ինչպես նաև ռուս-թուրքական Կարսի պայմանագրի մասին, որը սահմանում է Նախիջևանի կարգավիճակը։

Հայաստանը բարձրաձայն լռում է այս հիմնարար փաստաթղթերի մասին՝ մասնակցելով այդ փաստաթղթերից բխող հակահայ իրականության կառուցմանը, միաժամանակ չվիճարկելով կամ չճանաչելով այդ փաստաթղթերի գոյությունը։

Հետք․ Արցախի ներկայացուցչության շենքի սեփականության իրավունքը վիճարկվում է

Հետք

Գլխավոր դատախազությունը 2025թ. հուլիսի 15-ին Կադաստրի կոմիտեի դեմ հայց է ներկայացրել Վարչական դատարան՝ պահանջելով անվավեր ճանաչել Երևան քաղաքի Ն. Զարյան փողոց թիվ 17Ա հասցեում գտնվող շինության նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքի պետական գրանցումը։

Ըստ Կադաստրի Կոմիտեի ինքնաշխատ եղանակով ստացված տվյալների՝ նշված գույքի նկատմամբ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության կառավարության սեփականության իրավունքը գրանցվել է 2017թ. մարտի 20-ին։

Անշարժ գույքը, որի հետ կապված իրավունքները վիճարկում է Գլխավոր դատախազությունը,  տարիներ շարունակ եղել է Հայաստանի Հանրապետությունում Արցախի մշտական ներկայացուցչության շենքը։ Ադրբեջանի կողմից Արցախի դեմ սանձազերծած 44-օրյա պատերազմից հետո փաստացի այն Արցախի պաշտոնյաների գործունեության և Արցախից բռնի տեղահանված քաղաքացիների հետ կապ պահելու միակ տարածքն է։

Այն 1969թ. կառուցված երկհարկանի վարչական շենք է։ Տարածքի մեջ մտնում է 0.11592 հա մակերեսով հողատարածքը, էլեկտրական ենթակայանը, 28.5 քմ նկուղը, 17.2 քմ կիսանկուղը,  310.3 քմ վարչական շենքը և 1998թ. կառուցված 26.8քմ մակերեսով ավտոտնակը։

Նշենք, որ դեռևս 2024թ. սեպտեմբերի 9-ին լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը հայտարարել էր, թե  Արցախի նորեկ իշխանությունները, որոնք փախել են Հայաստան, Արցախի ներկայացուցչությունում հավաքներ են անում, փորձում են «իրենց վրայից մեղքը մաքրել»:

«Չեն կարողանալու մաքրել: Այդ շենքի իմաստն էլ պետք է մենք վերանայենք։ Ես համարում եմ, որ այդ շենքը այլևս չպետք է նման բաներին ծառայի», – ասել էր ԱԺ նախագահը։

Reuters-ը տեղեկացել է Պուտինի՝ Ուկրաինայի ևս երեք շրջաններ գրավելու ծրագրերի մասին

«Ռոյթերս»-ը, հղում անելով Կրեմլին մոտ կանգնած երեք աղբյուրների, գրում է.

«Պուտինը համոզված է, որ Ռուսաստանն արդեն դիմացել է Արևմուտքի ամենախիստ պատժամիջոցներին և կկարողանա դիմակայել հետագա տնտեսական ճնշմանը, այդ թվում՝ ռուսական նավթի գնորդների նկատմամբ նոր մաքսատուրքերին։

Աղբյուրները նշում են, որ Պուտինը մի քանի հեռախոսազրույցներ է ունեցել Թրամփի հետ, ինչպես նաև հանդիպումներ է ունեցել ԱՄՆ հատուկ ներկայացուցիչ Սթիվ Վիտկոֆի հետ։ Սակայն, Ռուսաստանի առաջնորդը կարծում է, որ խաղաղության համաձայնագրի վերաբերյալ լուրջ քննարկումներ չեն եղել։

Գործակալության տվյալներով՝ խաղաղության համար Պուտինի պայմանները մնում են անփոփոխ. ՆԱՏՕ-ն պետք է պաշտոնապես հրաժարվի դեպի արևելք իր ընդլայնումից, Ուկրաինան պետք է ընդունի «չեզոք կարգավիճակ», կրճատի իր բանակը և երաշխավորի ռուսախոս բնակչության «պաշտպանությունը»։ Մոսկվան նաև պահանջում է ճանաչել բոլոր այն տարածքները, որոնք ռուսական բանակն արդեն գրավել է։ Միևնույն ժամանակ, աղբյուրների համաձայն, Պուտինը պատրաստ է քննարկել Ուկրաինայի անվտանգության երաշխիքները այլ համաշխարհային տերությունների մասնակցությամբ։ Սակայն դեռևս պարզ չէ, թե ինչպես են այդ երաշխիքները կիրականացվեն։

Աղբյուրներից մեկը նշել է, որ ռուս բռնապետի ախորժակը կարող է աճել, քանի որ բանակը խորանում է դեպի  Ուկրաինա։ Մյուս երկու աղբյուրները նշել են, որ եթե ուկրաինական դիմադրությունը թույլ լինի, Ռուսաստանը կարող է փորձել գրավել Դոնեցկի, Լուգանսկի, Զապորոժիեի և Խերսոնի մարզերի մնացած մասերը, այլև շարունակել իր հարձակումը Դնեպրոպետրովսկի, Սումիի և Խարկովի մարզերում՝ այդ շրջանները նույնպես գրավելու համար։ «Ռուսաստանը կգործի՝ ելնելով Ուկրաինայի թուլությունից», – եզրակացրել է աղբյուրներից մեկը։

Արցախցիները շատ են բարձրաձայնում հատկապես փոքր կազմով ընտանիքների հարցը

«Խոսքս վերաբերում է դեռ վարձով մնացող արցախցիներին, մունք վեչ 10 հազարներով, վեչ էլ 30 հազարներով չենք կարողանալու համ տան վարձ տանք, համ կոմունալ, համ էլ գոյատեւինք, քանի ուշ չի, եկեք հանրահավաք կազմակերպինք, հետո դժվար է լինելու մեզ հետե»,- սոցիալական ցանցում կոչ է արել արցախցիներից մեկը։

Կառավարության երեկվա հայտնած տեղեկությունից հետո արցախցիների մոտ անորոշությունը խորացել է։ Մարդիկ ահազանգում են, որ չեն կարող վճարել իրենց բնակարանների վարձը։ Կառավարությունում երեկ տեղի ունեցած հանդիպումից հետո Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի անդամները հայտարարեցին, որ կառավարությունը հրաժարվում է երկրակացնել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը։ Այնինչ, արցախցիներն այդ գումարի կարիքն ունեն։ Մինչեւ դեկտեմբեր աջակցությունը կտրամադրվի միայն խոցելի խմբերին։ Թեեւ արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ այս փուլում դադարեցնում է փողոցային պայքարը, բայց արցախցիներից ոմանց կոչ են անում ցույցերի դուրս գալ։

«40 հազարը պիտի շարունակվի, մինչեւ մարդիկ տներով ապահոված լինեն, եւ մենք պետք է ամեն ինչ անենք դրա համար»,- սոցիալական ցանցում գրել է արցախցիներից մեկը։

«Իմ կարծիքավ չեն երկարացնի, որովհետեւ ցույցի համարյա մարդել չի տուսյեկալ, հունցը տեսնում մին հայուր հոգիյնք իլալ կարիքավոր, դե մեզել արհամարլն»,- գրել է մեկ այլ արցախցի։

«Մենք ենք մեղավոր, տանը նստած ոչ մեկը մեզ չի հավատա մեր վատ վիճակի մասին»,- գրել է օգտատերերից մեկը։

«Մի տան մեջ երկու թոշակառու, մեկի սիրտը վիրահատված, թոշակը միայն դեղերին է հերիքում, մյուսն էլ երկրորդ կարգի հաշմանդամ, դե եկ, հարց լուծի»։

«Բա որ համ զոհվածի ընտանիք ենք, համ էլ 3 հոգանոց, ի՞նչ պիտի անենք, ու ստանում եմ 85 000 դրամ աշխատավարձ»,- գրում են արցախցիները։

Մարդիկ շատ են բարձրաձայնում փոքր կազմով ընտանիքների հարցը՝ նշելով, որ չեն կարող բնակապահովման ծրագրով այնքան գումար ստանալ, որպեսզի բնակարան գնեն։ Առաջարկներ կան, որ գուցե կառավարությունն անտոկոս վարկե՞ր կտրամադրի այս ընտանիքներին, որպեսզի մարդիկ կարողանան նորմալ բնակարան գնել։ Արցախցիներից մեկն ահազանգել է, որ, օրինակ, Գեղարքունիքի մարզում, որը հեռավոր մարզ է համարվում, կառավարության որոշումից հետո տների գները կտրուկ թանկացել են․ նախկին 10 հազար դոլարի փոխարեն նախ տների գները դարձել են 40 հազար դոլար, իսկ վերջին օրերին՝ անգամ 60 հազար դոլար։

Նշենք, որ Արցախի ՄԻՊ Գեղամ Ստեփանյանն ասել էր, որ երեկ կառավարությունում քննարկվել է նաեւ փոքր կազմով ընտանիքների հարցը։ Ըստ նրա՝ կառավարությունում քննարկում են այս ընտանիքներին երկարաժամկետ բնակվարձի գումար վճարելու տարբերակը, բայց այդ հարցով էլ դեռ կառավարությունում կոնսենսուս չկա։

Ռոզա Հովհաննիսյան

Վե՞րջ, որևէ հույս չկա՞ արցախցիների խնդիրները լուծելու

Հուլիսի 12-ի հանրահավաքից և Արցախի իրավունքների խորհրդի անդամների՝ փոխվարչապետ Տիգրան Խաչատրյանի աշխատակազմի հետ հանդիպումից հետո հայտարարվեց, որ փողոցային պայքարի այս փուլն ավարտվել է, որ հանդիպումը որևէ արդյունք չի տվել, որ կառավարությունը կտրականապես հրաժարվել է երկարացնել 40 հազար դրամի չափով աջակցությունը և վերանայել բնակարանային ծրագիրը։ Միակ «առաջընթացը» այն էր, որ կառավարությունը խոստացավ քննարկել փոքր ընտանիքների հարցը, որոնց կարող է տրվել երկարաժամկետ վարձակալության հնարավորություն, բայց ոչ սոցիալական բնակարան։

Խորհրդի անդամները նաև հայտարարեցին, որ լքում են Երևանում գտնվող Արցախի ներկայացուցչությունը, չնայած չնշեցին, թե որտեղ են գնալու։ Բացի այդ, նրանք նշեցին, որ խորհրդի կազմը կվերանայվի։ Հանրահավաքից առաջ նրանք ասում էին, որ իրավապահ մարմինները ճնշում են գործադրել ակտիվիստների վրա։

Խորհրդի անդամները նաև ասում են, որ չեն զգում հանրային աջակցություն իրենց գործունեության նկատմամբ, որ պատգամավորները, որոնք իրենք պետք է զբաղվեին այս բոլոր հարցերով, նույնիսկ չեն մասնակցել ակցիաներին (չնայած միտինգում կային մասնակիցներ)։ Խորհրդի անդամները համարեցին, որ ներկայիս ձևաչափով պայքարն անիմաստ է։

Այս ամենը հիասթափության նոր ալիք է առաջացրել արցախյան հասարակության մեջ։ Դե ինչ, վե՞ րջ, էլ հույս չկա՞, միմյանց հարցնում են արցախցիները։ Ոմանք առաջարկում են շարունակել փողոցային պայքարը, ոմանք ասում են, որ յուրաքանչյուր ընտանիք պետք է իր գլխի ճարը տեսնի, ոմանք կոչ են անում լուծել առնվազն ամենախոցելի խմբերի՝ տարեցների, միայնակների, հիվանդների հարցը։ Արդեն կան պատմություններ միայնակ մարդկանց մասին, որոնց տանտերերը խնդրել են լքել տները, և նրանք հայտնվել են փողոցում։

Գոյաբանական ճգնաժամի առջև հայտնված արցախցիների հուսահատությունը սրում են “թարս ընկալումներն” ու նեգատիվը, որոնց բողոքող արցախցիները բախվում են սոցիալական ցանցերում և տեղեկատվական դաշտում։ Սակայն պաշտոնյաների կարծիքը, ովքեր պարզ ասում են, որ կառավարությունը որևէ պարտավորություն չունի արցախցիների նկատմամբ, մարդկանց զրկում է վերջին հույսից։

Վարչապետի աշխատակազմի ղեկավար Տարոն Չախոյանը, որը մարտի 14-ին դուրս եկավ բողոքի ակցիայի մասնակիցների մոտ, հանգիստ պատասխանեց արցախցի մի կնոջ, որն ասում էր, թե ուզում է վերադառնալ հայրենիք՝ Արցախ. դուք գիտեք, որ սա անհնար է, ես էլ եմ ուզում ծովից ծով Հայաստան, ի՞նչ անեմ։ Նա նաև ասաց, որ Հայաստանում ոչ միայն արցախցիներն ունեն խնդիրներ, շատ գյումրեցիներ նույնպես անօթևան են, ինչպես նաև նրանք, ովքեր իրենց տները գրավադրել են բանկերին և կորցրել դրանք։

Չախոյանը հայտարարել է, որ ընդդիմությունը փորձում է օգտագործել Արցախի ժողովրդին իր քաղաքական նպատակների, մասնավորապես՝ իշխանափոխության համար։ Նույնն են ասում նաև «Քաղաքացիական պայմանագրի» պատգամավորները, որոնք կարծում են, որ ընդդիմությունը քաղաքական շահագործման է ենթարկում արցախցի «եղբայրներին և քույրերին»՝ մեղադրելով բոլոր խնդիրների համար կառավարությանը։

Իհարկե, այս թեզերի հետ վիճելն իմաստ չունի, քանի որ սա համոզմունք չէ, որը կարող ես փոխել, այլ հստակ մշակված տեխնոլոգիա։ Մնում է միայն մեկ հարց. եթե արցախցիները այդքան հեշտությամբ ենթարկվում են քաղաքական շահագործման, ինչու՞ Հայաստանի կառավարությունն ինքը չի «շահագործում» նրանց. չէ՞ որ դրա համար բավական է երկարաձգել սոցիալական աջակցությունը, մինչև մարդիկ կարողանան բնակարան գնել։ Եւ տալ ճիշտ գնահատականներ։

Այնուամենայնիվ, մոտ 900 արցախյան ընտանիք արդեն ստացել է վկայականներ, և մոտ 400 ընտանիք նույնիսկ իրացրել է դրանք։ Մարդիկ ստանում են քաղաքացիություն, փոխանակում են մեկ կապույտ անձնագիրը մյուսով և դառնում են Հայաստանի «սովորական» քաղաքացիներ, որոնք դեռ կկարողանան պետական ծրագրով բնակարան գնել մինչև 2027 թվականի վերջը, իսկ հետո թող իրենք որոշեն։ Հայաստանում ոչ ոք որևէ պարտավորություն չունի Արցախի ժողովրդի նկատմամբ։

Ոչ Արցախի քաղաքական իշխանությունները, որոնք մայիսին երկարացրեցին իրենց լիազորությունները, ոչ էլ խորհրդարանի նոր խոսնակը կամ պետական նախարարը չեն բարձրացրել գլխավոր հարցը՝ Արցախի ժողովրդի կարգավիճակը։ Առանց այս կարգավիճակի, առանց արցախցիների, նրանց ունեցվածքի և իրավունքների հետ կատարվածի քաղաքական գնահատականի, արցախցիներն իրականում ոչնչով չի տարբերվում ասենք Համզաչիմայում անօթևան մնացած մարդկանցից։

Վերջին երկու տարիների ընթացքում Հայաստանի կառավարությունը Արցախի ժողովրդին չի շնորհել ո՛չ փախստականի կարգավիճակ (այսինքն՝ այլ երկրի քաղաքացու, որը ապաստան է խնդրել Հայաստանում), ո՛չ էլ ներքին տեղահանվածի կարգավիճակ (նույն երկրի քաղաքացիների, որոնք ստիպված են եղել լքել իրենց տները)։ Միջազգային իրավունքում այս երկու կարգավիճակներն էլ շատ կոնկրետ պարտավորություններ են ենթադրում ընդունող երկրների կառավարությունների համար, և սոցիալական օգնությունը, միջազգային կազմակերպությունների աջակցությամբ, իրականացվում է տվյալ երկրի փախստականների մասին օրենքին համապատասխան։

2023 թվականի նոյեմբերին արցախցիները ստիպված էին փոխել իրենց անձնագրերը և ստորագրել մի թուղթ, որում նշվում էր, որ նրանք քաղաքացիություն չունեն, չնայած բոլորն էլ ունեին ՀՀ անձնագրեր։ Հայաստանը «ֆորմալացրեց» իր գործառույթները որպես «ժամանակավոր պաշտպանություն», որը չի ենթադրում որևէ սոցիալական պարտավորություն, բայց զրկում է արցախցիներին այլ երկրներում ապաստան խնդրելու հնարավորությունից։

Այս հարցը պետք է դառնար Հայաստանի կառավարության և արցախյան հասարակության ներկայացուցիչների՝ լինեն դրանք պատգամավորներ, թե Հանրային խորհուրդ, միջև քննարկումների հիմնական թեման։ Առանց որոշելու, թե ովքեր են արցախցիները Հայաստանում, սոցիալական կամ այլ երաշխիքներ չեն կարող լինել։

Կառավարամետ վերլուծաբանները նշում են, որ պաշտոնական Երևանը չի կարող հայկական անձնագրեր ունեցող արցախցիներին ճանաչել որպես այլ երկրից փախստականներ, քանի որ կպարզվի, որ Հայաստանը օկուպացրել է Արցախը։ Բայց նա չի կարող ճանաչել Արցախը որպես Հայաստանի մաս (չնայած, ըստ Ալիևի, դա գրված է Անկախության հռչակագրում և Հայաստանի Սահմանադրությունում), քանի որ կրկին կպարզվի, որ Հայաստանը օկուպացրել է Արցախը։

«Ավելի էժան է» 150 հազար արցախցիներին զրոյի վերածել՝ առանց կենսագրության, առանց սոցիալական և իրավական ծագման։ Սակայն պարզ չէ, թե ինչ հիմքով է ՀՀ կառավարությունը մինչ օրս գումար հատկացնում արցախցիներին օգնելու համար, եթե նրանք կարգավիճակ չունեն։ Համզաչիմայի բնակիչներիի մեջ էլ կան անօթևան բազմաթիվ մարդիկ։

Նաիրա Հայրումյան

Միջազգային ԶԼՄ-ները «Զանգեզուրի միջանցքում» և հայ-իրանական սահմանի վերացման մեջ Իսրայելի դերի մասին

Մեղրիի ճանապարհը բացելու և հայ-իրանական սահմանը 100 տարով “վարձակալությամբ” ԱՄՆ-ին հանձնելու մասին խոսակցությունների համատեքստում ընդգծվում է հիմնական շահառուների ցանկը: Եթե այս ճանապարհի բացումը օգտակար չէ Հայաստանի համար, ապա ի՞նչը կարող է նրան ստիպել զիջել: Եւս մեկ հարց. ինչո՞ւ ԱՄՆ-ն պարզապես ճնշում չի գործադրում Բաքվի վրա և չի ասում, որ կամ ճանապարհը պետք է լինի Հայաստանի ինքնիշխանության ներքո, կամ այն չի բացվի։

«Գործարքի» տրամաբանության մեջ, որի “ուստան” Թրամփն է, ակնհայտ է, որ ճանապարհը, և դրա հետ մեկտեղ՝ ամբողջ Սյունիքը, «տրվում է» Բաքվին և Անկարային՝ որպես երախտագիտության նշան Իսրայելա-Իրանական պատերազմի ժամանակ ճիշտ դիրքավորման համար։

Իսրայելցիները ոչ միայն օգնեցին Ադրբեջանին 2020 թվականին Լեռնային Ղարաբաղում տեղի ունեցած դաժան պատերազմում, այլև Բաքուն փոխադարձաբար թույլ տվեց իսրայելցիներին ուղղորդել իրենց անօդաչու թռչող սարքերի բազմաթիվ հարձակումներ իրանական հրթիռների և հակաօդային պաշտպանության համակարգերի դեմ՝ Իսրայելի և Իրանի միջև 12-օրյա պատերազմի սկզբում: Այս մասին հաղորդում է The National Interest-ը։

«Եթե Ադրբեջանը կարողանա լիովին տիրանալ Հայաստանի միջանցքին, ապա կկարողանա կառուցել խողովակաշար, որը կկապի իր գազային հանքավայրերը թուրք սպառողների հետ։ Հենց այս համատեքստում տեղի ունեցան Աբու Դաբիում Հայաստանի և Ադրբեջանի միջև բանակցությունները։ Այս բանակցությունները երկարատև կրոնական վեճը լուծելու փորձ չէին, այլ Եվրասիայի խորքում և ավանդաբար Ռուսաստանի, Իրանի և Չինաստանի իրավասության տակ գտնվող տարածքների նկատմամբ գերիշխանության համար մեծ աշխարհաքաղաքական խաղ», – նշում է The National Interest-ը։

Ադրբեջանի, Իսրայելի և Թուրքիայի միջև եռակի դաշինքի ամրապնդումը փոխում է ուժերի հավասարակշռությունը Արևմտյան Ասիայում և Հարավային Կովկասում։ Ահա թե ինչ է գրում է The Cradle Türkiye-ն։

«Այս առանցքը, որը ձևավորվում է տասնամյակներ շարունակ, բայց հիմնականում գործում է կուլիսներում, դարձել է հզոր աշխարհաքաղաքական և աշխարհատնտեսական լոկոմոտիվ, հատկապես Սիրիայի պատերազմներում, Գազայի հատվածում շարունակվող ցեղասպանության և ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից Իրանի դեմ սադրանքների աճին զուգընթաց։

Իսրայելցիների համար Ադրբեջանը Իրանի հյուսիսային սահմանին գտնվող ռազմավարական առաջխաղացման բազա է: 1990-ականներից գործող «Մոսսադի» էլեկտրոնային հետախուզական կայանները Իրանին հետևում են Ադրբեջանի տարածքից։

Չնայած պաշտոնապես հաստատված չէ, կան հաղորդագրություններ, որ Ադրբեջանը նպաստել է ԱՄՆ-ի և Իսրայելի վերջին հարձակումներին Իրանի վրա, այդ թվում՝ անօդաչու թռչող սարքերի և ավիաբազաների միջոցով։

Բաքվի և Անկարայի միջև կապերը զարգանում են նաև վիճելի այսպես կոչված Զանգեզուրի միջանցքի շուրջ: Երևանը դիմադրել է դրան՝ այն համարելով իր ինքնիշխանության խախտում: Սակայն վերջերս արտահոսած տեղեկությունները ենթադրում են, որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը նախնական համաձայնության է հասել 2025 թվականի հունիսին Թուրքիա կատարած իր չհայտարարված այցի ժամանակ:

Բաքվի անզուսպ նկրտումներով սնվող Ադրբեջան-Իսրայել-Թուրքիա առանցքը բազմակողմանի մարտահրավեր է ներկայացնում Իրանի տարածաշրջանային ազդեցությանը։ Սակայն, Թեհրանը, կարծես, դեռևս չի մշակել դրան հակազդելու համար համապարփակ ռազմավարություն։ Իրանցիները շարունակում են դրականորեն վերաբերվել Ադրբեջանին, ինչի մասին վկայում է Իրանի նախագահ Մասուդ Պեզեշկիանի անցյալ շաբաթ Բաքու կատարած ջերմ այցը։ Հաշվի առնելով հրապարակային ենթադրությունները, որ Ադրբեջանը օգնում է Իսրայելին Իրանի վրա հարձակումներում, Թեհրանի «եղբայրական» մոտեցումը Բաքվում կարող է մեկնաբանվել որպես թուլություն և միամտություն», – գրում է թերթը։

Վերջերս օկուպացված Ստեփանակերտում կայացած իսլամական գագաթնաժողովից հետո մենք գրել էինք, որ Բաքուն և Անկարան կարող էին Իրանի նախագահին որոշակի բոնուսներ առաջարկել հայ-իրանական սահմանից հրաժարվելու դիմաց։ Պաշտոնական Թեհրանի լռությունը Զանգեզուրի միջանցքը «վարձակալելու» ամերիկյան նախաձեռնության վերաբերյալ ցույց է տալիս, որ Թեհրանը դարձել է գործարքի մաս։

Իրանցի քաղաքագետները և Հայաստանում Իրանի դեսպանը դեռևս խոսում են «կարմիր գծերի» մասին, սակայն դա պաշտոնապես չի հաստատվում։

«Ադրբեջանի Հանրապետությունը երազում է դառնալ «Կովկասի Կատար»՝ փոքր, հարուստ երկիր՝ ակտիվ արտաքին քաղաքականությամբ։ Հաջողության դեպքում այն կարող է մի քանի նոր նավթային և ռազմական պայմանագրեր կնքել։ Բայց անհաջողության դեպքում այն ստիպված կլինի վճարել այս արկածախնդրության համար Ղարաբաղում, Նախիջևանում և նույնիսկ իր սեփական տարածքում», – այս մասին գրել է իրանցի քաղաքագետ Հասան Հիջազին։

Քաղաքական բազար առանց միջազգային իրավունքի թզենու տերևի. Ուկրաինա և Հայաստան

Հուլիսի 14-ին Վաշինգտոնում տեղի ունեցավ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեի հանդիպումը։ Եզրափակիչ մամուլի ասուլիսում մի շարք հայտարարություններ արվեցին ռուս-ուկրաինական պատերազմի մասին, որոնց տոնայնությունը արտացոլում է այն քաղաքական իրավիճակը, որում ներկայումս կայացվում են միջազգային որոշումներ։

Հայտարարություններում միջազգային իրավունքին հղումների բացակայությունը և բացառապես ուժի և գործարքների միջոցով որոշումները վկայում են, որ դարեր շարունակ գոյություն ունեցող քաղաքական բաց շուկան, որը վերջին 100 տարիների ընթացքում ծածկված է եղել լիբերալ-դեմոկրատական թզենու տերևով, կրկին բացվել է իր ողջ մերկությամբ։ Հարցն այն է, թե ով է վաճառողը, ով է ապրանքը և ով է սահմանում «կարմիր գինը»։

Ահա Թրամփի մի քանի մեջբերումներ.

«Մենք այսօր գործարք կնքեցինք ՆԱՏՕ-ի հետ, որ մենք նրանց զենք կտանք, և նրանք կվճարեն դրա համար։ ՆԱՏՕ-ն կկարողանա Միացյալ Նահանգներից միլիարդավոր դոլարների ռազմական օգնություն գնել, որն ամբողջությամբ արագ կհասցվի մարտադաշտ։ Մենք ուզում ենք համոզվել, որ Ուկրաինան կանի այն, ինչ պետք է անի։ Բայց գուցե Ուկրաինան այնքան ոգեշնչվի, որ դադարի գործարք ցանկանալ»։

«Եթե Ռուսաստանը չհամաձայնի գործարքի, ապա 50 օր անց ԱՄՆ-ն նրա առևտրային գործընկերների համար կսահմանի 100% երկրորդական մաքսատուրքեր»։

«Եվրոպայում շատ բարձր տրամադրություն կա շարունակելու [Ուկրաինային աջակցելը – խմբ.]: Երբ ես առաջին անգամ ներգրավվեցի այս գործում, չէի կարծում, որ տրամադրությունը այսպիսին կլինի: Բայց այդպես է: Եվ ես անցյալ ամիս նրանց ասացի. ձեր տրամադրությունը զարմանալի է: Նրանք իսկապես կարծում են, որ սա շատ, շատ կարևոր բան է: Տեսեք, հիմա նրանք վճարում են ամեն ինչի համար: Եվ մենք այլևս չենք վճարում: Ես խոսել եմ Գերմանիայի և այլ երկրների հետ, և նրանք պատրաստ են շատ հեռու գնալ: Նրանք չեն ուզում, որ սա շարունակվի: Այնպես որ, կարծում եմ, որ Պուտինը պետք է… Նրա տնտեսությունը շատ վատ վիճակում է: Նա պետք է փրկի իր տնտեսությունը, փրկի երկիրը: Եվ, գիտեք, նա ունի հիանալի երկիր, որով կարող է առևտուր անել, եթե այդ ակտիվները ծախսի ինչ-որ այլ բանի վրա՝ պատերազմի փոխարեն»:

«Մենք շատ զրույցներ ենք ունեցել Պուտինի հետ։ Ես անջատում եմ հեռախոսը և ասում. «Դա լավ զրույց էր», իսկ հետո հրթիռներ են թռչում Կիևի և այլ քաղաքների ուղղությամբ։ Եվ ես ասում եմ. «Դա տարօրինակ է»։ Եվ երբ դա տեղի է ունենում երեք կամ չորս անգամ, դու հասկանում ես, որ այդ զրույցները ոչինչ չեն նշանակում։ Ես տուն եմ գնում և ասում եմ առաջին տիկնոջը (Մելանիա Թրամփին – խմբ.). «Գիտե՞ս, ես այսօր խոսեցի Վլադիմիրի հետ, մենք հիանալի զրույց ունեցանք»։ Նա ասում է. «Օ՜, իրո՞ք։ Նրանք կրկին հարվածեցին մեկ այլ քաղաքին»։ Այնպես որ, չեմ ուզում ասել, որ նա մարդասպան է, բայց նա կոշտ տղա է։ Այդպես է եղել երկար ժամանակ։ Նա շատ մարդկանց խաբել է, նա խաբել է Քլինթոնին, Բուշին, Օբամային, Բայդենին, բայց նա ինձ չի խաբի։ Գիտեք, որոշ պահի զրույցը բավական չէ, պետք է գործողություններ լինեն։ Չորս անգամ նա ասաց. «Այո, մենք կարող ենք գործարք կնքել, այն լավ տեսք ունի»։ Եվ հետո ռումբերը սկսում են կրկին թռչել։ Մենք մտածեցինք, և ես մտածեցի, որ մենք պետք է գործարքի գայինք վաղուց։ Բայց դա ձգձգվեց ու շարունակվեց։ Ամեն գիշեր մարդիկ են մահանում։ Շատ մարդիկ։ Ի դեպ, շատ ռուս զինվորներ են մահանում։ Նաև շատ ուկրաինացի զինվորներ»։

Թրամփը երեկ հայտարարեց նաև, որ ԱՄՆ-ը հասել է մեկ այլ «լուծման»՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Գործարքի մանրամասները չեն բացահայտվում, բայց Թուրքիայում ԱՄՆ դեսպանի խոսքով՝ ԱՄՆ-ն որոշել է 100 տարով «վարձակալել» Մեղրիի ճանապարհը, այսինքն՝ հայ-իրանական սահմանը։ Եվ չնայած Փաշինյանի մամուլի քարտուղարը չի համաձայնել «վարձակալել» բառի հետ, Թրամփի և Ռյութեի շուկայական բառապաշարը ենթադրում է, որ Սյունիքի հարցում նույնպես կառաջարկվի մի տարբերակ, որը որևէ կապ չունի միջազգային իրավունքի հետ և հիմնված է գործարքի վրա։