Ինչպես է Թուրքիան յուրացնում Փոքր Ասիայի պատմությունը՝ ջնջելով հայերի մասին հիշատակումները

BBC-ն հոդված է հրապարակել, որում նշվում է, որ «Շանլըուրֆայի (Թուրքիա) հնագիտական ​​վայրում՝ Քարահան Թեփեում, հայտնաբերվել է T-աձև սյուն, որի վրա փորագրված է մարդկային դեմք։ Քարահան Թեփեն ամենավաղ հայտնի բնակավայրերից մեկն է, որտեղ մարդիկ սկսել են նստակյաց կյանք վարել մոտ 12,000 տարի առաջ»։

«Քարահան Թեփեում պեղումները սկսվել են 2019 թվականին, բայց Թուրքիան առաջին անգամ համաշխարհային ուշադրությունը գրավեց իր նախապատմական ժառանգության վրա Գյոբեկլի Թեփեում, որը գտնվում է այստեղից մոտ մեկ ժամվա մեքենայով հեռավորության վրա», – գրում է BBC-ն։

Բավականին երկար հոդվածում հայերի մասին որևէ հիշատակում չկա, ինչպես նաև չի նշվում, որ Շանլըուրֆան նախկին հայկական Ուրգան է, որը հունարենում հայտնի էր որպես Եդեսիա։

Ուրգան հայտնի դարձավ առաջին քրիստոնյա թագավոր Աբգար V-ի շնորհիվ, որը Հիսուս Քրիստոսի հետ նամակագրական կապի մեջ էր իր քարտուղարի և նկարիչ Հաննանի միջոցով: Ըստ Աստվածաշնչի՝ Աբգարը (Ավգարը) Հիսուսից բժշկություն է խնդրել: Հիսուսը սրբել է դեմքը կտորով, և նրա պատկերը մնացել է դրա վրա: Հիսուսի հարությունից հետո Թադևոս առաքյալը կտորը հանձնել է թագավորին, և պատկերին դիպչելով՝ նա բուժվել է: Երախտագիտությունից դրդված՝ Աբգարը քրիստոնեություն է ընդունել: Այսպիսով, հայտնվել է առաջին քրիստոնեական պատկերակը:

Հայ պատմաբան Մովսես Խորենացու խոսքով՝ Աբգարը Արշամի որդին էր, Արշամը` Արտաշեսի որդին, որը Տիգրան II Մեծի եղբայրն էր:

Սակայն թուրք գիտնականները, BBC-ն և այլք փորձում են խուսափել նույնիսկ Հայկական լեռնաշխարհի մասին հիշատակելուց, այն անվանելով Անատոլիա:

Ռուսալան ԱԴԾ-ն պնդում է, որ կանխել է ՄիԳ-31 կործանիչ առևանգելու փորձը

Ռուսաստանի ԱԴԾ-ն պնդում է, որ խափանել է Ուկրաինայի ռազմական հետախուզության և դրա ենթադրյալ «բրիտանական օգնականների» կողմից իրականացված գործողությունը, որը նպատակ ուներ առևանգել ռուսական ՄիԳ-31 գերձայնային կործանիչը, որը կրում է «Կինժալ» հիպերձայնային օդ-օդ հրթիռը: Ռուսաստանի հետախուզական ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի երեքշաբթի՝ նոյեմբերի 11-ին, հայտարարության մեջ նշվում է, որ Ուկրաինայի պաշտպանության նախարարության գլխավոր հետախուզական վարչության աշխատակիցները փորձել են հավաքագրել ռուս օդաչուներին՝ խոստանալով նրանց 3 միլիոն դոլար համագործակցության համար։

ԱԴԾ-ի տվյալներով՝ ուկրաինական հետախուզական ծառայությունը այնուհետև «պլանավորել է «Կինժալ» հրթիռը տեղափոխող ինքնաթիռը ուղարկել ՆԱՏՕ-ի Հարավարևելյան Եվրոպայի ամենամեծ ավիաբազայի տեղակայման տարածք, որը գտնվում է Ռումինիայի Կոնստանցա քաղաքում, որտեղ այն կարող էր խփվել ՀՕՊ համակարգերի կողմից: Ռուսաստանի հետախուզական ծառայությունը հայտարարել է, որ ՄիԳ-31-ը առևանգելու գործողությունը նախատեսված էր 2025 թվականի նոյեմբերի 4-ին:

«Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են, մարդիկ այստեղ են՝ Հայաստանում, մեկնել է փոքրամասնությունը»

«Միգուցե էթնիկապես ճիշտ չէ համեմատել, մենք ունեցել ենք փախստականների հոսք Սիրիայից, Իրաքից, այլ երկրներից, ունեցել ենք ոչ փախստականության հոսքեր, աշխատանքային միգրացիա, հայկական իրականությունը յուրանչյուր հոսքից մոտ 30-40 տոկոսն է ընկալել։ Բայց Ղարաբաղից տեղահանությունն այն բացառիկ դեպքն է, որ մարդիկ մնացել են, մարդիկ այստեղ են, մեծամասնությունն այստեղ է, մեկնել է փոքրամասնությունը»,- այսօր Եվրոպայի խորհրդի հետ հրավիրած համատեղ քննարկման ժամանակ ասաց Հայաստանի ներքին գործերի փոխնախարար Արմեն Ղազարյանը։

Նա նշեց, որ հաջորդ քայլով պետք է աշխատել այնպես անել, որ մարդիկ մնան Հայստանում։ Ըստ նրա՝ դրան է ուղղված ՀՀ կառավարության բնակապահովման ծրագիրը, որում բարելավումներ են եղել։

«Մենք դրա էֆեկտները տեսնում ենք արդեն քաղաքացիության դիմելիության հետ կապված, առավոտյան թվերն էի նայում՝ երեկվա դրությամբ գրեթե 23 հազար տեղահանված անձ ձեռք է բերել Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Այսինքն՝ մենք տեսնում ենք պրակտիկ էֆեկտները, բայց ես վստահ եմ, որ դա ոչ միայն բնակարանային ծրագրի էֆեկտն է, երկու այլ հավելյալ էֆեկտ էլ ունի»,- ասաց նա։

Ըստ Ղազարյանի՝ էֆեկտներից մեկն այն է, որ ժամանակի ընթացքում տրավման հաղաթարվում է, մյուս էֆեկտն էլ այն բացատրական աշխատանքն է, որը լավ թե վատ ՀՀ կառավարությունը տարել է արցախցիների հետ՝ պարզաբանելով, որ՝ «հարգելի տեղահանված բնակչություն, դուք չեք կորցնում որեւէ բան քաղաքացիություն ձեռք բերելու ճանապարհին»։

Ղազախստանից բերված այդքան գովազդված հացահատիկը չորրորդ կարգի էր

Ռուսաստանից երկաթուղով Հայաստան մատակարարված հացահատիկը բարձր որակի է, մինչդեռ ղազախական հացահատիկը չորրորդ կատեգորիայի է։ Այս մասին խորհրդարանում լրագրողներին ասել է էկոնոմիկայի փոխնախարար Էդգար Զաքարյանը։

Փոխնախարարը նշել է, որ խնդիրը հացահատիկի որակը չէ, այլ առևտրային ուղիների դիվերսիֆիկացիան։ Եվ հացահատիկը, ըստ էության, ժամանել է։

Դիվերսիֆիկացիայի հարցն իսկապես չափազանց կարևոր է, և հարցն այն է, թե արդյոք հարցը լուծվել է և ում համար։

Ներկայիս «դիվերսիֆիկացիայի» արդյունքում Ռուսաստանին հաջողվել է իր համար բացել Ադրբեջանի և Վրաստանի երկաթուղիները, որոնք երկար տարիներ անհույս փակ էին նրա համար։

Եվ եթե «խաղաղ հացահատիկը» ցուցադրաբար մատակարարվում է Հայաստան, ապա անհասկանալի է, թե ինչ կարող է Ռուսաստանը ստանալ Թուրքիայից Վրաստանի և Ադրբեջանի միջոցով նույն երթուղով։

Հատկանշական է, որ այս «դիվերսիֆիկացիան» տեղի է ունեցել Պուտինի և Ալիևի միջև պատմական «հաշտեցումից» հետո, որը սկիզբ դրեց «Լուկոյլից» հրաժարվելու և «դիվերսիֆիկացիայի» գործընթացին։

Հայաստանում կայուն զբաղվածություն ունի ԼՂ-ից տեղահանված 30 հազար անձ

Հայաստանում կայուն զբաղվածություն ունի ԼՂ-ից տեղահանված 30 հազար անձ։ Այս մասին այսօր Եվրոպայի խորհրդի հետ հրավիրած համատեղ քննարկման ժամանակ ասաց ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի փոխնախարար Աննա Ժամակոչյանը։

Նա նշեց, որ սա լավ թիվ է, եթե հաշվի առնենք, որ Ղարաբաղում զբաղված էր համարվում 37 700 հոգի։

«Սա բավականին լավ ցուցանիշ է եւ ցույց է տալիս տեղահանվածների դիմակայությունը եւ մեր հանրության հյուրընկալությունը»,- նշեց փոխնախարարը։

Նա ասաց, որ ՀՀ կառավարության ռեֆորմները շատ ամբիցիոզ են այս ոլորտում, դրանք շարունակելու են իրականացնել։

Դեյվիդ Սեյլին արժանացել է 2025 թվականի Բուքերյան մրցանակի՝ իր «Մարմին» վեպի համար

Բրիտանա-հունգարացի գրող Դեյվիդ Սեյլին 2025 թվականի «Մեն Բուքեր» գրականության մրցանակի դափնեկիր է ճանաչվել իր «Մարմին» վեպի համար, որը ժյուրին անվանել է «անսովոր» և «բացարձակապես յուրահատուկ» ստեղծագործություն, հաղորդում է BBC-ն։

Գրականության ամենահեղինակավոր մրցանակներից մեկի հանձնման արարողությունը տեղի է ունեցել Լոնդոնում երեքշաբթի երեկոյան։ Այս տարի ժյուրին նախագահել է իռլանդացի դրամատուրգ Ռոդի Դոյլը։

«Ժյուրին ավելի քան հինգ ժամ քննարկել է կարճ ցուցակում ընդգրկված վեց գրքերը։ Գիրքը, որին մենք անընդհատ վերադառնում էինք, որը առանձնանում էր մյուս հրաշալի վեպերի շարքում, «Մարմինն» էր՝ իր յուրահատկության շնորհիվ։ Մենք երբեք նման բան չենք կարդացել։ Այն մռայլ գիրք է շատ առումներով, բայց կարդալը հաճույք է», – ասել է Դոյլը։

Գրողի վեցերորդ վեպը՝ «Մարմինը», պատմում է Իշտվան անունով երիտասարդ հունգարացու մասին, որն անցնում է կյանքի տարբեր փուլերով՝ համեստ հունգարական բնակելի թաղամասից մինչև Լոնդոնի գերհարուստների փայլուն աշխարհը։

Լուսանկարում՝ Դեյվիդ Սեյլին (կենտրոնում) ժյուրիի անդամների հետ (ձախից աջ). Սառա Ջեսիկա Փարքեր, Քրիս Փաուեր, Այոբամի Ադեբայո, Քայլի Ռեյդ և ժյուրիի նախագահ Ռոդի Դոյլ՝ 2025 թվականի Բուքերյան մրցանակի մրցանակաբաշխության արարողության ժամանակ

Արցախի նուռը՝ Երեւանի խանութում

Տեղի է ունեցել Միքայել Արզումանյանի գործով դատական ​​նիստ

Այսօր տեղի է ունեցել Միքայել Արզումանյանի գործով ևս մեկ դատական ​​նիստ՝ առաջինը նրա նախնական կալանքից ազատվելուց հետո։

Ավելի վաղ Արզումանյանի նախնական կալանքը փոխվել էր երեք ամսով տնային կալանքի։

Արցախի պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանը շարունակում է հերքել իրեն առաջադրված մեղադրանքները, լրագրողներին ասել է նրա փաստաբան Երեմ Սարգսյանն։

«Միքայել Արզումանյանը որևէ հանցագործություն չի կատարել։ Մենք դատարանում փորձում ենք ապացուցել, որ նրա դեմ առաջադրված մեղադրանքները անհիմն են», – ասել է Սարգսյանն։

Նա մեղադրվում է այնպիսի գործողությունների մեջ, որոնք ենթադրաբար հանգեցրել են Շուշիի մոտ գտնվող կարևոր բարձունքների հանձնմանը։

Արցախցիներն օրենքի ուժով ՀՀ քաղաքացիներ էին ու քաղաքացիներ են

Արցախցի փաստաբան Գագիկ Թավադյանը step1.am-ի հետ զրույցում անդրադարձել է արցախցիների քաղաքացիության հարցին։

2023 թվականի բռնի տեղահանությունից հետո ՀՀ կառավարությունն արցախցիներին բնակարանով ապահովելու համար որպես պարտադիր պայման է սահմանել ՀՀ քաղաքացիություն ստանալը։ Այնինչ, արցախցիները պնդում են, որ իրենք վաղուց ՀՀ քաղաքացի են, քանի որ ունեն ՀՀ անձնագրեր։ Գագիկ Թավադյանը մեզ հետ զրույցում անդրադարձել է հարցին, թե ի՞նչ կարգավիճակ ունեին արցախցիները միչեւ 2023 թվականը, ի՞նչ է փոխվել հիմա, եւ ՀՀ իշխանությունների այս քաղաքականության հետեւանքով արցախցիների գույքային եւ մյուս իրավունքները ինչպես են վտանգվում։

«Օրակարգը, թե արցախցիները ՀՀ քաղաքացի չեն, այսօրվա իշխանությունների կողմից առաջ քաշված հերթական կեղծ օրակարգն է։ Այն, որ արցախցիները ՀՀ քաղաքացի են, նորմատիվ իրավական ակտերով է ամրագրված։ Մասնավորապես, 1989 թվականի դեկտեմբերի մեկին Հայկական ԽՍՀ Գերագույն խորհուրդը եւ Լեռնային Ղարաբաղի Ազգային խորհուրդն ընդունել են Արցախի ու Հայաստանի վերամիավորման մասին հայտնի որոշումը։ Նաեւ Անկախության հռչակագրի հիմքում է դրված այդ որոշումը, իսկ Անկախության հռչակարգին հղում է արվում ՀՀ Սահմանադրության նախաբանում։ Այդ որոշման երրորդ կետով սահմանված է, որ «Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները»։ Ի դեպ, այս որոշումը գործող որոշում է, գործող իրավական ակտերի դասակարգման մեջ է։ Իսկ Քաղաքացիության մասին ՀՀ օրենքի 10-րդ հոդվածում սահմանված է ՀՀ քաղաքացիության ճանաչումը, ասվում է, որ նրանք, ովքեր մշտապես բնակվել են ՀԽՍՀ տարածքում, ՀՀ քաղաքացի են։ Իսկ քանի որ 1989 թվականի որոշման մեջ ասվում է, որ Լեռնային Ղարաբաղի բնակչության վրա տարածվում են Հայկական ԽՍՀ-ի քաղաքացիության իրավունքները, հետեւապես այս հիքմով արցախցիներն օրենքի ուժով ՀՀ քաղաքացիներ էին ու քաղաքացիներ են»,- ասաց Գագիկ Թավադյանը։

ՀՀ իշխանությունները հայտարարել էին, թե ՀՀ անձնագրերն արցախցիներին տրվել էին ճամփորդական նպատակով։ Գագիկ Թավադյանի խոսքով՝ դա հերթական մանիպուլյացիան է, որովհետեւ արցախցիներն այդ անձնագրերով հանդես են եկել որպես ՀՀ լիարժեք քաղաքացիներ։ Միակ սահմանափակումն այն է եղել, որ արցախցիները ՀՀ-ում չեն մասնակցել համապետական ընտրություններին։ Դա էլ, ըստ փաստաբանի, պայմանավորված է եղել նրանով, որ Արցախում ընտրատեղամաս չի գործել, եթե գործեր ընտրատեղամաս, արցախցիները կարող էին մասնակցել նաեւ համապետական ընտրություններին։ «2021 թվականին եղել են դեպքեր, երբ 070 կոդով անձնագրով արցախցիները մասնակցել են նաեւ ՀՀ խորհրդարանական ընտրություններին»,- ասաց նա։

Ըստ փաստաբանի՝ ՀՀ կառավարության՝ 2023 թվականի հոկտեմբերի 26-ի՝  «Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված անձանց ժամանակավոր պաշտպանության տակ վերցնելու, ժամանակավոր պաշտպանություն ստացած փախստականի անձը հաստատող փաստաթղթի նկարագիրը եւ դրա տրամադրման կարգը հաստատելու մասին» որոշումը չի կարող օրենքի ուժով ՀՀ քաղաքացի հանդիսացող արցախցիներին զրկել քաղաքացիությունից, հատկապես որ ՀՀ-ում քաղաքացիությունից զրկելու ընթացակարգ չկա։ Եթե քաղաքացին չի հրաժարվում իր քաղաքացիությունից, այդպիսի ընթացակարգ չկա, որ կարող են զրկել քաղաքացիությունից։ «Իսկ կառավարության այդ որոշումը արցախցիների իրավունքները զանգվածային կերպով կոպտորեն խախտող իրավական ակտերից մեկն է։ Եվ բնականաբար, եթե լինի իշխանափոխություն, այս դրվագով եւս պետք է իրականացվի քննություն։ Սա, իմ գնահատմամբ, ոչ այլ ինչ է, քան սահմանադրական կարգի տապալում, որովհետեւ գրեթե 140 հազար քաղաքացու զրկել են իրենց իրավունքներն իրացնելու հնարավորությունից»,- նշեց Գագիկ Թավադյանը։

Նրա խոսքով՝ անկախ նրանից, արցախցիները կլինեն ՀՀ քաղաքացի, թե քաղաքացիություն չունեցող անձ կամ այլ պետության քաղաքացի, ունենք արձանագրված փաստ, որ արցախցիների անշարժ գույքն ամբողջությամբ մնացել է Ադրբեջանի տիրապետության տակ։ Այսինքն՝ բռնագաղթից հետո արցախցիներն իրենց սեփականությունը տնօրինելու ու օգտագործելու որեւէ լիազորություն չունեն։ Անկախ նրանից, թե իրենք որ երկրի քաղաքացի կլինեն, ոչ ոք չի կարող արցախցիներին զրկել իրենց սեփականության իրավունքից։

«Նրանք իրավունքներ ունեն, ուղղակի հայտնի հանգամանքների բերումով այս պահին զրկված են այդ իրավունքներից։ Հետեւապես, արցախցիները կարող են եւ, ըստ իմ ունեցած տեղեկությունների, նաեւ դիմել են միջազգային դատարաններ ու փորձում են գոնե փոխհատուցում ստանալ իրենց կորցրած գույքի համար։ Հայաստանի ներկայիս իշխանությունները կարող է ներքին լսարանի համար փորձեն ներկայացնել, թե սեփականությունից չակերտավոր զրկելու գործողությունն արել են, որպեսզի արցախցիներին կարգավիճակ ու օգնություն տան։ Բայց արցախցիներին ոչ թե փախստականի կարգավճակ են տվել, այլ ժամանակավոր պաշտապանության տակ վերցված անձի կարգավիճակ, այս պայմաններում որեւէ նշանակություն չուներ՝ անձը քաղաքացիություն ուներ, թե չուներ։ Նույն ՀՀ տարածքում բնակվողն էլ, եթե տեղահանվեր՝ որպես ներքին տեղահանված, ինքը կարգավիճակ կստանար եւ կարող էր օգտվել նյութական օժանդակություններից»,- ասաց նա։

Հարցին, թե ի՞նչ նպատակ է հետապնդում ՀՀ իշխանությունների այս քաղաքականությունը, Գագիկ Թավադյանը պատասխանեց․ «Արտաքին նպատակների մասին այս պահին զերծ կմնամ խոսել։ Հետագայում, երբ այս իշխանությունների կատարած արարքները քննող իրավասու մարմինը քննություն իրականացնի, մանրամասները կպարզի, թե ովքեր են արտաքին շահառուները։ Իսկ ներքին շահառուները, բնականաբար, գործող իշխանություններն են, քանի որ արցախահայերին քաղաքացիությունից զրկելու նպատակներից մեկը եղել է այն, որ համապետական ընտրություններին մասնակցելուց զերծ պահեն՝ հաշվի առնելով, որ արցախցիներն իրենց ընտրազանգվածը չեն։ Պատճառներից մեկն էլ այն է, որ այդ մարդկանց անընդհատ զբաղեցրած պահեն, ամիսներով ու տարիներով մարդիկ կանգնած մնան հերթերում, փաստաթղթային հարցերով զբաղվեն։ Այս քաշքշուկի մեջ փորձում են մարդկանց զբաղեցրած պահել, որպեսզի արդար պահանջատիրության ձայնը լռեցնեն ու հնարավորություն չտան մտածել, պահանջել պատասխաններ, թե ինչու այսպես եղավ»։

Ռոզա Հովհաննիսյան

Դատարանը բանտից ազատ է արձակել Ֆրանսիայի նախկին նախագահ Սարկոզիին

Երկուշաբթի՝ նոյեմբերի 10-ին, Փարիզի վերաքննիչ դատարանը որոշում կայացրեց 70-ամյա Ֆրանսիայի նախկին նախագահ Նիկոլա Սարկոզիին բանտից ազատ արձակել և դատական ​​​​հսկողության տակ դնել, հաղորդում է BFM TV-ն։

Բանտից ազատվելուց հետո անօրինական քարոզարշավի ֆինանսավորման մեջ մեղադրանքով դատապարտված նախկին նախագահը պարտավոր է կրել էլեկտրոնային կոճի բրասկետ։ Նրան արգելվում է կապ հաստատել իր գործով մեղադրյալների և վկաների հետ։

Նիստի ժամանակ տեսակապի միջոցով Նիկոլա Սարկոզին իր բանտարկությունն անվանել է «շատ դժվար» և «հյուծող»։

Նիկոլա Սարկոզին, որը սեպտեմբերի վերջին դատապարտվել էր հինգ տարվա ազատազրկման, հոկտեմբերի 21-ին սկսել է կրել իր պատիժը Փարիզի Սանտե բանտում։

Սարկոզին պատերազմից հետո առաջին ֆրանսիացի առաջնորդն էր և ԵՄ անդամ պետության առաջին նախկին նախագահը, որը բանտարկվել է։

Կդիմանա՞ Պոկրովսկը։ Ռուսները հզորացնում են իրենց ուժերը

Պոկրովսկի համար մարտը շարունակվում է արդեն մեկ տարի։ Հակառակորդը կուտակել է հսկայական ուժեր, հարձակմանը ներգրավելով առնվազն 170,000 օկուպանտ։

«Մենք ամեն ինչ կանենք, որպեսզի այն դիմադրի, բայց իրավիճակը դժվար է», – ասել է «Բուրժույ» անունով 68-րդ առանձին բրիգադի հրամանատար Սերգեյ Տրետյակը բանակային հեռուստատեսությանը տված հարցազրույցում։

«Բուրժույը» բացատրել է, որ ռուսական զորքերը կարողացել են ներթափանցել Պոկրովսկ՝ ալիքներով հարձակվելով։ Հարձակումները իրականացվել են 40 հոգուց բաղկացած խմբերով։

Պոկրովսկը շատ կարևոր է ուկրաինական պաշտպանության համար. փորձագետների կարծիքով, դրա կորուստը կթուլացնի Դոնեցկի մարզի մնացած քաղաքների պաշտպանությունը։

Բալասանյանը առաջարկում է իրականացնել նոյեմբերի 9-ի հայտարարությունը

Արցախի Հանրապետության Անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Վիտալի Բալասանյանը հույս ունի, որ արցախցին մի օր կվերադառնա իր հայրենիք։

«Նոյեմբերի 9-ի փաստաթուղթը որևէ մեկը չի չեղարկել, նոյեմբերի 9-ի փաստաթուղթն ուժի մեջ է, հուսով եմ, որ այդ փաստաթուղթը կյանքի է կոչվելու»,- Aysor.am-ի հետ զրույցում ասաց Բալասանյանը։

Հարցին՝ արդյո՞ք անվտանգ կլինի Արցախ վերադարձը՝ Արցախի անվտանգության նախկին քարտուղարն ասաց, որ աշխարհի ոչ մի կետում էլ խաղաղություն ու անվտանգություն չկա։

Եթե անվտանգային երաշխիքներ տան՝ ինքը պատրա՞ստ է Արցախ վերադառնալ՝ Բալասանյանն արձագանքեց. «Իհարկե, միանշանակ»։