Լուսանկարները՝ Մարութ Վանյանի
Հեղինակ՝ naira
Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում
«Այսօր մեզ ասում են, որ Գանձասարը քոնը չէ, 5658 հուշարձանը քոնը չէ։ Արցախի մայրաքաղաք Ստեփանկերտն այսօր ենթարկվում է ոչնչացման, ջնջում են մեր պատմական հետքը, մեզ կտրում են մեր արմատից, ցանկանում են ոչնչացնել մեր ինքնությունը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Հայ առաքելական եկեղեցու Արցախի թեմի թեմական խորհրդի ատենապետ Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա նշեց, որ միջազգային հանրության աչքի առաջ Արցախի մշակութային ժառանգության նկատմամբ կատարվում է դասական մշակութային էթնոցիդի քաղաքականություն։ «Մեզ բռնագաղթի միջոցով ցեղասպանության ենթարկելուց, այսօր մեր մշակութային ժառանգությունն են ենթարկում մշակութային ցեղասպանության, որպեսզի մենք այլեւս մոռանանք Արցախի մասին։ Արցախը հայկական մշակութային ժառանգության գանձարանն էր, որն այօսր վտանգված է։ Եվ այսօր, երբ ՀՀ իշխանությունն ասում է, որ պետք է հայցերը վերցնի միջազգային դատարաններից, նշանակում է նորից կանաչ լույս վառել Ադրբեջանի համար։ Ադրբեջանը քայլ առ քայլ հստակ գնում է մեզ ոչնչացնելու ճանապարհով։ Նույն փորձը, որը նա ձեռք էր բերել Նախիջեւանում, այսօր իրականացնում է Արցախում»,- ասաց նա։
Լեռնիկ Հովհաննիսյանի խոսքով՝ նույն քաղաքականությունն Ադրբեջանը Հայաստանի նկատմամբ է իրականացնում․ Ադրբեջանում ՀՀ բոլոր տեղանուններն ադրբեջանացված են։ Սա նույնպես մեր մշակութային ժառանգության դեմ ցեղասպանական քաղաքականություն է։ «Եվ եթե մենք մեր միասնականության շնորհիվ չբռնենք թշնամու ձեռքը, ապա նորից կանաչ լույս ենք վառելու մեր թշնամու առաջ։ Թե միջազգային հանրությունը, թե ՀՀ իշախանությունները, բացի հերթապահ հայտարարություններից, գործնական քայլեր չեն կատարել Արցախում մշակութային էթնոցիդի քաղաքականությունը զսպելու համար։ Նույնիսկ մի հասարակ մշտադիտարկում չեն կարողանում անցկացնել, որպեսզի իմանանք՝ ի վերջո ի՞նչ է կատարվում մեր մշակութային ժառանգության նկատմամբ Արցախում»,- հայտարարց Լեռնիկ Հովհաննիսյանը։
Նա արցախցիներին կոչ արեց շարունակել ապրել Հայաստանում, չարտագաղթել, որպեսզի կարողանան համախումբ վերադարձով փրկել Արցախի մշակութային ժառանգությունը։
Արցախցիներին թույլ չտվեցին տեղադրել երկրորդ վրանը
«Հանուն Արցախի» միավորման նախաձեռնությամբ ստեղծված «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհուրդը» այսօր Ազատության հրապարակում անցկացրած հանրահավաքից հետո վրան տեղադրեց Ազատության հրապարկում՝ նստացույց անելու նպատակով։ Կգործի նաեւ օպերատիվ շտաբ։
Ոստիկանները թույլ չտվեցին արցախցիներին երկրորդ վրանը տեղադրել հրապարակում։ «Ընդամենը մեկ վրան է թույլատրված, պայմանավորվածություն է տեղի ունեցել մեկ վրանի շուրջ, ավել վրան չի լինելու, իրենց համակարգող խորհուրդը այս մի վրանի մեջ է շարունակելու իրենց ակցիան»,- ասաց ոստիկանը։
Նշենք, որ այսօր անցկացված հանրահավաքի օրակարգային հարցերն են՝ Արցախ հավաքական վերադարձի իրավունքի ապահովում, տեղահանված արցախցիների սոցիալական խնդիրների լուծման, ֆինանսական և բնակարանային ապահովման ծրագրերի արժանապատիվ իրականացման պահանջ, Բաքվի բանտերից հայ գերիների վերադարձի պահանջ եւ Արցախի հայկական մշակութային ժառանգության պահպանության պահանջ։ Արցախցիները 1-2 շաբաթ ժամանակ են տվել Հայաստանի իշխանություններին, որպեսզի վերանայեն իրենց վերաբերյալ ծրագրերը։ Հանրահավաքում հայտարարեցին, որ եթե ՀՀ կառավարությունից պատասխան չստանան, կազմակերպելու են ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու են հստակ գործողությունների։
Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա
Ազատության հրապարակում հանրահավաքին մասնակցող քաղաքացիները լրագրողների հետ զրույցում Նիկոլ Փաշինյանին են համարում ստեղծված իրավիճակի գլխավոր մեղավորը։
Մի կին ասաց, որ արցախցի չէ, բայց այսօր այստեղ է եւ պահանջում է, որ Նիկոլ Փաշինյանը գա ու այսքան մարդու պատասխան տա․ «Այս ամբոինից գոռում էիր՝ Արցախը Հայաստան է, եւ վերջ։ Արի, հենց հիմա այս ամբիոնից պատասխանիր ինձ, որ ասում ես՝ Արցախը Ադրբեջան է, եւ վերջ։ Քո 40+10 հազարը մարդկանց պետք չէ, մեզ մեր հայրենիքն է պետք, ապահովիր մարդկանց իրենց հայրենիքով»։
Արցախցիներից մեկն էլ լրագրողների հետ զրույցում ասաց․ «Ինքը մեզ Արցախից կտրել է, ամեն ինչից կտրել է, պարտավոր է մեր տան վարձերն այնքան տա, մինչեւ տնով ապահովի։ Ոնց մեզ տնից-տեղից կտրել, բերել հարցրել է այստեղ, պարտավոր է մեր տան վարձերը տալ»։
«Բնակապահովման սերտիֆիկատից օգտվելու համար մեզ կանգնցրել են բարդ ընտրության առաջ։ Գնում ենք, որ մեր սերտիֆիկատին համապատասխան տուն ընտրենք, բանկը գնահատում է 20 հազար դոլար, տան տերն ասում է՝ ցտեսություն քեզ, իմ տունը թանկ է։ Ինձ ասում են՝ Հայաստանի քաղաքացիություն ստացիր։ Այնտեղ իմ բնակավայրն է մնացել, դու խի՞ ես ջնջում ամեն ինչ։ Մեզ մեր հայրենիքից ու ամեն ինչից զրկել, հիմա էլ պատմությունն է ուզում ջնջել, ո՞վ է քեզ այդքան իրավունք տվել»,- ասաց արցախցի մի կին։
«Մեծ ոգեւորությամբ կվերադառնամ իմ տուն, դուռը թողել եմ բաց, լիքը, առատ տունը թողել եկել եմ, հիմա դարձել եմ փողցային մարդ, ոչ տուն ունեմ, ոչ փող»,- ասաց արցախցի մի տղամարդ։
Ինչպես արցախցին, այնպես էլ գորիսեցին կամ արթիկցին ստացել են նույն անձնագիրը, նույն զինվորական գրքույկը, նույն վարորդական վկայականը
Ի՞նչ է փոխվել, ինչո՞ւ պիտի 2023 թվականից հետո ինչ-որ մեկի ցանկությամբ 150 հազար մարդ դառնա փախստական մայր հայրենիքում։ Այս մասին Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց արցախցի փաստաբան Դավիթ Հովհաննիսյանը՝ նշելով, որ նախկինում Հայաստանում արցախցիներին փախստական չեն համարել երբեք։ «Սա անարդարացի վերաբերմունք է արցախցիների նկատմամբ, չկա տարբերություն, ինչպես արցախցին, այնպես էլ գորիսեցին կամ արթիկցին ստացել են նույն անձնագիրը, նույն զինվորական գրքույկը, նույն վարորդական վկայականը, նույն սոցիալական քարտը։ Եվ ինչո՞ւ է պատերազմներով անցած ազգի արցախցի հատվածը համարվում փախստական։ Սա անարդարություն է, որի դեմ պետք է պայքարենք միասնաբար»,- ասաց նա։
Դավիթ Հովհաննիսյանը հավելեց, որ բոլոր արցախցիները ՀՀ քաղաքացիներ են։ Ըստ նրա՝ ՀՀ քաղաքացիության մասին օրենքի համաձայն՝ այն անձը, ով Հայաստանում ստացել է անձնագիր ու նույնականացման քարտ, համարվում է ՀՀ քաղաքացի։ Այդպիսի անձնագրեր ու նույնականացման քարտեր ստացել են բոլոր արցախցիները։ «Սակայն ինչ-որ մեկի ցանկությամբ մեզ անվանում են փախստական կամ քաղաքացիություն չունեցող անձ։ Ի՞նչ է ստացվում, մեզ տվել են կեղծ անձնագրե՞ր, եւ մենք այդպես խաբված տասնյակ տարիներ ապրե՞լ ենք։ Իհարկե, ոչ։ Հիմա պաշտոնապես հայտարարում եմ, որ որեւէ մեկը բարոյական եւ իրավական իրավունք չունի որեւէ արցախցու անվանել փախստական։ Ինչպես նաեւ ոչ մեկը բարոյական, իրավական ու քաղաքական իրավունք չունի ասելու, որ արցախցին քաղաքացիություն չունեցող անձ է եւ պետք է քաղաքացիություն ստանա Հայաստանում»,- հայտարարեց փաստաբանը։
Նա ասաց, որ 150 հազար արցախցիների 0,1 տոկոսը դեռ չի ապահովվել բնակարանով, իսկ կառավարության բնակապահովման ծրագիրը արդեն մեկ տարի է՝ գործում է։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը չի համապատասխանում հասարակությունում առկա խնդիրներին։ Սա նշանակում է, որ այս ծրագիրը պետք է հիմնովին փոխվի։
Արցախցիներն Ազատության հրապարակում վրաններ են տեղադրում
«Ժողովուրդն է որոշելու մեր հետագա անելիքները։ Տարբերակ առաջին՝ կառավարությունն ունի երկու շաբաթ ժամանակ՝ փոխելու իր որոշումները։ Եվ եթե ոչ, մենք հավաքվելու ենք այստեղ եւ միասին իրականացնելու ենք մեր հետագա քայլերը»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց «Արցախցիների իրավունքների պաշտպանության խորհրդի» անդամ Նժդեհ Իսկանդարյանը։
Նա նշեց, որ երկրորդ տարբերակն այն է, որ նախաձեռնող խումբը մնալու է Ազատության հրապարակում, ձեւավորելու է շտաբ, իրականացնելու է ամենօրյա իրազեկման ակցիաներ։ «Իշխանությունն ունի մեկ շաբաթ ժամանակ, եւ եթե ոչ, մենք կազմակերպելու ենք ավելի մեծ հանրահավաք եւ անցնելու ենք հստակ գործողությունների»,- հայտարարեց նա։
Նժդեհ Իսկանդարյանը հավելեց, որ Արցախի որ արցախցիների խնդիրը համայն հայության հարցն է։
Արցախցիներն Ազատության հրապարակում վրաններ են տեղադրում։
Արցախցիները պահանջագիր փոխանցեցին ՀՀ կառավարությանը
Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ
«Այս հրապարակում հավաքված մարդիկ հավաքվել են՝ եւս մեկ անգամ ասելու, որ աշխարհի աչքի առաջ մեզ բռնությամբ զրկել են մեր հայրենիքից, բայց դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք մեր հայրենիքից»,- Ազատության հրապարակում հրավիրած հանրահավաքում ասաց Արցախի մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը։ Նա ասաց, որ հայաստանցիների ու արցախցիների միջեւ տարանջատումներ չպետք է լինեն, այդ տարանջատումները, որոնք ժամանակ առ ժամանակ հրապարակ են նետվում նաեւ իշխանության տարբեր ներկայացուցիչների կողմից, պետք է փշրվեն՝ հանդիպելով մեր համերաշխությանը։
«Մեզ բոլորիս այսօր այս հրապարակում հավաքել է մի պարզ մղում՝ տեր կանգնել սեփական իրավունքներին։ Եթե կլինեն մարդիկ, որոնք կփորձեն ինչ-ինչ պիտակավորումներ տալ, թե իբր սա սոսկ սոցիալական աջակցության պահպանման համար պայքար է, ապա նրանք պարզապես զուրկ են տարրական բարոյականությունից, զուրկ են մարդկային ապրումակցումից։ Այո, բռնի տեղահանվածներին կեցության համար տրվող սոցիալական աջակցությունն այն պարզ նվազագույնն է, որն անհրաժեշտ է արցախցիներին ՀՀ-ում պահելու, նրանց նվազագույն կարիքները հոգալու համար։ Սոցիալական աջակցությունը տեղահանվածների համար կենսական կարեւորություն ունի, եւ դա այդպես է ոչ միայն ՀՀ-ում, այդպես է ամբողջ աշխարհում։ Հետեւաբար, խիստ կարեւոր է պահպանել այն այնքան ժամանակ, քանի դեռ յուրաքանչյուր տեղահանված ընտանիքի կեցության հարցը արժանապատիվ եւ մեկընդմիշտ լուծված չէ։ Սոցիալական այս խնդիրը բարձրաձայնելը բնավ ինքնանպատակ չէ, պարզապես մենք շատ լավ հասկանում ենք, որ այդ աջակցության դադարեցումն աղետալի հետեւանքներ է ունենալու՝ հազարավոր ընտանիքների մատնելով անօթեւանության եւ չքավորության, դրդելով արտագաղթի։ Իսկ մենք ուզում ենք ապրել մեր մայր հայրենիքում, մենք ուզում ենք ապրել արժանապատիվ՝ մեր հոգում եւ սրտում պահելով մեր փոքր հայրենիք վերադառնալու ցանկությունը եւ նպատակը»,- հայտարարեց Գեղամ Ստեփանյանը։
Նա ասաց, որ հրապարակում հավաքված մարդիկ ամեն օր քնում եւ զարթնում են սեփական տուն վերադառանալու հույսով ու հավատով։ Նա կոչ արեց արցախցիներին թույլ չտալ, որպեսզի իրենց մեջ մարի Արցախ վերադառնալու մղումն ու հույսը։ «Անիրատեսության դասեր տվողներին հստակ պատասխանեք, որ թույլ չեք տա, որ ստիպեն հրաժարվել ինքներս մեզանից, մեր գոյության իմաստից։ Թույլ չենք տա մեզ եւ մեր սերունդներին զրկել հայրենիք վերադառանալու իրավունքից։ Թույլ չենք տա ուրանալ հազարավոր սուրբ նահատակների արյունը։ Եթե ֆիզիկական ոչնչացման սպառնալիքի ներքո մենք լքել ենք մեր հայրենիքը, դա չի նշանակում, որ մենք հրաժարվել ենք այնտեղ վերադառնալու մեր իրավունքից։ Վերադարձի իրավունքն ինչ-որ անկատար երազանք չէ, հեքիաթային մի պատում չէ, այն իրավունք է, որն ամրագրված է, որը պետք է պաշտպանել ու առաջ մղել»,- նշեց Գեղամ Ստեփանյանը։
Արցախի ՄԻՊ-ն ասաց, որ իրենց միասնական պահանջը՝ ուղղված ՀՀ իշխանություններին ու միջազգային դերակատարներին հետեւյլան է՝ Արցախի ժողովրդի անվտանգ եւ արժանապատիվ վերադարձի իրավունքի հարցը պետք է դառնա բանակցային օրակարգի մաս։ Հակամարտության արդարացի կարգավորում չի կարող լինել հարյուր հազարավոր մարդկանց խախտված իրավունքների եւ խեղված ճակատագրերի վրա։ Գեղամ Ստեփանյանն ասաց, որ պահանջում են, որպեսզի ՀՀ իշխանությունները չհրաժարվեն միջազգային ատյաններում Ադրբեջանի դեմ ներկայացրած գանգատներից եւ Մինսկի խմբի ձեւաչափից, այլապես Արցախի ժողովուրդը բախվելու է իր իրավունքների լրջագույն ու եւ զանգվածային նոր խախտումների։
«Այս տեղանկյունից մեր գլխավոր ուղերձը եւ ՀՀ իշխանություններին, եւ միջազգային բոլոր դերակատարներին այն է, որ ոչ ոք իրավունք չունի Արցախի ժողովրդի ճակատագրի վերաբերյալ որոշումներ կայացնել՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու։ Մենք պետք է լինենք մեր ճակատագրի տերը։ Մեր պահանջներն արդարացի են, հիմնված են իրավունքի վրա»,- ասաց նա։
Այսօրվա հանրահավաքը՝ արցախցիներին ողջ-ողջ «թաղողներին» արժանապատվության մասին հիշեցնելու փորձ է
Այլևս հնարավոր չի լինի ձևացնել, թե Արցախ չի եղել, արցախցիներն այլևս չկան, և ընդհանրապես, անցած 33 տարին դժբախտ սխալ էր, որը հեշտ ստացվեց ուղղել։ Բոլորը ստիպված կլինեք բացել աչքերը և տեսնել ամոթալի ճշմարտությունն իր ամբողջ տգեղ և սարսափելի հմայքով:
Հայաստանի կառավարությունը հպարտությամբ ասում է, որ 120 հազար փախստականների հոսքը պատվով է ընդունել՝ առանց վրանային քաղաքների և մեծ աղմուկի։ Արյունալի ագրեսիայից, Արցախի օկուպացիայից և բնիկ բնակչության տեղահանությունից հետո ամբողջ մեկուկես տարի Հայաստանի կառավարությունն արել է ամեն ինչ, որպեսզի «Արցախ» բառն այլևս չօգտագործվի կամ օգտագործվի միայն վատ իմաստով՝ որպես անեծք։
2018-ին Նիկոլ Փաշինյանի թիմը իշխանության եկավ՝ հատկապես մարզերում ընտրողներին ասելով, որ Արցախն է խանգարումբնականոն կյանքին, և եթե իրենք գան իշխանության, ապա հայաստանցիների որդիներն Արցախում չեն զոհվի (ոչ թե չեն կռվի, չեն ծառայի, այլ չեն զոհվի)։ Ոչ ոք չի ուզում, որ իր որդին զոհվի, ուստի հարյուրավոր մարդիկ ակամայից դարձան Փաշինյանի քաղաքականության մեղսակիցը՝ չհանդիմանելով նրան նույնիսկ 2020 թվականի նոյեմբերի 10-ի հայտարարությունը ստորագրելու համար։
2021 թվականի ամռանը Փաշինյանի թիմը կրկին ստացավ այս ընտրողների ձայները՝ առանց տեսախցիկների նախընտրական հանդիպումների ժամանակ հայտարարելով, որ մենք ձեզ խոստացել ենք, որ ձեր որդիները Ղարաբաղում չեն զոհվի, և դա արեցինք։ Բայց եթե «նախկինները» գան, էլի ձեր տղաներին կուղարկեն զոհվելու «օտար» Ղարաբաղի համար։ Եվ մարդիկ հերթական անգամ լուռ համաձայնեցին մեղսակից դառնալ ազգային ոճրագործության ու ամոթի։
Այս ամենն արվում էր կուլիսներում, բայց այժմ այս խայտառակ խոսույթը դառնում է բաց «պետական» քաղաքականություն։ Գյումրիում Փաշինյանի թեկնածուն ասում է, որ Ղարաբաղն այնքան վատ տեղ էր, որ գյումրեցիները մեծ գումարներ էին վճարում, որպեսզի իրենց որդիները չծառայեն Ղարաբաղում:
Հազարավոր գյումրեցի վառ երիտասարդներ պաշտպանում էին Արցախը, և նրանք, անշուշտ, կարող են «նրանց» Սարիկին պատմել Արցախի մասին ողջ ճշմարտությունը։ Եվ դժվար թե այս անգամ Գյումրիում «Քաղաքացիական պայմանագիրը» կարողանա իր փորձված նախընտրական հնարքը անցկացնել՝ «քանի մենք իշխանություն ենք, ձեր որդիները Ղարաբաղում չեն զոհվի»։
Նախ, Գյումրին մի փոքր այլ քաղաք է, և պատվի զգացումն այստեղ այլ կերպ է ընկալվում։ Երկրորդ՝ օկուպացված Ղարաբաղը և անօթևան ղարաբաղցիների նկատմամբ թշնամանքը որպես նախընտրական հնարք օգտագործելն այլևս տեղին չէ. ժամանակն է, որ «իրենց Սարիկը» ընտրողներին խոստանա, որ նրանց որդիները չեն զոհվի Երասխում, Խոզնավարում, Գորիսում, Վարդենիսում, Սև Լիճում, Ջերմուկում և Հայաստանի մնացած տեղերում։ Դա ապահովելու համար Հայաստանի հետ պետք է անենք նույնը, ինչ Արցախի հետ՝ չկա Հայաստան, չկա զոհվելու տեղ։
Այդ ընթացքում պետք է ձևացնել, թե արցախցիներ չկան, որ շուտով նրանք ոչնչով չեն տարբերվելու ջերմուկցիներից, սյունեցիներից, իսկ 50 հազար բոլորին չենք կարող տալ։
Արցախցիների այսօրվա հանրահավաքը բողոք չէ, այլ հիշեցում, ամոթանք տալու և արցախցիներին ողջ-ողջ «թաղողներին» արժանապատվության մասին հիշեցնելու փորձ, պետական ու ազգային արժեքների, պատվի մասին, նաև որ երջանկությունը թուրքական խաչմերուկում դրված կրպակը չէ։
Քաղաքական, սոցիալական ու իրավական երաշխիքներից զրկված Արցախի ժողովուրդը պաշտպանում է իր իրավունքները
Լուսանկարները Ալվարդ Գրիգորյանի
Ազատության հրապարակում մեկնարկել է արցախցիների մեծ հանրահավաքը
Լուսանկարները Մարիամ Սարգսյանի
USAID-ի փակում. քաղաքական լուծումները «մարդասիրական»-ով փոխարինելը չի կարող անհետևանք լինել
Սամանթա Փաուերը սովորում է ժենգյալով թխել
ԱՄՆ Պետդեպարտամենտը պաշտոնապես ծանուցել է Կոնգրեսին, որ ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալությունը (USAID) կլուծարվի, ասվում է ԱՄՆ Պետդեպարտամենտի մամուլի հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ուրբաթ օրը՝ մարտի 28-ին: USAID-ի վերակազմավորումը կավարտվի հուլիսի 1-ին:
«Ճիշտ արտաքին օգնությունը կարող է առաջ տանել մեր ազգային շահերը, պաշտպանել մեր սահմանները և ամրապնդել գործընկերությունը հիմնական դաշնակիցների հետ: Ցավոք, ԱՄՆ ՄԶԳ-ն վաղուց շեղվել է իր սկզբնական առաքելությունից: Արդյունքում, շահույթը չափազանց փոքր է եղել, իսկ ծախսերը՝ չափազանց բարձր», – ասել է ԱՄՆ պետքարտուղար Մարկո Ռուբիոն:
Միացյալ Նահանգների Միջազգային զարգացման գործակալությունը 2024 թվականի փետրվարին լրացուցիչ 1 միլիոն դոլար աջակցություն է տրամադրել Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանվածներին: Այս օգնության շնորհիվ 19,300 մարդ, ովքեր ստիպված են եղել լքել Լեռնային Ղարաբաղը, կստանան առաջնային մարդասիրական օգնություն USAID-ի կողմից ֆինանսավորվող Social Protection, Inclusion, Social Protection, Democracy, Social Affairs and Empower ծրագրի շրջանակներում:
2023 թվականի սեպտեմբերի վերջից ԱՄՆ ՄԶԳ-ն 9,27 միլիոն դոլար է տրամադրել Լեռնային Ղարաբաղում կռիվներից տուժածներին աջակցելու համար, այդ միջոցներն օգտագործվում են ամեն ինչ տրամադրելու համար, այդ թվում՝ սնունդ և հոգեբանական աջակցություն:
USAID-ը նախատեսում է տրամադրել մոտ 8,5 մլն ԱՄՆ դոլար՝ Լեռնային Ղարաբաղից ներքին տեղահանված անձանց և փախստականների բնակարանային կարիքների և հոգեսոցիալական աջակցության համար: Այս մասին Երևանում կայացած ճեպազրույցում հայտարարեց ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության (USAID) ղեկավար Սամանթա Փաուերը՝ 2024 թվականի հուլիսին Հայաստան կատարած այցի ժամանակ։ Նրա խոսքով, շատ ընտանիքներ ցանկանում են այցելել եկեղեցիներ, տաճարներ և իրենց հարազատների գերեզմանները, սակայն վերադարձը դեռ չի եղել։ Նա վստահեցրեց, որ գործակալությունը կշարունակի աշխատել այս ուղղությամբ։
Սամանթա Փաուերը առաջիններից էր, ով 2023-ի սեպտեմբերի 19-ի ագրեսիայից անմիջապես հետո Հայաստան ժամանեց և դիմավորեց տեղահանված արցախներին։
Միացյալ Նահանգները դիտարկում է ադեկվատ պատասխան սեպտեմբերի 19-20-ի կատարածին, սեպտեմբերի 25-ին ասել է Փաուերը։ Ինչպես նշել էր փոխպետքարտողար Քիմը, Ղարաբաղում չպետք է ուժ գործադրվեր, բայց արվել էր, և մենք վերանայում ենք մեր անվտանգության աջակցությունը, բայց ես այս պահին չեմ ցանկանում որևէ եզրակացություն անել ԱՄՆ արտաքին քաղաքականության և արձագանքի վերաբերյալ», – ասաց Փաուերը 2023 թվականի սեպտեմբերի 25-ին Երևանում ԱՄՆ դեսպանատանը կայացած մամուլի ասուլիսում:
«Մենք տագնապալի հաղորդումներ ստացանք ականատեսներից խաղաղ բնակիչների նկատմամբ բռնությունների մասին: Միևնույն ժամանակ, հաշվի առնելով ներկա քաոսային իրավիճակը և մարդկանց ապրած տրավմաները, անհրաժեշտ է լսել մարդկանց պատմությունները: Սա կօգնի մեզ հասկանալ իրական իրավիճակը, և այս աշխատանքը դեռ նոր է սկսվում», – ասաց Փաուերը լրագրողներին հաջորդ օրը:
ԱՄՆ-ը որևէ միջոց չի ձեռնարկել Ադրբեջանի դեմ, ավելին, քաղաքական գնահատական չի տվել Արցախում տեղի ունեցածին, նույնիսկ այն բանից հետո, երբ մի խումբ միջազգային իրավապաշտպան կազմակերպություններ՝ Պետդեպարտամենտի պատվերով և ԱՄՆ ՄԶԳ-ի ֆինանսավորմամբ, զեկույց են պատրաստել «Ինչու Ղարաբաղում հայեր չեն մնացել» վերնագրով։ Միացյալ Նահանգները սահմանափակվեց արցախցիներին մի քանի միլիոն մարդասիրական օգնություն տրամադրելով՝ քրիստոնեական քաղաքակրթության ջատագովի իր դերը համարելով կատարված։
Այժմ ԱՄՆ-ը փակում է USAID-ը, իսկ Պետդեպարտամենտն առաջարկում է ագրեսիայի ենթարկված Ուկրաինային տրամադրել ԱՄՆ-ին իր ողջ տնտեսական ակտիվները։





























