Լույս է տեսել «Ապառաժ» թերթի վերջին համարը. մի օր վերածնունդ կլինի

Shahverdyan Sergey-ը գրում է․

Այսօր պաշտոնապես ավարտվեց ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի օրգան «Ապառաժ» թերթի պատմությունը։ Հրատարակություն, որը ժողովրդի հետ էր ամենադժվարին և ճակատագրական ժամանակահատվածներում, գոյատևեց մինչև իր վերջին համարը՝ չնայած տեղահանության, չնայած բոլոր փորձություններին։

1917 թվականից ի վեր «Ապառաժի» կյանքում ընդմիջումներ կային, և ամեն անգամ թերթը վերածնվում էր, երբ օբյեկտիվ հանգամանքները թույլ էին տալիս։ Հիմա էս դա «ցտեսություն» է, այլ ոչ թե հրաժեշտ։

Ինձ համար 2001 թվականը՝ գլխավոր խմբագրի պաշտոնում անցկացրած 365 օրը, լրագրողական ինքնադրսևորման լավագույն տարին էր։

Լուսանկարում՝ թողարկում #13 (42), 2000 թվականի հունիսի 30։

«Կորցնել Արցախը՝ նշանակում է երկրորդ անգամ կորցնել հորս»․ Ասպրամ Կրպեյան

Ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրը՝ Ասպրամ Կրպեյանը պատմում է կորստի ցավի, պատասխանատվության ժառանգության և Արցախ վերադարձի անվերապահ համոզմունքի մասին

Ասպրամ Կրպեյանի համար Արցախը երբեք պարզապես տարածք չի եղել։ Դա եղել է արմատ, հիշողություն, սեփական ինքնության մարմնավորում, և ամենակարևորը՝ հոր՝ Թաթուլ Կրպեյանի կենդանի ներկայության ձեւը։

«Ես չեմ պատկերացրել երբեւէ Հայաստանն առանց Արցախի։ Ես չեմ պատկերացրել ինձ առանց Արցախի, որովհետեւ իմ ճակատագիրն ունեցած ցանկացած երիտասարդի համար Արցախը իր կորստի մարմնավորումն է եղել»- ասում է Ասպրամը։

Նրա խոսքը Արցախը եղել է նաեւ ինքնաճանաչման ճանապարհ։ «Հանուն ինչի՞ դու զոհում ես քեզ համար ամենաթանկը։ Եվ այդ հանունը Արցախն է։ Ինքս իմ արմատի հետ կապվելու հնարավորություն է եղել»։

Նա հիշում է Արցախում գտնվելու յուրաքանչյուր պահ։ Դրանք հուզմունքով լի օրեր են եղել՝ ծանր, հագեցած, բայց՝ նաեւ փրկարար։ Իրական կորստի հետ ապրող մարդը շատ լավ տարբերում է իրական նվիրումը ցուցադրականից։

«Ցանկացած մեկը, ով հարազատ է կորցրել, անընդհատ փնտրտուքի մեջ է։ Այլ պարագայում կորստի ցավը ժամանակի հետ մեղմվում է։ Բայց այս մեկը՝ գիտակցված ընտրություն էր։ Սկզբունքային որոշման արդյունք։ Ես իրավունք չունեմ այդ որոշման հետ հաշվի չնստել։ Ճիշտ է, ինձ համար ցավոտ է, բայց այլ տարբերակ երբեք չի քննարկվել։ Վստահ եմ, որ հայրս մտածում էր ՝եթե ես չանեմ, ապա ո՞վ»։

Արցախը մեր հպարտությունն է եղել, հաղթանակը՝ ոչ միայն տարածքային, այլ՝ հոգևոր։ «Արցախի կորստից հետո իրականության հետ առերեսվելը ծանր է։ Բայց հիմա մեր երեխաներին կարեւոր մի պատգամ պիտի փոխանցենք՝ իրենց ծնողների նվիրումը հանուն ոչնչի չէր։ Հանուն իրենց էր, իրենց երեխաների՝ հայրենիք ունենալու»,- վստահ է Ասպրամը։

Նա չի հանդուրժում շահարկումները։ Կոչ է անում չտրվել կեղտոտ քարոզչությանը, որը փորձում է խլել նույնիսկ արժանապատիվ սգալու իրավունքը։ Երբ խոսքը հասնում է հերոսության սահմանմանը, Ասպրամի պատասխանը պարզ է ու մարդկային․ «Ո՞վ է հերոսը։ Մարդիկ, ովքեր վճռական կամք են դրսևորել ոչ միայն իրենց ընտանիքի, այլ մի ողջ ժողովրդի հանդեպ»։

Նա չի հիշում հորը կենդանի պատկերներով։ Բայց հիշում է նրան հոգով՝ Արցախում։ «Ես շատ փոքր եմ եղել, երբ հայրս զոհվել է։ Կենդանի հիշողություններ չունեմ։ Բայց նրա անձնազոհության ողջ զորությունն ու իմաստը ես շոշափելի զգացել եմ Արցախում։ Եվ երբ մենք կորցրինք Արցախը, դա ինձ համար հավասարազոր էր նրան երկրորդ անգամ կորցնելուն»։

Նոյեմբերի 9-ը Արցախն ամբողջությամբ կորցնելու սկիզբն էր։ Հիշում է այդ օրերին իր ապրումները, համատարած ցավը, անորոշությունն ու հայրենիքում օտարության զգացումը։

«Դա ամենադաժան ու անբացատրելի օրերից էր։ Մարդիկ չէին գիտակցում, չէին հաշտվում կորստի հետ։ Օտարության զգացում ունեցա դրանից հետո։ Ներքին ցասումը հաղթահարելու համար յուրայիններ գտնել է պետք»։

Ասպրամ Կրպեյանը այսօր վստահ է՝ Արցախի կորուստը հայ ժողովրդի համար ցեղասպանությունից հետո ամենադրամատիկ իրադարձությունն էր։ Նա ասում է. «Արցախի ազատագրումով մենք մի պահ ձերբազատվեցինք զոհի կարգավիճակից։ Իսկ հիմա՝ նորից։ Նույն պատմությունը, նույն կսկիծը»։

Ասպրամը չի բավարարվում միայն հուշերով, այլ խոսում է վերադարձի, շարունակական պայքարի և իր հոր՝ Թաթուլ Կրպեյանի գաղափարական ժառանգության պահպանման մասին։ Եվ իր ձայնի միջով լսվում է մի ողջ սերնդի ցավն ու պահանջը՝ «Մենք իրավունք չունենք հրաժարվել Արցախից, որովհետև հրաժարվելով Արցախից՝ հրաժարվում ենք մեզնից»։

Մարիամ Սարգսյան

Հուլիսի 2-ին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ

Հուլիսի 2-ին, կեսօրին Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են կարճատև անձրևներ և ամպրոպներ, հնարավոր է կարկուտ: Օդերևութաբանները նաև կանխատեսում են ամպրոպների ժամանակ հյուսիսարևմտյան քամու ուժգնացում՝ տեղ-տեղ մինչև 19-23 մ/վրկ:

Օդի ջերմաստիճանը հաջորդ 3 օրերին աստիճանաբար կնվազի 5-8 աստիճանով։ Ինչպես հայտնում են  «Հայպետհիդրոմետ»-ից, երեկոյան ժամերին Երևանում հնարավոր են կարճատև անձրևներ և ամպրոպներ, ամպրոպների ժամանակ քամու ուժգնացում մինչև 17-20 մ/վ, երեկոյան ժամերին՝ մինչև 15-18 մ/վ։ Հաջորդ գիշերը մայրաքաղաքում կլինի +16+18, վաղը կեսօրին՝ +29+31։

Օդի ջերմաստիճանը մարզերում՝

Շիրակում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +18+22,

Կոտայքի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Կոտայքի նախալեռներում՝ գիշերը՝ +14+17, ցերեկը՝ +26+29,

Սևանա լճի ավազանում՝ գիշերը՝ +8+11, ցերեկը՝ +17+21,

Լոռիում՝ գիշերը՝ +7+11, ցերեկը՝ +18+22,

Տավուշում՝ գիշերը՝ +15+18, ցերեկը՝ +22+25,

Արագածոտնի լեռներում՝ գիշերը՝ +6+10, ցերեկը՝ +18+21,

Արագածոտնի նախալեռներում՝ գիշերը՝ +14+18, ցերեկը՝ +26+30,

Արարարատում՝ գիշերը՝ +17+20, ցերեկը՝ +29+31,

Արմավիր՝ գիշերը՝ +15+19, ցերեկը՝ +29+31,

Վայոց ձորի լեռներ՝ գիշերը՝ +8+12, ցերեկը՝ +20+23,

Վայոց ձորի նախալեռներ՝ գիշերը՝ +16+20, ցերեկը՝ +29+32,

Սյունիքի հովիտներ՝ գիշերը՝ +18+22, ցերեկը՝ +28+31,

Սյունիքի նախալեռներ՝ գիշերը՝ +13+16, ցերեկը՝ +22+25:

Հուլիսի 1-ից արցախցիների աջակցության երկարացման որոշում չընդունվեց

Լուսանկարը՝ Մարութ Վանյանի

Արցախից բռնի տեղահանված ընտանիքների մեծ մասն այսօրվանից՝ հուլիսի 1-ից զրկվում են սոցիալական աջակցությունից։ Կառավարությունը նոր ծրագիր չի առաջարկել այս ընտանիքների համար, բացի բնակապահովման ծրագրից, որը մի շարք խնդիրներ ունի եւ, ըստ արցախցիների, լիարժեք հասանելի չէ մարդկանց։ Կառավարության որոշմամբ՝ հուլիսի 1-ից աջակցությունն այլեւս չի հատկացվի բոլոր արցախցիներին, սոցիալական աջակցության ծրագրի շահառու կլինեն միայն թոշակառուները, անչափահասները համանդամություն ունեցողները, իսկ մեկ անձի հաշվով աջակցության չափը կկազմի 30 հազար դրամ։

Ըստ կառավարության որոշմաբ՝ այս աջակցությունն ավելի վաղ պետք է դադարեցվեր՝ ապրիլ ամսից։ Արցախցիները բողոքի ակցիաներ էին արել, եւ ապրիլի կեսին Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը հայտարարեց, որ ՀՀ կառավարությունը համաձայնել է երկու ամսով երկարաձգել 40 հազարական դրամ աջակցության ծրագիրը՝ պայմանով, որ արցախցիներն Ազատության հրապարակից պետք է հանեին պայքարի նպատակով տեղադրված վրանը։ Արցախցիները վրանը հանել էին, ի պատասխան կառավարությունը ապրիլ-մայիս ամիսների համար նույնպես արցախցիներին 40 հազարական դրամ հատկացնելու որոշում էր կայացրել։ Մայիս ամսվա համար վճարումները հունիսին ուշացել էին, ինչը արցախցիների շրջանում մեծ դժգոհություն էր առաջացրել, քանի որ մարդիկ ասում են՝ դա իրենց բնակարանի վարձավճարն է։ Եվ կանխատեսումներ կան, որ հուլիսից դժգոհության ալիքը կմեծանա, մեծ թվով ընտանքիներ կկանգնեն բնակվարձի վճարման խնդրի առաջ։

 Արցախցի հասարակական գործիչ Լիաննա Պետրոսյանը գրառում է արել սոցիալական ցանցում․ «Այսօրվանից 40+10 դառնում է 40-10, բայց որոշների համար։ Ի՞նչ է փոխվել տեղահանվածների կյանքում, ինչպե՞ս են գոյության պայքարը շարունակելու խոցելի խումբ չհամարվող անձինք ու նրանց ընտանիքները,  ընտանիքներից քանի՞սը դարձավ տանիքի տեր։ Հարցեր, որոնք ունեն հասցեատեր, սակայն չունեն պատասխաններ»։

Արցախցիները սոցիալական ցանցում իրենց մտահոգությունն են արտահայտել ստեղծված իրավիճակի վերաբերյալ։

«Էտ փողը իրանց գրպանից չեն տալիս, էտ փողը մեր տան փոխհատուցումն է, եթե փողը կտրել է, ուրեմն մեզ տնով թող ապահովի, ոնց որ մեր տներից մեզ զրկեց, բռնի տեղահանեց։ Մենք մեր տներում մեր համար ապրում էինք, ոչ մեկից էլ փող չէինք ուզում, մեր տները թող տան մեզ, փողերն էլ պահեն իրենց»,- գրել է օգտատերերից մեկը։

«Արցախցին ո՞նց պիտի ապրի, ինչո՞վ յոլա գնա, տան վարձը, կոմունալները ո՞նց պիտի փակի, ի՞նչ պիտի ուտի, ո՞նց պիտի գոյատեւի։ Ընտանիք կա, ոչ թոշակռու ունեն, ոչ էլ անչափահաս, այդ ընտանիքը ոնց պետք է գոյատեւի»,- գրել է մեկ այլ արցախցի։

Ոտքի կանգնելու եւ բողոքի ակցիաներ անելու կոչեր կան նաեւ։ «Պետք է դուրս գանք բոլորս միասին»,- գրել է արցախցիներից մեկը։

Մարդիկ նաեւ ահազանգում են, որ նոր դիմումն անհասանելի է շատերին։  «Այսինքն՝ չի ստացվում լրացնել, սոցապն էլ չի օգում՝ պատճառաբանելով, թե չեն կարող այդքան մարդու դիմում լրացնել։ Սա խոսում է նրա մասին, որ այնպես են արել՝ մարդիկ չկարողանան ոչնչից օգտվել։ Էն մարդը, որը մեզ էս օրն է քցել, ինքը պարտավոր է մեր 50 հազարները շարունակել վճարել»,- գրել է մեկ այլ արցախցի։

Նշենք, որ ՀՀ կառավարության հիմնավորումն այն է, որ արցախցիները պետք է չսպասեն աջակցության, այլ պետք է աշխատեն եւ օգտվեն ավելի երկարաժամկետ ծրագրերից, այն է՝ բնակապահովման պետական ծրագրից։ Այս ծրագիրը, սակայն, մի շարք թերություններ ունի, ինչի մասին մասնագետներն ու արցախցիները բազմիցս ահազանգել են։

Ռոզա Հովհաննիսյան

 

Իրանական ընկերությունը ցանկանում է գնել Աստրախանի նավահանգիստը, որն արդեն պատկանում է իրանցիներին

Իրանական «Նասիմ Բահր Քիշ» ընկերությունը, որը «Աստրախանի նավահանգստի» 53.66%-ի սեփականատերն է, առաջարկել է մյուս համասեփականատերերին գնել իրենց բաժնետոմսերը։ Սա բխում է ռուսական ընկերության հայտարարությունից։

Փաստաթուղթը հրապարակվել է հունիսի 27-ին, և «Կոմերսանտը» ուշադրություն է հրավիրել դրա վրա։ Առաջարկում նշվում է, որ «Նասիմ Բահր Քիշը» պատրաստ է գնել սովորական բաժնետոմսերի 46.34%-ը և արտոնյալ բաժնետոմսերի 48.71%-ը։ Ներկայումս ընկերությունը համապատասխանաբար տիրապետում է առաջինի 53.66%-ին և երկրորդի 51.29%-ին։

2024 թվականի վերջին «Աստրախանի նավահանգստի» ԲԲԸ-ի մյուս բաժնետերերն էին՝

պետությունը՝ 25.5% բաժնեմասով (տարեվերջին նախագահ Վլադիմիր Պուտինը այս բաժնեմասը փոխանցեց «Ռոստեխին»).

Կիպրոսի «Վոլգա-Վաստեր-Վեստ» ՍՊԸ (3.33%).

Իրանական «Ֆանավարան Դարյա Գոստար» Ջոնոբ Արվանդ (1.52%).

«Tamalaris Consolidated Limited» — 1.82% (ԵՄ նյութերում այն ​​անվանվում է որպես իրանական պետական ​​«Islamic Republic of Iran Shipping Lines» (IRISL) ընկերության կողմից վերահսկվող կառույց):

Նասիմ Բահր Քիշում, ինչպես հետևում է փաստաթղթից, 33-ական%-ը պատկանում է Իրանի քաղաքացիներ Զիբա Շաֆեգաթին, Մոհսեն Ասգարիին և Մոհսեն Դոլաթաբադիին:

ՆԱՏՕ-ն չի բացառում, որ Ռուսաստանը կգրավի Օդեսան

DW

ՆԱՏՕ-ի որոշ առաջնորդներ վախենում են, որ իրավիճակը ռազմաճակատում կարող է լրջորեն վատթարանալ մինչև այս տարվա աշուն, գրում է Financial Times (FT)-ի արտաքին գործերի գլխավոր սյունակագիր Գիդեոն Ռախմանը Հաագայում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովից հետո գրված սյունակում։

«Ռազմական գնահատականների համաձայն՝ և՛ ռուսական, և՛ ուկրաինական զինված ուժերը մոտ են սպառմանը։ Սակայն, չնայած Ռուսաստանը, հավանաբար, կարող է պահպանել գործողությունների ներկայիս ինտենսիվությունը ևս մեկ տարի, Ուկրաինան կարող է հասնել շրջադարձային կետի վեց ամսվա ընթացքում, եթե չստանա նշանակալի նոր ռազմական աջակցություն», – պնդում է սյունակագիրը։

FT-ի սյունակագրի համաձայն՝ ուկրաինացի պաշտոնյաները ավելի ու ավելի հաճախ են կոչ անում հրադադարի՝ արևմտյան դաշնակիցների հետ փակ հանդիպումների ժամանակ. «Մեկ կամ երկու տարի առաջ նման կոչերը կդիտարկվեին որպես պարտվողական»։

Սակայն, ի տարբերություն Թրամփի վարչակազմի, ԵՄ-ում քչերն են հավատում, որ Մոսկվան կհամաձայնվի հրադադարի, գրում է Ռախմանը: Օրինակ, նրա բարձրաստիճան զրուցակիցներից մեկը համոզված է, որ Ռուսաստանի գլխավոր նպատակն այժմ Օդեսայի գրավումն է, որը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը համարում է պատմականորեն ռուսական քաղաք: Միևնույն ժամանակ, Ռախմանը նշում է, որ կան ճակատում իրավիճակի այլ գնահատականներ: «Չնայած հսկայական ջանքերին և կորուստներին, վերջին մեկ տարվա ընթացքում Ռուսաստանին հաջողվել է գրավել Ուկրաինայի տարածքի միայն լրացուցիչ 0,25 տոկոսը», – գրում է լրագրողը:

Բաքուն պահանջում է «հանրաքվե». ինչ կհայտարարի Փաշինյանը հուլիսի 5-ին

Հուլիսի 5-ին Հայաստանը կնշի Սահմանադրության օրը։ 2024 թվականին, Սահմանադրության օրվա իր ուղերձում, Փաշինյանը մանրամասն բացատրեց, որ ժողովուրդը, իբր, Սահմանադրությունը իրենը չի համարում, և անհրաժեշտ է նոր Սահմանադրություն, որը կընդունվի հենց ժողովրդի կողմից։ Նա չասաց, թե ինչ նոր բան կլինի նոր Սահմանադրությունում։

Սակայն, մեկ տարի անց բոլորի համար ակնհայտ դարձավ, որ Հայաստանի Սահմանադրության փոփոխությունները թելադրված են ոչ թե ժողովրդի կողմից, այլ «խաղաղության պայմանագրի» պահանջներով, իսկ Հայաստանի արդարադատության նախարարը չբացառեց, որ նոր Սահմանադրության մեջ հղում չի լինի Անկախության հռչակագրին, հետևաբար, 1989 թվականի Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին որոշմանը և ցեղասպանության հետևանքները վերացնելու պահանջին։

Նույնիսկ միջազգային վերլուծաբաններն են ասում, որ հաշվի առնելով Հայաստանում հասարակական ներկայիս տրամադրությունը, ժողովուրդը չի քվեարկի նոր Սահմանադրության օգտին, քանի որ հասարակության դիմադրությունը Հայաստանում դեռևս մեծ է։ Սակայն առանց Սահմանադրությունը փոխելու «խաղաղության պայմանագիր» չի լինի, և ստիպված կլինեն մտածել միջոց՝ ժողովրդին ստիպելու քվեարկել Սահմանադրության փոփոխության օգտին։

Ալիևի ներկայացուցիչ Էլչին Ամիրբեկովը վերջերս կրկին կոչ արեց Հայաստանին համապատասխանեցնել իր Սահմանադրությունը երկու երկրների միջև առաջարկվող խաղաղության համաձայնագրի պայմաններին, հաղորդում է Trend-ը։

El Mundo-ին տված հարցազրույցում Ամիրբեկովը նշել է. «Մենք լսում ենք, որ Հայաստանը նախատեսում է նոր Սահմանադրության վերաբերյալ հանրաքվե անցկացնել հաջորդ տարի, ենթադրաբար՝ 2026 թվականի հունիսի ընտրություններից հետո»։ Նա հավելել է, որ Ադրբեջանը կիսում է նրանց մտահոգությունները, ովքեր կարծում են, որ սա չափազանց երկար ժամանակահատված է։

Ամիրբեկովը նշել է, որ «ընդդիմության ազդեցությունը, որը բացահայտորեն հայտարարում է ռևանշիզմի մասին, աճում է Հայաստանում»։ «Իրավիճակը օբյեկտիվորեն գնահատելու միակ միջոցը հանրաքվեն է։ Միայն դա կարող է ցույց տալ, թե որքանով է հայ ժողովուրդը պատրաստ խաղաղության», – հավելել է Ամիրբեկովը։

Եթե ​​2026 թվականը շատ ուշ լինի, ապա պետք է ստեղծվի համապատասխան կոնյունկտուրա՝ հանրաքվեն ավելի վաղ անցկացնելու համար։ Եվ դա «ավելի էժան» է անել՝ ներքին կամ արտաքին սպառնալիք գեներացնելով և արտահերթ ընտրություններ հայտարարելով։ Սակայն նախ պետք է չեզոքացվեն ռևանշիզմի և ազգային դիմադրության բոլոր աղբյուրները, որոնք կարող են խանգարել ընտրություններում հաղթանակին և հանրաքվեյին։

ՀՀ կառավարության քաղաքականությունը, որն ուղղված է ազգային համախմբումը և դիմադրությունը կանխելուն, գրեթե արդեն ապահովել է նման կոնյունկտուրա։ Բան չմնաց։

Եվ հնարավոր է, որ Նիկոլ Փաշինյանը, որը հուլիսի 1-ից 5-ը քֆուր-դադար էր վերցրել, Սահմանադրության օրը կհայտարարի գործող կառավարության նկատմամբ վստահություն հայտնելու և Սահմանադրությունը փոփոխելու վերաբերյալ հանրաքվե անցկացնելու անհրաժեշտության մասին։

Ատելության խոսքը՝ որպես ներքին ճգնաժամի ցուցիչ. Ինչու՞ են թիրախավորվում արցախցիները

Ինչու՞ են թիրախավորվում արցախցիները

Մերօրյա Հայաստանում ամեն ինչ՝ բնակության վայրից մինչև ազգություն, քաղաքական դիրքորոշումից մինչև կրոնական հայացքներ, կարող է թիրախավորման և շահարկման պատճառ դառնալ։ Կախված տիրող քաղաքական մթնոլորտից ու օրակարգ սահմանողների առաջնահերթություններից՝ տարանջատումներից մեկը ժամանակ առ ժամանակ սրվում է։

2023 թվականի սեպտեմբերին Արցախի հայաթափումից ու դրան հաջորդած ներհայաստանյան քաղաքական զարգացումներից հետո սլաքներն ուղղվեցին արցախցիների դեմ։

Արցախից բռնի տեղահանվածների մասին տարածվող բացասական խոսույթների և դրանց չեզոքացման մեխանիզմների մասին «Ստեփանակերտ» մեդիա ակումբը հանդիպում-քննարկում էր կազմակերպել Հետք Մեդիա Գործարանի շրջանավարտների հետ։

 

Ի՞նչ բացասական խոսույթներ կան

Բացասական խոսույթները տարածվում են հիմնականում երկու ճանապարհով. քաղաքական դաշտից տեղափոխվելով առօրյա-հասարակական կյանք և մասնավոր դեպքերի ընդհանրացմամբ՝ փոքր խմբի հատկանիշները վերագրելով լայն շրջանակի։

Արցախցիների մասնակցությունը ընդդիմության կազմակերպած ցույցերին, սոցիալ-տնտեսական կարիքների ապահովման պետական ծրագրերի քննադատությունը նրանց դարձնում են թիրախ իշխանական ու մերձիշխանական շրջանակների համար։ Օրինակ, երկիրը հանձնելու կամ չկռվելու մեղադրանքները սրվեցին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի՝ արցախցիներին ուղղված հայտարարությունից հետո։ 2024 թվականի սկզբին Սիմոնյանն արցախցի լրագրողին ասաց․ «Պետք էր կռվել, պետք էր կռվել»։ Այս արտահայտությունը սոցիալական ցանցերում քննարկման և քննադատության առարկա դարձավ՝ քաղաքական հարթակից տեղափոխվելով առօրյա խոսակցությունների դաշտ։

Ի պատասխան այս մեղադրանքի՝ ներկայացվում էին փաստեր ու տվյալներ, որոնք հերքում էին «չկռվելու» մեղադրանքը։ Ըստ պաշտոնական աղբյուրների՝ 2023 թվականի սեպտեմբերի 19-ին Ադրբեջանի հարձակման արդյունքում Արցախում զոհվել է 223 մարդ, այդ թվում՝ 20 խաղաղ բնակիչ։ Ադրբեջանը հայտարարել է 205 զոհված զինծառայողի մասին։

Կարծրատիպերը հաճախ ձևավորվում են մեկ կոնկրետ դեպքի ընդհանրացմամբ։ Օրինակ, մեզնից գրեթե յուրաքանչյուրի շրջապատում կա մեկը, ով պատմում է, թե իր ծանոթին կամ բարեկամին Արցախում ջուր չեն տվել։ Այս պատմությունների ճշգրտությունը ստուգելը, բոլոր կողմերին նույնականացնելը կամ դեպքերի փաստականությունը որոշելը գործնականում անհնար է։ Անգամ եթե այդպիսի մեկ կամ մի քանի դեպք պատահել է, այն չպետք է դառնա ամբողջ խմբին բնութագրող հատկանիշ։

 

Ինչպե՞ս կարելի է չեզոքացնել բացասական խոսույթները

Նախ, պետք է հասկանալ՝ որտեղի՞ց են ծագում այդ խոսույթները և ի՞նչ նպատակ են հետապնդում։ Երբեմն դրանք առաջանում են չիմացությունից, երբեմն էլ՝ քաղաքական կամ սոցիալական դրդապատճառներով։ Ինչ նպատակով էլ լինի՝ Արցախից բռնի տեղահանվածների թիրախավորումը խորացնում է հանրային պառակտումը, խաթարում համերաշխությունը և խանգարում ինտեգրմանը։

Վիրավորանքին, զրպարտությանը կամ պիտակավորմանը նույնկերպ պատասխանելը միայն խորացնում է բևեռացումը։ Որոշ խոսույթներ հնարավոր է հերքել փաստերով ու թվերով՝ կռվել են, աշխատում են, ծառայում են բանակում։ Բայց կան նաև այնպիսիները, որոնց հերքման համար փաստեր հնարավոր չէ գտնել։ Այդ դեպքում մնում է դրական օրինակներով և  պատմություններով «լռեցնել» բացասականը։

Պետք է ընդունել նաև, որ բացասական խոսույթներ կան նաև արցախյան հասարակությունում՝ հայաստանցիների հասցեին։ Այս փոխադարձ կարծրատիպերի ու բևեռացումների պայմաններում կարևորվում է մի հարց՝ որքանո՞վ ենք մենք պատրաստ լսել իրար և երկխոսության գնալ։

 

Ժաննա Բեքիրյան

Լրագրող

«Վերադարձի երազանքը չկորցնել» Ասպրամ Կրպեյանի կոչը՝ բարբառով խոսելու մասին

Վերջին ամիսներին, երբ ատելության խոսքը ցավալիորեն արմատավորվել է մեր հասարակության մեջ, արցախցիները կրկին կանգնած են ընտրության առաջ՝ պաշտպանել ինքնությունը, թե՞ զիջել այն ժամանակավոր հանգստության դիմաց։

Այսօր, երբ արցախցի երեխաները հաճախ դառնում են կոշտ ու վիրավորական վերաբերմունքի թիրախ միայն իրենց բարբառով խոսելու համար, շատ ծնողներ փորձում են սեփական երեխաներին «փրկել»՝ նրանց երբեմն հորդորելով դրսում չխոսել Արցախի բարբառով։ Բայց արդյո՞ք լռեցնելով բարբառը, մենք իսկապես պաշտպանում ենք մեր երեխաներին։

Ասպրամ Կրպեյանը, ՀՀ ազգային հերոս Թաթուլ Կրպեյանի դուստրն է, իր մանկության մի քանի տարին ապրել է Շուշիում, հիմա դժվարությամբ է խոսում բարբառով, բայց կարեւորում է բարբառի լինելիությունն ու ազգային երազնաք տանելու նրա ուժը։ Նրա խոսքով՝ որքան էլ դժվար լինի լսել վիրավորանքներ, միակ ճիշտ ճանապարհը` կառչած մնալն է արմատներից, լեզվից ու երազանքից։

«Ես հասկանում եմ՝ նրանք փորձում են պաշտպանել երեխաներին։ Փողոցում լսելով վիրավորական խոսքեր՝ նրանք մտածում են, թե կարելի է պաշտպանվել, եթե երեխան չխոսի բարբառով։ Բայց ես ուզում եմ, որ նրանք դա չանեն։ Դա շատ դժվար է, բայց դա է ճանապարհը։ Երազները իրականություն դառնալու միտում ունեն, եթե զուգորդվում են կամքով ու վճռականությամբ։ Եթե հիմա լռենք, եթե հիմա հրաժարվենք մեր բարբառից, հետո կկորցնենք վերադարձի հույսն ու երազանքը»,- ասում է Ասպրամ Կրպեյանը։

Նրա խոսքով՝ Արցախի բարբառով խոսելը ոչ միայն լեզվի պահպանում է, այլև՝ ինքնության, անցյալի ու հիշողությունների։ Թեև այսօր բարբառի հանդեպ վերաբերմունքը միանշանակ չէ, և հաճախ այն թիրախավորվում է սոցիալական ցանցերում, փողոցում կամ անգամ դպրոցներում, Ասպրամը վստահ է՝ հենց այդ բարբառով շարունակելը դիմակայության ու պայքարի ամենահզոր ձևերից է։

«Պետք է խոսենք, որ կարողանանք վերադառնալ։ Եթե հիմա լռենք, հետո կկորցնենք ոչ միայն լեզուն, այլև հույսը, որ կարող ենք վերադառնալ։ Այնպես որ, փոքրիկներ, շարունակեք խոսել։ Խոսեք ձեր մայրիկների, հայրիկների, պապիկների ու տատիկների հետ։ Դա ձեր ուժն է, ձեր կապն է ու ձեր ապագան»,- եզրափակում է նա։

Այսօր Արցախի բարբառով խոսելը միայն լեզվաբանական տարբերություն չէ, այլ իրական դիմադրություն է՝ ընդդեմ հաճախ հանդիպող խտրականության ու ատելության։

Մարիամ Սարգսյան

Էրդողանը կայցելի օկուպաված Արցախ տարածաշրջանային նոր պայմաններում

Թուրքիայի նախագահ Էրդողանը հուլիսի սկզբին կայցելի օկուպացված Արցախ։

Ըստ ադրբեջանական լրատվամիջոցների՝ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը նույնպես նախատեսում է երկօրյա այցով այցելել օկուպացված Արցախ։

12-օրյա Իրան-Իսրայել պատերազմի և Իրանի հայտարարությունների ֆոնին, ով դեռևս «Զանգեզուրի միջանցքը» համարում է կարմիր գիծ և թույլ չի տա դրա բացումը, Էրդողանի՝ Արցախ այցը պատահական չի թվում։ Բաքուն դեռևս չի «ապացուցել» իր անմասնությունը Իսրայելի կողմից Իրանի վրա հարձակումներին, ինչը պահանջում էր Թեհրանը։ Իր հերթին, Հայ Առաքելական եկեղեցու հոգևորականների և Հայաստանում ռուսական ակտիվների դեմ Հայաստանում ծավալված արշավը, որը սրվեց Նիկոլ Փաշինյանի Թուրքիա այցից հետո, ենթադրում է, որ քննարկվում է Հայաստանը Թուրքիայի դաշնակիցների, այդ թվում՝ Պակիստանի հետ ցամաքային կապի համար օգտագործելու կոնկրետ ծրագիր։ Իրականացվում է նաև տարածաշրջանը Ռուսաստանից Թուրքիային սահուն փոխանցելու ծրագիր՝ Կարսի պայմանագրի ավարտի շրջանակներում։

Անկարայում ԱՄՆ դեսպան և Սիրիայի հարցերով ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Թոմ Բարաքըասել է, որ «Իսրայելը պետք է վերագնահատվի, այն վերաիմաստավորման գործընթացում է։ Իսրայելի և Իրանի միջև տեղի ունեցողը մեզ բոլորիս համար հնարավորություն է ասելու. ժամանակն ավարտվել է, եկեք նոր էջ բացենք։ Այդ ուղու բանալին Թուրքիան է»։

«Պատմության շատ, շատ կարևոր պահին ամեն ինչ սկսվեց երկու նախագահների և արտգործնախարարների (ԱՄՆ և Թուրքիայի)՝ չորս մարդկանց միջև փոխադարձ վստահության, մտերմության և փոխըմբռնման վրա հիմնված անձնական հարաբերություններից»,- հավելել է Բարաքը։

Հասկանալի չէ, թե կոնկրետ ի˚նչ գործողություններ են վերագրվում Դավիթ Գալստյանին

Փաստաբաններ Սլավիկ Պողոսյանը և  Արտակ Նավասարդյանը հայտարարություն են տարածել Արցախի Հանրապետության Ազգային ժողովի «Արդարություն» խմբակցության պատգամավոր Դավիթ Գալստյանի նկատմամբ հարուցված հանրային քրեական հետապնդման վերաբերյալ.

«2025 թվականի հունիսի 25-ին Դավիթ Գալստյանի նկատմամբ ՀՀ քրեական օրենսգրքի 43-308-րդ հոդվածի 1-ին մասով (ահաբեկչության նախապատրաստություն) և 43-419-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն) հարուցվել է հանրային քրեական հետապնդում, և վերջինիս ներկայացվել է մեղադրանք, որի փաստական նկարագրությունը համընկնում է ՀՀ քննչական կոմիտեի 25.06.25 թվականի հայտարարության բովանդակությանը:

Թե´ մեղադրանք ներկայացնելու, թե´ Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ նախաքննական մարմնի կողմից ներկայացված միջնորդության դատական քննության ընթացքում պաշտպանության կողմը փաստարկել է այն մասին, որ Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքն անորոշ է, մեղադրանքի փաստական նկարագրությունից պարզ և հասկանալի չէ, թե Դ. Գալստյանին կոնկրետ ի˚նչ գործողություն(ներ) է վերագրվում, որը կարող էր որակվել որպես ահաբեկչության կամ իշխանությունը յուրացնելու նախապատրաստություն: Այդուհանդերձ, Դ. Գալստյանին ներկայացված մեղադրանքը չի որոշակիացվել, մեղադրանքի էությունը պատշաճ չի պարզաբանվել, ինչը պետք է դիտարկել որպես վերջինիս պաշտպանության նախապատրաստության և պաշտպանության իրավունքների խախտում:

Դ. Գալստյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ միջնորդությանը կից ներկայացված ծավալուն նյութերի ուսումնասիրւթյունից պարզ է դարձել, որ վերջինս Բագրատ Սրբազանին հանդիպել է 2 անգամ` 2025 թվականի մարտի 3-ին և նույն թվականի մարտի 11-ին, մինչդեռ այդ հանդիպումների ընթացքում հակաօրինական, այդ թվում` մեղադրանքում նշված, որևէ գործողություն պլանավորելու, կազմակերպելու կամ իրականացնելու վերաբերյալ որևէ խոսակցություն, քննարկում տեղի չի ունեցել: Առհասարակ, միջնորդությանը կից նյութերում առկա չեն եղել այնպիսի փաստական տվյալներ, որոնք անաչառ դիտորդի մոտ կառաջացնեին այն համոզումը, որ Դ. Գալստյանը հնարավոր է մասնակցել է մեղադրանքում նշված ենթադրյալ գործողությունների պլանավորմանը, կազմակերպմանը կամ գոնե տեղյակ է եղել դրանց մասին: Հետևաբար, բացակայել է Դ. Գալստյանի նկատմամբ խափանման միջոց, այդ թվում` կալանք, կիրառելու համար անհրաժեշտ իրավաչափության պայմանը` հիմնավոր կասկածը:

Մինչդեռ, Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանը, պարզապես հղում կատարելով վարույթի նյութերում առկա փաստաթղթերի վերնագրերին, չանդրադառնալով դրանց վերաբերելիությանը, առանց բացահայտելու և նկարագրելու դրանց բովանդակությունը, առանց մատնանշելու, թե կոնկրետ ո˚ր փաստաթղթում առկա ո՞ր փաստական տվյալներն են վկայում հիմնավոր կասկածի առկայության մասին, եզրահանգել է, որ քննության այս փուլում առկա են բավարար շեմով փաստեր և ապացույցներ առ այն, որ Դ. Գալստյանն առնչություն ունի իրեն վերագրվող ենթադրյալ հանցանքի կատարմանը` որոշում կայացնելով նախաքննական մարմնի միջնորդությունը բավարարելու մասին:

Այլ կերպ, առաջին ատյանի դատարանի որոշման մեջ արտացոլված չեն այն կայացնելու համար անհրաժեշտ և բավարար փաստական հիմքերը, դրանում արտացոլված չեն փաստաթղթերի գնահատման, փաստերի հաստատման և իրավունքի կիրառման գործընթացի կապակցությամբ դատարանի դատողությունների ընթացքը և դրանից բխող եզրահանգումները, ինչը վկայում է այդ որոշման չհիմնավորված և չպատճառաբանված լինելու մասին: Հետևաբար, խախտվել են նաև Դ. Գալստյանի անձնական ազատության և անձեռնմխելիության, ինչպես նաև պատճառաբանված դատական ակտ ստանալու իրավունքները»:

Դ.Գալստյանի պաշտպանները տեղեկացնում են, որ Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի վերը նշված որոշման դեմ ներկայացվել է հատուկ վերանայման բողոք։

Բաքուն ի վերջո փորձեց բացատրություն տալ, թե ինչու է քանդվել Ստեփանակերտ քաղաքի զգալի մասը

Բաքվի վարչակազմը շարունակում է ոչնչացնել Արցախի հայկական պատմամշակութային ժառանգությունը։ Օկուպացված Արցախում ավերվում եւ ոչնչացվում են ամողջական բնակավայրեր, հուշարձաններ, եկեղեցիներ, գերեզմաններ։ Անցած ամիսներին բազմաթիվ տեղեկություններ ու փաստեր են ստացվել Արցախում տեղի ունեցող վանդալիզմի մասին։ Ադրբեջանցիները հիմնահատակ ավերել են Արցախի մի շարք համայնքներ, օրինակ՝ Քարինտակ գյուղը, Հադրութի շրջանի Մարիամաձոր, Մոխրենես գյուղերը, ոչնչացրել են Ստեփանակերտ քաղաքի մի շարք թաղամասեր, այդ թվում՝ պատմական թաղամասը, որի տները կառուցվել էին 19-րդ դարավերջին և 20-րդ դարի սկզբներին։

Ադրբեջանի իշխանությունները հողին են հավասարեցրել Շուշիի Սուրբ Հովհաննես Մկրտիչ եկեղեցին, հիմնահատակ ոչնչացրել Բերձորի Սուրբ Համբարձման եկեղեցին, պղծել ու աղավաղել են Շուշիի Սուրբ Ամենափրկիչ Ղազանչեցոց եղեղեցին՝ շինարարարական անթույլատրելի միջամտությամբ և ավերումներով դարձնելով այն այլ կառույց, իրենց մատնանշմամբ՝ «ռուսական եկեղեցի»։

«Արցախի մշակութային ժառանգության մշտադիտարկում (Monument Watch)» կայքի հրապարակած տեղեկատվության համաձայն՝ ադրբեջանական կողմը շուրջ մեկ տարվա համատարած ոչնչացումներից հետո ի վերջո փորձեց բացատրություն տալ, թե ինչու է քանդվել Ստեփանակերտ քաղաքի զգալի մասը՝ սեփական հայրենիքում հազարավոր արցախցիների կառուցած տները՝ որակելով դրանք «անօրինական եւ օկուպացիոն»: Ընդ որում, տարօրինակ կերպով «օկուպացիոն» են դարձել նաև նախախորհրդային և խորհրդային տարիներին կառուցված առանձնատները, բնակելի շենքերը, թաղամասերը: Ադրբեջանական կողմի համար հայկական ցանկացած շինության ոչնչացման «հիմնավորումը» այն «օկուպացիոն» կոչելն է։ Ըստ Monument Watch-ի՝ ադրբեջանցիները տարբեր սոցիալական հարթակներում սկսում են գործընթացներ իրականացնել և քանդել  Ստեփանակերտի եկեղեցիները և տեղում մզկիթներ կառուցել։

Monument Watch-ը հիշեցնում է, որ ՅՈՒՆԵՍԿՕ-ն և ՄԱԿ-ի մարդու իրավունքների տարբեր կառույցները հստակորեն արձանագրել են, որ մշակութային ժառանգությունից օգտվելու, այն պահպանելու, մշակութային կյանքին մասնակցելու իրավունքը հանդիսանում է մարդու հիմնարար իրավունք և այն պետք է երաշխավորվի։ Սակայն, այսօր՝ աշխարհի աչքի առաջ, Արցախից բռնի տեղահանված հայերը զրկված են իրենց իրավունքներից։ Նրանք տարանջատված են իրենց պատմական հայրենիքից, մշակութային ժառանգությունից։ Այդ գործընթացը հակասում է ինչպես ՅՈՒՆԵՍԿՕ-ի մշակութային ժառանգության պահպանման սկզբունքներին, այնպես էլ ՄԱԿ-ի միջազգային պայմանագրերով ամրագրված մշակույթի իրավունքի հիմնարար դրույթներին։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմեն, կովկասագետ Հովիկ Ավանեսովը եւս պարբերաբար փաստեր է հրապարակում Արցախում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասին։ Ավանեսովն օրերս հրապարակել էր 2009 թվականին հրապարակված Լեռնային Ղարաբաղի ատլասը՝ նշելով, որ այդ քարտեզում պատկերված պատմամշակութային հուշարձանների մի մասն արդեն իսկ ոչնչացվել է ադրբեջանական վարչակարգի կողմից, իսկ պահպանվածները գտնվում են ոչնչացման վտանգի տակ:

ՀԱՍԵ Արցախի թեմը վերջերս ահազանգել էր Արցախի Բերձորի շրջանի Ծիծեռնավանքի ճակատագրի մասին։ Ադրբեջանական իշխանությունները հայտարարել են, թե վերականգնելու են հայկական Ծիծեռնավանքը, ըստ Արցախի թեմի, վերականգնման իրական նպատակները եւ վանքի ապագան հարցականի տակ են։ Հայտնի չէ, թե ինչ կերպ է շարունակելու իր գոյությունը վանքը՝ վերականգնումից հետո։ Ենթադրելի է, որ հայկական վանքը կարող է հանձնվել Ադրբեջանի կողմից խրախուսվող աղվանա-ուդիական քրիստոնեական համայնքին՝ փորձելով վերագրվել հայկական մշակութային ժառանգությունը։

Մասնագիտական համայնքը պարբերաբար հղում է անում միջազգային նորմերին ու կոնվենցիաներին, ըստ որոնց՝ արգելված է մշակութային արժքների ոչնչացումը կամ վերափոխումը։ Monument Watch կայքը պարբերաբար հիշեցնում է, ըստ «Զինված բախումների դեպքում մշակութային արժեքների պաշտպանության մասին» 1954 թվականի կոնվենցիայի լրացուցիչ՝ 1999 թվականի երկրորդ արձանագրության 9-րդ հոդվածի գ կետի՝ արգելվում է  մշակութային արժեքի ցանկացած վերափոխումը, ինչպես նաև դրա օգտագործման ձևի փոփոխությունը, որոնք նպատակ ունեն թաքցնելու կամ ոչնչացնելու մշակութային, պատմական կամ գիտական վկայությունները: Պահպանել ժառանգությունը, նշանակում է  ապահովել դրա անձեռնմխելիությունը և ամբողջականությունը, որի մաս է կազմում նաև համայնքը, ապահովել ժառանգության իսկության, կարևորության, ամբողջականության, բացառիկության չափանիշները։ Այս սկզբունքները բխում են  ՅՈՒՆԵՍԿՕ-ի Համաշխարհային ժառանգության կոնվենցիայից, ԻԿՕՄՕՍ-ի և այլ միջազգային կառույցների փաստաթղթերից:

Սովորութային օրենքները Արդարադատության միջազգային դատարանի որոշմամբ պարտադիր են բոլոր պետությունների համար և  արգելում են ժառանգության ցանկաված ոչնչացում՝ միջազգային մարդասիրական իրավունքի 38-րդ, 39-րդ, 40-րդ և  41-րդ կանոններով։ Արձանագրվել է, որ Ստեփանակերտի պատմական տների կանխամտածված ոչնչացումը խախտում է նաև Հռոմի ստատուտի 8-րդ հոդվածը և համարվում  մարդկության դեմ ծանր հանցագործություն։ Այն  խախտում է նաև Հաագայի Արդարադատության միջազգային դատարանի պարտադիր ուժ ունեցող որոշումները։ Քաղաքին հասցված վնասը համաձայն  «Զինված հակամարտությունների ժամանակ մշակութային արժեքների պաշտպանության մասին» Հաագայի 1954 թ. կոնվենցիայի 4-րդ հոդվածի և լրացուցիչ՝ 1999 թ. ընդունված երկրորդ արձանագրության 15-րդ հոդվածի ա կետի, լուրջ խախտում է, որը՝ որպես ռազմական հանցագործություն, կարող է հետապնդվել միջազգային դատարաններում։ Պատմական թաղամասի ոչնչացումը կարելի է որակել նաև որպես ցեղասպանություն, քանզի ցեղասպանության խնդիրն այսօր դիտարկվում է նաև մշակութային ժառանգության վրա հարձակումների համատեքստում։

Հայկական լեռնաշխարհի մշակութային ժառանգության օմբուդսմենը պահանջագիր է ներկայացրել միջազգային կառույցներին։ Պահանջում են միջազգային կազմակերպությունների, այդ թվում՝ ՅՈւՆԵՍԿՕ-ի, ՄԱԿ-ի և այլ մարմինների կողմից անհապաղ, հրապարակային և հստակ դատապարտում, միջազգային փորձագիտական առաքելությունների ուղարկում Արցախի օկուպացված տարածքներ՝ հուշարձանների ոչնչացման փաստաթղթման և գնահատման համար, Ադրբեջանի նկատմամբ իրավական և քաղաքական ճնշումների իրականացում՝ նման ոտնահարումները կանխելու և պատասխանատվություն ապահովելու նպատակով, միջազգային հանրության լայնածավալ իրազեկման ծրագրերի նախաձեռնում՝ Արցախի տարածքում տեղի ունեցող մշակութային ցեղասպանության մասշտաբների վերաբերյալ։

Արցախյան ՀԿ-ներն իրեն հերթին դիմել են ՄԱԿ գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտեռեշին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեին, որպեսզի համաձայն ՄԱԿ-ի կողմից տրված մշակութային ժառանգության պահպանության մանդատի, առաքելություն ուղարկեն Արցախ, փաստագրելու մարդկության դեմ կատարված մշակութային հանցագործություններն ու մեխանիզմներ կիրառեն հետագա հանցանքները կանխելու համար։

Մինչ մասնագետները, հղում անելով միջազգային կոնվենցիաներին ու նորմերին, հստակ ասում են, որ Ադրբեջանի գործողությունները՝ որպես ռազմական հանցագործություն, կարող են հետապնդվել միջազգային դատարաններում, Հայաստանի իշխանությունները հայտարարություններ են անում, թե պատրաստվում են Ադրբեջանի դեմ հայցերը հետ կանչել միջազգայի դատարաններից։

Հայաստանի իշխանությունները տեղեկատվություն չեն տրամադրում հանրությանը, թե ինչ աշխատանք են տանում հայկական մշակութային ժառանգությունը փրկելու ուղղությամբ։ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, անդրադառնալով այս հարցին, ասել էր․ «ՅՈւՆԵՍԿՕ-ին երեւի այնքան նյութ եւ գրություններ ենք ուղարկել, որ մի քանի հատոր կկազմեն։ Սա անընդհատ աշխատանք է, որն անում ենք։ Եվ ոչ միայն ՅՈւՆԵՍԿՕ-ին, այլեւ մշակութային ժառանգության պահպանման հարցում որեւէ մանդատ ունեցող կազմակերպության հետ այս թեման շարունակաբար քննարկում ենք։ Ամբողջությամբ գույքագրված եւ ուղարկված է մշակութային ժառանգության պատկերը։ Այսինքն՝ պատկերն առանձին, վանդալիզմի դեպքերն առանձին, եւ մենք անընդհատ այս տեղեկատվությունը թարմացված ուղարկում ենք»։

Ըստ ԿԳՄՍ նախարարի՝ 5000-ից ավելի հուշարձաններ և 20-ից ավելի թանգարաններ են մնացել Արցախի տարածքում։

Ռոզա Հովհաննիսյան