Փաշինյանը խումբ է ձևավորում նոր կաթողիկոս ընտրելու համար

Նիկոլ Փաշինյանը սոցցանցի իր էջերում գրառում է արել՝ դիմելով Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու հավատավոր հետևորդներին։ Նա, մասնավորապես, գրել է․

«Որպես Ձեզնից մեկը դիմում եմ Ձեզ․ մեզ անհրաժեշտ է գործուն քայլեր ձեռնարկել Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի Վեհարանը ազատելու և Կաթողիկոսական նոր ընտրություններ կազմակերպելու ուղղությամբ։

Այս փուլում պիտի ստեղծենք Համակարգող խումբ, վերը նշված օրակարգի կազմակերպչական հարցերը կարգավորելու համար։ Համակարգող խմբի անդամ կարող են դառնալ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու այն հետևորդները, ովքեր․

ա) իրենց ամբողջ հոգով հավատում են մեր կենդանի Տիրոջը՝ Հիսուս Քրիստոսին;

բ) գոնե մեկ անգամ սկզբից մինչև վերջ կարդացել են Աստվածաշունչը;

գ) վերջին հինգ տարում գոնե մեկ անգամ պահել են Մեծ պահքը;

դ) ամեն օր աղոթում են;

ե) հավատում են, որ Մայր Աթոռի նորոգման օրակարգը բխում է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու, մեր ժողովրդի, մեր պետության շահերից և համապատասխան է մեր նախնիների սուրբ ավանդին։

Համակարգող խմբի անդամ կարող են լինել թե տղամարդիկ, թե կանայք, թե աշխարհիկ մարդիկ, թե հոգևորականներ։ Կուսակրոն հոգևորականների դեպքում պարտադիր է, որ նրանք խախտած չլինեն կուսակրոնության ուխտը։

Համակարգող խմբի առաջին 10 անդամների ընտրության պատասխանատվությունը կվերցնեմ ինձ վրա՝ վերը նշված չափանիշների շուրջ ունեցած զրույցների գնահատմամբ։ Հետագայում Խումբը ինքը կորոշի ընդլայնման ընթացակարգերը, իր կառուցվածքը և այլ հնարավոր հարցեր։

Հասկանում եմ, որ Համակարգող խմբի անդամության վերը նշված չափանիշների մեծ մասը օբյեկտիվորեն հնարավոր չէ ստուգել, բայց շփումներում, զրույցներում Աստծո օգնությամբ հնարավոր է պարզել, հնարավոր է տեսնել հոգու աչքերով։

Վերը նշված չափանիշներին համապատասխանելու պարագայում, խնդրում եմ Համակարգող խմբի կազմում ընդգրկվելու համար Ձեր անուն–ազգանունը, հեռախոսի համարը ուղարկել [email protected] էլ․ փոստի հասցեին, Subject տողում գրելով՝ Համակարգող խումբ։

Խնդրում եմ կարճ գրել նաև Ձեր մասնագիտության եւ/կամ զբաղմունքի մասին։ Համակարգող խմբի ձևավորումը տեղի կունենա աշխատանքային կարգով, մինչև Խումբը ինքը կորոշի հայտարարել իր մասին։

Մեր այս գործունեության ընթացքում գայթակղության բազմաթիվ խոսքեր են հնչելու, մեզ մեղադրելու են ամենատարբեր մեղքերում։ Այդ ամենին նայեք Ձեր հոգու աչքերով, լսեք մեր կենդանի Տիրոջ՝ Հիսուս Քրիստոսի ձայնը և առաջնորդվեք ըստ այդմ»։

Եվրոպան պատրաստվում է Ռուսաստանի դեմ պատերազմի

Վերջին ամիսներին Գերմանիայի ռազմական բազաները, նավահանգիստները և արդյունաբերական օբյեկտները գրանցում են կասկածելի անօդաչու թռչող սարքեր, որոնք կարող են արձակվել ռուսական հետախուզական ծառայությունների կողմից: Այնուամենայնիվ, պաշտոնական հակազդեցությունները մնում են սահմանափակ: Միևնույն ժամանակ, Ռուսաստանի Դաշնության կողմից ուղղակի ռազմական ագրեսիայի դեպքում Գերմանիայի համար հիմնական սպառնալիքը կլինի ռուսների կողմից տարբեր տեսակի հրթիռների կիրառումը՝ թևավոր հրթիռներից մինչև հիպերձայնային հրթիռներ, գրում է Neue Zürcher Zeitung-ը:

Հիշեցնենք, որ վերջերս Լեհաստանի ՀՕՊ-ն բերվել է լիակատար մարտական ​​պատրաստության՝ Ռուսաստանի կողմից հարձակման սպասման համար: Վերլուծաբանները չեն բացառել, որ հարվածը կարող էր լինել միջուկային:

Այլ երկրներ նույնպես պատրաստվում են. ՆԱՏՕ-ն արդեն խոսում է պաշտպանության համար ՀՆԱ-ի 5%-ը հատկացնելու անհրաժեշտության մասին, ինչը աննախադեպ գումար է:

Ամերիկյան ռազմական հետախուզության տվյալներով՝ Ռուսաստանն ունի ավելի քան 350 միջմայրցամաքային բալիստիկ հրթիռ, որոնցից յուրաքանչյուրը կարող է կրել մինչև տասը միջուկային մարտագլխիկ՝ 800 կիլոտոննա հզորությամբ: Համեմատության համար՝ Հիրոսիմայի վրա նետված ռումբի պայթուցիկ հզորությունը կազմել է 15 կիլոտոննա:

Էրդողանը իրեն վա՞տ է զգում

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը լավ առողջական վիճակում է և շարունակում է իրականացնել իր սահմանադրական լիազորություններն ու պարտականությունները որպես Թուրքիայի Հանրապետության ղեկավար, ասվում է Թուրքիայի նախագահական հաղորդակցության վարչության դեզինֆորմացիայի դեմ պայքարի կենտրոնի հայտարարության մեջ։

Թուրքական YouTube ալիքներից մեկը հայտարարություններ է արել Էրդողանի ենթադրաբար վատ առողջական վիճակի մասին։

«Պարոն նախագահի հետ հանդիպող պետությունների ղեկավարները, քաղաքական գործիչները և այլ պաշտոնյաներ գիտեն, թե որքան լավ է նա հասկանում հարցերը, որքան ուժեղ է նրա հիշողությունը և որքան անսասան է իր որոշումներում», – ասվում է հայտարարության մեջ։

Արցախից հետո դեպի Էջմիածնի ազատագրում․ ձեւավորվում է խումբ

Պետք է ձեւավորվի հայ առաքելական եկեղեցու հավատավորների կողմից ինչ որ խումբ, որը կազատի վեհարանը սրբապղծությունից։ Այս մասին Հանրայինի եթերում հայտարարել է ՔՊ–ական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Նոր հոգեւոր առաջնորդ պետք է ընտրվի։ Չեմ բացառում, որ վարչապետը՝ որպես հայ առաքելական եկեղեցու հավատավոր հետեւորդ, կաջակցի կամ ինչ որ ձեւով կմասնակցի այդ գործընթացին»,– ասել է պատգամավորը։

Լուսանկարը արխիվից

ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախ չգնալու համար իրոք արժանի է շքանշանի

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր քարտուղար Օդրի Ազուլեի հետ։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ԱԳՆ-ից:

Զրուցակիցները քննարկել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի շրջանակներում Հայաստանի ակտիվ ներգրավվածությանը, ճգնաժամային իրավիճակներում մշակութային ժառանգության պաշտպանության և տարբեր ծրագրերի իրականացմանը վերաբերող հարցեր։

Մտքեր են փոխանակվել ՅՈՒՆԵՍԿՕ-ի տարբեր մարմիններում աշխատանքների շուրջ։

Անդրադարձ է կատարվել ԼՂ-ից բռնի տեղահանված հայերին աջակցության ծրագրերին։

Նախարար Միրզոյանը Հայաստանի և ՅՈՒՆԵՍԿՕ-ի միջև համագործակցության ամրապնդման և զարգացման, մարդասիրական արժեքների պաշտպանության գործում ներդրած նշանակալի ավանդի համար Օդրի Ազուլեին փոխանցել է Բարեկամության շքանշան, որով ՅՈՒՆԵՍԿՕ գլխավոր քարտուղարը պարգևատրվել է ՀՀ նախագահի հրամանագրով։

ԽՍՀՄ փլուզումից հետո, հատկապես 2020-2023 թվականների պատերազմից հետո, ՅՈՒՆԵՍԿՕ-ն չի այցելել Արցախ՝ մշակութային և պատմական հուշարձանների վիճակը գնահատելու համար, չնայած, որ բազմաթիվ փաստեր են հրապարակել հուշարձանների ոչնչացման մասին:

2023 թվականի նոյեմբերին՝ Արցախի բնիկ բնակչության արտագաղթից հետո, Բաքվի կողմից անընդունելի պայմաններ առաջադրվելուց հետո ՅՈՒՆԵՍԿՕ-ն հրաժարվել է այցելել օկուպացված տարածաշրջան: Այցելությունը մինչ օրս տեղի չի ունեցել: Կարելի է ենթադրել, որ Բարեկամության շքանշանը տրվում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի՝ կողքից նայելու քաղաքականության համար։

Թեկուզ եթե այցելությունը պետք է լիներ նույնը, ինչ կատարել են ՄԱԿ ծառայությունները 2023-ի հոկտեմբերի 2-ին, և արձանագրեր, որ ամեն ինչ լավ է, ապա ՅՈՒՆԵՍԿՕ-ն Արցախ չգնալու համար իրոք արժանի է շքանշանի։

Օրտոդոքս հրեաները փորձել են մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տաճար

Օրտոդոքս հրեաների մի խումբ փորձել է առանց թույլտվության մտնել Երուսաղեմի հայկական թաղամասի փակ տարածք՝ Սուրբ Հակոբ տաճար։ Հայերը, զգուշանալով սադրանքներից, թույլ չեն տվել նրանց դա անել։ Այս մասին հայտնել է Հին քաղաքի հայկական թաղամասի փրկության շարժման ներկայացուցիչ Գեղամ Բալյանը։

Նրա խոսքով՝ միջադեպը տեղի է ունեցել հունիսի 8-ի առավոտյան։ Երբ օրտոդոքս հրեաների խմբին ասել են, որ սա եկեղեցական մասնավոր սեփականություն է, և մուտքն արգելված է, նրանք փորձել են բախում հրահրել, և նրանցից մեկը հայտարարել է, որ «սա իրենց երկիրն է, և նրանք իրավունք ունեն գնալ այնտեղ, որտեղ ուզում են»։

Դատախազը դիմել է ԱԺ–ին՝ թույլ տալու Սեյրան Օհանյանի և Արծվիկ Մինասյանի նկատմամբ քրեական հետապնդում հարուցել

Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը միջնորդագիր է ներկայացրել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանին՝ միջնորդելով խորհրդարանին, թույլ տալ ԱԺ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի և նույն խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանի նկատմամբ հանրային քրեական հետապնդում հարուցել:

«Հայաստան» խմբակցությունը կապահովի 28 ստորագրություններ՝ ԱԺ-ում իմպիչմենտ նախաձեռնելու համար

Yerkir.am-ը կարճ զրույց ունեցավ «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանի հետ վերջին օրերին տեղի ունեցող ներքաղաքական գործընթացների մասին։

Պարո՛ն Օհանյան, «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու մասին։ Ո՞րն է «Հայաստան» խմբակցության դիրքորոշումը։

Այո՛, մենք արձանագրում ենք, որ ՀՀԿ Գործադիր մարմնի կոչով «Պատիվ ունեմ» խմբակցությունը հայտարարել է Դավիթ Համբարձումյանի թեկնածությամբ իմպիչմենտի  գործընթաց նախաձեռնելու մասին՝ ստանձնելով գործընթացի քաղաքական պատասխանատվությունը:

«Հայաստան» խմբակցությունը, հավատարիմ մնալով ավելի վաղ արված հայտարարությանը, վերահաստատում է իր պատրաստակամությունը՝ ապահովել պակասող  28 պատգամավորի ստորագրությունները ողջամիտ ժամկետներում՝ ԱԺ-ում իմպիչմենտի գործընթաց նախաձեռնելու համար։ Այս հարցերի շուրջ «Պատիվ ունեմ» խմբակցության մեր գործընկերների հետ պատրաստ ենք հավելյալ քննարկման:

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորություններն ավարտված են

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի լիազորություններն այս պահին ավարտված են։ Այս մասին լրագրողներին ասաց Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը։

«Մոտ օրերս Արցախի Հանրապետության տեղեկատվական շտաբն այդ հարցի վերաբերյալ հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ Ես այժմ իմ լիազորություններից դուրս եմ համարում նրա վերընտրվելու կամ որեւէ հարցի շուրջ հրապարակային հայտարարություններ կատարել»,- ասաց նա։

Երիցյանը նաեւ ասաց, որ Հայաստանում վտարանդի կառավարություն գոյություն չունի, Սամվել Շահրամանյանը բացառապես շարունակում է պաշտպանել Արցախի Հանրապետության եւ Արցախի ժողովրդի շահերը՝ անկախ նրանից՝ դրանք ընդդիմադիր, թե իշխանական հայտարարություններ են։ Ըստ փաստաբանի՝ Շահրամանյանին դա չի հետաքրքրում, հետաքրքրում են բացառապես Արցախի ժողովրդի շահերը։

Ավելի վաղ step1.am-ը գրել էր, որ Արցախի Ազգային ժողովի խմբակցությունները սահմանված ժամկետում Արցախի նախագահի թեկնածու չեն առաջադրել, հետեւաբար, Արցախի նախագահ չի ընտրվել։ Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանի պաշտոնավաման ժամկետը լրացել է, եւ հիմա նախագահի պարտականությունները կատարում է Արցախի ԱԺ նախագահը։ Արցախի Հանրապետության ազգային ժողովի լիազորությունները մայիսի 21-ին ավարտվել էին։ Եվ մայիսի 21-ին Արցախի խորհրդարանն արտահերթ նիստ էր գումարել, որի ընթացքում ԱԺ նախագահ էր ընտրվել «Ազատ Հայրենիք» խմբակցության պատգամավոր Աշոտ Դանիելյանը: ԱԺ նախագահ ընտրելուց հետո խորհրդարանում ներկայացված խմբակցությունները 7-օրյա ժամկետում պետք է Արցախի նախագահի թեկնածու առաջադրեին, սակայն առաջադրում չի եղել։

Տեղեկություններ կան, որ ՀՀ իշխանությունների կողմից ճնշումներ են գործադրվել Արցախի ԱԺ պատգամնավորների վրա, որպեսզի թեկնածու չառաջադրեն։

Սամվել Շահրամանյանին հարցաքննում են Արցախում զենք հանձնելու գործով

Արցախի նախագահ Սամվել Շահրամանյանն այսօր առավոտվանից հարցաքննվել է Քննչական կոմիտեում։ Շահրամանյանի փաստաբան Ռոման Երիցյանը լրագրողներին ասաց, որ հարցաքննության ինտենսիվությունը պայմանավորված է այս գործի ծավալով։

«Արդեն հայտարարել ենք, թե ինչի վերաբերյալ է նախաձեռնված վարույթը, խոսքը վերաբերում է Արցախի Հանրապետությունը Ադրբեջանի ենթակայության տակ անցնելուն, առհասարակ սպառանիզնությունը Ադրբեջանին հանձնելու եւ այլ գործողություններին։ Բայց այնուամենայնիվ պետք է հասկանալ, որ 1-2 օր տեւողությամբ իրադարձություններն իրենցից ենթադրելու են բազմամյա կամ երկար տարիներով վարույթի տեւողություն։ Այսինքն՝ այս վարույթը տեւելու է բավականին երկար, եւ դեռեւս շատ մարդիկ են հարցաքննվելու, շատ գործողություններ են կատարվելու»,- ասաց Երիցյանը։

Հարցին, թե քաղաքական ենթատեքստ չի տեսնո՞ւմ այս գործում, փաստաբանը պատասխանեց․ «Այս պահի դրությամբ ես դեռեւս զրկված եմ այս վարույթին առհասարակ քաղաքական նշանակություն տալուց։ Ինչո՞ւ, որովհետեւ ինքս կարեւորում եմ այս վարույթի նշանակությունը եւ գտնում եմ, որ, այո, ՀՀ իրավասու մարմիններն այս ամենին պետք է արձագանքեին։ Ես այստեղ խնդիր եմ տեսնում միայն այն հարցում, որ Սամվել Շահրամանյանը սկսել է հարցաքննվել 2025 թվականին»։

Ռոման Երիցյանն ասաց, որ Սամվել Շահրամանյանն անպայման հանդես կգա համապատասխան հայտարարությամբ։ «Այն բոլոր տվյալները, որոնք մենք հայտնում ենք վարույթն իրականացնող մարմնին, դրանց մասին Արցախի Հանրապետության նախագահն արդեն իսկ հայտարարել է։ Մարդն ընդամենը ներկայացնում է այն, ինչ տեղի է ունեցել»,- ասաց նա։

Ռոման Երցիայնը նաեւ չբացառեց, որ Շահրամանյանին այս գործով կարող են մեղադրանք առաջադրել։ Նա ասաց, որ հայաստանյան իրավապահ համակարգի պայմաններում թե այս վարույթով, թե ընդհանրապես ոչնչից երաշխավորված չեն։ «Այս պահին դրությամբ Սամվել Շահրամանյանին մեղադրանք առաջադրելու հիմքեր քննիչը չունի։ Այս վարույթով Շահրամանյանն ունի վկայի կարգավիճակ»,- հավելեց նա։

Նա նշեց, որ Արցախը հանձնել են Հայաստանի իշխանությունները․ «Ցանկացած արցախցու համար, կարծում եմ՝ նաեւ ցանկացած հայ բնակչի համար ավելի քան ակնհայտ է, որ Արցախը հանձնվել է ՀՀ իշխանությունների դիտավորության, թե անփութության գործողություններով»։ «Այս վարույթի շրջանակներում ոչ թե ուզում են պարզել, թե ով է հանձնել Արցախը, այլ իրականացվում է նշածս հոդվածներով վարույթ, մասնավորապես, խոսքը վերաբերում է զինվորական անփութության եւ զենք-զինամթերք ու ռազմամթերք թշնամուն հանձնելուն»,- հավելեց փաստաբանը։

Սերգեյը հաղթանակը նվիրել է զոհված հոր հիշատակին

Հունիսի 8-ին Թբիլիսիում կայացած Kyokushin կարատեի միջազգային առաջնությանը մասնակցել է Հայաստանի հավաքականը, որի կազմում էին նաև արցախցի երեխաներ։

Բոլոր մասնակիցները դրսևորել են բարձր մակարդակի պատրաստվածություն, ունեցել փայլուն խաղեր ու գրանցել տպավորիչ արդյունքներ։

9 տարեկան արցախցի Սերգեյը զբաղեցրել է առաջին հորիզոնականը՝ իր հաղթանակը նվիրելով 2023-ի սեպտեմբերի 19-ի պատերազմում զոհված հերոս հոր՝ Ռաֆիկ Հարությունյանի հիշատակին։ Լեգենդար հորն արժանի զավակ լինելու համար նա պատրաստ է պայքարել, առաջ գնալ ու միշտ առաջնային տեղեր զբաղեցնել։

Մեր մարզիկների ձեռքբերումները վկայում են, որ կիոկուշին կարատեն Հայաստանում գտնվում է պատշաճ մակարդակի վրա ու մեր երեխաների նորանոր հաջողությունները դեռ առջևում են։

Նշենք, որ Արցախում ևս այդ սպորտաձևը գտնվում էր բարձր մակարդակի վրա։

Կարինե Բախշիյան

Փաշինյանական քրիստոնյաների «խաչակրաց արշավանքը» դեպի Էջմիածին

Նիկոլ Փաշինյանն այսօր սկսեց ավելի կոնկրետ գրառումով Գարեգին Բ կաթողիկոսի երեխա ունենալու մասին, և նույնիսկ ստանձնեց դա ապացուցելու պատրաստակամությունը։ Միաժամանակ նա կոչ արեց բոլոր բարեպաշտ քրիստոնյաներին միավորվել, պաշտոնանկ անել Գարեգին Բ-ին և ընտրել նոր կաթողիկոս՝ նախ ստուգելով նրա բարեպաշտությունը։

Ամոթալի է նույնիսկ խոսել այն մասին, թե ինչպես են բարեպաշտ քրիստոնյաները ստուգելու կաթողիկոսի հավանական թեկնածուների կուսությունը։

Սակայն Փաշինյանի խոսքերից հետևում է շատ կոնկրետ կոչ՝ խմբով գնալ Էջմիածին՝ Գարեգին Բ-ին պաշտոնանկ անելու «քրիստոնեական», բայց չափազանց համառ պահանջով։

Ի դեպ, Գարեգինն ինքը այսօր գնացել է Էմիրություններ՝ իր առօրյա կաթողիկոսական գործերով։

Եթե ​​հետևենք Փաշինյանի տրամաբանությանը, մարդկանց մի մեծ խումբ պետք է գնա Էջմիածին, այնտեղ նստացույց անեն, վրաններ տեղադրեն Մայր տաճարի և Սուրբ Գայանե եկեղեցու միջև՝ չթաքցնելով ցանկացած գնով իրենց նպատակին հասնելու մտադրությունը, նույնիսկ բռնությամբ։ Իսկ նպատակն է՝ գումարել Եկեղեցական խորհուրդի նիստ, որը և կարող է որոշել, թե ինչ անել կաթողիկոսի հետ։

Պետք է նշել, որ Եկեղեցական խորհուրդը կարող է չգումարվել, և ոչ ոք չի կարող նրան ստիպել դա անել։

Մյուս կողմից, Եկեղեցին իրավունք ունի դիմադրել իր տարածք ներթափանցելու անցանկալի փորձերին։ Բացի այդ, կարող է լինել քրիստոնյաների նույնքան մեծ խումբ, որը կգնա պաշտպանելու Եկեղեցին հարձակումներից՝ միաժամանակ մոռանալով Փաշինյանի իմպիչմենտի մասին, որն այդպես էլ չի սկսվել։

Բախումները, սադրանքները և արտակարգ դրության մտցնելը բացառված չեն։

Մինչդեռ Սյունիքի գյուղերը կշարունակեն հրետակոծվել, հայկական պետության թշնամիները կպնդեն, որ Էջմիածինը կարող է դառնալ յուրատեսակ Վատիկան հայկական պետության վերացումից հետո, միջազգային իրավական կազմակերպությունները կխոսեն Արցախի հարցի մասին ոչ թե Հայաստանի կառավարության, այլ Էջմիածնի հետ, իսկ որոշ թշնամաբար տրամադրված ոչ հայեր կստանան վկայականներ Երևանի նորակառույցներում՝ փոխելով մայրաքաղաքի բնակչության թվաքանակը։

Եվ մինչ բարեպաշտ ժողովուրդը կքննարկի քահանաների և պաշտոնապես չամուսնացած վարչապետի ինտիմ կյանքը, երկրում կփոխվեն քաղաքական իրավիճակը և շփման լեզուն։

Այս ամենի մեջ մնում է մի փոքր հարց՝ արդյոք կլինի՞ հայերի կրիտիկական թիվ, որոնք, այս ամենը հասկանալով, կմեկնեն խաչակրաց արշավանքի եկեղեցու դեմ։ Եվ երկրորդ հարցը՝ ո՞վ է Փաշինյանի կաթողիկոսի սրտի թեկնածուն, որի կուսությանը նա սրբորեն հավատում և ստուգել է։