ՀՀ քաղաքացիները ՌԴ մուտք գործելու 72 ժամ առաջ պետք է գրանցվեն և թույտվություն ստանան

Այս տարվա հունիսի 30-ին Ռուսաստանի Դաշնության միգրացիոն օրենսդրությունում սպասվում է հերթական փոփոխությունը՝ ոչ վիզային ռեժիմի երկրների քաղաքացիները ՌԴ ծրագրված մուտքից 72 ժամ առաջ պետք է իրենց մուտքի մասին տեղյակ պահեն այդ երկրի իրավասու մարմիններին։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

Օտարերկրացին ներբեռնելու է հատուկ բջջային հավելված, որի միջոցով լրացնելու է իր տվյալները եւ դիմելու է, որ ինքը պատրաստվոմ է 72 ժամ հետո մուտք գործել ՌԴ։ Անձի տվյալները ստուգվելու են ՌԴ պատկան մարմինների կողմից, նրան ուղարկվելու է հաստատման կոդ։ Եթե անձը չստանա այդ հաստատման կոդը, նրա մուտքը ՌԴ չի թույլատրվի։ «Եթե օտարերկրացու մուտքը թույլատրվի, նա կստանա համապատասխան կոդ, որը սահմանին կներկայացնի սահմանապահին, իսկ առանց այդ կոդի անձին թույլ չեն տա մուտք գործել ՌԴ։ Դա վերաբերում է բոլոր ոչ վիզային ռեժիմի երկրների, այդ թվում՝ ԵԱՏՄ անդամ երկրների քաղաքացին»,- նշեց նա։

Բեժանյանն ասաց, որ 30-40 հազար ՀՀ քաղաքացի Ռուսաստանում հայտնվել է վերահսկվող անձանց ռեեստրում։ Եվ եթե այս անձինք մինչեւ ապրիլի 30-ը չհասցնեն օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում, ենթակա են արտաքսման։

Նա հիշեցրեց՝ այս տարվա փետրվարի 5-ին ուժի մեջ մտավ արտաքսման ռեժիմը, եւ ներդրվեց վերահսկվող անձանց ռեեստրը, որտեղ հայտնվում են բոլոր այն օտարերկրացիները, ովքեր ունեն որեւէ խախտում։ Այս անձանց համար ՌԴ նախագահի կողմից ընդունվեց հրամանագիր, համաձայն որի՝ մինչեւ ապրիլի 30-ը թույլատրվել է վերահսկվող անձանց ռեեստրում գտնվողներին օրինականացնել իրենց գտնվելը ՌԴ-ում։ «Բայց սա էլ մեկ այլ խնդրի հանգեցրեց՝ ծավալն այնքան մեծ է, որ բազաները չեն հասնցում թարմացնել, եւ եթե նույնիսկ նամակ է գալիս, որ անձն այլեւս հանված է ռեեստրից, 3-4 օր դեռ շարունակում է մնալ այդ ռեեստրում։ Իսկ ինչպե՞ս է երեւում որ ռեսստրում է՝ անմիջապես սառեցվում են նրա բանկայի հաշիվները, եւ մարդը որեւէ գործարք չի կարողանում անել։ Կարեւոր է հասցնել մինչեւ ապրիլի 30-ն օրինականացնել ՌԴ-ում գտնվելը, հակառակ դեպքում անձինք ենթակա են արտաքսման,- ասաց Բեժանյանը։

ՌԴ-ում գտնվելն օրինականացնելու համար օտարերկրացիները պետք է անցնեն տարեկան պարտադիր բուժզննումը, այդ փաստաթղթերը անձնագրի, հաշվառման թերթի ու կանաչ քարտի հետ միասին պետք է տանեն իրենց տարածքային միգրացիոն ծառայություն եւ դիմում գրեն վերահսկվող անձանց ռեեստրից դուրս գալու համար։

 

Այլևս որեւէ օտարերկրացի չի կարող վարորդ աշխատել ՌԴ-ում՝ չունենալով Ռուսաստանի վարորդական իրավունք

Այս տարվա ապրիլի մեկից Ռուսաստանում գտնվող օտարերկրացիներն այլեւս չեն կարող պարզեված կարգով փոխել իրենց վարորդական իրավունքի վկայականները, պետք է քննությու հանձնեն, որպեսզի ձեռք բերեն ՌԴ վարորդական իրավունք։ Այս մասին այսօր հրավիրած ասուլիսում ասաց «Հայկական Կարիտաս» կազմակերպության միգրացիոն ծրագրի փորձագետ Տաթեւիկ Բեժանյանը։

«Մինչեւ այս տարվա ապրիլի մեկը Ռուսաստանում բնակվելու իրավունք ու կացության կարգավիճակ ունեցող, երկքաղաքացի հանդիսացող օտարերկրացիներն իրավունք ունեին պարզեցված կարգով փոխել իրենց պետության վարորդական իրավունքի վկայականները ՌԴ վարորդական իրավունքի վկայականով՝ առանց քննություն հանձնելու։ Ապրիլի մեկից այլեւս այդ կարգը չի գործելու, եւ, որպեսզի ձեռք բերեն ՌԴ վարորդական իրավունք, այս անձինք պետք է քննություն հանձնեն։ Եվ այլեւս որեւէ օտարերկրացի չի կարող վարորդ աշխատել ՌԴ-ում՝ չունենալով Ռուսաստանի Դաշնության վարորդական իրավունք»,- ասաց Բեժանյանը։

Դա կհամարվի խախտում, մարդիկ կտուգանվեն։ Եվ եթե ոստիկաններն անձին այս խախտման համար երկու անգամ տուգանեն, սա հիմք է հանդիսանալու, որպեսզի այդ անձը մուտքի արգելք ստանա։

«Փետրվարի 5-ից խստացումները մեծ ծավալով ուժի մեջ են մտել, եւ ապրիլի մեկից ավելի դժվար է լինելու։ Օրենքը շատ հստակ ասում է՝ եթե անձը չունի ՌԴ կողմից տրամադրված վարորդական իրավունք, նա իրավունք չունի որպես վարորդ աշխատել։ Խախտումը հայտնաբերելու դեպքում անձը կարտաքսվի»,- հավելեց նա։

Լիաննա Պետրոսյանը ամփոփել է մեկ ամսվա աշխատանքը

Մարտի 13-ից իր աշխատանքներն է սկսել բռնի տեղահանված անձանց համար խորհրդատվական, տեղեկատվական աջակցման կենտրոնը, գրում է Լիաննա Պետրոսյանը։
Մարտ ամսվա 13 աշխատանքային օրերի ընթացքում թեժ գծին ստացել ենք 315 հեռախոսազանգ, իսկ սոցհարթակում և էլեկտրոնային հասցեին՝ 320 նամակ և հաղորդագրություն։
Կենտրոնին ուղղված հարցերի մոտ 45 տոկոսը վերաբերելի էր իրականացվող սոցիալական ծրագրերին, 25 տոկոսը՝ աշխատանքային ստաժի վերականգնման և այլ իրավական խնդիրներին, 20 տոկոսը՝ խորհրդատվություն, այդ թվում՝ նամակների ձևակերպում, դիմում-բողոքների կազմում, 10 տոկոսը՝ այլ տեղեկատվության հարցում։
Ընթացքի մեջ գտնվող բոլոր հարցերի հետ կապված առաջիկայում կապահովենք հետադարձ կապ։
Հիշեցում՝
Կենտրոնին կարող եք դիմել հետևյալ հարցերով՝
1. Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների վերաբերյալ գործող օրենքների, որոշումների իրազեկում:
2. ՀՀ Կառավարության կողմից ընդունված որոշումների հանրամատչելի մեկնաբանում։
3. Կառավարության տարբեր մարմիններին ուղղված նամակների, դիմում-բողոքների ձևակերպում և ստացված պատասխանների մեկնաբանում։
Կենտրոնի թեժ գծի հեռախոսահամարն է
011-444443։
Ուշադրություն՝ զանգահարել կարող եք աշխատանքային օրերին՝ ժամը 10:00-18:00-ն։
Հրատապ, անհետաձգելի հարցերի դեպքում կարող եք կապ հաստատել նաև՝
Էլ. փոստի միջոցով՝ ուղարկելով նամակ
[email protected] էլ.հասցեին։

Արցախցիները ապակե տարայի տակ․ օդը չի հերիքում, խեղդվում ենք

«Ժողովուրդ» օրաթերթի տեղեկությունների համաձայն՝ արցախցիները հաջորդ շաբաթ նախատեսում են մեծ հանրահավաք իրականացնել: Այն ուղղված է լինելու արցախցիների վերադարձի իրավունքի ապահովմանը, Բաքվից գերիների վերադարձին, Արցախում գտնվող նյութական մշակույթի պահպանմանն ու արցախահայության սոցիալական խնդիրների լուծմանը:

Առաջին հանրահավաքը կայացել է մարտի 29-ին, բավական մարդաշատ և կազմակերպված էր, հնչել են կարևոր հարցադրումներ։ Կառավարությանը հանձնվեց պահանջագիր, որտեղ և քաղաքական, և սոցիալական պահանջներ էին։ Օպերայի մոտ վրան խփվեց, որտեղ արդեն մի քանի օր է հանրային քննարկումներ է տեղի ունենում։

Գլխավոր բառերն ասել է Լարիսա Ալավերդյանը վրանում՝ պետք է ամեն ինչ անել ոչ թե արցախցիներին Արցախ վերադարձնելու, այլ Արցախը հայերին վերադարձնելու համար։ 

Հանրահավաքի հաջորդ օրը արցախցի մայրիկները ակցիա են կազմակերպել կառավարական ամառանոցների մոտ, իսկ այսօր կոչ է հնչել վաղը հավաքվել Կառավարության շենքի մոտ։

Կառավարությունը այդ ամենին պատասխանել է հակասոցիալական հարցերի նախարարի շուրթերով՝ 50 հազ․ աջակցությունը չի շարունակվի, գնացեք աշխատեք, քաղաքացիություն վերցրեք, սահմանամերձ գյուղերում մի կերպ տեղավորվեք ու սսկվեք։ 1,5 տարի հստակ խնդիր ենք լուծել, ու հիմա ձեր հանրահավաքով մեզ չեք շեղի ակդ խնդրից։

Բացի այդ, ինչպես գրում են մտածող մարդիկ, արցախցիների հանդեպ թաքնված թշնամանքը հանրահավաքից հետո ատելության տեսքով թափվել է հանրային դաշտ և հակառակ էֆեքտ առաջացրել։

Ի՞նչ անել նման իրավիճակում։ Հանրահավաք որպես կանոն անում են տեղեկացնելու կամ ճնշում գործադրելու նպատակով։ Կառավարությունը ոչ տեղեկանալու կարիք ունի, ոչ էլ «կճնշվի», քանի որ հստակ խնդիր ունի՝ արցախցիներին պահել ինչ-որ նվազագույն շեմի վրա, որպեսզի հարկ եղած ժամանակ ստիպի կատարել «որոշումները»։ Ասենք՝ մի մասին հետ ուղարկի Արցախ՝ որխպես «խաղաղության պայմանագրի» պատանդ, մի մասին փափուկ դեպորտ անի, իսկ մնացածին նվազագույն ծախսերով պահի Հայաստանում որպես հավիտյան «մեղավոր» կամ «սահմանապահ»։

Սոցցանցերում արցախցիները քննարկում են՝ ինչ անել։ Կան առաջարկներ՝ դիմել Ֆրանսիայի և ԱՄՆ դեսպանատներ և ապաստան խնդրել, քանի որ Հայաստանի կառավարությունը չի կատարում իր պարտականությունները։

Կա կարծիք, որ հաջորդ մեծ ցույցը պիտի տեղի ունենա ՀՀ կառավարության դիմաց, այնտեղից պետք է շարժվել ՄԱԿ գրասենյակ, տարբեր դեսպանատներ։

Սակայն բոլորը հասկանում են, որ արցախցիներին Հայաստանում առել են ապակե տարայի տակ, որտեղից նրանց ձայնը չի լսվում, միայն երևում է, որ մարդիկ ինչ-որ բան են բղավում։ Չի լսվում, որ նրանք ասում են՝ օդը չի հերիքում, խեղդվում ենք։

Նաիրա Հայրումյան

Ապրիլի 1-ից Ռուսաստանում․ եթե երեխան ռուսաց լեզվից քննությունը չհանձնեց, կզրկվի կրթությունից

Արցախում Ադրբեջանի կողմից ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է. ՔԿ

Sputnik. Ադրբեջանի կողմից Լեռնային Ղարաբաղի բնակչության նկատմամբ իրականացված ցեղասպանության գործով նախաքննությունը շարունակվում է, Sputnik Արմենիայի գրավոր հարցմանն ի պատասխան հայտնում է ՀՀ քննչական կոմիտեն։
ՀՀ քննչական կոմիտեում քրեական վարույթ է նախաձեռնվել 2023 թվականի սեպտեմբերի 20-ին` ադրբեջանական ագրեսիայից հետո։
Քննչական կոմիտեից այլ մանրամասներ չեն հայտնել։

Պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին

Արցախում տեղի է ունեցել ցեղասպանություն, եւ Օկամպոն բազմաթիվ անգամներ ասել է, որ դա այն դուռն է, որը մենք պետք է ծեծենք։ Այս մասին Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ ասաց իրավապաշտպան Լարիսա Ալավերդյանը։

«Ես հիշում եմ՝ 2023 թվականի դեկտեմբերին Օկամպոն ասաց, որ հայերը պետք է հայցերով հեղեղեն Միջազգային քրեական դատարանը։ Ինձ հայտնի է, որ բավականին շատ դիմումներ գնացել են Միջազգային քրեական դատարան, բայց դրանք բավարար չեն։ Մենք չկարողացանք ապահովել այդ հեղեղը, եւ մեզ մնում է, որ այս տարին չվատնենք, չպետք է հույսներս դնենք իշխանության, Եվրոպայի, ԱՄՆ-ի կամ Ռուսաստանի վրա, պետք է հավաքենք մեր ուժերը ու աշխատանք իրականացնենք Սփյուռքի աջակցությամբ, քանի որ դա մեծ ռեսուրս է պահանջում»,- ասաց նա։ Ալավերդյանը նշեց, որ խնդիրն ավելի խորքային պետք է դիտարկել՝ պետք է կարողանանք ոչ թե արցախցուն վերադարձնենք Արցախ, այլ Արցախը վերադարձնենք հայերին։

Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ ամենօրյա աշխատանք պետք է տանել Արցախ վերադառնալու քաղաքական իրավունքն ակտիվ պահելու ուղղությամբ, քանի որ վերադարձը կապված է թե Արցախի Հանրապետության վերականգնման, թե անօրինական Ադրբեջանին պատասխանատվության ենթարկելու հարցերի հետ։

Ըստ Ալավերդյանի՝ հայտնի է եւ ապացուցված է, որ չկա առանձին Հայաստանի եւ Արցախի անվտանգության հարց։ Եվ դրա համար կազմվել է միասնական անվտանգության ռազմավարությունը։ Իսկ Հայաստանի իշխանություններն ուղղակի մերժել են այդ ռազմավարությունը։ «Մենք պետք է հստակեցնենք՝ ինչո՞ւ է միասնական այդ անվտանգությունը կարեւոր։ Եվ ինչո՞ւ է այսօր Հայաստանը վտանգված ավելի, քան երբեւէ։ Մենք ոչ թե պետք է արձագանքենք իրենց ասածներին կամ հակադարձենք, այլ պետք է կարողանանք մեր մոտեցումները հստակ ասել, առաջ քաշել հիմնավոր ու ձեւակերպումներով շատ հստակ տարբերակը։ Այսօր Հայաստանն ամբողջովին վտանգված է, քանի որ նրանք հրաժարվել են Հայաստանի անվտանգության ամենամեծ երաշխավորից՝ Արցախից»։

 

Վարդան Ղուկասյանը դեռ Գյումրիի քաղաքապետը չէ, բայց նրա դեմ գործ են հարուցել

Գյումրիի նախկին քաղաքապետ, Կոմկուսի քաղաքապետի թեկնածու Վարդան Ղուկասյանին վերագրվող ենթադրյալ ձայնագրության առնչությամբ քրեական վարույթ է նախաձեռնվել:

Վարույթը նախաձեռնվել է ՔՕ-ի 236 հոդվածի հատկանիշներով՝ հավաքին մասնակցելուն հարկադրելը, ինչպես նաև հավաքին մասնակցելու կամ հավաքին մասնակցելուց հրաժարվելու նպատակով նյութապես շահագրգռելու հոդվածի հատկանիշներով:

Վարդան Ղուկասյանը բավական շանսեր ունի Գյումրիի քաղաքապետ ընտրվելու, եթե “Պատիվ ունեմ” ֆրակցիայի պատգամավոր Մարտուն Գրիգորյանը համաձայնվի քվեարկել Ղուկասյանի կողմ։ Սակայն մինչ Մարտուն Գրիգորյանը հայտարարի իր որոշման մասին, Ղուկասյանի դեմ գործ են հարուցում։

Վարդան Ղուկասյանը հաստատ գիտի ,որ իրեն կձերբակալեն, դրա համար պահանջում է, որ փոխքաղաքապետը եւս լինի իր կուսակցությունից։

 

Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու

«Ինչո՞ւ է Ալիեւն ուզում, որ մենք հայցերը հետ վերցնենք միջազգային դատական ատյաններից, որովհետեւ ինքը գիտի, որ դեռ շատ է պարտվելու։ Նաեւ գիտի, որ պատերազմի իրական դրդապատճառը, որը ռասիզմն էր, ջրի երես է դուրս գալիս»,- այսօր հրավիրած հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգայի իրավունքի մասնահետ Արա Ղազարյանը։

Նրա խոսքով՝ Բաքվում հասկանում են, որ իրենք մարդկայնության դեմ հանցագործություն են գործել, եւ եթե անգամ քաղաքական մարմինները չեն ֆիքսել դա, միջազգային դատարանն է առաջնահերթ ֆիքսելու։ Այնպես, ինչպես Արդարադատության միջազգային դատարանն առաջին անգամ ֆիքսեց, որ Լաչինի միջանցքը փակ է։

Նույնիսկ, եթե Հայաստանն Արդարադատության միջազգային դատարանից հետ վերցնի իր գանգատը, դատական ակտը դառնում է պատմական փաստ։

Նրա խոսքով՝ երբ «խաղաղության պայմանագրի» տեքստը հրապարակեն, պարզվի, որ հայցերը հետ են վերցնում, անհատական գանգատներով միջազգային դատարաններ դիմելու շատ մեխանիզմներ կլինեն, որովհետեւ միջպետական գանգատը դուրս է եկել, բայց հո մարդու իրավունքը չի՞ դադարել գոյություն ունենալ։

Մարդու իրավունքների տեսանկյունից դա ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը

«Եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված Ադրբեջանի տարածք է, ապա մարդու իրավունքների տեսանկյունից այլ կերպ է դա ձեւակերպված․ ձեւակերպվում է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով հանրային քննարկման ժամանակ այսօր ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Անդրադառալով հարցին, թե ինչքանո՞վ է վերադարձի իրավունքը կապված ժողովուրդների ինքնորոշման իրավունքի հետ, Արա Ղազարյանն ասաց․ «Եթե մենք այս հարցին մոտենանք մարդու իրավունքի տեսանկյունից, այստեղ շատ հետաքրքիր լուծում կա ՄԱԿ-ի Մարդու իրավունքների կոմիտեի եւ քաղաքական ու քաղաքացիական իրավունքների մասին միջազգային դաշնագրում։ Այնտեղ իրենք ունեն 12-րդ հոդվածը՝ ազատ տեղաշարժի իրավունքը։ Իսկ ազատ տեղաշարժը երեք ձեւաչափով է՝ երկրի ներսում տեղաշարժ, երկրից դուրս գալը եւ իր սեփական երկիր վերադառնալը։

Այս արտահայտությունը՝ «իր սեփական երկիր», մեկնաբանվում է որպես հայրենիք։ Չի մեկնաբանվում որպես այն տարածք, որի քաղաքացի ես դու, դա Ալիեւի թեզն է, որն ասում է՝ քաղաքացիություն ունեք եւ վերադարձեք։ Իրավաբանորեն «քո սեփական երկիր» ձեւակերպման տակ մեկնաբանվում է այն ամենը, ինչը մարդու համար հայրենիք է։ Օրինակ՝ «Սարգսյանն ընդդեմ Ադրբեջանի» գործով Եվրոպական դատարանն արդեն որոշել է, որ Սարգսյանն իրավունք ունի վերադառնալ ոչ միայն իր տուն՝ Գյուլիստան գյուղ, այլ նաեւ այցելել հարազատների շիրիմներին։ Սա շատ հետաքրքիր նախադեպ է, այն փոքր մոդելն է, որն այսօր Ադրբեջանի դեմ ենք դնում իրավական հարթությունում։ Այսինքն՝ եթե Ադրբեջանը հայտարարում է, որ Արցախը միջազգայնորեն ընդունված իր տարածքն է, ապա մարդու իրավունքի տեսանկյունից դա ձեւակերպված է որպես այն տարածքը, որն անձը համարում է իր հայրենիքը։ Երբ մենք հիմա, երբ գանգատներ ենք ներկայացնում, հենց այս բանաձեւով ենք ներկայացնում, որի դեմ չեն կարող ներկայացնել հակաթեզ»։

Արա Ղազարյանի խոսքով, երբ Ալիեւն այսօր ասում է, թե իբր արցախցիների կառուցածն անօրինական է, կարող են նրանցից խլել այդ գույքը, նման հասկացություն չկա միջազգային իրավունքում։ «Ոչ, դու քո սեփական օրենքներն ես հորինում, քո սեփական իրավաբանությունը, նման իրավաբանություն չկա։ Եթե արցախցին կառուցել է, կառուցելու ուժով ինքն արդեն ստանում է սեփականության իրավունք, դա մարդու իրավունքի բանաձեւն է» ,- հավելեց նա։

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են արցախցի կանանց

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարության ներկայացուցիչներն ընդունել են ԼՂ-ից բռնի տեղահանված կանանց, քննարկել ԼՂ-ից բռնի տեղահանված անձանց ուղղված սոցիալական աջակցության ծրագրերի արդյունավետությանը, դրանց շարունակականությանը, բնակարանային ապահովման ծրագրի ընթացքին, ինչպես նաև e-քարտերի տրամադրման գործընթացին առնչվող մի շարք հարցեր։
ԱՍՀ նախարարության ԿՍԱԳՀ խորհրդականներ Գայանե Ղարագյոզյանն ու Եվգինե Վարդանյանը ներկայացրել են նախարարության կողմից իրականացվող ու ծրագրերը, ապա պատասխանել ներկաների կողմից բարձրացված հարցերին։
Հանդիպումը կազմակերպվել է «Քաղաքացիական Հաբ» երիտասարդական ՀԿ նախաձեռնությամբ։

Արցախցիների գույքային իրավունքը հավիտյան պահպանվում է, բայց արցախցին գոնե պետք է դիմում ուղարկի միջազգային ատյաններ

«Արցախցիների գույքային իրավունքը, որը վերադարձի իրավունքի կոմպոնենտներից մեկն է, շարունակում է հավիտյան պահպանվել։ Եվ արցախցին պետք է տեր կանգնի իրավունքին՝ անելով նվազագույնը, գոնե դիմում ուղարկի միջազգային ատյաններ։ Եթե Ադրբեջանի հետ բանակցվող այս պայմանագիրը հրապարակվի, եթե տեսնենք, որ այնտեղ ընդհանրապես մեխանիզմ չկա, դա արդեն շատ լուրջ խնդիր է Հայաստանի համար»,- Արցախի ժողովրդի վերադարձի իրավունքի թեմայով այսօրվա հանրային քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

«Բոլոր բռնի տեղահանվածները, ովքեր Արցախում թողել են գույք, ապա միշտ պետք է հիշեն, որ իրենց գույքի նկատմամբ իրենց իրավունքը շարունակում է պահպանվել ու պահպանվելու է տասնամյակներ շարունակ։ Կոնկրետ Հյուսիսային Կիպրոսի դեպքը շատ նման է Արցախի դեպքին։ Թուրքիայի ռազմական գործողությունների հետեւանքով 1974 թվականին 230 հազար մարդ բռնի տեղահանվել էր՝ թողնելով այնտեղ իրենց գույքը։ Եվ 10 տարի անց, երբ Սահմանադրության ուժով ազգայնացվեց այդ ամբողջ գույքը, 20 տարի, 30 տարի անց միջազգային հանրությունը չընդունեց դա։ Այդ օրենքները, որոնցով այդ գույքը հանրայնացվել էր, համարվեցին անօրինական, որովհետեւ բռնության արդյունքում էր դա իրականացվել։ Եվ թեկուզ 30-40 տարի անցել էր, բայց դատարանները որոշումներ էին կայացնում, որ այսինչ մարդը շարունակում է իր գույքային իրավունքն ունենալ։ Հետեւաբար, կամ պետք է վերադառնա ապրի այնտեղ, կամ պետք է փոխհատուցում տրվի։ Այսինքն՝ եթե արցախցին այսօր Երեւանում է, Հայաստանում է ու չի կարողանում իր գույքն օգտագործել, 5 տարի էլ անցնի, 10 տարի էլ անցնի, 20 տարի էլ անցնի, իրավունքի ուժով տիտուլը՝ տիտղոսաթերթը շարունակում է արցախցին պահել»,- ասաց Արա Ղազարյանը։

Մասնագետի խոսքով՝ այս իրավունքն արցախցիներն ունեն նաեւ այն գույքի նկատմամբ, որն այսօր ադրբեջանցիներն Արցախում ոչնչացնում են։ Նրա խոսքով՝ Ադրբեջանի այսօրվա գործողությունները միջազգային հանցագործություն է։ «Բայց ցանկացած տեսակի անշարժ եւ շարժական գույքի նկատմամբ, եթե անձն ունի այդ տիտղոսաթերթը, դա շարունակում է պահպանվել տասնամյակներ, մինչեւ որ որոշում չկայացվի, իսկ որոշումը հետեւյալն է՝ կամ թույլ եք տալիս, որ անձը վերադառնա եւ ապրի, բայց արժանապատիվ ու անվտանգ կյանքով, կամ տալիս եք հատուցում։ Սա այն հրամայականն է, որին այսօր Ադրբեջանը բախվել է եւ լուծում չունի, որովհետեւ ինչ լուծում էլ առաջարկեն իրենք, համարվելու է անօրինական։ Միջազգային որեւէ քաղաքական կամ դատական մարմին որեւէ հիմք չունի Ադրբեջանի այդ լուծումներն ընդունելու»,- հավելեց նա։