Արցախի խորհրդարանի դիմումը ԵԱՀԿ անդամ պետություններին

ԴԻՄՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից
ԵԱՀԿ մասնակից պետություններին
Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։
Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում։
Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։
Այս իրավունքն ուամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ։
Ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝
• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։
• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։
• Մեր ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։
Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։
Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։
Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խաղաղ, բանակցված կարգավորմանը, որը կապահովի անվտանգություն, ինքնորոշում և համակեցություն: Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության եւ սկզբունքայնության վրա։
Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։
Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։
Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։
Աշոտ Դանիելյան,
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,
Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից
Երևան
20.08.2025թ.

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանի բանտերում տեղ չկա

«Ինձ չեն հրավիրել հարցաքննության, բայց խոսք է գնում, որ սեպտեմբերին՝ ԱԺ աշնանային նստաշրջանին ինձ եւ Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից պետք է զրկեն, քրեական գործ հարուցեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշեց, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, Հայաստանի բանտերում տեղ չկա։

Այսօր դատարանում ընթանում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատավարությունը։ «Երկու տարի շարունակ ՀՀ-ում բոլոր ուժային կառույցները հետեւել են Սրբազան շարժման ակտիվ դերակատարների ու առաջնորդների տեղաշարժին ու լսել խոսակցությունները։ Այս ամբողջ երկու տարվա մեջ չեն կարողացել գտնել մի փաստ, վերցրել են մոնտաժված ձայնագրությունները, պոլի փետը, կոշիկի մեխը եւ ճանապարհային եռանկյունի նշան ու դրա վրա փորձել են կառուցել  գործը։ Հիշեցնեմ, որ անգամ ՊՊԾ գնդի ժամանակ այդպիսի որակում չի տրվել, որ ահաբեկչություն է նախապատրաստվում։ Մեր հանրությունը պետք է նայի ու տեսնի, թե ինչ ստախոսների, ինչ թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունի։ Այս ամենը, ինչը բերել են ժողովրդի գլխին, հերիք չէ, մի հատ էլ ժողովրդին ապատեղեկացնում են։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին՝ չհավատաք թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ Սա փուչիկ է, էս գտործը տրաքվելու է»,- նշեց նա։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ստացվել է այնպես, որ ՀՀ-ում ընդդիմադիր կամ այլախոհ լինելը քրեորեն պատժելի արարք է։ «Հիմա էլ դրան ավելացնում են այն, որ եթե դու Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես, ռեւանշիստ ես։ Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաեւ ավելացնում են հոդվածներ՝ պատերազմի մասնակից ես, Արցախի անունը տալիս ես, հոդվածը գնաց»,- նշեց նա։

 

Թրամփը Հայաստանը Ալբանիա կոչեց, իսկ Ալիևին՝ «Աբերբայջանի» նախագահ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը լրագրող Մարկ Լևինին տված հարցազրույցում կրկին խոսել է Հայաստանի և Ադրբեջանի հետ Վաշինգտոնում կնքված համաձայնությունների և Սպիտակ տանը կայացած հանդիպման մասին:

«Հակամարտությունը տևել էր 34-35 տարի: Ես ծանոթացա առաջնորդների հետ, ապա ասացի՝ ինչո՞ւ եք դուք ընհանրապես կռվում, ես չեմ պատրաստվում ձեզ հետ առևտրի գործարք կնքել, տղե՛րք, եթե դուք կռվելու եք։ Դա խելագարություն է», – պատմել է նա:

Նրա խոսքով՝ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանն ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույնիսկ Օվալաձև աշխատասենյակում գտնվելիս՝ նախքան համաձայնագրի նախաստորագրումը, «փորձում էին փախչել»՝ անհարմար զգալով, սակայն վերջում գրկախառնվեցին և շնորհավորեցին միմյանց:

«Հաճելի էր դա դիտել», – ասել է Սպիտակ տան ղեկավարը՝ հավելելով, – «Ես սիրում եմ պատերազմներ դադարեցնել»:

Թրամփն ընդգծել է, որ ինքն արդեն իսկ 6 պատերազմ է դադարեցրել, իսկ որոշ նախագահների չի հաջողվում նույնիսկ մեկն ավարտել:

Ի դեպ, ԱՄՆ նախագահը «Ադրբեջան» անունը դժվարացել է արտասանել, իսկ Հայաստանի անգլերեն անվան՝ Armenia-ի փոխարեն ասել է «Ալբանիա»:

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր՝ Փաշինյանն ու Ալիևն արդեն իր լավ ընկերներն են:

Արցախցիների՝ քաղաքացիության դիմումը կարող են ներկայացնել առանց հերթի՝ շրջիկ գրասենյակներում

ՆԳ նախարարությունն ընդլայնում է ծառայությունների մատուցման շրջանակը․ Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու համար կարող են դիմել նաև շրջիկ սպասարկման գրասենյակներ: Այս մասին հայտնում են ՆԳՆ–ից։

ՆԳՆ-ից հայտնում են, որ քաղաքացիներին մատուցվող ծառայություններն առավել հասանելի դարձնելու նպատակով ՆԳՆ սպասարկման գրասենյակներն արդեն տևական ժամանակ իրականացնում են շրջիկ սպասարկում՝ ընդլայնված ցանկով, հարմարավետ և հատուկ կահավորված ավտոմեքենաներով։

ՆԳ նախարարությունը շարունակաբար լավարկում է հանրային ծառայությունների մատուցման գործընթացն ու որակը՝ այն դարձնելով առավել մատչելի և քաղաքացիակենտրոն։

Եթե նախկինում Լեռնային Ղարաբաղից տեղահանված անձինք ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում կարող էին ներկայացնել միայն մարզերում՝ անձնագրային ցանկացած տարածքային ստորաբաժանումներում, իսկ Երևանում՝ Միգրացիայի և քաղաքացիության ծառայության վարչական շենքում կամ Զաքյան 3 հասցեում գտնվող անձնագրային ծառայությունում, ապա այժմ դիմումներն ընդունվում են նաև ՆԳ նախարարության շրջիկ սպասարկման գրասենյակներում։

Միգրացիայի և քաղաքացիության ծառայության անձը հաստատող փաստաթղթերի վարչության պետ Աննա Մակարյանի խոսքով՝ ներկայումս ՆԳ նախարարի հրամանով հաստատվել է շրջիկ գրասենյակի միջոցով քաղաքացիություն ստանալու դիմումների ընդունումը։ Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձինք կարող են հետևել ՆԳ նախարարության պաշտոնական կայքէջին, ինչպես նաև Միգրացիայի և քաղաքացիության ծառայության էջերին՝ սոցիալական հարթակներում և տեղեկանալ շրջիկ գրասենյակի տեղակայման մասին։

Շրջիկ գրասենյակի միջոցով Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանցից քաղաքացիության դիմումներ ընդունելու նպատակը հերթերից խուսափելն ու առավել մեծ թվով քաղաքացիների սպասարկելն է։

Մինչ օրս շրջիկ սպասարկման գրասենյակներում Լեռնային Ղարաբաղից տեղահանված շուրջ 60 անձ ներկայացրել է ՀՀ քաղաքացիություն ստանալու դիմում։ Այս ձևաչափով ծառայությունների մատուցումը շարունակական է։ Շրջիկ սպասարկման գրասենյակների միջոցով ծառայությունների մատուցման վայրերի և ժամանակացույցի վերաբերյալ պարբերաբար կտրվի տեղեկատվություն։

Ռոման Երիցյան․ «Արցախցիները կարգազանց վարորդներ չեն, բայց ամեն օր կանգնում են վարչական պատասխանատվության առաջ»

Արցախյան պետհամարանիշներով մեքենա վարելը Հայաստանում գրեթե միշտ ուղեկցվում է ճանապարհային ոստիկանության ուշադրությամբ։

«Երբ վարում եմ արցախյան պետհամարանիշներով մեքենա՝ 10 դեպքից 8-ում այն կանգնեցվում է ճանապարհային ոստիկանության կողմից։ Իսկ եթե ՀՀ պետհամարանիշներով մեքենա վարեմ՝ ընդամենը 10-ից 1 անգամ։ Սա արդեն վիճակագրություն է», – նշում է փաստաբան Ռոման Երիցյանը։

Նրա խոսքով՝ եթե համեմատենք վարչական պատասխանատվության ենթարկվածների թիվը բնակչության թվի հետ, ապա պարզ կդառնա, որ արցախցիները գրեթե ամեն օր կանգնում են վարչական լուրջ հետևանքների առաջ։

«Դա բերում է զրկումների, արգելանքների և այլ սահմանափակումների։ Արդյո՞ք սա թիրախավորում է նշանակում։ Չեմ կարող բացառել, բայց նաև չեմ կարող պնդել, որ հենց թիրախավորված արցախցիներին են կանգնեցնում։ Սակայն վիճակագրությունը հուշում է այդ մասին»,– ընդգծում է Երիցյանը։

Փաստաբանի համոզմամբ՝ այստեղ խնդիր չկա այն բանում, որ արցախցիները չեն տիրապետում երթևեկության կանոններին․ «Եթե համեմատենք, օրինակ, Երևանում տեղի ունեցած վթարները և դրանց մասնակիցների մեջ արցախցիների տոկոսը, ապա պարզ կլինի, որ արցախցիները նորմալ էլ տիրապետում են երթևեկության կանոններին»։

Այնուամենայնիվ, ըստ նրա, ոստիկանության մոտ հաճախ ձևավորվում է կանխակալ մոտեցում․ «Արցախցուն կանգնեցնելու դեպքում առնվազն մտածում են, որ նրա մոտ խնդիր կլինի՝ մեքենան տեխզննում չի անցել, ԱՊՊԱ չունի, կամ հետախուզման մեջ է։ Այդ պարագայում արցախցին դառնում է թիրախ՝ զոհ, ով հաստատ որևէ խնդիր ունենալու է»։

Երիցյանը վստահ է՝ արցախցիները կարգազանց վարորդներ չեն․ «Նրանք շատ լավ հասկանում են, թե 20 հազար դրամանոց տուգանքն ինչ հետևանքների կարող է բերել իրենց ընտանիքի համար։ Եվ հենց այդ գիտակցվածությունից ելնելով՝ առավել խիստ են փորձում խուսափել իրավախախտումից»։

Մարիամ Սարգսյան

Ինչպես է արցախյան բիզնեսը տեղափոխվել Հայաստան

News.am-ի Economix հաղորդման ժամանակ Ghukas Corporation-ի հիմնադիր Արարատ Ղուկասյանը պատմեց, թե ինչպես է գործնականում տեղի ունեցել բիզնեսի տեղափոխումը Արցախից

Ըստ Ղուկասյանի՝ Հայաստանում արցախյան ընկերությունների վերագրանցման առաջին քայլերը սկսվել են 2023 թվականի նոյեմբերի 19-ին, երբ կառավարություննը իրավաբանական անձանց գրանցման մասին օրենքում փոփոխություններ կատարելուորոշում ընդունեց: Դրա հիման վրա արցախյան ընկերություններին իրավունք տրվեց գրանցելու այն գույքը, որը նրանք կարողացել էին դուրս բերել Արցախից:

«Ընկերություններն անցել են այդ գույքի գնահատման ընթացակարգը՝ լիցենզավորված մասնագետների ներգրավմամբ, որից հետո Պետական եկամուտների կոմիտե է ներկայացվել հաշվեկշռային ակտ, որը գրանցել է ընկերությունում որոշակի շարժական գույքի առկայությունը՝ սարքավորումներ, մեքենաներ և այլն: Պետք է նշել, որ Պետական եկամուտների կոմիտեն շատ արագ աշխատեց. ընկերությունները արագ գրանցվեցին և դարձան Հայաստանի հարկային բնակիչներ»,- նշում է Ղուկասյանը:

Առևտրով զբաղվող ընկերությունների մոտ 70%-ը և արտադրական ոլորտի ձեռնարկությունների 50-55%-ն այդպես էլ չվերսկսեցինիրենց գործունեությունը: Միաժամանակ, կա դրական օրինակ. շինարարական ընկերությունների մոտավորապես 60-65%-ը ոչ միայն գրանցվել է, այլև ակտիվորեն աշխատում է հայկական շուկայում։

«Այսօր արցախյան ընկերությունները գործում են նույն պայմաններով, ինչ՝ բոլորը։ Նրանց հարկային կամ այլ արտոնություններ չեն տրամադրվում։ Նրանք ինտեգրվել են Հայաստանի բիզնես միջավայրին և աշխատում են հավասար հիմունքներով»,- ընդգծեց Ղուկասյանը։

Ըստ Արարատ Ղուկասյանի՝ բոլոր այն ընկերությունները, որոնք չեն կարողացել վերագրանցվել մինչև 2024 թվականի սկիզբը, այժմ պարտավոր կլինեն վերագրանցել իրենց բիզնեսը։ Միևնույն ժամանակ, նա ընդգծեց, որ դա հնարավոր է արցախյան անձնագրերով, բայց անհրաժեշտ է ունենալ փախստականի վկայական։ Լրացուցիչ սահմանափակումներ կամ պահանջներ սահմանված չեն։

Լավրովը ուրվագծեց Ռուսաստանի հաջորդ նպատակը՝ ի՞նչ կապ ունի Սյունիքը դրա հետ

Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության “Международная политика” ամսագիրը հրապարակել է «Բալթիկ ծով. վտանգի երաշխիքներ» վերնագրով հոդված։ Այն առաջարկում է Բալթիկ ծովի շրջակայքը դիտարկել որպես «ռազմական գործողությունների հավանական թատերաբեմ»։ Հոդվածում պնդվում է, որ Բալթյան երկրներում և Հյուսիսային Եվրոպայում ձևավորվում է այսպես կոչված «մոխրագույն գոտի»։

Այս գոտում, ըստ հոդվածի, առաջնային պլան են դուրս գալիս «քարոզչությունը, ակտիվ հետախուզությունը՝ անցումով ահաբեկչությանը, և հոգեբանական գործողությունները»։

Հոդվածում չի բացառվում Ռուսաստանի և ՆԱՏՕ-ի միջև Բալթիկայում ուղղակի ռազմական բախումը։ «Աշխարհագրական դիրքը և պատմական պատմությունների բարդությունը մեզ և մեր հակառակորդներին ստիպում են Բալթիկ ծովի արևելյան մասը դիտարկել որպես ռազմական գործողությունների հավանական թատերաբեմ, գուցե դասական, գուցե «մոխրագույն» ձևաչափով», – ասվում է հոդվածում։

«Международная политика»-ն Ռուսաստանի արտաքին գործերի նախարարության ամսագիր է, որը գործում է 1922 թվականից, և դրա խորհուրդը գլխավորում է երկարամյա արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը։

Երբ Ռուսաստանը ողջունեց օգոստոսի 8-ին Վաշինգտոնում Փաշինյանի և Ալիևի միջև ստորագրված համաձայնագիրը, մենք գրեցինք, որ Ռուսաստանը և Միացյալ Նահանգները «հանձնում են» Հայաստանը Թուրքիային՝ որոշ կարևոր քայլերի դիմաց։ Այդ քայլերի թվում կարող է լինել Թուրքիայի համաձայնությունը՝ վետո դնել ՆԱՏՕ-ի 5-րդ հոդվածի օգտագործմանը, եթե Ռուսաստանը օկուպացնի Բալթյան երկրներից մեկը։ Ահա թե ինչու Ռուսաստանը, որը ստորագրել էր 2020 թվականի նոյեմբերի 9-ի հայտարարությունը, այդքան հեշտությամբ «հրաժարվեց» Սյունիքից, չնայած հայտարարության համաձայն՝ հենց իր զորքերը պետք է պահպանեին «Զանգեզուրի միջանցքը»։

Իսրայելը մերժում է Համասի հետ հրադադարը և պատրաստվում է օկուպացնել Գազան

Իսրայելը պահանջում է ազատ արձակել Համասի կողմից դեռևս պահվող բոլոր պատանդներին, BBC-ին ասել է կառավարության խոսնակ Դեյվիդ Մենսերը, այն բանից հետո, երբ պաղեստինյան խումբը ընդունել է 60-օրյա հրադադարը և պատանդների կեսի ազատ արձակումը։

Առաջարկը միջնորդ երկրներ Քաթարից և Եգիպտոսից էր, և «գրեթե նույնական» էր ԱՄՆ-ի առաջարկին, որը Իսրայելը նախկինում ընդունել էր, ըստ Քաթարի դիվանագետների։

Հունիսին ԱՄՆ նախագահի դեսպան Սթիվ Վիտկոֆը առաջարկեց 60-օրյա հրադադար՝ 10 կենդանի պատանդների ազատ արձակմամբ և առաջին և յոթերորդ օրերին 18 զոհվածների մնացորդների հանձնմամբ։ Դրա դիմաց Իսրայելը ազատ կարձակեր ցմահ բանտարկության մեջ գտնվող 125 պաղեստինցի բանտարկյալների, Գազայի հատվածում ձերբակալված 1111 մարդու և կհանձներ 180 զոհված պաղեստինցիների մնացորդները։

Այն ժամանակ Իսրայելը ընդունեց առաջարկը, բայց Համասը մերժեց այն, մասամբ այն պատճառով, որ այն չէր երաշխավորում, որ ժամանակավոր հրադադարը կդառնա մշտական։

Իսրայելը բացահայտորեն չմերժեց նոր առաջարկը, բայց Մենսերն ասաց, որ կառավարությունը այլևս հետաքրքրված չէ «կիսատ գործարքներով»։

«Այժմ ամեն ինչ փոխվել է։ Վարչապետը ներկայացրել է Գազայի ապագայի ծրագիր», – հավելել է մամուլի խոսնակը։ Հիշեցնենք, որ դա Գազայի օկուպացիայի ծրագիր է։

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը շեշտում է Թուրքիայի կարևոր դերը Սև ծովում անվտանգության ապահովման գործում

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյութեն զանգահարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին Վաշինգտոնից վերադառնալիս, որտեղ Դոնալդ Թրամփը հանդիպել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի և եվրոպացի առաջնորդների հետ, հաղորդում է Թուրքիայի ղեկավարի մամուլի ծառայությունը։

«Զրույցի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի և Ռուսաստանի միջև խաղաղության գործընթացի վերջին զարգացումները։ Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյութեն ընդգծել են Թուրքիայի առանցքային դերը Ուկրաինայում խաղաղության գործընթացում և Սև ծովում անվտանգության ապահովման գործում», – գրել է ծառայությունը X սոցիալական ցանցում։

«Նախագահ Էրդողանը և ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Ռյութեն նաև մտքեր են փոխանակել կենսունակ և կայուն անվտանգության երաշխիքների վերաբերյալ», – հավելել է մամուլի ծառայությունը։

Փաշինյանը խոսեց Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի բացման մասին

ԱՄՆ-ում ստորագրված փաստաթղթերը գործնականում նոր հնարավորություններ կբացեն Հայաստանի և Իրանի միջև երկաթուղային համագործակցության համար, այդ թվում՝ Նախիջևան-Ջուլֆա երկաթուղային գծի միջոցով, ինչը կնշանակի Իրանի երկաթուղային մուտքը դեպի Հայաստան և ի վերջո, դեպի Սև ծով: Այս մասին օգոստոսի 19-ին Երևանում Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ հանդիպումից հետո հայտարարել է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Կոբախիձե. Վրաստանը հրաժարվել է 2022 թ. Ռուսաստանի դեմ երկրորդ ճակատ բացել

Եվրամիությունը սկսեց շանտաժի ենթարկել Վրաստանին այն բանից հետո, երբ վերջինս հրաժարվեց միանալ Ռուսաստանի դեմ ռազմական հակամարտությանը 2022 թվականին, հայտարարեց հանրապետության վարչապետ Իրակլի Կոբախիձեն։
Նա նախկինում բազմիցս հայտնել էր, որ ԵՄ երկրները և ուկրաինացի պաշտոնյաները կոչ են արել Վրաստանին 2022 թվականին բացել «երկրորդ ճակատ» Ռուսաստանի դեմ։
«2022 թվականին մենք հրաժարվեցինք միանալ պատերազմին, և դրանից հետո սկսվեց բացահայտ աննախադեպ շանտաժ։ Սկզբում մեզ թեկնածուի կարգավիճակ չտրվեց առանց որևէ հիմքի, թեկուզ դրանից հետո բազմիցս ճանաչվեց, որ Վրաստանը առաջատարն էր բոլոր թեկնածու երկրների շարքում», – լրագրողներին ասաց վարչապետը։