Իրանի ԱԳՆ. Մենք պատրաստ ենք կոշտ պատասխանի ԱՄՆ-ի և Իսրայելի հնարավոր հարձակմանը

Իրանի նկատմամբ ցանկացած արտաքին ագրեսիա կհանգեցնի երկրի զինված ուժերի կոշտ պատասխանին: Այս մասին հայտարարել է Իսլամական Հանրապետության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Էսմայիլ Բաղային՝ ի պատասխան Իրանի միջուկային օբյեկտներին հարվածելու հնարավորության մասին ԱՄՆ-ի և Իսրայելի պաշտոնյաների հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին։

«Իրանի Իսլամական Հանրապետության զինված ուժերը մշտապես պահպանում և կատարելագործում են ցանկացած սպառնալիքին դիմակայելու իրենց կարողությունը: Մենք մեր ողջ ուժով կպատասխանենք մեր երկրի դեմ ցանկացած հարձակման և ագրեսիայի: Նրանք, ովքեր սպառնում են Իրանին, պետք է իմանան, որ եթե այդ սպառնալիքներն իրականացվեն, անմիջապես կստանան համապարփակ պատասխան», – ասել է դիվանագետը շաբաթական ճեպազրույցում: «Իսլամական Հանրապետության դեմ ուղղված ցանկացած սպառնալիք կստանա կոշտ պատասխան»,- հավելել է նա։

Իրանը Օմանը դիտարկում է որպես հնարավոր միջնորդ միջուկային ծրագրի շուրջ ԱՄՆ-ի հետ անուղղակի բանակցություններ սկսելու դեպքում։ Այս մասին հայտարարել է Իսմայիլ Բաղանին։

Ինչ-որ մեկը երգել է Доля воровская-ն, դուբինկայիվ խփել է, ասել՝ «պետք է երգեք Господа офицеры

Ապրիլի 3-ին վաղ առավոտվանից ես մի քանի ահազանգ եմ ստացել հարազատներից և ի վերջո մի դատապարտյալից, որի հետ խոսելիս ես ոռնոց էի լսում։ Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, «Նուբարաշեն» ՔԿՀ-ում տեղի ունեցած դեպքի վերաբերյալ քննարկմանն ասաց իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը: Այդմասին հաղորդում է news.am-ը։

«Դա մի սարսափելի վիճակ էր։ Ես անմիջապես զանգահարել եմ քրեակատարողական ծառայություն, հասարակության հետ կապերի բաժին և հարցրել եմ՝ ի՞նչ է կատարվում հինգերորդ հարկում Նուբարաշենի։ Դրանից հետո ես զանգել եմ ՄԻՊ գրասենյակ և ասել եմ, որ այսպիսի վիճակ է այնտեղ։ Մանրամասն տեղեկություններ եմ ստացել և ես անմիջապես գրառում եմ արել: Դա արտառոց իրավիճակ է, երբ անպաշտպան մարդկանց մոտ է մտնում այդ սպեցնազ կոչվածը 30-40 հոգով»,- ասաց նա:

Ալեքսանյանը նաև նկարագրեց, թե ինչպես է տեղի ունեցել ծեծն ու խոշտանգումը: «Նախ խցերն ավերել են, ամեն ինչ թափել, շպրտել են սնունդը, հագուստեղենը և այլն: Գետնին են գցել դատապարտյալին, կանգնել են վրան ու սկսել են դուբինկաներով ծեծել»,- պատմեց նա:

Իսկ պատճառը, ըստ Ալեքսանյանի, եղել է զբոսանքի ժամանակ դատապարտյալներից մեկի՝ «Доля воровская» երգը երգելը: «Հենց դրանից հետո է եղել այս ամենը ինչը, այդ սպեցնազը, որը իրենց խփում էր, ասում էր դուք պիտի երգեք «Գասպադա օֆիցերի» երգը։ Պատկերացնո՞ւմ եք։ Դա ես ամենայն պատասխանատվությամբ եմ ասում: Մի քանի հոգու հետ եմ խոսել և, երբ որ բոլորը նույն բանն են պատմում, դու չես կարող կասկած ունենալ այլևս դրա մասին:

Այդ սպեցնազ կոչվածը, որը ես համարում եմ բանդիտական խումբ, իր արտոնյալ վիճակով, առևանգել է դատապարտյալներից մեկին։ Ես կարող եմ հրապարակել անուն-ազգանունը՝ Դավիթ Մինասյանը։ Երկրորդ օրը դեռ նա չկար տեղում, այսինքն ո՞նց կարող են առևանգել, ո՞նց կարելի է, չեմ հասկանում՝ ինչ է կատարվում»,- ասաց նա:

Իսկ թե որտեղ է հիմա դատապարտյալը, իրավապաշտպանը տեղեկություն չունի, նշեց՝ հրապարակում է, որ այդ տեղեկությունները հավաքվեն:

Դատապարտյալներից մեկը ցանկացել է իր առավելությունն ընդգծել այլ դատապարտյալների նկատմամբ, քրեական ենթամշակույթի հետ կապված ազդեցություն ունենալ և այդ համատեքստում որոշում է կայացվել տվյալ անձին տեղափոխել այլ ՔԿՀ, ինչը ՔԿԾ պրակտիկայում առաջին դեպքը չէ: Այս մասին այսօր՝ ապրիլի 7-ին, մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀՀ արդարադատության նախարարության Քրեակատարողական ծառայության Սոցիալական, հոգեբանական և իրավական աշխատանքների բաժնի պետի տեղակալ Հովհաննես Մարգարյանը՝ պաշտոնական մեկնաբանություն տալով, թե ինչ է կատարվել «Նուրաբարաշեն» ՔԿՀ-ում։

Հովհաննես Մարգարյանի խոսքով, դատապարտյալներին տրվել է բավարար ժամանակ, որ կատարեն ՔԿՀ ծառայողների օրինական պահանջները, չկատարելուց հետո կիրառվել է ֆիզիկական ուժ՝ ձեռքի հնարք. «Երբ ասվում է ֆիզիկական ուժ, միանգամից բոլորն այստեղ հասկանում են, որ դա ծեծն է, բայց ձեոքը ոլորելը եւս համարվում է ֆիզկական ուժ: Կոտրվածք ոչ մի անձի մոտ չկա, կապտուկներ եղել են, քանի որ այդ անձինք շարունակել են ցույց տալ դիմադրություն, չեն ենթարկվել օրինական պահանջներին»:

Նշենք, որ օրեր առաջ իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը գրել էր. «Հենց նոր ահազանգ ստացա Նուբարաշեն ՔԿՀ-ից, որ 5-րդ հարկում ցմահ դատապարտյալների ջարդ է կազմակերպվել: Ինձ ասում են, որ դատապարտյալները արյունլվա ընկած են, և որևէ բուժօգնություն չի ցուցաբերվում։ Հարցնում էին՝ ի՞նչ ենք արել, ինչի՞ համար։ Ո՞ւմ հրահանգով են ջարդում այդ մարդկանց»:

“Խաղաղությունն” առանց հայերի է հնարավոր․ Սաղաթելյանը մոռացել է ռուս գեներալի խոսքերը

Աշխարհում մի սուբյեկտ կա, որը պարբերաբար հղում է անում 2023-ի սեպտեմբերին Արցախում ստորագրված, օրինական ուժ չունեցող փաստաթղթին. և այդ սուբյեկտն Ադրբեջանի ղեկավարությունը չէ։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում գրել է «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը:

Իշխան Սաղաթելյանը մոռանում է ևս մեկ սուբյեկտի, որը խոսում է այդ մասին՝ Ռուսաստանի։ Հենց ռուսական պետական ՌԻԱ Նովոստի գործակալությունն է 2024-ի հունվարի 1-ին ուրախ-ուրախ տեղեկություն է տարածել, որ «այսօրվանից» Լեռնային Ղարաբաղի հանրապետության լուծարման մասին հրամանագիրը ուժի մեջ է մտել։

Ռուսաստանը արել է իր գործը՝ ստիպել է արցախցիներին «լուծարվել» և լքել իրենց հազարամյա հայրենիքը։ Հետո, 2024-իապրիլին, երբ ռուսական զորքերն արդեն լքում էին Արցախը, ռուս գեներալը՝ դիմելով թուրք գործընկերոջն Ակնայում, ասել է, որ ռուսներին և թուրքերին «հաջողվել է խաղաղաություն հաստատել Ղարաբաղի տարածաշրջանում”։

Այդ առումով Ռուսաստանի քաղաքականությունը ամբողջությամբ համապատասխանում է «հայ-ադրբեջանական» կոնսենսուսին, որի մասին խոսում է Սաղաթելյանը։ Ավելին, դա հենց ռուսական պլանն է, որի շուրջ միավորվել են բոլորը․ խաղաղությունը կարող է լինել միայն առանց հայերի։ Հիմա նույն պլանը իրականացվում է մնացած Հայաստանում։

«Անգամ Ալիևն Արցախի օկուպացիայի, Արցախի հարցը վերջնական փակելու հարցերում հղում չի կատարում Արցախի պետական մարմինների լուծարման մասին ապօրինի փաստաթղթին», ասում է Սաղաթելյանը, նշելով․ «Ինչ վերաբերում է Արցախի հարցը փակելուն. դա ի զորու չէ անել որևէ մեկը։ Քանի կա Արցախի ժողովուրդը, որն ուզում է վերադառնալ իր տուն, կա նաև Արցախի հարցը, իսկ արցախահայերի իրավունքների պաշտպանությունը բոլորիս պարտականությունն է»,- գրել է նա:

Պարոն Սաղաթելյանը ևս մոռանում է, որ Արցախի ժողովուրդը եթե ուզենար առաջարկվող պայմաններում ապրել «Ադրբեջանի կազմում», չէր լքի իր հայրենիքը 1,5 տարի առաջ։ Պետք չէ խեղաթյուրել այն, ինչ ուզում էր Արցախի ժողովուրդը և ինչին հասել է 1988-ին՝ Արցախի վերամիավորումը Հայաստանի հետ։ Հենց վերամիավորման որոշման դեմ է Ալիևը, հենց դա է նա պահանջում բացառել ՀՀ Սահմանադրությունից, այլ ոչ թե 1988 թ․ վերամիավորման որոշմանն ի հակառակ հռչակած ԼՂՀ-ն։

Թե որքան էր Դաշնակցության և այլ հայկական կուսակցությունների մեղքը այս ամենի մեջ, դեռ կպարզվի։ Իսկ ՀՀ Կառավարությունն իր ԱԳՆ-ով պատասխան կտա փաստերը խեղաթյուրելու համար։

ՊՆ-ն նշում է, որ հատուկ տեղեկատվական քաղաքականություն է վարում

Խնածախ

Բաքուն շարունակում է մեղադրել Երեւանին հրադադարի ռեժիմը խախտելու մեջ,  իբր հրադադարը խախտվել է ապրիլի 6-ի երեկոյան, մինչեւ ապրիլի 7-ի ժամը 04.30-ը։

Միևնույն ժամանակ, հայկական փաբլիկները հայտնել են ոչ միայն Սյունիքում, այլև ուրիշ տեղերում կրակողցների, նույնիսկ կուտակումների մասին։

Արձագանքելով վերջին շրջանում ադրբեջանական կրակոցների մասին Սյունիքից եկող ահազանգերին՝ Հայաստանի պաշտպանության նախարարությունը հայտնում է՝ սահմանագծի երկայնքով երբեմն արձանագրվում են անկանոն, ոչ թիրախային կրակոցներ։

«Պաշտպանական գերատեսչությունն ունի տեղեկատվական հստակ քաղաքականություն, որի հիմքում տարատեսակ հանգամանքներ, վերլուծություններ են», ասված է ՊՆ հայտարարության մեջ։

ՊՆ տեղեկատվական և այլ քաղաքականությունն ուղղված է “էսկալացիա չառաջացնելու և սադրանքներին չտրվելու” նպատակին։ ՊՆ-ն չի ասում՝ թիրախային կրակոցների դեպքում պատասխան տրվո՞ւմ է։

Ինչպե՞ս արցախցիների կյանքը միտինգների վերածվեց․ երկու տարի առաջ

2023թ. ապրիլի 7-ին արցախցիները Բերձորի (Լաչինչ) միջանցքը բացելու հերթական փորձն արեցին: Արդեն բլոկադայի 117-րդ օրն էր: Շուշվա ուգլի ծաղիկների, մայրության ու գեղեցկության մասին մոռացած մարդիկ դատարկ փողոցներով շարժվում էին դեպի Եղբայրական գերեզմանոց, ապա Շուշի տանող Մազի կամուրջ:

Ինչպես այն ժամանակ էր սոված Ղարաբաղն Ադրբեջանին ասում, որ այս ամենը ստամոքսի մասին չէ, նույնն այսօր Հայաստանին է ասում:

Մարութ Վանյան

ԱՄՆ-ում մասայական բողոքի ցույցեր են տեղի ունենում Թրամփի դեմ

Իր երկրորդ ժամկետից ի վեր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դեմ ամենամասայական բողոքի ցույցերն են տեղի ունենում ԱՄՆ քաղաքներում: Հազարավոր մարդիկ ցուցապաստառներով փողոցներ են դուրս իրենց բողոքն արտահայտելու Թրամփի մաքսատուրքային քաղաքականության դեմ, հայտնում է BBC-ն:

Բողոքի ցույցերը մեկնարկեցին, երբ նախագահ Թրամփը ապրիլի 2-ը հռչակեց որպես Ամերիկայի «ազատագրման օր»:

Թրամփի քաղաքականության դեմ  ցույցեր են կազմակերպվել նաեւ Ֆրանկֆուրտում, Բեռլինում, Փարիզում, Լոնդոնում եւ Լիսաբոնում:

Միևնույն ժամանակ, Իլոն Մասկը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ապագայում կարող է ունենալ «զրոյական մաքսատուրքերի» գործընկերություն:

Հայաստանը 10 տոկոս մաքսատուրքերի ցանկում է։

Նավթի համաշխարհային գները նվազում են. Մոսկվայում և Բաքվում լուռ խուճապ է

Նավթի համաշխարհային գները երկուշաբթի առավոտյան նվազել են ավելի քան 2%-ով՝ ԱՄՆ-ի տնտեսության վիճակի վերաբերյալ շարունակվող մտահոգությունների պատճառով։ Շուկաները նաև շարունակում են գնահատել OPEC+-ի արտադրության ծավալների մի շարք սահմանափակումներից դուրս գալու մասին տեղեկատվությունը:

Այսօրվա դրությամբ Brent տեսակի նավթի հունիսյան ֆյուչերսների արժեքը նվազել է մինչև 64,14 դոլար մեկ բարելի դիմաց՝ 2021 թվականի ապրիլի 14-ից ի վեր առաջին անգամ։

Մոսկվայում և Բաքվում լուռ խուճապ է. բյուջեի մեջ նրանք մեկ բարելի դիմաց 70 դոլարից ոչ պակաս գին են ներառել։

ՀՀ ԱԳՆ-ն մեղքը բարդեց արցախցիների վրա, որոնք մերժեցին “փայլուն ապագան”

Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի և Ադրբեջանի միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից, «Ազատության» հարցմանն ի պատասխան՝ փոխանցել են ՀՀ Արտգործնախարարությունից:

Գերմանիայի նախագահի հետ համատեղ ասուլիսում Ադրբեջանի նախագահ Ալիևը հայտարարել է, որ բանակցություններում գլխավոր խոչընդոտը եղել է այն, որ մինչև 2024 թվականի հունվարը «Հայաստանը հաստատակամորեն փորձում էր խաղաղության պայմանագրում ներառել այսպես կոչված՝ «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճակատագիրը»»: «Ազատություն»-ը արտաքին քաղաքական գերատեսչությունից հետաքրքրվել էր՝ արդյո՞ք դա այդպես է եղել:

«Նախկինում քանիցս հայտարարել ենք, որ Ադրբեջանի հետ բանակցություններում Հայաստանն աշխատանքներ էր տանում Լեռնային Ղարաբաղի հայության անվտանգության և իրավունքների ապահովման, այդ թվում և այդ խնդիրների հասցեագրման միջազգային մեխանիզմի ստեղծման ուղղությամբ։ Դրան էին նաև միտված երրորդ երկրներում Ադրբեջանի և Լեռնային Ղարաբաղի ներկայացուցիչների հանդիպումների կազմակերպման ջանքերը, որոնք մերժվեցին Լեռնային Ղարաբաղի կողմից։ Լեռնային Ղարաբաղի հայության բռնի տեղահանության և Լեռնային Ղարաբաղի լուծարման վերաբերյալ հրամանագրի հրապարակումից հետո խնդիրը դուրս է եկել Հայաստանի Հանրապետության և Ադրբեջանի Հանրապետության միջև միջպետական հարաբերությունների կարգավորման օրակարգից», – նշել են Արտգործնախարարությունից։

Հայաստանի ԱԳՆ-ն սեփական ապաշնորհության մեղքը բարդում է ցեղասպանության սպառնալիքով իրենց տները լքած արցախցիների և նրանց ղեկավարության վրա, որոնք «մերժեցին» Հայաստանի արտգործնախարարության “փայլուն” առաջարկները։ Թե կոնկրետ ինչ պայծառ ապագա էին առաջարկում ՀՀ ԱԳ նախարարը և այլ բարձրաստիճան պաշտոնյաներ, չի պարզաբանվում։ Թեև պետք չէ հանճար լինել՝ հասկանալու համար, որ 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը ստորագրելուց հետո Հայաստանի կառավարությունը «առաջարկում էր» միայն արցախահայության «ինտեգրումը» Ադրբեջանին՝ մինուս նախկին զինվորականներ, այսինքն արցախցի գրեթե բոլոր տղամարդիկ։ Բայց եթե մինչև 2024 թվականի հունվարը, ինչպես ասում է Ալիևը, Երևանը գոնե պնդում էր «Ադրբեջանում» հայերի բնակության որոշ երաշխիքներ, ապա հետագայում իսպառ դադարեց դա համարել իր իրավասությունը, մանավանդ, որ Արցախում հայ չէր մնացել։

Հայաստանի ԱԳՆ-ի տարածվող խոսույթները, որոնք նվաստացնում են Արցախի ժողովրդին, հայոց ազատագրական պայքարը և ամբողջ մեղքը բարդում Արցախի վրա, չեն կարող ծածկել ազգային շահերը պաշտպանելու Հայաստանի իշխանության պրոֆեսիոնալիզմի, ցանկության և կարողության բացակայությունը։

Զարգացումները Սյունիքում ուղղակիորեն կապված են Իրանի շահերի հետ, իսկ Իրանի շուրջ զարգացումները՝ Հայաստանի հետ

Իրադարձությունների զարգացումն Հայաստանի հարավում՝ Սյունիքում ուղղակիորեն կապված է Իրանի շահերի հետ, և ահա թե ինչու է Թեհրանն իր կարմիր գիծը համարում միջազգայնորեն ճանաչված սահմանների փոփոխությունը։ Այս մասին ապրիլի 3-ին «Հայք-Իրան. հազարամյա հարևանություն» թեմայով միջազգային համաժողովի ժամանակ հայտարարեց Հայաստանում Իրանի դեսպան Մեհդի Սոբհանին։

«Իրանի և Հայաստանի ճակատագիրը, շահերը և անվտանգությունը միշտ փոխկապակցված են եղել՝ աշխարհագրական մերձության և մի աշխարհաքաղաքական տարածքում գտնվելու պատճառով»,- հավելել է դեսպանը։

Նա նշեց, որ Հայաստանի հետ սահմանն Իրանում համարվում է ամենաանվտանգներից մեկը։ «Մենք երբեք վտանգ չենք զգացել Հայաստանի կողմից, և Հայաստանը նույնպես երբեք վտանգ չի զգացել Իրանի կողմից»,- ընդգծել է Սոբհանին։

Իզուր չէ, որ Իրանի դեսպանը խոսում է հայ-իրանական սահմանի մասին։ Վերլուծաբանները չեն թաքցնում, որ Իրանի շուրջ էսկալացիայի հավանականության ֆոնին տարածաշրջանի որոշ երկրներ կարող են փորձել մասնատել Իրանն ու Հայաստանը, կամ գոնե վերացնել նրանց միջև սահմանը՝ գրավելով Սյունիքի մի մասը։

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը Reuters-ին տված հարցազրույցում պատասխանել է Իրանի հասցեին ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի սպառնալիքներին՝ ասելով, որ տարածաշրջանը չի կարող իրեն թույլ տալ նոր պատերազմ։

«Ուստի մենք չենք ցանկանում, որ (ԱՄՆ-ը) որևէ հարձակում ձեռնարկի Իրանի վրա: Մեզ ինչպես նախկինում պետք է, որ երկու երկրները և շահագրգիռ կողմերը խաղաղ բանակցություններ վարեն», – ասել է Ֆիդանը:

Սաուդյան Արաբիան, Արաբական Միացյալ Էմիրությունները, Քաթարը և Քուվեյթը հայտարարել են, որ թույլ չեն տա ամերիկյան ռազմական ինքնաթիռներին օգտագործել իրենց տարածքներն ու օդային տարածքը Իրանին հարվածելու համար, գրում է Mehr-ը։ Այդ մասին նրանք հայտարարել են այն բանից հետո, երբ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է ռմբակոծել Իրանը։

«Եթե մենք ամեն շաբաթ ցույց տանք մեկ հրթիռային քաղաք, մենք այն չենք ավարտի երկու տարում, քանի որ դրանք այդքան շատ են»: Այս խոսքերով Իրանը վերջերս գաղտնազերծեց հրթիռային գաղտնի ևս մեկ ստորգետնյա բունկեր, որը կարող էր օգտագործել հարվածելու համար՝ ի պատասխան Թեհրանի դեմ Իսրայելի կամ Միացյալ Նահանգների ագրեսիայի:

Անցած շաբաթվա ընթացքում Միացյալ Նահանգները տեղակայել է մինչև վեց լրացուցիչ ռազմական ինքնաթիռ՝ հագեցած գաղտնի տեխնոլոգիայով, և տեղադրել ամերիկյան ամենածանր ռումբերը Իրանի և Եմենի մոտ տարածքում գտնվող ռազմաբազայում, Reuters-ին հայտնել են ամերիկացի պաշտոնյաները:

Իրանը պատասխանեց՝ ասելով, որ Ամերիկայի մեծ ռազմական ներկայությունը տարածաշրջանում նշանակում է, որ նրանք գտնվում են «ապակե սենյակում» և չպետք է «քարեր նետեն»:

Խնածախում կրակում են, Բաքվի նախարարն էլ հրամայում է “պատասխանել սադրանքներին”

Խնածախի մասին մեր թղթակցի նյութը կարդացեք այստեղ

Սյունիքի մարզի սահմանամերձ Խնածախ գյուղի ուղղությամբ այսօր գիշերը կրակոցներ են եղել, տեղացիները լսել են դրանց ձայները, «Ազատությանը» հայտնեց վարչական ղեկավար Սեյրան Միրզոյանը:

«Ժամը 10:20-ից սկսած, փոփոխական ժամեր են, մինչև առավոտվա 4:30: Լինում է մի քանի վայրկյան, հետո դադար են տալիս ու նորից», – ասաց նա:

Սեյրան Միրզոյանի խոսքով՝ ադրբեջանական ԶՈւ-ի կրակոցները նախորդ օրերին ավելի ինտենսիվ են եղել:

Կան տվյալներ, որ կրակոցներ են հնչել ոչ միայն Խնածախում։ ՊՆ-ն սակայն հաղորդագրություն է տարածել միայն ինչ-որ կեղծ տելեգրամ-ալիքների մասին։

Այնինչ Ադրբեջանի պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը ապրիլի 5-ին, ծառայողական խորհրդակցություն է անցկացրել՝ նվիրված Երևանի «սադրանքներին»։

Ադրբեջանցի նախարարը «համապատասխան պաշտոնյաների առաջ կոնկրետ խնդիրներ է դրել ցանկացած սադրանքի ադրբեջանական բանակի ստորաբաժանումների արագ արձագանքման պատրաստականության վերաբերյալ և ընդգծել է մարտական ​​հերթապահություն կազմակերպելիս զգոնության բարձրացման կարևորությունը», գրում են տեղական լրատվամիջոցները։

Ռուսաստանը հարվածել է խաղահրապարակին Կրիվոյ Ռոգում, զոհվածների կեսը երեխաներ են

Ուրբաթ երեկոյան Կրիվոյ Ռոգը սկզբում ենթարկվել է հրթիռակոծության, որի հետևանքով, ըստ վերջին տվյալների, զոհվել է 18 մարդ, այնուհետև անօդաչու թռչող սարքի հարձակման հետևանքով զոհվել է ևս մեկ կին, հայտնել են Դնեպրոպետրովսկի շրջանի իշխանությունները։

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը պնդում է, որ իրենք հրթիռային հարված են հասցրել «կազմավորման հրամանատարների և արևմտյան հրահանգիչների հետ հանդիպման վայրում»։ Ուկրաինայի իշխանությունները հայտնել են, որ հարձակումը տեղի է ունեցել բնակելի թաղամասի մոտ գտնվող մանկական խաղահրապարակի վրա:

Վերջին տվյալներով՝ զոհվել է 18 մարդ, որոնց կեսը երեխաներ են։ Դնեպրոպետրովսկի շրջանային ոստիկանության վարչության պետ Սերգեյ Լիսակը պարզաբանել է, որ տուժել է 72 մարդ, այդ թվում՝ 12 երեխա։ «Տուժածների գրեթե կեսը հոսպիտալացված է, 17-ի վիճակը ծանր է»,- գրել է նա։

Կրիվոյ Ռոգի վրա հարձակումը համընկել է Վլադիմիր Զելենսկու ճեպազրույցի հետ, ում համար Կրիվոյ Ռոգը հայրենի քաղաք է։