1989 թվականից Արցախն ու Հայաստանը միասնական իրավաքաղաքական տարածք են, իսկ արցախցիները՝ ՀՀ քաղաքացիներ են

Գագիկ Ավանեսյան, Արցախցինրի իրավունքների պաշտպանության խորհրդի անդամ

Վերջերս ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ ՀՀ քաղաքացիություն չունեցող անձինք չեն կարող մասնակցել երկրի  քաղաքական կյանքին: Արդյո՞ք այս հայտարարությունը վերաբերում էր նաև Արցախի ժողովրդին:

Ես կտրականապես համաձայն չեմ այս հայտարարության հետ: Եվ չնայած այն ուղղակիորեն չէր վերաբերում Արցախի ժողովրդին, բայց հաշվի առնելով, որ քաղաքացիության հարցը դարձել է արցախցիների համար պարտադիր պահանջներից մեկը, այս հայտարարությունը տարակուսանք է առաջացնում:

Մենք՝ արցախցիներիս, ունենք բոլոր իրավունքները մասնակցելու Հայաստանի ապագայի որոշմանը, արտահայտելու մեր քաղաքացիական դիրքորոշումը և ակտիվորեն մասնակցելու այն հարցերի քննարկմանը, որոնք անմիջականորեն ազդում են Արցախից բռնի տեղահանված անձանց ճակատագրի վրա: Արցախցիների ճակատագիրը ուղղակիորեն կապված է ՀՀ-ի հետ, և, համապատասխանաբար, մենք իրավունք ունենք մասնակցելու երկրի քաղաքական և հասարակական գործընթացներին՝ իրավական հիմքերով:

Հիշեցնենք, որ ՀԽՍՀ Գերագույն խորհրդի 1989 թվականի դեկտեմբերի 1-ի որոշման համաձայն՝ Արցախը և Հայաստանը ճանաչվում են որպես միասնական քաղաքական-իրավական տարածք, իսկ Արցախի ժողովուրդը՝ Հայաստանի քաղաքացի։ Արցախցիներն ունեն այս որոշումից բխող բոլոր իրավունքները, այդ թվում՝ քաղաքացիության և պետական ​​քաղաքականությանը մասնակցելու իրավունքը։ Արցախի ժողովրդին քաղաքացիությունից և ընտրական իրավունքից զրկելը անընդունելի է թե՛ իրավական, թե՛ բարոյական տեսանկյունից։

Մենք, ինչպես բոլոր հայերը, ունենք ընդհանուր նպատակ՝ ուժեղ, արդար և անկախ Հայաստան, որտեղ յուրաքանչյուր քաղաքացի ունի հավասար իրավունքներ և հնարավորություններ։

Ալվարդ Գրիգորյան

Արայիկ Հարությունյանը ազդարարում է Կաթողիկոսի անխուսափելի հեռացումը

Կտրիճ Ներսիսյանի հեռանալն անխուսափելի է։ Այս մասին Facebook–ի իր էջում գրել է Վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը։

Նա, մասնավորապես, նշել է. «Տեղեկացա, որ այսօր տարբեր թեմերից հոգևորականները հավաքվելու են Հայաստանում, ինչը շատ կարևոր է Եկեղեցու ապագայի համար:

Եվ հիմա հոգևորականները ոչ թե պետք է լսեն Կտրիճ Ներսիսյանի խոսքը, թե ինքն ինչպես է օգտագործելու իրենց՝ Մայր Աթոռի շուրջ ճգնաժամը խորացնելու համար, այլ պետք է քննարկեն՝ Կտրիճ Ներսիսյանի անխուսափելի հեռացումից հետո Եկեղեցին ինչպես է գործելու, ով է լինելու տեղապահ և ինչպես է ընթանալու Մայր Աթոռի բարենորոգության գործընթացը»:

Իրական կարգավորման հենարանը Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է, մնացածը լուրջ չէ

Քաղաքագետ Անդրիաս Ղուկասյանի խոսքով՝ Արեւմուտքի միջամտությամբ Հայաստան-Ադրբեջան հարաբերությունների հետ կապված ինչ-որ գործընթաց գնում է, սակայն դա գործընթաց է, որը փոխարինում է իրական կարգավորմանը։

«Իրական կարգավորման հենարանն Արցախի ինքնորոշման իրավունքի ճանաչումն է Ադրբեջանի կողմից, Ադրբեջանի համաձայնությունն է, որպեսզի Արցախում տեղակայվեն միջագային զորքեր, պայմաններ ստեղծվեն հայերի վերադարձի համար, եւ միջազգային կառավարում հաստատվի՝ մինչեւ տեղի կունենա հանրաքվե, որը կորոշի Արցախի վերջնական կարգավիճակը։ Սրանք են խաղաղ կարգավորման հենարանները։ Եթե դա չի արվում, մնացած ամեն ինչն իմիտացիա է։ Հայաստանի եւ Ադրբեջանի միջեւ «խաղաղության պայմանագիր», առանց իրավական հիմքերի սահմանազատում կամ ինչ-որ երրորդ կողմերի միջամտությամբ տրանսպորտային ուղիների բացում, այդ ամբողջը խաղաղ կարգավորման իմիտացիա է։ Ես չեմ կարծում, որ առանց քաղաքական որոշումների, տնտեսական եւ այլ բնույթի հարցերով ինչ-որ լուծուներ գտնելը կարող է իրավիճակը տանել կարգավորման»,- step1.am-ի հետ զրույցում ասաց Անդրիաս Ղուկասյանը։

Նրա խոսքով՝ եթե կողմերից մեկը՝ տվյալ դեպքում Ադրբեջանը չի կարող գալ հաշտության, ապա մաս-մաս լուծումները սխալ մոտեցում են, որը չի կարող բերել արդյունքի։ «Թրամփը չակերտավոր մի լավ միտք արտահայտեց՝ հասնել խաղաղության պարտադրանքով։ Եվ եթե ինքը երկակի ստանդարտներով չի շարժվում, ապա ԱՄՆ ամենաճիշտ վարքագիծը կլինի այն, որ Ադրբեջանին ուժով պարտադրեն խաղաղ կարգավորման այն բանաձեւը, որը Մինսկի խումբը մշակել էր եւ քննարկել բազմակողմանի բանակցությունների արդյունքում, որին ծանոթ են բոլորը։ Մի խոսքով՝ դա է խաղաղ կարգավորումը, մնացածը ես լուրջ չեմ ընդունում»,- հավելեց Ղուկասյանը։

Ռոզա Հովհաննիսյան

Ցանկացած օտարերկրյա պաշտոնյա, ով այցելում է բռնազավթված Արցախ, Ադրբեջանի հանցակից է

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն Հովիկ Ավանեսովը գրում է․
Ադրբեջանը պետական մակարդակով իրականացնում է բռնազավթված Արցախի տարածքում համամարդկային մշակութային ժառանգության համակարգված յուրացում և ոչնչացում։ Այդ գործողությունները հանդիսանում են ոչ միայն հայկական մշակույթի, այլև համամարդկային արժեքների դեմ ուղղված հանցագործություններ։ Այս համատեքստում, ցանկացած օտարերկրյա պաշտոնյա՝ անկախ իր զբաղեցրած պաշտոնից կամ այցի նպատակից, ով ապօրինի կերպով այցելում է բռնազավթված Արցախ, դառնում է Ադրբեջանի պետական վարչակարգի հանցակից։ Նման այցերը օրինականացնում են բռնազավթման ու համաքրիստոնեական ժառանգության ոչնչացման հետևանքները և պարարտ հող են ստեղծում հետագա մշակութային ցեղասպանությունների իրագործման համար։

Անձրև, ամպրոպ, կարկուտ

Հուլիսի 3-ին Հայաստանի որոշ շրջաններում գիշերը սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, իսկ կեսօրին՝ կարկուտ։

Օդերևութաբանները նաև կանխատեսում են, որ ամպրոպների ժամանակ հարավարևմտյան քամու պոռթկումները տեղ-տեղ կուժեղանան մինչև 19-23 մ/վրկ։ Օդի ջերմաստիճանի աստիճանական նվազումը կշարունակվի։

Ինչպես հայտնեցին «Հայհիդրոմետ»-ից, Երևանում գիշերը և երեկոյան հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 17-21 մ/վրկ, երեկոյան ժամերին՝ մինչև 15-18 մ/վրկ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +15+17, վաղը կեսօրին՝ +25+27։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +15+19,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +13+15, ցերեկը՝ +20+23,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +6+11, ցերեկը՝ +14+18,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +14+18,

Տավուշում՝ գիշերը՝ +12+15, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +14+17,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +12+16, ցերեկը՝ +20+25,

Արարարատում՝ գիշերը՝ +16+19, ցերեկը՝ +26+29,

Արմավիր՝ գիշերը՝ +14+16, ցերեկը՝ +25+29,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +17+21,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+18, ցերեկը՝ +25+29,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +16+21, ցերեկը՝ +25+28,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +9+12, ցերեկը՝ +19+23:

Վարչապետի գրառումները՝ Սահմանադրության փոխանորդ

Այսօր առավոտյան ՀՀ վարչապետի հերթական գրառումը լակոնիկ ձևով ամփոփեց Հայաստանում իշխող իրավաքաղաքական ամենաթողությունը՝ իրավունքի և պետական կառավարման լիակատար անձնավորված մոդելը։ Ըստ գրառման՝ ՀԷՑ-ի (Հայաստանի էլեկտրացանցեր) այն աշխատակիցները, ովքեր մասնակցել են վերջին շաբաթների քաղաքացիական բողոքներին, ազատվելու են աշխատանքից, իսկ այդ մարդկանց հավաքի «տանողները»՝ դատվելու։

Այլևս անհրաժեշտ չէ օրենսդրական հիմք, իրավական գործընթաց կամ դատարանի որոշում, սրանք «թիթիզություններ» են, որոնցով Ն.Փ.-ն հետաքրքրված էր իր կառավարման սկզբնական շրջանում միայն, իսկ վերջին տարիներին իրավիճակ է փոխվել։ Կա մեկ կամք՝ վարչապետինը և մեկ «լեգիտիմ» հիմք՝ ֆեյսբուքյան գրառում-հրամանները իրավապահ համակարգին։ Նրանց, ում մոտ կարող է հարց առաջանալ՝ ինչո՞ւ են իրավապահները վարչապետի ոչ իրավաչափ հրամաններին ենթարկվում, չէ՞ որ Սահմանադրությունն այլ բան է հուշում, հեռու չգնանք հիշեցնենք վերջին թարմ օրինակներից՝ գործարար Սամվել Կարապետյանին բերման ենթարկելու հրամանին ԱԱԾ տնօրենի հրաժարվելու հետևանքը:

Իհարկե, իշխող վերնախավի համար Հայաստանի օրենսդրությունը «ասնավանի չի», բայց զուտ սովորական մահկանացուներիս չմոռանալու համար առաջարկում եմ հիշենք, որ Աշխատանքային օրենսգիրքն առավելապես պաշտպանում է աշխատողի իրավունքները, նույնիսկ երբ նա իրազեկել է գործատուին, որ մասնակցելու է ցույցի կամ ուղիղ կերպով իրացրել է խաղաղ հավաքի ազատությունը։ Նույն ձևով Քրեական օրենսգիրքը չի նախատեսում պատասխանատվություն «մարդկանց ցույց տանելու» համար, երբ խոսքը գնում է խաղաղ հավաքի մասին։

Ըստ վարչապետի գրառման (այսուհետ՝ միակ ու անդրդվելի օրենքի)՝ հուլիսին ՀԷՑ-ի կառավարումը կանցնի ժամանակավոր կառավարչի, ում և վստահված է «որսը»։ Հիշյալ գրառումը ոչ միայն պարունակում է ահաբեկող բառամթերք՝ սպառնալից, նվաստացնող ու հաշվեհարդարային  ենթատեքստով, այլ՝ բացարձակ իրավական ԱՂԵՏ։ Ժամանակավոր կառավարիչը, ըստ ամենայնի, ոչ թե պաշտոնի անձնագրում արձանագրված պարտականություններն է ստանձնելու կատարել, այլ ստանալու է քաղաքական հանձնարարություն՝ ՔՊ-ի հանդեպ «չարություն արածներին» բացահայտելու, աշխատանքից ազատելու և տուն ուղարկելու, իսկ վերջում՝ դատելու «նոր Սահմանադրության համաձայն», այն է՝ վարչապետի ֆեյսբուքյան հերթական գրառման։

Սա ծրագրված պետական հաշվեհարդարի «ձեռնարկ» է, որում բացակայում են դատական և վարչական անկախություն, մարդասիրություն, նույնիսկ՝ ձևական օրինականություն։ Այս նոր ու դժգույն իրականությունը ևս մեկ անգամ վկայում է, որ գործադիր իշխանությունը Հայաստանում դարձել է թիրախավորման և ճնշման գործիք՝ հիմքում ունենալով վենդետտային տրամաբանություն։

Երբ պետության ղեկավարը անթաքույց ներկայացնում է, որ իր գրած ֆեյսբուքյան գրառումը կարող է լինել ավելի բարձր իրավական ուժ ունեցող «փաստաթուղթ», քան Սահմանադրությունն ու օրենսգրքերը, մենք գործ ունենք բռնապետության դասական մոդելի հետ, որտեղ իշխանությունը կենտրոնացված է մեկ անձի ձեռքում, և ժողովուրդը պարտավոր է ենթարկվել ոչ թե օրենքներին, այլ նշված անձի քմահաճույքներին ու տրամադրության փոփոխություններին, որոնք, ի դեպ, վերջինիս մոտ հաճախակի են լինում՝ ամենօրյա ռեժիմով, իսկ հաճախ՝ օրը մի քանի անգամ: Էմոցիոնալ պոռթկումները վարչապետի բնավորության անքակտելի մասն են կազմում և սրա հետ հաշտ են ինչպես նրա անմիջական ենթակաները, այնպես էլ քաղաքական թիմն ու ՔՊ էլեկտորատը։ Իսկ անհաշտների մի մասն էլ լուռ է, որովհետև «մեկ է եթե խոսենք, ի՞նչ ենք փոխելու»:

Եվ այս իրականությունը հուշում է, որ իմաստ չկա հույսեր փայփայելու 2026-ի ընտրությունների հետ կապված: Նիկոլ Փաշինյանի իշխանությունը, ամենայն հավանականությամբ, վերարտադրվելու է, որովհետև նա քաղաքական դաշտը դարձրել է աղբանոց, և նորմալ մարդիկ այլևս նախընտրում են հեռու մնալ աղբանոցից, որ հանկարծ գռեհկության ու հայհոյախոսության գարշահոտը չկպնի իրենց: Ընտրողների մի զգալի մասն էլ, որ նույնպես զզվել են անառողջ քաղաքական մթնոլորտից, նախընտրելու են չմանսակցել ընտրություններին: Արդյունքում գուցե և ցածր մասնակցությամբ, բայց ձայների մեծամասնությամբ իշխող կուսակցությունը կվերարտադրվի, որովհետև իշխանության «ֆան ակումբը», շնորհիվ Նիկոլ Փաշինյանի իսկապես հզոր քարոզչամեքենայի, գերակտիվ է և երբեք բաց չի թողնի «սիրելի առաջնորդին» վերընտրելու հնարավորությունը:

Տաթևիկ Խաչատրյան

Կարևոր փոփոխություն արցախցիների բնակապահովման ծրագրոմ

ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հրապարակել է այն կետերից մեկը, որի մասին դեռ հունիսի 11-ին Արցախցիների իրավունքների պաշտպանության Խորհրդի մամուլի ասուլիսի ընթացքում հայտարարել էինք։ Խոսքը վերաբերում է բնակարանային աջակցության ծրագրի փուլերի վերացմանը՝ սկսած հուլիսի 1-ից։ Սա մեր կողմից ստեղծված մասնագիտական աշխատանքային խմբերի և տարբեր ջանքերի տեսանելի արդյունքներից է։
Մի կողմից սա դրական ազդակ է. գոնե ՀՀ կառավարության որոշ պայմանավորվածություններ ի վերջո սկսում են իրականացվել։ Սակայն, ինչպես բազմիցս հայտնել ենք քննարկումների ժամանակ, այնպես էլ հրապարակային ձևով նշում ենք, որ բնակարանային ծրագիրը կարող էր լինել առավել արդյունավետ և մատչելի, եթե ընդունվեին մեր առաջարկները՝ ամբողջությամբ։
Միևնույն ժամանակ զգուշացնում ենք՝ եթե ծրագիրը մնա մասնակի, առանց բնակֆոնդի ձևավորման և վերահսկողական հստակ մեխանիզմների, ապա այն չի տալու իրական արդյունք։
Օրինակ՝ այն համայնքներում, որտեղ բնակարանային աջակցության ծրագրի շրջանակներում մեկ շնչի հաշվով աջակցության չափը բարձրացվել է 3,000,000 դրամից մինչև 4,000,000 (ինչի մասին մենք նախապես հայտնել էինք), մեր ուսումնասիրություններով և տեղի բնակիչների վկայությամբ՝ բնակարանների գները համարժեք բարձրացել են։ Սա փաստում է այն մասին, որ առանց համալիր մոտեցման ծրագիրը կարող է հակառակ արդյունք ունենալ։
Ուստի՝ կրկին կոչ ենք անում բոլոր մեր հայրենակիցներին՝ ակտիվորեն մասնակցել հուլիսի 12-ին՝ ժամը 18:00-ին, Ազատության հրապարակում կայանալիք հանրահավաքին, որպեսզի կարողանանք հասնել մեր խնդիրների համապարփակ լուծմանը։ Միայն միասնական և հետևողական պայքարի միջոցով կարող ենք հասնել իրական և ամբողջական լուծումների։

Ռազմական բուհերի շրջանավարտները կկարողանան տուն գնել Հայաստանի ցանկացած վայրում

Հայաստանի ռազմական համալսարանների շրջանավարտները կկարողանան տուն գնել երկրի ցանկացած վայրում՝ Երևանի 3 սենյականոց բնակարանի միջին գնով։ Այս մասին խորհրդարանում հայտարարեց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Արմեն Խաչատրյանը՝ ներկայացնելով «Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխության նախագիծը։

Ավարտելուց և լեյտենանտի կոչում ստանալուց հետո նրանց կտրամադրվի բնակարանային վկայական՝ այդ պահին հաշվարկված Երևանի 3 սենյականոց բնակարանի միջին գնի չափով։ Այս արժեքի շրջանակներում նրանք կկարողանան գնել ցանկացած բնակարան, նշեց պատգամավորը։

Իր հերթին, պաշտպանության փոխնախարար Հրաչյա Սարգսյանն պարզաբանեց, որ նման վկայականով գնված բնակարանը կտրամադրվի օգտագործման համար 20 տարվա ծառայության համար՝ որից հետո այն կդառնա սեփականություն։

Լիլիթ Գալստյան․ ՔՊ-ն չմիացավ ԵԱՀԿ ԽՎ-ում կարևոր նախաձեռնության

Lilit Galstian-ը գրում է․

ԵԱՀԿ ԽՎ-ի «Ժողովրդավարություն, մարդու իրավունքներ և մարդասիրական խնդիրներ» բանաձևում փոփոխության առաջարկ էի արել, որով մասնավորապես արձանագրում էի՝
ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂ-ի հակամարտություն հասկացությունը․
Ադրբեջանի կողմից հայկական մշակութային ժառանգության շարունակվող ոչնչացումը․
Պահանջում, որ մինչև գերիների անվերապահ վերադարձը, ԵԱՀԿ-ից կամ ԵԱՀԿ անդամ երկրներից դիտորդական առաքելություն ուղարկվի Բաքու՝ մշտադիտարկելու հայ ռազմագերիների և պահվող այլ անձանց պահման պայմանները և դատական գործընթացները։
Հայաստանի պատվիրակության անդամ քպ-ականները դեռ Երևանից չմիացան նախաձեռնությանս, փոխարենը նախաձեռնությանս միացան՝ Ֆրանսիան, Հունաստանը, Կիպրոսը ներկայացնող պատգամավորներ Վալերի Բուայեն, Իրեն Չարալամբիդիսը, Կիրիակոս Հաջիանին, Քարօղլուն, Պապաթանասիսը, Սենեկիսը, Սիրիգոսը և Կ․ Ալիշիան։
Քննարկման ժամանակ առաջարկս մերժելու համար ձայն վերցրած լիտվացի պատգամավորն ասաց, որ կողմերի հետ քննարկել են և եկել եզրակացության, որ առաջարկս պետք է մերժել, որովհետև կողմերի համար զեկուցողի ներկայացված տեքստն է ընդունելի։
Հիմա հասկանու՞մ եք, թե Արցախի էջը փակված համարող իշխանությունն ինչո՞ւ հարձակվեց եկեղեցու վրա, այն բանից հետո Վեհափառ Հայրապետի առաջարկով Շվեյցարիայում Արցախի հոգևոր մշակութային ժառանգության վերաբերյալ խորհրդաժողով կազմակերպվեց։
Այնուամենայնիվ, մի քանի երկրներից՝ Ֆրանսիա, Հունաստան, Կիպրոս, Կանադա, Բելգիա, Անդորա, Շվեդիա, կողմ քվեարկեցին իմ նախաձեռնությանը։
Իսկ ամենացավալին այն է, երբ այլ երկրների պատվիրակներ քեզ հարցնում են, ինչո՞ւ ձեր պատվիրակությունը չի միացել նախաձեռնությանը․․․․

Թրամփը հայտարարել է, որ Իսրայելը համաձայնել է Գազայում 60-օրյա զինադադարի

BBC

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ իսրայելական կողմը Վաշինգտոնի ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ համաձայնել է Գազայի հատվածում երկամսյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին։

«Այսօր իմ ներկայացուցիչները երկար և արդյունավետ հանդիպում ունեցան իսրայելցիների հետ Գազայի հարցի շուրջ։ Իսրայելը համաձայնել է 60-օրյա հրադադարի համար անհրաժեշտ պայմաններին, որի ընթացքում մենք կաշխատենք բոլոր կողմերի հետ՝ պատերազմը դադարեցնելու համար», – գրել է նա իր Truth Social սոցիալական ցանցում՝ առանց մանրամասնելու, թե որոնք են այդ պայմանները։

Ամերիկացի առաջնորդի խոսքով՝ Կատարի և Եգիպտոսի ներկայացուցիչները, որոնք «շատ են աշխատել խաղաղություն հաստատելու համար», վերջնական առաջարկը կփոխանցեն Համասի զինյալներին։

«Ես հույս ունեմ, որ Մերձավոր Արևելքի բարօրության համար Համասը կընդունի այս համաձայնագիրը, քանի որ իրավիճակը չի լավանա, այլ միայն կվատանա», – հավելել է Թրամփը։

Իրանը սկսում է Հայաստանի հարավի վաճառքը, և աճուրդը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում

Ինչպես նշում են փորձագետները, Էրդողանի հետ հանդիպումից հետո Դոնալդ Թրամփը առաջարկել է Ադրբեջանի և Թուրքիայի միջև Հայաստանի և Նախիջևանի տարածքով հաղորդակցությունների բացման իր սեփական տարբերակը: Նշվում է, որ սա եվրոպական առաջարկության կրկնությունն է, որը ենթադրում է եներրորդ երկրների, օրինակ՝ շվեյցարական կազմակերպության կողմից հաղորդակցությունների վերահսկողություն: Սակայն այս տարբերակը չեն ընդունում Բաքուն և Անկարան, որոնք պահանջում են միջանցք՝ Հայաստանի ինքնիշխանությունից դուրս: Փորձագետները նշում են, որ փակուղուց դուրս գալու ամենահավանական ճանապարհը կարող է լինել Հայաստանի վրա ճնշում գործադրելը, որպեսզի նա կամավոր հրաժարվի հայ-իրանական սահմանի և իր երկրի հարավի նկատմամբ ինքնիշխանությունից:

Բայց ինչո՞ւ Հայաստանի վրա։ Արդեն մի քանի ամիս է, ինչ Իրանը պնդում է, որ ինքն է միակ ուժը, որը թույլ չի տալիս «սահմանների փոփոխություն և Զանգեզուրի միջանցքի բացում»: Այսինքն՝ նման միջանցք բացելու համար անհրաժեշտ է «համոզել» ոչ թե Հայաստանին, այլ Իրանին:

ՀՀ-ում Իրանի դեսպան Սոբհանիի վերջին հայտարարությունն այն մասին, որ կան հետախուզական տվյալներ Իրանի դեմ հարվածների համար ադրբեջանական տարածքի օգտագործման մասին, հնչել է որպես սակարկության կոչ:

Հայտնի է դարձել, որ Իրանի նախագահ Պեզեշկյանը մասնակցելու է Տնտեսական համագործակցության կազմակերպության (ՏՀԿ) անդամ երկրների 17-րդ գագաթնաժողովին, որը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում այս տարվա հուլիսի 3-4-ը։

Թուրքիան, Ադրբեջանը և Իրանը ՏՀԿ անդամներ են, ինչպես նաև Աֆղանստանը, Ղազախստանը, Ղրղզստանը, Պակիստանը, Տաջիկստանը, Թուրքմենստանը և Ուզբեկստանը։

Պեզեշկյանի այցը օկուպացված Արցախ նշան է այն բանի, որ Իրանը սկսել է սակարկությունը, և “ապրանքը”՝ հայ-իրանական սահմանն է, ավելի ճիշտ՝ Հայաստանի հարավը։ Հայտնի չէ՝ թե ինչ գինե ակնկալում Իրանը՝ Նախիջևանով Հայաստան ճանապարհորդելու բացառիկ իրավունք, թե՞ ավելի լայն տարածաշրջանային գործարք է նախատեսվում։

Պեզեշկյանի օկուպացված Ստեփանակերտ այցելության փաստը նշան է հայկական դիվանագիտության ոչ միայն պարտության, այլև իսպառ բացակայության․ պաշտոնական Երևանը նման այցելությունները համարում է Ադրբեջանի «ներքին գործ»։ Հենց երեկ Իրանի արտգործնախարար Աբբաս Արաղչին զանգահարել է Արարատ Միրզոյանին և շնորհակալություն հայտնել Իսրայելի հետ լարվածության սրման ժամանակ Երևանի աջակցության համար։ Արտգործնախարարության պաշտոնական տեղեկատվության մեջ Պեզեշկյանի Արցախ այցելության մասին հիշատակման բացակայությունը ենթադրում է, որ Երևանից որևէ առարկություն չի եղել։

Չնայած Իսլամական համագործակցության կազմակերպության վերջին գագաթնաժողովից հետո, որը տեղի է ունեցել Կոստանդնուպոլսում հունիսի 21-22-ին, ի դեպ, Իրանի մասնակցությամբ, ՀՀ արտաքին գործերի նախարարությունը կոշտ հայտարարություն է տարածել գագաթնաժողովի հռչակագրի կապակցությամբ, որտեղ Հայաստանը անվանվել է Արևմտյան Ադրբեջան և նշվել է «ադրբեջանցիների վերադարձի անհրաժեշտությունը»։

Երեկ ՀՀ-ում Իրանի դեսպանը հանգիստ հայտարարել է, որ Իրանը ստորագրել է հռչակագիրը, քանի որ համաձայն է հիմնական գաղափարներին, թեկուզ առարկել է որոշ ձևակերպումներ։

Բայց սա ոչինչ չի փոխում. Իրանը սկսել է սակարկությունը հայ-իրանական սահմանի և Հայաստանի հարավի վաճառքի շուրջ, և աճուրդը տեղի կունենա օկուպացված Ստեփանակերտում։

Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է արել Ադրբեջանը Հայաստանով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին. «Քարնեգի»

Ազատություն

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի վարչակազմը Երևանին ու Բաքվին առաջարկ է ներկայացրել Ադրբեջանը Հայաստանի տարածքով Նախիջևանի հետ կապող ճանապարհի մասին, հաղորդում է Carnegie (Քարնեգի) հիմնադրամի վերլուծաբան Օլեսյա Վարդանյանը՝ հղում անելով երկու օտարերկրյա դիվանագետների։

Ըստ այդ աղբյուրների՝ ամերիկյան առաջարկը նման է տարիներ առաջ Եվրամիության կողմից շրջանառված տարբերակին, որի հիմքում 2008-ի պատերազմից հետո Ռուսաստանի և Վրաստանի միջև համաձայնեցված ծրագիրն էր։ Դրանով կողմերը նախատեսում էին Աբխազիայի և Հարավային Օսիայի վիճելի շրջաններով անցնող երթուղիների կառավարումը հանձնել շվեյցարական մի անկախ ընկերության, որը պարտավորվելու էր հետո լոգիստիկ տվյալները փոխանցել շահագրգիռ բոլոր կողմերին։

Եվրամիությունը նաև Երևանին ու Բաքվին էր առաջարկում այս նախադեպով առաջնորդվել, սակայն «քննարկումները խափանվեցին. նախ՝ հայ-ադրբեջանական սահմանին լարվածության նոր բռնկումներից, ապա՝ 2023 թվականին, Լեռնային Ղարաբաղում իրավիճակի սրացումից հետո», գրում է Քարնեգիի վերլուծաբանը։

Տրանսպորտային հաղորդակցությունների ճակատագիրը մնում է Հարավային Կովկասում չլուծված հիմնական հարցը՝ «Միջին միջանցքը», որը կարող է այլընտրանք դառնալ Ռուսաստանից անցնող ճանապարհներին՝ կապելով Չինաստանը Եվրոպայի հետ՝ Կենտրոնական Ասիայի, Կասպից ծովի ու Հարավային Կովկասի միջոցով, ինչն ահռելի նշանակություն է ստացել հատկապես Ուկրաինայի վրա Ռուսաստանի հարձակումից հետո։ Այդ ճանապարհի մի մասը տեսականորեն կարող է անցնել Հայաստանի տարածքով՝ կապելով Թուրքիան Ադրբեջանի, այնուհետև Կենտրոնական Ասիայի հետ, որտեղ Անկարան հատուկ հետաքրքրություն ու շահեր ունի։

«Բաքուն ընդհանուր առմամբ չի առարկում», – փաստում է Քարնեգիի վերլուծաբանը», – հավելելով, – «Միաժամանակ, Ադրբեջանը պնդում է, որ պետք է սկսել հարավային ճանապարհի բացումից, որը Ադրբեջանը կկապի իր անկլավի՝ Նախիջևանի հետ:

Այս նախագիծը, Բաքվի ձեռամբ ներառվել է Ղարաբաղյան երկրորդ պատերազմի ավարտի վերաբերյալ՝ Մոսկվայի միջնորդությամբ ստորագրված եռակողմ փաստաթղթում, որը ենթադրում էր Ռուսաստանի մասնակցությունը երթուղու ապագա կառավարմանը»։

Սակայն այսօր Երևանը առարկում է՝ պնդելով, որ ինքը պետք է իրականացնի վերահսկողությունը՝ մաքսային տուրքերից և անձնագրային ստուգումից մինչև անվտանգություն, նշել է վերլուծաբանը, շարունակելով, որ Բաքուն իր հերթին պնդում է, թե պատրաստ չէ ներդրումներ կատարել տրանսպորտային մի նախագծում, որի ճակատագիրը կարող է հարցականի տակ հայտնվել, օրինակ՝ «եթե Հայաստանում իշխանափոխություն լինի», հղում անելով իր աղբյուրներին՝ գրում է Քարնեգիի վերլուծաբանը, հավելելով՝ Ադրբեջանը պահանջում է ներգրավել արտաքին երաշխավոր՝ երթուղու կայուն գործունեությունն ապահովելու համար։

«Այս դիրքորոշումը, ըստ երևույթին, կիսում է նաև Թուրքիան, չնայած Երևանը դեռևս հույս ունի համոզել Անկարային ճանաչել երթուղու նկատմամբ լիարժեք վերահսկողություն ունենալու՝ Հայաստանի իրավունքը»։

Այս պայմաններում ներկայացված ամերիկյան առաջարկը ընդհանուր գծերով նման է եվրոպականին, որով նախատեսվում էր ճանապարհի կառավարումը արտապատվիրակել օտարերկրյա, մասնավոր ընկերության։ «Միաժամանակ, Վաշինգտոնի առաջարկը հիմնվում է ամերիկյան տրամաբանության վրա, ըստ որի համաձայնագրի երաշխավորը պետք է լինի ամերիկյան բիզնեսը, ինչպես որ արդեն տեղի է ունեցել, օրինակ՝ Ուկրաինայում՝ հազվագյուտ մետաղների գործարքում», – պնդում է Օլեսյա Վարդանյանը, որն ավելի վաղ նաև ղարաբաղյան հակամարտությանը մանրակրկիտ հետևող Միջազգային ճգնաժամային խմբի ավագ վերլուծաբանն էր։

Այս տարբերակն առաջ տանելու համար, ըստ նրա աղբյուրների, Վաշինգտոնը պետք է մեծ ջանքեր գործադրի. «Կա՛մ համոզել Ադրբեջանին հրաժարվել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու իր պահանջից և ստորագրել խաղաղության համաձայնագիրը. դրան կարելի է հասնել, օրինակ, Իլհամ Ալիևին Սպիտակ տուն հրավիրելով»,-նշում է հոդվածագիրը։

Եվ երկրորդ տարբերակը, ըստ ներկայացմամբ, ճնշում գործադրելն է Երևանի վրա, որպեսզի Հայաստանը համաձայնի ամերիկյան մոդելին և հրաժարվի երթուղու հայկական հատվածի նկատմամբ լիակատար վերահսկողության պահանջից։ Փաստելով, որ այս տարբերակն առավել իրատեսական է, Քարնեգիի վերլուծաբանը գրում է՝ ամենայն հավանականությամբ, դրանով Հայաստանը նաև ստիպված կլինի հրաժարվել Ադրբեջանի հետ խաղաղության համաձայնագիրն ի վերջո արագորեն կնքելու և երկարամյա մեկուսացումից շուտափույթ դուրս գալու հույսերից։

Չնայած քննարկումները դեռևս սկզբնական փուլում են, և մանրամասները կարող են փոխվել, ԱՄՆ մի պաշտոնյա վստահություն է հայտնել դրա հաջողության նկատմամբ․ «Նախագահ Թրամփը կարող է նույնիսկ Նոբելյան մրցանակ ստանալ դրա համար», – ասել է նա Քարնեգիի վերլուծաբանին: