Արցախցիների վերադարձի վերաբերյալ վաշինգտոնյան համաձայնագրերում ոչինչ չկա, դա նշանակում է՝ քաղաքացու ճանապարհն ազատ է

«Քանի դեռ Վաշինգտոնում նախաստորագրված համաձայնագրում չկա կետ, որ Հայաստանն ու Ադրբեջանը պարտավորվում են լուծել արցախցիների վերադարձի հարցը, իսկ դա եւ գույքի մատչելիության, եւ փոխհատուցման հարցն է, մեր դռները բաց են դեպի միջազգային ատյաններ։ Եվ գրեթե չկա ժամկետային սահմանափակում։ Սա, իհարկե, Հայաստանի կառավարության մեծ բացթողումն է, որովհետեւ դա ձեռնտու է Ադրբեջանին, բայց մյուս կողմից Ադրբեջանը չի կարող կասեցնել անհատական գանգատների հոսքը դեպի ՄԻԵԴ, վաղը դրանց Ադրբեջանը պետք է պատասխան տա»,- «Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով քննարկման ժամանակ ասաց միջազգային իրավունքի մասնագետ Արա Ղազարյանը։

Նա նշեց, որ Ադրբեջանի օգուտն այն է, որ ոչ թե 120 հազար դիմում է գնալու միջազգային ատյաններ, այլ մի քանի հազար են գնալու, որովհետեւ դա մեծ ռեսուրսների հետ է կապված, իրավապաշտպանները չեն կարող բոլոր արցախցիների անունից անհատական գանագտներ ներկայացնել։

«Ընդհանրապես այդ համաձայնագիրը շատ հեռու է խաղաղության պայմանագրից, որովհետեւ խաղաղության պայմանագրերը լինում են հարյուրավոր էջերով, հավելվածներով, մանրամասն մեխանիզմներով։ Միայն Բոսնիայի պատերազմի համաձայնագիրը որ նայեք, վերադարձի վերաբերյալ մի ամբողջ հավելված կա։ Իսկ այստեղ դա չկա, դե եթե չկա, նշանակում է՝ քաղաքացու ճանապարհն ազատ է, նա պետք է գնա միջազգային դատարան։ Եվ միջազգային դատարանը կընդունի գանգատ այնքան ժամանակ, մինչեւ այստեղ այս երկու պետությունները չստեղծեն հատուցման ու վերադարձի մեխանզիմները։ Դա արդեն միջազգային իրավունքով հաստատված մոտեցում է»,- ասաց նա։

Սոցապ․ արցախցիների բնակապահովման ծրագիրը չի փոխվում, ներկայացված է նոր ծրագիր

Ի պատասխան մամուլում շրջանառվող այն հրապարակումների, թե իբր Ղարաբաղից բռնի տեղահանված ընտանիքների բնակարանային ապահովման պետական աջակցության ծրագրում փոփոխություններ են իրականացվել, հայտնում ենք, որ բնակապահովման ծրագրում ոչինչ չի փոխվել․ միջոցառման շրջանակում հայրենակիցներին շարունակվում է տրամադրվել 3–ից 5 մլն դրամ աջակցություն՝ բնակարան ձեռք բերելու կամ տուն կառուցելու համար։
Ավելին՝ հանրային քննարկման է ներկայացվել բոլորովին նոր ծրագիր՝ 1–3 անդամ ունեցող ընտանիքների բնակապահովմանն առնչվող հարցերի լուծման համար։ Միջոցառման շրջանակում նախատեսվում է աջակցություն տրամադրել վարձակալության վճարի երկարաժամկետ մասնակի փոխհատուցման եղանակով՝ 120 ամսվա ընթացքում, յուրաքանչյուր ընտանիքի անդամի համար՝ ամսական 40,000 դրամ։
🔻 Նոր ծրագիրը ներկայում գտնվում է հանրային քննարկման փուլում՝ e-draft․am իրավական ակտերի նախագծերի հրապարակման միասնական կայքում (հղում՝ https://www.e-draft.am/projects/9349 )․ քաղաքացիների կողմից ներկայացվող առաջարկներն ու դիտարկումները սահմանված ժամկետում կհավաքագրվեն և, ըստ անհրաժեշտության, կընդգրկվեն ծրագրի վերջնական տարբերակում։

Վերադարձի իրավունքն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային միջավայր

«Արցախի տեղահանումից հետո. մարտահրավերներ եւ լուծումներ» խորագրով այսօրվա քննարկման ժամանակ ՄԻԵԴ-ում հայ գերիների շահերի ներկայացուցիչ, իրավապաշտպան Սիրանուշ Սահակյանն անդրադարձավ Արցախից բռնի տեղահանված անձանց վերադարձի իրավունքին։

Նա ասաց, որ Արցախի դեպքում մենք խոսում ենք բռնի տեղահանության մասին, տեղահանությունը տեղի է ունեցել, այն նաեւ շարունակական բնույթ է կրում։ Եվ քանի դեռ միջազգայնորեն երաշխավորված վերադարձի իրավունքը չի ապահովվել, գործ ունենք մարդկության դեմ շարունակական իրականացվող հանցագործության հետ։

«Վերադարձի իրավունքը ենթադրում է կոլեկտիվ ասպեկտ։ Որքան էլ միջազգային ատյանները յուրաքնաչյուր կոնկրետ դեպքով արձանագրեն, որ բռնի տեղահանվածն իր բնակավայր վերադառնալու, իր գույքից օգտվելու իրավունք ունի, այն փաստացիորեն իրացվելի չէ, եթե միջազգային հարթակում չի ձեւավորվել անվտանգային այնպիսի միջավայր, որի շնորհիվ անձինք կարող են անվտանգ, արժանապատիվ կերպով վերադառնալ իրենց հայրենիք»,- ասաց Սահակյանը։

Սիրանուշ Սահակյանն ասաց, որ եթե անձը պետք է վերադառնա մի վայր, որտեղ այլեւս իր ինքնությամբ չի կարող հետագա կենսակերպն ապահովել, նշանակում է՝ մենք չունենք վերադարձի իրավունք։ «Եվ Արցախի մշակութային ժառանգության ոչնչացումը պետք է հենց կապել վերադարձի իրավունքի անհնարինության ստեղծման հետ»,- նշեց նա։

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հավանություն է տվել Գազայի հատվածի վերաբերյալ Թրամփի խաղաղության ծրագրին

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը բանաձև է ընդունել, որով աջակցում է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայի հատվածի խաղաղության ծրագրին։ Անվտանգության խորհրդի 15 անդամներից 13-ը երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին, քվեարկեցին Վաշինգտոնի առաջարկի օգտին։ DW-ի փոխանցմամբ՝ Ռուսաստանը և Չինաստանը ձեռնպահ են մնացել, բայց վետո չեն դրել։

Ծրագրով նախատեսվում է միջազգային ուժերի ստեղծում՝ Գազայի հատվածը կայունացնելու և արմատական ​​իսլամիստական ​​ՀԱՄԱՍ շարժման զինաթափման համար, որը Եվրոպական Միության, Մեծ Բրիտանիայի և Միացյալ Նահանգների կողմից ճանաչվել է որպես ահաբեկչական կազմակերպություն։ Այն նաև կոչ է անում ստեղծել անցումային Պաղեստինյան Ինքնավարություն։

Քվեարկությունից առաջ Իսրայելը քննադատեց բանաձևում «պաղեստինյան ժողովրդի համար ինքնորոշման և պաղեստինյան պետության ստեղծման հավաստի ուղու» մասին հղումը։

Համասը նույնպես քննադատեց բանաձևը՝ նշելով, որ «Գազայի հատվածում միջազգային ուժերին առաջադրանքներ և գործառույթներ նշանակելը, այդ թվում՝ զինաթափումը, զրկում է նրանց չեզոքությունից և վերածում հակամարտության կողմի»։

«Շնորհավորում եմ ամբողջ աշխարհին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի անհավանական քվեարկության կապակցությամբ, որը ճանաչեց և հաստատեց «Խաղաղության խորհուրդը»։ Ես կղեկավարեմ այն, և դրա մեջ կներառվեն աշխարհի ամենաազդեցիկ և հարգված առաջնորդները», – գրել է Թրամփը TruthSocial սոցիալական ցանցում։

«Կոթիի պատշգամբից՝ Արցախին մոտ». Մարիամ Սարգսյանի օրագրից

Կանգնում եմ երկարավուն պատշգամբին, որտեղից երեւում է գյուղի մեծ մասն, ու փակում աչքերս։ Լսում եմ էլեկտրական սղոցի ձայն, հավերի կրչկրչոց, օդում՝ աշնանային տերեւների վառված ծխի հոտը, այն ամենն, ինչ նոյեմբերյան օրերին հաճախ էի զգում Մարտունում։

Կոթին հիմա նարնջագույնի եւ մոխրագույնի մեջ է, կիսամերկ ծառերին մնացել են վառվռուն արքայանարինջները, որոնք այնքան շատ են, որ գրեթե ամեն բակում ծառերին շքեղություն են հաղորդում։

Հաճախ, երբ ծանոթներս ու ընկերներս հարցնում են՝ «հարմարվե՞լ եք», հարցը շատ տարօրինակ է թվում, որովհետեւ 2023թ-ից հետո ես վերջապես ինձ օտարության մեջ չեմ զգում, վերջապես տան զգացողություն ունեմ, որովհետեւ տունը սեփական կամ շքեղ շինությունը չէ, այլ բնությունը, որ այնքա՜ն շատ է նման Արցախին, գյուղն իր երկհարկանի շուշաբանդե տներով, դեղին ներկված գազատարը, կարալյոկի ծառերը, փայտե վառարաններից արձակվող ծխի հոտը, հոգատար ու սրտացավ հարեւանները, որ ամեն անգամ միրգ, ձու, կաթ են նվիրում, առանց ավելորդ շեշտադրման։

Վերջին շրջանում շատ եմ համացանցային հարթակում լուսանկարներ ու իրական կյանքի պատառիկներ հրապարակում եւ հասկացել եմ, որ արցախյան իմ լսարանն այնքան կարոտ է այս կյանքին՝ մեր կյանքին․

2023թ․ հետո սահմանային գյուղում ապրելը պատժի պես մատուցվեց, եւ դժվար էր մի քանի պատերազմ տեսած, անհամաչափ պատերազմից հետո մազապուրծ եղածին ու ամեն ինչ կորցրածին վստահեցնելը, որ սահմանում ապրելը անվտանգ է։

Նայում եմ գյուղում կառուցվող նոր թաղամասերին ու անընդհատ մտածում՝ ինչո՞ւ ամեն գյուղում այսպիսի թաղամաս չկառուցվեց եւ չառաջարկվեց արցախցիներն իրացնել իրենց վկայականները գյուղում՝ հնարավորությամբ վերականգնելու նախկին գյուղի մթնոլորտը։

Տեղահանածները դարձան «կառավարության բյուջեն ճեղքողներ», «իշխանափոխության ջատագովներ», այնինչ տեղահանվածները պարզապես հանգիստ կյանք են փնտրում՝ հեռու քաղաքական աղմուկից, խժդժությունից՝ հողին մոտ, հողին կառչած մի տուն են փնտրում, որի համար ամսվա վերջին աստղաբաշխական թվով վարձ չպիտի վճարեն։

Այս պատշգամբից նայելով՝ հասկանում եմ, որ սահմանային գյուղում ապրելը դժվարություն չէ․ այն նաև նոր շունչ է, նոր տուն, որտեղ բնությունն ու մարդիկ միասին են ստեղծում ապահովության զգացողություն։

Տեղահանվածների համար սա ոչ թե քաղաքականության կամ վիճակագրության հարց կլիներ, այլ կյանքի շարունակության՝ հողի հետ կապի, տան և արժանապատվության որոնում։

Մարիամ Սարգսյան

Ինչպե՞ս կարող է Էջմիածնի ՔՊ քաղաքապետը անել այն, ինչ ոչ ոք չէր արել

Վաղարշապատ համայնքի ընտրություններում «Քաղաքացիական պայմանագրի» թեկնածուի հաղթանակից հետո Փաշինյանը վաղ առավոտյան ֆեյսբուքյան իր գրառման մեջ նաև արձանագրել է. «Ձեր ընտրությամբ կարևոր լիցք տվեցիք մեր սրբության սրբոցը՝ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածինը Կտրիճ Ներսիսյանից ազատելու գործընթացին»։

Մայր Աթոռի Գերագույն հոգևոր խորհրդի անդամ Գևորգ Դանիելյանը հակադարձում է վարչապետ Փաշինյանին՝ «որևէ ընտրության արդյունք չի կարող դիտարկվել իբրև եկեղեցու ինքնավարությանը միջամտելու գործոն»:

Ինչպե՞ս կարող է Էջմիածնի ՔՊ քաղաքապետը անել այն, ինչ ոչ ոք չէր արել։ Քաղաքապետը չի կարող միջամտել եկեղեցու գործերին. կաթողիկոսի հրաժարականին կամ ընտրությանը։ Բայց նա, անշուշտ, կարող է հասնել նրան, որ Ավագանին որոշում կայացնի եկեղեցու սեփականության վերաբերյալ։ Կառավարությունը, որը 1990-ականներին եկեղեցիները որպես սեփականություն փոխանցել է Հայ Առաքելական Եկեղեցուն, չի կարող չեղյալ համարել իր սեփական որոշումը, քանի որ դա կվտանգի ողջ սեփականաշնորհման գործընթացը։ Սակայն առանձին համայնքները կարող են բռնագրավել իրենց տարածքներում գտնվող եկեղեցու սեփականությունը՝ հղում անելով «համայնքային գերակա շահերին»։

Ստեղծվել են հայ-ամերիկյան աշխատանքային խմբեր

Հայ-ամերիկյան աշխատանքային խմբերը սկսել են աշխատել՝ վաշինգտոնյան համաձայնագրերի իրագործման ու «Թրամփի ուղու» զարգացման համար: Այդ մասին հայտնի է դառնում ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Էլիսոն Հուքերի և վարչապետ Փաշինյանի այսօրվա հանդիպման մասին կառավարության տարածած հաղորդագրությունից:

Ըստ պաշտոնական աղբյուրների՝ ամերիկյան կողմից աշխատանքային խումբը կգլխավորի պետքարտուղարի տեղակալի օգնական Սոնատա Քալթերը, որը վերահսկում է Ռուսաստանի և Կենտրոնական Եվրոպայի քաղաքականությունը:

Էլիսոն Հուքերը Նիկոլ Փաշինյանի հետ զրույցում շեշտել է, որ Միացյալ Նահանգների և Հայաստանի միջև շարունակական համագործակցությունը, զուգորդված Հայաստանի և Ադրբեջանի միջև լիարժեք խաղաղության համաձայնագրի և Թուրքիայի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ առաջընթացի հետ, խոստանում է բացել Հարավային Կովկասը՝ որպես կենսականորեն կարևոր առևտրային ուղի։

Փաշինյանն ու Հուքերը քննարկել են վաշինգտոնյան պայմանավորվածությունների իրականացմանը, աշխատանքային խմբերի գործունեությանը, TRIPP նախագծի իրականացմանը և առաջիկա ծրագրերին վերաբերող հարցեր։

Փաշինյանը կարևորել է վաշինգտոնյան պայմանավորվածությունների իմպլեմենտացման ուղղությամբ աշխատանքների իրականացումը՝ նախատեսված ժամանակացույցի համապատասխան։

NYT. Մադուրոն Թրամփին առաջարկել է վենեսուելական նավթ՝ ռազմական ճնշումից հրաժարվելու դիմաց

Միացյալ Նահանգները կարող է վերահսկողություն ձեռք բերել մոլորակի ամենամեծ նավթային պաշարների՝ մոտ 300 միլիարդ բարել վենեսուելական նավթի նկատմամբ: Ըստ The New York Times-ի՝ Նիկոլաս Մադուրոն գաղտնի կերպով Դոնալդ Թրամփին առաջարկել է հենց այս ծավալը՝ Վաշինգտոնի կողմից ռազմական ճնշումից հրաժարվելու դիմաց:

Այս առաջարկը գործնականում դարի գործարք է: Եթե ԱՄՆ-ն հասանելիություն ստանա վենեսուելական նավթին, համաշխարհային գները կարող են փլուզվել՝ ծանր հարված հասցնելով Ռուսաստանին, որի տնտեսությունը խիստ կախված է նավթի արտահանումից:

Միաժամանակ, Politico-ն հաղորդել է, որ Թրամփի վարչակազմը ակտիվորեն քննարկում է մի սցենար, որի դեպքում Մադուրոյին թույլատրվում է աննկատ լքել երկիրը՝ գործնականում փախչել, ինչպես արդեն արել են Մոսկվայի այլ դաշնակիցները:

Այնուամենայնիվ, Թրամփի թիմի որոշ անդամներ պահանջում են, որ բռնապետը չազատվի, այլ ձերբակալվի և դատվի Միացյալ Նահանգներում:

The Atlantic-ի աղբյուրները հավելում են, որ Մադուրոն պատրաստ է հեռանալ, եթե Վաշինգտոնը երաշխավորի համաներում և անվտանգություն:

44-օրյա պատերազմի մասնակից Սերգեյ Կարապետյանի ընտանիքը խնդրում է աջակցություն

44-օրյա պատերազմի մասնակից, Եվրոպայի սամբոյի առաջնության չեմպիոն Սերգեյ Կարապետյանը այս օրերին բուժում է ստանում Ռուսաստանի Դաշնությունում՝ «Институт мозга и нейротехнологии» հիվանդանոցում։ Բժիշկների գնահատմամբ՝ նախատեսվող մեկամսյա բուժման արժեքը կազմում է 3 միլիոն ՀՀ դրամ։

Ընտանիքի տեղեկացմամբ՝ վերջին հինգ տարիներին Սերգեյը բուժում է ստացել արտերկրի մի շարք կլինիկաներում, սակայն ներկայիս ծրագիրը եզակի հնարավորություն է տալիս իրական առաջընթացի․ մասնագետները կանխատեսում են, որ բուժման հաջող ընթացքի դեպքում հնարավոր է քայլելու և խոսելու կարեւոր գործառույթների վերականգնում։

Երաշխիքներ, ըստ բժիշկների, չեն կարող տրվել, սակայն դրական կանխատեսումները նախկինից ավելի մեծ են։

Վերջին ամիսների ընթացքում ծնողների միջոցները սպառվել են, և բուժման շարունակման համար ընտանիքը կրկին դիմում է հանրային աջակցությանը՝ ընդգծելով, որ Սերգեյի բուժումը կանգնեցնել չեն կարող։

Ցանկացողները կարող են աջակցել հետևյալ տվյալներով (ստացողը՝ Սերգեյի հայրը, Արսեն Կարապետյան)․ IDram – 596025446 МИР – 2202206299508858 Unibank (AMD) – 24100490901600 Unibank (USD) – 24100490901601 Unibank (EUR) – 24100490901602

Ընտանիքը շնորհակալություն է հայտնում յուրաքանչյուր փոխանցման և հաղորդագրության համար՝ ընդգծելով, որ ցանկացած աջակցություն կարևոր է բուժման շարունակման համար։

Մարիամ Սարգսյան

Իրանի իշխանությունները փորձում են արհեստականորեն անձրևներ առաջացնել

Իրանի իշխանությունները սկսել են ամպերի ցանումը՝ արհեստականորեն անձրևներ առաջացնելու համար քիմիական նյութեր ցողելով երաշտից տուժած երկրում, հաղորդում է BBC-ն։

Ամպերի ցանումը ենթադրում է արծաթի կամ կալիումի յոդիդ քիմիական նյութերի ներարկում ամպերի մեջ ինքնաթիռներից կամ գետնից։ Սա արագացնում է ջրային գոլորշու խտացումը և հետագա տեղումները։

Իրանի պաշտոնական «Իրնա» լրատվական գործակալության հաղորդմամբ՝ շաբաթ օրը այս գործընթացը իրականացվել է Ուրմիա աղի ջրավազանի վրա։

Ուրմիան Իրանի ամենամեծ լիճն է Կասպից ծովից հետո, սակայն մի քանի տարվա երաշտը զգալիորեն չորացրել է այն և վերածել աղի ճահճի։

Գործակալության տվյալներով՝ ամպերի ցանումը կշարունակվի լճին սահմանակից Արևմտյան և Արևելյան Ադրբեջան նահանգներում (Իրանի նահանգները սահմանակից են Ադրբեջանի Հանրապետությանը)։

Իրանի օդերևութաբանական կազմակերպության տվյալներով՝ երկրում այս տարի տեղումների քանակը 89%-ով ցածր է երկարաժամկետ միջին ցուցանիշից։

Մայրաքաղաք Թեհրանում, որն ունի ավելի քան 9 միլիոն բնակչություն, ջրամբարները սպառվել են իրենց հզորության 10%-ից պակաս։ Իշխանությունները չեն բացառում ջրամատակարարման սահմանափակումները, և նախագահ Մասուդ Պեզեշկիանը նույնիսկ ենթադրել է, որ կարող են անհրաժեշտ լինել տարհանումները։

«Տաշիր Կապիտալ»-ի լիցենզիան չեղյալ է հայտարարվել. ընկերության սեփականությանը կարող է անցնել պետությանը

ՀՀ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը չեղյալ է հայտարարել «Տաշիր կապիտալ» ընկերության՝ «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ի սեփականատիրոջ լիցենզիան։ Հանձնաժողովի նիստը տևել է երեք օր։

Հանձնաժողովը չեղյալ հայտարարելու պատճառների մեջ նշել է ուրոշ խախտումներ, այդ թվում՝ տվյալների կեղծումը, ուշացած միացումները և անտեղի վարկային երաշխիքներ։

Հանձնաժողովը նաև գրանցել է էլեկտրաէներգիայի մատակարարման ցուցանիշների վատթարացում 2025 թվականի առաջին և երկրորդ եռամսյակներում (2024 թվականի նույն ժամանակահատվածների համեմատ)։

«Էլեկտրական ցանցեր» ընկերության սեփականատիրոջ ներկայացուցիչները, այդ թվում՝ նախկին պաշտոնակատար տնօրեն Դավիթ Ղազինյանը, հայտարարել են, որ վարույթը զուտ քաղաքական է և սկսվել է Նիկոլ Փաշինյանի՝ ընկերության սեփականատեր, ձերբակալված գործարար Սամվել Կարապետյանի դեմ արված հայտարարություններից անմիջապես հետո։

«Տաշիր կապիտալ»-ի փաստաբան Արամ Օրբելյանը շեշտեց, որ ընկերությանը «Էլցանցի»-ն կառավարելու լիցենզիայից զրկելը փաստացի ենթադրում է սեփականության իրավունքից զրկում, և որ դա պետք է գնահատվի՝ միջազգային իրավունքի և ՀՀ Սահմանադրության համապատասխանությունն ապահովելու առումով։

2016 թվականից ի վեր «Հայաստանի էլեկտրական ցանցեր» ՓԲԸ-ն պատկանում է ռուսաստանյան հայ գործարար Սամվել Կարապետյանի կողմից հիմնադրված «Տաշիր» ընկերությունների խմբին։ Հուլիսի 22-ին Ստոկհոլմի արբիտրաժային դատարանը կասեցրեց ՀՀ խորհրդարանի կողմից ընդունված օրինագծերը, որոնք թույլատրում էին «Հայաստանի էլեկտրական ցանցեր»-ի ազգայնացումը, և կոչ արեց զերծ մնալ ընկերության ակտիվները բռնագրավելու հետագա քայլերից։

Պետությունը և «Էլցանց»-ի սեփականատերերը պետք է համաձայնության գան ընկերության ակտիվների փոխանցման վերաբերյալ երեք ամսվա ընթացքում, լրագրողներին ասել է Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի ղեկավար Մեսրոպ Մեսրոպյանը։

«Հաջորդ երեք ամիսների ընթացքում պետությունը կսկսի բանակցություններ սեփականատիրոջ հետ գույքի սեփականության փոխանցման վերաբերյալ։ Եթե կողմերը չկարողանան համաձայնության գալ այս երեք ամիսների ընթացքում, պետությունը կարող է բռնագրավել սեփականությունը՝ հիմնվելով գերակա հանրային շահի վրա», – նշել է Մեսրոպյանը։

Նրա խոսքով՝ սեփականության իրավունքը պետությանը փոխանցելուց հետո այն կորոշի ընկերության կարգավիճակը։ Մասնավորապես, հնարավոր է երեք տարբերակ՝ վաճառք մեկ այլ ընկերության, պետական ​​բաժնեմասով կոնսորցիումի կառավարում կամ պետական ​​կառավարման շարունակություն։

“Արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ հասել է իրենց կռվելու օրը կամ ժամանակը, գնացել թուրքի դեմ ծնկի են իջել”

Գործարար Սամվել Կարապետյանի աջակիցներն ի պաշտպանություն Կարապետյանի ակցիա են կազմակերպել դատարանի շենքի մոտ։

Արցախցի գործիչ Անաստաս Իսրայելյանը լրագրողների հետ զրուցյում անդրադարձավ Նիկոլ Փաշինյանի թեզերին, թե «արցախցիները չեն կռվել» եւ «Արցախի հարցը թոկ էր Հայաստանի վզին»։

«Նիկոլ Փաշինյանը թող իր խոստումները իրականություն դարձնի, հետո նոր արցախցիներին մեղադրի չկռվելու համար։ Արցախցիներին ասում են՝ կռվեիք, բայց որ հասել է իրենց կռվելու օրը կամ ժամանակը, գնացել թուրքի դեմ ծնկի են իջել, խաղաղություն են ողորմում։ Սա խաղաղություն չէ, սա խայտառակություն է, մենք ուզում ենք արժանապատիվ խաղաղություն ձեռք բերել։ Մեր հազարամյա պատմությունը ցույց է տալիս, որ մեր հաղթանակներն ու գոյատեւումը եղել է հզոր առաջնորդների շնորհիվ, ոչ թե նմանատիպ ղեկավարների թեզերի»,- ասաց նա։

Անդրադառնալով իշխանության ներկայացուցիչների այն հայտարարություններին, թե Բաքվի հետ խաղաղություն է հաստատված, սահմաններին չեն կրակում, Իսրայելյանն ասաց․ «Սահմաններին ինչո՞ւ կրակեն, եթե առանց կրակել ամեն ինչի հետ համաձայնում են։ Իր ասած ամեն միտքը համընկնում է թշնամու շահերի հետ»։