«Արցախի ներկայացուցչության շենքի շուրջ իրավական պայքարը պետք է տանել մինչև վերջ». Ռոման Երիցյան

Փաստաբան Ռոման Երիցյանի խոսքով՝ Վիեննայի կոնվենցիայի և այլ միջազգային փաստաթղթերի ուժով դիվանագիտական ներկայացուցչությունները համարվում են այն պետության տարածքը, որին ծառայումէ։

«Սա նշանակում է, որ Արցախի ներկայացուցչության շենքը մեր տիրապետության տակ մնացած միակ հողն է, և մենք պարտավոր ենք թույլ չտալ, որ այն վերցնեն մեր ձեռքից»,- նշեց փաստաբանը։

Նրա խոսքով՝ Արցախի ներկայացուցչության շենքը հատկացվել է դեռևս 1997 թվականին։ «Դատախազությունն այժմ հայց է ներկայացրել՝ պնդելով, թե 1997-ին շենքի հատկացումից հետո պայմանագիր չի կնքվել։ Բայց այստեղ անտեսվում է այն հանգամանքը, որ այդ տարիներին նման պայմանագիր պահանջող օրենք պարզապես գոյություն չուներ։ Ստացվում է՝ դատարան ներկայացվել է անհիմն և իրավական տրամաբանությունից զուրկ հայց, որը, ցավոք, դատարանն էլ ընդունել է՝ ժամկետների բացթողմամբ»,- ընդգծեց Երիցյանը։

Նրա համոզմամբ՝ գործը քաղաքական պատվեր է, սակայն դա չի նշանակում, որ պետք է ձեռքերը ծալած նստել։

«Իմ պարտքն է այս հարցում անել առավելագույնը։ Եթե երկու տարի անց իշխանությունը փոխվի, այս գործը միևնույն է վերաբացվելու է, և ես չեմ ցանկանում ապագայում զղջալ, որ մինչև վերջ չեմ պայքարել։ Ես երբեք չեմ առաջնորդվում այն մտքով, թե եթե այս կամ այն քաղաքական ուժն է իշխանության, ապա իրավաբանության դաշտում անելիք չունեմ։ Օրենքի ու իրավունքի գերակայության համար պայքարն անկախ է քաղաքական իրավիճակից»,- նշեց փաստաբանը։

Մարիամ Սարգսյան

Ուկրաինան կարող է միացնել Դոնեցկի մարզի չօկուպացված հատվածը Խարկովի մարզին

Լրագրողների հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի նախագահ Զելենսկին հստակեցրել է, որ Կիևը իրավաբանորեն չի ճանաչում ուկրաինական որևէ տարածք որպես Ռուսաստանի Դաշնության կողմից օկուպացված։

Թրամփի հետ զրույցի ժամանակ Ուկրաինայի ղեկավարը հստակեցրել է, որ Պուտինը օկուպացրել է Դոնեցկի մարզի տարածքի 69%-ը, հաղորդում է UNIAN-ը։ Վլադիմիր Զելենսկին նաև հիշեցրել է Դոնալդ Թրամփին, որ Ղրիմը չի գրավվել 2022 թվականին, այլ անեքսիայի է ենթարկվել Ռուսաստանի կողմից դեռևս 2014 թվականին։ Փաստորեն, պարզվում է, որ պատերազմի երեք տարվա ընթացքում Պուտինի բանակին հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի միայն 1/3-ը, այդ իսկ պատճառով Կրեմլը մինչև 2025 թվականի վերջը հաստատ չի գրավի տարածաշրջանի մնացած մասը։

Պուտինին նույնքան ժամանակ կպահանջվի ամբողջ տարածաշրջանը գրավելու համար, ասել է Ուկրաինայի նախագահը։ Կրեմլը նաև չի կարողանում գրավել ոչ միայն ամբողջ Սումիի մարզը, այլև նույնիսկ սահմանի վրա գտնվող այն տարածքները, որոնք ներկայումս վերահսկվում են Ռուսաստանի զինված ուժերի կողմից։ Այսօր ժամանակի հարց է, թե երբ Ուկրաինայի զինված ուժերը լիովին կվտարեն նրանց Սումիի մարզի տարածքից։ Ինչ վերաբերում է Խարկովի մարզին, վերլուծաբանները խոսում են որոշակի «ռազմական հեռանկարի» մասին։ Սակայն նույնիսկ այստեղ թշնամին չի կարողանա գրավել ամբողջ մարզը։

Զելենսկին նաև չի կարծում, որ Պուտինը պատրաստ է հրաժարվել Քինբուրնի նեղուցից, որը Ռուսաստանի զինված ուժերն օգտագործում են Ուկրաինայի մուտքը դեպի ծով փակելու համար։

Երեկ՝ 2025 թվականի օգոստոսի 20-ին, Ուկրաինայի Գերագույն ռադան գրանցեց Դոնեցկի, Լուգանսկի, Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերի վարչական սահմանների փոփոխության մասին որոշում։ Այս մասին վկայում է Ուկրաինայի խորհրդարանի կայքը։ Այս օրինագծի նախաձեռնողը ժողովրդական պատգամավոր Աննա Սկորոխոդն էր։ Նրա խոսքով՝ անհրաժեշտ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերը միացնել Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին։ Նախ, սա քաղաքացիներին կերաշխավորի, որ Դոնբասը և Լուգանսկի մարզը կմնան ուկրաինական։

Ժողովրդական պատգամավոր Իգոր Մոսիյչուկը նույնպես կողմ է Դոնեցկի և Լուգանսկի մարզերի վարչական սահմանների փոփոխությանը։ «Մենք պետք է փոխենք մարզերի սահմանները, որպեսզի Սլավյանսկը, Կրամատորսկը և Դոնբասի մյուս բնակեցված տարածքները միանան Դնեպրոպետրովսկի և Խարկովի մարզերին», – ասաց Մոսիյչուկը։ Նրա խոսքով՝ դա թույլ չի տա ռուս բռնապետ Պուտինին պահանջել, որ Ուկրաինան հրաժարվի իր տարածքներից։

Իսրայելական բանակը սկսել է հարձակումը Գազայի վրա, վերահսկողությունն արդեն հաստատվել է ծայրամասերում

Իսրայելական բանակը հարձակում է սկսել Գազա քաղաքի վրա, և ծայրամասերի նկատմամբ վերահսկողությունն արդեն հաստատվել է։ Այս մասին օգոստոսի 20-ի երեկոյան ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Իսրայելի պաշտպանության բանակի մամուլի խոսնակ, բրիգադի գեներալ Էֆի Դեֆրինը։ Նա նշել է, որ Համաս խմբավորման վրա հարձակումները Գազա քաղաքում, որը նրա հենասյունն է, կդառնան ավելի ինտենսիվ։

Դեֆրինի խոսքով՝ Համասը այժմ ոչ այլ ինչ է, քան «քաշքշված» պարտիզանական խմբավորում։

Միևնույն ժամանակ, Իսրայելի պաշտպանության բանակի խոսնակը նշել է, որ Գազայի հատվածի քաղաքացիական բնակչությանը հնարավորություն է տրվում տարհանվել մարտական ​​գոտուց, ինչպես նաև ստանալ մարդասիրական և բժշկական օգնություն։

DW-ի փոխանցմամբ՝ օգոստոսի 21-ին Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և պաշտպանության նախարար Իսրայել Կացը, ինչպես սպասվում է, կհաստատեն Գազա քաղաքի գրավման ծրագիրը։

Հայկական հյուրընկալությունը և ռուսական շնորհակալությունը

Սախարովի հուշարձանը Ստեփանակերտի թիվ 8 դպրոցի բակում

1982 թվականին խորհրդային թերթերից մեկում հրապարակվեց «Հայկական հյուրընկալությունը և ռուսական շնորհակալությունը» հնչեղ հոդվածը, որտեղ պատմվում էր Ռուսաստանից Հայաստան՝ որպես զբոսաշրջիկ եկած մի ընտանիքի մասին։ Կայարանից նրանց տեղափոխող հայ տաքսու վարորդը պատահաբար իմացել է, որ ընտանիքը մնալու տեղ չունի, տարել է իր տուն, փող է պարտք վերցրել հարազատներից, մեկ շաբաթ ռուս զբոսաշրջիկներին ման տվել Հայաստանով մեկ և խորովածներով կերակրել։ Երբ զբոսաշրջիկները վերադարձել են տուն, նրանք բողոք են ներկայացրել դատախազություն՝ պահանջելով ստուգել, ​​թե որտեղից է խորհրդային տաքսու վարորդին այդքան փող։

Սա մի կենցաղային դրսևորում է վերջին 200 տարիների հայ-ռուսական հարաբերությունների, երբ Ռուսական կայսրությունը նվաճել է Հայաստանը պարսիկներից՝ որպեսզի մաս-մաս տա ավելի հարազատ թուրքերին։

Ռուսաստանի նախագահի միջազգային մշակութային համագործակցության հարցերով հատուկ ներկայացուցիչ Միխայիլ Շվիդկոյը դատապարտել է Ադրբեջանում (նկատի ունի Արցախում) հուշարձանների քանդումը։ «Մշակութային գործիչների հուշարձանների ապամոնտաժումը, դրանց պղծումը, որտեղ էլ որ դա տեղի ունենա, չի կարող չառաջացնել ծայրահեղ բացասական վերաբերմունք։ Անկախ նրանից, թե դրանք որ ժողովրդին են պատկանում՝ հայի, ադրբեջանցու, ռուսի, թե որևէ այլի», – RBС-ին ասել է Շվիդկոյը։

«Օգոստոսի 14-ին Հայաստանի իշխանությունները հայտնեցին, որ Լեռնային Ղարաբաղի մայրաքաղաք Խանքենդիում (Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության գոյության ընթացքում ՝ Ստեփանակերտ) ոչնչացվել են Հայրենական մեծ պատերազմի ականավոր գործիչների և հերոսների պատվին կանգնեցված 25 հուշարձաններ և կիսանդրիներ», – գրում է ռուսական ռեսուրսը։

Ռուսաստանը, որն իբր ներկայումս հակամարտության մեջ է Բաքվի հետ, խիստ հրահանգներ է տվել իր լրատվամիջոցներին չօգտագործել հայկական տեղանուններ, չնայած մեկ տարի առաջ ռուսական օկուպացիոն զորքերը գառան մորթով կանգնած էին հենց Ստեփանակերտում։

Այժմ ռուսական ռեսուրսը գրում է, որ Արցախի մայրաքաղաքը, իբր, Ստեփանակերտ է կոչվել միայն 1991 թվականից հետո (Լեռնային Ղարաբաղի չճանաչված հանրապետության գոյության ընթացքում)։ Իսկ ինչպե՞ս էր կոչվում Ղարաբաղի մայրաքաղաքը խորհրդային տարիներին։ Ցույց տվեք մի ռուսի, որը խորհրդային տարիներին այցելել է «Խանքենդի» կամ նույնիսկ լսել է նման անուն։ Սա երեսպաշտություն չէ, այլ ամեն ինչ հայկականը թուրքերին հանձնելու քաղաքականության շարունակություն։

Շվիդկոյը, որպեսզի արդարացնի իր վերաբերմունքը Արցախի նկատմամբ, մի անգամ ասաց, որ իր հարսը կիսով չափ հայ է, կիսով չափ՝ ադրբեջանցի, և նա չի կարող ընտրություն կատարել երկու ժողովուրդների միջև։ Չնայած նա արդեն ընտրել է, և ոչ հայերին, որոնց գոյությունն ինքնին ֆանտոմ ցավեր է պատճառում ռուսներին՝ սկսած հայ կայսերական ընտանիքից բյուզանդական արքայադուստր Աննայի կողմից Ռուսիայի մկրտությունից, հայ Լազարևի կողմից Ռուսաստանի առաջին դիվանագիտական ​​​​հաստատության ստեղծումից, վերջացրած Ռուսաստանում թիֆլիսցի, շուշեցի և այլ հայ նախարարների և գեներալների թվով։

Կեսարինը՝ կեսարին, իսկ Շվիդկոյին՝ շվիդկոյը։ Արցախը լքելիս ռուսական զորքերը իրենց հետ տարան միայն մի քար, որը կանգնեցվել էր 2023 թվականի սեպտեմբերի 20-ին ադրբեջանցիների կողմից դաժանորեն սպանված վեց ռուս զինվորների հիշատակին։ 2020-2023 թվականներին Արցախում գտնվելու ընթացքում ոչ մի ռուս «խաղաղապահ» ​​չի տուժել հայերից։ Եվ ռուսական «շնորհակալությունը» չուշացավ։

«Սոցիալական կորոնավիրուս». Ինչպես է ապագա նախարարը վերաբերվում արցախցիներին

Լուրեր են տարածվում, որ ՔՊ օդիոզ պատգամավոր Արսեն Թորոսյանը կփոխարինի ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանին։

“Դոկտոր մահ” անունով կորոնավիրուսի ժամանակվա առողջապահության նախարարը այս վերջին տարիներին իշխանությունների հատուկ կեղտոտ գործերով ամենացինիկ խոսափողի դեր է կատարում, առանձնանալով ընդգծված հակաարցախյան հռետորականությամբ։ Արցախցիները արդեն ասում են, որ Թորոսյանը արցախցիներին կվերաբերվի որպես “սոցիալական կորոնավիրուսի”՝ կարանտինով և մնացած հետևանքներով հանդերձ։

Արցախցիների հարցը կառավարությունը չի կարողանում փակի, քանի որ ինչքան էլ խոսեն Արցախի հարցի փակման մասին, 150 հազ․ արցախցի իրենց չլուծված քաղաքական, իրավական, սոցիալական խնդիրներով “խոչընդոտ” են թե՝ “խաղաղությանը”, թե՝ հերոսների, արժեքների փոփոխությանը, թե՝ ապագա ընտրություններին։ Ցանկացած մանիպուլյացիա բախվում է արցախցիների լուռ աչքերին և փորձին ու փլուզվում։

Պետք է արագ լուծել արցախցիների հարցը, և ամենալավ ձևը՝ խստացնել սոցիալական վիճակը և մղել արտագաղթի, որոշ մասին թույլ տալով “ինտեգրվել”։

Իշխանությունների կողմից իրականացվող ծրագրերը չեն վկայում այն մասին, որ նրանք ցանկանում են, որ արցախցիները հաստատվեն Հայաստանում,  ասել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։ «Պաշտոնական տվյալներով՝ 2020 թվականից ի վեր Հայաստանից հեռացել է մոտ 21 հազար արցախցի», – նշել է նա։

Արցախցիների խնդրին անդրադարձել է նաև Լևոն Տեր-Պետրոսյանը․ “Նիկոլ Փաշինյանը վերջին շրջանում հատկապես, կշտամբանքներով, վիրավորանքներով եւ, երբեմն, գռեհիկ արտահայտություններով է պատասխանում Հայաստանում ապաստան գտած ավելի քան հարյուր հազար արցախցիների արդարացի պահանջներին”, գրել է նա։

Արսեն Թորոսյանը արձագանքեց։ “Մեր միջազգային գործընկերները բարձր են գնահատել Հայաստանի ջանքերը՝ ապշելով, որ մենք ընդունել ենք երկրի բնակչության մոտ 3%-ին հավասար թվով տեղահանվածների, առանց վրանային ճամբարներ հիմնելու, առանց նրանց բաց երկնքի տակ թողնելու”, գրել է Թորոսյանը։

Դեռ 2022-ի դեկտեմբերի 30-ին, երբ Արցախում արդեն բլոկադա էր, իսկ ՀՀ կառավարությունը չեր պահանջում բացել ճանապարհը, որպեսզի Ալիևը չպահանջի “Զանգեզուրի միջանցք”, Արսեն Թորոսյանը ասել է․ “Անկեղծ պետք ա ասեմ, այս ճգնաժամային իրավիճակում ես կարծում եմ, որ Ղարաբաղի իշխանությունները և Ղարաբաղի ժողովուրդը պետք ա փորձեն ամեն դեպքում որևէ տեսակի երկխոսություն ունենալ Ադրբեջանի իշխանությունների հետ՝ նույն ճգնաժամի հանգուցալուծման համար”։

“Ղարաբաղում կա ընտրված իշխանություն, որը ոչ մեկ չի չեղարկել և չի կարող չեղարկել, որովհետև եղել են ազատ, արդար ընտրություններ”, ասել է նա։

Իսկ արդեն 2023-ի հունիսին Արսեն Թորոսյանը ասել է․ «Եթե մեր հայրենակիցների իրավունքներն ու անվտանգությունը չապահովվեն իրենց հայրենիքում խաղաղության համաձայնագրից առաջ կամ հետո, ապա խաղաղություն չի լինի պարզապես»։

Հիմա սիրելի վարչապետը խոսում է խաղաղության մասին, արցախցիների վերադարձի անիրականության, հայտարարելով, որ արցախցիների իրավունքների մասին խոսալը խաղաղության խոչընդոտ կդիտարկվի։  Զուգահեռ արցախցիների ֆինանսական աջակցությունը զրոյացվում է, մարդկանց անկյուն են քշում, որ բացի օրվա հացից այլ բաների մասին չմտածեն։

“Ինչ վերաբերում է ՀՀ քաղաքացիներին, ինչպես գիտեմ ԼՂ-ում ՀՀ քաղաքացիներ չեն ապրում, այլ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության քաղաքացիներ են ապրում», ասել էր Թորոսյանը։

Թե ինչ խնդիր կլուծի Արսեն Թորոսյանը նախարարի պաշտոնում նման մոտեցումներով, կարելի միայն կռահել։

«Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով

ՀՀ ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի Մշակութային մարդաբանության բաժնի, Կիրառական մարդաբանության գիտահետազոտական խմբի, “Հազարաշեն” ազգաբանական հետազոտությունների հայկական կենտրոնի և Ֆրանսիայի Inalco (Institut National des Langues et Civilisations Orientales) համալսարանի նախաձեռնությամբ 2025 թ. հոկտեմբերի 16-17-ին կկազմակերպվի «Տեղահանություն և հիշողություն․ Արցախի հընթացս ճգնաժամը բանավոր պատմություններում» խորագրով միջազգային գիտաժողով։
Գիտաժողովի նպատակն է քննարկել, թե ինչպես է 2020 թ. Արցախի դեմ սանձազերծված պատերազմը, Արցախի փաստացի պաշարումը, 2020-2023 թթ․ ընթացքում նախապատրաստված և 2023 թ․ սեպտեմբերին տեղի ունեցած Արցախի բնակչության տեղահանությունն արտացոլվել և իմաստավորվել միջազգային և հայկական լրատվականներում ու հանրային դաշտում և փոխանցվել բանավոր պատմությունների միջոցով։
Հարցերի կամ լրացուցիչ տեղեկության համար դիմել գիտաժողովի համակարգողներին՝ [email protected]
Գիտաժողովի կազմկոմիտե՝
Լևոն Աբրահամյան,
Հրանուշ Խառատյան,
Անահիտ Տոնապետյան-Դեմոպուլիս
Գայանե Շագոյան,
Լուսինե Խառատյան

Քավության նոխազ են փնտրում, որպեսզի պատերազմի վերսկսման դեպքում նրա վրա բարդեն բոլոր մեղքերը

Artur Osipyan-ը գրում է․

ՀՀ իշխանությունների բաց, հրապարակային քաղաքականությունն այնպիսի տպավորություն է ստեղծում, որ ՔՊ-ական վերնախավը անընդհատ փնտրտուքների մեջ է, թե ում մեղադրի իր հերթական ձախողումներում։ Զուգահեռաբար, պետական քարոզչամեքենան ջանքեր չի խնայում չեղած տեղից մեծարելու և փառաբանելու իշխանությունների գործը` երբեմն իրականությունը ներկայացնելով 180 աստիճան անկյան տակ։ Օրինակ, օգոստոսի 8-ին Վաշինգտոնում ստորագրված փաստաթղթերը ներկայացնում է որպես մեծ հաղթանակ, այն դեպքում, երբ ՀՀ-ն չունի որևե ձեռքբերում, բացի միակողմանի զիջումներից։
Անընդհատ կրկնելով տեքստում տեղ գտած «ինքնիշխանություն» և «սուվերենություն» բառերը, շեղում են հանրության ուշադրությունը այն փաստից, որ իրականում ՀՀ-ի սուվերեն տարածքը վարձակալվել է այլ պետության կողմից, ինչի հետևանքով ՀՀ-ն ընդգրկվում է այնպիսի ուժերի հակամարտության մեջ, որտեղ ինքն արդեն գործոն չէ և տերը չէ իր ճակատագրի։
Գուցե ՀՀ իշխանությունները հասկանում են, որ փակելով Արցախի հարցը և երրորդ կողմին փոխանցելով Մեղրիի մայրուղու իրավունքները, իրենք զրկվում են գործոն լինելուց, հետևաբար կորցնում են ազդեցությունը հետագա պատերազմի կանխումից։ Դա է պատճառը, որ քավության նոխազ են փնտրում, որպեսզի պատերազմի վերսկսման դեպքում նրա վրա բարդեն բոլոր մեղքերը։
Նիկոլ Փաշինյանի՝ օգոստոսի 18-ի ժողովրդին հասցեագրված ուղերձից արդեն պարզ է դառնում, որ քավության նոխազն ըստ իրենց՝ հենց հասարակ արցախցին է, որը ցանկանում է վերադառնալ իր պատմական հայրենիք։
Մեղրիի շուրջ պայմանավորվածություններին ներգրավել հասարակ արցախցիներին և մեղադրել նրանց խաղաղության խոչընդոտ հանդիսանալու մեջ այնքան էլ տրամաբանական չեմ համարում, ինչի համար անհրաժեշտ եմ գտնում ՀՀ վարչապետի պաշտոնական և հրապարակային պարզաբանումները։ Մասնավորապես, թե ինչու է, միջազգային իրավունքի համաձայն՝ արցախցու վերադարձի պահանջը վտանգավոր ու վնասակար ՀՀ-ի համար։ Ինչո՞ւ նույնիսկ մշակութային և հումանիտար հարցերի բարձրաձայնումը վտանգ է ներկայացնում ինքնիշխան, սուվերեն ու անկախ Հայաստանի Հանրապետության համար։
Այս պատճառով օգոստոսի 21-ին և 22-ին, ժամը 10։00-11։00-ը, ես կլինեմ Հանրապետության հրապարակում, կառավարության շենքի մոտակայքում, որպեսզի կառավարության որևէ աշխատողի անմիջապես ներկայանալու և պարզաբանումներ տալու ցանկություն առաջանալու դեպքում ունենամ այդ հնարավորությունը, բայց ընդունելի եմ համարում ցանկացած տեսքի հրապարակային և պաշտոնական արձագանքը։

Ադրբեջանն իր նկրտումներից չի հրաժարվել, եւ դա հուշում է, որ պատերազմը չի չեղարկվել

«Նախ եւ առաջ մենք պետք է առնչվենք իրականության հետ, իսկ իրականությունը խոսում է այն մասին, որ ոչ մի խաղաղության պայմանագիր չի ստորագրվել», Step1.am-ի հետ զրույցում ասաց Ադրբեջանահայերի ասամբլեայի նախագահ Գրիգորի Այվազյանը՝ անդրադսառնալով Վաշինգտոնում Հայաստանի ու Ադրբեջանի միջեւ նախաստորագրված փաստաթղթին։

Նրա խոսքով՝ այս հայտարարությունն իրականության մեջ ոչ միայն իրավական, այլ նաեւ հողի վրա ուժ չունի։ Նա հիշեցրեց, որ նացիստ Ալիեւն այս հայտարարությունից անմիջապես հետո մամուլի ասուլիս հրավիրեց եւ կրկնեց իր նույն պահանջները, այսինքն՝ Հայաստանի Սահմանադրության փոփոխություններ, չեն մոռացել տարածքային պահանջների մասին, այսպես կոչված «արեւմտյան ադրբեջանի» խոսույթի մասին։ Եվ կարելի է ասել, որ իրականության մեջ ոչ մի քայլով չի մոտեցել հնարավոր խաղաղությունը, ընդհակառակը սա ավելի մեծացրեց վտանգը՝ կապված պատերազմի վերսկսման հետ, ասում է Գրիգորի Այվազյանը։ Նրա խոսքով՝ այս իրավիճակը շատ նման է Դանցիգի միջանցքի հարցին, որը առիթ դարձավ ֆաշիստական Գերմանիայի հարձակման։

Ըստ Այվազյանի՝ այդ հանդիպման ժամանակ Ադրբեջանն իր համար օգուտներ կորզեց, այն է՝ ԱՄՆ կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի սահմանափակումը սառեցվեց, Մինսկի խմբի լուծարման մասին հայտարարություն արվեց։ Իսկ հայկական կողմը, բացի սին հայտարարություններից, ոչ մի օգուտ չստացավ։

Իր ուղերձում Նիկոլ Փաշինյանը նշել էր, որ իրատեսական չի համարում արցախցիների վերադարձի հարցը եւ հավասարության նշան էր դրել արցախցիների վերադարձի եւ այսպես կոչված «ադրբեջանցի փախստականների» վերադարձի հարցերի միջեւ։

Անդրադառնալով այս հարցին՝ Գրիգորի Այվազյանն ասաց, որ չպետք է մոռանալ ադրբեջանահայության վերադարձի խնդրի գոյության մասին։ «Եվ եթե խոսում ենք փախստականների վերադարձի մասին, պետք է հիշենք, որ գոյություն ունեն ադրբեջանահայ փախստականների՝ իրենց բնակավայրեր անվտանգ վերադարձի հարցը»,- ասաց նա։

Այվազյանի խոսքով՝ Արցախի հարցը փակելու մասին հայտարարությունները տանում են դեպի հակամարտության վերաբռնկման։ Ադրբեջանն իր նկրտումներից չի հրաժարվել, եւ դա հուշում է, որ պատերազմը չի չեղարկվել։ «Նաեւ ամրագրել են, որ այսպես կոչված սադրիչ հայտարարություններից պետք է զերծ մնանք։ Մենք տեսնում ենք, թե Ադրբեջանն ինչպես է իր հասարակությանը պատրաստում չակերտավոր խաղաղության։ Ադրբեջանական քարոզչության հռետորաբանությունը չի փոխվի, այսպես կոչված «ռազմավարի պուրակը» մինչ օրս չի փակվել, որը նաեւ հուշում է ադրբեջանական իշխող ռեժիմի ռազմատենչ մտադրությունների մասին»,- հավելեց Այվազյանը։

Նա նշեց, որ այս հայտարարություններով Արցախի հարցը չի փակվում, քանի որ արցախցիներն ունեն իրավունք՝ միջազգային օրենսդրության համաձայն եւ միջազգային անվտանգության երաշխիքների ներքո պնդելու իրենց բնակավայրեր խաղաղ վերադառնալու իրենց իրավունքը։ «Դրանով եւ ոչ միայն դրանով, նաեւ ադրբեջանահայության մասին հիշատակելով՝ մենք չեզոքացնում ենք ադրբեջանական այսպես կոչված պնդումները «արեւմտյան ադրբեջանցիների» հնարավոր վերադարձի մասին։ Մենք այդ ուղղությամբ մեծ անելիք ունենք, իհարկե, այդ հարցերը միմիայն հայտարարարությունների մակարդակով չեն փակվում։ Նաեւ պետք է հասկանանք, որ մենք նոր դարաշրջանում չենք ապրում, մենք ըստ էության չավարտված պատերազմի վերսկսման նախաշեմին ենք եւ պետք է պատրաստ լինենք, որպեսզի դա չիրականանա»,- ասաց նա։

Ռոզա Հովհաննիսյան

Անվճար անգլերենի դասընթացներ արցախցի դիմորդների համար

«Հայկական կամուրջ կրթական զարգացման» ՀԿ-ն հայտարարում է անգլերենի անվճար, ինտենսիվ դասընթացների մեկնարկ արցախցի այն երիտասարդների համար, որոնք պատրաստվում են բուհերի ընդունելության քննություններին։
📚 Դասընթացի նպատակն է օգնել մասնակիցներին զարգացնել անգլերենի գրավոր, բանավոր և լսողական հմտությունները, որպեսզի հաջողությամբ հանձնեն քննություններն ու ընդունվեն բուհեր։
📍Դասընթացներն անցկացվելու են քաղաք Երևանում։
📅 Դիմումների ընդունման վերջնաժամկետ՝ սեպտեմբերի 15։
📩 Դիմելու համար լրացրե՛ք առցանց հայտը հետևյալ հղումով՝ https://forms.gle/tgvG9NE1mPkVHGScA
ℹ Լրացուցիչ տեղեկությունների համար կարող եք գրել մեզ էլ. փոստով՝ [email protected] կամ մեր ֆեյսբուքյան ու ինստագրամյան էջերին։

Իրական խաղաղության շրջանակներում պետք է լուծվեն նաև Արցախի ժողովրդի իրավունքների հարցերը

Նիկոլ Փաշինյանը տարբեր առիթներով ասել է, որ ինքը չունի մանդատ՝ Արցախի ժողովրդի անունից որոշումներ կայացնելու համար։ Հետևաբար, նա չունի մանդատ՝ Արցախի թեման, ինչպես նաև արցախցիների հայրենիք վերադարձի թեման փակելու համար։ Այս մասին NEWS.am-ի թղթակցի հետ հարցազրույցում նշել է Արցախի օմբուդսմեն Գեղամ Ստեփանյանը։

Նրա խոսքով՝ այն հայտարարությունը, ըստ որի Արցախի թեմային անդրադառնալը սպառնում է խաղաղությանը՝ կարելի է համարել քաղաքական մանիպուլյացիա։

«Եթե խոսքը խաղաղության մասին է, ապա այդ խաղաղության շրջանակներում պետք է լուծվեն բոլոր հարցերը, այդ թվում՝ այս հակամարտության անկյունաքարը, որը վերաբերում է Արցախի ժողովրդի իրավունքներին։ Փորձեր են արվում ստեղծել տպավորություն, որ այդ մարդիկ գոյություն չեն ունեցել, որ նրանք իրավունքներ չեն ունեցել և որ խաղաղություն կառուցելը հնարավոր է միայն նրանց իրավունքները անտեսելով։ Նման անարդար պայմաններում խաղաղությունը չի կարող լինել երկարատև և կայուն։ Մենք օգտագործում ենք բոլոր հնարավորությունները՝ Արցախի ժողովրդի իրավունքների, այդ թվում՝ վերադարձի իրավունքի թեման բարձրացնելու համար»,- ընդգծել է Ստեփանյանը։

Նա ասել է, որ աշխատանքները շարունակվում են նաև արտաքին գործընկերների հետ՝ բացատրելով, որ վերջերս շվեյցարացի 19 խորհրդարանականներից բաղկացած հանձնաժողովը հաջողությամբ միջոցառում է անցկացրել՝ ավելի քան 200 կոնգրեսականների և նրանց գրասենյակի աշխատակիցների մասնակցությամբ։

Այս թեման տեղում չի մնում։ Չնայած Հայաստանի իշխանությունների կողմից աջակցության բացակայությանը՝ արվում է հնարավոր ամեն ինչ, որպեսզի հարցը չփակվի։ “Մեր նվազագույն նպատակն է հասնել միջազգային հարթակի ձևավորմանը, որտեղ մենք կարող ենք բարձրացնել մեր իրավունքների հարցերը»,- հավելել է մարդու իրավունքների պաշտպանը։

Արցախի խորհրդարանի դիմումը ԵԱՀԿ անդամ պետություններին

ԴԻՄՈՒՄ

Լեռնային Ղարաբաղի տեղահանված ժողովրդի անունից
ԵԱՀԿ մասնակից պետություններին
Լեռնային Ղարաբաղի 150,000 հայերի՝ տղամարդկանց, կանանց և երեխաների անունից, որոնք բռնի տեղահանվել են իրենց նախնիների հայրենիքից, խորը տագնապով և մտահոգությամբ դիմում ենք Ձեզ՝ Հայաստանի և Ադրբեջանի կողմից վերջերս ԵԱՀԿ Մինսկի խմբի մանդատը դադարեցնելու միակողմանի խնդրանքի հարցով։
Տասնամյակներ շարունակ Մինսկի խումբը եղել է Լեռնային Ղարաբաղի հակամարտության խաղաղ կարգավորման միջազգային մանդատ ունեցող միակ հարթակը։ Այս մեխանիզմը լուծարել առանց այն ժողովրդի ընտրված ներկայացուցիչների հետ խորհրդակցելու, որոնց համար այն ստեղծվել է, նշանակում է անտեսել մեր ձայնը և մերժել մեր դերը գործընթացում։
Ամենայն հարգանքով կոչ ենք անում ԵԱՀԿ բոլոր մասնակից պետություններին իրականացնել իրենց լիազորությունները, այդ թվում՝ անհրաժեշտության դեպքում վետոյի իրավունքը, Մինսկի խմբի լուծարումը կանխելու համար, մինչև չստեղծվեն ամուր երաշխիքներ՝ Լեռնային Ղարաբաղի տեղահանված հայ բնակչության անվտանգ և արժանապատիվ վերադարձն ապահովելու համար։
Այս իրավունքն ուամրագրված է Մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի 13(2) հոդվածում, Քաղաքացիական և քաղաքական իրավունքների մասին միջազգային դաշնագրի 12(4) հոդվածում և վերահաստատվել է Արդարադատության միջազգային դատարանի 2023 թվականի նոյեմբերի 17-ի որոշմամբ ։
Ցանկացած այլընտրանքային կարգավորում պետք է ապահովի հետևյալ հիմնարար սկզբունքները՝
• Լեռնային Ղարաբաղի հայերի անվտանգ և արժանապատիվ վերադարձի իրավունքի ապահովում։
• Երկխոսության և բանակցային ուղիների վերականգնում, ինչպիսիք իրականացվում են Մինսկի խմբի կողմից։
• Մեր ներկայացուցիչների լիարժեք ներգրավվածությունը մեր ապագան որոշող ցանկացած քննարկման մեջ։
Հակամարտությունը չի կարող լուծված համարվել, քանի դեռ մի ողջ ժողովուրդ մնում է արմատախիլ արված, զրկված իր անօտարելի իրավունքներից:
ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարումը հակասում է ինչպես Մինսկի խմբի մանդատին՝ հաստատված 1995 թվականի մարտի 23-ին, այնպես էլ 1994 թվականի ԵԱՀԿ Բուդապեշտի գագաթաժողովի Փաստաթղթին։
Մեր տեղահանությունը ո՛չ կամավոր էր, ո՛չ էլ պատահական. այն պաշարման, սովի և ռազմական հարձակման հետևանք էր, գործողություններ, որոնք միջազգային հանրության կողմից մինչ այսօր պատշաճ կերպով չեն հասցեագրվել։
Ի հեճուկս այս զրկանքների, մենք վերահաստատում ենք մեր անսասան հանձնառությունը խաղաղ, բանակցված կարգավորմանը, որը կապահովի անվտանգություն, ինքնորոշում և համակեցություն: Միջազգային ներգրավվածության վերջին հետքը վերացնելը՝ առանց հավաստի և ներառական այլընտրանքի, արմատավորելու է անարդարությունը և խաղաղությունը դարձնելու ավելի անհասանելի։
Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղում իրականացված Էթնիկ զտման հետեւանքը լեգիտիմացնելու եւ նման կերպով կոնֆլիկտը հանգուլուծված համարելու ցանկացած որոշում անջնջելի եւ արյունոտ հետք է թողնելու ԵԱՀԿ պատմության, հեղինակության եւ սկզբունքայնության վրա։
Կոչ ենք անում Ձեզ գործել ԵԱՀԿ հիմնադիր սկզբունքներին և միջազգային իրավունքի պարտավորություններին համապատասխան։
Մենք շարունակում ենք պատրաստկամ լինել կառուցողականորեն համագործակցել ԵԱՀԿ-ի և անդամ պետությունների հետ՝ արդար և կայուն լուծում գտնելու և մեր ժողովրդի անվտանգ, խաղաղ և արժանապատիվ վերադարձը հայրենիք ապահովելու համար։
Մեր ապագան և մեր գոյատևումը կախված է Ձեր այսօրվա գործողություններից։
Աշոտ Դանիելյան,
Լեռնային Ղարաբաղի Ազգային ժողովի նախագահ,
Ազգային ժողովի բոլոր խմբակցությունների և պատգամավորների անունից
Երևան
20.08.2025թ.

Գառնիկ Դանիելյան․ Հայաստանի բանտերում տեղ չկա

«Ինձ չեն հրավիրել հարցաքննության, բայց խոսք է գնում, որ սեպտեմբերին՝ ԱԺ աշնանային նստաշրջանին ինձ եւ Իշխան Սաղաթելյանին անձեռնմխելիությունից պետք է զրկեն, քրեական գործ հարուցեն»,- այսօր լրագրողների հետ զրույցում ասաց պատգամավոր Գառնիկ Դանիելյանը։ Նա նշեց, որ Հայաստանում բռնապետական ռեժիմ է, Հայաստանի բանտերում տեղ չկա։

Այսօր դատարանում ընթանում է Բագրատ սրբազանի եւ մյուսների գործով դատավարությունը։ «Երկու տարի շարունակ ՀՀ-ում բոլոր ուժային կառույցները հետեւել են Սրբազան շարժման ակտիվ դերակատարների ու առաջնորդների տեղաշարժին ու լսել խոսակցությունները։ Այս ամբողջ երկու տարվա մեջ չեն կարողացել գտնել մի փաստ, վերցրել են մոնտաժված ձայնագրությունները, պոլի փետը, կոշիկի մեխը եւ ճանապարհային եռանկյունի նշան ու դրա վրա փորձել են կառուցել  գործը։ Հիշեցնեմ, որ անգամ ՊՊԾ գնդի ժամանակ այդպիսի որակում չի տրվել, որ ահաբեկչություն է նախապատրաստվում։ Մեր հանրությունը պետք է նայի ու տեսնի, թե ինչ ստախոսների, ինչ թրքահպատակ ոչնչությունների հետ գործ ունի։ Այս ամենը, ինչը բերել են ժողովրդի գլխին, հերիք չէ, մի հատ էլ ժողովրդին ապատեղեկացնում են։ Ես ուզում եմ դիմել մեր հայրենակիցներին՝ չհավատաք թրքահպատակ իշխանությունների կեղծ, շինծու մեղադրանքներին։ Սա փուչիկ է, էս գտործը տրաքվելու է»,- նշեց նա։

Գառնիկ Դանիելյանն ասաց, որ ստացվել է այնպես, որ ՀՀ-ում ընդդիմադիր կամ այլախոհ լինելը քրեորեն պատժելի արարք է։ «Հիմա էլ դրան ավելացնում են այն, որ եթե դու Արցախի մասին խոսես, այլ հոդվածներով կդատվես, ռեւանշիստ ես։ Բացի ընդդիմադիր լինելը քրեականացնելը, նաեւ ավելացնում են հոդվածներ՝ պատերազմի մասնակից ես, Արցախի անունը տալիս ես, հոդվածը գնաց»,- նշեց նա։