Առաջարկվում է բնակարանային աջակցություն արցախցիների որոշ խմբերի

E-draft կայքում տեղադրվել է ՀՀ Կառավարության որոշման մի նախագիծ, որը ենթադրում է բնակարանային վարձի փոխհատուցում արցախցի որոշ ընտանիքների համար։

Այն նախաեսում է․

1) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության միջոցառում.

2) Ղարաբաղից տեղահանված առանձին խմբերի ընտանիքներին կացարանով ապահովման համար վարձակալության վարձավճարի մասնակի հատուցման սոցիալական աջակցության տրամադրման կարգ։

  1. Սույն որոշումն ուժի մեջ կմտնի 2026 թվականի հուլիսի 1-ից:
Ինչպես հայտնում է Նորություններ Արցախից էջը, նախագիծը առաջարկում է աջակցություն ցուցաբերել այն տեղահանված ընտանիքներին, որոնք գրանցված են պետական սոցիալական բնակարանային ֆոնդում, բայց չեն ստացել կամ հրաժարվել են բնակարան կամ տուն գնում կամ կառուցում կատարելու համար նախատեսված վկայագրից։ Օգնության ստացողներ կարող են դառնալ 1–3 անդամներից բաղկացած այն ընտանիքները, որոնք ներառում են բացառապես անժամկետ 1-ին կամ 2-րդ խմբի հաշմանդամություն ունեցող անձանց՝ խոր կամ ծանր ֆունկցիոնալ սահմանափակումներով, կամ 60 տարեկան և ավելի անձանց։
Օգնություն կարող են ստանալ նաև այն ընտանիքները, որոնց տարիքի չափորոշիչները համապատասխանում են սահմանված պահանջներին՝ երկու անդամների տարիքի գումարը կազմում է 115 և ավելի տարի, իսկ երեք անդամների դեպքում՝ 175 և ավելի տարի։
Ըստ նախագծի՝ վարձի համար աջակցությունը նախատեսվում է տրամադրել 120 ամիսների ընթացքում։ Ամսական աջակցությունը սահմանվելու է ընտանիքի յուրաքանչյուր անդամի համար 40 000 դրամի չափով։

ՄԱԿ-ը կքննարկի Թրամփի ծրագիրը Գազայի վերաբերյալ․ բաժանում երկու մասի, որոնցից միայն մեկը կվերականգնվի

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը քվեարկելու է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի Գազայում խաղաղության ծրագրի շուրջ երկուշաբթի՝ նոյեմբերի 17-ին: Ավելի վաղ ԱՄՆ-ն և նրա դաշնակիցները՝ Կատարը, Եգիպտոսը, Միացյալ Արաբական Էմիրությունները, Սաուդյան Արաբիան, Ինդոնեզիան, Պակիստանը, Հորդանանը և Թուրքիան, համատեղ հայտարարությամբ կոչ էին արել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին արագորեն ընդունել բանաձև, որը կաջակցի Թրամփի Գազայի հատվածի խաղաղության ծրագրին։

ԱՄՆ զինվորականները պատրաստել են Գազայի հատվածը երկու մասի բաժանելու ծրագիր: Վերակառուցումը կսկսվի միջազգային և իսրայելական ուժերի կողմից վերահսկվող «Կանաչ գոտում», մինչդեռ «Կարմիր գոտին», որտեղ գրեթե ամբողջ պաղեստինյան բնակչությունը կտեղափոխվի, կմնա ավերակների մեջ: Այս մասին հաղորդել է բրիտանական The Guardian թերթը ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին՝ հղում անելով փաստաթղթերին և աղբյուրներին:

Միջերկրական ծովին նայող ներքին մասը կնշանակվի «կարմիր»։ Այն կներառի Խան Յունիս, Գազա և Դեյր էլ-Բալահ խոշոր քաղաքները։ Երկու գոտիները կբաժանվեն «դեղին գծով»՝ այն գծով, որով Իսրայելի պաշտպանության բանակի ուժերը նահանջել են Շարմ էլ-Շեյխի խաղաղության համաձայնագրից հետո։

ԱՄՆ ռազմական ծրագիրն է՝ համոզել պաղեստինցի քաղաքացիներին ապագայում կամավոր վերադառնալ Իսրայելի կողմից վերահսկվող տարածքներ։

Ավելին, ինչպես նշվում է հոդվածում, ԱՄՆ ռազմական հրամանատարությունը պատրաստել է ծրագիր՝ Գազայի հատվածում միջազգային կայունացման ուժերին եվրոպական զորքեր ներգրավելու համար։

Սպասվում են տեղումներ և ջերմաստիճանի նվազում

Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոնի տվյալներով՝ նոյեմբերի 15-ից սկսած՝ Հայաստանի որոշ շրջաններում սպասվում են անձրևներ։ Ջերմաստիճանը կնվազի 3-5 աստիճանով։

Նոյեմբերի 15-ին Շիրակում կանխատեսվում է +13°C, Կոտայքում և Լոռիում՝ +14°C, Գեղարքունիքում՝ +11°C, Տավուշում, Արմավիրում, Արարատում և Վայոց ձորում՝ +16°C, Արագածոտնում՝ +15°C, իսկ Սյունիքում՝ +19°C։

Երևանում անձրև չի սպասվում։ Մայրաքաղաքում ջերմաստիճանը կհասնի +18°C-ի։

Արցախցի բանաստեղծի նոր գրքի շնորհանդեսն էր․ 19-րդ օրը

Նոյեմբերի 13-ին Երևանի Թումանյանս Արտ սրճարանում տեղի է ունեցել արցախցի բանաստեղծ Սերգեյ Սաֆարյանի (գրական անունը՝ Նեմրութ) գրքի շնորհանդեսը, որը կոչվում է <<19-րդ օրը>>։ Հեղինակն ընթերցողին է ներկայացրել իր հերթական ժողովածուն, որը նվիրված է Արցախին։ Բանաստեղծությունների միոջոցով նա ներկայացրել է իր մանկությունը, Արցախում ապրած օրերը, երազանքները, անպատում կարոտն ու սպասումները, իսկ գրքի վերնագիրը՝ հենց այնպես չէ ընտրված։ Հեղինակն ի նկատի ուներ 2023 թվականի սեպտեմբերի 19-ը։

Միջոցառմանը ներկա էին գրողներ, գրականագետներ Արցախից և Հայաստանից։

Բացման և ողջույնի խոսքով հանդես է եկել գրքի խմբագիր, արցախցի գրող Հերմինե Ավագյանը, ինչպես նաև նա վարել է միջոցառումը, որն ընթացել է անմիջական ու հաճելի մթնոլորտում, պոեզիայի ու գրքի շուրջ։

Ժողովածուի մասին կարծիքներ են հայտնել <<Արմավ>> հրատարակչության տնօրեն Արմեն Ավանեսյանը, գրող-արձակագիր, բանաստեղծ, Արցախի գրողների միության նախագահ Նորեկ Գասպարյանը, արձակագիր-սցենարիստ Արմինե Բոյաջյանը։

Միջոցառումը համեմվել է արցախցի երաժիշտ Արարատ Առստամյանի ազգային-հայրենասիրական կատարումներով։ Ներկաները ընթերցել են գրքի իրենց սիրած բանաստեղծությունները, փոխանակվել կարծիքներով։ Գրական երեկոն ամփոփվել է հեղինակի սրտի խոսքով։

Կարինե ԲԱԽՇԻՅԱՆ

Ահա այսպես Ստեփանակերտի փոքրիկ ծաղկի խանութը վերածվում միջազգային ցանցի

Մենք մեկ տարի առաջ գրել էինք Սոֆիա Մելքումյանի մասին, ով Արցախում ծաղկի խանութների ցանցի սեփականատեր էր։ Արցախից տեղահանումից որոշ ժամանակ անց նա վերաբացեց իր բիզնեսը Հայաստանում։ Այսպիսով, այս տարվա հունվարին բոլոր արցախցիների կողմից սիրված Фанфан-Тюльпан ծաղկի խանութը վերաբացեց իր դռները, Երևանում։

Step1.am-ի հետ հարցազրույցում Սոֆիան խոսել է Արցախից բռնի տեղահանվելուց հետո իր գործունեության մասին և կիսվել հաջողություններով։

«Արցախից տեղահանվելուց որոշ ժամանակ անց ես որոշեցի ժամանակավորապես վերաբացել իմ բիզնեսը Երևանում։ Չնայած բոլոր դժվարություններին՝ ես կարողացա իրականացնել իմ երազանքը և վերաբացել սիրված արցախյան խանութը՝ Фанфан-тюльпан-ը»։

Այս տարի ես բախտ ունեցա մասնակցելու Համազգային վստահության խորհրդի կողմից կազմակերպվող «Տարվա հայուհի» ամենամյա մրցանակաբաշխությանը։ Մրցույթի նպատակն է ընդգծել հայ կանանց կարևոր դերը ժամանակակից արդյունաբերության տարբեր ոլորտներում՝ ընդգծելով նրանց գեղեցկությունը, արժանապատվությունը և նպատակասլացությունը։

«Տարվա հայուհի» մրցույթին մասնակցելը ինձ եզակի հնարավորություններ տվեց՝ տեղեկատվական աջակցություն, ապրանքանիշի ճանաչելիության բարձրացում, մասնագիտական ​​ցանցի ընդլայնում, ինչպես նաև բիզնեսի և կարիերայի զարգացման մոտիվացիա և ոգեշնչում։

Ես միջոցառմանը ներկայացա դստերս հետ արցախյան տարազներով, ինչը գրավեց բոլորի ուշադրությունը և մրցույթին հաղորդեց հատուկ ջերմ մթնոլորտ։

Բոլորը զարմացած էին, թե ինչպես կարող էր շրջափակումն ու սարսափելի փորձությունները վերապրած մեկը շարունակել զարգանալ և հասնել նոր բարձունքների։

Այսօր Фанфан-тюльпан-ը արագ զարգանում է։ Մրցույթին մասնակցելուց հետո մենք ձեռք բերեցինք նշանակալի գործընկերներ ինչպես Հայաստանում, այնպես էլ արտերկրում։ Մենք դարձանք «Նուռ» և «Շանթ» հեռուստաալիքների ծաղիկների մատակարարը։ Համագործակցում ենք տարբեր խոշոր ընկերությունների հետ՝ նրանց մատակարարելով շքեղ, թարմ ծաղիկներ։ Մենք պատվերներ ենք ստանում աշխարհի տարբեր ծայրերից՝ Գերմանիայից, Ֆրանսիայից, Ռուսաստանից և այլուր։

Շուտով նախատեսում ենք ընդլայնել մեր բիզնեսը և բացել նոր մասնաճյուղեր, այդ թվում՝ Ռուսաստանում։

Ահա այսպես Ստեփանակերտի փոքրիկ ծաղկի խանութը աստիճանաբար վերափոխվում է միջազգային խանութների ցանցի։

Ես կցանկանայի շնորհակալություն հայտնել Աստղիկ Խաչատրյանի գլխավորած Համազգային վստահության խորհրդին (ԱԱՀ) համագործակցության, ջերմ ընդունելության և վստահության համար։ Մեր նոր գործընկերների հետ միասին մենք շարունակում ենք ճանապարհը մեծ վճռականությամբ և նվիրվածությամբ։

Արսեն Աղաջանյան

ժենգյալով հացի բույրով ապրող արցախցի կին. գորիսյան պատմություն

Գորիսի հրապարակին կից, փոքրիկ նեղլիկ սենյակում, որտեղ հազիվ երկու հոգի կարող են կանգնել կողք կողքի, ամեն օր բուրում է ժենգյալով հացի հոտը։ Այդ հոտը դարձել է ոչ միայն քաղաքի անցորդների, այլեւ տեղահանված արցախցիների հիշողությունների ու կարոտի խորհրդանիշ։

Սենյակի տիրուհին՝ մոտ վաթսուն տարեկան կին է, Գորիսում արդեն հայտնի է որպես «Երջանիկ տոտա»։

«Հայրենիք կորցրած մարդը երջանիկ չի կարող համարվել», — ասում է նա։ «Լավն այն է, որ գոնե մարդկային կորուստ չունեցա»։

Ակնաղբյուրից մինչեւ Գորիս

Ակնաղբյուր գյուղից է տիկին Երջանիկը, որտեղ երկար տարիներ՝ 1988-ից մինչեւ 2020-ը, աշխատել է համայնքի քարտուղար։ Մարտունու շրջանի Սոս գյուղից են արմատները։ Հայրենականի տարիներին, երբ պապիկը մահացավ, սեւ թուղթը եկավ, եւ ընտանիքը վերադարձավ գյուղ։

2020-ի պատերազմից հետո, երբ Ակնաղբյուրը հանձնվեց, վերջին օրերին ընտանիքը ստիպված եղավ լքել տունը։ 2023-ի սեպտեմբերի 30-ի գիշերը երկրորդ անգամ ստիպված տեղահանվեցին։

Վրաններում մնացին Գորիսում, բայց քաղաքում տեղ չկար։ Հետո տեղափոխվեցին Շիրակ՝ Մարալիկի հիվանդանոցի շենք, որտեղ ամեն օր ասում էին՝ «դուրս եկեք»։ Վերջապես տղան գտավ մի փոքրիկ տեղ Գորիսի հյուրանոցներից մեկում։

«Այստեղ մեզ ավելի լավ դիմավորեցին, քան նույնիսկ Ստեփանակերտում», — հիշում է նա։

Աշխատանքը՝ որպես փրկություն

Երեք-չորս օր միայն անգործ մնաց։ Հետո սկսեց թխել ժենգյալով հաց։

«Մեր խոցը համար թխում էի ժենգյալով հաց, իսկ այստեղ հասկացա, որ առանց աշխատանքի հնարավոր չէ ապրել։ Աշխատանքը փրկություն է», — ասում է տիկին Երջանիկը։

Նա թխում է ամեն օր՝ անձրեւին, քամուն, առանց դադարի։

Գորիսի հրապարակին կից այդ նեղլիկ սենյակը դարձել է հանդիպման վայր։ Արցախցիները գալիս են ոչ միայն ժենգյալով հաց գնելու, այլեւ իրենց բարբառով խոսելու, կարոտը կիսելու։

«Աշխատանքը ինձ ուժ է տալիս։ Եթե չաշխատես, չես կարող ապրել», — վստահ է նա։

Երջանիկ անունը, բայց ոչ երջանիկ ճակատագիրը

Գորիսում նրան արդեն ճանաչում են որպես «Երջանիկ տոտա»։ Բայց ինքն իրեն երջանիկ չի համարում։ Երկու անգամ տեղահանվածի ճակատագիրը ծանր է։ «Արցախի կարոտը միշտ ինձ հետ է։ Գորիսից ուզում եմ մոտ լինել Արցախին, որ գոնե հոգով այնտեղ լինեմ», — ասում է նա։

Թոռների տատիկը ժպտում է հաճախորդներին, բայց ներսում միշտ կա կարոտի ու ցավի խառնուրդ։

Նրա թխած հացը դարձել է ոչ միայն սնունդ, այլեւ հիշողություն՝ հայրենի գյուղերի, կորցրած տան, եւ այն կյանքի, որին միշտ ուզում է մոտ լինել։

Տիկին Երջանիկը աշխատանքով պայքարող, արարող կնոջ ուժն է․նա, որ երկու անգամ կորցրել է տունը, բայց չի կորցրել աշխատելու կամքը։ Նրա փոքրիկ սենյակը Գորիսի հրապարակում դարձել է Արցախի բույրի ու հիշողության անկյուն։

Մարիամ Սարգսյան

Ուկրաինան զգալի վնաս է հասցնում Ռուսաստանի ռազմավարական օբյեկտներին

Ուկրաինայի հարձակումները ցույց են տալիս Ռուսաստանի հիմնական ենթակառուցվածքների վրա ճշգրիտ հարվածներ հասցնելու ռազմավարության շարունակությունը՝ նպատակ ունենալով սահմանափակել Ուկրաինայի դեմ պատերազմելու նրա կարողությունը: Ուկրաինայի հարձակումները նպատակ ունեն ոչնչացնել Ռուսաստանի նավթավերամշակման գործարանները, պահեստները և խողովակաշարերը։

Ըստ ուկրաինական լրատվամիջոցների՝ Ուկրաինան ուրբաթ երեկոյան խոշոր հարված է հասցրել Նովոռոսիյսկի մոտակայքում գտնվող ռուսական նավթային ենթակառուցվածքներին՝ ժամանակավորապես կաթվածահար անելով նավթի արտահանումը երկրի հիմնական նավահանգիստներից մեկով: Reuters-ի կողմից մեջբերված աղբյուրների համաձայն՝ մատակարարումները լիովին դադարեցվել են։

Վոլգա գետի վրա գտնվող Սարատովի նավթավերամշակման գործարանը նոյեմբերի 11-ին դադարեցրել է գործունեությունը ուկրաինական անօդաչու թռչող սարքերի մի շարք հարվածներից հետո: Այս մասին հայտնել է Reuters-ը՝ հղում անելով տեղեկացված աղբյուրներին: Ուկրաինական զինվորականները նախկինում հայտնել էին Սարատովի նավթավերամշակման գործարանի վրա հարվածների մասին: Հարձակումների արդյունքում պայթյուններ և խոշոր հրդեհ է տեղի ունեցել նավթավերամշակման գործարանի տարածքում: Գործարանը կրկին հարված է ստացել երեկ երեկոյան։

Նոյեմբերի 14-ի ուշ երեկոյան Վորոնեժում հզոր պայթյուն է տեղի ունեցել Քիմիական ավտոմատացման նախագծման բյուրոյի մոտ, որտեղ գտնվում է ռուսական հրթիռային համալիրը: Հրդեհը տեսանելի էր քաղաքի տարբեր մասերից, և բնակիչները հայտնել են ուժեղ պայթյունի և արդյունաբերական գոտու վերևում խիտ ծխի մասին:

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն «շատ շուտով» միջուկային փորձարկումներ կանցկացնի

Միացյալ Նահանգները միջուկային փորձարկումներ կանցկացնի այնպես, ինչպես մյուս երկրներն են անում։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը այս մասին հայտարարեց ուրբաթ՝ նոյեմբերի 14-ին՝ Ֆլորիդա մեկնող Air Force One ինքնաթիռում լրագրողների հետ զրույցում։ Սակայն, ըստ Reuters-ի, Սպիտակ տան ղեկավարը չի մանրամասնել, թե արդյոք այդ փորձարկումները կներառեն միջուկային մարտագլխիկների պայթեցում։

Լրատվամիջոցների ներկայացուցիչների հարցին, թե որքան շուտ ԱՄՆ-ն միջուկային փորձարկումներ կանցկացնի, Թրամփը պատասխանել է. «Շատ շուտով»։ Հանրապետականը շեշտել է Ռուսաստանի և Չինաստանի հետ միջուկային զինաթափման հարցով հանդիպելու իր ցանկությունը՝ միջուկային զինաթափումը անվանելով զենքի վերահսկողության լավագույն լուծումը։ Թրամփի խոսքով՝ Ռուսաստանը և Չինաստանը կարող են հասնել Միացյալ Նահանգներին միջուկային զինանոցների առումով չորսից հինգ տարվա ընթացքում։

Բաքուն դժվար թե բծախնդիր լինի. Ստեփանակերտում “վերանորոգված” տները կվաճառվեն որպես նորակառույցներ

Բաքվի լրատվամիջոցները հաղորդել են Ստեփանակերտում բնակարանների վաճառքի մեկնարկի մասին: Խոսքը ինչ-որ նոր բարձրահարկ շենքերում բնակարանների մասին է։

Հայերի սեփականության վիճակի մասին Արցախում կարելի է դատել միայն ադրբեջանցիների կողմից տարածվող սահմանափակ տեսանյութերով, որոնք հաճախ տարածվում են հայկական նիկերի ներքո: Շատ արցախցիներ արդեն գիտեն, որ այլևս տուն չունեն, քանի որ Բաքուն հիմնովին ավերել է Ստեփանակերտի կենտրոնական թաղամասերի մի մասը և ամբողջ գյուղեր: Սակայն դա չի թուլացրել նրանց վճռականությունը՝ վերադառնալ հայկական Արցախ, այցելել հարազատների գերեզմանները, օրհնություն ստանալ և նոր տներ կառուցել։

Միևնույն ժամանակ, Հայաստանի իշխանությունները, որոնք մտել են «խաղաղության համաձայնագրի» կնքման գործընթաց Ադրբեջանի հետ, խուսափում են արցախցիների իրավունքների, այդ թվում՝ սեփականության իրավունքի ցանկացած քննարկումից կամ պաշտպանությունից: Սա չնայած այն հանգամանքին, որ Հայաստանը Արցախի իրավունքների և անվտանգության երաշխավորն է, ինչն ամրագրված է նույնիսկ ներկայիս կառավարության ծրագրում։

Մինչև 2023 թվականը Արցախի պետական ​​կադաստրը և պետական ​​ռեգիստրը գույքի կամ իրավաբանական անձանց գրանցման վերաբերյալ բոլոր որոշումները ուղարկում էին Երևան՝ «հաստատման»: Միայն Երևանի «պատասխանից» հետո է արցախցիներին տրամադրվել գրանցման վկայական։

2023 թվականի սեպտեմբերից ի վեր պաշտոնական Երևանը ձևացնում է, թե արցախցիները ոչմի սեփականություն էլ չեն ունեցել, և որ Հայաստանը որևէ կապ չունի նրանց սեփականության հետ։ Հայաստանի կառավարությունը այս «մոռացկոտությունը» բացատրում է նրանով, որ Հայաստանի կողմից ցանկացած պահանջ կհանգեցնի նմանատիպ պահանջների Ադրբեջանի կողմից, օրինակ՝ Սյունիքի կամ Գեղարքունիքի դեմ։

Իհարկե, բոլորի համար ակնհայտ է, որ զուգահեռները տեղին չեն, բայց օկուպացիայից և ցեղասպանության սպառնալիքի տակ տեղահանությունից ավելի քան երկու տարի անց արցախցիները չեն կարողանում ստանալ պարզ հարցերի պատասխաններ. Երևանում ճանաչվո՞ւմ են արդյոք Ստեփանակերտում 32 տարի շարունակ տրված փաստաթղթերը՝ անձնագրեր, սեփականության վկայականներ, դիպլոմներ, ծննդյան, ամուսնության և մահվան վկայականներ։ Եվ եթե ծննդյան և մահվան վկայականները ճանաչվում են, ապա ինչո՞ւ չեն ճանաչվում սեփականության վկայականները և անձնագրերը։

Բոլոր փաստաթղթերը տրվել են Արցախում, բայց համարվում էին վավերական Երևանում։ Դրանք ոչնչով չէին տարբերվում Գավառում կամ Գորիսում տրված փաստաթղթերից, նույնիսկ արտաքին տեսքով։

Հայկական բանկերը, որոնք երաշխավորված են ՀՀ Կենտրոնական բանկի կողմից և ունեին մասնաճյուղեր Արցախում, որպես գրավ վերցնում էին Արցախում անշարժ գույքը և տրամադրում վարկեր, այդ թվում՝ հիփոթեքային։ Այլ կերպ ասած, մարդկանց անշարժ գույքի իրավունքները լիովին ճանաչվում էին։

Այսպիսով, ի՞նչ փոխվեց 2023 թվականի սեպտեմբերից հետո։ Այո՛, մարդիկ կորցրեցին իրենց սեփականությունը իրենցից չկախված հանգամանքների պատճառով, բայց արդյո՞ք սա ազդում է նրանց իրավունքների ճանաչման վրա։

ՀՀ կառավարությունը չի ուզում ճանաչել այդ իրավունքները, քանի որ դա կնշանակեր երաշխավորի պատասխանատվություն և այդ իրավունքների համար պայքար, ինչին կառավարությունը պատրաստ չէ։ Ավելին, վարչապետը նման խոսակցությունները վտանգավոր է անվանում։

Իհարկե, միջազգային դատարաններում որոշ դատական ​​գործընթացներ են սկսվում՝ արցախցիների սեփականության իրավունքները պաշտպանելու համար, սակայն Երևանի պաշտոնական քաղաքականությունը ոչ միայն չի խթանում այդ իրավունքները, այլև խոչընդոտում է դրանց ճանաչմանը։

Երևանը հրաժարվում է 1991-2023 թվականներին ձեռք բերված Արցախի ժողովրդի իրավունքների երաշխիքից։ Արցախցիներին զրկում են 070 կոդով կապույտ անձնագրերից, ստիպելով  հրաժարվել ՀՀ քաղաքացիությունից՝ այն վերականգնելու համար։ Միևնույն ժամանակ, 070 անձնագրեր ունեցող շատ մարդիկ մինչև 2023 թվականը ունեցել են ՀՀ քաղաքացիություն (ավտոմատ կերպով տրամադրվել է նրանց գրանցման վայրում). մյուսները, ընդհակառակը, չեն ծնվել Արցախում, բայց ունեն 070 կոդով անձնագրեր։

Իրավական խառնաշփոթը, որը պահպանել են ՀՀ և ԱՀ իշխանությունները 30 տարի, բխում էր այն փաստից, որ այդ իշխանությունները այս բոլոր տարիների ընթացքում երբեք չեն փորձել իրականացնել ՀՀ Սահմանադրությամբ ամրագրված Հայաստանի և Արցախի վերամիավորման մասին 1989 թվականի որոշումը։ Այս որոշումը լիովին ուժի մեջ էր «գետնի վրա», այդ թվում՝ իրավունքների ճանաչման առումով, բայց պաշտոնապես փորձել են մոռանալ դրա մասին։ Հատկապես, որ Արցախում միշտ եղել են անկախության թատրոնի երկրպագուներ։

Այս խառնաշփոթը հանգեցրեց նրան, որ արցախցիները, հայտնվելով Հայաստանում, հանկարծ հայտնաբերեցին, որ ապրել են իրենց արյունով ազատագրված երկրում «անօրինական», «ոչ իսկական»։ Նրանք ունեին հայկական անձնագիր, բայց այն վավեր չէր. նրանք ունեին սեփականության վկայական, բայց ոչ ոք այն չէր երաշխավորում։

Մոտ մեկ տարի առաջ Ալիևն ասաց, որ եթե Արցախում գույքի սեփականատերերը չհայտնվեն, այն կազգայնացվի։ Այդ ժամանակվանից ի վեր Ստեփանակերտի որոշ հատվածներ և մի քանի գյուղեր ամբողջությամբ ավերվել են։ Մնացածը “վերակառուցվում” է և կարող է որպես նոր բնակարաններ վաճառվել ցանկացողներին։ Համացանցում արդեն կան Ստեփանակերտի Վազգեն Սարգսյան պողոտայի լուսանկարներ, որտեղ շենքերի ճակատային մասերը պարզապես անճանաչելի են։

Իրավաբանները չեն կարող վերջնական լուծումներ առաջարկել դրա դեմ պայքարելու համար։ Ոմանք ասում են, որ պետք է դատական ​​​​հայցեր ներկայացնել միջազգային դատարաններ՝ գոնե փոխհատուցում ստանալու համար։ Մյուսները խորհուրդ են տալիս սպասել՝ սեփականության իրավունքը պահպանելու համար։ Իշխանությունները միանշանակ են, ․ վերադարձ չի լինի և խորհուրդ են տալիս ինտեգրվել Հայաստանում։

Թուրքիան դեռևս չի լուծել 1915 թվականին ցեղասպանություն վերապրած հայերի ունեցվածքի հարցը։ Լոզանի պայմանագրի համաձայն՝ Թուրքիան, որը ազգայնացրել է հայկական ունեցվածքը, իրավունք չունի վաճառել կամ փոխանցել այդ ունեցվածքը ուրիշներին։ Թուրքիայի կողմից այս կանոնը խախտելու ցանկացած փորձ հանդիպում է հայկական սփյուռքի և Հայ Առաքելական եկեղեցու դիմադրությանը։

Բաքուն, հավանաբար, այդքան բծախնդիր չի լինի, հատկապես որ դիմադրություն էլ չի լինի։ Մի օր բոլորը կիմանան, որ Ալիևի հրամանագրով ազգայնացվել է Արցախում գտնվող ողջ մասնավոր ունեցվածքը, և այն այժմ նոր սեփականատերեր ունի։ Իսկ Արցախի ժողովուրդը «կամավոր» է հրաժարվել իր իրավունքներից։

Բաքուն բողոքում է. Ռուսաստանը հարվածել է Կիևում Ադրբեջանի դեսպանատանը

Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը կանչել է Ռուսաստանի դեսպան Միխայիլ Եվդոկիմովին՝ Կիևում Ադրբեջանի դեսպանատանը հասցված վնասի կապակցությամբ, հաղորդում է նախարարության մամուլի ծառայությունը։

«Հանդիպման ընթացքում կտրուկ բողոք է արտահայտվել նոյեմբերի 14-ին, մոտավորապես ժամը 1:00-ին, Ուկրաինայի մայրաքաղաք Կիևի վրա հրթիռային և անօդաչու թռչող սարքերի հարձակման հետևանքով Ադրբեջանի դեսպանատան տարածքի վրա «Իսկանդեր» հրթիռի արձակման կապակցությամբ, և նրան համապատասխան նոտա է ներկայացվել», – ասվում է հայտարարության մեջ։

Պայթյունի հետևանքով ոչնչացվել է դեսպանատան պարագծի մի մասը, վնասվել են շենքերը, ծառայողական մեքենաները, վարչական շենքը և դեսպանատան հյուպատոսական հատվածը, ինչպես նաև լուրջ վնաս է հասցվել դեսպանատան համալիրին, հայտնել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։ Զոհեր չկան։

Բաքուն 2022 թվականի ապրիլին Մոսկվա է փոխանցել Ուկրաինայում իր դիվանագիտական ​​առաքելությունների կոորդինատները, որից հետո ռուսական կողմը խոստացել է հաշվի առնել այդ տվյալները, նշել է նախարարությունը։ «Հանդիպման ընթացքում ընդգծվեց, որ մեր դիվանագիտական ​​ներկայացուցչությունների վրա նման հարձակումները անընդունելի են, և ռուսական կողմին խնդրվեց համապատասխան հետաքննություն անցկացնել այդ հարցի վերաբերյալ և մանրամասն բացատրություն տալ», – հավելեց Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը։

Արվեստ ու հավատարմություն․ Արթուրն ու Գայլուկը՝ գորիսյան պատմություն

Արթուրը միշտ էլ Արցախում ապրելու ցանկություն ուներ։ 2016-ին, կրթությունն ավարտելուց հետո, թողեց Երեւանը եւ գնաց Ստեփանակերտ։ Հետո տեղափոխվեց պապական գյուղ՝ Նախիջեւանիկ, որտեղ սկսեց աշխատել որպես նկարչության ուսուցիչ։

Գյուղում նկարում էր, ստեղծում, եւ այդ ստեղծագործությունները խոսում էին հույզերի, պայքարի ու մարդկային փոխհարաբերությունների մասին։ Նրա ձեռքերից ծնված բրուտագործական ծաղկամաններն ու զանգերը յուրաքանչյուրը իր պատմությունն ունի։

Արթուրը հավատում է, որ բոլոր ժամանակներում շարժիչ ուժը արվեստագետներն են․ նրանք են, որ գաղափարները դարձնում են իրականություն։ Արցախում ապրող մարդը չէր կարող չտպավորվել․ բնությունը, մարդկային հարաբերությունները, գյուղի կյանքը նրան ձեւավորեցին։

«Եթե չես արարում, գյուղում չես կարող մնալ։ Մարդը պիտի անընդհատ գործի, հակառակ դեպքում կկործանվի», — ասում է նա։

Պատերազմի ստվերները

Արթուրը տեսել է խաղաղություն եւ պատերազմ։ Վերջին օրերին Ստեփանակերտում մոր ու շան՝ Գայլուկի հետ էր։

«Չէի հասկանում, թե ինչու պիտի դուրս գանք։ Մայրս նեղվում էր՝ բոլորը գնում են, բա մենք…»։ Գայլուկը՝ խելացի շունը, որ տասը տարի Արթուրի կողքին էր Արցախում, վերջին պահին ճանկռեց դարպասներն ու դուրս եկավ, որ նրանց հետ լինի։

«Մտքում հրաժեշտ էի տալիս, բայց մի քանի րոպե անց Գայլուկը հասավ մեզ։ Հիմա նա էլ մեզ հետ տեղահանվել է», — պատմում է Արթուրը։

Այս պատմությունը նրա համար ոչ միայն կորուստի, այլեւ հավատարմության խորհրդանիշ դարձավ։

Գորիսում, բայց մտքով Արցախում

Այսօր Արթուրը ապրում է Գորիսի հյուրանոցներից մեկում։ Շատ է կարոտում այգին ու հողը։

«Արցախցիներն ու գորիսեցիները շատ են իրար նման՝ մտածելակերպով, բարբառով, նույնիսկ կենդանիների ու քաղաքի հանդեպ վերաբերմունքով։ Գորիսում մնալով մեծ կապ եմ զգում Արցախի հետ», — ասում է նա։

Նրա համար Արցախը միայն տարածք չէ․ դա գերեզմաններն են, արտերը, հողերը, որոնք սնուցում էին։ «Մտովի շատ եմ լինում այնտեղ», — խոստովանում է Արթուրը։

Արվեստը՝ որպես ուղերձ

Արթուրի գործերը միասնության, հավատի ու պայքարի խորհրդանիշներ են։ Նրա երազանքն է՝ միասնաբար հասնել նրան, որ Գորիսին մոտ կրկին բացվեն Արցախի դռները։

«Երբ կորցնում ենք, նոր ենք հասկանում ունեցածի արժեքը։ Ուզում եմ, որ բոլորը հասկանան իրենց ունեցածի արժեքը», — ասում է նա։

Այս կերպ Արթուրի պատմությունը դառնում է ոչ միայն անձնական կենսագրություն, այլեւ խորհրդանշական ուղերձ՝ արվեստի, պայքարի եւ հայրենի հողի արժեքի մասին։

Մարիամ Սարգսյան

Taia Toys․ Հաճույք էի ստանում, երբ փոքրիկները խանդավառվում էին նվերներից

Մարինա Իսրայելյանն Արցախի Ստեփանակերտ քաղաքից է։ Չորս երեխաների մայր է։ Ձեռագործությամբ զբաղվում էր դեռևս Արցախում։ Մանկուց էր նրա մեջ շնորհք նկատվում դեպի ձեռքի աշխատանքները։ Երևակայությունը միշտ վառ էր, իսկ գեղեցիկ իրեր ստեղծելու ցանկությունը՝ մշտարթուն։

Տեղահանությունից հետո բազմազավակ մայրը որոշեց իր հոբբին վերածել եկամտի աղբյուրի։

-2023 թվականին Արցախից տեղահանվելուց հետո իմ մեջ մտահղացում առաջացավ օգտագործել շնորհքս ու փորձել առաջին քայլերն անել բիզնեսում։ Սկսեցի գործել ձեռագործ խաղալիքներ ու հանել վաճառքի։ Միշտ էլ սիրել եմ գործել ու ուրախություն պատճառել մարդկանց։ Արցախում ևս խաղալիքներ էի գործում, բայց միայն նվիրելու համար։ Հաճույք էի ստանում, երբ փոքրիկները խանդավառվում էին նվերներից ու դրական արձագանքում։

Ընտանիքիս հոգսերը փոքր-ինչ թեթևացնելու համար մտածեցի, որ ես ևս կարող եմ եկամուտ բերել, ու հենց դա էր պատճառը, որ ստեղծեցի իմ <<Taia Toys>> բրենդը։

Իհարկե, արդեն ավելի մեծ պատասխանատվությամբ սկսեցի աշխատել։ Փորձում եմ այնպես անել, որ պատվիրատուներս գոհ մնան իմ խաղալիքներից, ու դա ինձ մոտ ստացվում է։ Յուրաքանչյուր պատվերի անհատական մոտեցում եմ ցուցաբերում, խորհրդակցում պատվիրատուների հետ, լսում նրանց կարծքիները, տեղեկանում նրանց ճաշակի մասին։

Այն փաստը, որ իմ ձեռագործ աշխատանքները սիրված են ու պահանջարկ ունեն, ինձ ոգեշնչում է, պարտադրում  գործել նոր եռանդով ու ստեղծել նոր գործեր։ Վաճառքն իրականացնում եմ օնլայն եղանակով, առաքումը՝ փոստային։ Իմ խաղալիքները բացարձակապես հակաալերգիկ են, անվտանգ, քանի որ օգտագործում եմ միայն որակյալ նյութեր։

Կարինե Բաշխիյան