Առկա են հիմնավոր կասկածներ՝ Telegram-ում ակտիվացած անհայտ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս. ՊՆ

Telegram հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ. առկա են հիմնավոր կասկածներ, որ այդ ալիքները ստեղծվել են ՀՀ-ից դուրս։ Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Արամ Թորոսյանը։

«ԶԼՄ հարգելի՛ գործընկերներ, վերջերս «Տելեգրամ» հարթակում ակտիվացել են անհայտ ծագում ունեցող մի շարք ալիքներ։ Չնայած այն հանգամանքին, որ այդ ալիքներում հրապարակվող բովանդակությունը հայերեն է, առկա են հիմնավոր կասկածներ և որոշ տեղեկություններ, ըստ որոնց՝ այդ ալիքները ստեղծվել են Հայաստանից դուրս։ Այս կապակցությամբ ԶԼՄ ներկայացուցիչներին կոչ ենք անում զերծ մնալ նման ալիքներին հղում կատարելուց, ինչպես նաև՝ չվերահրապարակել և չտարածել դրանցում զետեղված տեղեկությունները։ Անդրադառնալով բանակին, բանակային դիրքերին և առհասարակ պաշտպանական ոլորտին առնչվող տեղեկատվությանը՝ հորդորում ենք ցանկացած տեղեկություն հրապարակելուց առաջ անհրաժեշտ ճշտումներ կատարել ՀՀ պաշտպանության նախարարության համապատասխան ստորաբաժանման հետ»,-գրել է նա։

Կառավարությունը չպատասխանեց արցախցիների քաղաքական պահանջներին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի կողմից մարտի 29-ին Երևանում կազմակերպված մեծ հանրահավաքում ներկայացվել է պահանջագիր՝ ուղղված ՀՀ իշխանություններին և միջազգային հանրությանը:

Պահանջագրի քաղաքական պահանջների մեջ մտնում են Արցախի ժողովրդի հավաքական վերադարձը հայրենի հող, միջազգային դոնոր համաժողովի կազմակերպում, արցախցիներին իրենց ՀՀ քաղաքացիության վերադարձում՝ հնարավորություն տալով բոլորին օգտվելու քաղաքացու իրավունքներից և ստանձնելու դրանից բխող պարտավորությունները: Պահանջագրի կոլեկտիվ հեղինակները պահանջում են քայլեր կատարել Ադրբեջանում պատանդառված ու խոշտանգվող հայերի պաշտպանության և հրատապ ազատ արձակման ուղղությամբ, բարձրացնել Արցախի հայկական հոգևոր-մշակութային ժառանգության և հանրային ու մասնավոր սեփականության պաշտպանության հարցը միջազգային ատյաններում, ապահովել Հայաստանի և/կամ գործընկեր պետությունների կողմից Միջազգային քրեական դատարան պետական դիմումների ներկայացումը՝ Արցախի ժողովրդի բռնի տեղահանման և այլ միջազգային հանցագործությունների հետաքննման ու պատժման խնդրանքով: 

Արցախցիները պահանջում են զերծ մնալ միջազգային դատարաններում Ադրբեջանի դեմ ներկայացված գանգատներից հրաժարվելու խիստ վտանգավոր մոտեցումից, խուսափել ԵԱՀԿ Մինսկի խմբի լուծարման որևէ քայլից, ինչպես նաև վերսկսել Մինսկի խմբի ձևաչափով բանակցությունները Արցախի ժողովրդի իրավունքների պաշտպանության ու վերականգնման համար:

Կա նաև պահանջ՝ Արցախի ժողովրդի վերաբերյալ ներպետական և արտաքին քաղաքական բոլոր որոշումների կայացման գործընթացներում ապահովել նրա լեգիտիմ ներկայացուցիչների պատշաճ ներգրավումը և հաշվի առնել Արցախի ժողովրդի ձայնը՝ բացառելով ապօրինի ու ինքնակոչ որոշումների ընդունումը։

Որոշ շրջանակներ փորձում են արցախցիների պահանջները իջեցնել սոցիալական մակարդակի, սակայն նշված պահանջները ապացուցում են, որ սոցիալական հարցերի լուծումները արցախցիները արդարացիորեն տեսնում են քաղաքական որոշումնրի մեջ։ Այդուհանդերձ, պահանջներն այնպես են ձեևակերպված, որ չառաջանան անվտանգային սպառնալիքներ։

Արցախցիների մարտի 28-ի հանրահավաքը բազմաթիվ իշխանամետ և մարդիկ, որոնք ուղղակի համոզված են, թե Հայաստանի “դժբախտությունները” Ղարաբաղից են, հայոյանքների և կարեկցանքի արանքումզգուշացնում էին, որ հանկարծ նոր խնդիրներ չբերեն Հայաստանի գլխին։ Չի օգնել նույնիսկ այն, որ պահանջագրում չկան կարևոր պահանջներ ՀՀ կառավարությանը․ տեր կանգնել ՀՀ Սահմանադրությանը, Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման մասին որոշմանը։

Այդուհանդերձ Կառավարությունից պատասխանել են արցախցիների պահանջագրին, բայց միայն սոցիալական հարցերի մասով։ Քաղաքական պահանջները անտեսվել են։ Միայն ասվել է, որ 1,5 տարվա ընթացքում արցախցիների կարիքների համար ծախսվել է 115 մլրդ․դրամ /համեմատության համար ասենք, որ մինչ 2024 թ․ Հայաստանի հանրապետությունը Արցախին տարեկան 144 մլրդ․ դրամ էր տրամադրում և ավելին ստանում մաքսային և այլ տուրքերի տեսքով/։

ՀՀ Կառավարությունը չի ընդունել նույնիսկ արցախցիների հիմնական սոցիալական պահանջը․ չկրճատել 50 հազ․ չափի տրամադրվող աջակցությունը մինչդեռ մարդիկ չեն ապահովվել բնակարաններով և չեն կարողացել լուծել զբաղվածության հարցը։

Կառավարությունը միայն “մուննաթ” է եկել, չպատասխնելով ոչ մի հարցի։

Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց համար կայուն եւ արժանապատիվ կենսապայմանների ապահովման պահանջի վերաբերյալ դիմումում բերված ձեւակերպումներն անտեսում են 2023 թվականի հոկտեմբերից ի վեր Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց կարիքների հասցեագրման ուղղությամբ ՀՀ կառավարության իրականացրած մեծածավալ աշխատանքը, ինչը համարում ենք անընդունելի: Դրանք աղերս չունեն իրականության հետ, չեն արտահայտում ԼՂ-ից բռնի տեղահանված մեր հայրենակիցների իրական սոցիալական խնդիրներն ու շահերը եւ նրանց խոցելի սոցիալական վիճակը շահարկելու միտում ունեն, ասված է Կառավարության պատասխանի մեջ

Ի՞նչ քաղաքական խնդիր է լուծում Կառավարությունը արցախցիների նկատմամբ՝ նսեմացնելուց և մարգինալիզացնելուց բացի։ Արդյո՞ք այն ունի տեսլական արցախցիների ճակատագրի վերաբերյալ։

Նաիրա Հայրումյան

 

Գյումրի․ ՔՊ-ն արդեն իշխանություն չէ քաղաքում

«Մեր քաղաքը» դաշինքը կտա անհրաժեշտ քանակությամբ քվե՝ մյուս երկու ուժերի կողմից սատարվող  թեկնածու Վարդան Ղուկասյանին՝ առանց որևէ պաշտոնի, ակնկալիքի և որևէ պայմանավորվածության: Այս մասին երեկ հայտարարություն է տարածել Գյումրիի քաղաքապետի թեկնածու Մարտուն Գրիգորյանը:

Մնում եմ նույն համոզմունքին, որ Վարդան Ղուկասյանը ամենախոցելի թեկնածուն է` քրեական գործերով պայմանավորված, ասել է նա։  “Իմ դիրքորոշմամբ, օրինակ՝ Ռուբենին կամ Կարենին կարող  էինք  ընտրել  քաղաքապետ՝ 4 թեկնածուներիս համատեղ քննարկման և համագործակցության արդյուքնում։ Եվ սա կդառնար ամբողջական իշխանական համակարգի փլուզման իրական մեկնարկը։ Իրենց որոշումով պայմանավորված ունենք այս իրավիճակը, որի մասին խոսելն էլի ուշ չէ”, ասել է Մարտուն Գրիգորյանը։

Մենք բոլորս միասին հասանք դրան, որի համար շնորհավորում եմ բոլորիս։ ՔՊ-ն Գյումրիում այլևս իշխանություն չէ, հայտարարել է նա։

Այսքանից հետո Ավագանու առաջին նիստը տեղի կունենա ապրիլի 16-ին: Համայնքաի ղեկավարն ընտրվում է Գյումրիի ավագանու 33 անդամներից առնվազն 17-ի կողմ քվեարկությամբ: Եթե ընդդիմադիր 4 ուժերը միավորվել են, ապա նրանք ունեն 19 մանդատ եւ կկարողանան քաղաքապետ ընտրել իրենց կողմից առաջադրված թեկնածուին:

Թե ինչ կլինի, երբ օդիոզ Վարդան Ղուկասյանը քաղաքապետ ընտրվի, կարելի է կռահել՝ նրան կկալանավորեն։ Նա գիտի դա և պայման է առաջադրել, որ առաջին փոխքաղաքապետի թեկնածուն ևս լինի իր Կոմունիստական կուսակցությունից։ 

Գյումրիի և Հայաստանի այլ բնակավայրերի բնակիչները, ուրախանալով, որ հանրապետության երկրորդ քաղաքում ՔՊ-ն այլևս իշխանություն չէ, և առատավոր շրջանը կոտրվել է, միևնում ժամանակ տարակուսում են, որ ՔՊ այլընտրանքը՝ կրիմինալ անցյալով, հավատացյան, հայրապետական կոմունիստն է։

Մանեն մեծ երազանք ունի՝ դառնալ ճանաչված ու պահանջված դիզայներ

Նպատակասլաց աղջիկը գիտի, որ իր նպատակին հասնելու համար երկար ու տքնաջան ճանապարհ ունի անցնելու

 Մանե Գուրգենյանն Արցախից է տեղահանվել։ Նա 16 տարեկան է։ Ծնողների, երեք քույրերի ու տատիկի հետ ապրում է Արմավիրի մարզի Մեծամոր քաղաքում։ Ավարտելով Մեծամորի հ 1 հիմնական դպրոցը՝ ընդունվել է Արմավիրի արվեստի պետական քոլեջիԴիզայն և մոդելավորումբաժինը։ Երկրորդ կուրսի ուսանողուհին սովորում է գերազանց գնահատականներով, աշխատում միշտ լինել լավագույն սովորողների շարքում։

Մանեն մեծ երազանք ունի՝ դառնալ ճանաչված ու պահանջված դիզայներ։ Նպատակասլաց աղջիկը գիտի, որ իր նպատակին հասնելու համար երկար ու տքնաջան ճանապարհ ունի անցնելու։ Բնատուր ունակություններով օժտված Մանեն ինքն իրեն խոստացել է՝ երբեք չվհատվել ու զինվել համբերությամբ:

 

 -Մանկուց եմ սիրում նկարել ու ստեղծագործելու պահին իմ առջև մի ուրիշ աշխարհ է բացվում։ Արցախում հաճախել եմ Ասկերանի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնը, որտեղ սկսվել են իմ առաջին քայլերը նկարչության ոլորտում։ Այդ կրթօջախը խթան է հանդիսացել, որ իմ մեջ ավելի մեծանա սերը դեպի նկարչությունը։ Ինձ ոգեշնչում է, երբ վրձնի միջոցով կարողանում եմ գեղեցիկ պատկերներ ստեղծել, երևան հանել այն, ինչ կա մտքիս ու սրտիս մեջ։ Միջնակարգ ուսման հետ մեկտեղ քոլեջում ուսումնասիրում եմ նկարչության տարբեր ճյուղեր, իսկ հետագայում կսովորեմ նաև մոդելավորում, դիզայն և այլ ձեռքի աշխատանքներ։ Իմ նպատակը բարձրագույն ուսում ստանալն ու լավ մասնագետ դառնալն է։ Միաժամանակ ցանկանում եմ օգտակար լինել ընտանիքիս և մտադրված եմ ուսմանս հետ մեկտեղ ստեղծել սեփական արտադրանք։ Ցանկանում եմ շապիկների վրա նկարներ անել, որոնք կներկայացնեն Արցախի արժեքները, բնապատկերները և այն ամենը, ինչ կնախընտրեն պատվիրատուները։ Իմ շրջապատում մարդիկ կան, որ առաջարկում են շապիկներ նկարազարդել իրենց համար։

Ամեն մի վայրկյան մտովի Արցախում եմ, և նկարելու պահին ինձ օգնում են իմ հիշողությունները, ուժ տալիս, որ ավելի լավ նկարեմ,- ասում է Մանեն։

16-ամյա աղջկա հետ զրույցից ակնհայտ է, թե ինչպիսի սիրով ու պատասխանատվությամբ է նա հաճախում քոլեջԱրցախցի աղջնակը գնահատում է իր մանկավարժներին։

 -Քոլեջում, որտեղ ստեղծված է մասնագիտական միջավայր, ես ստանում եմ գիտելիքներ, որոնք ինձ օգնում են ավելի լավ ճանաչել արվեստի աշխարհը, ծանոթանալ բոլոր նրբություններին, կատարելագործվել, դառնալ արհեստավարժ ու ստեղծել գեղեցիկ գործեր։ Ինձ օգնում են ծնողներս, տատիկներս։ Նրանք ինձ ոգեշնչում են և հուսադրում, որ ինձ մոտ ամեն ինչ կստացվի։ Թեկուզ ծանր է արցախցիներիս նյութական վիճակը, սակայն ծնողներս ոչինչ չեն խնայում, որ աշխատեմ որակյալ նյութերով ու կարողանամ լավ արդյունք ստանալ,- ասում է Մանեն ու հավելում, որ պարտավոր է արդարացնել հարազատների հույսերը և անպայման դառնալ լավ մասնագետ ու ամենուր ներկայանալ որպես արցախցի:

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Հատկապես պահանջված են Շուշիի հրեշտակների ձևով մոմերը. Տիրուհի Գասպարյան

Դարեր շարունակ արցախցին աչքի է ընկել իր տոկունությամբ և աշխատասիրությամբ։ Վերապրելով արցախյան շրջափակման և տեղահանության դաժան փորձությունները՝ մեր հայրենակիցներից շատերը սթրեսը հաղթահարում են աշխատանքի միջոցով՝ միաժամանակ փորձելով ապահովել իրենց ընտանիքներին հարկադիր տեղահանության պայմաններում։

Տիրուհի Գասպարյանը ծնվել է Արցախի Մարտունու շրջանի Հացի գյուղում։

«Հինգ տարի զբաղվում եմ մոմեր պատրաստելու արվեստով։ Գաղափարը ծագել է 2020 թվականին՝ համալսարանն ավարտելուց հետո։ Սկզբում ես դասական մոմեր էի պատրաստում՝ առանց որևէ ոչ ստանդարտ ձևի։ Մոմերը արցախյան բուրավետ ծաղիկներից էին։ Մասնավորապես, առաջին գործը արվել է Շուշիի երիցուկներից։ Ավելի ուշ սկսեցի պատրաստել մոմեր պատվերով: Ահա թե ինչպես հայտնվեց իմ սեփական MÕM-CANDLES ապրանքանիշը, որը հավանեցին շատերը և այն սկսեց պահանջված լինել, մասնավորապես տարբեր երկրների հայկական սփյուռքի հայրենակիցների շրջանում։

Հաշվի առնելով մեծ պահանջարկը՝ ընդլայնել եմ ապրանքների տեսականին։ Մոմերը պատրաստվում էին տարբեր ձևերով: Արցախյան թեմաներով բազմաթիվ նմուշներ կան, մասնավորապես՝ Պապիկ-Տատիկի, Շուշիի հրեշտակների, ինչպես նաև Արցախի տարբեր գյուղերի ու բնակավայրերի անուններով մոմեր։ Պատվերներ են եղել Արցախից ու Հայաստանից, ինչպես նաև արտերկրից։

Ցավոք, Արցախում մնացին աշխատանքի համար անհրաժեշտ բոլոր ձևերն ու գործիքները։ Բռնի տեղահանությունից հետո դժվար էր գործունեությունը վերսկսել, քանի որ ընտանիքով ապրում էինք բավականին նեղ բնակարանում, սակայն հետագայում առանձնատուն վարձեցինք Աշտարակում։ Տան առաջին հարկը վերածեցի արհեստանոցի։ Ձեռք բերելով անհրաժեշտ սարքավորումներն ու կաղապարները՝  մանրակրկիտ վերլուծություն է անցկացրի մոմերի շուկայի վերաբերյալ և սկսեցի արտադրել եզակի նմուշներ, որոնք նմանը չունեն Հայաստանում։

Շուշիի հրեշտակների տեսքով մոմերը հատկապես մեծ տարածում և մեծ պահանջարկ ունեն ինչպես Հայաստանում, այնպես էլ նրա սահմաններից դուրս։ Բիզնեսը բավականին հաջող է զարգանում։ Առկա են և՛ փոքր, և՛ մեծ պատվերներ։ Համագործակցում եմ նաև տարբեր ընկերությունների հետ։ Խոշոր հաճախորդների թվում կարելի է նշել Նարեկացի արվեստի միությունը։

Ինչպես բոլոր արցախցիները, ես էլ երազում եմ վերադառնալ Արցախ և այնտեղ վերագործարկել իմ արտադրամասը»։

Այս մասին Step1.am-ի հետ զրույցում ասաց անհատ ձեռներեց Տիրուհի Գասպարյանը։

Արսեն Աղաջանյան

ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել արցախցիների հանրահավաքի պահանջներին

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը, հիմք ընդունելով մարտի 29-ի մեծ հանրահավաքի ժամանակ հայտարարված մեկշաբաթյա ժամկետը և այս ընթացքում տեղի ունեցած զարգացումները, հայտարարում է՝
1. ՀՀ կառավարությունը պատշաճ կերպով չի արձագանքել հանրահավաքի պահանջներին՝ մեր ներկայացուցիչների հետ ունենալով խիստ սահմանափակ քննարկում: Բացի դրանից, կառավարությունը մեզ է փոխանցել գրավոր պատասխան՝ պահանջագրի 5 կետերի վերաբերյալ որոշակի մեկնաբանություններ կատարելով, որոնք գլխավորապես չեն համապատասխանում մեր պատկերացումներին: Նրանց միակ գործնական առաջարկը եղել է փորձագիտական խմբերի ձևավորումը՝ որոշակի լուծումներ մշակելու նպատակով:
Հետևյալ հղմամբ կարող եք ծանոթանալ կառավարության գրավոր պատասխանին՝
2. Հաշվի առնելով լայն հանրության կողմից տրված վստահությունը և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի հանդեպ ձևավորված ակնկալիքները՝ մենք հայտարարում ենք պայքարի հաջորդ գործողությունների մասին, որոնց շրջանակներում կկատարենք հետևյալ քայլերը՝
2.1. Մենք սկսում ենք լայն համախմբման գործընթաց՝ կոչ անելով արցախյան, հայաստանյան ու սփյուռքյան բոլոր սրտացավ հասարակական ու քաղաքական ուժերին ու գործիչներին համախմբվել մեր ներկայացրած օրակարգի շուրջ և աջակցել այս համազգային պայքարին: Բոլոր ցանկացողները կարող են մոտենալ Ազատության հրապարակում տեղակայված շտաբ-վրան, որտեղ համատեղ կքննարկենք մեր հետագա գործողությունները:
2.2.Մինչև ապրիլի 15-ը տեղի ունեցող հանրային լայն քննարկումների ու համախմբման արդյունքում մենք կհայտարարենք մեր հաջորդ մեծ հանրահավաքի օրն ու վայրը, որին կհաջորդեն կոնկրետ զանգվածային գործողություններ:
2.3.Այս ընթացքում մենք տարբեր վայրերում ու կառույցների մոտ կազմակերպելու ենք բողոքի ու իրազեկման տեղային հավաքներ՝ ներկայացնելով մեր պահանջներն ու դրանց առնչվող այլ դրույթներ:
3. Հորդորում ենք մեր բոլոր հայրենակիցներին չվհատվել և պատրաստ լինել հետևողական ու վճռական պայքարի՝ հանուն բոլորիս իրավունքների ու արդար պահանջների: Մենք համարում ենք, որ ներկայացված պահանջները ողջ հայ ժողովրդի օրակարգային հարցերն են և ակնկալում ենք բոլորի սատարումը՝ անկախ բնակության ու ծագման վայրից:

Սոցիալական հարցման հայելին. ի՞նչ սպասել 40+10-ի կրճատումից հետո

Ապրիլի 1-ից փաստորեն կրճատվեց Արցախից բռնատեղահանվածներին տրվող բնակվարձի փոխհատուցման (40+10) ծրագիրը: Այս ամիս բռնատեղահանվածները դեռևս կստանան մարտ ամսվա համար նախատեսված գումարը, կվճարեն բնակվարձը, իսկ արդեն մայիսից կսկսվի ճգնաժամը. մարդկանց մեծ մասը պարզապես ի վիճակի չի լինի վճարել կեցավայրի համար:

«Ստեփանակերտ» մեդիա ակումբը Civilnet.am կայքում վերջերս հրապարակել է հոդված, որտեղ մանրամասն ներկայացված են բռնատեղահանվածների սոցիալական աջակցության կրճատման հնարավոր հետևանքները, և հոդվածին կից առաջարկվել է մասնակցել հարցման, որտեղ արցախցիները հնարավորություն ստացան ներկայացնելու, թե ինչ են մտադիր անել 40+10 ծրագրի կրճատումից հետո:

Հարցվածների 47%-ը նշել է, որ պայքարելու է, որպեսզի կառավարությունը վերանայի արդեն իսկ կայացրած որոշումը, և պայքարի այս որոշումն իրեն երկար սպասեցնել չտվեց:

Մարտի 29-ին Երևանի Ազատության հրապարակում տեղի ունեցավ մեծ հանրահավաք: Տասնյակ հազարավոր արցախցիներ դուրս էին եկել բոյկոտելու բնակվարձի փոխհատուցման ծրագրի կրճատումը: Նրանք նշում էին, որ այս որոշումը ոչ այլ ինչ է, եթե ոչ հարկադիր արտագաղթի ծրագիր: Հանրահավաքի ժամանակ կազմակերպիչները նամակ փոխանցեցին կառավարությանը, որտեղից խոստացան մեկ շաբաթվա ընթացքում գրավոր պատասխան տալ: Հանրահավաքից հետո կազմակերպիչները վրան խփեցին Ազատության հրապարակում և նստացույց հայտարարեցին:

Մեծ հանրահավաքին հաջորդեցին փոքր ակցիաներ, որոնցից մեկն էլ տեղի ունեցավ մարտի 31-ին Աշխատանքի և սոցիալական ապահովության հարցերի նախարարության դիմաց:

Ակցիայի մասնակիցներին նախարարությունից պատասխանեցին, որ հանրահավաքից հետո նախարարությունում ոչ մի աշխատանքային քննարկում չի անցկացվել, և որ կայացված որոշումները փոփոխության ենթակա չեն:

Այդուհանդերձ, երեկ՝ ապրիլի 3-ին, կառավարությունն արձագանքեց և Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի ներկայացուցիչներին հրավիրեց հանդիպման, որից պարզ դարձավ, որ իշխանությունները 40+10 ծրագրի մասով որևէ զիջման պատրաստ չեն:

Պայքարի պատրաստակամությամբ 47%-ի շարքում է նաև լրագրող Մարիամ Սարգսյանը, որն իր երեխային չի կարողանում տեղավորել պետական մանկապարտեզում, որպեսզի կարողանա լրիվ դրույքով աշխատել: Մանկապարտեզից Մարիամին պատասխանել են, որ բռնի տեղահանությունը կարգավիճակ չէ և չի կարող որպես առաջնահերթություն դիտարկվել:

Ընդվզող արցախցիների գերակշիռ մասը նշում է, որ եթե պայքարը արդյունք չտա, և կառավարության որոշումն անփոփոխ մնա, ստիպված են լինելու արտագաղթել: Նույն կարծիքն է կիսում նաև հարցվածների 20%-ը: Հավելենք, որ անգամ բնակվարձի փոխհատուցման ծրագրի պայմաններում 10 հազարից ավելի բռնատեղահանված ստիպված է եղել արտագաղթել՝ հիմնականում զբաղվածության խնդրի պատճառով: Իսկ արդեն այս պայմաններում՝ արտագաղթողների թիվը մի քանի անգամ կմեծանա:

Հարցվածների 17%-ն էլ նշում է, որ որևէ փոփոխության հույս չունի ու ճարահատ ելքեր է փնտրում: Որպես հնարավոր ելքերից մեկը նշվում է մի քանի տեղ աշխատելը: Թե որքանով է դա հնարավոր, ինչքանով այն կօգնի ճգնաժամը հաղթահարելուն և ինչպես կանդրադառնա մարդկանց առողջության վրա՝ դժվար է ասել:

Հարցման մասնակիցների 16%-ը նշել է, որ անելանելի վիճակում է և չի պատկերացնում իր հետագա քայլերը: Նրանցից ոմանք նշում են, որ այս պահին արդեն իսկ առավելս անում են իրենցից կախվածը, սակայն մի կերպ են ծայրը ծայրին հասցնում: Բռնատեղահանված Հելեն Դադայանը նշում է, որ իր ընտանիքը պարզապես հայտնվելու է փողոցում, քանի որ ի վիճակի չի լինի բնակարանի վարձը վճարել, իսկ բնակապահովման պետական ծրագիրն էլ իրենց ընտանիքի համար հասանելի չէ:

Արցախից բռնի տեղահանվածների փողոցում հայտնվելու և այլ խնդիրներին զուգահեռ ահագնանում է նաև վերջիններիս հանդեպ ատելության խոսքի չափը: Մեր անցկացրած հարցման մեկնաբանությունները ևս բացառություն չեղան: Բացասական մեկնաբանություններ թողած օգտատերերի մեծ մասը մեղադրում է բռնատեղահանվածներին ծուլության և հայաստանաբնակների հարկերի հաշվին ապրելու մեջ: Սա ոչ միայն հանրության տարբեր հատվածների միջև անհանդուրժողական մթնոլորտ ստեղծելուն է նպաստում, այլև խորացնում է բռնատեղահանվածների բազմաշերտ տրավման և առաջացնում հոգեբանական նոր խնդիրներ:

Քաղաքագետ Տիգրան Գրիգորյանը գրում է. «ՀՀ կառավարությունը ուղիղ պատասխանատվություն է կրում արցախցիների կենսական խնդիրների լուծման հարցում, որովհետև ներդրում է ունեցել դրանց ստեղծման մեջ, ինչպես նաև պարտավորություն էր ստանձնել այդ խնդիրները առաջացրած իրողությունները կանխելու համար։»

Այս իրավիճակում թե՛ պետական մարմինները, թե՛ հանրությունը կանգնած են կարևոր ընտրության առաջ․ ստեղծե՞լ աջակցող միջավայր, որտեղ մարդիկ կարող են վերականգնվել ու զարգանալ, թե՞ թողնել նրանց սոցիալական անելանելիության մեջ, ինչը միայն խորացնելու է ճգնաժամը։ Բռնատեղահանվածներն այսօր ոչ թե օգնություն խնդրողներ են, այլ մարդիկ, որոնք պայքարում են ապրելու հնարավորության համար։ Հարցն այն է՝ արդյոք, այդ պայքարին կմիանա՞ն նրանք, ովքեր կարող են փոփոխություն բերել, թե՞ ոչ։

«Ստեփանակերտ» մեդիա ակումբ

Երկրաշարժ է տեղի ունեցել Կապան քաղաքից 16 կմ հեռավորության վրա

Կապան քաղաքից 16 կմ հեռավորության վրա տեղի է ունեցել 3,1 մագնիտուդով երկրաշարժ, հայտնում է Հայաստանի ՆԳՆ փրկարար ծառայությունը։

Թարմացված տվյալներով՝ էպիկենտրոնը գտնվել է Կապանից հյուսիս-արևելք՝ Սյունիքի մարզում։ Էպիկենտրոնը ընկած էր 10 կիլոմետր խորության վրա։

Ստորգետնյա ցնցումների ուժգնությունը էպիկենտրոնում հասել է 4 բալի; Բուն Կապանում երկրաշարժը զգացվել է 2–3 բալ ուժգնությամբ։

Թրամփը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հույս է հայտնել, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև խաղաղության պայմանագիրը շուտով կստորագրվի։ Այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպարտամենտի էներգետիկ ռեսուրսների պետական ​​բյուրոյի ավագ խորհրդական Էրիկ Ջեյքոբսը, փոխանցում է Reuters-ը։

Ելույթ ունենալով Բաքվում անցկացվող էներգետիկ ֆորումում՝ Ջեյքոբսն ընդգծել է, որ համաձայնագրի կնքումը կսկսի «անվտանգության և բարգավաճման նոր դարաշրջան» ողջ Հարավային Կովկասի համար։

Այսօր մենք նոր էջ ենք բացում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկարամյա բարեկամության մեջ. Ուրսուլա ֆոն դեր Լայեն

Սև ծով մուտք գործելու համար անհրաժեշտ են նաև Կենտրոնական Ասիայի եւ Հարավային Կովկասի երկրների հետ սահմանային անարգել անցումներ։  Թուրքիայի եւ Ադրբեջանի հետ Հայաստանի շուրջ երեք տասնամյակ փակ սահմանների բացումը շրջադարձային կլինի։ Եվ դա Եվրոպային եւ Կենտրոնական Ասիային ավելի կմոտեցնի, քան երբևէ։

Այսօր մենք նոր էջ ենք բացում Եվրոպայի եւ Կենտրոնական Ասիայի երկարամյա բարեկամության մեջ մեր տարածաշրջանների միջեւ նոր ռազմավարական գործընկերությամբ:

Գլոբալ Գեյթվեյի 12 միլիարդ եվրո ներդրումները կաջակցեն մեր ընդհանուր առաջնահերթություններին, Սամարկանդում ընթացող ԵՄ-Կենտրոնական Ասիայի գագաթնաժողովում. հայտարարել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը։

Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստան, Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոեւը եւ Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լեյենը։ Լուսանկար՝ Ուզբեկստանի նախագահի մամուլի ծառայություն/EPA

 

 

Նախապատրաստվում է հաջորդ հանրահավաքը

Ազատության հրապարակում արցախցիները շարունակում են նստացույցը։

Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդն այսօր նիստ է անցկացնելու՝ որոշելու հետագա անելիքները։

Step1.am- ը ճշտեց, որ քննարկում են հանրահավաքները շարունակական դարձնելու հարցը։ Չի բացառվում, որ մեկ շաբաթ դադար կվերցնեն՝ մարդկանց մոբիլիզացնելու համար։

Խորհրդի անդամներն ասում են, որ պետք է աշխատանք տանեն, որպեսզի հաջորդ հանրահավաքն ավելի մարդաշատ լինի։

10 ամիս. սահմանադրական հանրաքվեն տեղի կունենա ընտրությունների հետ մեկտեղ

ՀՀ արդարադատության նախարար Սրբուհի Գալյանը ճեպազրույցի ժամանակ նշեց, որ «կառավարությունը պատրաստ է խաղաղության պայմանագիր կնքել, սակայն հնչած մտքերը նախապայման չեմ համարում։ Խաղաղությունն այլընտրանք չունի, և մեր բոլոր գործողությունները պետք է ուղղված լինեն դրա վերջնական հաստատմանը”։

Ավելի վաղ Բաքուն հայտարարել էր, որ դեռ երկու տարի առաջ է որպես «խաղաղության համաձայնագրի» ստորագրման նախապայման առաջ քաշել ԵԱՀԿ Մինսկի խմբի վերացումը և Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները, մասնավորապես՝ Անկախության հռչակագրին և Հայաստանի ու Արցախի վերամիավորման որոշմանը հղումների բացառումը։

Այն,որ նախարարը “չի ընդունում” դա որպես նախապայման, չի նշանակում, որ այդ “առաջարկները” չեն կատարվելու։

Մեկնաբանելով սահմանադրական բարեփոխումների հարցը՝ նախարարը հիշեցրեց, որ նոր տեքստի վրա աշխատանքները շարունակվում են։ Նա մանրամասներ չհրապարակեց՝ նշելով, որ նախագիծը որոշակի փուլում կհրապարակվի և կենթարկվի հանրային քննարկման։ Նրա խոսքով, Սահմանադրության վերջնական տարբերակը պատրաստ կլինի 8-10 ամսվա ընթացքում։

Գալյանը հրաժարվեց մեկնաբանել, թե արդյոք Անկախության հռչակագրի հղումը կմնա տեքստում: Նա հավելեց, որ իր անձնական դիրքորոշումը համահունչ է Սահմանադրական դատարանի եզրակացությանը։

Այսպիսով, Բաքուն հրաժարվում է ստորագրել «համաձայնագիրը», քանի դեռ չի փոխվել ՀՀ Սահմանադրությունը, իսկ Երևանը պնդում է, որ դրա համար կպահանջվի առնվազն 8-10 ամիս։

Մոտավորապես այսքան ժամանակ է մնացել Հայաստանում նախընտրական քարոզարշավի մեկնարկին, երբ, ըստ Վիլեն Գաբրիելյանի, երկրում իշխանություն կփոխվի։

Կփոփոխվի, թե չի փոխվի, բայց Երեւանն, ըստ էության, առաջարկում է սպասել գոնռ մինչև ընտրություններ եւ խորհրդարանական ընտրություններին զուգահեռ անցկացնել սահմանադրական հանրաքվե։ Բայց քանի որ սահմանադրական հանրաքվեն, ըստ նախապայմանի, ենթադրում է Երրորդ Հանրապետության վերացում, հանրաքվեից հետո հայկական իշխանություն չի կարող լինել։

Միջազգային դերակատարները, ովքեր ողջունում էին Բաքվի և Երևանի միջև «խաղաղության համաձայնագրի» տեքստի համաձայնեցումը, երբեք հրապարակավ չեն հայտարարել Բաքվի նախապայմաններին աջակցելու մասին, թեև անթույլատրելի էլ չեն համարել։ Բոլորը հիանալի հասկանում են, որ որոշվում է ոչ թե տխրահռչակ խաղաղության պայմանագրի, այլ Հայաստանի ճակատագիրը։