Ռոյթերս – Կասպից ծովի մակարդակի կտրուկ անկումը ազդում է նավահանգիստների և նավթի մատակարարման վրա և սպառնում է աղետալի վնաս հասցնել թառափի և փոկերի պոպուլյացիաներին, ասում են Ադրբեջանի պաշտոնյաները:
Հեղինակ՝ naira
Ալիևը մեզ հետ խոսում է շատ ուղիղ և առանց ձևականության․ Տաթևիկ Հայրապետյան
Ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ
Արցախից տեղահանված Արման Ավանեսյանի հինգ հոգանոց ընտանիքը հաստատվել է Արմավիրի մարզի Ջրառատ գյուղում։ Արմանն ու կինը՝ Տաթևը, ուսուցիչներ են։ 2023-ի հոկտեմբերից Արմանն աշխատանքի է անցել Շահումյանի միջնակարգ դպրոցում՝ որպես զինղեկ, իսկ կինը՝ Լուսագյուղի միջնակարգ դպրոցում հայոց լեզու և գրականություն է դասավանդում։
Արցախում Արմանն իր ձեռքերով տուն էր կառուցել․ շինարարությունը մեծ թափ էր ստացել 2020-ի 44-օրյա պատերազմից հետո, ավարտվել մինչև տեղահանությունը

-Արցախում ապրում էինք Ասկերան քաղաքում։ Ես՝ որպես զինղեկ, աշխատում էի Խնապատի միջնակարգ դպրոցում, իսկ կինս, որ մինչև 2020-ի 44-օրյա պատերազմը վերաբնակեցված Ուղտասար համայնքի դպրոցի հայոց լեզվի և գրկանության ուսուցչուհին էր, համայնքը թշնամու վերահսկողության տակ անցնելուց հետո ևս աշխատանքի է անցել Խնապատի դպրոցում։ Այդ կրթօջախում աշխատած տարիներն ինձ համար ոչ միայն երջանիկ, այլ նաև ուսուցողական տարիներ էին։
Որպես երիտասարդ ընտանիք՝ 2010 թվականին, պետական ծրագրից օգտվելով, Ասկերանի նորակառույց շենքերից մեկում ձեռք ենք բերել բնակարան։ Հետո որոշել եմ իրականացնել իմ վաղեմի երազանքը և իմ ձեռքերով տուն կառուցել։ Հայ ժողովրդի մեջ խոսք կա՝ ծառ տնկի, տուն կառուցի, ընտանիք կազմի․ Արցախում ես կարողացա իրականացնել երեքն էլ։ 2020-ից հետո մեծ թափով շարունակում էի տան կառուցումը։ Մարդիկ մոտենում էին, ասում՝ ինչո՞ւ ես իզուր չարչարվում, միևնույն է, Արցախը հանձնված է։ Ես հակադարձում էի՝ հոգուս խորքում ցավ զգալով մարդկանց մտատանջությունների համար։ Անկախ ամեն ինչից, շարունակում էի կառուցել, քարը քարի վրա դնել և իմ քայլով հույս էի ներշնչում հարազատներիս, համաքաղաքացիներիս, ցանկանալով ցույց տալ, որ կյանքը շարունակվում է պատերազմի հետևանքով ծվատված, կոտրված Արցախի վրա, և այն հանձնված չէ։ Մինչև վերջին օրը ես աշխատում էի իմ տան վրա, միաժամանակ այգի հիմնում։ Ոչ մի աշխատանքից չէի վախենում։
Դպրոցում աշխատելուս հետ մեկտեղ իրականացնում էի նաև հանդիսավարական ծառայություններ։ Ինձ դուր էր գալիս ուրախացնել մարդկանց, հույս տալ, ոգևորել նրանց։
Արցախի կորուստը ծանր հարված էր Ավանեսյանների ընտանիքի համար, որտեղ դաստիարակվում են երեք երեխաներ։ Արմանի կինը՝ Տաթևը, ով Հայաստանից Արցախ էր տեղափոխվել մանուկ հասակում, իրեն լիարժեք արցախցի է զգում։ Ամուսնու հետ, թիկունք թիկունքի, նրանք ստեղծել, արարել ու մի ակնթարթում կորցրել են ամեն ինչ։ Արմանն ու Տաթևը, սակայն, վստահ են իրենց ուժերի վրա․ տրամադրված են վճռականորեն։
Արմանի համար ամենակարևորը հավատալն է
-2023-ի սեպտեմբերի 27-ին ընտանիքիս հետ հարկադրված լքեցի իմ օջախը, իմ ծննդավայրը։ Ծանր էր շատ։ Երբ հետևում մնաց Ասկերանի Բերդ-ամրոցը, հոգուս մեջ խոր ցավ զգացի, միանգամից թևաթափ եղա։
Տեղահանվելուց հետո հաստատվեցինք Ջրառատ համայնքում։ Կարճ ժամանակահատվածում ես ու կինս անցանք մանկավարժական աշխատանքի, որովհետև միայն աշխատանքի մեջ կարող էինք մի փոքր կտրվել դաժան իրականությունից։
Լինել ռազմագիտության ուսուցիչ, դա չի նշանակում միայն զենքի ու զինամթերքի հետ կապված ուսուցում տալ։ Ռազմագիտության ուսուցիչը պետք է ռազմահայրենասիրություն սերմանի աշակերտի մեջ։ Ու դա ինձ հաջողվեց անել նաև նոր կրթօջախում։ Դասապրոցեսներն սկսում եմ Գարեգին Նժդեհի խոսքերով՝ խաղաղությունը չեն մուրում, խաղաղությունը պարտադրում են։
Հաճախակի եմ կազմակերպում հանդիպումներ շեֆ զորամասի հետ, անցկացնում հայրենասիրական դասեր, բազմաբնույթ միջոցառումներ։ Երբեք չեմ կորցնում պահը, որ խոսեմ Արցախի, տարիներ շարունակ այնտեղ տարվող պայքարի, հանուն հայրենիքի ընկած հերոսների մասին։ Սերունդներին հասանելի եմ դարձնում Արցախի կարևորությունը, որ այն միշտ հայկական է եղել ու երբեք չպետք է ուրանալ Արցախը։
Իմ կարծիքով Արցախի և ՀՀ դպրոցների միջև տարբերությունը շատ մեծ է՝ ռազմագիտություն առարկայի դերի ու նշանակության առումով։ Կարճ ժամանակահատվածում կարողացա դրսևորել ինձ նոր միջավայրում, իհարկե, կոլեկտիվի օգնությամբ։ Ձևավորեցի թիմ, ու սկսեցինք մասնակցել տարբեր մրցույթների։ Արմավիրի մարզը ներկայացնող մեր թիմը հրաձգության հանրապետական մրցույթում գրավեց 2-րդ տեղը՝ զիջելով միայն Տավուշի թիմին։
Մոտենում է նոր ուսումնականը, որին պատրաստվում եմ նոր եռանդով, կրկնապատկված պատասխանատվությամբ, նույն սկզբունքներով։ Կարծում եմ, որ յուրաքանչյուր գիտակից հայ պիտի անի ամեն ինչ, որ սերունդներն իմանան Արցախի մասին, հասկանան հայկական լինելու նրա կարևորությունն ու դաստիարակվեն այդ ոգով։ Միշտ պետք է հիշենք Մեծն Շիրազի խոսքերը՝ <<Այն ինչ մերն է եղել, մերը կլինի>>։
Ինչպես Արցախում, Հայաստանում ևս Արմանը հանդիսավարական ծառայություններ է իրականացնում։
-Շարունակում եմ հանդիսավարական ծառայություններ մատուցել Երևանում և Հայաստանի տարբեր բնակավայրերում, ինչի համար շնորհակալ եմ ինձ վստահողներին։ Ցանկացած միջոցառման ժամանակ ես պահը բաց չեմ թողնում կրկին խոսելու Ացախի մասին՝ հարգանքի տուրք մատուցելով զոհվածների հիշատակին։ Իհարկե, Հայաստանում ամեն ինչ տարբերվում է Արցախից, դժվարություններ շատ կան, սակայն դրանք պետք է հաղթահարել, որ կարողանաս ապրել ու առաջ գնալ։ Հաճախակի եմ համեմատականներ անցկացնում․ անգամ արևածագն ու մայրամուտը տարբեր են։
Երբ միջոցառումներ եմ վարում, որոնց մասնակիցների մեծ մասն արցախցիներ են լինում, Արցախի բարբառով մեջբերումներ եմ անում, մարդիկ մոտենում են ու խնդրում հանդիսությունները վարել մեր բարբառով։ Նրանց աչքերում այնքան ոգևորություն ու միաժամանակ կարոտ եմ տեսնում, որ ինքս ավելի շատ եմ ոգևորովում։ Միջոցառումների ժամանակ արցախյան բարբառով ասված ամեն մի խոսք ապրեցնում է յուրաքանչյուրին, տանում դեպի Արցախ։
Հորդորում եմ արցախցի հանդիսավարներին շատ օգտագործել մեր բարբառը, որ երբեք չմոռացվի այն, իսկ միջոցառումներն սկսել՝ պարավըք եկալ խոսքերով։
Արմանի ընտանիքը մտադիր է մշտապես հաստատվել Հայաստանում, օգտվել բնակարանային ծրագրից
-Ուզում ենք օգտվել բնակարանային ծրագրից։ Իհարկե, մեր ընտանիքի համար նախատեսված գումարը բավարար չէ պատշաճ պայմաններով բնակարան ձեռք բերելու համար։ Տների գներն օրեցօր ավելի են բարձրանում, ինչն էլ մեծ խնդիր է դառնում մարդկանց համար։ Մեր ընտանիքն առանց հիփոթեքային վարկավորման չի կարող բնակարան ձեռք բերել։ Այժմ այդ գործընթացի մեջ ենք։ Ոչ մի պարագայում չենք հեռանալու Հայաստանից։ Ավելին ասեմ, երբ լսում եմ, որ որևէ արցախցի ընտանիք ստիպված լքում է երկիրը, մեծ ցավ եմ ապրում։ Կարծես թե մարում է վերադարձի հույսը, սակայն ես փորձում եմ իմ մեջ հավատալու ուժ գտնել, հուսալ, որ հավաքական վերադարձ լինելու է։ Աշխատում ենք օրուգիշեր, որ ունենանք հզոր Հայաստան, միայն այդ դեպքում կունենանք անվտանգ երկիր։
Ցանկանում եմ շնորհակալություն ասել հայաստանցի մեր այն հասարակ հայրենակիցներին, ովքեր շատ սրտացավ են արցախահայության հանդեպ, օգնում են, որ կարողանանք գտնել մեր տեղն այստեղ ու չմտածենք արտագաղթի մասին։
Հաճախ հարց է տրվում՝ հարմարվե՞լ եք արդյոք։ Ո՛չ, հնարավոր չէ հարմարվել։ Ինչպես կարող ենք հարմարվել հայրենիքի կորստի հետ։ Երբ մարդ մի բաժակ կամ մի ափսե է կորցնում, ափսոսանք է ապրում, հիշում, թե որտեղից է ձեռք բերել այն, կամ ով է նվիրել։ Իսկ ինչպես կարող է հարմարվել տուն ու տեղ, հայրենիք կորցրած մարդը։ Ուղղակի մենք փորձում ենք վերստին ստեղծել, որովհետև մեր երեխաները ոչ մի բանի համար մեղավոր չեն։ Նրանք պետք է լիարժեք ապրեն, իսկ դրա համար օրուգիշեր աշխատել է պետք։
Ինձ և ինձ նման մտածելակերպ ունեցող մարդկանց համար Արցախի թեման փակված չէ։ Ես չեմ հասկանում ու չեմ ընդունում այն մարդկանց, ովքեր պնդում են, որ Արցախի թեման փակված է, ու արդեն կարող են հանգիստ ապրել։
Եթե մի գեղեցիկ օր իմ առջև պահանջ դնեն, ասելով՝ կամ պիտի չխոսես Արցախի մասին, կամ աշխատանքից ազատման դիմում ներկայացնես, ես անվարան կընդունեմ երկրորդ տարբերակը։
Իմ հայրենակիցներին ասում եմ՝ լոխ լյավա ինյան, պիտի տեմ կենանք, վեր տոն քինանք։
Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ
Թրամփ. Հնարավոր չէ պատերազմում հաղթել՝ առանց ագրեսորի վրա հարձակվելու
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարություն է հրապարակել իր պաշտոնական «Թրուզ» սոցիալական ցանցում։
«Շատ դժվար է, եթե ոչ անհնար, հաղթել պատերազմում՝ առանց ագրեսոր երկրի վրա հարձակվելու։ Դա նման է ուժեղ սպորտային թիմի, որն ունի հիանալի պաշտպանություն, բայց նրան թույլ չեն տալիս խաղալ հարձակման մեջ։ Հաղթելու հնարավորություն չկա։ Նույնը վերաբերում է Ուկրաինային և Ռուսաստանին։ Հետաքրքիր ժամանակներ են սպասվում», – ասվում է Թրամփի հայտարարության մեջ։
Թրամփը խոսում է Ուկրաինայի մասին, բայց ընդհանուր առմամբ։ Որքանո՞վ են նրա խոսքերը վերաբերում Բաքվին, որը օկուպացրել է Արցախը, և Իսրայելի քայլերին Գազայում։
Սեպտեմբերի առաջին օրերին Չինաստանում կարևոր հանդիպումներ են սպասվում
Ինչպես հայտնում է nеws.am-ը, ավելի քան 20 երկրների և 10 միջազգային կազմակերպությունների ղեկավարներ կմասնակցեն Շանհայի համագործակցության կազմակերպության (ՇՀԿ) գագաթնաժողովին և դրա հետ կապված միջոցառումներին կենտրոնական ենթակայության Տյանցզին քաղաքում (Հյուսիսային Չինաստան)։ ՇՀԿ Տյանցզինի գագաթնաժողովը կանցկացվի օգոստոսի 31-ից սեպտեմբերի 1-ը։
Հրավերով գագաթնաժողովին կմասնակցեն Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ինչպես նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
Հիշեցնենք, որ փորձագետները խոսում են սեպտեմբերի 2-ին ԱՄՆ նախագահ Թրամփի Չինաստան այցելության մասին, ինչպես նաև Պուտինի հետ նրա հնարավոր հանդիպման։
Արցախի դեմ իրականացված ահաբեկչության դեմ միջազգային հանրությունը պետք է համատեղ պայքարի
Արցախցիների՝ 2023 թ. սեպտեմբերին չստացված զինվորական կենսաթոշակների վճարումը կլինի սեպտեմբերին
Լիաննա Պետրոսյանը գրում է․
2023 թ. սեպտեմբերին չստացված զինվորական կենսաթոշակների և պարգևավճարների վճարումները ՀՀ Կառավարության կողմից կիիրականացվեն ս.թ. սեպտեմբեր ամսից։
ՀՀ նախագահն ու ԿԳՄՍ նախարարն այցելել են Արգավանդի մոտի թուրքմենական դամբարանը
Հանրապետության նախագահ Վահագն Խաչատուրյանը ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Ժաննա Անդրեասյանի և Հայաստանում Թուրքմենստանի դեսպան Մահմեդգելդի Այազովի ուղեկցությամբ այցելել է Փարաքար խոշորացված համայնքի Արգավանդ բնակավայրում գտնվող թուրքմենական դամբարան: Այդ մասին հայտնում են ՀՀ նախագահի աշխատակազմից:
Հայ վարպետների ձեռքով կառուցված հուշարձան-դամբարանը միջնադարյան հայ և իսլամական ճարտարապետական տարրերի սինթեզ է։ Տուֆակերտ, երեք հավասար մասերի բաժանված, աշտարականման, գմբեթաձև շինություն է, որի գմբեթը կառուցված է թրծված աղյուսից։ Դամբարանի ճակատային մասում արաբատառ արձանագրության մեջ ասվում է, որ այս սրբազան գմբեթավոր դամբարանը կառուցվել է 1413 թվականին:

Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի կալանքը 3 ամսով երկարաձգվեց
Երևանի ընդհանուր իրավասության առաջին ատյանի քրեական դատավոր Կարեն Ֆարխոյանը 3 ամսով երկարաձգեց Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանի նախնական կալանքը։
Դատավոր Կարեն Ֆարխոյանը հայտարարեց, որ խոչընդոտելու և հանցանք կատարելու ռիսկերը բարձր են, և այլընտրանքային խափանման միջոցները չեն կարող ապահովել մեղադրյալի պատշաճ վարքագիծը։
«Լիդիա Մանթաշյայնի կալանավորումը երկարաձգելուց հետո ես գետնի տակը պիտի մտնեի, ամոթ ինձ, եթե դուրս գայի այդ միջավայրից։ Շնորհակալ եմ, որ չարեցիք այդ քայլը»,- ասաց Բագրատ սրբազանը՝ դիմելով դատարավորին։
Մակրոնը և Էրդողանը քննարկել են Վաշինգտոնում Փաշինյան-Ալիև հանդիպման արդյունքները
Ֆրանսիայի և Թուրքիայի առաջնորդներ Էմանուել Մակրոնը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը քննարկել են Փաշինյանի և Ալիևի միջև ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հովանու ներքո կայացած հանդիպումը։ Մակրոնը այս մասին հայտնել է X-ում։
Մակրոնը նշել է, որ Էրդողանի հետ զրույցում քննարկվել է միջազգային իրավիճակը, այդ թվում՝ Վաշինգտոնում կայացած բանակցությունների արդյունքները։
«Մենք քննարկել ենք օգոստոսի 8-ին նախագահ Թրամփի հովանու ներքո Հայաստանի վարչապետի և Ադրբեջանի նախագահի հանդիպման հետ կապված սպասումները», – գրել է նա։
Նրա խոսքով՝ կարևոր է, որ ձեռք բերված առաջընթացը շարունակվի, հանգեցնի տարածաշրջանում տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակմանը և տարածաշրջանային համագործակցության ամրապնդմանը։
Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատների բողոքի ակցիան
Անհետ կորածների, զոհվածների եւ գերիների հարազատներն այսօր դարձյալ բողոքի ակցիա էին անում կառավարության շենքի մոտ։
Արցախցի Բելլա Գալստյանը 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման հետեւանքով Արցախում զոհված զինծառայող Սասուն Ավանեսյանի քույրն է։ Նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ կառավարությանը նամակ են փոխանցել։ Նրա խոսքով՝ բարձրաձայնում են ոչ միայն մարտական գործողությունների ժամանակ անհետ կորածների հարցը, այլ նաեւ վառելիքի պահեստի պայթյունի հետեւանքով անհետ կորածների հարցերը։ «Պայթյունն էլ հանդիսանում է պատերազմի հետեւանք, նույնն է, ոչ մի տարբերություն։ Հստակ թիվ չենք կարող ասել, որովհետեւ տարբեր է, կոնկրետ պայթյունի հետեւանքով անհետ կորածների թիվը 21 կամ 22 է, պատերազմի հետեւանքով 14 է»,- ասաց նա։
Բելլան նշեց՝ իրենց խնդրանքն այն է, որ անհետ կորածների հարցով գործընթացն ավարտին հասցնեն, գործի մեջ ընդգրկեն նաեւ ԱԱԾ նախկին տնօրեն Աբազյանին, քանի որ Աբազյանը ասել էր անհետ կորածների հարազատներին, որ 8 թե 9 կետով պայմանավորվածություն կար Ադրբեջանի հետ։ Անհետ կորածների հարազատների պնդմմամբ՝ հունիսին արդեն պետք է ստորագրություններով հաստատվեր այդ պայմանավորվածությունը, բայց այդպես էլ չկայացավ այդ հանդիպումը։ «Հիմա մեր խնդրանքն այն է, որ պարոն Աբազյանին ընդգրկեն այդ գործի մեջ, որովհետեւ մենք քաջ գիտակցում ենք, որ նա ավելի տեղեկացված է, մեր այս գործի հետ անմիջական կապ է ունեցել»,- նշեց նա։
Զոհվածների հարազատները բարձրաձայնում են արտաշիրմում իրականացնելու հարցը։ «Շեշտել ենք նաեւ այն հանգամանքը, որ եթե հանկարծ մեզ բախտ վիճակի եւ հնարավորություն ընձեռնվի թույլտվություն ունենանք արտաշիրմում իրականացնելու, իրականացվի 2023 թվականին զոհված անձանց մարմինները տեղափոխելու համար։ Խոսքը չի վերաբերում եղբայրական գերեզմանոցում հուղարկավորվածներին, այլ 2023 թվականին զոհվածներին»,- նշեցին նրանք։
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը եւս մասնակցում էր ակցիային, նա լրագրողների հետ զրույցում ասաց, որ այսօր գնալու են նաեւ ԱԱԾ՝ ԱԱԾ տնօրենին ուղղված նամակը փոխանցելու։ Ըստ Ստեփանյանի՝ զոհվածների, անհետ կորածների ու գերիների հարազատները հանդիպել են նաեւ ԱԱԾ ներկայիս տնօրեն Անդրանիկ Սիմոնյանի հետ, բայց դժգոհ են մնացել, որովհետեւ տպավորություն են ստացել, որ նա գործընթացից տեղյակ չէ ու քայլեր չի իրականացնում այդ ուղղությամբ։
«Մարդկանց ակնկալիքն այն է, որ վերականգնվեն աշխատանքները, այսինքն՝ մարդիկ տեսնեն, որ այս ուղղությամբ պետությունը կոնկրետ գործառույթներ է իրականանցնում։ Այստեղ կան նաեւ գերիների ծնողներ, նրանց հետ անձնական շփումներում այդ մարդիկ իրենց դժգոհությունն արտահայտում են, չեն տեսնում զգալի աշխատանք։ Առնվազն ծնողներն ու հարազատները պետք է զգան, որ որոշակի աշխատանք է տարվում, եթե չեն զգում, ուրեմն ոչինչ էլ չի արվում»,- ասաց նա։
Գեղամ Ստեփանյանն ասաց, որ գերիների հարցն Ալիեւի համար քաղաքական հարց է, դրանում կասկած չկա։ «Եվ հավանաբար գերիներն այնտեղ պահվում են նաեւ այն պատճառով, որպեսզի ունենան այդ լծակը հայ ժողովրդի վրա ճնշումներ գործադրելու կամ այդ հարցն անընդհատ շահարկել՝ Հայաստանից զիջումներ կորզելու համար։ Չնայած՝ մենք տեսնում ենք, որ Հայաստանի իշխանություններն էլ հոժարակամ անում են այդ զիջումները եւ պոկելու անհրաժեշտություն չկա» ,- նշեց Ստեփանյանը։
Փաշինյանն ու Ալիևը վճռական խաղաղություն են հաստատում, որը հասկանում են յուրովի
Այսօր Նիկոլ Փաշինյանը և Իլհամ Ալիևը, ինչպես միշտ, միաժամանակյա հայտարարություններ արեցին և ներկայացրին իրենց տեսլականը գալիք «խաղաղության» վերաբերյալ։
Փաշինյանը շոշափեց ամենացավոտ թեմաները․
Հայաստանն ու Ադրբեջանը ճանաչում են ԽՍՀՄ փլուզման ժամանակ գոյություն ունեցող սահմանները, բայց եթե լինի տարածքներ փոխանակելու ցանկություն, ապա դա պետք է որոշի ժողովուրդը, ասաց Նիկոլ Փաշինյանը։
Նա նշեց, որ և՛ Հայաստանը, և՛ Ադրբեջանը ունեն քարտեզներ, որոնք գրանցում են նախկին խորհրդային հանրապետությունների սահմանները։ Չնայած դեռևս անհրաժեշտ է պարզաբանել, թե ինչ է «տարածքային ամբողջականությունը»՝ հիմնվելով իրավական փաստաթղթերի վրա, և սա վերաբերում է նաև էքսկլավներին և անկլավներին։
«Մենք կպարզեցնենք ոչ միայն հայ-ադրբեջանական սահմանի անցակետերը, այլև մեր բոլոր սահմանային կետերը՝ բիզնես միջավայրը, արտահանումը, տարանցումը և ներմուծումը հնարավորինս պարզեցնելու համար», – ասաց Նիկոլ Փաշինյանը։
«Եթե մեր Սահմանադրական դատարանը որոշի, որ նախաստորագրված և, ի վերջո, ստորագրված խաղաղության համաձայնագիրը հակասում է Սահմանադրությանը, ես ինքս կձեռնարկեմ սահմանադրական փոփոխություններ։ Հիմա դրա մասին մտածելու կարիք չկա», – ասաց Փաշինյանը։ Միևնույն ժամանակ, Փաշինյանը հիշեցրեց, որ «մենք նաև օրակարգ ունենք նոր Սահմանադրություն ընդունելու»։
«Մենք այժմ աշխատում ենք նոր սահմանադրության նախագծի վրա, և երբ այն պատրաստ լինի, մենք, ամենայն հավանականությամբ, կանցկացնենք հանրաքվե, բայց դա ոչ մի կերպ կապված չէ այս գործընթացի հետ, չնայած կարող է ռազմավարական առումով ազդել դրա վրա», – ընդգծեց նա։
Հարցին. «Եթե ժողովուրդը դեմ քվեարկի սահմանադրական փոփոխություններին, դա կազդի՞ խաղաղության համաձայնագրի ստորագրման վրա», Փաշինյանը պատասխանեց. «Ես չեմ կարծում, որ ժողովուրդը դեմ կքվեարկի, եթե պարզվի, որ սա կարող է ինչ-որ կերպ ազդել խաղաղության գործընթացի վրա»։
1990-ականների սկզբից ի վեր Հայաստանից և Ադրբեջանից փախստական դարձած քաղաքացիների վերադարձը, ըստ Հայաստանում և Ադրբեջանում ներկայումս օգտագործվող տրամաբանության, շատ լուրջ սպառնալիք է ներկայացնում խաղաղության օրակարգի համար, քանի որ այս օրակարգի քննարկումը դառնում է քաղաքական շահարկումների առարկա և ոչինչ չի բերի փախստականներին, ասել է Փաշինյանը։
Միևնույն ժամանակ, նա բացատրեց, որ խաղաղ ժամանակ յուրաքանչյուրը կարող է այցելել ցանկացած վայր որպես զբոսաշրջիկ։
Նա կարծում է, որ առաջիկա ընտրություններում քաղաքացիները ստիպված կլինեն ընտրություն կատարել խաղաղության և ոչ խաղաղության միջև: «Ես չեմ ուզում ասել՝ խաղաղության և պատերազմի միջև», – ասաց Փաշինյանը։
Քաղաքացիները հեղափոխություն չարեցին, քանի որ նրանք, ինչպես ես, հասկացան, որ առանց ղարաբաղյան շարժումը փակելու որոշման, խաղաղությունը անհնար է ո՛չ գործնականում, ո՛չ էլ տեսականորեն, ասաց նա։
«Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացը գրեթե ավարտված է, և ստորագրված փաստաթղթերը լիովին ապահովում են Բաքվի շահերը», – ասաց Ալիևը Արցախից։
«Մենք հասել ենք այն ամենին, ինչ ուզում էինք: Ատելի Մինսկի խումբն ապրում է իր վերջին օրերը: Իրականում այն որևէ ակտիվություն չէր ցուցաբերում և չէր կարող դա անել: Սակայն այն գոյություն ուներ իրավաբանորեն, և հիմա նրա վերջը մոտ է», – ասաց Ալիևը։
Նա նաև ասաց, որ Նախիջևանի երկաթուղին ամբողջությամբ կարդիականացվի, և նրա խոսքերով՝ նախատեսվում է նոր երթուղիներ կառուցել Հայաստանի տարածքում։ Ալիևն ասաց, որ «Երևանը պարտավորություն է ստանձնել, և սա Ադրբեջանի համար ևս մեկ պատմական հաղթանակ է»։




